SADAT. Էրդողանի «գաղտնի բանակի» գործունեությունը

5 ր.   |  2020-10-30

Ա դրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում շրջանառվում է Սիրիայից հատուկ ահաբեկչական խմբերի մասնակցության մասին տեղեկությունները, այդ թվում՝ ռուսական, արևմտյան աղբյուրների  կողմից։ Ահաբեկչական խմբերի պատրաստման և տեղափոխման հարցերը համակարգվում են հիմնականում Թուրքիայի կողմից, որը նախկինում ունեցել է նման փորձ, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում։ Հաշվի առնելով Թուրքիայում գործող մասնավոր ռազմական ընկերության՝ SADAT-ի գործունեության բնույթը,  կարող ենք ենթադրել, որ հենց այս ընկերությունն է զբաղվում ահաբեկիչների հավաքագրման հարցերով։ Ստորև կներկայացնենք որոշ մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ։

Որոշ տեղեկությունների համաձայն թուրքական SADAT մասնավոր ռազմական ընկերությունը ձևավորվել է պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդիի և թուրքական զինված ուժերի 23 այլ զինվորականների կողմից՝ Էրդողանի հրահանգով։ Ընդ որում, մասնավոր ռազմական կազմակերպության համար պարտադիր պայման է հանդիսացել ԱԶԿ-ի կրոնական և ծրագրային սկզբունքներին հետևելը։ Ոչ պաշտոնական տվյալներով այս կազմակերպությունը Սիրիայի տարածքում ահաբեկչական ուժերի պատրաստման և համալրման, ինչպես նաև հատուկ նշանակության առաջադրանքների կատարման նպատակով համագործակցում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ[1]: Բացի այդ, ընկերությունը Սիրիայում պատրաստում է ահաբեկչական խմբեր և տեղափոխում Լիբիա։

Փորձագետների կարծիքով SADAT-ի հիմնադիր Ադնան Թանրըվերդին մեծ ազդեցություն ունի Էրդողանի վրա, վերջինս էլ փորձում է Թանրըվերդիի միջոցով կյանքի կոչել Մերձավոր Արևելքի  իր նվաճողական ծրագրերը։ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար, ներկայումս «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները նշում է, որ SADAT-ը Թուրքիայի՝ Քոնյա և Թոքաթ բնակավայրերում մարտավարական հմտություններ և կրակել է սովորեցնում մարդկանց։ Մյուս կողմից՝ ըստ նրա, թուրքական իշխանությունները հավանություն են տալիս ընկերության գործունեությանը, քանի որ նրանք մտադիր էին ընտրություններում պարտություն կրելու դեպքում օգտագործել այդ մարդկանց որպես կենդանի ուժ։ Բորիս Դոլգովի պնդմամբ՝ այդ նույն ռազմական ճամբարները ներկայումս օգտագործվում են Լիբիա ուղարկվող վարձկաններին պատրաստելու համար, ովքեր պետք է կռվեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից և սա թուրքական  քաղաքականության մաս է կազմում[2]։

Նշենք, որ 2016թ.-ին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից անմիջապես հետո Ա. Թանրըվերդին նշանակվեց Էրդողանի խորհրդականի պաշտոնում։ Նա 1966 թ.-ից ծառայել է Թուրքիայի զինված ուժերում, եղել է Գլխավոր շտաբի սպա: Թուրքական աղբյուրների համաձայն՝ չորս տարի ծառայել է «Հատուկ գործողությունների վարչությունում» և «Գլադիո» դիվերսիոն ցանցի թուրքական ստորաբաժանումում։[3] Թոշակի անցնելուց հետո հիմնադրել է թուրքական բանակի պաշտոնաթող զինվորականներին մի հարկի տակ միավորող կազմակերպություն (Adaleti Savunanlar Derneği, ASDER) և իսլամական երկրների միության համար նախատեսված «ASSAM» ռազմավարական հետազոտական կենտրոնը։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նրա գլխավորած կառույցների մեջ աչքի ընկնում հատկապես SADAT (International Defense Consultancy A.S.)-ը, որը համարվում է «Էրդողանի գաղտնի բանակը»։

Թանրըվերդին ամեն կերպ հերքում է երկրի ղեկավարության հետ իր կառույցի կապը և այն փաստը, որ կատարում է հատուկ նշանակության առաջադրանքներ։ Սակայն բազմիցս նշել է, որ «Մասնավոր ռազմական ընկերության գործունեությունը իրականացվում է պետության արտաքին քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև, որ ընկերությունը հիմնվել է իսլամական երկրների զինված ուժերին ծառայություններ մատուցելու նպատակով։ Ամերիկացի փորձագետները գտնում են, որ Թանրըվերդին մեծ ազդեցություն ունի Էրդողանի ձեռնարկած քայլերի վրա, մասնավորապես՝ Թուրքիայի կառավարության և Թունիսի, Ալժիրի իշխանությունների  և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև համագործակցության ձևավորման, Կիպրոսի հյուսիսում անօդաչու թռչող սարքերի տեղակայման հարցում։ Բացի վերոնշյալից՝ Սիրիա ներխուժման, Քաթարում և Սոմալիում թուրքական ռազմական բազաների ստեղծման, Նիգերիա սպառազինության գաղտնի մատակարարման մեջ։[4]

Միևնույն ժամանակ կառույցն իրեն համարում է ամերիկյան «Blackwater»-ի` «իսլամական այլընտրանքը», որի առաքելությունն է ձևավորել իսլամական երկրների միջև ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև օգնել իսլամական աշխարհին՝ տեղ զբաղեցնելու գերտերությունների շարքում[5]:

Թուրքական ընդդիմությունը SADAT-ին պարբերաբար մեղադրում է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներից զինյալներ պատրաստելու մեջ, ինչպես նաև այն բանի համար, որ նրա աշխատակիցները մասնակցում են ռազմական գործողություններին: Բացի այդ, ընկերությունը աշխատանքներ է տանում ԱԶԿ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչների և «Osmanlı Ocakları» կառույցի ազգայնականների պատրաստման ուղղությամբ։[6]

SADAT-ը նաև զինյալների հավաքագրման և պատրաստման գործունեություն է  ծավալում Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում։[7] Քաղաքական և փորձագիտական որոշ շրջանակներ եկել են այն եզրահանգման, որ Եվրոպայում հիմնականում համացանացի միջոցով է տեղի ունենում երիտասարդների կամավոր հավաքագրումը, բայց և պարզվել է, որ SADAT-ը դիմում է նաև այլ միջոցների։ Հայտնի է դարձել, որ Էրդողանին սատարող «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության» աջակցությամբ SADAT-ին հաջողվել է Եվրոպայում  գտնել և հավաքագրել վարձկանների, ովքեր պետք է ընդգրկվեն ահաբեկչական խմբավորումներում։ Ընդ որում, դրան մասնակից է նաև թուրքական կառավարությունը. Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում,  Շվեդիայում հավաքագրված վարձկաններին տրամադրվել են թուրքական անձնագրեր։

Նշենք, որ Ռուսաստանը ևս անդրադարձել է SADAT-ի գործունեությանը, մասնավորապես՝ ՌԴ կառավարությունը ՄԱԿ-ի համար պատրաստած զեկույցում ներկայացրել էր SADAT-ին, որպես Էրդողանի և իր ընտանիքի կողմից  հովանավորվող ընկերություն, որը պատրաստում է Սիրիայում կռվող ահաբեկչական խմբավորումներ։ 2015թ. Ռուսաստանն իրականացրել է հետաքննություն Սիրիա և Իրաք մեկնող 900  վարձկանի շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ նրանց 25% անմիջական կապ ունի SADAT-ի հետ։ Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված ահաբեկիչների ցուցմունքներից պարզվել է նաև, որ թուրքական հյուպատոսությունը SADAT-ի կողմից պատրաստված վարձկաններին տրամադրել է թուրքական անձնագրեր։[8]


[1] Антон Мардасов, Основатель турецкой частной военной компании был замечен на совещании президента в Анкаре,

[2] Турецкая ЧВК SADAT тренирует наемников из Идлиба для отправки боевиков в Ливию,

[3] Emekli general Adnan Tanrıverdi kim?

[4] Erdoğan's Chief Advisor And Former General Tanrıverdi Presents Vision – Reflected In Turkey's Policy – Of A United Islamic Superpower Based On Shari'a Comprising 61 Countries And With Istanbul As Capital 

[5] Erdoğan'a Başdanışman atanan Adnan Tanrıverdi kimdir, Sadat nedir? 

[6] https://news.ru/world/lichnaya-armiya-erdogana

[7] Бывший офицер НАТО: У Эрдогана есть «спящие» ячейки в Германии

[8] Has SADAT become Erdogan’s Revolutionary Guards?