Ղազախական արձագանքները Արցախյան նոր պատերազմին

4 ր.   |  2020-09-29

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շուրջ տարբեր գնահատականներ են տրվում ղազախական կողմից: Նախ՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Ղազախստանի ԱԳՆ-ն, նշելով, որ Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնում հակամարտության սրման կապակցությամբ, կոչ է անում երկու պետություններին քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար: Հայտարարվեց նաև, որ Ղազախստանը պատրաստ է աջակցել միջազգային հարթակներում՝ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը[1]: Բացի այդ, բանակցային սեղանի շուրջ հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու կոչ արեցին Ղազախստանի ազգերի ասամբլեայի անդամները[2]:

Մ իևնույն ժամանակ տարբեր կարծիքներ են հնչում այդ երկրի փորձագիտական հանրության կողմից: Մասնավորապես, քաղաքագետ Այդոս Սարիմի կարծիքով, եթե գործը հասնի լայնամասշտաբ պատերազմի, Ղազախստանը կանգնելու է ընտրության առջև: Մի կողմից ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է, որն ակտիվորեն աջակցում է Հայաստանին, մյուս կողմից՝ Ադրբեջանի եղբայրական ժողովուրդը: Նա գտնում է, որ ամենայն հավանականությամբ Ղազախստանը երբեք չի կարողանա ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առանց վատթարացնելու հարաբերությունները Ադրբեջանի հետ[3]:

Քաղաքագետ, «Այլընտրանք» արդիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Չեբոտարևի գնահատականներով՝ կարևոր է, թե Ադրբեջանը որ ուղին կընտրի: Կամ դա կլինի լայնածավալ պատերազմ՝ մինչև «հաղթական ավարտը» կամ փոխադարձ հարվածներից հետո երկու երկրների ռազմական ստորաբաժանումները կրկին կզբաղեցնեն իրենց դիրքերը։ Բացառված չէ, որ Բաքուն որոշում է կայացրել դիմել վճռական քայլի՝ նպատակ ունենալով ռազմական ճանապարհով վերադարձնել «կորցրած տարածքները»՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում ներկայումս տիրող իրավիճակը։ Հավանաբար Բաքվի հաշվարկը մեծապես հիմնված էր COVID-19 համավարակով, և համոզված էր, որ այս պայմաններում ոչ ոք  լիարժեք կռվելու պատրաստ չէ և կարելի է Երևանին ստիպել որոշակի զիջումների գնալ։ Մինչդեռ Հայաստանը համառություն է դրսևորում և պատրաստ է համարժեք պատասխան տալ։

Խոսելով ներկայումս ընթացող պատերազմի մասին՝ վերջինս ավելացնում է, որ բոլորի համար լավագույն տարբերակը կլինի բանակցությունների սեղանի շուրջ նստել և քննարկել  խաղաղություն հաստատելու կոնկրետ մեխանիզմները՝ առանց որևէ անեքսիայի  և ռազմատուգանքների։ Ղազախստանն այս իրավիճակում կարող է ոչ միայն մոդերատորի դեր ստանձնել, այլև բանակցությունների համար հարթակ տրամադրել[4]։

Միջազգայնագետ Անուար Բակիտխանովի կարծիքով լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը միանգամայն իրական է, որը կարող է հանգեցնել աղետի ողջ Կովկասում՝ անկանխատեսելի հետևանքներով: Տարածաշրջանը ռազմավարական տեսանկյունից կարևոր է բոլոր հարևան երկրների համար, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Միջազգայնագետի կարծիքով, հակամարտության վրա ազդում է նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, ինչն էլ ավելի է սրում առանց այդ էլ բարդ իրավիճակը: Սակայն հակամարտության գլխավոր մրցավարը Ռուսաստանն է, քանի որ կարգավորման մեծ փորձ ունի: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, շախմատի տախտակի վրա շատ խաղաքարեր կան, և հարցն այն է, թե ով կավարտի խաղը[5]:

Իր հերթին, ղազախական «Ratel.kz» կայքի տնտեսական հարցերով մասնագետ Գալիմժան Այթքազինը գտնում է, որ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության փաստը ավելի ակնհայտ դառնա, ապա արևմուտքի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հավանականությունը կմեծանա: Իրադարձությունների նման զարգացումը, ըստ նրա, կարող է վերջնականապես  ջախջախել Թուրքիայի տնտեսությունը՝ հաշվի առնելով ներկայիս ոչ այնքան լավ վիճակը։ Արդյունքում, թուրքական լիրայի անկումը կշարունակվի արագացված տեմպով, ինչը բնականաբար զարգացող երկրների, այդ թվում՝ Ղազախստանի տարադրամի արժեզրկման նոր ալիք կառաջացնի, ինչպես դա տեղի ունեցավ 2018թ․ օգոստոսին։

Մյուս կողմից տնտեսագետը գտնում է, որ պատերազմի հետևանքով կարող է արտաքին ներդրողների համար նվազել ներդրումային գրավչությունը, ինչպես ամբողջ ԱՊՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Հեղինակը փաստում է, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ղազախստանը, նկատվում է ներդրումային ռիսկերի աճ, նույնիսկ առանց Ղարաբաղյան հակամարտության։ Դրան նպաստում են Բելառուսի ներքաղաքական լարված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին բարդ հարաբերությունները, մասնավորապես պատժամիջոցների կիրառման մասին Արևմուտքի հռետորաբանությունը, որը կապված է Նավալնիի թունավորման հետ[6]։


[1] Заявление МИД РК в связи с эскалацией армяно-азербайджанского конфликта

[2] Члены АНК выражают обеспокоенность обострением ситуации вокруг Нагорного Карабаха

[3] "Мы не сможем поддержать Армению, не лишившись связей с Азербайджаном": как скажется конфликт в Нагорном Карабахе на Казахстане  

[4] http://www.news-asia.ru/news/kz

[5] https://www.caravan.kz/news/my-ne-smozhem  

[6] Конфликт в Нагорном Карабахе: экономические риски для Казахстана