Ադրբեջան․ միջազգային ճնշումներ

4 ր.   |  2020-10-27

Վ երջին օրերին ուժեղացել են արտաքին ճնշումներն Ալիևի նկատմամբ։ Ընդ որում, այդ ճնշումները բանեցվում են տարածաշրջանային  ու աշխարհաքաղաքական ներգրավված շահերի հակադիր բևեռներից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները քաղաքական-դիվանագիտական միջնորդական ջանքեր են գործադրում՝ հրադադարի հաստատման ուղղությամբ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։

Փաստացի, սակայն, խախտվում է ռազմական գործողությունների դադարեցման շուրջ արդեն երրորդ պայմանավորվածությունը։ Սկզբում տապալվեց հրադադարի հաստատման շուրջ Մոսկվայի միջնորդական առաքելությունը, որին հաջորդեց Ֆրանսիայի նախագահի քաղաքական նախաձեռնությունը․ հրադադարի հաստատման ու պահպանման հարցում ակնկալիքները մեծ չէին նաև Վաշինգտոնի միջամտությունից հետո։  

Հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական նախաձեռնությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է Ալիևը՝ Թուրքիայի ուղղակի ճնշումների ներքո։ Այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ եթե նույնիսկ Ալիևը, ինչ-որ իրավիճակից ելնելով համաձայնի պահպանել հրադադարի ռեժիմը, ապա ստիպված է լինելու այն խախտել Էրդողանի ճնշումների ներքո։

Առիթներ եղել են նշելու, որ թե՛ ռազմական գործողություններում, թե՛ այդ գործողությունների համատեքստում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներում որոշումները կայացվում են Անկարայում։ Եվ հիմնավորված են այն գնահատականները, ըստ որոնց այսօր էապես նվազել է Ադրբեջանի սուբյեկտայնությունը։ Արդյունքում, Ադրբեջանը հայտնվել է արտաքին շահերի հակադրության թիրախում․ մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են ուժեղացնում քաղաքական-դիվանագիտական ճնշումները Ադրբեջանի նկատմամբ, մյուս կողմից՝ Էրդողանը։

Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ամերիկյան կողմի գործադրած ջանքերին։ Նա նշեց, որ «ԱՄՆ-ն միջնորդում է խաղաղության հաստատման հարցում։ Հայաստանն ընդունել է հրադադարը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք դրդում ենք Ադրբեջանին անել դա»[1]։  

Օրերս ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հարցազրույցներից մեկում անդրադարձավ Ադրբեջան ահաբեկչական խմբերի տեղափոխման հարցին։ Նրա խոսքով, «Ռուսաստանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ արտաքին հետախուզության ծառայության և հատուկ ծառայությունների իրականացրած աշխատանքների շրջանակում նման տվյալներ ներկայացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն  ու հետախուզությանը, որպեսզի վերջիններս համոզվեն ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հնչեցրած ձևակերպումների հետ։ Թե ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ոլորտի պատասխանատուներն այդ մասին չեն տեղեկացրել իրենց նախագահին, դա արդեն երկրորդ հարցն է»[2]։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ս․ Նարիշկինը մինչ այդ վերահաստատել էր Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման մասին տեղեկությունները[3]։

Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկիչների առկայության մասին են վկայում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի կառավարություններից հնչող ահաբեկչական հարձակումների վերաբերյալ ահազանգերը։

Վերջին շրջանում հաճախակիացել են Ադրբեջանում և Թուրքիայում ահաբեկչական հնարավոր հարձակումների ու օտարերկրյա քաղաքացիների հնարավոր առևանգումների վերաբերյալ Միացյալ Նահանգների հաղորդագրությունները։ ԱՄՆ կառավարությունը հորդորում է իր քաղաքացիներին, ինչպես և օտարերկրացիներին խուսափել Ադրբեջան և Թուրքիա ճանապարհորդելուց։ Ադրբեջանում ահաբեկչական վտանգի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց նաև Մեծ Բրիտանիան[4]։

Ի դեպ, հոկտեմբերի 26-ին Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցան պայթյուններ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ոստիկանության հետ բախումների ընթացքում երկու մահապարտ ահաբեկիչներից մեկը պայթեցրել էր իրեն ամրացված ռումբը: Մյուս ահաբեկիչը չեզոքացվեց ոստիկանների կողմից:

Նկատենք, որ ահաբեկչական խմբերի տեղակայումը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում լուրջ մտահոգության առիթ պետք է լինի Ալիևի համար։ Սա ուղղակիորեն վնասում է երկրի միջազգային հեղինակությանը․ Ադրբեջանը կարող է պիտակավորվել որպես ահաբեկչություն արտահանող պետություն։ Սակայն, մյուս կողմից, Ալիևը հայտնվել է փակուղում՝ դառնալով Էրդողանի ծավալապաշտական հավակնությունների զոհը։

Ադրբեջանի նկատմամբ արտաքին ճնշումների առկայության հանգամանքը վերահաստատեց նաև Ադրբեջանի նախագահը․ «նկատվում են մեզ վրա ազդեցության գործադրման ու ճնշումների բանեցման փորձեր»[5]։   Հոկտեմբերի 25-ին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարի ժամանակ Էրդողանն անդրադարձավ Միացյալ Նահանգների հետ ունեցած հակասություններին ու Ադրբեջանին ցուցաբերած իր աջակցությանը․ «Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում՝ «մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու չգիտես՝ ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները տեսնենք»[6]։


[1] https://www.cbsnews.com/news/transcript-robert

[2] https://ru.armeniasputnik.am/caucasus/20201025

[3] https://ria.ru/20201006/naryshkin-1578477893.html

[4] https://orbeli.am/hy/post/657/2020-10-26/%D4%

[5] https://ria.ru/20201025/aliev-1581483730.html

[6] https://armenpress.am/arm/news/1032718/