Տնտեսական խոշորագույն ճգնաժամը համաշխարհային պատերազմից հետո
9 ր. | 2020-08-18Կիսամյակային միտումներն աշխարհում
2 020 թ. տնտեսական առումով անբարենպաստ տարի էր ամբողջ աշխարհի համար. կորոնավիրուսային վարակը, շատ արագ տեմպերով տարածվելով ամբողջ աշխարհում, ահռելի հարված հասցրեց ոչ միայն առողջապահական համակարգին, այլ հանգեցրեց տնտեսությունների շղթայական անկման: Նախքան համաճարակի բռնկումը միջազգային կառույցները ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Չինաստան և մի շարք այլ երկրների միջև առկա լարվածության ֆոնին 2020թ-ին համաշխարհային տնտեսության աճի դանդաղում էին կանխատեսում։
Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամը նախապես կանխատեսում էր համաշխարհային տնտեսության 3․3 տոկոս աճ, համավարակի տարածմանը զուգընթաց այս կանխատեսումները փոխվեցին և սկսեցին շարժվել վատատեսական ուղղությամբ: ԱՄՀ-ն նախ կանխատեսեց համաշխարհային տնտեսության 3 տոկոս անկում, այնուհետև վերանայեց իր կանխատեսումը՝ անկման ցուցանիշը սահմանելով 4.9 տոկոս: Ե՛վ Արժույթի միջազգային հիմնադրամի, և՛ Համաշխարհային բանկի կանխատեսումներով կորոնավիրուսային համաճարակի վնասները կլինեն ավելի մեծ, քան 2008-2009թթ-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր, ավելին՝ ըստ ՀԲ կանխատեսումների կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական անկումը կարող է լինել ամենախորը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր երկրներում արտակարգ դրություն սահմանվեց, փակվեցին սահմանները և կաթվածահար եղավ ողջ համաշխարհային տնտեսությունը, կիսամյակային վիճակագրական տվյալների տեսանկյունից ուսումնասիրենք՝ թե համավարակը ինչ հետք է թողել զարգացած և զարգացող տնտեսությունների վրա:
Չինաստան
Տ արեսկզբին թվում էր, թե Չինաստանի տնտեսությունն ամենաշատը կտուժի կորոնավիրուսից, սակայն այն բավականին արագ վերականգնվեց: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ Չինաստանի ՀՆԱ-ն գրանցել էր 5.3 տոկոս անկում, սակայն 2-րդ եռամսյակում կարողացավ շատ արագ վերականգնվել՝ առաջին եռամսյակի նկատմամբ գրանցելով ՀՆԱ-ի 21.1%, իսկ նախորդ տարվա 2-րդ եռամսյակի համեմատ՝ 3.2 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ, ըստ նախնական տվյալների, 2020թ.-ի առաջին կիսամյակում Չինաստանի ՀՆԱ-ն 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 1.6 տոկոս անկում: Անկման նման ցածր ցուցանիշ ապահովելով՝ Չինաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց համակարգված պետական քաղաքականության և ազգային կարգապահության համակցմամբ իր գերտերություն լինելու փաստը:
ԱՄՆ
Ի տարբերություն Չինաստանի, ԱՄՆ տնտեսությունը դեռ չի կարողանում հաղթահարել համավարակը և՛ առողջապահական, և՛ տնտեսական տեսանկյունից: Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն գրանցել էր 5 տոկոս անկում, ապա 2-րդ եռամսյակում ՀՆԱ անկումը կազմել է 32.9 տոկոս: ՀՆԱ-ի նման անկման պատճառը սպառողական ծախսերի, ներդրումների, արտահանման նշանակալի նվազումն է՝ չնայած ԱՄՆ կառավարությունն աջակցության լայնամասշտաբ ծրագրեր է իրականացրել: Դեռ մարտի կեսերին ԱՄՆ ղեկավարութունը տնտեսության մեջ ներարկեց 2.3 տրլն դոլար, որն ուղղվեց գործազրկության նպաստի տրամադրմանը (շաբաթական 600 դոլար), բիզնեսի աջակցման համար վարկային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև առողջապահական համակարգի կարիքները հոգալուն: Այնուհետև ապրիլին տնտեսության աջակցման համար տրամադրվեց նախ 350, ապա՝ ևս 500 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ ԱՄՆ Դաշնային պահուստն իրականացրեց խթանող դրամավարկային քաղաքականություն՝ հետ գնեց մեծ ծավալների պետական պարտատոմսեր և հիփոթեքային երաշխիքներ, ակտիվորեն կիրառեց ռեպո գործառույթներ, զրոյականի հասցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Օգոստոսին էլ ԱՄՆ նախագահը հայտարարեց մինչև տարեվերջ աշխատավարձի հարկումը դադարեցնելու մասին: Չնայած նման ծավալի միջոցառումներին՝ երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ին չհաջողվեց խուսափել տնտեսական խորը անկումից։
ԵՄ
Հ ամավարակի դեմ պայքարը հեշտ չեղավ նաև hետբրեքսիթյան Եվրոպայում, որի սկզբնական փուլում ԵՄ անդամ երկրների միասնականությունը խաթարվեց և ամեն մեկը փորձում էր վարակի դեմ միայնակ պայքարել, ինչն այդքան էլ արդյունավետ չէր: Եվրոպական Միության ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականների, 2020թ.-ի երկրորդ եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.4 տոկոսով՝ գրանցելով ամենախոր անկումը 1995թ.-ից ի վեր: ԵՄ առաջատար երկրների` Ֆրանսիայի և Գերմանիայի ՀՆԱ-ները կրճատվել են համապատասխանաբար 19 և 11.7% տոկոսով: Առաջին եռամսյակում ԵՄ ՀՆԱ-ի անկումը կազմել էր 2.5 տոկոս:
Ռուսաստան
2 020թ.-ն վատագույն տարիներից էր նաև ՌԴ տնտեսության համար. կորոնավիրուսային համաճարակը զուգակցվեց նավթի և գազի պահանջարկի անկումով. գաղտնիք չէ, որ ՌԴ բյուջեն բավական մեծ կախում ունի նավթի և գազի վաճառքից: Եվ չնայած այժմ ազգային տնտեսությունները բացվել են և նավթի նկատմամբ պահանջարկն օր-օրի վերականգնվում է՝ ռուսական «Գազպրոմ»-ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Եվրոպա արտահանումը կրճատել է 18 տոկոսով։ Ռուսաստանը կորցրել է նաև գազի մեծությամբ 2-րդ խոշոր գնորդին՝ Թուրքիային: Այնուամենայնիվ, ՌԴ-ին հաջողվել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել ՀՆԱ-ի 1.6 տոկոս աճ: Մասնավորապես, դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքը ՌԴ-ում նվազել է 3.5 տոկոսով, մանրածախ առևտուրը՝ 6.4 տոկոսով, ծառայությունները՝ 19.9 տոկոսով: 3 տոկոսանոց աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է 16.8 տոկոս անկում, ներմուծումը նվազել է 6.8 իսկ արտահանումը՝ 22.5 տոկոսով:
Վրաստան
Տ նտեսական տարին բարենպաստ չէր նաև հարևան Վրաստանի համար. 2020թ.-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի համախառն ներքին արդյունքը կրճատվել է 5.8 տոկոսով: Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ 2.2 տոկոս աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 12.6 տոկոս անկում: Տարվա առաջին կիսամյակում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 18.2 տոկոսով, այդ թվում՝ ներմուծումը կրճատվել է 19.1 տոկոսով, իսկ արտահանումը՝ 15.9 տոկոսով: Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստան է ժամանել 36.2 հազար այցելու, ինչը 94 տոկոսով ցածր է 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: Գրեթե նույն պատկերն է գրանցվել նաև հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ Վրաստան է ժամանել 95 տոկոսով ավելի քիչ այցելու: Զբոսաշրջությունից մեծ կախում ունեցող Վրաստանի տնտեսությունը հնարավոր է ոլորտում որոշակի դրական աճ գրանցի օգոստոսին՝ սահամանների աստիճանական բացմանը զուգահեռ:
Ադրբեջան
Ա դրբեջանի տնտեսության վրա ևս համավարակն ունեցել է էական ազդեցություն։ Մի կողմից համավարակը հանգեցրեց նավթի շուկայում պահանջարկի կրճատման և առաջարկի ավելցուկի, ինչի արդյունքում նավթի գները կտրուկ անկում գրանցեցին (WTI տեսակի նավթը գինը մարտի 5-ին 45.9 դոլար էր մեկ բարելի դիմաց, իսկ ապրիլի 11-ին արդեն՝ 11.26 դոլար), մյուս կողմից՝ Ադրբեջանը գնաց սահմանափակումներ կիրառելու ճանապարհով: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ՀՆԱ-ի ընդամենը 2.8 տոկոս անկում, ընդ որում արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 2.7 տոկոս: Միաժամանակ պետական բյուջեի եկամուտներն աճել էն 11.4 տոկոսով, կապիտալ ներդրումները՝ 2.6 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2 տոկոսով:
ԵԱՏՄ
2 020-ի հունվար-հունիսին ԵԱՏՄ անդամ երկրներում մեծամասամբ գրանցվել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկում: Մասնավորապես, միությունում 2020թ.-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 3 տոկոս, իսկ բեռնափոխադրումների ոլորտում՝ 5.8 տոկոս անկում: Հունվար-մայիս ամիսներին միության արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16.2, իսկ ներքին առևտրաշրջանառությունը՝ 15.2 տոկոսով: Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մոտ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է աճ:
Հայաստան
Հ ամավարակը տնտեսական անկումներով չշրջանցեց նաև Հայաստանը: Արդեն մարտին Հայաստանում սկսվեցին կիրառվել մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ տնտեսական գործունեության, որոնք որոշակիորեն թուլացվեցին մայիսին: Համավարակի տնտեսական հետևանքների ազդեցությամբ Հայաստանում ևս երկրորդ եռամսյակում գրանցվեց տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Ընդ որում, դա պայմանավորված էր ինչպես առաջարկի գործոններով՝ աշխատուժի առաջարկի և արտադրողականության կրճատում, մատակարարման շղթաների խաթարում, այնպես էլ պահանջարկի գործոններով՝ սպառման ու ներդրումների նվազում ու հետաձգում և նախազգուշական խնայողությունների հակվածության աճ։ Այսպես, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4.7 տոկոսով, իսկ հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ՝ 7.5 տոկոսով: Տնտեսական ակտիվության անկումն ուղեկցվել է ներքին պահանջարկի զգալի թուլացմամբ, ինչն արտահայտվել է թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների էական նվազումներով: Չնայած հունիսին նկատվել է արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների՝ սպասվածից զգալի մեծ հոսք և վարկավորման աճի տեմպերի որոշակի վերականգնում, համախառն պահանջարկը նախորդ տարվա համեմատ շարունակել է թույլ մնալ, սակայն բավականին կայունացել է նախորդ ամսվա նկատմամբ՝ մայիսի համեմատ հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով: 2020թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ են գրանցել արդյունաբերության ոլորտը՝ 1.5 տոկոս և գյուղատնտեսության ոլորտը՝ 1.7 տոկոս: Արդյունաբերության ոլորտի աճը մեծապես ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ 24.3 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճին նպաստել են նաև Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտին աջակցման ծրագրերը:
Առաջին կիսամյակում տնտեսության մնացած ճյուղերում արձանագրվել է անկում: Մասնավորապես՝ առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1 տոկոսով, ծառայությունների ծավալն առանց առևտրի նվազել է 6.4 տոկոսով: Արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 10.3 տոկոսով, ընդ որում, արտահանումը՝ 6.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.9 տոկոսով։ Դիտարկվող ժամանակահատվածում ամենամեծ անկումը, թերևս, գրանցվել է շինարարության ոլորտում՝ 23.4 տոկոս. անկում են գրանցել և՛ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները՝ 22.3 տոկոս, և՛ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալները՝ 18.3 տոկոս, և՛ բնակչության կողմից իրականացված շինարարության ծավալները՝ 31.6 տոկոս:
Առաջին կիսամյակում 2019թ.-ի համեմատ 5.4 տոկոսով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը՝ կազմելով 186 հազար 410 ՀՀ դրամ: Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 162 հազար 11 ՀՀ դրամ՝ աճը 8.3 տոկոս, իսկ ոչ պետական հատվածում 198 հազար 323 ՀՀ դրամ՝ աճը 3.8 տոկոս: Հատկանշական է նաև, որ առկա ճգնաժամային իրավիճակում ՀՀ Կենտրոնական բանկն իրականացնելով խթանող դրամավարկային քաղաքականություն, կարողացել է ապահովել ցածր գնաճային մակարդակ. 2020 թ. հուլիսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.1% գնանկում:
Համավարակի դեմ պայքարի ռազմավարության տեսանկյունից պետություններն ի սկզբանե բաժանվեցին երկու խմբի՝ նրանք, որոնք անցան սահմանափակումների խիստ ռեժիմի, ինչպիսիք էին երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ նաև Հայաստանը, և նրանք, որոնք շարունակեցին իրենց բնականոն գործունեությունը: Նման երկրների թվում էին օրինակ Շվեդիան և Բելառուսը: Ուսումնասիրելով Շվեդիայի փորձը, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերը 6 անգամ ավելի են Դանիայի և 12 անգամ ավելի Նորվեգիայի ցուցանիշից: Սահմանափակումներ չկիրառելը չօգնեց նաև տնտեսությանը. Շվեդիայի Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն 2020թ.-ին կգրանցի 4.5 տոկոս անկում: Համեմատության համար նշենք, որ Դանիայում կանխատեսվում է ՀՆԱ 4.1 տոկոս անկում: Եվ սա բնական է, քանի որ Շվեդիայի տնտեսությունը մեծ կախում ունի միջազգային առևտրից: Ուստի մատակարարման շղթայի խափանված աշխատանքն իր անմիջական ազդեցությունը թողեց Շվեդիայի տնտեսության վրա: Այսպիսով նույնիսկ այն երկրները, որոնք կոշտ սահմանափակումների ուղին չընտրեցին, այդուհանդերձ գլոբալ լոքդաունի ժամանակ ենթարկվեցին այդ սահմանափակումներին: Ամփոփելով կարող ենք պնդել, որ ամեն դեպքում սահմանափակումների կիրառումը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է և այս համատեքստում Հայաստանը շարժվել է ճիշտ ուղով: