Ռուս-լեհական հարաբերությունները
9 ր. | 2020-07-20Ռուսաստանի արտաքին քաղաքականության առավել խնդրահարույց ուղղություններից մեկը Լեհաստանի հետ հարաբերություններն են։ Պատմականորեն երկու երկրների միջև բարդ փոխհարաբերությունները շարունակվում են մինչ հիմա՝ օր-օրի ավելի սրվելով։ Պաշտոնական Մոսկվան նշում է, որ ռուս-լեհական ներկայիս հարաբերությունները ամենացածր մակարդակում են, ինչը պայմանավորված է ինչպես Ռուսաստանի հակաուկրաինական քաղաքականությամբ, այնպես էլ պատմությունից եկող դաժան իրադարձություններով, մասնավորապես՝ Կատինի ողբերգությամբ, որը երկար ժամանակ ռուս-լեհական հարաբերությունների խնդրահարույց հարցերից է։
Կատինի գնդակահարությունը
Կ ատինի գնդակահարությունը ռուս-լեհական հարաբերությունների ամենացավոտ էջն է։ Լեհաստանի նախկին նախագահի խոսքերով՝ այն միշտ կմնա լեհերի ազգային հիշողության մեջ։
Ոճրագործությունը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1939թ.-ին, երբ ֆաշիստական Գերմանիան գրավում է Լեհաստանը, ռուսական Կարմիր բանակն մտնում է Լեհաստան՝ հայտարարելով, որ այլևս չի կարող չեզոք մնալ, քանի որ հարցը վերաբերում է Լեհաստանի արևելքում ապրող բելառուսների և ուկրաինացիների անվտանգությանը։ Գործողության ընթացքում ռուսական բանակը գերի է վերցնում ավելի քան 130 հազար լեհի, սակայն մեծամասնությանը շատ արագ ազատում է։ Մնում են միայն Ստարոբելսկու, Օստաշկովսկու և Կոզելսկու ճամբարներում կենտրոնացած լեհ սպաներն ու պաշտոնյաները, որոնց ճակատագիրը որոշվում է Ստալինին ուղղված Բերիայի նամակով։ Նա առաջարկում է ճամբարներում գտնվող լեհերին մահապատժի ենթարկել։ Մարտի 5-ին ԽՄԿԿ կենկոմի քաղբյուրոն ընդունում է առաջարկը։ Գնդակահարությունը տեղի է ունենում ճամբարներից ոչ հեռու Կատինի անտառում։ ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Նիկիտա Խրուշչովի ՊԱԿ-ի ղեկավար Ալեքսանդր Շելեպին ուղարկված նամակում նշում է, որ սպանվել է 21857 լեհ։
Սակայն հանցագործության իրական մեղավորները բացահայտվեցին միայն 1990թ.-ին. մինչ այդ Սովետական Միությունը հայտարարել էր, որ մահապատիժն իրականացրել է ֆաշիստական Գերմանիան։
1990թ.-ի ապրիլի 13-ին, Մոսկվայում Միխայիլ Գորբաչովի և Լեհաստանի նախագահ Վոյցեխ Յարուզելսկու հանդիպման ժամանակ, Գորբաչովը նրան է փոխանցում փաստաթղթեր, որտեղ նշված էր, որ Կատինի գնդակահարությունը իրականացրել է ԽՍՀՄ-ի Ներքին գործերի ժողկոմը։ Հանդիպումից անմիջապես հետո «ТАСС» գործակալությունը հրապարակեց, որ Խորհրդային կողմը խորին ափսոսանք հայտնելով Կատինի ողբերգության կապակցությամբ, հայտարարում է, որ այն եղել է ստալինիզմի ծանր հանցագործություններից մեկը: Հետագայում հանցագործությունը Ստալինի անվան հետ է կապում նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ շեշտելով, որ հնարավոր է Ստալինը վրեժ է լուծել Լեհաստանից, 1920թ.-ին ռուս-լեհական պատերազմում գերեվարված խորհրդային ռազմագերիների մահվան համար։
1992թ.-ին Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան ստանում է ԽՍՀՄ տարածքում զոհված լեհ սպաների ճակատագրի մասին արխիվային փաստաթղթերի, ինչպես նաև Բերիայի՝ Ստալինին ուղղված նամակի պատճենները։ 1993-ին Բորիս Ելցինը Վարշավայում հրապարակայնորեն ներողություն է խնդրում լեհ ժողովրդից։
Կատինի գործը երկար ժամանակ մնում է ռուս-լեհական հարաբերությունների սեղանին։ Լեհաստանը փորձում էր հարցին իրավական լուծում տալ։ 1990թ.-ին լեհ զինվորների գերեզմանների հայտնաբերման հետ կապված քրեական գործ է հարուցվում՝ ուղարկվելով գլխավոր ռազմական դատախազություն, և կարճվում է 2004 թ.-ին։ 2009թ.-ին լեհական կողմը Մոսկվայից պահանջում է քրեական գործի բոլոր նյութերը, որոնք ամբողջությամբ փոխանցվում է 2010թ.-ին։
Կատինի գործը հայտնվում է նաև ՄԻԵԴ-ում։ 12 զոհված ռազմագերիների 15 հարազատները հայց են ներկայացնում Ռուսաստանի դեմ ոչ արդյունավետ հետաքննության և զոհերի հարազատների պահանջների անտեսման պատճառով, որին ի պատասխան 2012թ.-ին ՄԻԵԴ-ը Կատինի գնդակահարությունը ճանաչեց ռազմական հանցագործություն։ Սակայն, դատարանը չսկսեց հետքաննություն, քանի որ, Ռուսաստանում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուժի մեջ է մտել 1998թ.-ին, երբ արդեն «լեհ ռազմագերիների մահը հաստատված պատմական փաստ էր, և նրանց ճակատագրի հետ կապված որևէ երկիմաստություն չկար»:
Ռուս-լեհական հարաբերությունները մինչև 2014-ը
Խ ՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը և Լեհաստանը կնքեցին «Համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների» մասին պայմանագիր, սակայն Վարշավան հենց սկզբից էլ բռնեց Արևմուտքի ճանապարհը. արդեն 1999թ.-ին երկիրը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Չնայած արևմտամետ քաղաքականությանը՝ Լեհաստանն ակտիվ առևտրային հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի հետ՝ հատկապես էներգետիկ ոլորտում։ 1993թ.-ին երկու երկրները ռուսական գազի մատակարարման պայմանագիր կնքեցին, իսկ արդեն 1994թ.-ին պայմանավորվեցին «Յամալ-Եվրոպա» գազատարի կառուցման շուրջ, որը Լեհաստանի տարածքով գազ էր հասցնելու Գերմանիա։ Այն այժմ չի գործում լեհական հատվածի օգտագործման վերաբերյալ պայմանագրի ավարտի պատճառով։
Երկկողմ հարաբերություններում հակասություններ առաջացան 2004թ.-ին, երբ Լեհաստանը համաձայնեց ամերիկյան հակահրթիռային պաշտպանության կայաններ տեղադրել իր տարածքում, որը ռուսական կողմը համարեց սպառնալիք իր անվտանգությանը։ Նախագահ Պուտինը հայտարարեց, որ այն «խաթարում է ուժերի հավասարակշռությունը», որի վերականգման համար Ռուսաստանը ստիպված կլինի զարգացնել նոր հարձակողական զենքեր: Չնայած Մոսկվայի զգուշացումներին՝ ԱՄՆ-ն և Լեհաստանը չհրաժարվեցին նախագծից: 2008թ.-ի օգոստոսի 14-ին Վաշինգտոնը և Վարշավան ստորագրեցին հակահրթիռային պաշտպանության ռազմակայան տեղակայելու համաձայնագիր, որի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2022թ.-ին:
Չնայած այս խնդրին՝ ռուս-լեհական հարաբերությունների լավագույն տարինները կարելի է համարել 2007- 2010թթ., երբ վարչապետ դարձավ Դոնալդ Տուսկը, որը որդեգրել էր Ռուսաստանի հետ նոր քաղաքականություն։ Նա փորձեց բարելավել Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները: Տուսկը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման պայմանները քննարկել Ռուսաստանի հետ։ 2008թ.-ին Տուսկը ժամանեց Մոսկվա, որտեղ կողմերի որոշմամբ ստեղծվեց ռուս-լեհական հարաբերությունների բարդ հարցերի լուծման խումբ, որի աշխատանքները մինչ օրս ընդհատված են։
Սմոլենսկի աղետը
Ռ ուս-լեհական հարաբերություններում «խառնաշփոթ» ստեղծվեց 2010թ.-ին՝ Սմոլենսկի ավիաղետից հետո։ Ողբերգությունը մի կողմից միավորեց երկու երկրներին, մյուս կողմից՝ դարձավ առիթ ռուսական կողմի մեղադրելու համար։
Տու-154 ինքնաթիռի ավիավթարը պատմության մեջ ամենամեծն է, որի ընթացքում մահացել է մոտ 88 պաշտոնատար անձ։ Օդանավում էին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, լեհ քաղաքական գործիչները, գրեթե ամբողջ բարձրագույն ռազմական հրամանատարությունը և հասարակական ու կրոնական գործիչներ։ Նրանք մասնավոր այցով մեկնում էին Ռուսաստան՝ մասնակցելու Կատինի դեպքերի 70-րդ տարելիցի միջոցառումներին։
Ավիաաղետից հետո սկսվեց հետաքննություն. Ռուսաստանի միջպետական ավիացիոն կոմիտեի հետաքննության վերջնական տարբերակում ավիավթարի պատճառ համարվեց անձնակազմի սխալ գործողությունները և նրանց վրա հոգեբանական ճնշումը։ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը նույնպես վթարի պատճառ ճանաչեց անձնակազմի սխալը՝ մատնանշելով Սմոլենսկ օդանավակայանի դիսպետչերների տեխնիկական աջակցության թերացումները։
Սմոլենսկում վթարի ենթարկված Տու-154
Չնայած այս ուսումնասիրություններին, լեհական տարբեր աղբյուրներ հակառուսական տեղեկություններ էին տարածում ավիավթարի մասին։ Խոսվում էր վթարի կազմակերպման մեջ ռուսական կողմի և Դոնալդ Տուսկի ներգրավվածության, ավիավթարից հետո ողջ մնացածներին զենքով սպանելու, վթարից հետո Լեխ Կաչինսկու զանգի և այլ ասեկոսեների մասին։
2015թ.-ին «Օրենք և արդարություն» կուսակցության իշխանության գալուց հետո Սմոլենսկի աղետի հարցը նորից վերադառնում է կառավարության օրակարգ։ Առաջարկվում էր դատական գործ սկսել Դոնալդ Տուսկի դեմ՝ հետաքննությանը անբավարար հետևողականություն դրսևորելու համար։
2018թ.-ի ապրիլի 25-ին հրապարակվեց վթարի պատճառների վերաքննության հանձնաժողովի տեխնիկական հաշվետվությունը, որտեղ աղետի նոր պատճառը համարվում էր նախքան ընկնելը ինքնաթիռի թևի պայթյունը։ Պաշտոնական Մոսկվան համարեց, որ նոր հաշվետվությունն ունի քաղաքական ենթատեքստ, որը ավելի կբարդացնի ռուս-լեհական հարաբերությունները։
Ուկրաինական ճգնաժամ
Ռ ուս-լեհական հարաբերությունները վերջնականապես վատացան 2014թ.-ին Ուկրաինայի իրադարձություններից հետո, որի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց Արևմուտքի «թիրախում»: Վարշավան, որը միշտ խնդիրներ է ունեցել Մոսկվայի հետ, անմիջապես նրան մեղադրեց «Ղրիմի բռնակցման» և Դոնբասում ուկրաինացի ժողովրդի դեմ պատերազմի համար։ Նա ամենաակտիվն էր պահանջում, որ Ռուսաստանի դեմ կիրառվեն պատժամիջոցներ, ավելին՝ առաջարկում էր միջազգայնորեն մեկուսացնել «ագրեսոր երկիրը»: Հետագայում նա նաև ակտիվ քայլեր էր ձեռնարկում պատժամիջոցները երկարաձգելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը լեհերին պատասխանում էր հակադարձ մեղադրանքներով։ Մոսկվան շեշտում էր, որ Լեհաստանը այն երկրներից է, որը Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով և ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրով հրահրել է ուկրաինական ճգնաժամը` աշխատելով առանձնացնել Ուկրաինան Ռուսաստանից։
Ուկրաինան դարձավ երկու երկրների դիվանագիտական պատերազմի պատճառ։ 2015-ին լեհական իշխանությունները Ռուսաստանի նախագահին չհրավիրեցին Օսվենցիմի ազատագրման տարեդարձին, իսկ Լեհաստանի նախագահ Կամորովսկին հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի շքերթին՝ համարելով այն սպառնալիք աշխարհի համար։
2014թ.-ին Լեհաստանում սկսեցին քանդել Խորհրդային միության մոտ 100 հուշարձաններ։
Նկար2. Լեհաստանում ապամոնտաժում են Խորհրդային միության զինվորների արձանները
2017թ.-ին Լեհաստանն օրենք ընդունեց, որով երկրում արգելվում է «կոմունիզմը կամ այլ տոտալիտար համակարգեր»։ Օրենքում նաև թույլատրվում է խորհրդային հուշարձանների ապամոնտաժումը։ Ըստ Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի գնահատականների՝ խորհրդային արձանները 450-ն են։ Վերջին տարիներին, Լեհաստանում քանդվել է 427 խորհրդային հուշարձան։
Այս ամենով հանդերձ, երկու կողմերն իրար ամենաշատը մեղադրում են ռազմականացման մեջ։ 2014թ.-ից հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն սկսեցին վերազինել Լեհաստանը՝ համարելով, որ ռուսական ագրեսիան կարող է տարածվել նաև Ռուսաստանին սահմանակից այս երկրի վրա: Լեհական բանակը ներկայումս չորրորդն է ՆԱՏՕ-ում տանկերի քանակով, զինված է ավելի քան հազար հրետանային համակարգերով, 90 մարտական ինքնաթիռով:
Միևնույն ժամանակ Լեհաստանը մեղադրում է Մոսկվային Կալինինգրադի մարզում ռազմական խմբավորման ընդլայնման, Բալթյան նավատորմի մարտական ներուժի ամրապնդման և Լեհաստանի սահմաններում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղադրման մեջ: Ի պատասխան՝ ռուսական կողմը նշում է, որ առանձին վերցրած Լեհաստանը վտանգ չի համարվում, սակայն սպառնալիք է որպես երկիր, որը պատրաստ է իր տարածքը տրամադրել երրորդ երկրներին կամ ՆԱՏՕ-ին:
Ռուս-լեհական տնտեսական հարաբերությունները
Ռ ուսաստանի և Լեհաստանի հարաբերությունների մեխը առևտուրն է, սակայն 2014թ.-ին ուկրաինական դեպքերից հետո ամբողջ Եվրոպան և հատկապես Լեհաստանը ակտիվորեն սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնց ռուսական կողմը պատասխանեց նույն կերպ:
2016թ.-ին, երբ թուլացան պատժամիջոցները և առևտրային էմբարգոն, ռուս-լեհական առևտուրն աստիճանաբար սկսեց վերականգնել, և դրական միտումները շարունակվեցին ամբողջ 2017–2018թթ.-ին: 2019-ին, սակայն, առևտրային հարաբերություններում կրկին արձանագրվեց բացասական դինամիկա. ՌԴ մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2019թ.-ին Ռուսաստանի և Լեհաստանի միջև առևտուրը կազմել է 17,5 մլրդ դոլար՝ 2018թ.-ի համեմատ նվազելով 19.4%-ով: 2020-ի առաջին 4 ամիսներին երկկողմ առևտուր շարունակում է պակասել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13%-ով:
2019թ.-ին Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Լեհաստանի մասնաբաժինը 2,6% է, իսկ Լեհաստանի ներմուծման սանդղակում Ռուսաստանը գտնվում է 3-րդ, իսկ արտահանման՝ 7-րդ տեղում:
2010թ.-ին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն 2012-2022թթ. Լեհաստան պետք է մատակարարվի 11 մլրդ մ3 գազ, որը 0.4 մլրդ մ3 շատ է 2009թ.-ի արտահանման ծավալներից: Լեհաստանն արդեն հայտնել է, որ 2022թ.-ից կդադարեցնի Ռուսաստանից գազ գնել՝ փոխարինելով այն ամերիկյան հեղուկ գազի:
2016թ.-ից ռուսական գազի ներմուծման ծավալները նվազում են Լեհաստանում: 2019թ. այն նվազել է մինչև 60.2%-ի՝ 2018-ի 67% -ի համեմատ: Միևնույն ժամանակ, հեղուկ գազի ներմուծումը 20%-ից հասել է 23%-ի, չնայած ավելի թանկ է: Լեհաստանի տվյալներով՝ 2019 թվականին ներմուծել է 14,85 մլրդ մ3 գազ: 8,95 մլրդ`Ռուսաստանից և 3,43 մլրդ հեղուկ գազը`Քաթարից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից: