Տավուշյան ագրեսիա. Ադրբեջանի համակողմանի ձախողումը

15 ր.   |  2020-08-31

2020թ․ հուլիսի 12-21-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան իր մասշտաբով ամենամեծն էր 2016 թ․ ապրիլյան ռազմական գործողություններից հետո։ Բաքվի այդօրինակ արկածախնդրության հնարավորությունը կանխատեսելի էր դեռևս ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներից, երբ COVID-19-ի համավարակի, նավթի համաշխարհային գների աննախադեպ անկման և մի շարք այլ գործոնների ազդեցությամբ Ադրբեջանի ներքին իրավիճակը բավականաչափ անորոշ ընթացք էր ստանում։ Թվարկված օբյեկտիվ մարտահրավերների ուղղակի հետևանքները բավականաչափ կանխատեսելի էին դարձնում այն հանգամանքը, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում այդ երկրի բռնապետական վարչակարգին տարաբնույթ փրկօղակներ են անհրաժեշտ լինելու։ Իսկ նման պարագայում, ալիևյան իշխանության թյուր հաշվարկների համաձայն, ամենաարդյունավետն ու նվազ խնդրահարույցը, թերևս, կարող էր լինել վարչակարգի գաղափարական հիմնասյուներից մեկի՝ հայատյացության առարկայական գործադրման տարբերակը։ Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքը բազմիցս փորձարկված, իսկ նոր կորոնավիրուսի համաճարակի ազդեցությամբ բազմաշերտ ճգնաժամի պայմաններում միաժամանակ մի քանի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղվածությամբ կիրառելի գործիքի դերակատարում կարող էր ունենալ Ադրբեջանի իշխանությունների համար։

Ադրբեջանի ագրեսիայի ներքին և արտաքին պատճառները

Դ եռևս համաճարակի սկզբնական փուլում կանխատեսելի էր, որ հատկապես մի կենտրոնից վերահսկվող և ուղղորդվող տեղեկատվական համակարգ ունեցող երկրները՝ այդ թվում նաև Ադրբեջանը, որոշակի ժամանակահատվածում թաքցնելու կամ կեղծելու են ընդհանուր իրավիճակի իրական պատկերը։ Եվ նման սցենարն էլ օբյեկտիվ է, քանի որ այդ երկրում առկա է բավականաչափ փնթի կառավարման և առողջապահական համակարգ, որը պատրաստ չէր համապատասխան կերպով արձագանքել համաճարակի տարածմանը։ Իսկ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հայտարարված հատուկ կարանտինային ռեժիմի հետևանքով տեղ գտած տնտեսության «լոքդաունը» հավելյալ բարդություններ ստեղծեց նաև սոցիալ-տնտեսական ոլորտում։


Լուսանկար 1.  Ադրբեջանական նավթի արտահանման ծավալները (Тradingeconomics.com)

Զուգահեռաբար, արդեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի սկզբին մի կողմից համավարակի ազդեցությամբ միջազգային շարժունակության կտրուկ նվազման, մյուս կողմից՝ OPEC+ ձևաչափում ծագած խնդիրների պատճառով նավթի միջազգային շուկայում գների լրջագույն անկում արձանագրվեց, ինչը հատկապես ծանր տնտեսական անկումային հետևանքներ ունեցան նավթարդյունահանող երկրների համար։

Արդեն ապրիլ ամսվա վերջին տասնօրյակին նավթի համաշխարհային շուկայում արձանագրվեց գների խոշորագույն անկում: Ապրիլի 22-ին Brent տեսակի նավթի գինը իջավ մինչև 16 դոլարի՝ 1 բարելի դիմաց, որը նվազագույն գինն է 1999 թ.-ից ի վեր: Իսկ WTI տեսակի նավթն անգամ բացասական արժեք արձանագրեց: Նույն օրերին ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի գինը հասավ 15,81 դոլարի։

Նշված զարգացումները զգալի ազդեցություն ունեցան նաև Ադրբեջանի համար, որի տնտեսության մեջ նավթարդյունաբերության ոլորտի եկամուտները գերազանցում են ընդհանուր ՀՆԱ-ի 45%-ը (1,2,3) (երկրի 2020թ․ բյուջեում նավթի գինը հաշվարկված էր 55 դոլար, մինչդեռ օգոստոսի սկզբին խորհրդարանը վերանայեց այն՝ սահմանելով 35 դոլար 1 բարելի դիմաց)։   

Վերը թվարկված մտահոգիչ իրողությունները և շարունակվող անորոշությունը բնականաբար դրդում էին ալիևյան վարչակարգին հնարավոր խնդիրներից խուսափելու տարաբնույթ սցենարներ հաշվարկել։ Ստեղծված պայմաններում կարճաժամկետ հեռանկարում կանխատեսելի էր, որ 2014-16թթ․ պարբերական ճգնաժամերի դասերից հետո Բաքվի վարչակարգը կուտակած պահուստային ֆինանսական ռեսուրսների հաշվին կփորձի վերահսկելիության սահմաններում պահել տնտեսական իրավիճակը։ Բայց արդեն միջնաժամկետ կտրվածքով և հատկապես վարակի զանգվածային տարածման պայմաններում բավականաչափ բարդ կլիներ զսպել նաև դրա հետ ածանցվելիք հասարակական պոռթկումը։

Թերևս, դրանով է պայմանավորված, որ հակահամաճարակային տարաբնույթ գործողություններին զուգահեռ՝ ԱՀ իշխանությունները լրջագույն վերահսկողության տիրույթում էին պահում հանրային դժգոհության ուղղորդման բոլոր հնարավորությունները՝ արգելափակելով հիմնական ընդդիմադիր գործիչների տեղեկատվական աղբյուրները, քաղաքական ակտիվությունը, ազատազրկելով «կարգազանց» քաղաքական և հասարակական ակտիվիստներին, սահմանափակելով լրագրողների գործունեությունը և այլն(1, 2, 3, 4, 5, 6, 7, 8)։ Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդդիմադիրներին ամեն կերպ լռեցնելու գործելաոճն այնքան ակնհայտ էր, որ դրան բազմիցս անդրադարձել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ Human Rights Watch-ը(1), Amnesty International-ը(1, 2), «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ՀԿ-ն (1, 2),  միջազգային մամուլը (1, 2) և այլն: Համարավակի տարածման ընթացքում ընդդիմության նկատմամբ ճնշումների, խոսքի ազատության և համացանցային հասանելիության սահմանափակումների վերաբերյալ իրենց մտահոգություն են հայտնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Ս.Շենակը և Ռ.Գեյլը ևայլն:

Ըստ էության, Ադրբեջանում առկա նման իրավիճակն էլ օբյեկտիվ է, քանի որ տասնամյակներ շարունակ բազմաթիվ խնդիրների պատճառով փչված հասարակական հանդուրժողականության փուչիկն արդեն մոտ է պայթելու։ Դրա համար միայն պատեհ առիթ է պետք, և այդպիսին կարող է դառնալ նաև կորոնավիրուսի համաճարակի տարածումը։ Բանն այն է, որ ներքին բազմաբնույթ խնդիրները, որպես օրինակ՝ իշխանության բռնապետական բնույթը, կլանային ամենաթողությունը, սոցիալական անարդարությունը, համատարած կոռուպցիան, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումները իշխանությունների կեղծ և սին խոստումներն այնքան են խորացրել հասարակական հիասթափությունը, որ ամբողջ աշխարհին միավորած համավարակն անգամ ի զորու չէ գոնե առժամանակ միավորելու ադրբեջանական հասարակությունը։ Եվ հետևաբար, նրա համախմբման կարևորագույն առանցքը եղել և շարունակում է մնալ հայատյացությունը։ Իսկ նման իրողությունների պայմաններում գոյատևման տարրական խնդիր լուծելու համար ալիևյան վարչակարգը պատրաստ էր գնալ ցանկացած արկածախնդրության, այդ թվում՝ ռազմական։ Այս տեսանկյունից, անշուշտ, բարենպաստ հանգամանք էր նաև մարտի 16-ից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգային առաքելության անորոշ ժամանակով դադարեցնումը։


Լուսանկար 2՝ Ի․ Ալիևի մայիսի 28-ի ելույթը «հարկադիր տեղահանվածների» հետ հանդիպմանը

Իլհամ Ալիևի ելույթներում ռազմական հռետորաբանության դինամիկան

Հ ետևաբար, նաև հնարավոր ռազմական սցանարի գործադրմանն ընդառաջ, և՛ սեփական հասարակության շրջանում, և՛ միջազգային հանրության համար նման մարտավարության քարոզչական, իրավական, գաղափարական հիմնավորման նպատակով անհրաժեշտ էր իրականացնել հստակ նախապատրաստական թիրախային քայլեր։ Վերոնշյալի համատեքստում մինչ միջազգային կառույցների և պետությունների ուշադրությունը գերազանցապես սևեռված էր առողջապահական գլոբալ մարտահրավերի վրա, ալիևյան վարչակարգի քարոզչամեքենայի և ամենաբարձր մակարդակով հռետորաբանության մեջ, զուգահեռաբար նաև գործողություններում, խնդրահարույց զարգացումները հավասարակշռելու նպատակով, աստիճանաբար գերիշխող էր դառնում հակահայկական թեմատիկան՝ անթաքույց ագրեսիա պարունակող ձևակերպումներով։ Աստիճանաբար, լայն ծավալ էին ստանում ինչպես հակահայ խոսքը, այնպես  էլ ռազմատենչ ուղերձները, ԼՂ հիմնախնդիրը ուժային եղանակով լուծելու վերաբերյալ հայտարարությունները։

Վերոնշյալի համատեքստում, եթե դիտարկենք առնվազն միայն Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ավելի քան 1,5 տասնյակ տարբեր ձևաչափերով ելույթներում (հունվարի 1-ի, հունվարի 14-ի, փետրվարի 5-ի, փետրվարի 19-ի, փետրվարի 25-ի, մարտի 4-ի, Մարտի 10-ի, մարտի 19-ի, մայիսի 5-ի, մայիսի 13-ի, մայիսի 19-ի, մայիսի 28-ի, հունիսի 3-ի, հունիսի 18-ի, հունիսի 25-ի(2), հուլիսի 6-ի) Հայաստանի և ԼՂ հակամարտության վերաբերյալ տարաբնույթ հայտարարությունները, ապա ագրեսիվ, ռազմատենչ և հավակնոտ բովանդակային տարրերն ավելի բացահայտ են դառնում մարտի սկզբից։ Իսկ արդեն մայիսից, երբ անխուսափելի էր Ադրբեջանում և՛ առողջապահական, և՛ տնտեսական ոլորտներում հետագա զարգացումների անորոշությունը, Ի․ Ալիևի հռետորաբանության մեջ տեղ են գտնում ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման ուժային տարբերակի լայն հնարավորության վերաբերյալ անթաքույց ուղերձներ։ Մասնավորապես, մայիսի 13-ին Քելբաջարի շրջանի գործադիր իշխանության (գտնվում է Գյանջա քաղաքում) նորանշանակ ղեկավարի հետ տեսակապի միջոցով ունեցած հանդիպմանը Ալիևը նշել է․ «Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը և տարածաշրջանում աճող հեղինակությունը այն գործոններն են, որոնք հանգեցնելու են պետության ինքնիշխանության լիարժեք վերականգնմանը»: Իսկ մայիսի 28-ին «հարկադիր տեղահանվածների» հետ հանդիպմանն արդեն հայտարարել է, որ «…թեև բանակցություններն ընթանում են, այսօր աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում․․․ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պատմական հարց է, և մենք պետք է ամբողջապես և վերջնականապես լուծենք այդ հարցը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջապես վերականգնվի»։

Հունիսի 3-ին Թարթառ այցի շրջանակներում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ «Հակամարտության լուծման մեկ ճանապարհ կա, դա էլ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Ես վերջերս ասել եմ, որ մենք ուժ ենք հավաքում, պետք է ավելի ուժեղ լինենք և լինելու ենք։ Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, ինչի համար սպասում է նպաստավոր աշխարհաքաղաքական պայմանների»։ Նույն ելույթում Ալիևը հերթական անգամ անուղղակի հավակնություն է դրսևորել ՀՀ տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «Ադրբեջանի պատմական տարածքներ»։ Նա աններելի է համարել «Իրևանը հայերին տալու» որոշումն ու կոչ արել գիտնականներին գրքեր և քարտեզներ հրապարակել, որոնցում ներկայիս Հայաստանի տարածքները պատկերված կլինեն ադրբեջանական ծագման տեղանուններով։ (1,2,3,4)։ 

Հունիսի 25-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկին ընդգծել է. «Աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում, և մենք պետք է հավաքենք այդ ուժը, հարցը ցանկացած ճանապարհով պետք է լուծենք»։ Բացի այդ, Ալիևը մասնավորեցրել է, որ 2016թ․ կարողացել են «օկուպացիայից ազատագրել մեծ տարածքներ (Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Աղդերեի մի մասը), իսկ 2018թ․՝ 10 հազար հեկտարից մեծ տարածք՝ ձեռք բերելով ռազմավարական բարձունքները, որով վերահսկվում են ՀՀ-ԼՂ ճանապարհը»։ «Դրա համար էլ պետք է բարձրացնենք մեր մարտունակությունը, որ ամեն պահի պատրաստ լինենք մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և վերականգնվելու է։ Թող ոչ ոք չկասկածի։ Միայն թե, պետք է ուժեղ լինենք։ Մշտապես աշխարհաքաղաքական իրավիճակին հետևենք, միջազգային հարթակներում փոխվող իրավիճակը ճիշտ վերլուծենք ու ավելի շատ բարեկամ գտնենք միջազգային ասպարեզում։ Մենք դա էլ կանենք։ Այսօր միջազգային ասպարեզում Ադրբեջանի բարեկամ երկրների թիվն օր-օրի աճում է»,- ընդգծել է Ի․ Ալիևը։ 

Հուլիսի 6-ին Խաթայի շրջանում մոդուլային հիվանդանոցի բացման արարողությունից հետո տված հարցազրույցում Ալիևը քննադատել է Հայաստանին համավարակի հարցով ՄԱԿ-ի ԳԱ հատուկ նիստին դեմ լինելու հարցում, մեղադրել է ՀՀ ղեկավարությանը «ֆաշիստական քաղաքականություն վարելու, Ադրբեջանի դեմ պետական մակարդակով թշնամություն քարոզելու մեջ»: Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հասցեական քննադատություններով և հայտարարություններով հանդես չգալու հարցում՝ ընդգծելով, որ բանակցային գործընթաց «չի ընթանում», և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսաժողովները «որևէ նշանակություն չունեն»


Լուսանկար3.` ԱՀ ՊՆ Զաքիր Հասանովը ՀՀ հասցեին ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ ծառայողական խորհրդակցության ընթացքում  (30.05.2020թ.)

Ադրբեջանական հռետորաբանության հիմնական թիրախները

Կ արևոր է փաստել, որ դիտարկվող ժամանակաշրջանում ինչպես Ի․Ալիևի, այնպես էլ Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների կողմից բավականաչափ հաճախակի հնչած հակահայկական ռազմատենչ հայտարարությունները բավարար չէ դիտարկել միայն որպես ներքին սպառման հռետորաբանություն։

Պատերազմի սպառնալիք պարունակող և «հայկական կողմի անզիջում դիրքորոշման» պատճառով բանակցային փակուղում հայտնված ԼՂ հիմնախնդիրը բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում ռազմական ճանապարհով լուծելու պատրաստականությունը շեշտադրող բազմաշերտ հայտարարություններն իրենց խորքում ուղղված էին նաև միջազգային հանրությանը՝ որպես նախազգուշացում, նախապատրաստում, իրազեկում որևէ մասշտաբի ռազմական գործողության՝ հատկապես բազմիցս ընդգծված՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության ոչ բավարար արդյունավետության պայմաններում»։

Իսկ COVID-19-ի համավարակի ազդեցությամբ միջազգային հարաբերություններում առավել առաջնային դարձած իրողությունները, նաև կորոնավիրուսի տարածման պատճառով հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում որոշակիորեն սրված ներքաղաքական իրավիճակը, ըստ Ադրբեջանի իշխանությունների, այն բարենպաստ իրավիճակային պայմաններ էին ստեղծում ռազմական որևէ  բնույթի գործողություն համար։

Հետևաբար, վերոնշյալի համատեքստում, թերևս հենց միջազգային լայն արձագանքի համար էր ընտրվել նաև ռազմական թեժացման ուղղությունը՝ ոչ թե Արցախի Հանրապետության հետ սահմանին կամ շփման գծում, այլ հենց ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Նման սցենարը երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Նախ՝ ռազմական առումով ոչ բարենպաստ սահմանագոտու ընտրությունը մի կողմից ենթադրում էր անակնկալի բերել ՀՀ ԶՈւ-ին՝ արձանագրելով արագ հաջողություն, մյուս կողմից՝ միջազգային հանրության համար առավել արժանահավատ էր դարձնում հենց հայկական կողմի հարձակման քարոզչական տարբերակը։ Բացի այդ, մեկ այլ նպատակ էր առավել լայն, հիմնախնդրի իրավական բնույթի, ադրբեջանական քարոզչական ուղղությունը՝ թե «հակամարտության կողմերն են Հայաստանը և Ադրբեջանը, Հայաստանն ագրեսոր երկիր է, չի կատարում ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների բանաձևերը, խախտում է համավարակի ընթացքում հակամարտությունները դադարեցնելու միջազգային հանրության կոչերը, ԼՂ հակամարտությունը տարածքային վեճ է, այլ ոչ թե Արցախի հայ ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի արդյունք»։ Նշվածի վառ ապացույցն էր ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացված լայն միջազգային քարոզչական արշավը՝ ընդորում, ինչպես դիվանագիտական ողջ անձնակազմի, այնպես էլ նաև «ադրբեջանական սփյուռքի» ակտիվացման ճանապարհով (սովորաբար սահմանային սրացումների ընթացքում ադրբեջանական վարչակարգը հրահրում է սեփական համայնքներին ավելի ակտիվ, նախաձեռնող լինել՝ խոստանալով պետության կողմից փոխհատուցել բոլոր վնասները)։

Տավուշյան ագրեսիայի ձախողված հաշվարկները

Ի նչպես բուն ալիևյան վարչակարգի ռազմական արկածախնդրության ընթացքը, այնպես էլ դրանից բխող զարգացումների համընդգրկուն վերլուծությունը ցույց տվեց, որ նախաձեռնված բազմաշերտ գործողությունը գրեթե բոլոր հարթություններում լիովին ձախողվել է։


Լուսանկար 4.՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈւ անօդաչու թռչող սարքերի մնացորդները

Ըստ հերթականության՝

  1. Ռազմաճակատում ադրբեջանական կողմը խայտառակ պարտություն կրեց և՛ դիրքային, և՛ մարդկային, և՛ ռազմատեխնիկական կորուստների առումով։ Որպես այս ուղղության բովանդակային զարգացում կարելի է նշել նաև կորցրած ռազմական տեխնիկայի առնչությամբ այս ոլորտի գործընկերների հետ հնարավոր խնդիրների առաջացումը՝ սպառազինության որակի և դրա հեղինակությանը լուրջ վնաս հասցնելու հիմքով։
  2. Քարոզչական տեսանկյունից և ադրբեջանական հասարակության համախմբան նպատակով գործողության օգտագործման լիակատար ձախողման հստակ ցուցիչ է մարտական գործողությունների օրերին և հատկապես հուլիսի 14-15-ի գիշերը եզակի անգամ երկրի տարբեր շրջաններում և հատկապես Բաքվում իշխանությունների կողմից չարգելված, անգամ խրախուսված բազմահազարանոց հակահայկական ցույցի հետևանքները: Մասնավորապես, երբ հակահայկականից հակաիշխանականի սահուն տրանսֆորմացված բողքի գործողությունը, անկարգությունների, նաև Ադրբեջանի խորհրդարանի շենք ցուցարարների ներխուժմամբ հընթացս հատելով կառավարելիության սահմանները, հատուկ միջոցների կիրառմամբ ցրվեց իրավապահների կողմից։


Լուսանկար 5.՝ Բաքվում ցուցարարները ներխուժել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի շենք

Այս միջադեպը նաև լրջագույն ցուցիչ է՝ գնահատելու իշխող վարչակարգի ընկալման աստիճանը ադրբեջանական հասարակության շրջանում: Երբ անգամ ամենաառանցքային հարցում՝ արտաքին թշնամու դեմ պայքարում սեփական բանակին աջակցություն ցուցաբերելու պատրվակով փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարների բազմաշերտ զանգվածը գործողության պիկին առաջնային պլան մղեց տասնամյակներ շարունակ հասարակության տարբեր խմբերում գերակշռող դարձած այն համոզմունքը, որ երկրում ստեղծված բոլոր խնդիրների, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի չկարգավորման հիմքում բռնապետական և կոռուպցիոն վարչակարգի ապաշնորհ քաղաքականությունն է։

  1. Քարոզչական և հոգեբանական հարթությունում, ադրբեջանահայկական հակամարտության դրսևորման կարևոր բաղադրիչներից մեկը համարվող և հենց Բաքվից հրահրված միջհամայնքային բախումը, տարբեր երկրներում ադրբեջանցիների մոբիլիզացիային միտված նպատակային գործողությունները ևս ցանկալի արդյունք չարձանագրեցին հայկական կողմի հավասարակշռված, իսկ բազմաթիվ դեպքերում նաև առավել ազդեցիկ պատասխանի պատճառով։

Նույն այս ուղղության տրամաբանության մեջ կարելի է տեղավորել մի չափազանց կարևոր արձանագրում ևս։ 2020թ հուլիսյան ձախողումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց, զրոյացրեց 2016թ ապրիլյան ռազմագործողություններից, ինչպես նաև 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին նախիջևանյան ուղղությամբ միջդիրքային տարածության կրճատումից հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հռետորաբանության մեջ «հաղթած և տարածքներ ազատագրածի» հոգեբանական կարգավիճակը մշտապես շահարկող հետևյալ թեզերի հետագա կիրառական նշանակությունը՝ Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է ինքուրույն լուծել ԼՂ հիմնախնդիրը, որը ժամանակի հարց է, Ադրբեջանը վայելում է միջազգային հանրության լայն աջակցությունը, Իլհամ Ալիևը հաղթած նախագահ է և այլն։

  1. Արտաքին ուղղությամբ նաև հայկական կողմի գրագետ գործողությունների արդյունքում արձանագրված միջազգային արձագանքը հիմնականում հավասարակշռված էր՝ հակամարտ կողմերի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ընդհանուր թեզի շեշտադրմամբ (էական բացառություն էր Թուրքիայի անթաքույց հակահայկական թշնամական կեցվածքը)։ Հետևաբար, նաև այս հարթությունում Բաքվի ձախողման ամենավառ ապացույցը կարելի է դիտարկել արդեն նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի աղմկահարույց ազատումը հուլիսի 16-ին՝ դեռևս ռազմական լարվածության ժամանակահատվածում։ Մամեդյարովի «զոհաբերումը» ոչ միայն որպես «քավության նոխազ» ծառայեց ադրբեջանական վարչակարգի համար, այլև բազմաշերտ կիրառման կարևոր քարոզչական քայլ էր: Դրա տրամաբանությունն Ադրբեջանի կրած անհաջողությունները ռազմաճակատից դեպի արտաքին քաղաքական ոլորտ ուղղելու միտումն էր:

Խաղաղ բնակչությանը պարբերաբար թիրախավորելուց բացի, նույն ուղղությամբ Բաքվի գործելաոճի կետային ձախողումներից էր, օրինակ, Մեծամորի ատոմակայանի թիրախավորման ռազմական հնարավորությունների առկայության վերաբերյալ ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյահլիի՝ հուլիսի 16-ի աղմկահարույց հայտարարությունը։

  1. Թերևս միակ ուղղությունը, որտեղ Բաքուն որոշակիորեն հաջողեց, դաշնակից երկրի՝ Թուրքիայի կողմից համակողմանի՝ քաղաքական, հոգեբանական, քարոզչական, մանևրային աջակցության ստացումն էր, որը դրսևորվեց ոչ միայն բուն ռազմական լարվածության, այլև դրան հաջորդած ժամանակահատվածում՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով։ Մինչդեռ անգամ այս հաջողությունն էլ միանշանակ չէ, քանի որ դեռևս ժամանակը ցույց կտա, թե ինչով Բաքուն վարձահատույց կլինի Անկարային՝ ցուցաբերված աջակցության դիմաց։ Որպես օրինակ՝ տարբեր տարածաշրջաններում Անկարայի ապակայունացնող գործողություններին (որոնք պարբերաբար արժանանում են միջազգային հանրության լայն քննադատությանը, տարաբնույթ պատժամիջոցներին) առնվազն Բաքվի քաղաքական աջակցության ցուցաբերումը որոշակի շրջափուլում, միանշանակորեն բացասական հետևանքներ է ունենալու նաև վերջինի համար։

Իսկ որպես Ադրբեջանի տավուշյան արկածախնդրության ձախողման ամփոփում նաև վերը շարադրված եզրահանգումների հավաստում՝ դարձյալ կարելի է վերլուծել Ադրբեջանի նախագահի՝ արդեն մարտական գործողություններին հաջորդած ժամանակահատվածում ունեցած ելույթները (1,2,3): Հարկ է ընդգծել, որ դրանցում հնչեցված ձևակերպումները բավականաչափ զգուշավոր են, առայժմ չեն պարունակում անգամ հայատյացության գաղափարախոսության տիրույթում առնվազն հանրային տրամադրություններ բորբոքելու, նաև իշխանությանը փաստի առաջ կանգնեցնելու՝ ռազմական նոր սրացման գնալու ուղերձներ։


Լուսանկար 6՝ Ի․ Ալիևի ելույթը Բաքվի Խաթաիի շրջանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում

Հուլիսի 21-ին Բաքվի Խաթաիի շրջանում «նահատակների» ընտանիքներին և պատերազմի հաշմանդամներին բնակարանների և ավտոմեքենաների հանձնման արարողությանը (մասնակցել է նաև փոխնախագահ Մ.Ալիևան) Ադրբեջանի նախագահը տավուշյան ագրեսիայի առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանական զինուժի վրեժի գործողության արդյունքում մի քանի տասնյակ թշնամական կենդանի ուժ և տեխնիկա է ոչնչացվել: Հերթական անգամ կրկնել է նախկին թեզերը, բայց առանց ռազմական սպառնալիքի. «Ադրբեջանի ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջովին վերականգնվեն։ Բռնագրավված բոլոր տարածքները պետք է առանց բացառության ազատագրվեն։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական տարածքներ, մասնավորապես՝ Շուշի։ Դա իմ քաղաքականությունն է»: Նույն ելույթում նա նաև քննադատել է ընդդիմությանը՝ պետության անհաջողություններից ուրախանալու, ինչպես նաև որոշ մուսուլամանական երկրների՝ Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու համար:

Հուլիսի 30-ին Բալականի շրջանային «ASAN ծառայության» կենտրոնի բացմանն ունեցած մեծածավալ ելույթում Ի․ Ալիևը, անդրադառնալով տավուշյան լարվածության թեմային, նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հետ է մղել ՀՀ ԶՈւ հարձակումը: Ադրբեջանցի զինծառայողները խիզախություն են դրսևորել և թշնամուն «իր տեղն են ցույց տվել», նրանք թույլ չեն տվել, որ թշնամին դիրքերը բարելավի և ադրբեջանական հողերի վրա ոտք դնի։ 50 հազ. ադրբեջանցի դիմել է կամավոր հայրենիքը պաշտպանելու, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հ արկ է հավաստել, որ տավուշյան արկածախնդրության լիակատար տապալումից հետո, ադրբեջանական իշխանությունների գործողություններում, նաև հռետորաբանության մեջ բացահայտ կերպով երևվում է որոշակի զգուշավորություն՝ հատկապես ներքին՝ քաղաքական, հասարակական հնարավոր սպառնալիքների հետ կապված: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում դեռևս չեն վերացել նաև ռազմական լարվածության գնալու նախկին դրդապատճառները(դրան հավելած՝ նաև վերջին մարտական գործողությունների հետևանքները), չի կարելի  բացառել նաև Բաքվի վարչակարգի կողմից հայատյացության գաղափարախոսության առարկայական կիրառման նոր ռազմական դրսևորումներ՝ որպես գոյապահպանության ապահովման փորձված փրկօղակ: