Իսրայելի և Իրաքի Քուրդիստանի համագործակցությունը

18 ր.   |  2020-05-18

Ի նչպես նկատում են տարբեր փորձագետներ, վերջին տասնամյակներում զգալիորեն մեծացել է քրդական գործոնի ազդեցությունը մերձավորարևելյան տարածաշրջանում։ Իսրայելի և Մերձավոր Արևելքի քրդերի շփումներն ակտիվացան հատկապես 1948-ին հրեական պետականության վերականգնումից հետո։ Այդ տարիներից արաբական համերաշխության հակաիսրայելական դիմադրությունը հավասարակշռելու նպատակով Թել Ավիվը սկսեց դաշնակիցներ գտնել տարածաշրջանի ոչ արաբական երկրների և էթնիկ փոքրամասնությունների շրջանում։

Նախորդ դարի 60-ականներից քրդերի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությունն սկսեց ընդունել առավել հայեցակարգային բնույթ, և տեղավորվում էր Իսրայելի առաջին վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնի և նրա խորհրդականների Շրջագծային դաշինքի (Alliance off periphery) կամ Շրջագծային դոկտրինի ռազմավարության (Periphery doctrine strategy) տրամաբանության շրջանակում։ Իսրայելի հետախուզական ծառայությունների մշակած այս ռազմավարությունն կիրառվել է 1950-1980-ականներին Թուրքիայի, մինչհեղափոխական Իրանի, Եթովպիայի, Իրաքի քրդերի և այլոց հետ հարաբերություններում[1]։

Որոշ սկզբունքներ, սակայն, գործնական կիրառություն էին գտնում շատ ավելի վաղ՝ 1930-ականներին․ Հրեական գործակալությունն (Jewish agency for Israel) իր օպերատիվ ներկայացուցիչն ուներ Բաղդադում։ 1931-ին լրագրողական քողարկման տակ, Ռեուվեն Շիլոահը (Reuven Shiloah), ով հետագայում դարձավ Իսրայելի հատուկ ծառայությունների հիմնադիրն ու Մոսադի առաջին տնօրենը, շրջում էր Քուրդիստանի լեռներով և գործունեություն ծավալում քրդերի շրջանում՝ առաջնորդվելով հենց այդ ռազմավարության տրամաբանությամբ[2]։ Նրա հետախուզական գործունեությունը կարևոր դեր ունեցավ հետագայում Շրջագծային ռազմավարության մշակման հարցում։

Թել Ավիվի համալսարանի «Jaffe center for strategic studies»-ի նախկին տնօրեն, Յոսի Ալֆերը (Yossi Alpher), ով շուրջ 3 տասնամյակ ներգրավված է եղել երկրի հետախուզական ու ռազմավարական հիմնահարցերում, նշում է․ «Իսրայելը ռազմավարական համագործակցություն է հաստատել 3 գործընկերների հետ․

  • արաբական երկրներ, որոնք արաբական ռազմականացված ազգայնականությունը դիտել են որպես սպառնալիք կամ Իսրայելի հետ հաստատել են բարիդրացիական հարաբերություններ,
  • ոչ արաբական և ոչ իսլամական երկրներ, որոնք սահմանակից են արաբական հակարամարտող երկրներին,
  • ոչ արաբական և ոչ իսլամական փոքրամասնություններ, որոնք բնակվում են հակամարտության երկրներում[3]։

Բ ացի այդ, Թել Ավիվն օգտագործում է քրդական գործոնը որպես ազդեցության լծակ Մերձավոր Արևելքի քրդաբնակ երկրների հետ հարաբերություններում։ Թուրքիան, Սիրիան և Իրանը մտավախություն ունեն, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության համար մղվող պայքարում Թել Ավիվի աջակցությունը կարող է «դոմինոյի ազդեցություն» ունենալ իրենց երկրների քրդաբնակ շրջաններում։ 2000-ականներին Իրաքյան Քուրդիստանի հետ Իսրայելի հարաբերությունների ակտիվացումից դժգոհություն էին հայտնում պաշտոնական Թեհրանն ու Դամասկոսը՝ մեղադրելով Իրաքյան Քուրդիստանի և Իրաքի ղեկավարությանը՝ տեղի քրդերին Թել Ավիվի հետ համագործակցության հնարավորություն ընձեռելու համար[4]։ Վերջին տարիներին Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունների սառեցմամբ ընդգծվեց նաև Թուրքիայի բացասական դիրքորոշումը։

Տարածաշրջանի երկրների քրդական շարժումներն ու քաղաքական կուսակցություններն իրենց հերթին մեծ կարևորություն են տալիս Իսրայելի հետ համագործակցությանը՝ իրենց իրավունքների պաշտպանության, քրդերի պետականության հաստատման հնարավորության համատեքստում։ Փորձագիտական տարբեր շրջանակներն անդրադառնում են Իսրայելի և Իրաքյան Քուրդիստանի համագործակցությանը․ հատկապես ընդգծվում է Իրաքի քրդերին Թել Ավիվի ցուցաբերած քաղաքական-դիվանագիտական, ռազմական և ֆինանսական աջակցությունը։

Ի րաքյան Քուրդիստանին Թել Ավիվի աջակցությունը շոշափելի դարձավ 1950-ականներին, երբ կազմակերպվեց քուրդ հրեաների հայրենադարձության առաջին խոշոր ալիքը Իսրայել․ գործողությունը կրում էր Ezra and Nehemiah անունը[5]։  1960-70-ականներին Իսրայելն ակտիվացրել էր իր ռազմական աջակցությունը Իրաքյան քրդերին․ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության նախկին բարձրաստիճան սպա Էլիեզեր Ցաֆրիրի (Eliezer Tsafrir) վկայությամբ, ով 1960-ականներին ղեկավարում էր Իրաքյան Քուրդիստանում Մոսադի գործողությունները[6], «Իսրայելն իր ռազմական հրահանգիչներին ու խորհրդատուներին ուղարկում էր Մուստաֆա Բարզանիի շտաբ, որոնք վերապատրաստում էին քուրդ զինվորականներին, քրդական ստորաբաժանումներին մատակարարում հրազեն ու ՀՕՊ միջոցներ՝ Իրաքի դեմ պայքարելու համար»[7]։

Թել Ավիվը շահագրգռված էր թուլացնել Իրաքը՝ ոչ արաբ բնակչության հետ դաշինքի միջոցով։ Անհրաժեշտ է նաև նշել, որ մինչ Իրանի շահի ռեժիմի տապալումը 1979-ին, շահական Իրանն Իսրայելի ռազմավարական դաշնակիցներից էր։ Իսրայելը փորձում էր Թեհրանին նույնպես ներգրավել Իրաքի կառավարության դեմ պայքարում, սակայն նախ՝ շահը մտավախություն ուներ, որ Իրաքի քրդերին աջակցելը կարող էր խնդիրներ առաջացնել Իրանի քրդերի շրջանում, երկրորդը՝ շահը չէր վստահում Բարզանիին։ Չնայած Իսրայելի հետ դաշնակցային համագործակցությանը՝ Իրանի շահին մտահոգում էր Իրաքյան Քուրդիստանի ինքնիշխանության մեծացումը։ Իսրայելը ձգտում էր ի հակաշիռ արաբական աշխարհի՝ Մերձավոր Արևելքում ձևավորել ոչ արաբական պետություն։ Ցաֆրիրն ասում էր․ «Մենք ասել էինք քրդերին, ․․․որ ինչ էլ անեք, մենք աջակցելու ենք ձեզ՝ թե՛ պատերազմում, թե՛ խաղաղության ժամանակ։ Ինչ-որ առումով քրդերի հետ մեր ընդհանուր շահերն ավելի ամբողջական էին, քան Իրանի շահերը՝ քրդերի հետ»[8]։

Աղբյուրը նշում էր, որ մի քանի ամսվա լոբբինգի արդյունքում, այդուհանդերձ, Մոսադին հաջողվում է փոխել Իրանի շահի դիրքորոշումը և Բարզանիի հետ երկխոսել։ Վաշինգտոնում տեղյակ էին պայմանավորվածությանը և աջակցում էին։ 1965-ի մայիսին Մուստաֆա Բարզանիի գրասենյակում ձեռք բերվեց առաջին համաձայնությունը․ կրելով քրդական ավանդական հագուստ, շահի գաղտնի ծառայության՝ SAVAK-ի անդամները և Մոսադի սպաները կարողացան հատել Իրաքի սահմանը և հասնել քուրդ գրոհայիններին։ Թել Ավիվն առաջարկեց վերապատրաստել, ֆինանսավորել ու սպառազինել Բարզանիի զորքերին՝ Իրաքի բանակին լուրջ դիմադրություն ցույց տալու նպատակով։ Ֆինանսական աջակցությունն ու սպառազինության մատակարարումն իրականացվելու էր SAVAK-ի միջոցով, վերջինս իր հերթին իսրայելցիներին տրամադրում էր ցամաքային միջանցք դեպի Իրաքյան Քուրդիստան։ Իրանի հետ համագործակցության շնորհիվ Իսրայելից Իրանի տարածքով ապահովվեց սպառազինության մատակարարումը, բժիշկների, բուժսարքավորումների և հրահանգիչների տրամադրումը Իրաքյան Քուրդիստան[9]։   

1960-ականներն Իսրայելի ռազմական խորհրդատուներն ու հրահանգիչները վերապատրաստում էին քուրդ պարտիզաններին՝ Իսրայելի պետությանը Իրաքից եկող ռազմական սպառնալիքը նվազեցնելու և Իրաքի հրեաների հայրենադարձությունը կազմակերպելու համար[10]։ 1960-ականների կեսերին Իսրայելի պաշտպանության փոխնախարար, իսկ հետագայում՝ վարչապետ Շիմոն Պերեսը գաղտնի հանդիպում ունեցավ քուրդ առաջնորդ Քումրան Ալի Բեդի-Խանի (Kumran Ali Bedir-Khan) հետ, ով ըստ աղբյուրի, 1940 և 1950-ականներին լրտեսական գործունեություն էր իրականացնում հօգուտ Իսրայելի[11]։  

1967-ի Վեցօրյա պատերազմից հետո Իսրայելի աջակցությունը քրդերին էապես աճեց։ Թեհրանում Իսրայելի զինված ուժերի ռազմական կցորդ Յակով Նիմրոդին (Yaacov Nimrodi) հիմնական միջնորդն էր։ 1960-ականներին Իսրայելն Իրանի տարածքով հակատանկային ու հակաօդային տեխնիկա և այլ սպառազինություն էր մատակարարում Իրաքի քրդերին։ Մոսադը և SAVAK-ն աջակցում էին Բարզանիին ժամանակակից հետախուզական համակարգի՝ Parastin-ի (անվտանգություն) ստեղծման գործում[12]։ Նիմրոդիի հաղորդմամբ, Իսրայելը Իրաքյան Քուրդիստանում ուներ որոշ զորախմբեր, որոնք վերապատրաստում էին քրդական զինյալ ստորաբաժանումներին (Peshmerga)։ Նիմրոդին զգալի դեր է ունեցել 1960-ականներին Իրանի սպառազինությունների մատակարարման խոշոր գործարքներում, խորհրդատվական ծառայություն էր մատուցում SAVAK-ին և վերապատրաստում վերջինիս մարտիկներին։ 1972-ին ամերիկացի լրագրող Ջեք Անդերսոնը (Jack Anderson) նշում էր. «Իսրայելը Բարզանիին ամսական վճարում է 50 հազ․ԱՄՆ դոլար և Իրաքի քրդերին մատակարարում խորհրդային արտադրության սպառազինություն[13]։   


Մուստաֆա Բարզանի

1 980-ին Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը պաշտոնապես հաստատեց քրդերի հետ Իսրայելի գաղտնի հարաբերությունների փաստը․ ըստ նրա, Իսրայելն աջակցել է քրդերին ոչ միայն հումանիտար ոլորտում, այլև մատակարարել է խորհրդատուներ ու սպառազինություն, ինչպես նաև 1965-1975թթ․ վերապատրաստել քուրդ զինյալներին[14]։

1990-1991թթ․ Ծոցի առաջին՝ Իրաքի և Քուվեյթի պատերազմում հրեական խոշոր կազմակերպություններն ակտիվ լոբբինգ էին անում աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքյան Քուրդիստանին աջակցելու և Իրաքի կառավարության բռնություններն ու հետապնդումները զսպելու համար։ Իսրայելի վարչապետ Իցխակ Շամիրը ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հետ հանդիպմանը Վաշինգտոնին կոչ արեց պաշտպանել քրդերին[15]։

2 001թ. սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունը և 2003-ի մարտին ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիոն զորքերի Իրաք ներխուժումը վերափոխեցին Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացների ողջ տրամաբանությունը. վերաիմաստավորվեց նաև քրդական ազգային շարժումը, անկախության ու պետականության հիմնման գործընթացը դարձավ առավել տեսանելի։

Սադդամ Հուսեյնի հեռացմամբ երկրում ձևավորված ռազմաքաղաքական վակուումը Թել Ավիվի համար լավ առիթ էր ակտիվացնելու գործունեությունը Իրաքյան Քուրդիստանում։ 2006-ի սեպտեմբերին BBC հեռուստաալիքը հեռարձակեց Իրաքի հյուսիսային շրջաններում իսրայելցի ռազմական մասնագետների կողմից քուրդ զինվորականների վերապատրաստման կադրեր։ Իսրայելը հերքեց, իսկ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը հրաժարվեց մեկնաբանել[16]։ BBC-ի տեսանյութում անվտանգության հարցերով իսրայելցի փորձագետները նշում էին, որ առանց տեղի քրդական իշխանությունների իմացության իրենք չէին կարող գործունեություն ծավալել Քուրդիստանում։ Ասում էին նաև, որ 2003-ին ԱՄՆ զորքերի Իրաք մտնելուց հետո ակտիվացան իսրայելական կողմի գործողությունները Քուրդիստանի ինքնավարությունում, ինչին, ըստ աղբյուրի, մեծապես խոչընդոտում էր Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը․ հիմնական թիրախներն էին Սիրիան և Իրանը, որոնք ընդհանուր սահմաններ ունեն քրդական շրջանների հետ[17]։ BBC-ի հաղորդման առնչությամբ Իսրայելի կառավարությունը նախատեսում էր հետաքննություն սկսել, քանի որ դա հակասում է առանց նախնական թույլտվության ռազմական նշանակության տեղեկատվության տրամադրման Իսրայելի օրենսդրությանը[18]։

2004-ին իսրայելական մեդիա աղբյուրները հաղորդում էին, որ Թել Ավիվի պաշտոնյաները հանդիպել են քուրդ քաղաքական առաջնորդներ Մասուդ Բարզանիի, Ջալալ Թալաբանիի հետ։ Այնուհետև Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը հրապարակայնորեն հաստատեց Իսրայելի և Իրաքյան Քուրդիստանի միջև բարիդրացիական հարաբերությունների առկայությունը[19]։ 2005-ին Իրաքյան Քուրդիստանի նախագահ, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (Kurdistan democratic party) առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարեց․ «Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում որևէ առարկություն չկա․ քրդերի և Իսրայելի միջև հարաբերությունների հաստատումը հանցագործություն չէ, քանի որ արաբական երկրներից շատերը կապեր ունեն հրեական պետության հետ»[20]։   

Ըստ իսրայելական թերթերի, տասնյակ իսրայելցիներ, որոնք անցել են էլիտար մարտական պատրաստություն, համագործակցում են հյուսիսային Իրաքի մասնավոր իսրայելական ընկերությունների հետ՝ օգնելով քրդերին հիմնել հակաահաբեկչական ստորաբաժանումներ․ քրդական կառավարությունը իսրայելական անվտանգության և հաղորդակցության ընկերությունների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել՝ քրդական անվտանգության ուժերի պատրաստման և վերջիններիս ռազմական սարքավորումներով ապահովման շուրջ[21]: Խոսվում էր, որ Motorola-ն (մասնաճյուղ ունի Իսրայելում) և Magalcom communications and computers իսրայելական ընկերությունը[22] հարյուրավոր մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր էին ստորագրել Իրաքի քրդերի կառավարության հետ, որոնք ուղղվելու էին Էրբիլի միջազգային օդանավակայանի կառուցմանը։ Ըստ այդ աղբյուրների, իսրայելցի ձեռնարկատեր Շլոմի Միքայելսի (Shlomi Michaels) ընկերությունը համագործակցություն էր հաստատել քրդերի կառավարության հետ՝ տրամադրելով տնտեսական ու անվտանգության հարցերով ռազմավարական խորհրդատվություն[23]։  

2004-ին New Yorker ամսագրում հրապարակված Սեյմուր Հերշի հոդվածի համաձայն, Իսրայելի ռազմական ու հետախուզական օպերատորները ակտիվ գործունեություն են ծավալում Իրանի, Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջաններում՝ մարտական գործողությունների վերապատրաստման նպատակով։ Իսրայելի նպատակը քրդական ռազմական ներուժի ուժեղացումն էր, որը կկարողանար հակազդել շիաների ռազմական կարողությանը և ստեղծել բազա Իրանում, որտեղից հնարավոր կլիներ հետևել Իրանի միջուկային օբյեկտները[24]։ Ըստ հոդվածագրի՝ «Քուրդիստանում Իսրայելի ներգրավվածությունը նորություն չէ․ նախորդ դարի 60-70-ականներին Իսրայելն ակտիվորեն աջակցում էր Իրաքի դեմ քրդական ընդվզումներին[25]։ Քրդերի միջոցով Իսրայելն ուժեղացնում էր վերահսկողությունը Իրանի, Իրաքի և Սիրիայի նկատմամբ»[26]։

2005-ին Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը Հյուսիսային Իրաքում հիմնեց իր կիբերլրտեսական երկրորդ կայանը. առաջինը հիմնվել էր Հարավային Ադրբեջանում, որն Իրանի սահմանին էր։ Իրաքյան Քուրդիստանի ռազմավարական դիրքը և Իրանի հետ անմիջական հարևանությունը հնարավորություն է տալիս վերահսկելու Իրանի գործունեությունը, տեղեկություններ հավաքել միջուկային օբյեկտների վերաբերյալ։ 2012-ին Sunday Times թերթը գրում էր․ «Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր հարձակման վերաբերյալ Շարոնի հրամանն արձակվել էր Իրաքյան Քուրդիստանի Իսրայելի հետախուզական գործակալական ցանցի նախազգուշացումներից ու զեկույցներից հետո[27]։

2006-ին Մասուդ Բարզանին Քուվեյթ այցելության ընթացքում պատասխանեց իսրայելա-քրդական հարաբերությունների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին․ «Եթե Բաղդադը դիվանագիտական հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ, ապա մենք կարող ենք հյուպատոսություն բացել Էրբիլում։ Իսրայելական հեռուստաընկերություններից մեկի հաղորդման ընթացքում հեռարձակվեցին կադրեր, որտեղ 1960-ականների նկարներում Մասուդ Բարզանիի հայրը՝ Մուստաֆա Բարզանին, ջերմորեն ողջունում էր Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանին[28]։

2014-ին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր ելույթներից մեկում հաստատեց Թել Ավիվի աջակցությունը քրդերի անկախության համար մղվող պայքարին․ «Մենք հարկ ենք համարում աջակցել Հորդանանի հզորացմանն ուղղված միջազգային և անկախության հասնելու քրդերի ջանքերին։ Քրդերը կռվող ժողովուրդ են, որոնք ապացուցել են իրենց քաղաքական նվիրվածությունն ու չափավորությունը և նրանք արժանի են ունենալ իրենց քաղաքական անկախությունը»[29]։ Ավելի ուշ՝ 2017-ին Նեթնյահուն վերահաստատեց երկրի դիրքորոշումը՝ աջակցելու Իրաքյան Քուրդիստանի անկախ պետության հիմնմանը[30]։ «Իսրայելն աջակցում է քուրդ ժողովրդի օրինական ջանքերին՝ հասնելու իրենց սեփական պետության հիմնմանը»[31]։


Մասուդ Բարզանի

2014-ի կեսերին Իսրայելի ԱԳՆ նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում ասաց․ «Իրաքը մասնատվում է մեր աչքի առաջ, և կպարզվի, որ անկախ քրդական պետության ստեղծումը վաղաժամ եզրակացություն է»[32]։ Կրկին 2014-ի կեսերին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ԱՄՆ նախագահ Բ․ Օբամայի հետ հանդիպմանը նույնպես անդրադարձավ քրդերի հարցին, ասելով՝ «քրդերը դե ֆակտո ստեղծել են իրենց պետությունը»[33]։

Թ ել Ավիվի համար Իրաքյան Քուրդիստանը կարևորվում է նաև նավթի խոշոր պաշարներով ու մատակարարման ուղիների նկատմամբ վերահսկողության հնարավորությամբ։ Մինչ 2017-ի սեպտեմբերի անկախության հանրաքվեն, Իրաքյան Քուրդիստանը վերահսկում էր ողջ Իրաքի նավթի պաշարների զգալի հատվածը։ Հասկանալի է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն կարող էր վերափոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը։ Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ Իրաքյան Քուրդիստանի հակասություններում էական նշանակություն ունի նավթագազային պաշարների վերահսկողության հարցը։

2018-ի տվյալներով, Իրաքը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում երկրորդ, աշխարհում՝ 4-րդ խոշոր նավթարդյունահանողն է։ Պաշտոնական տվյալներով, Իրաքն օրական արդյունահանում է շուրջ 4․32 մլն բարել նավթ։ Որոշ տվյալներով, քրդական նավթը երկրի արդյունահանվող ողջ նավթի 60%-ն էր։ Սակայն, ինչպես նկատում են փորձագետները, բավական բարդ է ստուգել այդ վիճակագրությունը։

2014-ի կեսերից մինչ անկախության հանրաքվեն քրդական զորքերն ամբողջությամբ վերահսկում էին Քիրքուքի նավթի պաշարներով հարուստ նահանգը, ինչպես նաև Իրաքի վիճելի այլ շրջանները։ Իրաքի կենտրոնական իշխանությունը զգալի քաղաքական, ռազմական ռեսուրս էր սպառել «Իսլամական պետություն» խմբավորման հետ երկարատև պայքարում, ինչը հնարավորություն տվեց քրդերին առժամանակ կայունություն ու անվտանգություն ապահովել քրդաբնակ շրջաններում։ Արդյունքում, Էրբիլի ղեկավարությունն իր վերահսկողության տակ գտնվող նավթագազային պաշարների շահագործման հարցում ներգրավեց օտարերկրյա ներդրողների։ Քրդական կառավարության հետ համագործակցության ուղիղ բանակցություններ սկսեցին մի շարք նավթարդյունահանող օտարերկրյա խոշոր ընկերություններ։

2012-ից Իրաքյան Քուրդիստանի շրջանում նավթի հետախուզման աշխատանքներ էին տանում ամերիկյան ExxonMobil և Chevron ընկերությունները։ Իրաքյան Քուրդիստանում գործունեություն էին ծավալում նաև թուրքական Genel energy, նորվեգական DNO, Gulf keystone petroleum ընկերությունները։ Իրաքյան Քուրդիստանի կառավարության գնահատականով, Քուրդիստանի նավթի պաշարները 45 մլրդ բարել են (ավելի քան 6 մլրդ տոննա նավթ)[34]։

2017-ի սկզբին Gazprom Neft ընկերության ղեկավարությունը հայտարարեց Իրաքյան Քուրդիստանում նավթի արդյունահանման ծավալների 17․3%-ով ավելացման մտադրության մասին։ Ընկերությունը Քուրդիստանում իրականացնում էր 3 նախագիծ․ Shakal և Halabja, որոնցից յուրաքանչյուրում Gulf Neft Middle East դուստր ընկերությանն էր պատկանում նախագծի բաժնետոմսերի 80%-ը, Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը՝ 20%-ը։ 3-րդ նախագիծն (Garmian) իրականացվում էր կանադական WesternZagros ընկերության հետ համատեղ, որի ղեկավարությունը նշում էր, որ Քուրդիստանը տարածաշրջանի այն բացառիկ շրջաններից է, որտեղ դեռևս հնարավոր է բացահայտել նավթի խոշոր հանքավայրեր[35]։

Մինչ անկախության հանրաքվեի հայտարարումը, Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ ներդրումային պայմանագրեր ստորագրեց Rosneft ընկերությունը։ 2017-ի սեպտեմբերին Rosneft-ը հայտարարեց, որ պատրաստվում է ընդլայնել Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում․ մասնավորապես խոսքը վերաբերում էր ընկերության մասնակցությանը Քուրդիստանի գազատարի կառուցման նախագծում, որը բնական գազ էր մատակարարելու Քուրդիստանի ինչպես էլեկտրակայաններին ու գործարաններին, այնպես էլ առաջիկա տարիներին՝ Թուրքիային ու եվրոպական շուկա։

Իրաքի կառավարությունը մտադիր էր Քուրդիստանում արդյունահանվող նավթի մի մասն ուղղել Իրանի նավթավերամշակման գործարան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ձախողելու նպատակով։ Նշենք, որ Իրաքի քրդական ինքնավարության և կենտրոնական կառավարության միջև մի քանի տարի շարունակ գործում էր փոխհամաձայնություն, ըստ որի Էրբիլը Բաղդադին էր փոխանցում օրական ոչ պակաս, քան 250 հազ․ բարել նավթ՝ դաշնային բյուջեի 17%-ի դիմաց։ Սակայն հետագայում կողմերը մեղադրեցին միմյանց պայմանավորվածությունը խախտելու մեջ․ արդյունքում համաձայնությունը չեղարկվեց։ Ուստի, անկախության հանրաքվեն նոր լարվածություն էր բերելու Բաղդադ-Էրբիլ հարաբերություններում։

Փ որձագետներից շատերը նկատում են, որ հանրաքվեն այսպես, թե այնպես կայանալու էր, սակայն քրդական կառավարությունը չէր գնալու անկախության հռչակման ճանապարհով, այլ օգտագործելու էր հանրաքվեն որպես Բաղդադի ու Անկարայի վրա ճնշման լծակ[36]։ Ընդհանրապես Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի նպատակը անկախության հռչակումը չէր։ Նախ՝ Մասուդ Բարզանին ուներ իր անձնական շահերը։ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Ելենա Սուպոնինայի գնահատմամբ, «հանրաքվեն խոշոր իրադարձություն էր, որի շնորհիվ Մասուդ Բարզանին գրանցում է իր դիրքը պատմության մեջ»[37]։

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեից անմիջապես հետո՝ 2017-ի հոկտեմբերին, Իրաքի կառավարության ուժերի ու տեղի քրդերի միջև բախումներ տեղի ունեցան։ Արդյունքում Իրաքի քրդերը կորցրեցին Իրաքի նավթի պաշարներով երկրորդ խոշոր շրջանը՝ Քիրքուքը[38]։  

Մարիաննա Բելենկայայի կարծիքով, Քիրքուքի նավթը կռվախնձոր էր Էրբիլի ու Բաղդադի, ինչպես նաև քրդական առաջատար կուսակցություների միջև․ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին և Քուրդիստանի Հայրենասիրական միություն կուսակցության (Patriotic union of Kurdistan) հիմնադիր Ջալալ Թալաբանին քանիցս վիճում էին նավթից ստացված եկամուտների բաշխման հարցում։ Բարզանին Քիրքուքը Իրաքի կառավարության ուժերի վերահսկողության տակ անցնելու հարցում մեղադրում էր Թալաբանիի ընտանիքին․ ԶԼՄ-երում լուրեր շրջանառվեցին, որ Թալաբանիի որդին պայմանավորվածություն էր ձեռք բերել շիական Ալ Հաշդ ալ Շաաբի կազմակերպության հետ՝ խոստանալով Բաղդադի վերահսկողությանը հանձնել բոլոր վիճելի տարածքներն ու քրդերի վերահսկողության տակ գտնվող ռազմավարական օբյեկտները[39]։

Ըստ հեղինակի, վերջին շրջանում Քիրքուքի՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող նավթահանքերում արդյունահանվում էր օրական 275 հազ․ բարել նավթ։ Քիրքուքի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ Իրաքի կառավարությունը հայտարարեց, որ Քիրքուքի նավթի արդյունահանումը մտադիր է հասցնել օրական մինչև 1 մլն բարելի։ Բաղդադը մտադիր էր նաև վերականգնել օրական մինչև 400 հազ․ բարել թողունակությամբ նավթատարը Քիրքուքից դեպի թուրքական Ջեյհան՝ շրջանցելով Իրաքի Քուրդիստանը[40]։ Իսրայելի համար Իրաքյան Քուրդիստանը և առաջին հերթին՝ Բարզանին դաշնակից էր ընդդեմ Իրանի, ավելին՝ Իրաքի քրդերն ապահովում էին Իսրայելի նավթի ներկրման 77%-ը[41]։

Քիրքուքի գործողությունը, ըստ ԶԼՄ-երի, ծրագրվել էր Բաղդադի կողմից՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անմիջական ղեկավարությամբ։ Հայտնի է, որ այդ գործողությունների նախաշեմին Սուլեյմանիայում էր գտնվում ԻՀՊԿ Ղոդս հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ մայոր Ղասեմ Սուլեյմանին՝ Քուրդիստանի հայրենասիրական միություն կուսակցության  հիմնադիր, Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։ Հասկանալի է, որ այցելության ընթացքում Սուլեյմանին հանդիպել էր Թալաբանիի ընտանիքի հետ։

Նշենք նաև, որ Քուրդիստանի հայրենասիրական միության կապերն Իրանի հետ մեկ տասնամյակի պատմություն չունեն[42]։ Լրատվական աղբյուրներով, Իսրայելի զինված ուժերը կարող էին ներգրավվել հակամարտությունում և աջակցել Իրաքի քրդերին, ինչի արդյունքում Իսրայելի թիրախում կհայտնվեր Ալ Հաշդ ալ Շաաբի կազմակերպությունը։ Փորձագետների մի մասը գտնում էր, որ 2017-ի հոկտեմբերի 18-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ Նեթանյահու-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը կարող էր Պուտինին հաղորդել Թել Ավիվի ծրագրի մասին՝ օգտագործելու Սիրիայի օդային միջանցքը դեպի Քուրդիստան իսրայելական կործանիչների թռիչքի համար։ Հիշեցնենք, որ զրույցի ընթացքում քննարկվել էին Սիրիայում, Իրանում ու Քուրդիստանում իրավիճակին վերաբերող հարցեր։

Իսրայելն աջակցեց Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին, սակայն այդպես էլ չճանաչեց այն որպես պետություն[43]։ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցում Թել Ավիվի աջակցությունը Մերձավոր Արևելքի և պաղեստինյան հարցերով վերլուծաբան Լամիս Անդոնին (Lamis Andoni) պայմանավորում է աշխարհաքաղաքական գործոններով․ «Իսրայելը ձգտում է ապահովել Իրաքյան Քուրդիստանից նավթի մատակարարումների անվտանգությունը, սակայն, ինչն ավելի կարևոր է, այդ երկիրը ցանկանում է կառուցել պրոիսրայելական սուբյեկտ, որը կհակազդի արաբական աշխարհին։ Իսրայելը հավատացած է, որ անկախ քրդական պետությունը կարող է ծառայել որպես Իսրայելի զինված ուժերի ու հետախուզության համար հավանական հենակետ՝ տալով այդ երկրին լծակ Իրանի, Սիրիայի և Իրաքի դեմ։ Իսրայելը ապագա քրդական պետությունը ընկալում է որպես տարածաշրջանում ոչ արաբական հավանական դաշնակից, որի վրա ուղղակիորեն չի ազդում պաղեստինյան գործը»[44]։

Վերլուծաբանի կարծիքով, հանրաքվեի ընթացքում քրդական քաղաքներում Իսրայելի երևացող դրոշները, հնչող «Մենք երկրորդ Իսրայելն ենք» կոչերը խոսում են քրդական քաղաքական մշակույթի փոփոխության և անցյալից շեղման մասին, երբ քուրդ զինյալները 1960-ականների վերջերին, 70-ականներին ու վաղ 80-ականներին Բեյրութում կռվում էին Պաղեստինի ազատության կազմակերպության (ՊԱԿ) անդամների կողքին։ Քրդերի անկախության աջակցմամբ Իսրայելը բացահայտորեն փորձում էր համեմատականներ անցկացնել իր և քրդերի պետականության համար մղվող պայքարի միջև․ այդ կերպ Թել Ավիվը ձգտում է ջնջել զուգահեռները գաղութատիրության, ճնշումների դեմ քրդերի և պաղեստինցիների մղած պայքարի միջև։

2017-ի սեպտեմբերի 25-ի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի առնչությամբ Իսրայելի Արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը (Ayelet Shaked) կարծիք հայտնեց, որ «Իսրայելն աջակցում է քրդերի անխակությանն առնվազն Իրաքի հատվածում»։ «Իսրայելը և Արևմուտքի երկրները մեծ հետաքրքրություն ունեն Քուրդիստանի պետության հաստատման հարցում․ եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն աջակցի այդ գործընթացին»[45]։

2017-ի հոկտեմբերին Վաշինգտոնի ինստիտուտի (The Washington institute) Մերձավոր Արևելքի ու քրդերի հարցերով հետազոտող Բիլալ Վահաբը (Bilal Wahab) նշում է, որ «քրդերը ներգրավված էին Իրաքի զորքերի դեմ ասիմետրիկ պատերազմում և օգուտ էին քաղում Իսրայելի աջակցությունից։ Վերապատրաստումից բացի, Իսրայելը քրդերին ապահովում էր Արևմուտքի, մասնավորապես՝ Վաշինգտոնի հետ կապի խողովակներով։ Քրդերին ցուցաբերած աջակցությունը տեղավորվում էր Իսրայելի շրջագծային դաշինքների ձևավորման արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, որը Մերձավոր Արևելքի ոչ արաբական երկրների ու սուբյեկտների հետ Իսրայելի հարաբերությունների հիմքն էր, ինչպես օրինակ, Թուրքիան և մինչհեղափոխական Իրանը։ Դժվար թե իսրայելա-քրդական հարաբերությունները լինեն առավել հանրային, քանի դեռ Քուրդիստանը չի հասել անկախ պետականության»[46]:

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի առիթով ԱՄՆ ԿՀՎ նախկին վերլուծաբան և Ազգային անվտանգության խորհրդի (National security council) ներկայացուցիչ Քեննեթ Փոլաքը (Kenneth M. Pollack), ով հաճախ էր այցելում Իրաքյան Քուրդիստանում, ասում էր․ «տարածաշրջանում Իսրայելին բարեկամներ են անհրաժեշտ, և քրդերը ընդհանուր վերցրած ցանկանում են բարեկամանալ և նրանց չի մտահոգում Պաղեստինը։ Ավելին, Իսրայելը ձգտում է կարևոր դաշնակից ունենալ Իրանի դեմ պայքարում»[47]։ Նրա խոսքով, «Իրաքի ու Իրանի քրդերը խոր կապեր ունեն, և Իրանի համար խնդիրներ ստեղծելու ուղիներից մեկը Իրանի քրդերի համար անկախության խրախուսումն է»[48]։


[1] https://mepc.org/periphery-israels-search

[2] https://pdfs.semanticscholar.org/b2f8/219

[3] https://mepc.org/periphery-israels-search

[4] http://news.bbc.co.uk/2/hi/5364982.stm

[5]https://www.researchgate.net/publication

[6] https://web.archive.org/web/201504120

[7] https://web.archive.org/web/201504120

[8] https://web.archive.org/web/201504120

[9] https://web.archive.org/web/201504120

[10] https://pdfs.semanticscholar.org/b2f8/

[11] https://pdfs.semanticscholar.org/b2f8/

[12] https://pdfs.semanticscholar.org/b2f8/

[13]https://www.researchgate.net/publication

[14] https://jcpa.org/article/the-future-of-kurdist

[15] https://jcpa.org/article/the-future-of-kurdis

[16] http://news.bbc.co.uk/2/hi/5364982.stm

[17] http://news.bbc.co.uk/2/hi/5364982.stm

[18] http://news.bbc.co.uk/2/hi/5364982.stm

[19] https://jcpa.org/article/the-future-of-kurdis

[20] https://www.meforum.org/3838/israel-kurds

[21] https://jcpa.org/article/the-future-of-kurdis

[22] http://magalcom.com/en/about/

[23] https://jcpa.org/article/the-future-of-kurdis

[24] https://www.newyorker.com/magazine/

[25] https://www.newyorker.com/magazine/

[26] https://www.newyorker.com/magazine/

[27]https://www.researchgate.net/publication/

[28] http://www.miftah.org/Display.cfm?DocId

[29] https://www.latimes.com/world/middleeast

[30] https://www.telegraph.co.uk/news/2017

[31] https://www.telegraph.co.uk/news/2017

[32] https://www.latimes.com/world/middleeas

[33] https://www.latimes.com/world/middleeas

[34] https://www.gazeta.ru/business/2017/09

[35] https://www.gazeta.ru/business/2017/09

[36] https://www.gazeta.ru/business/2017/09

[37] https://ria.ru/20170925/1505441730.html

[38] https://carnegie.ru/commentary/73485

[39] https://carnegie.ru/commentary/73485

[40] https://carnegie.ru/commentary/73485

[41] https://carnegie.ru/commentary/73485

[42] https://carnegie.ru/commentary/73485

[43] https://www.aljazeera.com/indepth/opinion

[44] https://www.aljazeera.com/indepth/opinion

[45] https://www.haaretz.com/israel-news/israeli

[46] https://www.washingtoninstitute.org/policy

[47] https://www.nytimes.com/2017/09/22/world

[48] https://www.nytimes.com/2017/09/22/world