Թուրքիա-Քաթար-Լիբիա

5 ր.   |  2020-08-31

Ռազմական եռանկյունի

2020թ. օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան, Քաթարը և Լիբիան ռազմական համաձայնագիր են ստորագրել՝ լիբիական զինված ուժերի հնարավորությունները բարձրացնելու նպատակով։ Համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ) հետ։ Համաձայնագրի շրջանակներում Թուրքիան և Քաթարը խորհրդատուներ և ռազմական անձնակազմ կուղարկեն Լիբիա, ինչպես նաև ԱՀԿ-ին ենթակա զինվորականներին տեղ կհատկացվի՝ թուրքական և քաթարական ռազմական ուսումնարաններում կրթություն ստանալու համար: Նախատեսվում է նաև նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱՀԿ ռազմական ուժերին։

Ը ստ «Daily Sabah»-ի՝ այս գործընթացը նման է 1993թ. Բաքվի և Անկարայի միջև ստորագրված ռազմական պայմանագրին, համաձայն որի թուրքական ժանդարմերիայի ուժերը տեղում վերապատրաստում էին ադրբեջանցի զինվորականներին, իսկ ադրբեջանական բանակի անձնակազմը Թուրքիայի ռազմական ուսումնարաններում մասնակցում էր դասընթացների, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցություն էր ստանում Թուրքիայից։ Հեղինակի եզրակացմամբ, համագործակցության այս մոդելը հիմք կդառանա նաև լիբիական կանոնավոր բանակի ստեղծման համար[1]։

ԱՀԿ- ի ռազմական ղեկավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում պարտավոր է տարբեր մասնագիտությունների թեկնածուներ հավաքագրել այս տարի Թուրքիայի և Քաթարի ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստումը սկսելու համար: Լիբիայում կուրսանտներ ընտրելու նպատակով Անկարայից և Դոհայից առաջիկայում պետք է ժամանեն գլխավոր շտաբի սպաներ, որոնք, մինչև համակարգող օպերատիվ կենտրոնի ձևավորումը, կզբաղվեն լիբիական զինյալների և օտարերկրյա վարձկանների նյութական ու ֆինանսական աջակցության հարցերով:

Քաթարի պաշտպանության նախարարն իր հերթին երաշխավորել է թուրքական կողմին, որ իր վրա է վերցնում ԱՀԿ-ի զինված կազմավորումների նյութատեխնիկական օժանդակության և դրանց մատակարարման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև վճարելու է նոր կառուցվելիք և առկա ռազմական ենթակառուցվածքների վերականգնման  ծախսերը[2]։

Բ ացի այդ, լիբիական Միսրատա նավահանգստում ստեղծվելու է թուրքական ռազմածովային բազա և եռակողմ ռազմական համակարգող կենտրոն։ Որոշ աղբյուրների համաձայն, Թուրքիան և Քաթարը նախատեսում են ռազմաբազա կառուցել նաև Հոմսում և Տրիպոլիից հարավ գտնվող Ալ-Վաթիայի ավիաբազայի տարածքում[3]։

Նշենք, որ ավիաբազայի տարածքում արդեն տեղակայված է թուրքական ռազմական տեխնիկա և օբյեկտներ (զենիթահրթիռային համակարգ MIM-23 Hawk, անօդաչու թռչող սարքեր և այլն), որը ս.թ. հուլիսին Խալիֆա Հաֆթարի «Լիբիական ազգային բանակի» ստորաբաժանումների (ԼԱԲ) կողմից ենթարկվում էր ավիահարվածների[4]։

Ալ-Արաբիա լրատվական կայքի տեղեկությամբ եռակողմ պայմանագրից բացի, Թուրքիան, Քաթարը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) պայմանավորվել են լիբիական անձնագրեր տրամադրել սիրիացի, սոմալեցի և թունիսցի վարձկաններին և Թուրքիայի վերահսկողությամբ նրանց ինտեգրել ԱՀԿ-ի ռազմական ուժերում: Թուրքիան Քաթարի ֆինանսաֆորմամբ վարձականներ է պատրաստելու Ալ-Վաթիա ավիաբազայում և Տրիպոլիի միջազգային օդանավակայանում, որոնք պետք է պաշտպանեն ԱՀԿ-ին պատկանող պետական և ռազմական օբյեկտները[5]։

Նշենք, որ Լիբիայի ազգային բանակի տվյալներով, ներկայումս Լիբիայում է 2500-3000 թուրք զինվորական: Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, Անկարան նաև Լիբիա է ուղարկել առնվազն 3500 զինյալ Սիրիայից, իսկ ԼԱԲ-ի ղեկավարների տեղեկություններով՝ Անկարան ու Դոհան շուրջ 30 հազ. վարձկան են տեղափոխել Լիբիա՝ Սիրիայից և Սոմալիից[6]:

Ընդ որում, Լիբիայում վարձկաններին պահելու համար Քաթարի կառավարությունը ավելացրել է օտարերկրյա զինյալների վարձատրությունը[7]։ Իր հերթին, Թուրքիան հայտնում է, որ Խ. Հաֆթարի բանակի շարքերում մարտնչում են վարձկան ստորաբաժանումներ Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք հավաքագրվել են Սիրիայում, Նիգերում և Չադում[8]։

Ինչ վերաբերում է Միսրատայում ստեղծվելիք ռազմածովային բազային, ապա, դեռևս անհայտ է, թե ինչ կայազոր է պատրաստվում տեղակայել Թուրքիայի գլխավոր շտաբը։ Որոշ կանխատեսումներով, ոչ միայն թուրքական ռազմանավերը կարող են տեղակայվել Միսրատայի բազայում, այլև՝ ավիացիան, քանի որ բազայի մերձակայքում է Լիբիայի ռազմական օդանավակայաններից մեկը, որը կարող է Թուրքիան օգտագործել: Նորարարական զարգացման ինստիտուտի իսլամական հետազոտությունների կենտրոնի  ղեկավար Կ. Սեմյոնովի կարծիքով, ավելի նպատակահարմար է այդ ավիաբազայի, քան Ալ-Վաթիայի օգտագործումը, որը տեղակայված է Միսրատայից և ռազմաճակատի նոր գծից բավականին հեռու[9]։

Մասնագետները գտնում են, որ  ռազմածովային բազայի հիմնումից հետո Լիբիայի ափամերձ շրջանները, փաստորեն, կանցնեն Անկարայի լիակատար վերահսկողության տակ, քանի որ Հաֆթարի Լիբիական ազգային բանակը առհասարակ չունի մարտական նավատորմ։ Մյուս կողմից՝ Թուրքիան նավատորմի և բանակի հովանու ներքո կարող է իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Լիբիայի մայրցամաքային ծանծաղուտում (շելֆ)՝ բնական պաշարներ հայտնաբերման կամ մշակման ուղղությամբ[10]:

Լիբիան Թուրքիայի համար արժեքավոր է ոչ միայն Միջերկրական ծովի տարածաշրջանի համատեքստում։ Փորձագետները նշում են, որ Լիբիան, որոշակի փուլում նաև Սոմալին և Սուդանը, Անկարայում դիտարկվում են որպես «սև մայրցամաքի» դարպաս։ Քաղաքագետ Գ. Լուկյանովի կարծիքով, Անկարան ձգտում է մուտք գործել աֆրիկյան երկրների շուկա, և Լիբիայից նրա համար ճանապարհ է բացվում Մալի, Նիգեր, Չադ, որոնք թեև աղքատ երկրներ են, բայց ունեն հանքային մեծ պաշարներ։ Մինչդեռ, ըստ քաղաքագետի, Թուրքիան այդտեղ կբախվի ԱՄՆ, Ֆրանսիայի և Չինաստանի շահերին, որը, կարծես թե Էրդողանին առանձնապես չի վախեցնում[11]։

Ըստ արևելագետ Բ. Դոլգովի, պայմանագրի ստորագրումը կխորացնի հակամարտությունը, քանի որ ռազմական բազաների ստեղծումը Լիբիայի վերաբերյալ Բեռլինյան համաժողովում ընդունված համաձայնագրի խախտում է։ Իսկ Թուրքիայի և Քաթարի ներգավվածությունը լիբիական հակամարտությունում հակազդեցություն կառաջացնի այն ուժերի մոտ, որոնք դեմ են Անկարայի այս քաղաքականությանը. Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները[12], Սաուդյան Արաբիան[13], Հորդանանը և մի շարք եվրոպական երկրներ։

Ամփոփելով նշենք, որ թեև եռակողմ պայմանագրի ստորագրումից օրեր անց հակամարտող կողմերը հրադադար հաստատեցին, բայց փորձագիտական կանխատեսումներով, միմյանց դեմ պատերազմող լիբիական ուժերը և նրանց սատարող երկրները պատրաստ չեն գնալ փոխզիջման ու  շարունակում են նախապատրաստվել ռազմական գործողությունների վերսկսմանը:


[1] Turkish military to help establish regular army in Libya

[2] Турция и Катар разместят свои войска в Ливии

[3] Будущее Ливии остаётся под вопросом

[4] В Ливии силы ЛНА нанесли авиаудары по турецким силами на авиабазе Аль-Ватия

[5] Turkey, Qatar agree to provide GNA mercenaries with Libyan citizenship

[6] Доха и Анкара перебросили в Ливию порядка 30 тысяч наемников

[7] Масштабы ливийского кризиса возрастают

[8] Ливия разграничения: почему государству грозит новая вспышка войны

[9] Турция пошла в Ливии по российскому пути

[10] От слов – к делу: Турция готова радикально изменить военный расклад в Ливии

[11] Նույն տեղում

[12] Мирные инициативы оказались под угрозой из-за противостояния Турции и Катара с Египтом и ОАЭ

[13] Мадхалитский легион Хафтара, Будущее Ливии остаётся под вопросом