Համավարակի սոցիալական ազդեցությունը

19 ր.   |  2020-08-21

Հետևանքների հաղթահարման հրամայականը 

Հեղինակ` Սոնա Ներսիսյան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.

Հոդվածը հրապարակվում է Օրբելի կենտրոնի անցկացրած մրցույթի շրջանակներում։

Ներածություն

Պ ատմության մեջ համավարակները նոր երևույթ չեն (գրիպ, ժանտախտ, ծաղիկ, տուբերկուլյոզ և այլն), և մարդկությունն ունի դրա հաղթահարման հավաքական փորձ: Իսկ թե ինչպես, ինչ ազդեցությամբ և ինչ հետևանքներով են հաղթահարվել դրանք, մեծապես կախված է եղել տվյալ ժամանակահատվածի գիտական, առողջապահական, տեխնոլոգիական և այլ ձեռքբերումներից։ Սակայն գործոնների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի սոցիալական բաղադրիչը: Ավելի քան մեկ դար առաջ «Science» ամսագրում հրապարակվել է տարբեր համավարակների սոցիալական և վարքաբանական հետազոտությունների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ համավարակի կանխարգելման ճանապարհին կա երեք հիմնական խոչընդոտ.

ա) մարդիկ չեն գնահատում իրենց սպառնացող ռիսկերը,

բ) մարդկային բնույթին դեմ է խիստ մեկուսացումը՝ որպես ուրիշներից պաշտպանվելու միջոց,

գ) մարդիկ հաճախ անգիտակցաբար հանդես են գալիս որպես շարունակական վտանգ իրենց և այլոց համար[1]:

Հիմա էլ, ի թիվս մի շարք ոլորտների, առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կրթական և այլն, սոցիալականը մնում է համավարակների ազդեցության և հետևանքների գլխավոր կրողը: Սակայն ներկայիս համաշխարհայնացման պայմաններում ցանկացած ճգնաժամի, այդ թվում՝ հիվանդությունների դեմ պայքարի հնարավորություններն ավելի մեծ են, ինչն ակնհայտ դարձավ կորոնավիրուսային (Corona Virus Disease 2019) համավարակի դեպքում, որը կարելի է համարել առաջինը, որը ենթարկվում է համընդհանուր համաձայնեցված վերահսկողության:

Եթե նախկինում գրեթե անհնար էր ճշգրիտ հաշվարկել վարակակիրների թիվը, տարածման արագությունը, հետևանքներն ու սոցիալական ազդեցությունը, ապա ժամանակակից բժշկագիտությունը, տեխնոլոգիաները նպաստում են ոչ միայն ավելի ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, այլև դրանց միաժամանակյա համեմատությանը և արագ արձագանքին։

Վերոնշյալը կարելի է դիտարկել որպես սոցիալական զարգացման մեծ ձեռքբերում, որի շնորհիվ տեղի է ունենում մարդկության աննախադեպ համախմբում. Արդյունքում՝ հնարավորինս կրճատվում են կորուստները և նվազում է ազդեցությունը կյանքի որակի վրա։

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կարևոր են սոցիալ-վարքաբանական հետևյալ կողմերը.

  • վտանգի, սպառնալիքի ընկալում,
  • անհատական և կոլեկտիվ շահերի համաձայնեցում,
  • առաջնորդություն,
  • սթրես և հաղթահարում,
  • հոգեբանական ռեակցիա,
  • կոլեկտիվ էմոցիաներ և սոցիալական մեդիա,
  • տնտեսական դեպրիվացիա և գործազրկություն[2]:

Դիտարկելով համավարակի հաղթահարման միջազգային փորձը՝ կարող ենք տեսնել, որ տարբեր երկրներ պայքարի տարբեր փուլերում են և վերոնշյալ հարցերի կարևորությունը որոշում են տվյալ երկրում առկա խնդիրների առաջնահերթությամբ: Այդուհանդերձ, մի շարք երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ առողջապահական խնդիրների վրա որոշակի կենտրոնացում կա: Այսպես, կարելի է առանձնացնել համավարակի պայքարի ռազմավարության մի քանի հիմնական մոտեցում. ամենատարածվածը՝ 1) «Թի3. թեստավորել, բուժել, հետևել» (T3: Test. Treat. Track). այս մոտեցումն արդարացված էր դեռևս 2012թ. մալարիայի դեմ պայքարում[3], 2) զսպանակաձև մոտեցում, որով հաջողությամբ առաջնորդվում են մի շարք երկրներ (Հվ. Կորեա, Չինաստան), 3) վիրուսի ազդեցության պարպում և աջակցություն (Նոր Զելանդիա), 4) կորի հարթեցում՝ աստիճանաբար մեղմելով (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա): Իհարկե, այս բոլոր մոտեցումները ենթադրում են տարբեր ռեսուրսների ներգրավում և հարմարեցված են տվյալ երկրի կառավարման համակարգերին:

ՀՀ փորձը ներառում է վերոնշյալ մոտեցումների տարրերի համադրություն, որի արդյունքում համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը շոշափում է հարցերի բավականին լայն շրջանակ: Համավարակի դեմ պայքարի Հայաստանի ռազմավարության առանձնահատկությունների բացահայտման և հետևանքների նախանշման նպատակով իրականացվել է որակական հետազոտություն՝ համակցված մեթոդաբանությամբ:

Մեթոդաբանություն

Հ ետազոտությունն արվել է հետևյալ մեթոդներով. փաստաթղթերի վերլուծություն, որակական բովանդակության վերլուծություն (qualitative content analysis) և տվյալների երկրորդային վերլուծությունը (desk research):

Ընտրված որակական մեթոդները հնարավորություն են տալիս դուրս բերել ուսումնասիրվող երևույթների բովանդակությունը, իմաստը: Վերլուծության համար օգտագործվել են պաշտոնական փաստաթղթերը, կոչերը, ուղերձները, վիճակագրական տվյալները: Բովանդակության վերլուծության միավոր է ուսումնասիրվող նյութի իմաստը: Ի տարբերություն քանակական բովանդակության վերլուծության, որը սահմանում է տեքստում բովանդակության որոշակի բնութագրիչների կամ փոփոխականների կրկնվելու հաճախականությունը, որակական բովանդակության վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգումներ անել նույնիսկ բովանդակության քիչ բնութագրիչների դեպքում[4]։ Բովանդակային վերլուծության ինդուկտիվ մոտեցումը կիրառվում է այն դեպքում, երբ ուսումնասիրվող երևույթի մասին չկան տեսություններ, կուտակված գիտելիք, տվյալներ: Հետազոտությունը կառուցվում է մասնավորից դեպի ընդհանրական սկզբունքով, դիտարկվող ցուցանիշներն ընդհանրացվում են[5]:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են նաև համավարակի վերաբերյալ միջազգային վիճակագրությունը (Worldometer COVID19) և փորձը, առկա գրականությունը, իրականացված ուսումնասիրությունները, Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը (covid19.gov.am), պաշտոնական կայքերի տեղեկատվությունը, ինչպես նաև ոչ պաշտոնական տեղեկատվությունը՝ ներառյալ անհատներ, մասնագիտական խմբեր, տարբեր մեդիա հարթակներ:

Տեղեկատվական դաշտի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռել վեր հանել համավարակի տեղեկատվության բովանդակությունը և դրա կիրառության համատեքստը: Ուսումնասիրության անցկացման ժամանակահատվածն ընդգրկել է մարտի 16-ից հուլիսի 1-ը, ինչը ներառում է առաջին անգամ արտակարգ դրության հայտարարումից մինչև ներկայացվող ուսումնասիրության տվյալների հավաքման սկիզբը:

Համավարակի ազդեցությունը և հաղթահարման ընդհանուր մոտեցումները

Ա կնհայտ է, որ համավարակից հետո սոցիալական կյանքում լուրջ փոփոխություններ տեղի կունենան, և մենք ականատես կլինենք տարբեր վարքային մոդելների աստիճանական փոխակերպմանը և հարմարեցմանը կյանքի նոր պայմաններին: Այն, ինչ համարվում էր նորմալ մինչև համավարակը, այլևս չի կարող նորմալ համարվել: Փոխարենը համաճարակի համատեքստում հետազոտողների, փորձագիտական համայնքի կողմից կիրառվում է «նոր նորմալ» հասկացությունը՝ համաճարակի ընթացքում կամ դրանից հետո մարդու վարքագծի փոփոխությունները արձանագրելու նպատակով: Մի կողմից, այն ներառում է անձի հետ շփման սահմանափակում, ինչպես ձեռքսեղմումը և գրկախառնությունը, ֆիզիկական հեռավորությունը[6], մյուս կողմից՝ զուտ վարվելակերպի փոփոխություններից բացի պետք է ակնկալել նաև ավելի խորը սոցիալական փոփոխություններ, որոնք կապված են հանրային, քաղաքացիական մշակույթի հետ:

Մեր հասարակության դեպքում համավարակի ազդեցության հետևանքների հաղթահարման նպատակով պահանջվում է սոցիալական վարքի զգալի տեղաշարժ, ինչն առաջին հերթին կապված է սոցիալական մշակույթի հետ, որը մեր հասարակության շրջանում տարանջատում և երբեմն հակադրում է անհատական և քաղաքացիական վարքը: Այս հակասությունը խոչընդոտում է հանրային համաձայնության հաստատմանը, ինչը համավարակի պայմաններում բերում է անդառնալի հետևանքների: Հանրության մեջ լռելյայն  մտածողություն կա, թե դիմացինի օգուտն իրենից կորուստներ է պահանջում, և հակառակը: «Զրոյական գումարով մտածողություն» բնորոշմամբ այս երևույթը հաճախ փորձ է արվում հաղթահարել քաղաքացիական պատասխանատվության և նպատակի համընդհանրության զգացողությունը խրախուսելու ուղերձներով, սակայն այս երևույթը պարունակում է խորը սոցիալական իմաստ:

Ամբողջ աշխարհում համավարակի սոցիալական բնույթի հետևանքներից է անհանդուրժողականության և ագրեսիայի, խտրականության և անհավասարության դրսևորումների աճը: Հասարակության մեջ արդեն իսկ առկա տարբերություններին գումարվում են նորերը՝ պայմանավորված համավարակի ազդեցությամբ և վերաբերմունքով: Դրսևորումներից կարելի է քննարկել մեկուսացածների կամ հաստատված դեպքերի հանդեպ խտրական վերաբերմունքը, վարակակրի պիտակավորումը, համավարակի փաստի հանդեպ վերաբերմունքը, որոնք բաժանեցին հանրությունը հակադիր խմբերի, ինչպես նաև օբյեկտիվ գործոններով տարբաժանումը՝ տարիքային ռիսկային խմբերի, ճգնաժամի ազդեցության ցուցիչով աջակցության կարիք ունեցող խմբերի առանձնացումը: Սակայն համավարակը հավասարապես ազդում է հասարակության բոլոր խմբերի վրա: Հիվանդության տարածման դեմ պայքարի գործում անհատների, համայնքների և կառավարության միջև համակարգված ջանքերը կարող են համագործակցության և ընդհանուր արժեքների ձևավորման ազդեցիկ ուղերձներ հղել, ինչը կարող է նպաստել տարբեր խմբերի «միասնական ճակատագիր ունեցողների» վերակազմավորմանը մեկ համայնքում:

Անշուշտ, վերոնշյալ խնդիրների կարևոր պատճառներից է իրազեկվածության մակարդակը՝ ինչպես համաճարակային հիվանդության, այնպես էլ դրա չեզոքացման միջոցների վերաբերյալ: Այս առումով անհրաժեշտ է դիտարկել համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման մեխանիզմները, որոնք ներառում են տեղեկատվական դաշտի մի քանի շերտեր՝ սկսած տեղեկատվության ստեղծումից մինչև տարածում և սպառում: Այս շղթայում տեղի են ունենում մի շարք ձևական և բովանդակային փոխակերպումներ, որոնք ճգնաժամային իրավիճակում կարող են որոշիչ դեր կատարել: Այսպես, առավել մեծ կարևորություն է ստանում տեղեկատվական հոսքերի որակական կողմը, որը կարող է ներառել կեղծ տեղեկատվություն (fake news[7]), ապատեղեկատվություն (disinformation)  կամ թյուր տեղեկատվություն (misinformation): Առանձնահատուկ ուշադրության են արժանի տեղեկատվություն տրամադրողների, կոչեր հնչեցնողների հանդեպ հանրային վերաբերմունքն ու վստահությունը: Համավարակային ճգնաժամի պայմաններում, երբ գերխնդիրը սոցիալական վարքի փոփոխության համար հանրության իրազեկումն է, առաջնահերթություն է դառնում հասանելի և հավաստի տեղեկատվության տրամադրումը: Անորոշության այդ իրավիճակում իռացիոնալ մտածողության գերակայությունը նպաստում է հասարակության մեջ դավադրության տեսությունների շրջանառմանը[8]:  Հետևաբար կարևոր է, որպեսզի ուղերձները լինեն հնարավորինս վստահելի, տարբերակված և թիրախային՝ հասարակության տարբեր խմբերի համար, խթանեն ռացիոնալ մտածողությունը:

Հայաստանում համավարակի սոցիալական համատեքստը

Հ այաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին հայտարարվեց մարտի 1-ին, երբ ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում գրառում արեց վարչապետ Ն. Փաշինյանը՝ տեղեկացնելով վարակակրի վիճակի, նախատեսվող հակահամաճարակային քննարկումների մասին: Սա, ըստ էության, համավարակային օրակարգի սկիզբն էր: Մարտի 16-ին Կառավարության արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու հարցը:

Մարտի 16-ին[9] մեկ ամսով հայտարարվեց արտակարգ դրություն, որը հետագայում երկարաձգվեց ևս երեք անգամ՝ ապրիլի 13-ին[10], մայիսի 14-ին[11] և հունիսի 13-ին[12]: Արտակարգ դրության պայմաններում իրականացվել են կանխարգելիչ և վերահսկողական գործողություններ, աջակցության մի շարք քայլեր: Պայքարի ձևերը սահմանվում են ՀՀ առողջապահական գերատեսչությունների կողմից՝ հատուկ մշակված ռազմավարության հիման վրա: Պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը նոր վիրուսի և դրա կանխարգելման վերաբերյալ համաձայնեցվում է ԱՀԿ-ի հետ, ուստի աշխարհի մի շարք պետություններում պայքարն ընթանում է գրեթե նույն քայլերով. մեկուսացում, դիմակների կրում, ձեռքերի ախտահանում, ֆիզիկական հեռավորության պահպանում, ազատ տեղաշարժի և խոշոր միջոցառումների սահմանափակում:

Սկզբնական շրջանում արտակարգ դրության ռեժիմը զուգակցվեց խիստ սահմանափակումներով, այդ թվում և մամուլի ու սոցիալական ցանցերի համար։ Դեռ մարտի 1-ի իր գրառման մեջ վարչապետը կոչ արեց վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները: Սա բացատրվեց ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով, սակայն հակասական ընկալումների տեղիք տվեց հատկապես մամուլի ազատության և քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքի տեսանկյունից: Մարտի 19-ի[13] որոշմամբ այդ կետում փոփոխություններ կատարվեցին:

Համավարակի տարածման կանխարգելման, իրազեկման հայտարարություններն արվում էին պաշտոնատար և հասարակության շրջանում բարձր հեղինակություն ունեցող անձանց, ոստիկանության կողմից, ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերում և այլն:

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր կարող ենք դիտարկել համավարակի տարածման դեմ ուղղված կանոնների վերահսկողության ձևերի որոշակի փոփոխություն: Նախնական շրջանում այդ գործառույթներն առավել կենտրոնացած և միակողմանի էին. վերահսկողությունը իրականացվում էր կենտրոնացված սկզբունքով, ապա այդ պատասխանատվությունը փոխանցվեց ավելի ցածր օղակներին: Այս քայլերի միջոցով վիրուսի լոկալ օջախային կառավարումն աստիճանաբար ապակենտրոնացվեց և անցում կատարվեց ցանցային պայքարի: Սա ենթադրում է միաժամանակյա համալիր ապակենտրոն պայքար, որը ներառում է հանրության լայն շրջանակներ, և, արդյունքում սոցիալական վերահսկողությունը մակածվեց անհատականի:

Սոցիալական վարքի փոփոխությունների վրա ազդող գործուն մեխանիզմներից է լրատվական դաշտը և տեղեկատվական հոսքերն ընդհանրապես:

Համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում կարևոր են դառնում Հայաստանի լրատվական դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացները: Վերջինս բազմազան է ինչպես մեդիայի տեսակի, լսարանի, սփռման, այնպես էլ՝ մատուցվող տեղեկատվության որակի առումով: Այսպես, հայաստանյան հասարակության մեջ առկա հանրային մշակույթն արտացոլվում է մեդիայում, և, փոխադարձաբար, մեդիան ազդում է հանրային կարծիքի, դիսկուրսների ձևավորման վրա: Այս գործընթացներն իրականանում են երկու՝ ներքին և արտաքին տեղեկատվական հոսքերի համատեքստում: Անշուշտ իր ազդեցությամբ անհամեմատելի մեծ դեր են կատարում տեղեկատվական ներքին հոսքերը, սակայն անհրաժեշտ է նշել, որ զգալի ազդեցություն ունեն նաև արտաքին հոսքերը[14]։  

Սփյուռքից տարածվող տեղեկատվությունը, որպես կանոն, դիտարկվում է արտաքին (արտասահմանյան/միջազգային) տեղեկատվական հոսքի մեջ, որն իր ազդեցությամբ, թերևս, թիրախավորում է հենց հայկական լսարանը: Հայաստանյան լրատվադաշտում համահայկական թեմաների շուրջ ակտիվությունը նպաստում է տեղեկատվական ընդհանուր տարածքի ընդլայնմանը՝ մեծապես ներառելով նաև հայկական սփյուռքը: Համավարակի պայմաններում սփյուռքի տեղեկատվական դերն աճեց՝ պայմանավորված տեղեկատվության ստացման և արագ տարածման հետ: Սոցիալական ցանցերում տարածվող մեր հայրենակիցների անհատական պատմությունները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ դառնում էր ավելի ազդեցիկ աղբյուր՝ համեմատելու Հայաստանի իրավիճակի հետ, ինչն առաջին ամիսներին զգալիորեն ավելի դրական էր:

Սակայն տեղեկատվության փոխանցումից զատ սփյուռքից ակտիվություն դրսևորեց նաև համավարակի դեմ պայքարի մասնագիտական համայնքը: Այն շատ արագ արձագանքեց իրավիճակին թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներին աջակցելու նպատակով: Կազմակերպվեցին մասնագիտական քննարկումներ խնդրի շուրջ, որոնց մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամները: Սփյուռքի գործարար համայնքը ևս ինքնակազմակերպվեց համավարակային մարտահրավերների լուծման շուրջ: Այս գործընթացներն ակտիվացրեցին նաև ՀՀ-ի հետ սփյուռքյան տարբեր շրջանակաների համագործակցությունը՝ ապահովելով սփյուռքի լայն ներառվածություն հայկական տարբեր խնդիրների լուծման հարցերում: Անշուշտ, այս բոլոր գործընթացներն ինքնաբուխ էին և իրավիճակային, այնինչ «ճգնաժամին արձագանքի իրավիճակային և ոչ համակարգային մոտեցումները բարելավելու համար Սփյուռքի ներգրավվածությունը պետք է լինի ինստիտուցիոնալ՝ որպես կայուն գործընկերություն կառավարության հետ»[15]:

Հայկական տեղեկատվական հոսքերի ազդեցությունը լիարժեք դիտարկելու համար հարկ է քննարկել տեղեկատվության ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական աղբյուրները: Ներկայիս մեդիադաշտի փոփոխվող պայմաններում դժվար է հստակ սահմանազատել պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը, այդ պատճառով հոդվածում որպես պաշտոնական տեղեկատվություն դիտարկվել են միայն պաշտոնական կայքերը, փաստաթղթերը, հայտարարությունները, վիճակագրությունը:

Ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերն ընդգրկում են ինչպես տարատեսակ ԶԼՄ-ների, այնպես էլ մասնագիտական խմբերի, անհատների կողմից տարածվող տեղեկատվությունը:

Այսպես, եթե դիտարկենք վարակի նոր դեպքերի հաստատման վիճակագրությունն ըստ օրերի, ապա կարող ենք տեսնել հատկանշական զիգզագ, որը ցույց է տալիս վարակի պարբերական սրացումները: Դրանք, բացի առողջապահական ցուցանիշներից՝ թեստերի քանակ, թիրախային թեստավորում, ունեն նաև մի շարք սոցիալական պատճառներ:


Գծապատկեր 1. ՀՀ համավարակի հաստատված դեպքերի վիճակագրությունն ըստ օրերի (մարտի 16-ից հուլիսի 1-ը) (Աղբյուրը՝ «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ»)

Դրանք ցայտուն ձևով կարելի է տեսնել՝ դիտարկելով սոցիալական մի շարք իրադարձությունների և վիճակագրական պատկերի փոխկապվածությունը:

Այսպիսով, ստորև ներկայացվում է ուսումնասիրված ժամանակահատվածում ՀՀ-ում համավարակի տարածման ժամանակագրական պատկերը՝ ըստ դեպքերի և հակահամաճարակային քայլերի համադրման:


Գծապատկեր 2. ՀՀ համավարակի հաստատված դեպքերի ժամանակագրության և հակահամաճարակային քայլերի համադրություն

Պատկերում կարող ենք տեսնել հաստատված դեպքերի վիճակագրությունը՝ ըստ օրերի և վարակի տարածման կանխարգելիչ վերահսկողական գործողությունների համադրման: Ակնհայտ է վերահսկողական գործողությունների թվի և վիճակագրության կայունության համընկնումները: Վերջինիս պարզ վերլուծությունը թույլ է տալիս ուսումնասիրվող ժամանակահատվածի պատկերը պայմանականորեն բաժանել երկու մասի. առաջին, որտեղ նկատվում է աճող վիճակագրություն և գերակշռում են վարչական վերահսկողության քայլերը, երկրորդ, որտեղ նկատվում է հարաբերական կայունություն և կանխարգելման քայլերի բազմազանեցում, հանրային վերահսկողության գերակշռում:

Պատկերից պարզ է դառնում, որ առաջին մասում վարակի տարածման դանդաղ տեմպերը համընկնում են արտակարգ դրության հաստատման և խիստ մեկուսացման, տեղաշարժի սահմանափակումների և հակահամաճարակային կանոննների կատարման պահանջի հետ: Սա ընդգրկում է մոտավորապես մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածը: Այս փուլն ուղեկցվում է նաև առողջապահական համակարգի վերազինմամբ, «#մնատանը» հանրային կոչերով, հակահամաճարակային կանոնների խախտման համար խոշոր տուգանքներով: Նկատենք, որ այս փուլում վերահսկման քայլերը հիմնականում վարչական են: 

Երկրորդ մասում կարող ենք տեսնել, որ տնտեսական գործունեության որոշ տեսակների թույլատրման, ազատ տեղաշարժի, ապա նաև հանրային տրանսպորտի գործունեության սահմանափակումների թուլացմանը զուգընթաց վարակի տարածման տեմպերը արագ աճ և պիկային ցուցանիշներ արձանագրեցին: Այս թուլացումների հետևանքներն ատիճանաբար սկսեցին արձանագրվել վիճակագրորեն սկսած ապրիլի 20-ից: Հասկանալի էր, որ ոչ խիստ սահամափակումներով արտակարգ դրության պայմաններում վարչական վերահսկողությունն այլևս չի ապահովում կանխարգելման անհրաժեշտ նվազագույն մակարդակը և մեխանիկորեն հակահամաճարակային պայքարի ծանրաբեռնվածությունը տեղափոխվում էր առողջապահական համակարգի տիրույթ: Բերված պատկերի համաձայն, այս փուլում կարող ենք տեսնել առավելապես հանրային վերահսկողության քայլեր, կոչեր, ուղերձներ, հորդոր և իրազեկման  անմիջական աշխատանք հանրության հետ, ինչպես հանրային հեղինակություն ունեցող, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից: Այս քայլերը թույլ տվեցին «իջեցնել» ուղերձները հանրության լայն շրջանակներ և ընդհանուր սոցիալական տարածություն ստեղծել այդ ուղերձների սպառողների հետ: Իսկ քայլերի ձևի և տարածման միջոցների բազմազանությունը հնարավորություն տվեց տարբերակված ու առավել թիրախային ազդեցություն ապահովել հասարակության տարբեր խմբերի պարագայում:

Ոչ պաշտոնական մեդիադաշտում առավել մեծ ծավալի տեղեկատվություն տարածվում է ԶԼՄ-ների (ներառյալ կիսումները սոցիալական ցանցերից), ապա՝ նոր սոցիալական ցանցերի, մասնագիտական խմբերի, անհատների կողմից: Հարկ է նշել, որ համավարակի ընթացքում հատկապես մեծ տարածում է ունենում կեղծ կամ թյուր տեղեկատվությունը: Դրանք ճգնաժամային իրավիճակում նոր իրականություն ձևավորելու հարմար գործիքներ են: Քիչ են երկրները, որտեղ օրենսդրական կարգավորումներ են նախատեսված կեղծ տեղեկատվության տարածման համար, իսկ մեր երկրում քիչ են նաև փաստերի ստուգման հարթակները: Արդյունքում կեղծ տեղեկատվական հոսքերը հաջողում են կեղծ խոսույթներ  բերել օրակարգ և երբեմն նույնիսկ ամրապնդել այն հանրության որոշ հատվածի ընկալումներում: Այսպիսի մանիպուլյատիվ հրապարակումների տարածումն առավելապես խուճապային տրամադրությունների ձևավորման, քան տեղեկատվական գործառույթ ունի: Սա պետության կողմից արժանի է հատուկ ուշադրության ոչ միայն որպես կեղծված մեդիաարտադրանք, այլև որպես ժողովրդավարության տեսանկյունից սոցիալական վտանգներ պարունակող երևույթ. երբ հանրային դիսկուրսները բևեռացվում են և հակադրվում, ապա որոշումների կայացման գործընթացը կարող է մտնել փակուղի:

Համավարակի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակվող, առանձին անհատների կամ մասնագիտական խմբերի կողմից տարածվող տեղեկատվությունը վերլուծվել է ըստ թեմաների՝ դուրս բերելով համատեքստը: Այսպես, ուսումնասիրված ժամանակահատվածում համավարակը քննարկվել է հետևյալ համատեքստում.

  • քաղաքական մանիպուլիացիաներ
  • տնտեսական ճգնաժամ
  • դավադրության տեսություններ
  • միջազգային, աշխարհաքաղաքական մանիպուլիացիաներ
  • նոր հնարավորություններ (տնտեսական, կրթական, բիզնես)
  • սոցիալական փոխակերպումներ (ընտանիքի, ավանդական արժեքների, անհատական պատասխանատվության, ինքնակազմակերպման)

Հետազոտական մակարդակում ապատեղեկատվության սպառումը կորելացվում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության մակարդակի կամ մեդիագրագիտության հետ: Անշուշտ այս ցուցանիշները, համապատասխան օրենսդրական փոփոխությունները հիմնարար գործոն են ոլորտի դրական զարգացման համար: Սակայն ոչ պակաս կարևորություն ունի լրատվադաշտի բովանդակային, որակական կողմը: Կեղծ լուրերի ծավալն ընդհանուր լրատվադաշտում կարող է ընդլայնվել այնքան, քանի դեռ չի ունենա ստուգված և վստահելի տեղեկատվության դիմադրություն:

Հայաստանի մեդիադաշտում հատուկ տեղ է զբաղեցնում Ֆեյսբուք սոցիալական ցանցը, քանի որ այն քաղաքական տեղեկատվություն ստանալու առաջնային աղբյուր է[16]: Ներկայումս Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 54,7%-ը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի փաստացի օգտատեր է[17], և մի շարք հանրային, քաղաքական դեմքեր ակտիվ գործունեություն են ծավալում այնտեղ: Ողջ հայկական ֆեյսբուքյան տիրույթում առանձնակի կարևորություն ունի ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը, որն ունի 827 հազարից ավելի հետևորդ և 661 հազարից ավելի հավանում: Դիտարկված ժամանակահատվածում Վարչապետի ֆեյսբուքյան էջը ունեցել է բավականին բարձր ակտիվություն և հրապարակումների մոտ 60%-ը վերաբերել է  կորոնավիրուսի համավարակին կամ դրան առնչվող հարցերին։ Հատկապես վերջին համավարակային շրջանում այս էջը լուրջ դեր է կատարում հանրության իրազեկման, վստահելի տեղեկատվության տարածման հարցում: Ըստ նույն հարցման տվյալների, բնակչությունը որպես հանրային իրազեկման արդյունավետ աղբյուր առաջին հերթին նշել են Վարչապետի ֆեյսբուքյան էջ. 85 տոկոսը դրական է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարի վարչապետի գործունեությունը[18]: Նկատի առնելով այդ աղբյուրի կարևորությունը, դիտարկվել է նաև Վարչապետի ֆեյսբուքյան էջում համավարակի վերաբերյալ նյութերի բովանդակությունը, և վերլուծության ժամանակահատվածն ընդգրկել է 2020թ. մարտի 16-ից մինչև հուլիսի 1-ը հրապարակված տեղեկատվության բովանդակությունը:

Նշված ժամանակահատվածում Վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է համավարակի վերաբերյալ նյութեր՝ հետևյալ ձևերով

  • Տեքստային, որոնք ներառում են ինչպես ուղղակի տեքստային հրապարակում, այնպես էլ որևէ նկարի կամ տեսանյութի ուղեկցող տեքստ
  • Տեսանյութ, որոնք ներառում են հղումներ այլ օգտատերերի էջերից, այլ կայքերից, կառավարության նիստերի, ճեպազրույցների տեսագրություններ
  • Ուղիղ եթեր (FB Live), որոնք ներառում են կոչեր և ուղերձներ, շրջայցներ և ստուգայցներ, անմիջական շփում քաղաքացու հետ, հարց ու պատասխան
  • Ուղիղ միացումներ, որոնք ներառում են կառավարության, ԱԺ նիստերի ուղիղ միացումներ
  • Անձնական և ընտանեկան լուսանկար
  • Հղում, որոնք ներառում են հայտարարություններ, ուղղորդող տեղեկատվություն, իրազեկում։

Ստորև ներկայացվում է հրապարակված բոլոր նյութերի հարաբերակցության պատկերը:


Գծապատկեր 3. Համավարակի վերաբերյալ Վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված ժամանակահատվածում հրապարակված նյութերն ըստ տեղեկատվության տեսակի

Կարևոր է հասկանալ, թե ինչ թեմաներ են արտացոլել այդ հրապարակումները: Ստորև ներկայացվում են թեմաներն ըստ քնակական նվազման:

  • Հակաճգնաժամային աջակցության ծրագրեր (աջակցության ծրագրերի փաթեթների, միջոցառումների քննարկում, ընդունում, ներկայացում)
  • Դիմակի վերաբերյալ (կրելու կարևորություն, ճիշտ կրելու ձև, կոչ, իրազեկում, խրախուսում, դատապարտում)
  • Արտակարգ դրության մասին (ԱԴ հայտարարելու մասին քննարկումներ, հաստատում, հայտարարություն, ԱԴ իրավիճակ)
  • Կարգապահության հորդոր (կանոնները պահպանելու կոչեր, արդյունավետությունն ապացուցող տվյալներ, կանոնները չպահպանելու դատապարտում)
  • Կոչ, ուղերձ (հոգատարության, պատասխանատվության)
  • Հայտարարություն (բժիշկների, բուժական հաստատությունների ներգրավելու, սարքավորումների արտադրության)
  • Անմիջական վերահսկողություն (շրջայց, ստուգայց, հեռախոսազանգ, զրույց քաղաքացու հետ)

Վերոնշյալը ցույց է տալիս, որ առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում ներկայի խնդիրների լուծման թեմաները, հատկապես մեծ ուշադրություն է տրվել սոցիալական աջակցության բովանդակությամբ նյութերին: Առանձնահատուկ կարևորություն ունեն այն ուղերձները, որոնք միտված են ապագային և համընդհանուր փոփոխություններին:

Այս թեմաներով տեքստերի բառային վերլուծության արդյունքում դուրս են բերվել վարքային իմաստ պարունակող բառերի հետևյալ երկու խումբը, որոնք պայմանականորեն կարող ենք բաժանել դրականի և բացասականի:

Դրական գնահատականներն արտահայտվում են «հերոս», «լավ, դրական օրինակ», «շնորհակալական խոսք» ձևակերպումներով, և արտահայտում հիմնականում խրախուսող, շնորհակալական բնույթ, իսկ բացասականը՝ «խայտառակություն», «անպատասխանատվություն, «անհոգություն, անլրջություն», «անվտանգության սպառնալիք» դատապարտող ձևակերպումներով: Այստեղ նկատելի է բացասական վարքի դատապարտման և դրականի խրախուսման   հավասարակշիռ վերաբերմունք, ինչը նպաստում է հանրության դրական ներառմանը այս գործընթացներում:

Հունիսի 2-17-ն ընկած ժամանակահատվածում Վարչապետի նախաձեռնած «հակահամաճարակային շարժման» ընթացքում կատարվել է շուրջ 140 հրապարակում: Չնայած առաջին օրերին քայլը հակասական արձագանք ստացավ օգտատերերի, մասնագետների, հասարակական և քաղաքական գործիչներ կողմից, սակայն այսօր ակնհայտ է այդ շարժման դրական ազդեցությունը՝ զգոնության, կանոններին հետևելու, կազմակերպությունների կողմից կանոններ սահմանելու, կարգապահության և վարքագծի տեսանելի փոփոխությունները:

Ամփոփում

Վ երլուծության արդյունքում դիտարկվում է պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկատվության բովանդակային անհամաչափություն: Պաշտոնատար անձիք, հանրային դեմքերը և ԶԼՄ-ները պետք է հնարավորինս համագործակցեն միանման վարք խթանելու հարցում: Այս համատեքստում հակահամաճարակային միջոցառումները կարող են կրճատել բևեռացումը և հարուցել դրական կողմնորոշող հանրային դիսկուրս:

Կարևոր է նաև հանրության լայն իրազեկումը և նախապատրաստումը կեղծ տեղեկատվությանը, ապատեղեկատվությանը մի կողմից տարածելով ակտիվ հակա-ապատեղեկատվություն հանրության մեջ ազդեցիկ շրջանակաների կողմից, վստահելի աղբյուրների համագործակցությունը հավաստի տեղեկատվության տրամադրման հարցում, մյուս կողմից՝ պայքար ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածող աղբյուրների դեմ, իրազեկման, փաստերի ստուգման հարթակների ակտիվացման միջոցով:

Հավաքական վարքի նոր նորմերի առաջխաղացումն ավելի արդյունավետ է, երբ հանրային սպասումները համընկնում են մեդիադաշտում, սոցիալական ցանցերում ազդեցիկ հանրային դեմքերի համաձայնեցված վարքին:

Համավարակի տեմպի նվազման և դրա տարածման շարունակական դանդաղեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բացի առողջության և կյանքի ապահովությունից կարևոր է շեշտել հանրության հավելյալ «օգուտները»:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ վերից վար սկզբունքով իրականացվող կարգապահության, անհատական պատասխանատվության և հանրային շահի կարևորության կոչերը բերում են սոցիալական վարքի փոփոխությունների, որոշակիորեն նոր հանրային մշակույթի ձևավորման:

Կարևոր է ընդգծել ոչ միայն կիրառվող վարչական և հանրային վերահսկողության ձևերի բազմազանեցումը, այլև դրանց որակական չափանիշները՝ կրկնելիությունը և հետևողական շարունակականությունը: Դրանց բարձր ցուցանիշը կարող է հանգեցնել ոչ միայն տվյալ ճգնաժամային իրավիճակի դրական լուծումներն, այլև ընդհանուր առմամբ հասարակության կոլեկտիվ վարքի կայուն տեղաշարժի:

Համավարակի դեմ պայքարի Հայաստանի փորձը առանձնանում է նաև ներքաղաքական հարաբերությունների և համավարակի իրավիճակի շահարկման, ապատեղեկատվության տարածման փոխկապվածությամբ:

Ճգնաժամային կառավարման ձեռք բերված կարողությունները, հանրային վարքի փոխակերպումները և նոր գիտելիքները հետագա ինստիտուցիոնալ ամրապնդման կարիք ունեն:  

Վ երջին շաբաթվա ընթացքում (հուլիսի 24-ից) արձանագրվում է համավարակի տարածման տեմպի որոշակի նվազում, ինչը հաստատում է հակահամաճարակային կանոնների վերահսկողության արդյունավետությունը: Այնուհանդերձ Վարչապետի, ԱՆ նախարարի և պարետի հայտարարությունների համաձայն` այս նահանջը չպետք է գործոն հանդիսանա հակահամաճարակային քայլերի թուլացման համար։ Ընդհակառակը, այս շրջանն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն` վարակի փոխանցման շղթան կոտրելու համար, ինչը մեզ թույլ կտա լավագույնս դիմակայել վարակի հնարավոր երկրորդ ալիքին։ Բացի այդ դեռ ապացուցված չէ կրկնավարակի հավանականությունը, ուստի խիստ սահմանափակումների անհրաժեշտությունը դեռևս արդարացված է։

Անհրաժեշտ է ընդգծել, որ ուսումնասիրության ընթացքում դիտակված փուլից հետո տեղի է ունեցել հանրային վարքի որոշակի կայունացում, որը կարելի է համարել տվյալ իրավիճակում առավելագույն հնարավոր արդյունք: Ներկայիս ռազմավարությունը պետք է ուղղված լինի զգոնության չթուլացմանը և տեմպերի պահպանմանը:


[1] Soper, G. A. The lessons of the pandemic, Science 49, 1919, p. 501–506.

[2] Bavel, J.J.V., Baicker, K., Boggio, P.S. et al. Using social and behavioural science to support COVID-19 pandemic response. Nat Hum Behav 4, 460–471 (2020).

[3] https://www.who.int/malaria/areas/test_treat_track/en/

[4] Mayring P. Qualitative Content Analysis, Qualitative Social Research, Volume 1, No. 2, 2000.

[5] Elo S. & Kyngas H. The Qualitative Content Analysis Process, Journal of Advanced Nursing 62(1), 2008, pp. 107–115.  

[6] https://www.ksn.com/news/capitol-bureau/the

[7] «Կեղծ տեղեկատվությունն» ունի շատ սահմանումներ, որոնք ընդհանուր առմամբ բնութագրում են անճիշտ կամ շփոթեցնող տեղեկատվությունը: Ավելին, տերմինի նշանակության և հարակից հասկացությունների վերաբերյալ բանավեճը բարձրացնում է էպիստեմոլոգիական խնդիրներ, որոնք դուրս են սույն հոդվածի շրջանակներից: Փաստորեն կասկածելի բովանդակությունը ստեղծվում է լրագրության ձևաչափով, բայց անտեսում է հավաստիությունը և թափանցիկությունը (տե՛ս Wardle and Derakhshan 2017):

[8] Հայաստանում հասարակության 18%-ը կորոնավիրուային համավարակը համարում է անիրական (տե՛ս Public Opinion Survey: Residents of Armenia, International Republican Institute’s Center for Insights in Survey Research, June 2020)

[9] https://www.e-gov.am/gov-decrees/item/33564/

[10] https://www.e-gov.am/gov-decrees/item/33807/

[11] https://www.e-gov.am/gov-decrees/item/33994/

[12] https://www.e-gov.am/gov-decrees/item/34188/

[13] https://www.e-gov.am/gov-decrees/item/33585/

[14] ՀՀ-ում արտաքին հոսքերն ապահովվում են մի քանի ուղիներով. ռուսական «Первый Канал», «Россия-РТР», «Россия-К» հեռուստաալիքները, «Euronews»-ը, «CNN»-ը, «Ամերիկայի ձայն» հեռուստահանդեսը, «Ռուսաստանի ձայն» և «Ազատություն» ռադիոհանդեսները, ինչպես նաև արբանյակային հեռարձակմամբ և ինտերնետով հասանելի բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային թերթեր ու հեռուստաալիքներ և այլն (տե՛ս Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013, էջ 10):

[15] https://www.evnreport.com/readers-forum

[16]

[17] https://www.breavis.com/2019/04/25/am-facebook-and-armenia/

[18] Public Opinion Survey: Residents of Armenia, International Republican Institute’s Center for Insights in Survey Research, June 2020