Իրան-Իսրայել. 20-րդ դարի Մերձավոր Արևելքի դաշինքը

26 ր.   |  2020-08-20

Ա յսօրվա լրատվական, փորձագիտական դաշտը հեղեղված է հրապարակումներով ու վերլուծություններով, որոնք լուսաբանում են Իրանի և Իսրայելի հակամարտությունը. առաջարկվում են հակամարտության կարգավորման սցենարներ՝ ընդհուպ մինչև ուղիղ ռազմական գործողությունները։ Եվ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Մերձավոր Արևելքի այս երկու տերությունները միշտ թշնամի են եղել։ Ինչ-որ առումով, դա իհարկե, ունի իր սուբյեկտիվ պատճառները՝ տեղավորվելով կողմերի տեղեկատվական պատերազմի տրամաբանությունում։ Սակայն բավական քիչ են հրապարակումները, որոնք անդրադառնում են Իրանի և Իսրայելի երբեմնի դաշնակցային համագործակցությանը։ Որոշ փորձագետներ նույնիսկ գտնում են, որ 20-րդ դարի կեսերին Թեհրան-Թել Ավիվ առանցքը Մերձավոր Արևելքի ամենակայացած ռազմավարական դաշինքն էր։

Իրանում շահի իշխանությունը բացասաբար էր ընկալում 20-րդ դարի սկզբին հրեական պետականության վերականգնման գործընթացը․ Թեհրանում մտավախություն կար, որ դա կարող էր վերափոխել Մերձավոր Արևելքում ուժային հավասարակշռությունը։ Իրանը հրեական պետականության վերականգնման գործընթացը հակակշռում էր՝ աջակցելով արաբական համերաշխությանն ու պաղեստինյան հիմնահարցի «արդարացի» լուծմանը։

Անհրաժեշտ է նկատել, սակայն, որ արաբական աշխարհի հետ Իրանի գործակցությունը խիստ հավասարակշռված էր և չափավոր։ Իրանի շահն իր հերթին Իսրայելի հետ դե ֆակտո դաշինքը դիտում էր որպես հարևան արաբական երկրներին հակակշիռ․ real politics-ում Թեհրանն արաբական սուննի երկրները դիտում էր Մերձավոր Արևելքում շիական Իրանի ազդեցության ընդլայնման հիմնական խոչընդոտներից մեկը։ 

1948-ին Իսրայելի հիմնադրմամբ Իրանի շահը ստիպված էր հաշվի նստել Մերձավոր Արևելքի նոր աշխարհաքաղաքականության քարտեզագրման հետ։ 1947-1949թթ․ Իսրայելը միաժամանակ մի քանի արաբական երկրների դեմ պատերազմական գործողությունների արդյունքում ռազմաքաղաքական տեսանկյունից ամրագրեց հրեական պետականության գոյության իրավունքը, ինչը վկայում էր Մերձավոր Արևելքում նոր խաղացողի ի հայտ գալու մասին։ Ավելին, Իսրայելի պետության ստեղծման տարիներին սկիզբ առած արաբա-իսրայելական ռազմական գործողություններում Թել Ավիվի ռազմական, ռազմավարական հաջողությունները վերափոխեցին Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական շահերի փոխդասավորվածության շուրջ Իրանի շահի նախկին տեսլականը։

Շարունակելով հանրային աջակցություն ցուցաբերել արաբական համերաշխությանը, 1950-ականների սկզբից Իրանի շահը սկսեց զուգահեռաբար ետկուլիսային կապեր հաստատել Իսրայելի պետության հետ։

Նշենք, որ սկզբնական փուլում Իրանի ու Իսրայելի շփումները կազմակերպվում էին Վաշինգտոնի միջնորդությամբ՝ ամերիկյան օրենսդիր, գործադիր, անձնական և այլ խողովակներով։ Իրան-Իսրայել կապերի հաստատման համար կարևոր հարթակ էր ՄԱԿ-ը․ երկու երկրների միջև շփումներն իրականացվում էին հիմնականում ՄԱԿ-ում Իսրայելի և Իրանի ներկայացուցիչների միջև ձևավորված անուղղակի և ուղիղ կապի միջոցով։ Աբա Էվանը (Abba Solomon Meir Eban) Իսրայելի դեսպանն էր ԱՄՆ-ում, որը 1952-ին ընտրվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ։ Իրանի դիվանագետ Նասրալլահ Էնթեզամը (Nasrollah Entezam) ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էր (1947-1950թթ․), 1950-ին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը։ Կողմերի կուլիսային քննարկումների հիմնական թեմաներից էր Իսրայելի ճանաչումը ու երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ի դեպ, այդ հարցը քննարկվեց նաև 1949-ի վերջին՝ Վաշինգտոն Իրանի շահի պաշտոնական այցելության ժամանակ։ 

1950-ականներին Իսրայելի ղեկավարությունը Թեհրանի հետ կարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի տարածքով Իրաքի, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի հրեաների մի մասի հայրենադարձության կազմակերպման շուրջ։ Թել Ավիվի համար սա չափազանց կարևոր գործարք էր․ հրեության հայրենադարձության կազմակերպման հիմնահարցը հրատապ էր բնակչության թվով մի քանի անգամ գերազանցող արաբական երկրների հետ պատերազմում։

1948-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևոնքով Պաղեստինում բնակվող իրանցիներից շատերը լքեցին իրենց բնակավայրերը և ունեցվածքը՝ փոխհատուցման համար դիմելով Իրանի կառավարությանը։ 1949-ի սկզբին Իրանի էմիսար Աբաս Սայքալը ժամանեց Իսրայել՝ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում Պաղեստինից փախած իրանցիրների ունեցվածքի հարցը կարգավորելու։ Իսրայելի կառավարության համար սա հաջող առիթ էր իրանական կողմին ընդառաջ գնալու և երկխոսություն ձևավորելու համար։

Ի րանի հետ հարաբերությունները տեղավորվում էին Իսրայելի առաջին վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնի առաջ քաշած Շրջագծային հայեցակարգի ռազմավարության (Periphery doctrine strategy) տրամաբանությունում[1]։ Իսրայելի այս ռազմավարությունը կիրառվել է 1950-1980-ականներին Թուրքիայի, նախահեղափոխական Իրանի, Եթովպիայի, Իրաքի քրդերի և այլոց հետ հարաբերություններում: Հայեցակարգի էությունն արաբական աշխարհի դիմադրությանը հակազդելն էր՝ տարածաշրջանի ոչ արաբական երկրների և էթնիկ փոքրամասնությունների հետ համագործակցությամբ, որն առաջնորդվում էր «իմ թշնամու թշնամիները իմ ընկերներն են» սկզբունքով։

Թել Ավիվն իր հերթին էր արաբական սուննի բնակչությամբ պետությունների դիմադրությունը հակակշռում շիա Իրանով։ Թերևս սխալված չենք լինի ասելով, որ նախահեղափոխական Իրանն Իսրայելի Շրջագծային դաշինքի ռազմավարությունում ամենաառանցքային սուբյեկտներից մեկն էր։ Իսկապես, Թել Ավիվը դիտում էր Իրանը որպես իր բնական դաշնակիցը արաբական աշխարհի հետ դիմակայությունում։ Բացի այդ, Թել Ավիվի համար Իրանի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ուներ 1948-ին պետության հիմնադրման տարիներին արաբական և իսլամական աշխարհի ճնշումների ներքո Մերձավոր Արևելքում մեկուսացման, կղզիացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար։

Թել Ավիվը զգալի նշանակություն էր տալիս Իրանի՝ որպես տարածաշրջանի ազդեցիկ պետության արտաքին քաղաքականությանը, որն արտացոլվում էր Վաշինգտոնի հետ սերտ համագործակցությամբ։ Իսրայելի կառավարությունն, իր հերթին, մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարությունը կառուցում էր Թել Ավիվ-Վաշինգտոն համագործակցության տրամաբանությամբ։ Այդ հարցում մեծ դեր ուներ ԱՄՆ հրեական լոբբինգը, որը 20-րդ դարի սկզբից աստիճանաբար մեծ ազդեցություն էր ձեռք բերել Միացյալ Նահանգներում։

Rand վերլուծական կենտրոնի 2011-ին պատրաստած «Իրան և Իսրայել. Վտանգավոր մրցակցություն» (Israel and Iran։ A dangerous rivalry) զեկույցում մասնավորապես նշվում էր․ «Իսրայելն ու Իրանը բնական մրցակիցներ չեն, և նրանց վիճակված չէ հավերժ հակամարտել։ Տարածաշրջանային այդ երկու պետությունները տարածքային վեճ չունեն, և ոչ էլ տնտեսապես են մրցակցում։ Նրանցից յուրաքանչյուրն ավանդաբար պահպանել է հստակ շահերի տարածաշրջանային գոտիները (Իսրայելի համար Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածն է՝ Լևանտը, Իրանի համար՝ Պարսից ծոցը)։ Արաբական երկրների կառավարութունները այս երկու տերություններին մեծ կասկածանքով են ընկալում»[2]։

Իրանի շահ Մուհամադ Ռեզա Փահլավիի իշխանության ժամակաշրջանում (1941-1979թթ․) Իսրայել-Իրան տնտեսական, էներգետիկ, պաշտպանական, անվտանգային ոլորտներում համագործակցությունը հիմնվում էր ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի տրամաբանության վրա։ Երկկողմ դաշինքի ձևավորմանը նպաստեցին նաև Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի առաջ քաշած Նասերականության գաղափարախոսությունը, ԽՍՀՄ-արաբական աշխարհ գործակցությունն ու սառըպատերազմյան դիմակայությունը։ Եվ չնայած շահը բավական զգայուն էր արաբական աշխարհի հակաիսրայելական տրամադրությունների նկատմամբ, իսկ 1967-ի արաբա-իսրայելական պատերազմից հետո առավել բացահայտ էր քննադատում Իսրայելին, այդուհանդերձ, դա չէր խանգարում Թել Ավիվի հետ համագործակցությանը։

Շ ահի կառավարման տարիներին Իրանը պաշտոնապես այդպես էլ չճանաչեց Իսրայելը։ 1947-ի նոյեմբերին Իրանը դեմ քվեարկեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 181-րդ բանաձևին, որը կոչ էր անում դադարեցնել Պաղեստինի բրիտանական մանդատը և Պաղեստինի բաժանման ծրագրով ստեղծել երկու՝ հրեական ու արաբական առանձին պետություններ։ Իսկ 1949-ի մայիսին Իրանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցությանը։ 1949-ի սեպտեմբերին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Իսրայելը, ինչը թույլ տվեց Թեհրանին առավել սերտացնել Իսրայելի հետ հարաբերությունները․ Իրանի շահը մտավախություն ուներ, որ առաջինը ճանաչելով Իսրայելը, Թեհրանը կհայտնվեր իսլամական  և արաբական աշխարհի քննադատության թիրախում։

1950-ի մարտի 6-ին Իրանի կառավարությունը դե ֆակտո ճանաչեց Իսրայելը՝ առանց որևէ արարողակարգային հայտարարության։ 1950-ի մարտի 26-ին Իրանի արտգործնախարար Ռեզա Սաֆինիան (Reza Safinia), որպես «հատուկ հանձնակատար», Իսրայելի նախագահին հանձնեց իր հավատարմագրերը։ Այսպիսով, Թուրքիայից հետո Իրանը երկրորդ իսլամադավան պետությունն էր, որը ճանաչեց Իսրայելը որպես սուվերեն պետություն[3]։

Իրանի արտգործնախարար Ռեզա Սաֆինիան ժամանում է Իսրայելի նախագահ Խայիմ Վեյցմանի նստավայր, 1950թ․


Աղբյուրը՝ https://scholarworks.boisestate.edu/cgi/view

Երուսաղեմում Ռեզա Սաֆինիայի պաշտոնական ընդունելությանը մասնակցում էին վարչապետ Բեն Գուրիոնը, մի քանի նախարարներ, հյուրեր[4]։


Աղբյուրը՝ https://www.archives.gov.il/en/chapter/ayatollah

Իսրայելի վարչապետ Բեն Գուրիոնի և Իրանի հատուկ հանձնակատար Ռեզա Սաֆինիայի առանձնազրույցը, 1950թ․ 1 հունիսի։

Ի տարբերություն շահի, Իրանի վարչապետ Մոհամադ Մոսադեղը (Mohammad Mossadegh, 1951-1953թթ․) զգուշավոր էր Թել Ավիվի հետ երկխոսությունում, իսկ որոշ դեպքերում էլ խոչընդոտում էր երկկողմ հարաբերությունների հաստատմանը։ 1951-ի հուլիսին Մոհամադ Մոսադեղը որոշեց փակել Երուսաղեմում գործող իրանական ներկայացուցչությունը՝ ֆինանսական խնդիրների պատճառաբանությամբ։ Իրականում, ներկայացուցչության գործունեության դադարեցման մասին որոշումը պայմանավորված էր Իրանում նավթային արդյունաբերության ազգայնացման հարցում արաբական և իսլամական երկրների աջակցությունը ստանալու անհրաժեշտությամբ։ Սակայն Իրանի կողմից Իսրայելի ճանաչումը չչեղարկվեց[5]։


Վարչապետ Մոսադեղը և Թեհրանի գլխավոր ռաբբի Յեդիդիա Շոֆեթը (Yedidia Shofet)
Աղբյուրը՝ http://www.mohammadmossadegh.com

Դա ցուցադրական քայլ էր և չէր կարող խորքային հետևանքներ ունենալ երկկողմ երկխոսության գործընթացի վրա․ Իսրայելի հետ տնտեսական ու անվտանգային կապերը շարունակվում էին։  

Թեհրանն Իսրայել արտահանում էր գյուղատնտեսական արտադրանք, ներմուծում արդյունաբերական ապրանքներ, բժշկական սարքավորումներ, ստանում տեխնիկական աջակցություն։ 1950-ականներին Իսրայելն ու Ւրանը հուսալի գործընկերներ էին տնտեսական և անվտանգության ոլորտներում։ 1953-ի հունիսի երկու երկրների ազգային բանկերի միջև ստորագրվեց վարկային գծի բացման մասին համաձայնագիր։ Երկկողմ առևտրատնտեսական, գործարար կապերի խթանման նպատակով 1953-ին հիմնադրվեց իրանա-իսրայելական IRIS առևտրային ընկերությունը[6]։

1 952-ին Եգիպտոսում պետական հեղաշրջումը, 1953-ին Իրանում Մոսադեղի կառավարության անկումը, սառըպատերազմյան աշխարհակարգը կարևոր նշանակություն ունեցան Իսրայելի և Իրանի շահերի սերտացման համար։ Թել Ավիվը կարևոր գործընկեր ու դաշնակից էր երկրի տնտեսական ծրագրերին աջակցելու, Եգիպտոսի և ԽՍՀՄ-ի դաշինքը հավասարակշռելու, Իսրայելի միջոցով Վաշինգտոնի հետ կապերն ամրապնդելու համար։      

Եգիպտոսի նոր իշխանությունները սկսեցին սերտորեն համագործակցել ԽՍՀՄ-ի հետ, ինչը փոխեց Մերձավոր Արևելքում ուժերի դասավորվածությունը. Իրանը և Իսրայելը ակտիվացրին քաղաքականությունը Վաշինգտոնի ուղղությամբ, և հայտնվեցին միևնույն աշխարհաքաղաքական ճամբարում։ ԱՄՆ-ն, իր հերթին, Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել դաշինքը կարևորում էր տարածաշրջանում խորհրդային ազդեցության զսպման առումով։ 1950-ականների վերջին նասերական Եգիպտոսի հետ համագործակցության ամրապնդումից հետո, ԽՍՀՄ-ը սկսեց զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի արաբական այլ երկրների հետ[7]։

Թեհրան-Թել Ավիվ համագործակցությունն առավել սկզբունքային դարձավ հատկապես 1956-ի Սուեզյան պատերազմից )Suez crisis) հետո, երբ Եգիպտոսի նախագահ Նասերը, թիրախավորելով Իսրայելը, դարձավ արաբական միասնականության ու պաղեստինյան հիմնահարցի կարգավորման առաջամարտիկը։

Նասերականությունն անհանգստացնում էր տարածաշրջանի ոչ արաբական այլ երկրներին նույնպես․ Թուրքիան և Իրանը մտավախություն ունեին Նասերի արաբական համերաշխության գաղափարախոսության տարածման հարցում, ինչն է՛լ ավելի նպաստեց տարածաշրջանային այդ երեք երկրների շահերի համատեղմանը։ Միևնույն ժամանակ, վերջիններս խաղարկում էին արաբական գործոնն իրենց տարածաշրջանային շահերի առաջմղման համար։

1956-ի հուլիսին Նասերը ազգայնացրեց Սուեզի ջրանցքը՝ սահմանափակելով Իսրայելի առևտրաշրջանառությունը։ Նասերն արգելափակու է նաև Տիրանի նեղուցը, որը միացնում էր Աքաբայի ծոցը Կարմիր ծովին։ Արդյունքում չէր գործում իսրայելական Էյլաթ նավահանգիստը։

Իրավիճակը փոխելու նպատակով 1956-ի հոկտեմբերին Իսրայելը ռազմական գործողութուններ սկսեց Եգիպտոսի դեմ, որի արդյունքում բացվեց Տիրանի նեղուցը։ Սա կարևոր ձեռքբերում էր Թել Ավիվ-Թեհրան համագործակցությունում, քանի որ Էյլաթը դարձավ Իսրայել և Եվրոպա իրանական նավթի արտահանման ռազմավարական հանգույց։ Սուեզի ճգնաժամում Իսրայելի ռազմական հաջողությունը կարծես թե ամրապնդեց Իրան-Իսրայել դաշինքը։ Նշենք, նաև, որ Եգիպտոսի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը Իրանը դիտում էր որպես Նասերին արաբա-իսրայելական ճակատում կենտրոնացնելու հնարավորություն՝ կանխելով Նասերականության տարածումը Պարսից ծոցում։

Նասերականությունից բացի, Իսրայելի և Իրանի շահերը համընկնում էին նաև Իրաքի հարցում. Երկուսն էլ Իրաքը իրենց տարածաշրջանային քաղաքականության սպառնալիք էին համարում։ Թել Ավիվը շահագրգռված էր թուլացնել Իրաքը՝ ոչ արաբ բնակչության՝ քրդերի միջոցով։ Իսրայելը փորձում էր Թեհրանին նույնպես ներգրավել Իրաքի կառավարության դեմ պայքարում[8], սակայն շահը մտավախություն ուներ, որ դա կարող էր խնդիրներ առաջացնել Իրանի քրդերի շրջանում։ Չնայած Իսրայելի հետ դաշնակցային համագործակցությանը՝ Իրանի շահին մտահոգում էր Իսրայելի՝ Իրաքյան Քրդստանի սուվերենությունը բարձրացնելու նպատակը։ Թել Ավիվը ձգտում էր Մերձավոր Արևելքում ձևավորել ոչ արաբական պետություն, որը կարող էր հակազդել արաբական աշխարհին։

Այդուհանդերձ, Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությանը հաջողվում է փոխել Իրանի շահի դիրքորոշումը։ Իրանի հետ համագործակցության շնորհիվ Իսրայելից Իրանի տարածքով ապահովվեց սպառազինության մատակարարումը, բժիշկների, բուժսարքավորումների տրամադրումը Իրաքյան Քրդստանին[9]։ Մոսադն ու Իրանի SAVAK հետախուզական ծառայությունը համատեղ աջակցեցին Իրաքի քրդերին՝ Իրաքի կենտոնական կառավարության դեմ պայքարում։

Rand-ի զեկույցում ասվում է, որ «տարածաշրջանային մարտահրավերները, սակայն, միակ գործոնը չէին, որ կարող էին համատեղել Թեհրանի և Թել Ավիվի շահերը։ Իրանի շահը չափազանցված պատկերացում ուներ Վաշինգտոնում Իսրայելի ազդեցության մասին․ նա հավատում էր, որ Իսրայելը կարող է աջակցել՝ շահելու ԱՄՆ նախագահ Քենեդու վարչակազմի բարեհաճությունը, որը քննադատաբար էր ընդունում Իրանի շահի կառավարումը»[10]։ Իսրայելի միջոցով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Թեհրանի ակնկալիքները կարևոր դեր էին խաղում Իսրայելի հետ շահի կապերի ու համագործակցության ընդլայնման հարցում։ Շահը լիահույս էր, որ Իսրայելի հետ համագործակցության խորացումը Թեհրանին թույլ կտա ակնկալել նաև ԱՄՆ-ի հրեաների, հրեական լոբբիստական խոշոր կազմակերպությունների, մեդիայի, ինչպես նաև գործարար շրջանակների աջակցությունը։ Վաշինգտոնից աջակցություն ստանալու Թեհրանի ջանքերը համատեղվում էին Իրանի կողմից Իսրայելի ճանաչման՝ ամերիկյան կողմի հետաքրքրությունով։

Իսրայելի և Իրանի հարաբերությունները վարչապետ Բեն Գուրիոնը 1960-ի հոկտեմբերի 4-ին Քնեսեթում հետևյալ կերպ սահմանեց․ «ոչ պաշտոնական, բարեկամական հարաբերություններ են, որոնք, այդուհանդերձ, գաղտնի են․․․։ Այս բարեկամությունը գոյություն ունի ու կայուն է, քանի որ այն հիմնված է փոխադարձ առավելությունների վրա»[11]։ Նա նաև ակնարկեց, որ մի քանի տարի շարունակ երկկողմ հարաբերությունները զարգացել են երկու երկրներում հաստատված ոչ պաշտոնական ներկայացուցչությունների միջոցով։ Իրանում Իսրայելի առաջին մշտական դիվանագետները հայտնվեցին 1950-ականների վերջին, որոնցից առավել աչքի էին ընկնում հատկապես Մեիր Էզրին և Յաակով Նիմրոդին։ 1960-ականների կեսին շահի թույլտվությամբ Իրանում հիմնվեց Իսրայելի մշտական ներկայացուցչությունը, որը դե ֆակտո դեսպանություն էր[12]։   

Իսրայելի արտգործնախարարը դեսպանի կոչում շնորհեց Թեհրանում իսրայելական ներկայացուցչության ղեկավարներին, սակայն դա չճանաչեց Իրանը։ Թեհրանում Իսրայելի 4 ներկայացուցչությունների ղեկավարները (Զվի Դորիել, Zvi Doriel/1956-1968; Մեիր Էզրի, Meir Ezri/1968-1973թթ․, Ուրի Լուբրանի, Uri Lubrani/1973-1978թթ․, Յոսեֆ Հարմելին, Yosef Harmelin/1978-1979թթ․) այդպես էլ իրենց հավատարմագրերը չներկայացրեցին Իրանի շահին[13]։

1 950-ականներին Թեհրանի և Թել Ավիվի երկխոսության հաջողությունները լուրջ նախադրյալ էին հաջորդ տասնամյակում համագործակցության զարգացման ու ընդլայնման համար։ Կարող ենք ասել, որ 1960-ականներին Իրանի ու Իսրայելի միջև համագործակցությունն անհամեմատ անկաշկանդ էր, կողմերը հաղթահարել էին ճանաչողական, փոխվստահության արգելքը։ Հատկապես 1950-ականների կեսից առավել հստակ էին ուրվագծվում Մերձավոր Արևելքում Թեհրանի և Թել Ավիվի շահերի համատեղման հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները։

1960-ականներից իրանցի մասնագետերից շատերը տեխնիկական վերապատրաստում էին անցնում Իսրայելի բուհերում, իսկ իսրայելական ընկերություները շինաշխատանքներ էին կատարում Իրանում, ներառյալ 1960 և 1962թթ․ երկրաշարժերի հետևանքով վերականգնման աշխատանքները՝ իսրայելցիները կառուցում էին ամբողջական շրջաններ ու բնակավայրեր Իրանի տարբեր քաղաքներում։   

1970-ականներին իսրայելական Rassko շինարարական ընկերությունն իրանական Բենդեր Աբաս և Բուշեր նավահանգստային քաղաքներում, ինչպես նաև Խարք կղզում Իրանի ռազմածովային ուժերի պատվերով ինժեներական նախագիծ էին անում։ Իրանի կառավարությունը այդ նախագծով, որը կրում էր Navy project անվանումը, նպատակ ուներ Պարսից ծոցում և հատկապես Հորմուզի նեղուցում ամրապնդել իր ռազմական մենիշխանությունը[14]։ Նախագծի շրջանակում Rassco ընկերությունը համագործակցում էր իրանական գործընկեր Hadish ընկերության հետ[15]։ Ծոցի երկայնքով ռազմածովային բազաներ հիմնելու նպատակով մի շարք մրցութային պայմանագրեր ստորագրվեցին։ Նշենք, որ Hadish-Rassco գործընկերությունը տարբեր նախագծեր էր իրականացրել Թեհրանում (Persian telecommunication tower, PTT, Intercontinental hotel), սակայն Navy project-ն անշուշտ ամենախոշոր համատեղ ծրագիրն էր։

Թեև Rassco-ն Իրանում գործում էր Իսրայելի պետությունից անկախ, այն Հրեական գործակալության (Jewish Agency) սեփականությունն էր: Իսրայելի պետության հիմնադրումից հետո գործակալությունը միացավ պետական ապարատին և պատասխանատու էր դեպի Իսրայել հրեության հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների ինտեգրման հարցերում։

Navy project նախագծի մշակման նպատակով Hadish-Rassco ընկերությունը վարձակալեց իսրայելական Engineering services international (ESI)-ին։ Նախագծի շրջանակում ռազմական նշանակության ենթակառուցվածքների շինարարությունից հետո Իրանի ռազմածովային ուժերի պլանավորման վարչությունը պետք է լուծեր նաև զինվորականների ու նրանց ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման հարցը, և Rassco-ի ղեկավարությունն առաջարկեց օգտվել իսրայելցի ճարտարապետների մասնագիտական ծառայություններից։ Արդյունքում, 1972-ի մայիսին Իսրայել այցելեցին Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները և համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցին ճարտարապետ Դան Էյթանի  (Dan Eitan) հետ[16]:

1970-ականների սկզբին Թեհրանի արվարձանում իսրայելական կողմի աջակցությամբ բացվեց բժշկության և դեղագործության կենտրոն, որտեղ իսրայելցի հայտնի բժիշկները դասախոսություններ և սեմինարներ էին անցկացնում[17]։ Մոհամադ Ռեզա Փահլավիի կառավարությունն Իրան էր հրավիրել Իսրայելում և նրա սահմաններից դուրս հայտնի ատամնաբույժ, Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Էֆրայիմ Շակիին և վերջինիս հետ համատեղ Շիրազ քաղաքում հիմնել ժամանակակից ատամնաբուժության կենտրոն, որի հիման վրա էլ հետագայում ստեղծվեց Իրանում ատամնաբուժության առաջին համալսարանական ամբիոնը[18]։

Այդ շրջանում Իսրայելի ազգային «Էլ Ալ» ավիաընկերությունը սկսեց իրականացնել ամենօրյա կանոնավոր չվերթներ դեպի Թեհրան։  Վիճակագրության համաձայն, 1971-1977թթ․ ընկած ժամանակահատվածում Իսրայելը Իրանի կարևորագույն առևտրային 10 գործընկերների շարքում էր[19]։


Աղբյուրը՝ https://www.timesofisrael.com/a-generation
Թեհրանում «Էլ Ալ» ավիանկերության գրասենյակը, 1979թ․՝ հեղափոխության օրեր

Փ որձագիտական շրջանակներում շատ է խոսվում, որ Իսրայելը զգալի դեր է ունեցել Իրանի միջուկային ծրագրի ստեղծման, ինչպես նաև Իրանի տնտեսությունում միջուկային տեխնոլոգիաների կիրառման գործում։ Իսրայելի Դիմոնա և Սորեք քաղաքների միջուկային հետազոտական կենտրոնների իսրայելցի մասնագետները, երկկողմ համաձայնությամբ, մասնակցել են Իրանի Բուշեր քաղաքի ատոմային ռեակտորի կառուցմանը, մշակել Սպահանի հետազոտական ռեակտորի տեխնիկական-տնտեսական նախագիծը[20],[21]։ Ըստ Թեհրանում Մոսադի մասնաճյուղի 1969-1972թթ․-ի ղեկավար Նաչիկ Նավոթի (Nachik Navot)՝ շահը մեկնարկել էր Իրանի միջուկային ծրագիրը՝ որպես Իրաքին զսպելու միջոց։ Նրա խոսքով, «շահը ձգտում էր Իրաքի նկատմամբ ունենալ ավելի շատ ռազմական պոտենցիալ․ դա նրա նպատակն էր»[22],[23]։

Երկկողմ համագործակցության հիմնական ուղություններից էր պաշտպանությունն ու անվտանգությունը, և Իրան-Իսրայել կապերը, որոնք վարում էին անձամբ վարչապետ Դ․ Բեն Գուրիոնն ու Իրանի շահը, ամրապնդվեցին 1959-ի տարեսկզբին, ինչի արդյունքում Թեհրանն ու Թել Ավիվը սկսեցին զարգացնել սերտ ռազմական, հետախուզական համագործակցություն[24]։ Իսրայելական Մոսադի աշխատակիցներն աջակցել են 1957-ին Իրանի շահի SAVAK հետախուզական ծառայության ստեղծմանն ու գործունեության կազմակերպմանը։ 1959-ին կողմերը ստորագրեցին ռազմավարական և պաշտպանական տեղեկատվության փոխանակման և գործողությունների համակարգման համաձայնագիր, որը պահպանվեց մինչև շահի իշխանության տապալումը[25],[26]։

Իսրայելը կարևոր դեր է ունեցել Իրանի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգի ստեղծման գործում։ Թել Ավիվի աջակցությամբ են դրվել նաև Իրանի հրթիռաշինության հիմքերը։ Փորձագետները նշում են, որ 1973-ի արաբա-իսրայելական հերթական պատերազմի ժամանակ Իրանն Իսրայելին է տրամադրել Phantom տեսակի 25 ռմբակոծիչ[27]։

1960-ականներին երկկողմ հետախուզական տեղեկատվության փոխանակման մեխանիզմը, հետախուզության-հակահետախուզության ոլորտում համագործակցությունը դարձան առավել արդյունավետ։ Արխիվային փաստաթղթերի համաձայն՝ 1958-ին Մոսադն Իրանի և Թուրքիայի համապատասխան ծառայությունների հետ ստեղծեց եռակողմ հետախուզական դաշինք՝ Trident ծածկանունով․ երեք պետությունները փոխհամաձայնություն ունեին հետախուզական տեղեկատվության փոխանակման և համատեղ հակահետախուզական գործողությունների կոորդինացման շուրջ։ 1958-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք հանդիպումներ են եղել երեք պետությունների հետախուզական ծառայությունների ղեկավարների միջև։ Այդ հանդիպումներում իսրայելական պատվիրակությունը ներկայացնում էր Մոսադի ղեկավար Իսեր Հարելը (1952-1963թթ․)[28],[29], Իրանը՝ SAVAK-ի ղեկավար գեներալ Թեյմուր Բախտիարը։


Աղբյուրը՝ http://parseed.ir/?ez=9573
SAVAK-ի հիմնադիր և առաջին ղեկավար (1956-1961թթ․), գեներալ Թեյմուր Բախտիար

Հետախուզական պատվիրակությունների ղեկավարների եռակողմ հանդիպումներում ուրվագծվեցին տարածաշրջանային սպառնալիքները, որոշվեց համակարգել հետախուզական-հակահետախուզական գործողությունները՝ խորհրդային ​​դիվերսիոն գործունեության, Նասերի նվաճողական ​​մտադրությունների դեմ պայքարելու համար։ Կողմերը համաձայնության եկան զարգացնել հետախուզական ծառայությունների միջև եռակողմ համագործակցությունը՝ նախահարձակ ու կանխարգելիչ հետախուզության և հատուկ գործողությունների շրջանակում։ Եգիպտոսի հնարավոր դիվերսիոն գործողությունները կանխելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև համատեղ աշխատանքներ տանել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետախուզական ծառայությունների ստեղծման և արդեն գործող կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նախատեսվում էր երեք երկրների հետախուզական ծառայությունները ներգրավել համապատասխան դիվերսիոն գործողություններում՝ տնտեսական և հոգեբանական պատերազմ վարելու նպատակով՝ օգտագործելով արաբական երկրներում էթնիկ և կրոնական փոքրամասնությունները։ Այդպիսով, Իրանի հետախուզությունը պատասխանատու էր Պարսից ծոցի, Մարոկկոյի և Իրաքի համար՝ Թուրքիայի հետախուզական ծառայության հետ գործակցությամբ, թուրքական հետախուզությունը՝ Լիբիայի, Թունիսի, Սիրիայի և Լիբանանի համար՝ Իսրայելի հետ գործակցությամբ, Իսրայելի հետախուզությունը՝ Եթովպիայի, Սուդանի, Աֆրիկայի երկրների և Եմենի համար՝ Եթովպիայի հետախուզության աջակցությամբ։ Երեք երկրներն էլ համատեղ պատասխանատվություն ունեին Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի համար. այդ ուղղությամբ, սակայն, Իսրայելը կրում էր առաջնային պատասխանատվություն։ Կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև ձևավորել հետախուզական ծառայությունների տնօրենների խորհուրդ, որը ղեկավարելու էր տնօրեններից մեկը՝ հերթագայման սկզբունքով։ Եռամսյակը մեկ խորհուրդը հանդիպումներ էր անցկացնելու Անկարայում կամ մյուս երկրներից որևէ մեկում[30],[31]։

Այլ աղբյուրների համաձայն, Իրանի հետախուզական ծառայության ստեղծման գործում զգալի աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ և Իսրայելական հետախուզական ծառայությունները։ ԿՀՎ-ն խորհրդատուների ու մասնագետների խմբեր էր ուղարկում Իրան՝ SAVAK-ի հրամանատարական կազմը վերապատրաստելու։ Իրանի հետախուզական ծառայության աշխատակիցները մարզումներ ու վերապատրաստատման դասընթացներ էր անցկացնում նաև Մոսադը։

Որոշ տվյալներով, Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունն աջակցել է SAVAK-ին՝ պայքարելու Իրանի շահի իշխանության ընդդիմախոսների դեմ։ 1950-1970-ականներին տարբեր պարտիզանական խմբեր միացան շահի ընդդիմադիրներին, որոնց բացահայտման ու հետապնդման գործում զգալի էր Մոսադի մասնակցությունը։ Քաղաքական ընդդիմադիրներից շատերը, որոնք հարում էին հակաիսրայելական և պաղեստինյան որոշ խմբավորումներին, SAVAK-ի և Մոսադի համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվեցին արաբական երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, Սիրիայում, նաև՝ Եգիպտոսում[32]։

Շահի քաղաքական ընդդիմադիրների գործունեության ակտիվացումը լուրջ անհանգստություն էր պատճառում Փահլավիների իշխանությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարաբերություններում։ Այդ փուլում Մոսադը իր վերահսկողության տակ գտնվող մեդիայի միջոցով տեղեկատվական պայքար էր տանում՝ ներկայացնելով Փահլավիների իշխանության ձեռքբերումներն ու դրական կողմերը։ 1970-ականների կեսերին Իրանում շահի ընդդիմադիրների ազդեցության ընդլայնումը զուգահեռաբար բացասաբար էր անդրադառնում նաև Իրանում Իսրայելի հեղինակության վրա[33]։

Ի րանի շահը մեծապես հետաքրքրված էր հատկապես Իսրայելի ռազմարդյունաբերության առաջընթացով։ 1977-1979թթ․ Թեհրանում Իսրայելի ռազմական կցորդ գեներալ Իցխակ Սեգևը (Yitzhak Segev) նշում էր․ «Իսրայելի հետ համագործակցությունը ահռելի ծավալի էր։ Յուրաքանչյուր իրանցի գեներալ այցելում էր Իսրայել․ մենք նույնպես այցելում էինք Իրան[34]։ Իրան այցելեցին Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավարը, Իսրայելի ռազմաօդային, ռազմածովային ուժերի հրամանատարները»[35]։ Իսրայելին նավթի մատակարարումը կարևոր էր Թեհրանի ռազմական շահերի տեսանկյունից՝ նավթ զենքի դիմաց սկզբունքով։

1977-ին ստեղծվեց իրանա-իսրայելական Project flower նախագիծը՝ ժամանակակից հրթիռային համակարգերի զարգացման նպատակով։ Դա երկու երկրների միջև 1970-ականների վերջին ստորագրված թվով 6 նավթ զենքի դիմաց (oil-for-arms) պայմանագրերից մեկն էր։ Ըստ աղբյուրի, այդ պայմանագրերը գնահատվում են ընդհանուր առմամբ շուրջ $1․2 մլրդ․, որից $300 մլն Իրանը վճարեց կանխիկ, ևս $250 մլն՝ նավթով և այդպիսով դարձավ իսրայելական մի քանի հետազոտական և զարգացման նախագծերի ֆինանսավորողը։ Իսրայելական զարգացման նախագծերի համատեքստում, Իրանը մեկնարկեց հրթիռների հավաքման ու փորձարկման նախագիծը[36]։

Իրանի շահը ձգտում էր զարգացնել երկրի հրթիռային համակարգը՝ Իրաքի Scud տեսակի բալիստիկ հրթիռների հակազդման նպատակով։ Թեհրանը դիմել էր ԱՄՆ-ին Pershing տեսակի բալիստիկ հրթիռների ձեռքբերման համար, սակայն Քարթերի վարչակազմը մերժել էր՝ պատճառաբանելով, որ հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Արդյունքում Թեհրանը որոշեց այդ հարցով համագործակցել Իսրայելի հետ․ Project flower նախագծի շրջանակում կողմերը համագործակցում էին իսրայելական Jericho-2 տեսակի հրթիռների համատեղ արտադրության շուրջ։ Project flower-ի մշակման աշխատանքներին ներգրավված էին Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Էզեր Վեյցմանը (Ezer Weizmann) և Իրանի ռազմական գործողությունների ու սպառազինության հարցերով փոխնախարար գեներալ Հասան Թոուֆանիանը (Hassan Toufanian)։ 1978-ին Թել Ավիվի աջակցությամբ Իրանը կառուցեց նոր հրթիռաշինության գործարան Սիրջան քաղաքի (Sirjan, Իրանի հարավ-կենտրոնական հատված) մոտակայքում։

Այսպիսով, 1970-ականների վերջին Թեհրանը Թել Ավիվին մեծ ծավալի նավթ էր մատակարարում, որի դիմաց Իսրայելը ֆինանսավորում էր իսրայելական Jericho-2 տեսակի հրթիռների արտադրության նախագիծը։ Նշենք, որ այդ հրթիռներն ունեն միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն։ Հրթիռաշինության նախագիծը պաշտոնապես դադարեց Իրանում շահի իշխանության տապալումից հետո[37]։ Այլ տվյալներով, Իսրայելը համաձայնել էր Իրանին վաճառել նաև հեռահար «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ (surface-to-surface ballistic missiles)՝ Operation Tzor (Tzur) անվանումով հրթիռային նախագծի շրջանակում։ Այլ աղբյուրներ նշում են, որ Tzur-ը Project flower նախագծի բաղկացուցիչ մասն էր[38]։


Աղբյուրը՝ https://www.timesofisrael.com/a-generation

Իրանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ Հասան Թոուֆանիանը և Բահրամ Արիանան (Bahram Aryana) (ձախից) հանդիպում են իսրայելցի սպաների հետ, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբ, 1975թ․

1986-ի ապրիլին New York Times-ում տպագրվեց հրթիռների արտադրության ոլորտում իրանա-իսրայելական համագործակցության մասին հոդված (հեղ․ Elaine Sciolino), որտեղ նշվում էր․ «Մինչ 1979-ին Իրանի շահի տապալումը, Իսրայելը ներգրավված էր միլիարդավոր դոլար արժողությամբ ցամաք-ցամաք տեսակի ժամանակակից հրթիռների ձևափոխման նախագծում՝ Թեհրանին վաճառելու նպատակով։ Իսրայելական կողմի հավաստիացմամբ, հրթիռները կարող են կրել միջուկային մարտագլխիկներ․ կողմերը գտնում էին, որ եթե Իրանը ցանկանում է ունենալ միջուկային կարողություն, ապա դա խնդիրներ կառաջացնի ամերիկացիների հետ»[39]։

Հոդվածագիրը նշում էր, որ իսրայելա-իրանական նախագիծը, որը կրում էր Flower ծածկանունը, 1977-ի ապրիլին Մոհամադ Ռեզա Փահլավի շահի և Իսրայելի պաշտպանության նախարար Շիմոն Պերեսի միջև Թեհրանում ստորագրված 6 համաձայնագրերից մեկն էր։ Բացի այդ, Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն էր, որը ճանաչել էր Իսրայելի գոյության իրավունքը։ Ըստ հեղինակի, «արխիվային փաստաթղթերը վկայում են, որ երկու երկրները մտադրություն են ունեցել ԱՄՆ-ից գաղտնի պահել հրթիռների կատարելագործումը։ Թեև ամերիկացի պաշտոնյաները տեղյակ էին, որ Իսրայելի և Իրանի ռազմական ոլորտի պատասխանատուները փոխանակվել են գաղտնի այցելություններով, սակայն նրանք, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի, Պենտագոնի, ԿՀՎ և Ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների, տեղյակ չէին քննարկվող հարցերից։ «Երկիր-երկիր» հրթիռների նախագիծը շահի՝ Իրանը Մերձավոր Արևելքում ամենահզոր ռազմական տերության վերածելու ծրագրի մի մասն էր։ Իսրայելի համար գործարքն ապահովում էր նավթի կայուն մատակարարում, ինչպես նաև ժամանակակից ռազմական հետազոտությունների ֆինանսավորում։ Այդ փաստաթղթերի համաձայն, հրթիռը փորձարկվել էր Իսրայելում Իրանի գեներալի ներկայությամբ։ Նախագծի նպատակն էր ավելացնել 1970-ականների իսրայելական արտադրության հրթիռների հեռահարությունը և Վաշինգտոնի տրամադրած սարքավորումների տեղադրմամբ օրինական ճանապարհով արտահանել դրանք՝ առանց վերջինիս թույլտվության»[40]։ 

Էզեր Վեյցմանը, ով 1977-ի մայիսին ստանձնեց Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը, հարցազրույցներից մեկում հաստատում էր Իրանի հետ կապերի առկայությունը․ «Ակնհայտորեն մենք հարաբերություններ ունեինք Իրանի հետ, և ես անձնապես ճանաչում էի գեներալ Թոուֆանիանին։ Բազմիցս զրույցներ եմ ունեցել նրա հետ և՛ Թել Ավիվում, և՛ Թեհրանում։ Սակայն նպատակահարմար չեմ համարում, որպես նախկին պաշտպանության նախարար և Իսրայելի կառավարության ներկայիս նախարար, մեկնաբանել 1977-ին տեղի ունեցած պետության գործերը»[41]։

Flower project-ը նախատեսում էր արտադրել 750կգ-անոց մարտագլխիկներով և ավելի քան 300 մղոն հեռահարությամբ հրթիռներ։ Հրթիռները պետք է մատակարարվեին  շվեյցարական ընկերության միջոցով Իրանի կենտրոնական շրջաններ՝ հավաքման և փորձարկման համար[42]։

ԱՄՆ պետղարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով նախկին օգնական Հարըլդ Սանդերսը (Harold Saunders) նշում էր․ «Ինձ զարմացնում է, որ Իսրայելը իրանցիներին թույլատրել է ծանոթանալ հրթիռաշինության համակարգին, որը կարող էր լինել իրենց միջուկային ծրագրի մասը»[43]։ 

Նախագահ Քարթերի վարչակազմի տարիներին Ազգային անվտանգության խորհրդում Իրանի հարցերով մասնագետ Գարի Սիքն (Gary Sick) ասում էր․ «Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո զարմացած էի՝ երկու երկրները, որոնք սերտորեն դաշնակցել են Միացյալ Նահանգների հետ, իրականացրել են համատեղ ռազմական գործողություններ՝ առանց այդ մասին մեր հետ խոսելու»[44]։

Որոշ տվյալներով, Թել-Ավիվի և Թեհրանի գաղտնի համագործակցությունը շարունակվեց նաև 1979-ին՝ Իրանում շահի իշխանության տապալումից հետո․ շահերը համատեղվում էին Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգից եկող մարտահրավերների համատեքստում։ Թեհրանին անհրաժեշտ էր ժամանակակից սպառազինություն, Թել Ավիվը հավատարիմ մնաց իր Շրջագծային դոկտրինին, ըստ որի Իրանը շարունակում էր դիտարկվել որպես Իսրայելի բնական հակառակորդների հակազդման հնարավոր պոտենցիալ երկիր[45]։

Ի րանա-իսրայելական դաշինքը հանգեցրեց տնտեսական և էներգետիկ լայն համագործակցության․ կառուցվեցին Էյլաթ-Աշքելոն նավթատարը, Աշդոդի նավթավերամշակման համալիրը, վերակառուցվեց Էյլաթի նավահանգիստը[46]։ Առհասարակ, 1950-1979թթ․ Իսրայել-Իրան դաշինքի ամենախոշոր նախագծերից էր Էյլաթ-Աշքելոն նավթատարի կառուցումը։

Արաբական երկրներն անհանգստացած էին Թել Ավիվի և Թեհրանի սերտ համագործակցությամբ, ինչն, անշուշտ, ամրապնդում էր տարածաշրջանում արաբական աշխարհի հետ դիմակայող Իսրայելի ռազմաքաղաքական դիրքերը։ Արաբական երկրների դժգոհության կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում էր Իրանից Իսրայել նավթի արտահանմանը։ Փաստացի՝ Թեհրանն Իսրայելին դուրս էր բերում արաբական աշխարհի սահմանած տնտեսական-էներգետիկ շրջափակումից։

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարը նշում էր․ «Իրանում սիոնիստների ներթափանցումն ու ազդեցությունը օրեցօր աճում է»։ Այդ շրջանում հնչում էին կոչեր, որ արաբական երկրները պետք է դադարեցնեն դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, որի գործունեությունը վերացրեց Իսրայելի նկատմամբ տնտեսական բոյկոտը[47]։

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի տվյալներով, մինչև 1979-ին շահի իշխանության տապալումը, Իսրայելն ու Իրանը հիմնեցին կառավարական ներկայացուցչություններ, թեև այդպես էլ չփոխանակվեցին դեսպաններով։ 1953-1979թթ․ շահի կառավարման տարիներին, Իրանը Իսրայելին նավթ մատակարարող և առևտրային հիմնական գործընկերներից էր։ Երկու երկրների հետախուզական ծառայությունները սերտորեն համագործակցում էին․ Իսրայելն Իրանին մատակարարում էր ռազմական տեխնիկա, Իրանի զինված ուժերում անցկացնում մարզումներ, ապահովում այլ աջակցությամբ[48]։

Արիե Լևինը (Aryeh Levin), ով 1973-1977թթ․ Թեհրանում Իսրայելի դիվանագիտական առաքելության 2-րդ պաշտոնյան էր, նշում էր․ «1956-ին Սուեզի արշավից հետո մենք սկսեցինք աշխատել Իրանում, գործադրված ջանքերի արդյունքում, ի վերջո, հաջողության հասանք նավթի մատակարարման հարցում, ինչը մերժել էին մեզ արաբները և Արևմուտքը։ Իսրայելը զգալի ներդրում է ունեցել Իրանի գյուղատնտեսության, քաղաքների նախագծման և այլ ոլորտներում»[49]։ 

Եվ այսպես, 1957-ի ամռանը իրանական Nation Iranian oil company-ի ներկայացուցչի՝ Իսրայել գաղտնի այցելության ընթացքում կողմերը համաձայնության եկան նավթատարի կառուցման հարցում․ Թեհրանը ֆինանսապես աջակցում էր նավթատարի կառուցմանը։ Գործարքը երկուստեք ուներ ինչպես տնտեսական-էներգետիկ, այնպես էլ քաղաքական ու ռազմավարական կարևորություն։ Էյլաթ-Աշքելոն նավթատարի կառուցումը զգալի աջակցություն էր Իսրայելի նավթային ապաշրջափակմանը։ Նախագիծը նվազեցնում էր Սուեզի ջրանցքից Իրանի տնտեսական կախվածությունը․ Էյլաթ-Աշքելոն նավթատարը կապում էր Աքաբայի նեղուցն (Gulf of Aqaba) ու Միջերկրականը և թույլ էր տալիս իրանական նավթը արտահանել՝ շրջանցելով ռազմավարական նշանակություն ունեցող և միաժամանակ խոցելի Սուեզի ջրանցքը[50]։ Եգիպտոսի վերահսկողության տակ գտնվող Սուեզի նկատմամբ կախվածության նվազեցումը սկզբունքային նշանակություն ուներ Իրանի համար, քանի որ Իրանի ներմուծման 73%-ը և նավթի արտահանման 76%-ն անցնում էին այդ ջրանցքով[51]։ Իրանը զգալի ներդրումներ էր կատարում նավթատարի նախագծում՝ միջազգային նավթային շուկայում դոմինանտ խաղացող դառնալու ակնկալիքով։ Գործարքը նաև ամրապնդում էր Թել Ավիվ-Թեհրան առանցքի տարածաշրջանային դիրքերը՝ ի հակաշիռ արաբական աշխարհի ու առաջին հերթին նասերական Եգիպտոսի։ Պատահական չէր, որ գործարքը կայացավ Սուեզյան ճգնաժամից շուրջ կես տարի անց։

Նավթատարը կառուցվեց ռեկորդային ժամկետում՝ 100 օրում․ այն շահագործման հանձնվեց 1957-ի վերջին՝ մատակարարելով իրանական նավթը Իսրայել՝ $1․30՝ 1 բարելի դիմաց արժեքով[52]։ Նավթատարը Էյլաթից Բեեր Շևա (Beersheba) քաղաքով հասնում էր Իսրայելի միջերկրածով՝ Աշքելոն։ Իսրայելի հետ համագործակցությունը քողարկելու նպատակով, 1959-ին Իրանը հիմնեց գաղտնի բիզնես վենչուրային ընկերություն՝ Fimarco-ն, որը գրանցված էր Լիխտենշտեյնում։

Հետագայում Իրանն ու Իսրայելը ստեղծեցին նոր ընկերություններ Պանամայում և Շվեյցարիայում[53]: Այդ ժամանակ փաստացի գործում էր երկու ընկերություն․ Eilat-Ashkelon pipeline company-ն վերահսկում էր իրանական նավթի մատակարարումը Կարմիր ծովից դեպի Միջերկրական։ Էյլաթ-Աշքելոն նավթային վենչուրային ընկերությունը հիմնվեց 1968-ին՝ Իսրայելի և Իրանի 50/50 բաժնեմասով՝ Իրանից դեպի Իսրայել և Եվրոպա հում նավթի մատակարարման համար[54]։ Մյուս՝ Trans-Asiatic oil Ltd. (TAO) ընկերությունը (Պանամա) զբաղվում էր իրանական նավթը եվրոպական շուկա վաճառքի համար առևտրային կապերի հաստատմամբ։ Ըստ էության, Eilat-Ashkelon pipeline company-ը TAO-ի դուստր ձեռնարկությունն էր։


Աղբյուրը՝ https://www.ft.com/content/6260b762-c067
Էյլաթ-Աշքելոն նավթատարը

Միացյալ Նահանգները մտավախություն ուներ, որ Իրանի շահը կարող է հրաժարվել նավթատարի նախագծից՝ ելնելով արաբական երկրների հարցում Թեհրանի զգայուն մոտեցումից։ Վաշինգտոնը նախագծին աջակցեց՝ հավաստիանալով, որ նավթատարի կառուցման նկատմամբ Իրանի ֆինանսական հետաքրքրությունն ավելի ծանրակշիռ է, քան վերջինիս մտավախությունը՝ արաբական աշխարհի քննադատությունների հարցում[55]։

Նշենք, որ 1979-ի հեղափոխությունից հետո Իրանի Իսրամական Հանրապետությունը Իսրայելի և նրա վերահսկողության տակ գտնվող ընկերությունների դեմ հարուցել է երեք տարբեր արբիտրաժային գործեր՝ նախքան հեղափոխությունը վարկային հիմունքով Իսրայելին մատակարարված նավթի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով։ Ընդհանուր գումարը գնահատվում է շուրջ $7 մլրդ։ Թեհրանը շահել է դատական հայցերից 2-ում։ 2015-ին Iranian oil company-ը հաղթեց արբիտրաժային հայցը, որով Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Trans-Asiatic oil Ltd. (TAO)-ը պարտավորվում էր իրանական կողմին վճարել $1.2 մլրդ՝ մինչև հեղափոխությունը մատակարարված նավթի դիմաց[56]։


[1] https://orbeli.am/hy/post/450/2020-05-18/%D

[2] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[3] https://books.google.am/books?id=IAwdBAAAj

[4] https://www.timesofisrael.com/a-generation

[5] https://www.archives.gov.il/en/chapter/ayatollah

[6] http://www.mohammadmossadegh.com/news

[7] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[8] https://orbeli.am/hy/post/450/2020-05-18/%D

[9] https://web.archive.org/web/20150412065024

[10] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[11] https://www.archives.gov.il/en/chapter/ayatoll

[12] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[13] https://www.archives.gov.il/en/chapter/ayato

[14]https://www.researchgate.net/publication/318

[15]https://www.researchgate.net/publication/3180

[16]https://www.researchgate.net/publication/3180

[17] http://www.iimes.ru/?p=6395

[18] http://www.iimes.ru/?p=6395

[19] http://www.iimes.ru/?p=6395

[20] http://www.iimes.ru/?p=6395

[21] https://cyberleninka.ru/article/n/izrail-iran-bala

[22] https://www.timesofisrael.com/a-generation-ago

[23] https://www.journeyman.tv/film_documents/

[24] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[25] https://cyberleninka.ru/article/n/izrail-iran-balan

[26] http://www.iimes.ru/?p=6395

[27] http://www.iimes.ru/?p=6395

[28] https://www.haaretz.com/.premium-mossad

[29] http://icmu.nyc.gr/%20Israel%27s-Military

[30] https://www.haaretz.com/.premium-mossad

[31] http://icmu.nyc.gr/%20Israel%27s-Military

[32] http://irdc.ir/en/news/131/musad-during-the

[33] http://irdc.ir/en/news/131/musad-during-the

[34] https://www.timesofisrael.com/a-generation

[35] https://www.journeyman.tv/film_documents

[36] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[37] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[38] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[39] https://www.nytimes.com/1986/04/01/world

[40] https://www.nytimes.com/1986/04/01/world/

[41] https://www.nytimes.com/1986/04/01/world/

[42] https://www.nytimes.com/1986/04/01/world

[43] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[44] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[45] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[46] http://www.iimes.ru/?p=6395

[47] https://www.timesofisrael.com/a-generation

[48] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[49] https://www.timesofisrael.com/a-generation

[50] https://books.google.ca/books?id=yaH3YN5

[51] https://books.google.ca/books?id=yaH3YN5

[52] https://books.google.ca/books?id=yaH3YN5

[53] https://www.rand.org/content/dam/rand/pubs

[54] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download

[55] https://books.google.ca/books?id=yaH3YN5

[56] https://theiranproject.com/blog/2016/08/08/