Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացիկ զարգացումները
10 ր. | 2025-05-29Վերադարձ դեպի դիվանագիտություն
2 015 թ. հուլիսի 14-ին, երկարատև բանակցություններից հետո, Իրանը և «վեցյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) ստորագրեցին «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը» (ՀԳՀԾ), որի նպատակն էր սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ փոխարենը աստիճանաբար չեղարկելով նրա դեմ կիրառվող պատժամիջոցները։ Իրանը պարտավորվեց նվազեցնել ուրանի հարստացումը՝ սահմանելով առավելագույնը 3.67%, թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վերահսկողությունը, ինչպես նաև վերափոխել հարստացման կայանները։ Ի պատասխան՝ միջազգային համայնքը պետք է վերացներ միջուկային ծրագրով պայմանավորված պատժամիջոցները։
Սակայն 2018թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները։ Թեհրանը շուրջ մեկ տարի հետևեց ստանձնած պարտավորություններին, սակայն «Եվրաեռյակի» անարդյունավետությունը և ԱՄՆ շարունակական ճնշումները հանգեցրին նրան, որ 2020թ. Իրանը հայտարարեց համաձայնագրից հրաժարվելու մասին։
2021թ.-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, Վիեննայում վերսկսվեցին Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի միջուկային բանակցությունները։ Սակայն կողմերի միջև շարունակվող անվստահությունը և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության շուրջ տարաձայնությունները խաթարեցին գործընթացը: Ռուս-ուկրաինական հակամարտության անորոշության պայմաններում՝ 2022թ. կեսերին բանակցությունները սառեցվեցին։ Այժմ միջուկային համաձայնագրի նոր պայմաններով փոխարինելու հնարավորությունը շարունակում է մնալ միջազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը։
2025-ի գարնանը Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները վերսկսվեցին՝ նպատակ ունենալով վերականգնել կամ վերանայել «Համատեղ համապարփակ գործողությունների» ծրագիրը։ Երկխոսությունը վերսկսվել է առանց նախապայմանների՝ շոշափելով միայն միջուկային և պատժամիջոցների հարցերը։ Բանակցություններն անուղղակի են՝ Օմանի միջնորդությամբ։ Ներկայում դեռ անցկացվել է հինգ փուլ։ Առաջին, երրորդ և չորորդ փուլերը տեղի են ունեցել ապրիլի 12-ին, ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ Մասկատում, իսկ երկրորդ և հինգերորդ փուլերը՝ ապրիլի 19-ին և մայիսի 23-ին՝ Հռոմում։ Այս քննարկումները ստացել են նոր քաղաքական կշիռ՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունն ու տնտեսական ճնշումները։ Թեև կողմերը առայժմ հեռու են վերջնական պայմանավորվածությունից, բայց հենց բանակցությունների կայացումը կարելի է գնահատել որպես դրական դիվանագիտական նշան։
Բանակցությունների հինգ փուլերի ընթացքում ստեղծվել է նվազագույն պայմաններ՝ փոխադարձ վստահության վերականգնման, տեխնիկական հարցերում մերձեցման և համաձայնության նախապատրաստման համար, իսկ գործընթացը գտնվում է խոցելի միջանկյալ փուլում։ Առանց քաղաքական կամքի, երկուստեք զիջումների պատրաստակամության և արտաքին ճնշումների հավասարակշռման, հնարավոր չէ անցում իրական համաձայնության։
Միջուկային բանակցություններ․ հին ու նոր շեշտադրումներ
Թ եև Իրան-ԱՄՆ բանակցություններն ընթանում են ՀԳՀԾ-ի հիմքի վրա, սակայն կան մի շարք էական նրբություններ։
2015թ․ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը պարտավորվել էր ուրանի հարստացումը սահմանափակել մինչև 3.67% մաքրության՝ բացառապես քաղաքացիական նպատակներով և պահել առավելագույնը 300 կգ հարստացված ուրան՝ 15 տարով։ Բացի այդ, Իրանի Ֆորդո և Նաթանզ միջուկային կայանները պետք է վերապրոֆիլավորվեին՝ ծառայելով բացառապես քաղաքացիական նպատակների։ Վերահսկողության համար ՄԱԳԱՏԷ-ին թույլատրվում էր ստուգել Իրանի միջուկային օբյեկտները։ Սակայն Իրանը 2021-ից հրաժարվել է կիրառել այդ արձանագրությունը, ինչպես նաև հեռացրել է ՄԱԳԱՏԷ-ի մոնիթորինգային սարքավորումները, ինչի հետևանքով գործակալությունն այսօր չունի ծրագրի վերաբերյալ շարունակական տեղեկատվություն։
Հավելյալ ապահովման նպատակով ներառված էր հատուկ մեխանիզմ՝ պատժամիջոցների ավտոմատ վերականգնման համար, որը հայտնի է որպես «Snapback Mechanism»։ Այն թույլ էր տալիս ՀԳՀԾ-ի մասնակից ցանկացած երկրի հայտարարել Իրանի կողմից հնարավոր խախտման մասին։ Եթե այդ պնդումը չկարգավորվեր սահմանված ժամկետում, հարցը տեղափոխվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և 30 օրվա ընթացքում չլուծվելու դեպքում պատժամիջոցները վերականգնվում էին առանց լրացուցիչ համաձայնության անհրաժեշտության։
Այս ամենի դիմաց ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը համաձայնեցին աստիճանաբար վերացնել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ նրան հնարավորություն տալով վերադառնալ միջազգային ֆինանսական համակարգ և ապահովել որոշակի տնտեսական թեթևացում։
2025թ.-ի բանակցությունները տարբերվում են թե՛ բովանդակության, թե՛ կիրառվող մեխանիզմներով։ Այս փուլում ԱՄՆ-ը շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել՝ պնդելով, որ Իրանը ընդհանրապես չպետք է ունենա ուրանի հարստացման հնարավորություն։ Իրանը, սակայն, հակադարձում է՝ ընդգծելով, որ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի լիիրավ անդամ, ունի ուրանի հարստացման իրավական հիմք։ Այդուհանդերձ, Թեհրանը ցուցաբերել է որոշ ճկունություն՝ պատրաստակամություն հայտնելով դադարեցնել բարձր հարստացման մակարդակով (20–60%) նյութերի արտադրությունը, ինչպես նաև սահմանափակել հարստացված պաշարները։
Կան տեղեկություններ, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկում են մի շարք նոր մեխանիզմներ, որոնք միտված են նվազեցնելու լարվածությունը և ապահովելու գործընթացի ավելի կանխատեսելի զարգացում։ Դրանցից ամենաուշագրավը փուլային համաձայնության մոդելն է։ Այս տարբերակով Իրանը ժամանակավորապես սառեցնելու է ուրանի հարստացման ծրագիրը, օրինակ, հինգ տարով, մինչդեռ ԱՄՆ-ը նույն ժամանակահատվածում կսկսի պատժամիջոցների աստիճանական մեղմացումը։
Համաձայնագրով նախատեսվում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ընդլայնում։ Սա կներառի «հավելյալ արձանագրության» պարտադիր կետում, որը թույլ կտա գործակալությանը իրականացնել ավելի խորը և հաճախակի ստուգումներ։ Բացի այդ, նախատեսվում է հարստացման օբյեկտներում շուրջօրյա մոնիթորինգ՝ տեսախցիկների և առցանց վերահսկողության համակարգերի միջոցով, ինչպես նաև անակնկալ ստուգայցերի մեխանիզմ, որը կարող է կանխել չհայտարարված միջուկային ակտիվությունները։
Հնարավոր համագործակցություն է քննարկվում նաև Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ քաղաքացիական միջուկային ծրագրերի շրջանակում։ Այս նախաձեռնությունը միտված է բարձրացնելու թափանցիկությունն ու տարածաշրջանային վստահությունը՝ միաժամանակ ստեղծելով ավելի լայն գործընկերային միջավայր Մերձավոր Արևելքում։
Հիմնական տարբերությունները 2015-ի և 2025-ի գործընթացների միջև հետևյալն է․ նախկինում հարստացումը թույլատրվում էր սահմանափակ պայմաններով, իսկ այժմ ԱՄՆ-ն առաջարկում է ամբողջական սառեցման մոդելը, որը բացառելու է ուրանի հարստացման որևէ հնարավորություն։ Եթե նախկինում սահմանափակումները նախատեսված էին երկարաժամկետ (10–15 տարի) կիրառման համար, ապա ներկայիս քննարկումներում առավել հաճախ խոսվում է կարճաժամկետ և փուլային տարբերակների մասին։ Բացի այդ, ՀԳՀԾ-ը ձևավորվել էր բազմակողմ բանակցությունների արդյունքում (5+1 ձևաչափով), մինչդեռ այժմ գործընթացն առավելապես երկկողմ է՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև, Օմանի միջնորդությամբ։ Վերահսկման մեխանիզմները դեռևս վերջնականապես սահմանված չեն, սակայն ակնկալվում է ՄԱԳԱՏԷ-ի մոդելի հնարավոր վերափոխում կամ լրացում՝ նոր ստուգողական մեթոդներով։
Ընթացիկ բանակցությունները միտված չեն պարզապես վերակենդանացնել 2015-ի ՀԳՀԾ-ն, այլ նպատակ ունեն ձևավորել նոր մոդել, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության, փուլային իրականացման և վերահսկելիության սկզբունքների վրա։ Կողմերը ձգտում են կանխել ռազմական հակամարտության վտանգը և ապահովել կայունությունը տարածաշրջանում։ Սակայն բանակցությունների հաջողությունը կախված կլինի ոչ միայն տեխնիկական պայմանավորվածություններից, այլև կողմերի՝ ներպետական և տարածաշրջանային ճնշումներին դիմակայելու կարողությունից։
Թեհրանի մոտեցման խորքային շարժառիթը
Թ եհրանը պնդում է, որ իր մոտեցումը բանակցություններին խարսխված է սկզբունքների պահպանման և ազգային շահերի պաշտպանության վրա։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ պատրաստ է երկխոսության, սակայն բացառապես արժանապատիվ և փոխադարձ հարգանքի պայմաններում։ Այս մոտեցումը փաստացիորեն ամրագրվեց այն հանգամանքով, որ բանակցությունները կայանում են անուղղակի ձևաչափով՝ ԱՄՆ նախկինում առաջ քաշած ուղղակի բանակցության պահանջից հրաժարվելով։ Սա հստակ ազդանշան է, որ Իրանի սկզբունքային մոտեցումները լսելի են դարձել։
Այնուամենայնիվ, բանակցությունների ձևաչափի վերաբերյալ առաջարկի շեշտադրումը չի կարող ամբողջությամբ քողարկել այն իրողությունը, որ Իրանի ներկայիս դիրքորոշումը մեծապես ձևավորվել է տնտեսական ճնշումների աճի պայմաններում։ Թեև Թեհրանը փորձում է ցույց տալ, որ վերադարձը բանակցություններին բխում է բացառապես դիվանագիտական սկզբունքներից, սակայն ակնհայտ է, որ տնտեսական ծանր իրավիճակը մեծապես նպաստել է այդ որոշմանը։ Իրանի տնտեսությունը շարունակում է տուժել ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությունից։ Պաշտոնական տվյալներով՝ արտարժույթի անկայունությունը շարունակվում է, գնաճը պահպանվում է երկնիշ մակարդակի վրա, Իրանի նավթային եկամուտները մնում են անկայուն, իսկ միջազգային բանկային համակարգից կտրված լինելը բարդացնում է արտաքին տնտեսական կապերի զարգացումը։
Եվ հենց այս տնտեսական խոցելիության պայմաններում է, որ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ դիվանագիտական գործընթացին, նույնիսկ, եթե դա կատարվում է սկզբունքայնության շղարշով։ Իրականում, «դիվանագիտական սկզբունքայնության» հռետորաբանության ներքո Իրանը ակտիվորեն փնտրում է գործնական լուծումներ՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամը։
Այս համատեքստում Իրանի հայտարարած պատրաստակամությունը՝ սկսել բանակցությունները առանց նախապայմանների, կարելի է դիտարկել նաև որպես ցուցադրական ճկունության դրսևորում՝ մի կողմից փորձելով մեղմել տնտեսական ճնշումները, իսկ մյուս կողմից՝ խուսափելով արտաքին ուժերին ենթարկվելու տպավորությունից։
Ներքաղաքական հակասություններն ու բանակցությունների ներքին դինամիկան
Թ եև արտաքին մակարդակում Իրանի կառավարությունը ներկայանում է համախմբված բանակցային դիրքորոշմամբ, երկրի ներսում այս հարցը խորապես բևեռացված է՝ պայմանավորված իշխանության համակարգում առկա սկզբունքային հակասություններով։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը, որը չափավոր-բարեփոխական հոսանքի կրող է, ձգտում է օգտագործել միջուկային բանակցությունները որպես տնտեսական ճգնաժամը մեղմելու գործիք։ Փեզեշքիանն, իր նախընտրական խոստումների համաձայն, առաջնահերթ է համարում արտաքին տնտեսական կապերի վերականգնումը՝ հատկապես նավթային և ֆինանսական ոլորտներում։
Այս նպատակով նրա կառավարությունը ցուցաբերում է առավել ճկուն և պրագմատիկ մոտեցում, նույնիսկ եթե դա պահանջում է որոշակի զիջումներ՝ մոնիտորինգային մեխանիզմների կամ ուրանի հարստացման ծավալների շուրջ։
Փեզեշքիանի թիմը վստահ է, որ առանց պատժամիջոցների նվազեցման հնարավոր չէ զսպել տնտեսական անկումը։ Եվ հենց այս խնդրի անխուսափելիությունն է, որ դրդում է նախագահական վարչակազմին արագացնելու բանակցային տեմպերն՝ ընդդիմանալով կոշտ գծի կողմնակիցներին։
Մյուս կողմից՝ պահպանողական թևը, ինչպես նաև հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, շարունակում են ցուցաբերել զգուշավոր և նույնիսկ անվստահ դիրքորոշում բանակցությունների վերաբերյալ։ Այս դիրքորոշումը հիմնված է ՀԳՀԾ-ի փորձից բխող անվստահության վրա։ «Մենք չպետք է կրկին ընթանք նույն սխալ ճանապարհով, որում հավատացինք Արևմուտքին և զիջեցինք առանց երաշխիքների»,- հայտարարել է Խամենեին իր ելույթում։
Պահպանողականների պատկերացմամբ՝ Իրանը պետք է ընդունի «դիմադրության տնտեսության» մոտեցումը, զարգացնի ներքին արտադրությունը, անկախանա արտասահմանյան ներդրումներից և չկապի երկրի ապագան արտաքին պայմանավորվածությունների հետ։
Այս մոտեցման կողմնակիցները քննադատում են Փեզեշքիանի կառավարության ցանկացած ճկունություն՝ համոզված լինելով, որ նման քաղաքականությունը կարող է ընկալվել որպես թուլություն և խթանել Արևմուտքի կողմից ճնշման գործիքների ակտիվացմանը։
Իրանի ներսում հանրային տրամադրությունները ևս չեն միախմբվում որևէ դիրքորոշման շուրջ։ Միջին և միջինից ցածր դասերի շրջանում ակնհայտ է հուսահատություն տնտեսության կտրուկ վատթարացման պատճառով, ինչը ստեղծում է գործնական ակնկալիք, որ բանակցությունները պետք է կոնկրետ արդյունք ունենան։
Թրամփի դիվանագիտական և ռազմաքաղաքական երկակի մոտեցումը
Ա ՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշումն Իրանի միջուկային հարցում կարելի է բնութագրել որպես երկակի մոտեցում՝ համատեղելով դիվանագիտական առաջարկը և կոշտ ճնշման ռազմավարությունը։ Այս մոտեցումը, մի կողմից, ենթադրում է բանակցությունների առաջարկ և հնարավոր համաձայնության հասնելու ուղիներ, մյուս կողմից՝ հստակ սպառնալիքներ և ուժի կիրառման զգուշացում, եթե Իրանը մերժի առաջարկները։
Թրամփը նշում է, որ Իրանը ստացել է առաջարկ՝ վերականգնելու միջուկային համաձայնագիրը, ինչը արտաքուստ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը հետ է կանգնում առավելագույն ճնշման ռազմավարությունից և ընդունում է երկխոսության անհրաժեշտությունը։
Սակայն այս առաջարկին զուգահեռ հնչեցված է նաև հստակ նախազգուշացում․ «եթե Իրանը չհամաձայնի, հետևանքները կարող են լինել լուրջ», ինչը վկայում է այն մասին, որ ամերիկյան կողմը բանակցային սեղան է գալիս ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ՝ որպես ուժային դիրքերից խոսող կողմ։
Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու հնարավոր դրական ազդեցությունը Հայաստանի վրա
Միջուկային գործարքի վերականգնումը, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման դեպքում, կարող է մեղմացնել 44-օրյա պատերազմի հետևանքով կտրուկ սրված տարածաշրջանային լարվածությունը։ Տարածաշրջանային կայունությունը այն նախապայմանն է, առանց որի չեզոք և երկարաժամկետ տնտեսական նախաձեռնությունները պարզապես չեն իրականացվում։
Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացումը կարող է ունենալ շղթայական և զգալի տնտեսական ազդեցություն Հայաստանի համար։ Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին խոչընդոտվել են լոգիստիկ, ենթակառուցվածքային և ֆիննասական մեխանիզմների սահմանափակումներով, կարող են ստանալ զարգացման նոր շունչ։
Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում ակնկալվում է իրանա-հայկական համագործակցության խորացում մի շարք առանցքային ուղղություններով՝ ներառյալ էներգետիկան, տրանսպորտը և առևտրատնտեսական կապերը։ Հայաստանը, լինելով Իրանի հյուսիսային սահմանակից երկիր և միաժամանակ պահպանելով կառուցողական հարաբերություններ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի և Իրանի հետ, տեսականորեն կարող է ներկայանալ որպես կամուրջ արևելքի և արևմուտքի միջև։
Սակայն այս հնարավորությունները բախվում են մի շարք լուրջ մարտահրավերների։ Տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մեծ մասը ներկայում խարսխվում է Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ, ինչը Հայաստանի մասնակցությունն, ըստ էության, մղում է երկրորդ պլան։ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքներում ավելի հաճախ դիտարկվում են այլընտրանքային երթուղիներ՝ Վրաստանի և Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը։ Բացի այդ, Հայաստանը դեռևս չունենալով մրցունակ, կանխատեսելի և ներդրումային վստահություն ներշնչող մոդել՝ դուրս է մնում կարևոր տնտեսական նախաձեռնություններից։
Այսպիսով, Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող միջուկային աննուղակի բանակցությունները վկայում են դիվանագիտական գործընթացի վերականգնման՝ չնայած խոցելի, բայց ռազմավարական կարևորության մասին։ Եթե 2015-ի ՀԳՀԾ-ն բազմակողմ համագործակցության արդյունք էր՝ հստակ տեխնիկական չափորոշիչներով, ապա 2025-ի գործընթացը նշանավորվում է երկկողմ, փուլային և ավելի ճկուն մոտեցումներով՝ առանց նախապայմանների, սակայն խորացող անվստահության ֆոնին։ Ակնհայտ է նաև, որ Իրանի վերադարձը բանակցություններին պայմանավորված է ոչ միայն գաղափարական սկզբունքներով, այլև տնտեսական ճնշումների ուժգնությամբ։
Ներքաղաքական առումով Իրանի ներսում բանակցությունների վերաբերյալ առկա է բևեռացում՝ բարեփոխականների պրագմատիկ, տնտեսական շարժառիթներից ելնող մոտեցման և պահպանողականների կասկածամտության միջև։ Միջազգային հարթակում ԱՄՆ-ը շարունակում է երկակի խաղ՝ միաժամանակ առաջարկելով երկխոսություն և պահելով ուժի կիրառման սպառնալիքը։ Այս ամենի համադրությունը ցույց է տալիս, որ թեև բանակցային սեղանին վերադարձը դիվանագիտական առաջընթաց է, բայց վերջնական համաձայնության հասնելու ճանապարհը կախված է քաղաքական կամքից, փոխզիջման պատրաստակամությունից և արտաքին ճնշումների հավասարակշռումից։