Իրան-Թուրքիա. երկկողմ ներդրումներ

7 ր.   |  2020-07-21

Թուրքական բիզնես կազմակերպություններն ու գործարարներն իրանական շուկայով հետաքրքրություն ցուցաբերեցին 1990-ական թվականներին, ինչը պայմանավորված էր Իրանի տնտեսական քաղաքականությամբ, որը ձգտում էր ներգրավել միջազգային ներդրողներին։ Բացի այդ, 1996թ. Իրանի և Թուրքիայի միջև «Փոխադարձ ներդրումների խրախուսման և դրանց պաշտպանության» վերաբերյալ պայմանագրի կնքումից հետո նոր հնարավորություններ ստեղծվեցին թուրք-իրանական տնտեսական հարաբերություններում։ Թուրքիայի ներդրումներն ավելի տեսանելի դարձան 2000-ական թթ., երբ թուրքական ընկերությունների ներկայությունն իրանական շուկայում զգալիորեն ավելացավ։

Ի րանական պաշտոնական աղբյուրների համաձայն Իրանի տարբեր ոլորտներում 1996-2014թթ. Թուրքիան կատարել էր $1.3 մլրդ. ներդրում[1]։ 2018թ. Անկարայում կազմակերպված Թուրքիա-Իրան գործարար ֆորումին Էրդողանը հայտարարեց, որ թուրքական 77 ընկերություն Իրանում արդեն կատարել է $1.5 մլրդ. ներդրում և առաջիկայում նախատեսում են իրականացնել համատեղ ներդրումային նոր նախագծեր։

Թուրքական ընկերությունները ներդրումներ են կատարել գլխավորապես արդյունաբերության, արտադրության, էներգետիկ և շինարարության ոլորտներում[2] ։

Այսպես, պարարտանյութի արտադրությամբ զբաղվող թուրքական առաջատար «Gübretaş» ընկերությունը 2008թ. ձեռք բերեց իրանական «Razi Petrochemicals» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Հայտնի չէ, թե որքան գումար է ներդրված, սակայն ընկերության կայքում նշված է, որ արդյունաբերության ոլորտում Թուրքիայի սահմաններից դուրս կատարված ամենախոշոր ներդրումն է եղել։

Թուրքական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել նաև Իրանի անշարժ գույքի և զբոսաշրջության ոլորտում։ 2016թ. թուրքական «Kaya» ընկերությունն իրանական գործընկեր «Eromi»-ի հետ Թավրիզում հիմնեց «Kaya Laleh Park Hotel» հյուրանոցային համալիրն ու առևտրային կենտրոնը։

Եվս մեկ թուրքական ընկերություն «Kuzu Grup»-ը՝ 2010թ. սկսած Թեհրանում կառուցում է (նախատեսվում է մոտ 57 հզ. շինության կառուցում)  հանրային նշանակության շինություններ՝ դպրոցներ, սպորտային համալիրներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ և այլն։[3]

2011թ. հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դստեր՝ Զեյնեփ Օզալի ներդրումային ընկերությունը մի շարք շինարարական նախագծեր է իրականացնում Իրանում։ 2011թ. դրությամբ ընկերությունն Իրանում կատարել էր 56 մլն. դոլարի ներդրում և նախատեսում էր այն հասցնել 400 մլն.-ի՝ բազմահարկ առևտրային կենտրոնների կառուցման և սննդի սպասարկման ոլորտում։

Թ ուրքական ընկերությունները ներդրումներ են կատարում նաև էներգետիկ ոլորտում։ Մասնավորապես, թուրքական «Unit International» ընկերությունը 2016թ. 4.2 մլրդ. դոլարի պայմանագիր ստորագրեց Իրանի էներգետիկայի նախարարության հետ, որով նախատեսվում էր բնական գազով աշխատող 4 էլեկտրակայանի կառուցում։ 2018թ. տվյալներով դրանցից երկուսի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում էին։ Մինչ այդ ընկերությունը կառուցել էր Ռուդեշուրի էլեկտրակայանը։ Հավելենք, որ «Unit International»-ը 2017թ. իրանական «Zarubezhneft and Iran’s Ghadir» ներդումային հոլդինգի հետ ստորագրել է $7 մլրդ. պայմանագիր՝ նավթի և բնական գազի արդյունահանման հնարավորությունների հետազոտության վերաբերյալ[4]։

2011թ. թուրքական «Hayat Chemicals» ընկերությունն Իրանի Զանջան նահանգի Աբհար քաղաքում կառուցեց հիգիենայի պարագաներ արտադրող գործարան։ Այս գործարանն օգտագործում է ամենաարդիական և առաջատար տեխնոլոգիաներ՝ թուրք մասնագետների հսկողության ներքո: 2012թ. ընթացքում կատարված լրացուցիչ ներդրումների միջոցով արտադրում է նաև մաքրող միջոցներ:[5]

Թուրքական ընկերությունները հետաքրքված են նաև Իրանի լոգիստիկ հնարավորություններով. «Ekol Logistics» ընկերությունը Իրանի Ղազվին քաղաքում 2017թ. հիմնել է լոգիստիկ կենտրոն (Saffron Logistics Center)՝ 22 մլն. դոլար նախնական ներդրումով։ Ընկերությունը նպատակ ունի այն դարձնել Մերձավոր Արևելքի առաջատար հանգույցներից մեկը[6]:

Չնայած որոշ ընկերությունների հաջողությունների՝ միշտ չէր, որ ներդրումային նախագծերը հաջողությամբ էին պսակվում։ Այդպիսի օրինակ է թուրք-ավստրիական «TAV» (TAV Airports Holding) կոնսորցիումի և «Turkcell»-ի ներդրումային նախագծերը։

«TAV»-ը հաղթել էր Թեհրանի միջազգային օդանավակայանի (IKIA) կառուցման մրցույթը, սակայն, 2004թ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փակեց օդանավակայանը՝ մեղադրելով ընկերությանը Իսրայելի հետ համագործակցելու համար։ Նմանատիպ մեղադրանք ներկայացվեց նաև «Turkcell»-ին, որը հաղթել էր Իրանում բջջային հեռախոսակապի առաջին մասնավոր օպերատորի ստեղծման մրցույթը ու նախատեսում էր կնքված պայմանագրի շրջանակներում կատարել $3 մլրդ. ներդրում։ Պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց Իրանի խորհրդարանն ընդունեց նոր օրենք, որով կասեցվեց դրա իրագործումը։[7]

Իրանական ներդրումները

Իրանական ընկերությունները ևս հետաքրքրված են թուրքական շուկայով։ Իրանի նկատմամբ միջազգային ճնշումները ստիպեցին այդ երկրի որոշ գործարարների համագործակցել Թուրքիայի հետ և տեղափոխել սեփական բիզնեսը։ Ուշագրավ է, որ 2002թ. Թուրքիայում առկա էր իրանական կապիտալով 319 ընկերություն, սակայն տարեցտարի դրանց թիվն ավելացել է։

Պ աշտոնական տվյալներով 2020թ. Թուրքիայում գրանցված է $50-150հազ. նախնական կապիտալով 6285 իրանական ընկերություն։ Այս ցուցանիշով Իրանը երրորդ տեղում է Սիրիայից և Մեծ Բրիտանիայից հետո, որոնք Թուրքիայի տարածքում ունեն համապատասխանաբար՝ 12737  և 7853 ընկերություն։ Չնայած իրանական կապիտալով հազարավոր ընկերությունների առկայությանը՝ ուղիղ ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ 2002-2020թթ. (հունվար) կազմել են ընդամենը $106 մլն.: Ընդ որում, $101 մլն. կատարվել է 2006-2010թթ.-ին, մնացածը՝ վերջին հինգ տարիներին։[8]

Թուրքիայում ներդրումներ կատարող իրանական ընկերություններն առավել ակտիվորեն ներգրավված են մեծածախ և մանրածախ առևտրում, անշարժ գույքի վաճառքի, սննդի արդյունաբերության և սպասարկման ոլորտում[9]։

Հատկանշական է, որ իրանցիները վերջին տարիներին ներդրումներ են կատարում հատկապես անշարժ գույքի ոլորտում։ 2020թ. հունվար-ապրիլ ամիսներին իրանցիները Թուրքիայում գնել են երկու հազարից ավելի անշարժ գույք՝ առաջ անցնելով Իրաքից, որը երկար տարիներ Թուրքիայում անշարժ գույքի առաջատար գնորդներից էր։[10]

Հաշվի առնելով զբոսաշրջության գործոնը՝ Իրանի քաղաքացիները, նախընտրում են անշարժ գույք գնել Անթալիայում, ինչպես նաև Ստամբուլում և Իզմիրում պայմանավորված տեղի տնտեսական հնարավորություններով[11]։ 

Ի նչ վերաբերում է խոշոր ներդրումներին, ապա իրանական կողմը ներդրումային մի շարք առաջարկներ է ներկայացրել, կնքել հուշագրեր, սակայն, դեռևս տեսանելի արդյունքներ, այս առումով, չկան։ Մասնավորապես, 2010թ. իրանական ամենախոշոր ավտոմոբիլաշինական ընկերությունը՝ «Iran Khodro»-ն, թուրքական «Hattat Holding»-ին պատկանող «Hema Endüstri»-ի ընկերության հետ կնքեց հուշագիր, որով նախատեսվում էր Թուրքիայում հիմնել ավտոմեքենաների արտադրության համատեղ ընկերություն։ Նախնական պայմանավորվածությամբ կողմերը ներդնելու էին $272 մլն, սակայն այս նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։[12]

Անցյալ տարեվերջին «Iran Khodro»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆ. Մոքիմին հայտարարեց, որ իրենք ցանկանում են Վանի արդյունաբերական գոտում կառուցել ավտոմոբիլաշինական գործարան, որտեղ կաշխատեն 800-1000 հոգի։ Նախնական գնահատականներով ներդնելու են $150-200 մլն.։

Վերջին տարիներին իրանցի ձեռնարկատերերը ներդրումներ են կատարում նաև Վանի նահանգում. Վանի համալսարանի տեխնոպարկում իրանական մի ընկերություն հիմնել է մալուխների պահեստարան։ Մեկ այլ ընկերությունն էլ նախատեսում է առաջիկայում ներդրումներ կատարել դեղագործության ոլորտում։[13]

Իրանական որոշ ձեռնարկություններ ստեղծվել են թուրքական կամ Թուրքիայում գործող արտասահմանյան այլ ընկերությունների հետ համատեղ, ինչպես օրինակ շվեդ-իրանական «AKINBEY»-ը՝ սննդի արտադրության ոլորտում և մետաղական առարկաների արտադրությամբ և վաճառքով զբաղվող թուրք-իրանական «RMMD METAL»-ը։

Չնայած ներդրումային ցածր ակտիվությանը՝ ակնկալվում է, որ առաջիկա տարիներին իրանական ընկերությունների ներդրումները Թուրքիայում կհասնեն $ 5 մլրդ.-ի[14]։


[1] Boylu  E.,Çangal  O., Yabancılara  Türkçe  Öğretiminde  Dil  İhtiyaç Analizi: İran Örneği, International Journal of Language Academy, Volume 2/4 Winter, 2014 p. 147 

[2]Turkish companies eager for investment in Iran’

[3] Kuzu Grup İran’daki dev ihaleyi kazandı!

[4] Iran: Turkish energy company Unit International to build two natural gas combined cycle power plants

[5] http://www.parshayat.ir/eng/?Page=1&id=9

[6] Ekol, İran’ı Avrupa’ya 10 günde bağlamaya hazırlanıyor

[7] F. Stephen Larrabee, Alireza Nader, Turkish-Iranian Relations in a Changing Middle East, RAND National Defense Research Institute, p. 33, և Atay Akdevelioğlu, Türk Şirketlerinin Iran’da Yatirim Girişimleri, Tav Ve Turkcell Örnekleri, s. 145-148

[8] Տես, Uluslararası Doğrudan Yatırım İstatistikleri

[9] Iranians Top List of Foreign Investors in Turkey

[10] İranlılar Türkiye'den konut alımında 1. sırada: ‘Türkiye, İran vatandaşları için cazibe merkezi’

[11] Иранцы и иракцы лидируют по покупке недвижимости в Турции

[12] Turkey, Iran to jointly produce car in Turkey 

[13] İran’dan Van’a 100 milyonluk yatırım

[14] Türkiye’ye en fazla doğrudan sermaye yatırımını İran yapıyor