Իրանի միջուկային ծրագրի վերականգնման Վիեննայի գործընթացը

12 ր.   |  2022-08-04

2 015թ. միջազգային ահռելի ջանքերի շնորհիվ վերջապես հանգուցալուծում ստացավ Իրանի և 5+1 (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) երկրների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություները։ Կողմերի միջև ստորագրված համաձայնագիրը՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», Իրանի բարեփոխական նախագահ Հասան Ռոհանիի կողմից բնորոշվեց որպես «դարի գործարք»։ Գործարքից 3 տարից անց ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն չեղարկեց համաձայնագիրը։ Եվ առայժմ Իրանի միջուկային համաձայնագրի վերագործարկումը մնում է միջազգային հիմնական խնդիրներից մեկը։

2015 թ. հուլիսի 14-ին Իրանը և «վեցյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դիմաց, համաձայնության եկան Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։ Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվում էր՝

  • թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին անմիջական ստուգումներ իրականցնել իր միջուկային օբյեկտներում,
  • 15 տարի չհարստացնել ուրանը 3,67 տոկոսից ավելի,
  • Իրանի հարստացված ուրանի մեծ մասը արտահանել՝ 10 տոննա ուրանի պաշարները նվազեցնելով մինչև 300 կգ,
  • Նաթանզից բացի ուրանի հարստացման այլ օբյեկտներ չգործարկել, 
  • Ֆորդոյի ստորգետնյա հարստացման կայանը վերածել միջուկային ֆիզիկայի տեխնոլոգիական կենտրոնի՝ առանց ուրանի հարստացման կարողության։

Արևմտյան երկրներն էլ իրենց հերթին պարտավորվում էին՝

  • ապահովել Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր պատժամիջոցների, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային պատժամիջոցների վերացումը, 
  • չեղարկել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախորդ բանաձևերի բոլոր դրույթները,
  • չեղարկել Իրանի միջուկային խնդրի հետ կապված ԵՄ կանոնակարգի բոլոր դրույթները՝ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների, ներառյալ սև ցուցակների վերաբերյալ,
  • Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները չեղարկել այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ն հաստատի, որ Իրանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ առանցքային քայլերը:

 Մինչ ԱԷՄԳ-ի տեսուչները իրանական միջուկային ծրագրի աննախադեպ ստուգումներ էին իրականացնում, 2018թ․ մայիսին Թրամփի վարչակազմը միակողմանի դուրս եկավ համաձայնագրից և Իրանի դեմ սահմանեց  ամբողջական պատժամիջոցների նոր փաթեթ, որը Մերձավոր Արևելքում հանգեցնում է լարվածության աճի։ Թեհրանը մեկ տարի ևս կատարեց միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Այնուամենայնիվ, Իրանի հետ առևտրային մեխանիզմների գործարկման ուղղությամբ «Եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) անկարողությունը, ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշումն ու վարչակազմի անզիջողականությունն ստիպեցին Թեհրանին գործել հակառակ ուղղությամբ, և 2020թ․ հունվարին Իրանը հայտարարեց միջուկային ծրագրի վերաբերյալ իր պարտականություններից հրաժարվելու մասին։

Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերադարձի պայմանական մեկնարկը կարելի է համարել Ջոզեֆ Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից Թեհրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման առաջնահերթության սահմանումը։ ԱՄՆ նոր նախագահի  վարչակազմը  ցանկություն էր հայտնում աշխատել Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման և բանակցությունների սեղանի շուրջ նստելու ուղղությամբ։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին 2021թ․ փետրվարի 4-ին հայտարարում է երկարաժամկետ և ամուր համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի պատրաստակամության մասին, եթե Իրանը վերադառնա ՀՀԳԾ-ով նախատեսված իր պարտավորությունների լիարժեք կատարմանը։ Ի պատասախան ԱՄՆ-ի հայտարարություններին՝ Իրանի արտգործնախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ընդգծում է, որ դեռևս փոփոխություններ չի տեսնում Վաշինգտոնի քաղաքականության մեջ, և ԱՄՆ-ը խոստումների փոխարեն ակնկալում է իրական գործողություններ։ 

Չնայած Ջո Բայդենը խոստացել էր երկիրը վերադարձնել ՀՀԳԾ-ի համաձայնագրին, սակայն նախագահության առաջին երկու ամիսներին այս ուղղությամբ բեկումնային քայլեր չձեռնարկվեցին, իսկ ԱՄՆ-ի կողմից առաջարկված պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու տարբերակը Թեհրանի կողմից պաշտոնապես մերժվեց, քանի որ Թեհրանի քաղաքականության նպատակն ամերիկյան պատժամիջոցների ամբողջական չեղարկումն է։

Վիեննայի գործընթացի մեկնարկը

Ի րանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման առաջին պայմանավորվածությունը ձեռք բերվեց 2021թ․ ապրիլի 2-ին՝ Իրանի և գործարքին մասնակից հինգ գերտերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հեռավար հանդիպման ժամանակ։ Ըստ պայմանավորվածության՝ ապրիլի 6-ին Վիեննայում Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև տեղի ունեցան միջնորդավորված բանակցություններ: Վիեննա ժամանած իրանական և ամերիկյան պատվիրակությունները տեղակայվել էին տարբեր հյուրանոցներում, իսկ միջնորդներն ողջ օրվա ընթացքում ստիպված են եղել մի հյուրանոցից մյուսը տեղաշարժվել՝ փորձելով մերձեցնել կողմերի մոտեցումները: 

Ինչպես և ակնկալվում էր, Վիեննայում վերսկսված բանակցությունների առաջին փուլում էական փոփոխություն և դիվանագիտալան ճեղքում տեղի չունեցավ, և սա գնահատվեց որպես առաջընթացին միտված  քայլ։ Թերևս բանակցությունների առաջին փուլի կարևոր ձեռքբերում կարելի է համարել երկու աշխատանքային խմբի ստեղծումը․ առաջինը, որի խնդիրն էր ուրվագծել, թե ինչ պատժամիջոցներ պետք է չեղարկի Միացյալ Նահանգները՝ ՀՀԳԾ-ի համաձայնագրին վերադառնալու համար, և երկրորդը՝ որոշել, թե ինչ միջուկային սահմանափակումների պետք է գնա Իրանը, որպեսզի ստանձնի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։

Վիեննայի բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ՝ 2021թ ապրիլի 12-ին Իրանը հայտարարում է, որ Նաթանզի միջուկային կենտրոնն ահաբեկչական հարձակման է ենթարկվել (նախօրեին տվյալ կենտրոնում շահագործման էր հանձնվել ցենտրիֆուգների կատարելագործման նոր արտադրամաս)։ Այս ամենին զուգահեռ Թեհրանը ծանուցում է ԱԷՄԳ-ին, որ սկսել է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը՝ հասցնելով 60 տոկոսի։ 

2021թ. ապրիլի 20-ին համատեղ հանձնաժողովը հանդիպում է Վիեննայում՝ քննարկելու աշխատանքային խմբերի առաջընթացը: Նրանք համաձայնում են ստեղծել երրորդ աշխատանքային խումբը, որի նպատակն է դիտարկել, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Իրանը փոխադարձ քայլեր կատարել համաձայնագրի վերականգման ուղղությամբ։

Բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը հիմնականում աչքի ընկան նրանով, որ բանագնացները փորձեցին մերձեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորշումները, քանի որ բանակցությունների մասնակիցներն իրարամերժ մոտեցումներ էին ցուցաբերել։ Եվրոպական «եռյակը» նկատել էր տալիս, թե «բանակցութունները շատ դանդաղ են ընթանում»։ Կողմերը ցանկանում էին մինչև մայիսի 21-ը հասնել համաձայնության, քանի որ այդ օրը  սպառվում էր Իրանի միջուկային հիմնարկներում ԱԷՄԳ-ի դիտորդների տեսչական այցերի արտոնագրի ժամկետը: 

Բանակցությունների երրորդ փուլին, որը տեղի ունեցավ ապրիլի 27-ից մայիսի 1-ը, կողմերը փորձեցին ստեղծել ճանապարհային քարտեզ, որով Վաշինգտոնը կսկսեր մեղմել պատժամիջոցները, իսկ Թեհրանն էլ կվերադառնար միջուկային ակտիվության ու մասնավորապես, ուրանի հարստացման սահմանափակումներին: Ակնկալվում էր, որ չորրորդ փուլում բանակցություններին մասնակցող դիվանագետները, ըստ ամենայնի, քննարկելու էին արդեն իսկ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների հետագա ճակատագիրը։

Ուշագրավ է, որ բանակցությունների վճռորոշ՝ չորրորդ փուլից առաջ իրանական լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություններ, որ Վիեննայում ընթացող բանակցությունները տապալման եզրին են, սակայն պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է այս լուրերը։

2021թ մայիսի 19-ին Վիեննայում ավարտվում է Համատեղ հանձնաժողովի բանակցությունների չորրորդ փուլը: Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ և Վիեննայի հանդիպումների նախագահ Էնրիկե Մորան ընդգծում է, որ «համաձայնագիր է ձևավորվում», և որ ինքը «միանգամայն վստահ է, որ վերջնական համաձայնության հասնելը հեռու չէ»։ Չորրորդ փուլի ավարտից մի քանի օր անց Իրանը և ԱԷՄԳ-ը մեկ ամսով երկարաձգում են Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական այցեր կատարելու թույլտվության ժամկետը, որը թույլ է տալիս գործակալությանը շարունակել մշտադիտարկումը։

2021թ. հունիսի 2-ին Վիեննայում ավարտվում է համատեղ հանձնաժողովի բանակցությունների հինգերորդ փուլը: Իրանի փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին նշում է, որ բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսվում է սկսել հունիսի 10-ին, տրամաբանորեն կարող է և պետք է լինի վերջինը։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ և Վիեննայի հանդիպումների նախագահ Էնրիկե Մորան հույս է հայտնում, որ համաձայնություն ձեռք կբերվի բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում: 

Մինչ Վիեննայում ընթանում էր բանակցությունների վեցերորդ փուլը, հունիսի 19-ին Էբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահական ընտրություններում։ Լինելով պահպանողական թևից՝ Ռաիսին իր հանձնառությունն է հայտնում վերականգնել ՀՀԳԾ-ի գործարքը։ Ընտրություններից մեկ օր անց բանակցությունների վեցերորդ փուլը հետաձգվում է, ինչը պարզաբանվում է նրանով, որ բանակցողներին պետք է հնարավորություն ընձեռվի՝ խորհրդակցելու մայրաքաղաքների հետ, մինչև բանակցությունների յոթերորդ, վճռական և ըստ երևույթին, վերջին փուլը։  

2021թ հուլիսի 8-ին Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը թվիթերյան իր էջում գրում է, որ Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի ամսաթիվը նշանակված չէ, և պարզաբանում է, որ նախագահական ընտրություններից հետո, Իրանին ավելի շատ ժամանակ է պետք նախապատրաստվելու համար:

2021թ օգոստոսի 5-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ստանձնում է նախագահի պաշտոնը։ Իր երդմնակալության խոսքում նա խոստանում է «խելացի համագործակցություն» իրականացնել «4+1»-ի և Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար:

Չնայած Ռաիսիի երդմնակալության ընթացքում արած հայտարարությանը, այնուամենայնիվ, Արևմուտքում լուրջ մտավախություններ կային, որ Իրանի նորընտիր պահպանողական նախագահը և հիմնականում պահպանողական հայացքներ դավանող կառավարության անդամները կհրաժարվեն բանակցությունները շարունակելու գաղափարից։ Արևմտյան մայրաքաղաքներում մտահոգություններն ավելի խորացան, երբ ԱԷՄԳ-ն օգոստոսյան մշտադիտարկումից հետո հայտարարեց, որ Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալներն ընդհուպ մոտեցել են այն շեմին, որից հետո հնարավոր է դառնում միջուկային զենքի ստեղծումը։

Հունիսյան դադարից հետո Իրանի միջուկային համաձայնագրի վերականգման համար կասեցված բանակցությունների վերսկսման հեռանկարն ի հայտ եկավ, երբ իրանցիները հայտարարեցին բանակցությունների սեղան վերադառնալու պատրաստակամության մասին։ Զուգահեռաբար ԱՄՆ-ն տարբեր խողովականերով բարձրաձայնում էր խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը և այլընտրանքային լուծումների դիտարկման հնարավորությունը։

2021թ նոյեմբերի 29-ին՝ վեցերորդ փուլի ավարտից հինգ ամիս անց, Վիեննայում սկսվեց ՀՀԳԾ-ի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը։ Պաշտոնական Թեհրանը կրկին հանդես եկավ 2015թ. կնքված համաձայնագիրն ամբողջական վերագործարկման ու Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկման պահանջով։ Բանակցությունների յոթերորդ փուլի առաջին նստաշրջանից հետո, Արևմուտքում Իրանի կողմից առաջարկված ծրագրերը համարվեցին ամիսներ տևած բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխզիջումների խախտում։ Չնայած դիրքորոշումներում եղած հակասություններին, կողմերը կարողացան գտնել ընդհանուր եզրեր և համաձայնության գալ համատեղ տեքստի շուրջ, որը հիմք հանդիսացավ հետագա բանակցությունների շարունակման համար։ 

2021թ դեկտեմբերի 27-ին Վիեննայում սկսվեց բանակցությունների ներկայիս՝ ութերորդ փուլը։ Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը մնում է նույնը՝ չեղարկել պատժամիջոցները, մասնավորապես իրանական նավթի արտահանման վրա սահմանված պատժամիջոցները։ Բանակցությունների վերսկսումից մի շաբաթ անց, Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին հայտնեց, որ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ բանակցող կողմերի դիրքորոշման միջև տարաձայնությունները նվազում են։

 Բանակցությունների առաջընթացին զուգահեռ` իրանական կողմը պահանջում էր ԱՄՆ-ին ներկայացնել երաշխիքներ, որ այլևս դուրս չի գա ՀՀԳԾ-ի համաձայնագրից։ Վերսկսված բանակցություններից մի քանի շաբաթ անց Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ Վիեննայում բանակցություններն առաջընթաց են գրանցում, սակայն հիմնական խնդիրները դեռևս մնում են չլուծված:

2022թ փետրվար 8-ին՝ քաղաքական խորհրդակցության համար իրենց երկրներ բանագնացների վերադարձից 10-օրյա ընդմիջումից հետո, Վիեննայում վերսկսվեցին բանակցությունները։ Վերսկսման նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի նեկայացուցիչը նշել էր, որ բանակցությունները մտնում են վերջնական փուլ, սակայն անհրաժեշտ է կողմերի հրատապության զգացումը։

Մինչ Վիեննայում բանակցություններ էին ընթանում, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 17-ի հեռուստատեսային ելույթում ընդգծում է, որ Իրանը, անկախ բանակցությունների ավարտից, կպահպանի քաղաքացիական  միջուկային էներգիան զարգացնելու ուղեգիծը՝ միաժամանակ պնդելով, որ Իրանի ժողովուրդը շահագրգռված չէ միջուկային զենքով։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյին Ամիր Աբդոլահիանն էլ, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նշում է, որ այժմ որոշում կայացնելու գնդակը արևմտյան կառավարությունների դաշտում է, սակայն Իրանը չի անտեսի իր կարմիր գծերը։  

Վիեննայում բանակցությունների հուսադրող ավարտին մոտենալուն զուգընթաց՝ 2022թ․ փետրվարի 24-ին, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկն անուղղակիորեն վտանգեցին Վիեննայի բանակցությունների բարեհաջող հանգուցալուծումը։ Չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին, թե Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն համագործակցել ՀՀԳԾ-ի համաձայնագրի վերականգման շուրջ բանակցություններում, այնուամենայնիվ, ռուսական կողմը գրավոր երաշխիքներ է պահանջում, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ՀՀԳԾ-ի վերականգման դեպքում ոչ մի կերպ չեն վնասի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, առևտրային, տնտեսական և ներդրումային կապերին։ 

Արևմուտքը մերժեց ռուսական կողմի պահանջը, և որոշվեց որոշ ժամանակ դադարեցնել բանակցային գործընթացը։ Մարտի 12-ին հրապարակված Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ գրեթե պատրաստի միջուկային գործարքի բանակցությունները կարող են խափանվել Մոսկվայի նոր պահանջների պատճառով։ 

Ռուսաստանի նոր պահանջի ներկայացումից հետո՝ շուրջ երկու շաբաթվա ընթացքում, շատ բանավեճեր են ծավալվել Մոսկվայի կուլիսային դրդապատճառների, ինչպես նաև Վիեննայի բանակցությունների նոր սցենարների շուրջ։ Արևմտյան երկրները նախազգուշացրել են, որ Ռուսաստանի պահանջն անընդունելի է, և կարող են դիտարկել ՀՀԳԾ-ի վերականգման տարբերակը, առանց Ռուսաստանի համաձայնության։ Սակայն անհասկանալի է, թե սա ինչպե՞ս կընդունվի Թեհրանի և Պեկինի կողմից և ի՞նչ հետևանքներ կթողնի Թեհրան-Մոսկվա-Պեկին հարաբերություններում։  

Ներկայում Վիեննայի բանակցությունների մասնակից երկրների միջև՝ մի կողմից ԱՄՆ-ը, Եվրոպա և մյուս կողմից՝ Ռուսաստան, Չինաստան լարավածության աճը Թեհրանին ստիպում է ավելի զգույշ գործել, որպեսզի կողմերի միջև լարվածությունն ուղղակիորեն չազդի միջուկային գործարքի կարգավորման վրա:

Ռուսական կողմից գրավոր երաշխիքներ պահանջելու պատճառներից մեկն էլ այն է, որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները հեռանում են որոշ գլոբալ հարցերի շուրջ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման համար Իրանի ձեռնպահ քվեարկությունը և Իրանի դաշնակից հութիների խմբավորման դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին ռուսական կողմի քվեարկությունը, ցույց են տալիս  Թեհրան-Մոսկվա հարաբերություններում հակասություների առկայությունը: Այնուամենայնիվ, Իրանը կարծես թե չի պատրաստվում նստել բանակցությունների սեղանի շուրջ առանց Ռուսաստանի:

Ռուսաստանի անակնկալ քայլը ցույց է տալիս, թե որքանով է Մոսկվան պատրաստ օգտագործել իր հնարավոր  լծակներն  ուկրաինական ճգնաժամի ընթացքում  Արևմուտքի վրա ճնշում գործադրելու համար՝ նույնիսկ Թեհրանում իր «դաշնակիցների» դժգոհության հավանականության դեպքում: Դա նաև արտացոլում է Ռուսաստանի այն ըմբռնումը, որ ԱՄՆ-ն այժմ կարիք ունի վերագործարկելու ՀՀԳԾ-ի համաձայնագիրը՝ համաշխարհային շուկա ռուսական հում նավթի մատակարարումը խափանելու և դրան այլընտրանք գտնելու նպատակով։ 

Ռուսաստանին ձեռնտու է հետաձգել Արևմուտքի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերականգնումը, որպեսզի ԱՄՆ-ն և Եվրոպան կրեն իրենց իսկ սահմանված պատժամիջոցների հետևանքները՝ առաջին հերթին հենց էներգակիրների ոլորտում։ 

Ա յս համատեքստում կարելի է ենթադրել, որ եթե առաջիկայում հնարավոր լինի միջուկային համաձայնագրի վերագործարկումը, ապա ուկրաինական ճգնաժամի հետևանքով  իրանական նավթի արտահանումը, հավանաբար, առավել լայն ծավալ կընդգրկի, քան 2015թ. փաստաթղթի կնքումից հետո։ Մինչդեռ զարգացումների նման սցենարը կարող է լրաջուգույնս բարդացնել Իրան-Ռուսաստան հարաբերությունները։ Ռուսական նավթն իրանականով փոխարինելու գործընթացը, ամենայն հավանականությամբ, կխաթարի Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները, ինչը վերջինս կարող է «դավաճանություն» համարել տարբեր ճակատներում Իրանին ակտիվ աջակցություն ցուցաբերելուց հետո։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը, որն այժմ նույնիսկ ավելի ծանր պատժամիջոցների տակ է, քան Իրանը տասնամյակներ շարունակ, եթե փորձի խափանել միջուկային երկրորդ համաձայնագիրը ինքնաբերաբար կտեղափոխվի Իրանի քաղաքական հակառակորդների ճամբար։

Միջուկային համաձայնագրի կարգավորմումը բարդացնում է նաև ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որով Իրանը մեղադրվում է գործակալության հետ չհամագործակցելու համար։

Միաժամանակ, հարկ է նշել, որ Իրանն ինքն է բարդացնում համաձայնագրի կարգավորման  գործընթացը։ Դա է վկայում Թեհրանի կողմից առաջ քաշված ԱՄՆ-ի ահաբեկչական խմբավորումների ցուցակից Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի անունը հանելու շուրջ վեճը, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների դադարեցումը, ինչպես նաև Իրանում գտնվող ԱԷՄԳ-ի տեսախցիկներից մի քանիսի գործունեության դադարեցումը։

Բացի այդ, այս գործընթացի երկարաձգումը հնարավոր է  նույնիսկ շահեկան լինի Իրանի համար, քանի որ Թեհրանը կարող է շարունակել ուրանի հարստացումը, առաջ մղել միջուկային ծրագրի իրագործումը և հետագայում օգտագործել այդ առաջընթացը որպես ճնշման գործիք Արևմուտքի հետ բանակցություններում։

Միաժամանակ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր․ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների փաստաթուղթը բերվել է վերջնական տեսքի, իսկ մնացած խնդիրները զուտ քաղաքական են։ Այն ամենը, ինչ պահանջվում է հենց փաստաթղթի վերջնական հղկման առումով, կարող է կատարվել բառացիորեն մի քանի օրվա ընթացքում»։ Այսուհանդերձ, 2022թ․ հունիսի կեսին ԵՄ արտաքին գործերի ղեկավար Ջոզեֆ Բորելի Իրան կատարած այցից մեկ շաբաթ անց, բանակցությունները վերսկսվեցին Դոհայում։ Արևմուտքը նպատակ ուներ Դոհայի ձևաչափի ներդրմամբ Ռուսաստանին և Չինաստանին այս կարևոր միջազգային հիմնախնդրի կարգավորման գործընթացից դուրս թողնել։ Սակայն երկօրյա խորհրդակցությունները ոչ մի էական առաջընթաց չգրանցեցին։

 Իրանը, ամենայն հավանականությամբ, կարող է զիջումների գնալ և նոր համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնից լինեն ամուր երաշխիքներ։ Իրանի ղեկավարությունը կտրականապես չի վստահում ԱՄՆ-ի բանավոր խոստումներին ու հավաստիացումներին։ Ուստի այս տեսակետի հիման վրա գործընթացը ձգձգվում է։ 

Կարող ենք արձանագրել, որ միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայի բանակցությունները երբեք այսքան մոտ չեն եղել խորհրդակցությունների լիակատար ձախողմանը։ Սակայն, դեռևս բանակցային կողմերի դրական արձագանքների աճը թույլ է տալիս ենթադրելու Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի բարհեջող ավարտի և վերջին՝ իններորդ փուլում համաձայնության հասնելու մասին։ Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունները և Իրանի հակասական գործողությունները վտանգում են վերջնական համաձայնության հասնելու հեռանկարը։ Միաժամանակ, Արևմուտքի տեսանկյունից վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի Թեհրանը, մինչդեռ իրանական կողմը պնդում է հակառակը։ Սա հերթական ցուցիչն է այս գործընթացի տևական տրամաբանության, երբ կողմերից յուրաքանչյուրն ակնկալում է մյուսի միակողմանի հետքայլը։