Թուրքիա-Իրան հարաբերությունները 1979-1991թթ.

8 ր.   |  2020-08-11

Թուրքիայի և Իրանի բազմակողմ հարաբերությունները և երկու երկրների ներքաքաղաքական զարգացումները տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով շուրջ մեկդարյա տարածաշրջանային մարտահրավերները և քաղաքական փոփոխությունները, որոնք ընդհանուր առմամբ ազդում էին երկու երկրների միջպետական հարաբերությունների վրա, կարելի է փաստել, որ դրանք եղել են փխրուն, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված։ Տարբեր գնահատականներով, այդ հարաբերությունները երբեք աչքի չեն ընկել ո՛չ հստակ ջերմությամբ, ո՛չ էլ ամուր բարեկամությամբ։

Մինչհեղափոխական ժամանակաշրջանում Թուրքիայի հանրապետության և Իրանի միջև  հարաբերությունները դինամիկ զարգացում էին, որի իրավական հիմքերը դրվեցին 1926թ.-ին Թեհրանում ստորագրված «Թուրքիա-Իրան բարեկամության և անվտանգության» պայմանագրով։ Պայմանագրի առաջին կետով կողմերը հաստատում էին «բարեկամություն», երկրորդով՝ կողմերից մեկի վրա երրորդ պետության հարձակման դեպքում պետք է ցուցաբերեին «չեզոքություն»։ Միաժամանակ, պարտավորվում էին կանխել փոխադարձ թշնամական ցանկացած գործողություն, որոնք կարող էին հրահրվել իրենց պետության սահմաններում։ Վեցերորդ կետով նշվում էր, որ պետք է լուծվեին երկու պետությունների միջև առկա սահմանային խնդիրները:[1]

Մինչև 1979թ. Թուրքիայի ու Իրանի համագործակցությունն ընթանում էր նաև երկկողմ և բազմակողմ տարբեր պայմանագրերի[2] և ռազմաքաղաքական դաշինքների, ինչպես, օրինակ, Սադաբադի դաշինքի կամ այլ անվանումով՝ Մերձավորարևելյան Անտանտայի (անդամներ էին Թուրքիան, Իրանը, Իրաքը և Աֆղանստանը, կնքվել է 1937թ.)[3] և Կենտրոնական պայմանագրի կազմակերպության (Բաղդատի պակտ, կարճ անվանումը՝ ՍԵՆՏՕ, որի անդամներ էին Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Իրաքը, Պակիստանը, կնքվել է 1955թ.) շրջանակներում:

Իսլամական հեղափոխությունից հետո երկու երկրների միջև լարվածություն առաջացավ։ Այս ժամանակահատվածում Իրանի վերաբերյալ Թուրքիան երկու մտահոգություն ուներ: Առաջինը՝ իրանական հեղափոխությունը կարող էր «արտահանվել» Թուրքիա։ Թուրքիայում չէին բացառում, որ հեղափոխությամբ պայմանավորված կավելանա իսլամական հոսանքների կամ ընդդիմադիր ուժեղ խմբավորումների ազդեցությունը երկրում։ Երկրորդ՝ իսլամական հեղափոխության ձախողումը կխորացներ քրդական ազգայնականությունը և, գուցե, կհանգեցներ քրդական պետության ստեղծման: Ինչպես նշում են մասնագետները, սա մի հակասական իրավիճակ էր, երբ մի կողմից՝ Թուրքիան մտավախություն ուներ, որ Իրանը հեղափոխությունից հետո կարող է վերածվել հզոր պետության, մյուս կողմից՝ Իրանին անհարժեշտ է կայունություն[4]։

Բացի այդ, իսլամական հեղափոխությունից հետո աշխարհիկ Թուրքիայի վարչակազմերը ձգտում էին հեռավորություն պահել Իրանից, որի պատճառներից մեկը Թուրքիայի աշխարհիկության մոդելի վերաբերյալ Այաթոլլահ Խոմեյնիի քննադատությունն էր։ Մասնավորապես, նա իսլամի հանդեպ բացասական վերաբերմունքի համար Աթաթուրքին անվանում էր «չարիք»[5]։

Մտահոգություններ ուներ նաև Իրանը. Շահի համախոհներից շատերը, այդ թվում՝ զինվորականները, հեղափոխությունից հետո ապաստան գտան Թուրքիայում։ Մասնավորապես, թուրք-իրանական սահմանին կազմավորվել էր իրանական հակահեղափոխականներից բաղկացած արհեստավարժ բանակ՝ իրանցի գեներալ Գոլյամ-Ալի Օվեիսսի կողմից, որը նախատեսում էր «ազատագրական շարժում» սկսել Իրանում։ Թուրքիայում գտնվող այդ զորամիավորումները բաղկացած էին շահի էլիտար ստորաբաժանումների սպաներից, ովքեր տեղակայված էին թուրքական ութ գյուղերի՝ 22 ժամանակավոր զորանոցներում[6]։

Թեհրանը նաև կասկածում էր, որ Անկարան թուրքական ազգայնականության քարոզչություն է տանում Իրանի հարևան երկրներում, ինչպես նաև Իրանի թյուրքախոս բնակչության շրջանում, Թուրքիան դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի «արբանյակ», որն Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ դավադրության մեջ էր[7]։

Չ նայած այս լարվածությանը՝ համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակվում էր։ 1980-ական թթ. առաջին կեսից սկսեց զարգանալ Իրան-Թուրքիա առևտրատնտեսական կապերը, ինչը մասնագետների կարծիքով պայմանավորված էր մի շարք գործոններով։ Մասնավորապես, 1980-ական թթ. սկզբին երկու երկրները գտնվում էին մեկուսացման մեջ, ինչը մղում էր նրանց տնտեսական սերտ համագործակցության։ Այն տեղավորվում էր Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մերձավորարևելյան արտաքին տնտեսական քաղաքականության ծիրում, որը սկիզբ առավ նրա վարչապետության օրոք (1983-1989թթ.)։ Իրաքն ու Իրանը դարձան Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերներն այս ժամանակահատվածում: Օզալը գտնում էր, որ Իրանի հետ սերտ տնտեսական հարաբերությունները կարևոր են թուրքական շահերի համար, որը կհարթեր նաև երկկողմ հարաբերություններում առաջացած քաղաքական և գաղափարական հակասությունները[8]։

Նույնիսկ Իրանի և Իրաքի պատերազմի տարիներին (1980-1988թթ.), երբ Թուրքիան հայտարարեց իր «չեզոքության» մասին, տնտեսական հարաբերություններն երկու երկրների միջև ոչ միայն չընդհատվեցին, այլև նոր երանգներ ստացան. Թուրքիայի տնտեսական նշանակությունն Իրանի համար էլ ավելի կարևորվեց, հատկապես՝ ոչ ռազմական ապարանքների ներմուծման տեսանկյունից։ 1981-1982թթ. Անկարան և Թեհրանը ստորագրեցին ապրանքափոխանակության պայմանագրեր, և Իրանը արդյունաբերական ապրանքների և պարենամթերքի (ցորեն, գարի) դիմաց նավթամթերք էր արտահանում Թուրքիա[9]։

Երկու երկրների ապրանքաշրջանառությունը 1985թ. կազմեց $2 մլրդ.: Հատկանշական է, որ 1980-ական թթ. կեսերին Իրանն ու Իրաքը կազմում էին Թուրքիայի արտաքին առևտրի մոտ 25%-ը: Առևտրաշրջանառության ծավալները նվազեցին պատերազմի վերջին տարիներին։ 1989թ. երկկողմ առևտրաշրջանությունը կազմեց  $790 մլն., իսկ 1991թ.՝ $566 մլն.[10]։

Օզալի վարչապետության ժամանակ, տարածաշրջանում առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար, 1985թ. ստեղծվեց նոր կառույց՝ «Տնտեսական համագործակցության կազմակերպությունը» (ECO), որի հիմնադիր անդամներն էին Թուրքիան, Իրանը և Պակիստանը։ Այս կառույցը «Տարածաշրջանային համագործակցության և զարգացման կազմակերպության» (ORCD) իրավահաջորդն էր, որը հիմնել էին վերոհիշյալ պետությունները դեռևս 1964թ.-ն՝ ՍԵՆՏՕ-ի շրջանակներում։ Ֆինանսական, քաղաքական և վարչական մի շարք դժվարություների պատճառով այն լիարժեք չգործեց, թեև 1977թ. Իզմիրում անդամ պետությունները փորձեցին կառույցի վերաբերյալ հռչակագրում նոր փոփոխություններ կատարելով՝ վերակենդանացնել կազմակերպության գործունեությունը[11]։

Իրանա-իրաքյան պատերազմի շրջանում երկու երկրների միջև հարաբերություները քրդական գործոնով պայմանավորված սրվեցին։ Թուրքիան անհանգստանում էր Իրաքի քրդական կուսակցություների և Իրանի ռազմական գործընկերությունից, որն ուղղված էր Իրաքի դեմ։ Մյուս կողմից՝ Թուրքիայում կարծում էին, որ Բաղդադի դեմ պայքարող քրդական ուժերը Իրաքի հյուսիսում սկիզբ առած անկայունության պայմաններում կարող էին հարձակումներ գործել Թուրքիայի ներսում։ Անկարան առաջարկեց համաձայնագիր ստորագրել՝ Իրանի տարածքում Քրդական Բանվորական Կուսակցության գրոհայիններին հետևելու համար, որը, սակայն, Թեհրանը մերժեց։ Անկարայի և Թեհրանի միջև 1984թ. ստորագրվեց անվտանգության մասին արձանագրություն, որով կողմերը հավաստիացրեցին, որ կկանխեն միմյանց անվտանգությանը սպառնացող ցանկացած խմբի կամ շարժման գործողությունները[12]:

Իրանական հեղափոխությունից անմիջապես հետո սկսված և շարունակվող ամենակարևոր հարցերից մեկը երկու պետությունների գաղափարական բախումն էր: Քաղաքագետ Գ. Չեթինսայայի կարծիքով, այդ հակադրությունն արտահայտվում էր իշխող և ընդդիմադիր քաղաքական գործիչների տարատեսակ հայտարարությունների և ԶԼՄ-ների միջոցով: Այս «խորհրդանշական սառը պատերազմը», ընդհանուր առմամբ, ընթանում էր այնպիսի խորհրդանիշների շուրջ, ինչպիսիք են՝ «Աթաթուրքը», «Խոմեյնին», «Անըթքաբիրը»[13] և «հիջաբը» [14]: Մասնավորապես, Իրանի նախկին վարչապետ Միր Հուսեին Մուսավին 1987թ.-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում հրապարակավ քննադատեց Աթաթուրքի բարեփոխումները և հրաժարվեց հարգանքի տուրք մատուցել նրա դամբարանին, որը արարողակարգային պահանջներից մեկն էր: Որպես այլ օրինակ՝ 1988թ.-ի նոյեմբերին Աթաթուրքի մահվան 50-ամյակի կապակցությամբ Անկարայում Իրանի դեսպանատունը հրաժարվեց կիսով չափ իջեցնել Իրանի պետական դրոշը: Թուրքական մամուլը քննադատեց այս իրադարձությունը և որակեց «աններելի հանդգնություն»: Ի պատասխան՝ իրանական ԶԼՄ-ներից մեկում նշվեց հետևյալը. «Որքա՞ն են նրանք հարգում մեր այժմյան ղեկավարներին, որպեսզի մեզանից ակնկալեն հարգանք իրենց հանգուցյալ ղեկավարի (Աթաթուրքի) փտած ոսկորներին»[15]։

Այս գաղափարական հակամարտությունը շարունակություն գտավ այլ հարթությունում, երբ իրանական ղեկավարությունը քննադատեց Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումը՝ թուրքական համալսարաններում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ։ Անկարան այն դիտարկեց որպես Թեհրանի կողմից Թուրքիայի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձ։ Բացի այդ, Թուրքիայի պնդումներով, Իրանը աջակցում էր երկրի ներսում առկա որոշ իսլամական հոսանքների[16]։

Միևնույն ժամանակ, Անկարայում Իրանի դեսպանը նախազգուշացրեց, որ իրենք քննարկում են Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը, սպառնալով, որ 1989թ.-ի առևտուրը $2 մլրդ.-ից կկրճատվի մինչև $400 մլն.: Այս ճգնաժամի հետևանքով 1989թ. երկու երկրները հետ կանչեցին դեսպաններին[17]։

Կ արելի է ասել, որ Թուրքիայի և Իրանի հարաբերություններում Իսլամական հեղափոխությունից հետո համագործակցությանը (տնտեսական) զուգահեռ կար լարվածություն (քրդերի հարց, գաղափարական հակադրություն): Որքան էլ փորձ էր արվում տնտեսական կապերով նվազեցնել լարվածությունը, այնուամենայնիվ այս ժամանակաշրջանում գաղափարական հակադրությունները և անվտանգային հարցերը կամա, թե ակամա հայտվում էին երկու պետությունների հարաբերությունների օրակարգում։ Իհարկե, միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները նույնպես ազդում էին երկու երկրների փոխհարաբերությունների վրա, ինչը շարունակվում է ցայսօր։


[1] L. Hilal Akgül, Rıza Han'ın (Rıza Şah Pehlevi) Türkiye Ziyareti, Yakın Dönem Türkiye Araştırmaları, Cilt 0, Sayı 7, 2005, s. 6

[2] S. Göktürk Çetinkaya, Bağdat pakıt’nın kuruluş sürecinde Türkiye’nin Ortadoğu ve batı ile ilişkileri, Vakanüvis - Uluslararası Tarih Araştırmaları Dergisi, Cilt 1, Sayı 0, 2016

[3]В. А. Кузьмин, Вопросы истории Саадабадского пакта в советской историографии

[4] Muhittin Ataman, Türkiye-İran İlişkilerinin Çeyrek Yüzyılının Değerlendirilmesi, Bilgi Sosyal Bilimler Dergisi, Sayı 1, 2006, s. 136-137

[5] Shahram Akbarzadeh, James Barry, Iran and Turkey: Not Quite Friends but Less than Enemies, Third World QuarTerly, 2016, p. 2

[6] Cyrus Kadivar, Dialogue of Murder

[7] Shahram Akbarzadeh, James Barry, նույն տեղում էջ 2

[8] Cihan Daban, Turgut Özal dönemi Türkiye diş politikası

[9] Gareth H. Jenkins, Occasional Allies, Enduring Rivals: Turkey’s Relations with Iran, 2012

[10] Abdürrauf Aydın, Iran islam devrimi öncesi ve sonrasında Türkiye Iran ekonomik Ilişkilerindeki dönüşüm ve bölgesel siyasate etkileri (1979-2011), Social Sciences
Studies Journal, Vol:4, Issue:21, 2018, pp:3264-3270

[11] Behçet Kemal Yeşilbursa, The Formation of RCD: Regional Cooperation for Development

[12]Bayram Sinkaya, The Kurdish question in Iran and its effects on Iran-Turkey relations, British Journal of Middle Eastern Studies, 2017, p. 848

[13]Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանի անվանումն է, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «հուշարձան գերեզման»։

[14]Gökhan Çetinsaya, Cumhuriyet Dönemi Türkiye-Iran Ilişkileri, Türkler - Cilt 17, 2002, s.

[15]Unal Gundogan, Islamist Iran and Turkey, 1979-1989:  State Pragmatism and Ideological Influences, Middle East Review of International Affairs, vol. 7, no.1, 2003

[16]Bayram Sinkaya, Turkey-Iran Relations After the JDP

[17]Unal Gundogan, նույն տեղում