Թուրքիայի ներգրավվածությունը լիբիական հակամարտությանը
13 ր. | 2020-08-04Լ իբիայում հակամարտող երկու հիմնական ուժերի՝ մայրաքաղաք Տրիպոլիում գործող Լիբիայի ագզային համաձայնության կառավարության (ԱՀԿ) և երկրի արևելյան շրջանները վերահսկող Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) միջև 2014 թվականից ընթացող հակամարտությունը 2019 թվականի ապրիլին նոր և վճռական փուլ թևակոխեց, երբ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող ԼԱԲ-ը հարձակում սկսեց մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար։ Թուրքիայի միջամտության արդյունքում, սակայն, ԼԱԲ-ի գործողությունը փաստացի ձախողվեց։
Տարեսկզբից ԱՀԿ-ն, անցնելով հակակարձակման, ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք շրջաններ է գրավել։ Մայիսից ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ են դարձել. Տրիպոլիի վերահսկողությունը վերականգնելուց հետո ԱՀԿ ուժերը գրավել են ալ-Ուաթիյա ավիաբազան և Թարհունա քաղաքը։ Հունիսի սկզբից հիմնական պայքարն ընթանում է ԼԱԲ-ի վերահսկողության ներքո գտնվող միջերկրածովյան Սիրթ քաղաքի և ալ-Ջուֆրա օդային բազայի շրջանում, որոնք կարևոր ռազմավարական նշանակություն ունեն։ Սիրթից է իրականացվում լիբիական նավթի շուրջ 60%-ի արտահանումը (նավթի պաշարներով Լիբիան աշխարհում 9-րդ երկիրն է), իսկ ալ-Ջուֆրա օդանավակայանը գերակայություն է ապահովում Լիբիայի օդային ողջ տարածքի նկատմամբ։ Միաժամանակ, հենց այստեղից, որտեղ ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության (Africom) տվյալներով վերջերս ռուսական MiG-29 և Su-24 ինքնաթիռներ են տեղակայվել[1], իրականացվում է Հաֆթարի ուժերի մատակարարումը։ Ընթացիկ զարգացումները մեծապես պայմանավորելու են հակամարտության հետագա ընթացքը։
Վերջին մեկ տարում Լիբիայում հակամարտության խորացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը հակամարտությանն արտաքին ուժերի միջամտությունն է։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ԱՀԿ-ի ուժերին աջակցում են Թուրքիան, Կատարը, մինչդեռ ԼԱԲ-ին աջակցող երկրների շարքում են Ռուսաստանը, Ֆրանսիան ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան։
Ստորև լիբիական այս խճանկարի համատեքստում դիտարկենք արտաքին հիմնական դերակատարներից Թուրքիայի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում։
Լիբիա զինված ուժեր ուղարկելու հնարավորության մասին Թուրքիայի նախագահը հայտարարեց 2019 թ. դեկտեմբերին՝ նշելով, որ եթե նման խնդրանք լինի Լիբիայից, Անկարան պատրաստ է «բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ԱՀԿ-ին»։ Մինչ այդ, Թուրքիայի ոչ պաշտոնական միջամտությունը ճգնաժամին սահմանափակվում էր զինամթերքի մատակարարմամբ և թուրքամետ մի շարք ջոկատների գործունեությամբ։
Ավելի վաղ՝ 2019 թ. նոյեմբերին, Թուրքիան 2 համաձայնություն էր կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ: Մեկը վերաբերում էր երկու կողմերի ռազմական համագործակցությանը, իսկ մյուսը՝ երկու երկրների միջերկրածովյան ափերի միջակայքում բացառիկ տնտեսական գոտու ստեղծմանը[2]։ Դեկտեմբերի վերջին Տրիպոլին օգնության պաշտոնական խնդրանքով դիմեց Թուրքիային, և 2020-ի հունվարին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Լիբիայում թուրքական զինված ուժերի տեղակայմանը:
Լիբիայում թուրքական ռազմական ներգրավվածությունը ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները․
- Թուրքական պաշտոնական ուժերի տեղակայում Լիբիայում
Լիբիայում սահմանափակ քանակով թուրքական ուժերի տեղակայումը վերոնշյալ համաձայնագրերի համատեքստում պաշտոնապես սկսվել է հունվարի 5-ին։ Անկարայի պնդմամբ՝ թուրքական ուժերին հանձնարարվել է միայն վերապատրաստել և խորհրդատվություն տրամադրել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ուժերին: Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ թուրքական ուժերն անմիջական մասնակցություն չեն ունենում ռազմական գործողություններում, թեև լրատվամիջոցներում առկա տարաբնույթ հրապարակումների համաձայն՝ թուրքական ռազմածովային և ռազմաօդային ուժերն ակտիվորեն ներգրավված են ԱՀԿ-ի գործողություններում։ Թուրքական պաշտոնական ուժերի թվի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չկա։ Լրատվամիջոցներում առկա տեղակատվության համաձայն՝ թուրքական ռազմական սպայակազմը տեղակայված է Միտիգա բազայում, որտեղից էլ իրականացվում է ԱՀԿ գործողությունների համակարգումը։
Թուրքիայի նախագահ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջի ճեպազրույցը Անկարայում, 2020 թվականի հունիսի 5 Hurriyet Daily News
Միաժամանակ, Թուրքիան մեծաքանակ զինտեխնիկա և ՀՕՊ համակարգեր է մատակարարում ԱՀԿ-ին։ ԼԱԲ ներկայացուցիչների պնդմամբ՝ թուրքական ինքնաթիռներն ամենօր զինամթերք և զինտեխնիկա են տեղափոխում Լիբիա, այդ թվում՝ կամիկաձե և Phoenix անօդաչու սարքեր։ Աննախադեպ արդյունավետությամբ կիրառվում են Bayraktar TB2 տիպի ԱԹՍ-ներն ու Hawk հրթիռները, որոնց շնորհիվ ԱՀԿ ուժերին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք շրջաններ, այդ թվում՝ ալ-Ուաթիյա ավիաբազան։ Թուրքական գործողություններում ակտիվորեն ներգրավված են նաև թուրքական ռազմանավերը։
- Սիրիայից վարձու զինյալների տեղափոխում Լիբիա
Լիբիայում Անկարայի ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը վարձկանների օգտագործումն է։ Զինյալների տեղափոխմանը հետևող Syrian Observatory for Human Rights կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 27-ի դրությամբ 16500 զինյալ Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխվել է Լիբիա։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն սխեման, որը Թուրքիան կիրառում է զինյալներին Լիբիա տեղափոխելու համար։
Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ Սիրիայից Լիբիա զինյալների տեղափոխումն իրականացվում է հետևյալ եղանակով. թուրք-սիրիական սահմանային շրջաններում (հատկապես Աֆրինում) թուրքական հետախուզական ծառայության կողմից իրականացվում է զինյալների հավաքագրում, որոնք այնուհետև վերապատրաստում են անցնում թուրքական ճամբարներում և 3-6 ամսով ուղարկվում Լիբիա, ինչի դիմաց ստանում են Թուրքիայի քաղաքացիություն և բարձր վարձատրություն: Ընդ որում, Թուրքիայի քաղաքացիություն ստանալը բավական կարևոր շարժառիթ է Սիրիայում կռվող վարձկանների համար, քանի որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, նրանց զգալի մասը ծրագրում է սիրիական հակամարտության ավարտից հետո մշտական բնակություն հաստատել Թուրքիայում:
The Guardian պարբերականի համաձայն՝ սիրիացի զինյալները Լիբիայում ներառվում են Օմար ալ Մուխթար ջոկատում: Զինյալները 6-ամսյա պայմանագիր են կնքում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության, այլ ոչ թե թուրքական ուժերի հետ: Ի տարբերություն Սիրիայի, որտեղ զինյալներն ամսական 50-70 ԱՄՆ դոլար են ստանում, Լիբիայում նրանց խոստանում են 2000 ԱՄՆ դոլար վճարել: Առկա տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան նաև վճարում է վիրավորված զինյալների բժշկական ծախսերի համար, ինչպես նաև պարտավորվում է զոհվածների մարմինները տեղափոխել Սիրիա:
Հատկանշական է, որ Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայում գործող ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) հրամանատարներից մեկը թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է Սիրիայից դեպի Լիբիա զինյալների տեղափոխման փաստը՝ նշելով, որ նրանք «պատրաստ են գնալ այնտեղ, ուր անհրաժեշտ է»:
Լիբիական մամուլը պարբերաբար գրում է Ստամբուլից Տրիպոլի իրականացվող հաճախակի թռիչքների մասին՝ պնդելով, որ դրանք զինյալներ են տեղափոխում Սիրիայից: Թռիչքներն իրականացվում են Libyan Wings, Libyan Airlines, Afriqiyah Airways և Buraq Air ավիաընկերությունների կողմից: Ավելին, լիբիական Al Marsad լրատվական գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է ուղևորների գաղտնի ցուցակների գոյության մասին, որոնք Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հրաժարվում է հրապարակել:
Համացանցում նաև կարելի է բազմաթիվ տեսանյութեր գտնել, որտեղ երևում է, թե ինչպես են զինյալները զինվորական հագուստով ինքնաթիռով տեղափոխվում Լիբիա:
Անկարան և Տրիպոլին բազմիցս պաշտոնապես հերքել են Լիբիայում սիրիացի զինյալների ներգրավվածության փաստը։
- Լիբիայում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ակտիվ գործունեություն
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) փաստացի իրականացնում է թուրքական գործողությունների համակարգումը Լիբիայում։ Առանձին աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի հատուկ ծառայություններին է վստահված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջի պաշտպանությունը:
Լիբիայում MIT-ի գործունեության մասին վկայող բազմաթիվ փաստեր կան։ Դեռևս 2020 թ. հունվարին Թուրքիայի նախագահը հաստատեց, որ MIT-ն կատարում է իր պարտականությունները Լիբիայում: Ավելի ուշ արաբական լրատվամիջոցները գրեցին թուրքական հետախուզական ծառայության ղեկավարի Լիբիա պարբերական այցերի մասին։ Իսկ 2020 թ. հունիսին MIT ղեկավարը Լիբիա այցելած թուրքական բարձրաստիճան պատվիրակության կազմում էր, ինչը ևս մեկ անգամ վկայում է Լիբիայում թուրքական հետախուզական ծառայության ներգրավվածության բարձր մակարդակի մասին։
Ռազմական ներգրավվածությանը զուգահեռ՝ Թուրքիան ձգտում է առավելագույն դիվիդենտներ ստանալ նաև տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներում։ Հունիսի կեսերին Թուրքիայի արտգործնախարարի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆինանսների և պաշտպանության նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավարը, Լիբիայում կայացած բանակցությունների ընթացքում ԱՀԿ-ի հետ քննարկել է տնտեսության, անվտանգության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։ Առաջիկայում նախատեսվում է թուրքական բիզնես պատվիրակության այցը Լիբիա, որի ընթացքում նախատեսվում է առավել հստակ նախագծեր մշակել նավթի արդյունահանման, շինարարության, բանկային ծառայությունների և այլ ոլորտներում։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ թուրքական բարձրաստիճան պատվիրակության այցի ժամանակ կողմերը քննարկել են Լիբիայում թուրքական 2 ռազմաբազաների ստեղծման հարցը՝ մեկը ալ-Ուաթիյա ավիաբազայում, մյուսը՝ Միսուռատա ծովային բազայում։
Երկրորդ առանցքային հարցը եղել է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում նավթի և գազի որոնողական համատեղ աշխատանքների իրականացումը։ Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Անկարան նոր ռազմական համաձայնագիր է կնքել ԱՀԿ-ի հետ, որը փաստացի երաշխավորում է Լիբիայում թուրքական շահերի պաշտպանությունը։ Համաձայնագրով նախատեսվում է Լիբիայում թուրքական ռազմական բազայի ստեղծում և թուրքական անձնակազմին դիվանագիտական կարգավիճակի տրամադրում։ Այն Անկարային մայրաքաղաք Տրիպոլին և Ազգային համաձայնության կառավարությանը պաշտպանելու բացառիկ մանդատ է տալիս։
Լիբիայում Անկարայի գործողությունները հանգեցնում են «միջազգային հակաթուրքական կոալիցիայի» ձևավորման
Լ իբիայում օդային և ծովային մշտական ներկայությունը կարող է մեծապես ամրապնդել Թուրքիայի ռազմական և էներգետիկ դիրքերը ոչ միայն այս երկրում, այլև ողջ հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում։ Եվ հենց այստեղ է, որ հատվում են Ռուսաստանի, եվրոպական և արաբական մի շարք երկրների շահերը․ դա է պատճառը, որ նրանք բոլորն էլ ստեղծված իրավիճակում շահագրգռված են հրադադարի հաստատմամբ և թուրքական առաջխաղացման կասեցմամբ։
Թուրքիայի գործողությունները լրջագույն դժգոհություններ են հարուցել ԼԱԲ-ին աջակցող Եգիպտոսում, որի հարաբերություններն Անկարայի հետ վերջին տարիներին առանց այն էլ խիստ լարված են։ Եգիպտոսը հնարավոր բոլոր միջոցներով դիմադրում է իր ազդեցության ավանդական գոտի համարվող հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի, ինչպես նաև «Մուսուլման եղբայրների» դիրքերի ամրապնդմանը[3]։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եգիպտոսը վերջին տարիներին կարողացել է որոշակիորեն վերականգնել իր երբեմնի հեղինակությունն արաբական աշխարհում՝ կարելի է ակնկալել, որ Լիբիայի հարցում Եգիպտոսին կհաջողվի ստանալ արաբական երկրների մի մասի աջակցությունը։
Ռուսաստանը լիբիական հակամարտության սրացումից ի վեր մի կողմից ռազմական աջակցություն է ցուցաբերում ԼԱԲ ուժերին՝ ձգտելով մեծացնել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը ԼԱԲ-ի կողմից վերահսկվող շրջաններում, մյուս կողմից շարունակում է երկխոսությունը ԱՀԿ-ի հետ՝ չցանկանալով ապագայում կորցնել նրա հետ համագործակցելու և Լիբիայի վերականգնման փուլում լայնամասշտաբ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան հավակնում է կարևոր դերակատարում ունենալ լիբիական հակամարտության կարգավորման հնարավոր գործընթացում։
Թուրքական և ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը ծրագրում է ամրապնդել իր դիրքերը Սիրթ քաղաքից 300 կմ դեպի հյուսիս ընկած Ջուֆրա ավիաբազայում։ Աղբյուրի համաձայն՝ այժմ այստեղ ռուսական «Վագներ» ընկերության շուրջ 2000 վարձկաններ, ինչպես նաև МИГ-29 և СУ-24 տիպի ինքնաթիռներ կան։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը ծրագրում է այստեղ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի նմանությամբ բազա ստեղծել՝ զգալիորեն ամրապնդելով իր դիրքերը հյուսիսային Աֆրիկայում։ Սա է պատճառը, որ Սիրթ քաղաքը Ռուսաստանի համար ևս «կարմիր գիծ» է հանդիսանում։ Ռուս-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքն, ամենայն հավանականությամբ, հավասարապես պայմանավորված է լինելու ինչպես լիբիական հակամարտության համատեքստում, այնպես էլ Սիրիայում, մասնավորապես, Իդլիբում ընթացող հետագա զարգացումներով։
Լիբիայում և միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների արդյունքում զգալիորեն սրվել են Անկարայի և Փարիզի հարաբերությունները։ Եվրոպական երկրները, մասնավորապես, Ֆրանսիան, շարունակում են դիմադրել Թուրքիայի միջամտությանը Լիբիայում։ Վերջերս Ֆրանսիայի և Թուրքիայի ռազմական նավերի միջև գրանցված միջադեպի հետևանքով երկու երկրների միջև լարվածությունն ավելի է սրվել․ Փարիզը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հասնել Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի ճնշման մեծացման։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրները մեծապես անհանգստացած են հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հեռանկարով։
Լիբիայի հարցում Անկարան ամեն կերպ ջանում է հասնել Թուրքիա-ԱՄՆ համագործակցության[4]՝ հանդես գալով ԱՄՆ ակտիվացման և ԱՄՆ-ԱՀԿ հարաբերությունների ամրապնդման օգտին։ Տարեսկզբից լիբիական հակամարտության սրացման այս փուլում Միացյալ Նահանգները համեմատաբար պասիվ կեցվածք էր որդեգրել (հակամարտության տարբեր փուլերում ԱՄՆ-ը համագործակցել է հակամարտության տարբեր կողմերի հետ), սակայն վերջին շրջանում Վաշինգտոնն ակտիվանալու միտումներ է դրսևորում։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան կողմը լիբիական հակամարտությունը դիտարկում է նախևառաջ որպես Եվրոպայի խնդիր՝ պահպանելով «ակտիվ չեզոքություն»։
Թուրքիան հեռահար նպատակներ է հետապնդում միջերկրածովյան, հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում:
Լ իբիայում ռազմական միջամտության հիմքում ընկած Թուրքիայի շահերը կարելի է դիտարկել մի քանի հարթություններում, այդ թվում գաղափական, տնտեսական, աշխարհաքաղաքական։
- Գաղափարական
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը սերտ կապեր ունի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ, աջակցում է նույն կազմակերպության հետ կապված ԱՀԿ-ի մաս կազմող Լիբիայի «Արդարություն և կառուցում» կուսակցությանը։ Թուրքիան ձգտում է ամրապնդել «Մուսուլման եղբայրների» դիրքերը Լիբիայում՝ թույլ չտալով եգիպտական սցենարի կրկնություն՝ ամրապնդելով իր դիրքերն այս երկրում։ «Մուսուլման եղբայրներին» ամենատարբեր հարթություններում տրամադրվող աջակցությունը Լիբիայում թուրքական ներգրավվածության դեմ Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Արաբական Միացյալ Էմիրություններին համախմբող, թերևս, գլխավոր գործոնն է։
Միաժամանակ, Անկարան Լիբիայում իր գործողություններն արդարացնում է «օսմանցիներին պաշտպանելու իր պատմական առաքելությամբ»։ Պատահական չէ, որ Լիբիայում ռազմական ուժեր տեղակայելուց առաջ Թուրքիայի նախագահը հավաստիացնում էր, որ «Լիբիայում շուրջ մեկ միլիոն մարդ օսմանյան ծագում ունի, և Թուրքիայի պարտքն է պաշտպանել նրանց»։ Այս հայտարարությունն, իհարկե, մեծ «բացահայտում» էր լիբիացիների համար, ովքեր մինչ այդ կարծում էին, որ Լիբիայում թուրքական ծագում ունեցողների թիվը չի գերազանցում 100 հազարը։
Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիան և Կատարը վերջին տարիներին զգալի ջանքեր են գործադրում գաղափարական նոր առանցքի[5] ձևավորման ուղղությամբ՝ որպես հակակիշիռ սաուդամետ բլոկին։ Թուրքիան ձգտում է փոխարինել Սաուդյան Արաբիային իսլամական աշխարհում՝ առաջարկելով իսլամի և առաջնորդության իր մոդելը։ Եվ Լիբիայի հնարավոր ներգրավվածությունն այս նոր առանցքում ևս առաջնային նշանակություն ունի։
- Տնտեսական
Լիբիայում ռազմական հետակետ ունենալու Անկարայի նպատակները մեծապես կապված են արևելյան միջերկրածովյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի էներգետիկ շահերի հետ։ Տրիպոլիի հետ բացառիկ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքելով՝ Անկարան միաժամանակ փորձում է խոչընդոտել Հունաստան-Կիպրոս-Իսրայել համատեղ նախագծերը, որոնց նպատակն է միջերկրածովյան տարածաշրջանից գազը հասցնել Եվրոպա (այս երեք երկրները համաձայնագիր են ստորագրել ստորջրյա գազատարի կառուցման մասին (EastMed energy project)՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Լիբիայի հետ համաձայնության միջոցով գազ արդյունահանելու և գազատարներ կառուցելու հնարավորություն ստանալով՝ Թուրքիան փորձում է խոչընդոտել այս նախագծերի իրականացումը և տարածաշրջանում Իսրայելի դիրքերի ամրապնդմումը, որը 2019 թ.-ին Լևիաֆան գազատարի գործարկումից ի վեր արդեն իսկ զգալիորեն ամրապնդել է իր էներգետիկ դիրքերն այս տարածաշրջանում։ Իսկ Հունաստանի և Կիպրոսի հետ համաձայնագրերի կյանքի կոչման դեպքում Թել Ավիվի դիրքերն էլ ավելի կամրապնդվեն արևելյան միջերկրածովյան շրջանում։
Թուրքիայի տնտեսական շահերը Լիբիայում չեն սահմանափկվում միայն էներգետիկ հարցերով։ Դեռևս Մուամմար Կադաֆիի իշխանության շրջանում Թուրքիան ամուր տնտեսական հարաբերություններ էր կառուցել Լիբիայի հետ։ Առանձին աղբյուրների համաձայն՝ 1972-ից ի վեր միայն շինարարության ոլորտում թուրքական ընկերություններն ավելի քան 40 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր են կնքել Լիբիայի հետ։ Եվ այժմ ԱԿՀ-ի հետ ռազմավարական գործընկերության միջոցով Թուրքիան ձգտում է բավարար երաշխիքներ ստանալ, որ թուրքական ընկերություններն այսուհետ ևս զգալի առավելություններ կստանան Լիբիայի ենթակառուցվածքների վերականգնման, թուրքական արտադրանքների արտահանման, ինչպես նաև բանկային ոլորտներում։
Բացի այդ, Թուրքիայում ակնկալում են, որ Լիբիայի հետ տնտեսական համագործակցությունն առաջիկայում կօգնի նաև որոշակիորեն կանխել Թուրքիայի միջազգային պահուստների արագ անկումը։ Պատահական չէ, որ Լիբիայի Կենտրոնական բանկն արդեն 4 տարով 8 միլիարդ ԱՄՆ դոլար է ի պահ տվել Թուրքիայի Կենտրոնական բանկին։
- Աշխարհաքաղաքական
Անդրադառնալով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին՝ պետք է նշել, որ 2003 թ. իշխանության գալուց ի վեր Էրդողանը նպատակ է հետապնդում ամրապնդել Թուրքիայի միջազգային հեղինակությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։ Եվ եթե մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների հիմքում ընկած էր «զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը, ապա միջերկրածովյան տարածաշրջանում գերակայություն ապահովելու համար Էրդողանը որդեգրել է «Կապույտ հայրենիք» (Blue Homeland) ռազմավարությունը։ Այս դոկտրինի առաջին փաթեթը նախատեսում է Թուրքիայի գերակայություն Էգեյան ծովում, Միջերկրական ծովի զգալի մասում և Սև ծովի շրջանում[6]։ Պատահական չէ, որ վերջին տարիներին Թուրքիան աննախադեպ ներդրումներ է անում նավատորմի զարգացման ուղղությամբ։
Եվ եթե Էրդողանի կառավարման սկզբնական շրջանում նախանշված նպատակներին հասնելու համար հիմնականում գործի էին դրվում փափուկ ուժի գործիքները, ապա վերջին տարիներին Անկարան չի խորշում ավելի ագրեսիվ գործողություններից։ Բավական է հիշել Թուրքիայի միջամտությունը Սիրիայում և Իրաքում, տարածաշրջանային երկրներում քրդերի դեմ իրականացվող գործողությունները, տարածաշրջանում (Կատար, Սուդան, Սոմալի) ռազմական բազաների հիմնումը և այլն։
Լիբիան այս շղթայի հերթական օղակն է, որն առանձնահատուկ կարևորություն ունի Թուրքիայի համար։ Եվ կարելի է կանխատեսել, որ առաջիկայում Թուրքիայի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում ավելի բացահայտ և ագրեսիվ բնույթ է ստանալու։
[1] Bloomberg գործակալության տվյալներով՝ ռուսական ուժերը զգալի ռազմատեխնիկական աջակցություն են տրամադրում ԼԱԲ-ին, ինչպես նաև ուղղակի ներգրավվածություն ունեն ռազմական գործողություններում։ Գործակալության տվյալներով ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 800-1200 վարձկաններ Լիբիայում կռվում են ԼԱԲ-ի օգտին, այդ թվում՝ առաջնագծում գործող 39 ռուս դիպուկահար։ Տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի կողմից ևս 2000 զինյալներ տեղափոխվել են Սիրիայից Լիբիա՝ Հաֆթարի ուժերին աջակցելու համար։ Մայիսի 18-ին ԱՀԿ-ի կողմից գրավված ավիաբազայում ռուսական Pantsir համակարգեր են ոչնչացվել, որոնք Լիբիա էին տեղափոխվել ԱՄԷ-ից։
[2] Այս հուշագիրը ի հայտ է բերել Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի և Իսրայելի դժգոհությունը, որոնք ներգրավված են Արևելյան Միջերկրածովում համատեղ էներգետիկ նախագծերում։ Այս հուշագրի արդյունքում լրջորեն սրվել են նաև մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Եգիպտոսի, Հունաստանի, ԱՄԷ-ի, Կիպրոսի և Ֆրանսիայի հարաբերությունները։ Մայիսի 11-ին հնգյակը համատեղ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Թուրքիայի և ԱՀԿ-ի միջև 2019-ին ստորագրված համաձայնագրերը հակասում են միջազգային իրավունքին և խախտում տարածաշրջանի կայունությունը։ Ի պատասխան՝ Անկարան մեղադրեց նրանց տարածաշրջանում անկայունություն տարածելու մեջ՝ հավելելով, որ Ֆրանսիան փորձում է այս «չարիքի առանցքի հովանավորը» լինել։
[3] Հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանը հաստատեց «Եգիպտոսի սահմաններից դուրս եգիպտական զինված ուժերի տեղակայումը»։ Ավելի վաղ՝ հուլիսի 14-ին, Հաֆթարի հետ կապված Ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) հավանության էր արժանացրել Եգիպտոսի ուղղակի ռազմական միջամտությունը Լիբիայում։ Հունիսի 20-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ «Եգիպտոսի ցանկացած ուղղակի միջամտություն Լիբիայում պետք է դիտարկել որպես քայլ, որն օժտված է միջազգային օրինականությամբ, և այդ իրավունքը հիմնված է Եգիպտոսի սահմանները ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ»։
[4] Թուրքիայի արտգործնախարարի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել Լիբիայում։ Երկու երկրների արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին և հետախուզական ծառայություններին հանձնարարվել է համագործակցել և համակարգել իրենց գործողություններն այս հարցում։
[5] Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում 2019 թ. դեկտեմբերին անցկացված Իսլամական գագաթաժողովը թուրք-կատարական ջանքերի, թերևս, ամենաակնհայտ վկայություն է։
[6] Դոկտրինի երկրորդ փաթեթը նախատեսում է Թուրքիայի գերակայություն Կարմիր, Կասպից և Արաբական ծովերում, ներառյալ Պարսից ծոցը: