Թուրքիա․ քրդական կեղծ թեզը

4 ր.   |  2020-10-28

Թ ուրքիան Մերձավոր Արևելքի այս կամ այն հակամարտության գոտում իր գործողությունները, որպես կանոն, լեգիտիմացնում է քրդական խմբավորումների դեմ «հակաահաբեկչական» պայքարով։

Թուրքիան բազմիցս խախտել է Սիրիայի, Իրաքի տարածքային ամբողջականությունը և ռազմական գործողություններ նախաձեռնել հարևան պետությունների տարածքում՝ ելնելով այդ երկրներում բնակվող քրդական խմբավորումների սպառնալիքի կեղծ թեզի շահարկումներից։ Առաջնորդվելով քրդերի դեմ «հակահաբեկչական» օպերացիա մշակելու ու իրականացնելու անհրաժեշտությունից՝ Թուրքիան հարևան երկրի տարածքում անվտանգության գոտի ձևավորելու պատրվակով փաստացի զավթեց Սիրիայի տարածքի մի մասը։

Էրդողանը նույն տրամաբանությունը փորձում է տեղայնացնել նաև հարավկովկասյան ուղղությամբ։ Դեռ նախքան Արցախի դեմ ռազմական գործողությունները, Թուրքիայի մեդիան, փորձագիտական, իսկ այնուհետև՝ հասարակական-քաղաքական շրջանակներում սկսվեցին շրջանառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների տեղափոխման մասին լուրերը՝ իբր թե Ադրբեջանի դեմ նախատեսվող հարձակողական գործողություններին դրանց մասնակցության նպատակով։

Մասնավորապես, նշվում էր, որ քրդական խմբերը տեղափոխվում են Սիրիայից ու Իրաքից։ Քուրդ գրոհայինների ներգրավվածության կեղծ թեզը շահարկվում էր դեռևս Հայաստանի ու Ադրբեջանի միջև հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակ։  

Հոկտեմբերի 28-ին Էրդողանը հայտարարեց, որ մեկ օր առաջ վերջինիս նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմին ներկայացրել է, իբր թե, Հայաստանի կողմից ռազմական գործողություններին 2000 քուրդ գրոհայինների մասնակցության մասին տեղեկությունը[1]։ Հետաքրքրական է, որ երկու երկրների նախագահների միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Ռուսաստանի նախագահականից ստացված պաշտոնական հաղորդագրությունում որևէ խոսք չկա այդ մասին։ Ավելին, հաղորդագրության համաձայն, նախագահ Պուտինն ինքն է մտահոգություն հայտնել Մերձավոր Արևելքից տեղափոխված ահաբեկչական խմբերի՝ ռազմական գործողություններին ներգրավման ծավալների ընդլայնման հարցի շուրջ[2]։

Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակներով բազմիցս վերահաստատել է, որ Թուրքիան Սիրիայից ու Իրաքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխել թուրքամետ ահաբեկչական խմբեր՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ գործողություններին քուրդ զինյալների մասնակցության կեղծ թեզի շրջանառությամբ Էրդողանը նախ փորձում է ձախողել, խեղաթյուրել Արցախի դեմ ռազմական գործողություններում ահաբեկչական խմբերի ներգրավվածության իրողությունը, ինչն ի դեպ, վերահաստատվեց միջազգային հանրության, առնվազն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից էլ։ Եվ երկրորդ, այդ կեղծ թեզով Անկարան փորձում է լեգիտիմացնել Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի ուղիղ ներքաշման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն երկրորդ անգամ են ամենաբարձր մակարդակով խոսում անհրաժեշտության դեպքում Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին երկրի օրենսդիր մարմինը կարող է դիտարկել Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հարցը, սակայն դեռևս դրա անհրաժեշտությունը չկա։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 21-ին CNN Turk-ին տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վերահաստատեց Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը[3]։

Է րդողանը քուրդ զինյալների մասնակցության կեղծ թեզի շահարկմամբ կարող է հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնելու համար․ տրամաբանությունը հետևյալն է՝ Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Սիրիայում՝ չեզոքացնելով թուրքամետ ահաբեկչական խմբավորումները, Թուրքիան, ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Թուրքիայում այս կեղծ թեզը, որպես Ռուսաստանի նկատմամբ ճնշման գործիք, կարևորում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից Մոսկվային դուրս մղելու և ռուս-թուրքական երկկողմ նոր ձևաչափ ձևավորելու տեսանկյունից։ Սա, թերևս, Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանին հասցեագրված Անկարայի երկրորդ ուղիղ առաջարկն էր․ առաջին անգամ նման առաջարկությամբ հանդես եկավ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, ինչին ընդառաջ չգնաց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։

Ըստ էության, արդեն երրորդ անգամ տապալելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահ երկրների՝ հրադադարի հաստատման շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ջանքերը, Էրդողանը ձգտում է Մոսկվային հարկադրել բանակցային սեղանին նստել երկկողմ ձևաչափով։ Հարցի շուրջ Ռուսաստանում կա հստակ տարբերակում․ մի բան է Սիրիայի կամ Լիբիայի հակամարտության շուրջ երկկողմ պայմանավորվածությունը, սակայն լրիվ այլ տրամաբանություն է աշխատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում, որտեղ Ռուսաստանն ունի կենսական նշանակության շահեր։


[1] https://news.ru/world/erdogan-soobshil-putinu-o

[2] http://kremlin.ru/events/president/news/64289

[3] https://orbeli.am/hy/post/656/2020-10-23/%D4%