Ինչո՞ւ է «կանաչում» Սևանը

5 ր.   |  2020-07-28

Պարզաբանում են փորձագետները

#Orbeli_Interview

Ա ռաջին անգամ չէ, որ բնապահպաններն ամռանն ահազանգում են, որ Սևանա լիճը «կանաչում է»։ Ամենաքննարկված թեմանների շարքում այսօր առավել քան օրակարգային է Սևանի հիմնախնդիրը, որը երկարաժամկետ արմատական և խորքային լուծումներ է պահանջում։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ կապտականաչ ջրիմուռների ակտիվություն դիտարկվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր Սևանի տարբեր հատվածներում։ Արձանագրվել է նաև, որ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի փոփոխության հիմնական պատճառները ձմռանից սկսած ջրի բարձր ջերմաստիճանն է ու ֆոսֆորի բարձր տոկոսը:


ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կայքէջից

Հարկ է նշել նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» ծրագիրը, որի ֆինանսավորման համար դիմել են ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին, և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո։

Համապատասխան գերատեսչությունները փորձում են լուծման մեխանիզմներ ներդնել առաջացած խնդիրները վերացնելու և ռիսկերը գնահատելու համար, իսկ թե որքանով է այն հաջողվում և ինչ հետևանքների կարող է հանգեցնել, «Օրբելի» վերլուծական կենտրոնը փորձել է պարզել ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանից։

Որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնական պատճառները, որ հանգեցնում են Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացմանը և ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել այն։

Էվելինա Ղուկասյան — Սևանա լճի «ծաղկումը» կապտականաչ ջրիմուռներով բավականին բարդ գործընթաց է, որը պայմանավորված է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ: Ծաղկման հիմնական պատճառն օրգանական նյութերով լճերի աղտոտումն է: Օրգանական նյութերի աղբյուր կարող են ծառայել ջրհավաք ավազանի բնակավայրերից գետերի միջոցով լիճ լցվող կենցաղային, գյուղատնտեսական հոսքաջրերը, ջրածածկ ծառերն և խոտաբույսերը, ափին կառուցված սննդի օբյեկտների և հանգստյան տների կոյուղաջրերը: Օրգանական նյութ շրջանառության մեջ կարող է մտնել նաև հատակից, ջրի մակարդակի իջեցման դեպքում: Օրգանական նյութ կարող է լցվել ափին գտնվող ձկնային տնտեսություններից: Եվ, ի վերջո, օրգանական նյութերով լիճը կարող է հարստանալ լճում եղած բուսական և կենդանական մահացած օրգանիզմների հաշվին: Մի խոսքով՝ աղտոտվածության աղբյուրները շատ են, և դրանցից յուրաքանչյուրը ջրիմուռների բուռն աճի պատճառ է:

Լճի ծաղկման գործընթացը ակտիվանում է նաև կլիմայական գործոնների ազդեցությամբ. ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է կապտականաչ և կանաչ ջրիմուռների բուռն աճին:

Ջ րիմուռների աճը բացասական երևույթ է: Այն նպաստում է էվտրոֆացման երևույթների խորացմանը և ջրի որակի վատացմանը: Կապտականաչ ջրիմուռների շարքում կան տեսակներ, օրինակ Anabaena flos-aquae-ն, որոնք արտադրում են մարդկանց առողջության համար վտանգավոր տոքսիններ՝ առաջացնելով ալերգիա, մաշկային բորբոքում և այլն: Ջրիմուռները մահանալուց հետո կուտակվում են լճի հատակին և այդ հսկայական ծավալի լրացուցիչ օրգանական նյութը քայքայվելով՝ մեծ քանակի թթվածին է խլում, վատացնելով կենդանիների թթվածնային պայմանները: Օրգանական աղտոտվածության պայմաններում կենդանիների շրջանում տարածվում են տարբեր սնկային հիվանդություններ՝ պատճառ դառնալով կենսառեսուրսների կրճատմանը:

— Ինչպիսի՞ն է վիճակն այս տարի, արդյո՞ք լիճը կարող է կանգնել ավելի լուրջ խնդիրների առջև։

Է. Ղ. — Բարձր ջերմաստիճանի պատճառով նախորդ տարի ծաղկման երևույթներն ավելի բուռն էին: Այս տարի Սևանա լճում «ծաղկման» երևույթները սկսվել են մի փոքր ուշ, ինչը հավանաբար պայմանավորված է նախորդ տարիների համեմատ օդի և ջրի համեմատաբար ցածր ջերմաստիճանով։ Եթե նախորդ տարին երևույթը սկսվել էր հունիսի երկրորդ կեսին, ապա այս տարի առաջին նշանները նկատվեցին հուլիսի առաջին տասնօրյակին: 2018թ.-ից ի վեր, ֆիտոպլանկտոնի բարձր քանակական արժեքները պայմանավորված են հիմնականում կապտականաչ ջրիմուռների զարգացումով: Ընդ որում, «ծաղկման» երևույթներն առավել ակտիվ են ընթանում  ափամերձ հատվածներում և լճախորշերում՝ հետագայում տարածվելով խորքային հատվածներում:

Կապտականաչների աճը ֆիտոպլանկտոնում եղել է աստիճանաբար, առավելագույն ցուցանիշը նկատվել է հուլիսին։ Վերջին տարիներին լճում ծաղկում են առաջացրել Anabaena ցեղին պատկանող տեսակները։ Հուլիսի 7-ին (ծաղկման սկիզբ) վերցրած նմուշներում, Anabaena flos-aquae տեսակի առավելագույն զարգացում է նկատվել Սևանա լճի Լիճք և Շորժա տեղամասերում։ Արդեն հուլիսի 20-ին լճում արձանագրվել է ջրիմուռների բուռն «ծաղկում»: Հետազոտությունները շարունակվում են: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում հնարավոր է «ծաղկման» երևույթների ակտիվացում: Նախորդ տարվա համեմատ, իրավիճակն այս տարի համեմատաբար ավելի բարվոք է:

«Ծաղկման» երևույթ գրանցվել է լճի տարբեր տեղամասերում առանձին կուտակումների, շերտերի ձևով, որոնք ալեկոծության, անձրևների և քամու ազդեցության տակ, ցրվել են: Նախորդ տարվա համեմատ լճի «ծաղկումը» դեռևս համատարած բնույթ չի կրում: 

— Արդյո՞ք ձկնապաշարի, մասնավորապես` խեցգետնի վերջին տարիներին էական կրճատումը կարող է պատճառ լինել Սևանա լճի այս իրավիճակին։

Է. Ղ. —Ինչպես արդեն ասացի, հիմնական պատճառն օրգանական նյութի ավելացումն է, սակայն պակաս կարևոր դեր չունեն նաև լճի ինքնամաքրման գործին մասնակցող կենդանի օրգանիզմները: Բնականաբար, սննդային փոխհարաբերությունների խախտումը նույնպես վատացնում է լճի վիճակը: Խեցգետինը հայտնի է որպես ջրամբարների սանիտար, քանի որ հիմնականում սնվում է հատակի քայքայվող մնացորդներով: Վերջինիս քանակի կրճատման արդյունքում մի մաքրող օղակ դուրս է մնում: Ձկների քանակի կրճատման դեպքում լճում լիովին չի օգտագործվում կերային բազան, որը հետագայում մահանալով ավելացնում է օրգանական նյութի քանակը:

— Արդյո՞ք այս տարի գործող խեցգետնի որսի արգելքը ինչ–որ կերպ կարող է բարելավել խեցգետնի պաշարների նվազման խնդիրը և որքանո՞վ է իրատեսական անօրինական որսի վերահսկողությունը։

Է. Ղ. — Ցավոք Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ լճում խեցգետնի պաշարները շարունակում են կրճատվել, ինչին նպաստում է ոչ միայն որսագողությունը, այլև կենդանիների շրջանում տարածված ժանգախտ հիվանդությունը:

Կարծում եմ՝ որսի արգելքը հազիվ թե որևէ էական փոփոխություն մտցնի իրավիճակի մեջ: Անօրինական որսը կդադարի այն դեպքում, երբ այն արդեն շահութաբեր չի լինի որս կատարողների համար:

— Որոնք են, Ձեր կարծիքով, այն անհրաժեշտ և հրատապ քայլերը, որ պետք է ձեռնարկվեն առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար։

Է. Ղ. — Խիստ հսկողություն աղտոտման աղբյուրների նկատմամբ: Ափամերձ տարածքների մաքրում և լճի մակարդակի բարձրացում: Մաքրման կայանների կառուցում: Որսագողության դեմ անխնա պայքար: Ճիշտ որսագործիքների ընտրություն: Ազգային պարկի ներքին կարողությունների հզորացում և հսկողության նկատմամբ պատասխանատվության մեծացում: Այս թեմաները այնքան են քննարկվել, որ ցանկություն չկա կրկնվելու:

— Ինչպե՞ս կգնահատեք ոլորտը կարգավորող մարմինների գործողությունները, որքանո՞վ ենք դրանք համաչափ և բավարար ստեղծված իրավիճակում։

Է. Ղ. — Ցանկություն կա բարեփոխում կատարելու, հնարավորությունները սահմանափակ են․ խնդիրները շատ են, բազմակողմանի և արմատական լուծումներ պահանջող: