Ռուսաստան-ՆԱՏՕ. դաշնակիցներից մինչև հակառակորդներ

11 ր.   |  2020-06-25

2014թ.-ի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն, որը 2008-ից  Վրաստանի և Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու քննարկման պատճառով խնդիրներ ուներ Ռուսաստանի հետ, վերջնականապես դադարեցրեց Մոսկվայի հետ համագործակցությունը՝ սառեցնելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական հարաբերությունները։ Ի պատասխան՝ նույն թվականի դեկտեմբերին Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի ուժերը և նրա անդամ երկրների՝ Ռուսաստանի սահմանների մոտակայքում գտնվող ռազմական ենթակառուցվածքները, երկրի համար արտաքին վտանգ են ներկայացնում։

Երկկողմ հարաբերությունների սառեցման վերջնական պատճառ դարձավ ռուսական զորքի Ղրիմ մտնելը և Ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի մասնակցությունը։ Ճիշտ է՝ երկու տարի անց՝ 2016թ.-ին, վերսկսվեց ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հանդիպումները, իսկ 2017թ.-ի մարտից՝ ռազմական գծում համագործակցությունը, այնուամենայնիվ դրանք ձևական բնույթ էին կրում։ Խոսել երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին անիմաստ է, և ինչպես ՌԴ ՊՆ նախարար Ս. Շոյգուն է նշում, դրանք ամեն տարի ավելի են վատթարանում։

2014թ.-ից հետո ՆԱՏՕ-ի վեհաժողովներում կարևորվում է Մոսկվայի «զսպման» ռազմաքաղաքական գծի պահպանումը՝ «ռուսական ագրեսիան» համարելով անդամ երկրների համար  մեծ վտանգ։ Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտում է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեծ վտանգ է Ռուսաստանի անվտանգության համար։

ՆԱՏՕ-ի ընդլայնումը Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակն ի սկզբանե եղել է Խորհրդային Միության ազդեցությունից Եվրոպայի պաշտպանությունը։ ԽՍՀՄ-ն այն ընկալել է միջոց, որով ԱՄՆ-ն ցանկացել է Արևմտյան Եվրոպայում մեծացնել իր ազդեցությունը։  Չնայած երկկողմ հակասություններին՝ 1954թ.-ին Խորհրդային միությունը փորձում է կապ հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ իր անդամակցության վերաբերյալ գրություն ուղարկելով, բայց ստանում է  մերժում. պատասխան գրության մեջ նշվում է, որ նման առաջարկը «հակասում է արևմտյան պետությունների անվտանգությանը»։ Սրանից անմիջապես հետո Մոսկվան ստեղծում է ՆԱՏՕ-ին հակակշիռ կազմակերպություն՝ Վարշավյան դաշինքը, որի անդամներն էին ԽՍՀՄ-ը և Արևելյան Եվրոպան։

1991թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կազմալուծվում է նաև Վարշավյան դաշինքը։ Ակնկալվում էր, որ ՆԱՏՕ-ն ևս կդադարի գործել, քանի որ նրա հիմնական «թշնամի» ԽՍՀՄ-ը չկար, սակայն եղավ հակառակը՝ այն ավելի հզորացավ և ընդլայնվեց՝ ի  հաշիվ Վարշավյան դաշինքի անդամների։

ՆԱՏՕ-ի առաջին ընդլայնումը տեղի ունեցավ 1990թ.-ի հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի վերամիավորումից հետո։ Այն ուղեկցվեց փոխադարձ մեղադրանքներով, որոնք շարունակվում են մինչ օրս։


Նկար 1. Մ. Գորբաչովի և Ջ. Բուշի հանդիպումը 1989թ.-ին Մալթայի գագաթնաժողովում

Ռուսական կողմը նշում է, որ նախագահ Բուշը 1989թ.-ին Գորբաչովին հավաստիացրել է, որ Գերմանիայի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն դեպի Արևելյան Գերմանիա ոչ մի քայլ չի անի, ավելին, ըստ պաշտոնական Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների միջև եղել է պայմանավորվածություն, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի Արևելյան Եվրոպա չի տարածվի։ ՆԱՏՕ-ն, իր հերթին, հերքում է՝ նշելով, որ նման որոշում չի եղել, և որ նման պայմանավորվածություն կարող է լինել միայն գրավոր և բոլոր անդամների համաձայնությամբ։ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս մեղադրել է ՆԱՏՕ-ին «ջենտլմենական խոսքը» չպահելու մեջ։     

 2017թ.-ին Վաշինգտոնի համալսարանի ազգային անվտանգության արխիվում գաղտնազերծվեցին արխիվային փաստաթղթեր, որոնք ցույց տվեցին, որ  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև եղե2002թ.-ի Պրահայի գագաթնաժողովումլ է  «ոչ մի թիզ դեպի Արևելք»-ի մասին փաստաթուղթը։

1990թ.-ին Գերմանիայի վերամիավորումով սկսվեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը Արևելյան Եվրոպա, և 90-ականներին Ռուսաստանը կոշտ քայլեր չձեռնարկեց դրա դեմ։ Ավելին, 1993թ.-ին Բորիս Ելցինը Վարշավայում, խոսելով Լեհաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, շեշտեց, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու այն դաշինքը, որը կպահպանի իր անվտանգությունը։ Ու թեև նա Արևելյան Եվրոպային կոչ արեց, հանուն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի անվտանգության, չեզոք մնալ, սակայն  1999թ.-ին ՆԱՏՕ-ին անդամակցեցին Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը։

 2002թ.-ի Պրահայի գագաթնաժողովում  ՆԱՏՕ-ն հրավիրեց նաև յոթ նոր պետություն՝  այդ թվում Խորհրդային Միության նախկին անդամներ Լատվային, Լիտվային և Էստոնիային։ Նրանց անդամակցության արձանագրությունները վավերացվեցին 2004 թ. Ստամբուլի գագաթնաժողովում։

Վերջիններս դարձան նախկին Խորհրդային Միության մաս կազմող առաջին պետությունները, որոնք միացան այս ռազմական դաշինքին։ Հետագայում Մերձբալթյան երկրները դարձան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հենակետերը՝ ընդդեմ Ռուսաստանի։ 2016թ.-ի հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին,  Ռուսաստան-ՆԱՏՕ լարված հարաբերությունների ֆոնին, Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական ներկայության մասին որոշում կայացվեց. Էստոնիայում՝ բրիտանական, Լատվիայում՝ կանադական, Լիտվայում՝ գերմանական, իսկ Լեհաստանում՝ ամերիկյան գումարտակները։ Ի պատասխան՝ Ռուսաստանը 3 նոր դիվիզիա ստեղծեց արևելան ուղղությամբ, իսկ 2018թ.-ին Կալինինգրադի մարզում տեղադրվեց «Իսկանդեր Մ» հրթիռային համակարգը։

Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությունը

1991թ. դեկտեմբերին՝ Խորհրդային միության փլուզումից հետո  նախագահ Ելցինը հայտարարեց, որ Ռուսաստանի փոխգործակցությունը «Եվրոպայում մնացած միակ ռազմական միության» հետ կդառնա երկրի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկը։ Այս ժամանակահատվածում անմիջական կապեր ստեղծվեցին ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև։

1991թ.-ին Ռուսաստանն անդամակցեց  Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, որի նիստին Բորիս Ելցինն առաջին անգամ ելույթ ունենալով, չբացառեց դաշինք մտնելու հնարավորությունը։  Ընդհանրապես, Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարը արծարծվել է տարբեր ժամանակներում և՛ ռուս, և՛ արևմտյան ղեկավարների կողմից: 1990-ին` Գերմանիայի վերամիավորման բանակցությունների ժամանակ, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը  դիմելով  դաշինքին, նշել է. «Դուք ասում եք, որ ՆԱՏՕ-ն ուղղված չէ մեր դեմ, այն անվտանգության ապահովման կառույց է: Հետևաբար, մենք ևս առաջարկում ենք միանալ ՆԱՏՕ-ին», ինչը ԱՄՆ պետքարտուղար Բեյքերը որակել է «երազանք»։ Արդեն 2000թ.-ին «BBC»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Պուտինը այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, պատասխանել է՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Սակայն անդամակցությունն այդպես էլ տեղի չունեցավ, ավելին՝ 2008թ.-ին Պուտինը հայտարարեց, որ անվտանգության տեսանկյունից ՌԴ-ն ինքնաբավ երկիր է և չի պատրաստվում զոհաբերել իր ինքնիշխանության մի մասը` անվտանգության բարձրացման պատրանք ստեղծելու համար:

Չնայած Ռուսաստանն այդպես էլ չանդամակցեց ՆԱՏՕ-ին, սակայն երկու կողմերի միջև համագործակցության մի շարք պայմանագրեր կնքվեցին։ 1994 թ.-ի հունիսի 22-ին Ռուսաստանը միացավ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին: Իսկ 1997 թ.-ի մայիսի 27-ին` ՆԱՏՕ-ի Փարիզյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ստորագրեցին «Փոխադարձ հարաբերությունների, համագործակցության և անվտանգության հիմնարար ակտը», ըստ որի, դաշինքը պարտավորվում էր շարունակական հիմունքներով Ռուսաստանի սահմանների երկայնքով զորքեր չտեղակայել:

1999թ.-ին կողմերի միջև հակասություններ առաջացան Չեչնիայում ռուսական անհամաչափ ուժի կիրառման և Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ակտիվ գործողությունների պատճառով, սակայն սա էականորեն չազդեց հարաբերությունների վրա։ Ավելին՝ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումից հետո Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ավելի մերձեցան, որի արդյունքում 2002թ.-ին Հռոմում կնքվեց «Ռուսաստան- ՆԱՏՕ հարաբերություններ. նոր որակ» հռչակագիրը, ըստ որի` ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը։

Այս խորհրդի շրջանակներում Ռուսաստանը ոչ միայն մասնակցեց համատեղ զորավարժությունների խաղաղապահ առաքելությունների:

Խորհրդի օրակարգի հիմնական ուղղությունն Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարն էր։ 2003 թ.-ի հունիսին Բրյուսելում պաշտպանության նախարարների մասնակցությամբ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում ՆԱՏՕ-ին հանձնվեց Աֆղանստանում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունների փաթեթը, որտեղ Մոսկվան առաջարկում էր իր ռազմական օդանավերով զինվորներ տեղափոխել Աֆղանստան։

2009թ.-ի փետրվարին Ռուսաստանը թույլ տվեց ՆԱՏՕ-ին իր տարածքով  Աֆղանստանի համար նախատեսված բեռներ տեղափոխել։ Ռուսական օդային կամուրջը հնարավորություն տվեց Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին, անհրաժեշտության դեպքում, կրկնապատկել առաքումների քանակը դեպի Աֆղանստան: Միայն ԱՄՆ-ն հնարավորություն ունեցավ իրականացնել Ռուսաստանի տարածքով տարեկան մինչև 4,5 հազար թռիչք և տեղափոխել մինչև 50 հազար տոննա բեռ։

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն Աֆղանստանում թմրանյութերի բիզնեսի կանխարգելման նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ։ 2005թ.-ի դեկտեմբերից խորհուրդը պատրաստում  է աշխատակիցներ Աֆղանստանից եկող թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։ 2013թ.-ի ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են մասնակից յոթ երկրների մոտ 3000 աշխատակից:

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը ծավալվեց նաև ծովահենության դեմ պայքարում։ Մի քանի տարի Ռուսաստանը նավեր էր ուղարկում Ադենի ծոց ՝ ՆԱՏՕ-ի բեռնափոխադրումները ծովահենությունից պաշտպանելու համար:

Երկկողմ հարաբերությունների ծավալվեցին «SALIS» (Ժամանակավոր ռազմավարական օդային երթուղու միջազգային լուծում)  ծրագրի շրջանակներում, որի նպատակը երկրագնդի տարբեր մասերում դաշինքի զորամասերի համար ծանր բեռների առաքման ավիացիա գտնելն էր։ 2006թ.-ին մրցույթում հաղթեցին գերմանական «Ruslan SALIS GmbH», ռուսական «Волга-Днепр» и ուկրաինական «Antonov Airlines» ավիաընկերությունները։ 2014թ.-ի հայտնի դեպքերից հետո «Antonov Airlines» ընկերությունը հրաժարվեց ռուսական ընկերության հետ համագործակցել։ 2016թ.-ին առանձին պայմանագրեր կնքվեցին ընկերությունների հետ, սակայն 2018թ.-ին «Волга-Днепр»-ը հայտարարեց տարեվերջին պայմանագրից դուրս գալու մասին։

Վրաստանը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների կիզակետում

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները լարվեցին, երբ 2008թ.-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցման հրացը դրվեց ՆԱՏՕ-ի օրակարգում։ Եթե Արևելյան Եվրոպայի դեպքում Ռուսաստան կտրուկ քայլերի չդիմեց, ապա Ուկրաինայի և Վրաստանի դեպքում Մոսկվան արձագանքեց կտրուկ և կոշտ։ Պաշտոնական Թբիլիսին Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին սկսել էր խոսել «Վարդերի հեղափոխությունից» հետո, երբ իշխանության եկավ Միխեիլ Սահակաշվիլին։ Նա շեշտում էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանին կտա ոչ միայն ռազմական և քաղաքական անվտանգության աննախադեպ երաշխիքներ, այլ անջատողական տարածքները (Աբխազիա և Հարավային Օսիա) կմիանանան կայուն, խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Վրաստանին։  Այս ցանկությունը ձեռնտու էր նաև ԱՄՆ-ին, որը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Հարավային Կովկասում։ Ուստի Վաշինգտոնը առանց հաշվի առնելու հետագա սպառնալիքները որոշեց առաջինն անցնել կարմիր գիծը` հայտարարելով՝ Ուկրաինայի ու Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության անխուսափելիության մասին։ Հասկանալի էր, որ երկու երկրներն ունեն չլուծված խնդիրներ՝ Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունից հետո շարունակվող քաղաքական անկայունությունը, իսկ Վրաստանում՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի չլուծված հակամարտությունները, որոնք էլ թույլ չեն տա, որ գործընթացն ԱՄՆ-ի համար ցանկալի ավարտ ունենա։ Սրա մասին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ուղղակիորեն նախազգուշացրել էր՝ շեշտելով, որ այն «կարող է  Ուկրաինայում հանգեցնել բռնությունների և, հնարավոր է, ռուսական կողմը միջամտի քաղաքացիական պատերազմին»։ ՌԴ գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուևսկին  նույնպես զգուշացրեց, որ եթե Վրաստանը և Ուկրաինան անդամակցեն ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանը հարկադրված կլինի  ձեռնարկել «ռազմական և այլ միջոցներ»՝ պետական սահմանների մոտ իր շահերը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, 2003թ.-ի ապրիլի 3-ին Բուխարեստյան գագաթնաժողովում դրվեց երկու երկրների անդամակցության հարցը, որին կողմ քվեարկեցին ԱՄՆ-ն և Բալթյան երկրները, իսկ դեմ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան։ Ֆրանսիան և Գերմանիան շեշտել էին, որ Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը կարող է լինել միայն Ռուսաստանի թույլատվությամբ։ Շատ փորձագետներ այս դեպքերից հետո առաջ քաշեցին հայտի այն թեզը, որ Եվրոպան կախվածության մեջ է ռուսական էներգետիկայից։ Չնայած երկրները չմիացան դաշինքին, սակայն ՆԱՏՕ-ն համարեց անդամակցության առաջին քայլ։

2008թ.-ի ապրիլի 7-ին  «Коммерсант»-ը հրապարակեց հոդված, ըստ որի՝ Բուխարեստում կայացած «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի փակ նիստի ժամանակ Պուտինն ուղղակի սպառնացել է իր արևմտյան գործընկերներին անեքսիայի ենթարկել Ղրիմն ու Արևելյան Ուկրաինան, եթե Կիևը դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Վրաստանի պարագայում, պարբերականի փոխանցմամբ, Կրեմլի ղեկավարը խոստացել էր ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունները։ Արդեն ամռանը Վրաստանի հետ կապված այս հայտարարությունն  իրականություն դարձավ. տեղի ունեցավ վրաց-օսեթական պատերազմը, որի արդյունքում ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

Այս պատերազմը բարդություներ առաջացրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում։ ՆԱՏՕ-ի երկրները մեղադրեցին Ռուսաստանին անհավասարաչափ ուժ կիրառման համար և աջակցեցին Վրաստանին: 2008 թ.-ի օգոստոսի 19-ին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարեց, որ անհնար է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ նրա զորքերը գտնվում էին Վրաստանում:

2008թ.-ի օգոստոսի 21-ին, ռուսական կողմը, հակադարձելով ՆԱՏՕ-ին, հայտարարեց, որ կկասեցնի դաշինքի հետ հումանիտար, գիտական և կրթական ոլորտներում համագործակցությունը: Օգոստոսի 25-ին, Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը դիմեց  ՆԱՏՕ-ին. «Մենք բավականին երկար ժամանակ ՆԱՏՕ-ի հետ զարգացնում ենք հարաբերություններ և կցանկանայինք, որ այս հարաբերությունները լիարժեք և գործընկերային լինեն: Բայց մեզ պետք չէ գործընկերության պատրանք։ Օրեցօր պետությունները ձգտում են դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, և մեզ ասում են. «Ոչ, մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է»: Ճիշտն ասած, այս համագործակցությունն առաջին հերթին հետաքրքրում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին և ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը: Եվ եթե նրանք, խզեն այդ համագործակցությունը, ապա մեզ ոչ մի սարսափելի բան չի պատահի: Մենք պատրաստ ենք ցանկացած որոշում կայացնել՝ ընդհուպ մինչև հարաբերությունների դադարեցումը: Չնայած, սա կլինի իրադարձությունների ամենաբարդ զարգացումը»:

Այնունամենայնիվ, 2008թ.-ի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշեց վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի հետ: Դաշինքի գլխավոր քարտուղար Հուփ Սխեֆֆերը բացատրեց, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական կարևորագույն դեր ունի և ՆԱՏՕ-ն այլընտրանք չունի։ 2009թ.-ից Ռուսաստանը և Հյուսիսատլանտյան դաշինքը սկսեցին նորից զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Վրաստանի անդամակցության թեման մինչ այժմ ակտիվ է։ 2019թ.-ին Լավրովը, անդրադառնալով Վրաստանի հարցին, շեշտեց, որ անդամակցության դեպքում Ռուսաստանը պատերազմ չի սկսի, բայց նման պահվածքը կխաթարի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և այն երկրների հետ, որոնք ցանկանում են մտնել դաշինք:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների «փլուզում»

2010-2013թթ.-ին՝ վրացական դեպքերից հետո, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները փոքրիշատե կարգավորվեցին, սակայն 2014թ.-ի սկզբին Ուկրաինայում քաղաքացիական պատերազմում Ռուսաստանի ներգրավվածությունը, ինչպես նաև Ղրիմի բռնակցումը երկկողմ հարաբերությունները վատթարացրեց՝ հանգեցնելով համագործակցության սառեցմանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այդ իրադարձությունները որակավորեց սպառնալիք Ուկրաինայի ինքնիշխանությանը և եվրոպական անվտանգությանը։ Իսկ արդեն ապրիլի 1-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ դաշինքը հայտարարեց Ռուսաստանի հետ բոլոր տեսակի քաղաքացիական և ռազմական համագործակցության դադարեցման մասին. մասնավորապես սառեցվեց սիրիական քիմիական զենքի ոչնչացման համատեղ առաքելությունը։ Արգելվեց նաև ՌԴ մշտական ներկայացուցչության անդամների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան. Բրյուսելում մնացին միայն առաքելության ղեկավարը, նրա տեղակալը և օգնականները, իսկ սեպտեմբերին Ռուսաստանը սառը պատերազմից հետո առաջին անգամ չհրավիրվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Սա դարձավ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բաց պայքարի սկիզբը։ 2014թ.-ի դեկտմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը և ռուսական սահմանների մերձակայքում նրա անդամների ռազմական ենթակառուցվածքները երկրի գլխավոր սպառնալիքներից են։ 2016թ.-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսաստանը «հռչակվեց» դաշինքի անվտանգության հիմնական սպառնալիք և նրա զսպումը պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի նոր առաքելությունը։ Ըստ ՆԱՏՕ-ի՝ Ղրիմի բռնակցումը ամբողջովին փոխեց ռազմավարական իրավիճակը Եվրոպայում։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դիտվեցին որպես սպառնալիք Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ, մասնավորապես, Բալթյան երկրների համար, որտեղ կա ռուսախոս զգալի բնակչություն։ Ուստի ՆԱՏՕ-ն իր վրա վերցրեց այս երկրների վերազինումը։ Դաշինքը շեշտեց, որ Լեհաստանում և Մերձբալթյան  երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը ուժեղ ազդանշան է Ռուսաստանին, որը Լեհաստանի կամ Մերձբալթյան երկրների դեմ գրոհի դեպքում հակահարված կստանա ողջ դաշինքից։

Ինչպես արդեն մեկ անգամ նշվել է, Մերձբալթյան երկրներում տեղակայվեց 4 գումարտակ, բացի այդ, ստեղծվեց 5000 անդամից կազմված միջազգային ջոկատ, որն ամենաուշը 2 օրում պետք է հայտնվի ռազմական գոտում։ Բացի այդ, որոշվեց մեծացնել արագ արձագանքման խումբը՝  հասցնելով մինչև 40 հազարի։


Լեհաստան ուղարկված ՆԱՏՕ-ական մարտական տանկերը

Հատկապես կարևորվեց ՀՕՊ ուժերի զարգացումը, քանի որ այն ամենաթույլ կետն էր Բալթյան երկրների համար. նրանք չունեին ավիացիա: Ուստի ՆԱՏՕ-ն 4 ինքնաթիռ և ջոկատ ուղարկեց Լեհաստան, այնուհետև՝ Էստոնիա։

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության սրացումը դրսևորվեց նաև զորավարժություններով։ Ռուսաստանում դրանց անցկացման քանակը ավելացավ մեկուկես անգամ՝ հասնելով 3,5 հազար զորավարժության: ՆԱՏՕ-ն նույնպես ավելացրեց զորավարժությունների թիվը՝ 2013թ.-ի 91-ից 2015թ.-ին այն հասավ 270-ի։ Ավելացան նաև Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունները՝ 3-ից 2015թ.-ին հասավ 12-ի։

Բացի այդ՝ 2019թ.-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնեց, որ ի աջակցություն Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական զորախմբի գործողությունների, 260 մլն դոլարի ներդրում կարվի Լեհաստանում ռազմական տեխնիկայի և զենքի պահեստ կառուցելու համար։ Նա շեշտեց, որ ռազմական դաշինքը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Սև ծովում, որպեսզի հակազդի Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։

Այս տարի նախատեսվում էր ՆԱՏՕ-ի Defender Europe 2020 զորավարժությունը, որը խոստանում էր լինել 25 տարվա մեջ ամենամեծը. ավելի քան 37 հազար զինվոր։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ զորավարժությունների ռազմավարական նպատակն է ցուցադրել ԱՄՆ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան դաշինքին ու «եվրոպական դաշնակիցներին աջակցելու աներեր վճռականությունը»։ Ռուսական կողմը այս զորավարժությունը դիտարկում է Մոսկվայի հետ հարաբերությունները ավելի սրելու առիթ՝ շեշտելով, որ  զորաշարժերն ավելի ու ավելի են մոտենում Ռուսաստանի սահմաններին։ Համավարակի պատճառով զորավարժությունները անժամկետ հետաձգվեցին։