Ինչու է Հայաստանում նվազում ծնելիությունը և ինչպես այն բարձրացնել

10 ր.   |  2020-08-04

Սամվել Մանուկյան, սոց. գ. թ., «Օրբելի» կենտրոն, վերլուծաբան

Երբ հարցնում են՝ ինչո՞ւ եք քիչ երեխա ունենում, ապա մարդիկ նշում են իրենց սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական և առողջական խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական միջոցների պակասը, տնտեսական անբավարար պայմանները («փող չունեմ»), բնակարանային անբավարար պայմանները («տուն չունեմ»), ցանկալի և կայուն աշխատանքի բացակայությունը («աշխատանք չունեմ»), երկրի անկայուն վիճակը, անորոշ ապագան, երկրից մեկնելու մտադրությունը («երկիրը՝ երկիր չի») և այլն։ 

Հայաստանի ժողովրդագրության բարելավման հարցերով զբաղվողները, հիմք ընդոնելով այդ պատասխանները, հետևություն են անում՝ եթե լուծվեն թվարկված խնդիրները, ապա ծնելիությունը կբարձրանա։ Տարօրինակ է, որ նրանք անտեսում են իրենց շրջանակում շատ հարգված միջազգային փորձը, որը, բազմաթիվ հետազոտությունների և վիճակագրական տվյալների հիման վրա, ցույց է տվել, որ որքան ավելի բարձր է մարդկանց բարեկեցությունը և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, այնքան, մնացած հավասար պայմաններում, ավելի ցածր է ծնելիությունը։ Լավագույն օրինակը՝ Եվրոպայի զարգացած երկրների ժողովրդագրական վիճակն է։ Հետևաբար՝

  • Մարդկանց սոցիալ-տնտեսական վատ պայմանները ցածր ծնելիությունը նվազեցնող որոշիչ պատճառը չէ։

Ժողովրդագրություն գիտությանը ծնելիության մակարդակը պայմանավորող հիմնարար գործոնը (դետերմինանտը) վաղուց հայտնի է՝

  • Տվյալ երկրում ծնելիության մակարդակը պայմանավորող հիմնարար գործոնը՝ մարդու երեխաներ ունենալու պահանջմունքն է։ Այն մշակութային գործոն է, որը մարդու մոտ ձևավորվում է մանկական և դեռահասության տարիքում և ամբողջ կյանքի ընթացքում համարյա չի փոխվում։[1]

Միայն մարդկանց երեխաներ ունենալու պահանջմունքի կոնտեքստում է հնարավոր ճիշտ ընկալել և մեկնաբանել մարդկանց քիչ թվով երեխաներ ունենալու վերը նշված պայմանները։ Այդ պահանջմունքի առաջնահերթ կառավարմամբ է հնարավոր էապես բարձրացնել և բարձր մակարդակի վրա պահել ծնելիությունը։

Երեխաների պահանջմունքը հեշտությամբ գնահատվում է սոցիոլոգիական հետազոտությամբ։ Այդ նպատակով մարդկանց հարցնում են․ «Քանի՞ երեխա կցանկանայիք ունենալ, եթե դրա համար լինեին բոլոր անհրաժեշտ (բարենպաստ) պայմանները։

Հոդվածում դիտարկված են Հայաստանում ծնելիության նվազման հարցերը և դրա բարձրացման ուղիները ՝ երեխաների պահանջմունքի կոնտեքստում։ Ներկայացված դրույթները հիմնված են համահայաստանյան զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների վերլուծության վրա։ Հետազոտության լիակատար արդյունքները տրված են այստեղ։

Հ այաստանում մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 75%-ը, ունենում է ավելի քիչ երեխա, քան ցանկանում է, 24%-ը՝ նույնքան երեխա, որքան ցանկանում է և միայն 1%-ն՝ ավելի շատ, քան ցանկանում է։ Այդ 1%-ն այն դեպքերն են, երբ իրականացել է տվյալ անձի ամուսնու/կնոջ ավելի շատ երեխա ունենալու ցանկությունը։ Հետևաբար՝

  • Բոլոր բարենպաստ պայմանների դեպքում, ծնելիությունը չի կարող լինել ավելի բարձր, քան մարդկանց երեխաների պահանջմունքն է։

Իսկ ինչպիսի՞ն է երեխաների պահանջմունքը Հայաստանում և ինչպե՞ս է այն փոխվում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի հասարակությունում երեխաների պահանջմունքը նվազում է, ինչը երևում է Գծապատկեր 1-ի կարմիր կետերով կառուցված գրաֆիկից։ Տվյալները՝ «Քանի՞ երեխա կուզեիք ունենալ, եթե դրա համար լինեին բոլոր անհրաժեշտ պայմանները» հարցին տրված պատասխանների միջին արժեքներն են 2014 թ․-ին։

Կարևոր է նշել, որ տվյալ երկրում, տվյալ ժամանակահատվածում, բնակչության տվյալ տարիքային սեգմենտում երեխաների պահանջմունքի միջին արժեքը իրենից ներկայացնում է կանանց պտղաբերության գործակցի առավելագույն արժեքը[2]։

Գծապատկերից հետևում է, որ ներկայիս երիտասարդ սերնդում երեխաների պահանջմունքի լիակատար բավարարման դեպքում, արդի Հայաստանում կանանց պտղաբերության գործակիցը կլիներ 3.12։ Այդ մակարդակը նշանակալիորեն ավելի բարձր է 2.15-ից, որն անհրաժեշտ է բնակչության պարզ վերարտադրության համար, և կրկնակի բարձր 2018 թ. Հայաստանում կանանց պտղաբերության գործակցից (1.60)։

Թվում է, թե ամեն ինչ պարզ է։ Եթե մարդկանց համար ստեղծվեին համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ, ապա երեխաների պահանջմունքը Հայաստանում, չնայած իր նվազմանը, տեսականորեն լիովին բավարար կլիներ ծնելիության բարձրացման խնդիրը հիմնավորապես լուծելու համար։

Սակայն, Գծապատկեր 1-ի մյուս տվյալները, մասնավորապես, հարցվածների երեխաների միջին քանակը (երկնագույն կետեր) և հարցվածների շրջանում երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը (կանաչ կետեր),  հերքում են այդ պարզունակ հետևությունը (գծիկային գրաֆիկով տրված են ճշգրտված կամ կանխատեսված տվյալները[3]):

Տվյալները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 65 տարում, երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը Հայաստանում միշտ ցածր է եղել 100%-ից, ընդ որում՝ այն աստիճանաբար նվազել է։ Երեխաների պահանջմունքի բավարարվածությունը ամենաբարձրն էր 1954 թ․-ից առաջ ծնվածների շրջանում և կազմել էր 61%։ 1955-1968 թթ․ ծնվածների շրջանում այն նվազել է մինչև 55%, չնայած՝ այդ անձանց ճնշող մեծամասնությունը, երեխաներ ունենալու լավագույն տարիքում  ապրել են ավելի բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում, քան նախորդ՝ մինչև 1954 թվականը ծնվածների սերունդը։ 1969-1984 թթ․ ծնվածների շրջանում ցուցանիշը նվազել է մինչև 53%։ Կարելի է ենթադրել, որ դա 1990-ականների շատ վատ սոցիալական պայմանների հետևանք է, սակայն 1985-1996 թվականներին ծնվածների շրջանում ցուցանիշի արժեքը կրկին նվազել է, չնայած՝ նրանց երեխաներ ունենալու ժամանակաշրջանում Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններն անհամեմատ ավելի բարենպաստ են եղել, քան նախորդ՝ 1969-1984 թվականներին ծնվածների սերնդինը։

Հետևաբար՝

  • Հայաստանում վերջին 60 տարում երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը նվազել է բավականին անկախ և՛ երկրում սոցիալ-տնտեսական պայմաններից, և՛ դրանց փոփոխության միտումներից։

Այդ երևույթի հիմնական պատճառն այն է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, աճում են բարեկեցության ստանդարտների ընկալումները։ Մարդիկ ավելի խստապահանջ են դառնում երեխաներ ունենալու «բավարար պայմանները» սահմանելիս։ Այլ կերպ՝

  • Երեխաներ ունենալու համար «բավարար պայմանները» նույնպես պայմանավորված են մշակույթով։

Չափավորության մշակույթում դաստիարակված մարդիկ երեխաների պահանջմունքի բավարար պայմանների համար սահմանում են ավելի համեստ պահանջներ, իսկ սպառողական մշակույթում դաստիարակված մարդիկ՝ ավելի բարձր պահանջներ։ Եթե չփոխվեն մշակույթով պայմանավորված առկա միտումները, ապա ծնելիության մակարդակը Հայաստանում կնվազի և, համաձայն մաթեմատիկական կանխատեսման, 2030 թ․-ին կգտնվի 1.35-1.40 միջակայքում։

Քանի որ Հայաստանում շարունակաբար նվազում է երեխաների պահանջմունքը, իսկ այդ պահանջմունքի բավարարվածության մակարդակը չի գերազանցել 61%-ը, նույնիսկ խորհրդային շրջանում, երբ միջին հաշվով հասարակությունում սոցիալական ապահովվածության մակարդակը շատ ավելի բարձր էր, հանգում ենք եզրակացության, որ՝

  • Հայաստանում ծնելիության բարձրացումը սոցիալ-տնտեսական գործոնների պարզունակ կիրառմամբ իրատեսական չէ։
  • Անհրաժեշտ է մտածված և հետևողականորեն իրականացվող այնպիսի մշակութային (երեխաների պահանջմունքը բարձրացնող) քաղաքականություն, որի կոնտեքստում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը (երեխաների պահանջմունքի բավարարվածության աճը) արդյունավետ կդառնա։

Ա րդի աշխարհն ավելի ու ավելի բաց է դառնում, հատկապես՝ մշակութային փոփոխությունների համար։ Գլոբալ մշակութային փոփոխությունների հիմնական գործնական նպատակը աշխարհի բնակչության քանակի կրճատումն է։

Այդ հայեցակարգը մշակվել է Հռոմեական ակումբի պատվերով 1970 թ․-ին  իրականացված լայնածավալ հետազոտության արդյունքում։ Հետազոտությամբ, հիմնվելով մաթեմատիկական մոդելավորման արդյունքների վրա, կանխատեսվել է, որ աշխարհի ռեսուրսների սահմանափակության պայմաններում աշխարհի բնակչության աճը, արդյունաբերության աճը և շրջակա միջավայրի աղտոտումն ի վերջո հանգեցնելու են գլոբալ աղետի։

Աղետից խուսափելու համար առաջարկվում է գլոբալ մասշտաբով տնտեսական աճը նպատակադրող մոդելից անցնել հավասարակշիռ տնտեսության մոդելին։ Այդ մոդելի հիմնարար պայմաններից է բնակչության աճի դադարեցումը։[4]

Բնակչության կրճատման ուղղված գլոբալ ռազմավարությունների արդյունավետության մասին կարելի է դատել Գծապատկեր 2 և 3-ի տվյալներով։

Պտղաբերության գործակիցն աշխարհում 1970 թ․ 4.78-ից, 2018 թ.-ին նվազել է համարյա 2 անգամ և դարձել է 2.41: Մեծաքանակ բնակչությամբ մի խումբ երկրներում, օրինակ՝ Չինաստան, Բրազիլիա, Բանգլադեշ, Մեքսիկա, Վիետնամ կանանց պտղաբերության գործակիցը 2018 թ.-ին դարձել է  2.15-ից ավելի ցածր (Գծապատկեր 2)։ Իսկ մեկ այլ խումբ մեծաքանակ բնակչությամբ երկրներում, չնայած պտղաբերության գործակիցը նշանակալիորեն նվազել է, սակայն դեռևս ավելի բարձր է 2.15-ից, օրինակ՝ Հնդկաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ (Գծապատկեր 3)։

Հարկ է նշել, աշխարհի բնակչությունը թվի կայունացումը և կրճատումը կարող է տեղի ունենալ աշխարհում պտղաբերության գործակիցը 2.15-ից ցածր դառնալուց հետո՝ 20-25 տարի անց։ Դա երևում է աշխարհի բնակչության թվի ՄԱԿ-ի կանխատեսումներում (Գծապատկեր 4)։

Պտղաբերության գործակցի նվազման առավել հավանական հետագծի դեպքում, աշխարհի բնակչությունը, որը 2020 թ․-ին կանխատեսվել է 7.8 միլիարդ մարդ, 2100 թ․-ին կլինի 10.9 միլիարդ։ Գործակցի ավելի բարձր կանխատեսված արժեքի դեպքում՝ 15․5 միլիարդ, իսկ ավելի ցածր կանխատեսման դեպքում՝ 7․4 միլիարդ։ Ընդ որում, վերջին դեպքում կանխատեսվում է, որ աշխարհի բնակչության կրճատումը կսկսվի 2055 թվականից, երբ այն կկազմի 8․9 միլիարդ։

Ա րդի Հայաստանը գտնվում է գլոբալ մշակութային հզոր ազդեցության ներքո։ Մեր հետազոտության շրջանակներում կատարված մաթեմատիկական հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանում ծնելիությունը նվազեցնող գլոբալ գործոնները 1․32 անգամ ավելի հզոր են, քան ծնելիությունը բարձրացնող ազգային ավանդական մշակութային գործոնները։[5]

Գծապատկեր 1-ում նարնջագույն կետերով տրված է երեխաների միջին քանակը հարցվածների ծնողների ընտանիքներում։ Տվյալները ցույց են տալիս, որ`

  • Մարդկանց երեխաների պահանջմունքը շատ մոտ է իրենց ծնողների ընտանիքներում երեխաների քանակին։

Այսինքն, մարդկանց դիրքորոշումները երեխաների քանակի վերաբերյալ, մոտ են այն քանակին, որը նրանք տեսել են երեխա ժամանակ, ինչը վերահաստատվում է վերը նշված դրույթը, որ երեխաների պահանջմունքը ձևավորվում է վաղ մանկական և պատանեկան հասակում և ժամանակի ընթացքում համարյա չի փոխվում։ Այս փաստը բացահայտում է երեխաների պահանջմունքի անկմանը խոչընդոտող յուրահատուկ սոցիալ-մշակութային գործոն․

  • Ընդլայնված ընտանիքները (երեք սերնդից կազմված), որտեղ մանուկները սերտորեն շփվում են տատիկների և պապիկների հետ նպաստում են ծնելիության աճին։

Ծնելիության հետ կապված հարցերում կարևորագույն նշանակություն ունեն կանանց խնդիրները։ Դիտարկենք այն հարցը, թե տարբերվո՞ւմ է արդյոք երեխաների պահանջմունքը տղամարդկանց և կանանց շրջանում։ Եթե՝ այո, ապա ի՞նչ հետևություններ են բխում դրանից։

Գծապատկեր 5-ի տվյալները ցույց են տալիս, որ տղամարդկանց շրջանում, բոլոր տարիքային խմբերում երեխաների պահանջմունքն ավելի բարձր է, քան կանանց շրջանում։ Մյուս կողմից, Գծապատկեր 6-ի տվյալները ցույց են տալիս, որ ընտանիքներում, որպես կանոն, ծնվում է այնքան երեխա, որքան ցանկանում է կինը։ Այդ տվյալների համատեղումից բխում է, որ՝

  • Ծնելիության բարձրացման համար երեխաների պահանջմունքը պետք է առաջնահերթ բարձրացնել կանանց շրջանում։

Քանի որ այդ պահանջմունքը պայմանավորված է մշակույթով, հետևաբար, աղջիկները մանկության և դեռահասության շրջանում պետք է դաստիարակվեն յուրացնելով ընտանիքի մոր արժեքները, վարքագիծը և գործառույթները։ Դրան պետք է ուղղված լինեն նրանց խաղերը, ընտանիքի արտաքին միջավայրից ստացվող ինֆորմացիան, ինչպես նաև ուսման ու դաստիարակության բովանդակությունը։

Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները վերահաստատում են, որ հայկական ավանդական ընտանեկան արժեքները և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում բարձրացնում են երեխաների պահանջմունքը, իսկ դրանցից հրաժարումը՝ նվազեցնում։

Մասնավորապես, Հայաստանի հասարակությունում երեխաների պահանջմունքը նվազում է․

  • Երբ տղամարդը դադարում է ընկալվել որպես ընտանիքի գլխավոր,
  • Երբ ընդունելի է համարվում, որ երիտասարդ աղջիկը՝ հանուն կարիերայի, հետաձգի իր ամուսնությունը մինչև 30-35 տարեկան,
  • Երբ թույլատրելի է համարվում առանց բժշկի ցուցումների հղիության արհեստական ընդհատումը,
  • Երբ ամուսին/կին ընտրելու հարցում գերակայում է տնտեսական ապահովության գործոնը,
  • Երբ մարդու ապագայի տեսլականում ամուսնությունը դադարում է գերակա արժեք համարվել,
  • Երբ աճում են եսակենտրոն դիրքորոշումները,
  • Երբ աճում է ազատական աշխարհայացքի գերակայությունը,
  • Երբ մարդու ինքնության կառուցվածքում աճում է վերազգային տարրերի կարևորությունը:

Ընդ որում՝

  • Գլոբալ մշակութային ազդեցության բնույթը և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա միատեսակ է, սակայն ազդեցությունը կանանց վրա՝ նշանակալիորեն ավելի հզոր է։

Եզրակացություններ

Այսպիսով, Հայաստանում ծնելիության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է․

  1. Առաջնահերթ կերպով պետական մշակութային, կրթական և ինֆորմացիոն քաղաքականությունների միջոցով բարձրացնել հասարակությունում երեխաների պահանջմունքը։
  2. Ապահովել ավանդական ընտանեկան արժեքների ժառանգականությունը, դրանք դաստիարակելով մանուկ և դեռահաս հասակից՝ հատկապես ուշադրություն դարձնելով աղջիկների դաստիարակությանը,
  3. Պաշտպանել Հայաստանի հասարակությունը այն արտաքին մշակութային ազդեցություններից, որոնք նվազեցնում են երեխաների պահանջմունքը,
  4. Հասարակությունում զարգացնել չափավորության մշակույթը։

[1] Борисов В. А.  Демография — М.: Издательский дом NOTABENE, 1999, 2001. — 272 с., ст. 176.

[2] Կանանց պտղաբերության գործակիցը երեխաների միջին քանակն է, որը կծնի մեկ կինը իր ծնունակ տարիքում (15-49 տարեկան), ծնելիության և մահացության անփոփոխ մակարդակների դեպքում։

[3] 18-29 տարեկանների համար երեխաների միջին քանակի և, համապատասխանաբար, երեխաների պահանջմունքի բավարարվածության ցուցանիշները ճշգրտվել են, գծային ինտերպոլյացիայի մեթոդով, քանի որ այս սերունդը դեռևս գտնվում է ակտիվ վերարտադրողական տարիքում։ Նրանց համար երեխաների պահանջմունքի բավարարվածության փաստացի հաշվարկված ցուցանիշը կազմել է 21%։ Նույն կերպ կանխատեսվել են ցուցանիշները 2002-2005 թվականներին ծնվածների համար։

[4] The limits to Grouth. A Report for the club of Rome’s Project on the predicament of mankind. Donella H. Meadous, Dennis L. Meadous, Jorgen Randers, William W. Behrens III. Published in the United States of America in 1972 by Universe Books, 381 Park Avenue South, New York, New York 1016:

[5] Հարկ է նշել, որ, արդի աշխարհի կարևորագույն բնութագիրն է աշխարհամակարգում էնտրոպիայի աճը և առանձին սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերի միջև սահմանների խարխլումը։ Այս պայմաններում նույնիսկ համակարգային մոտեցումը, որի շրջանակներում «համակարգը» սահմանազատված է «արտաքին միջավայրից», իսկ համակարգերի դինամիկան դիտարկվում է կայունությանը մոտ վիճակներում, կարող է արդեն անբավարար լինել։ Աստիճանաբար աճում է խնդիրները սիներգետիկ մոտեցումների շրջանակում դիտարկելու անհրաժեշտությունը։