Թուրքիայի բուհական համակարգը

11 ր.   |  2020-07-06

Թուրքիայի բարձրագույն կրթական համակարգը վերջին տասնամյակներում զգալի փոփոխություններ է կրել։ Մինչև 1980թ. կեսը Թուրքիայում գործում էր ընդամենը 29 համալսարան, որոնք «Համալսարանների մասին օրենքի» (1946թ.) համաձայն, ինքնավար կրթական հաստատություններ էին։ 1981թ. «Բարձրագույն կրթության մասին» ընդունված օրենքով բարձրագույն կրթությունը ակադեմիական, կազմակերպչական և վարչական կայացման նոր փուլ մտավ։

Այդ օրենքով Թուրքիայի Հանրապետության բարձրագույն կրթական բոլոր հաստատությունները կենտրոնացվեցին նորաստեղծ Բաձրագույն կրթական խորհրդի (ԲԿԽ) կողմից՝ դառնալով ակադեմիաներ և համալսարաններ։ Այդ քայլի շնորհիվ բարձրագույն կրթությունը լայն տարածում ստացավ երկրում։ ԲՈՒՀ-երի ընդունելության համակարգը դարձավ կենտրոնացված և առաջ եկան միասնական քննության, ինչպես նաև ուսանողների տեղաբաշխման վերաբերյալ հարցերը։[1]

Ըստ էության, այդ օրենքում կատարված փոփոխություններից հետո համալսարանների ինքնավարությունը ամբողջովին փոխարինվեց Խորհրդի վերահսկողությամբ, որի անդամները մեծ մասամբ նշանակվում էին պետության նախագահի և կառավարության կողմից: Օրինակ՝ Թուրքիայի նախագահը համալսարանների ռեկտորներ և դեկաններ, կամ Բարձրագույն կրթական խորհրդի անդամներ նշանակելու իրավունք ստացավ։ Համալսարանական դասախոսներն իրավունք չունեին ընտրելու իրենց ղեկավարներին:[2]

Սակայն, 1987թ. Թուրքիայում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո նվազեց ԲԿԽ կողմից համալսարանների վրա ճնշումը, իսկ նախկինում աշխատանքից ազատված դասախոսներին թույլ տրվեց վերադառնալ իրենց աշխատանքին: Խորհուրդը նաև ստիպված էր հրաժարվել մի շարք սահմանափակումներից և դիմեց կազմակերպչական միջոցառումների՝ ուղղված բարձրագույն կրթության համակարգում կառուցվածքային փոփոխություններին։ Չնայած 1991 թ.-ից հետո ռեկտորների և դեկանների նշանակման իրավունքը շարունակում էր մնալ Խորհրդի և նախագահի լիազորությունների շրջանակներում, այնուամենայնիվ, դասախոսների նախապատվությունները նույնպես սկսեցին հաշվի առնել: Այդ պահից սկսած համալսարաններն ավելի ազատ էին իրենց գործողություններում, հատկապես, դասախոսական անձնակազմի համալրման առումով[3]:

Ն երկայում Բարձրագույն կրթական խորհուրդը պատրաստում է ուսումնական ողջ գործընթացը: Այն համարվում է սահմանադրական օրգան (համաձայն 1982թ. ընդունված սահմանադրության), որը պատասխանատու  է  բարձրագույն կրթական ոլորտում աշխատանքի պլանավորման և համակարգման համար։ Խորհրդում ընդգրկված է 21 անդամ, որոնց հավասարապես առաջադրում է Միջհամալսարանական խորհուրդը, կառավարությունը և Հանրապետության նախագահը։ Բարձրագույն կրթական խորհրդի և Խորհրդի նախագահի լիազորությունները սահմանավում է չորս տարի ժամկետով։ Ընդ որում, ԲԿԽ-ի անդամներ կարող են լինել ինչպես պետաշխատողներ, այնպես էլ ակադեմիական կրթական շրջանակների ներկայացուցիչներ։[4]

Ինչպես վերը նշեցինք ԲԽԿ-ի ստեղծման պահին Թուրքիայում գործում էր 29 համալսարան, սակայն 2000-ական թթ. վերջին դրանց թիվը հասավ 100-ի, և այժմ 208 բարձրագույն ուսումնական հաստատություն կա։ Դրանց մեծ մասը՝ 129-ը, պետական, իսկ 75-ը՝ մասնավոր համալսարաններ են։ Բացի այդ, ևս չորս մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատություն է գործում, որոնք սպասարկում են աշխատաշուկան, և բոլորն էլ ղեկավարվում են ԲԿԽ-ի կողմից։ ԲՈՒՀ-երի ուսանողների ընդհանուր թիվը 7.5 միլիոն է։

ԲԽԿ-ի կողմից չեն համակարգվում Խոջա Ահմեդ Յեսեվիի անվան թուրք-ղազախական և ղրղզաթուրքական Մանաս համալսարանները, որոնք հատուկ կարգավիճակ ունեցող պետական հաստատություններ են, ինչպես նաև ռազմական և ոստիկանական ակադեմիաները, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում գործող  համալսարանները (13 բուհ)։

2 08 համալսարաններից ինը զբաղեցնում են աշխարհի առաջատար  ԲՈՒՀ-երի՝ «QS World University Rankings 2020» վարկանիշային ցուցակի տարբեր հորիզոնականներ։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

Քոչի համալսարանը հիմնադրել է 1993թ.-ին՝ Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը`Վեհբի Քոչը: Համալսարանի հետազոտական բազմաթիվ նախագծեր աջակցություն են ստացել Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC) կողմից: Համագործակցում է ամերիկյան (Կալիֆորնիայի և Կոռնելի համալսարաններ), եվրոպական բազմաթիվ համալսարանների, միջազգային գիտահետազոտական հաստատությունների հետ։

Ընդհանուր առմամբ համալսարանում սովորում է շուրջ ութ հազար ուսանող, այդ թվում՝ արտերկրից։ Համալսարանում դասավանդում են (հիմնականում անգլերեն) հասարակագիտական առարկաններ, ճարտարագիտություն, բիզնես կառավարում, կենսաբանություն, դեղագիտություն, բժշկություն և այլն։ Այս ոլորտների երիտասարդ գիտնականները տարբեր տարիներին դարձել են «TÜBA GEBİP»-ի թուրքական գիտական մրցանակի դափնեկիր։[5]

2004-2017թթ. համալասարանի շուրջ 100 լաբորատորիաներ իրականացրել են $86 մլն. արժողությամբ տարբեր նախագծեր, որոնք ֆինանսավորել են Թուրքիայի պետական և մասնավոր կառույցներն ու Եվրամիությունը։[6]

Բիլքենթի համալսարան։ Թուրքիայում առաջին մասնավոր բարձրագույն կրթական հաստատություններից է (հիմնադրվել է 1984թ.), որը միջազգային գնահատականներով համարվում է Թուրքիայի առաջատար համալսարաններից մեկը։ Համալսարանում ուսանում է շուրջ 13 հազար ուսանող։ Ուսուցման հիմնական լեզուն անգլերենն է, որոշ առարկաներ դասավանդվում են ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն և այլն։ Դասախոսների ճնշող մեծամասնությունն արտասահմանից են։

Ուսանողների փոխանակման ծրագրեր է իրականացնում տարբեր երկրների հետ։ Ներկա դրությամբ համալսարանում սովորում են շուրջ 64 երկրի ուսանողներ։ Հարկ է նկատել, որ համալսարանը ներդրումներ է կատարում կրթական և հետազոտական նախագծերի, նորագույն տեխնոլոգիաների (ներառյալ՝ նանոտեխնոլոգիաների) զարգացման մեջ, որին կարող են մասնակցել համալսարանի ուսանողները։[7]

Ուսման վարձը Թուրքիայի քաղաքացիների և օտարերկրացի ուսանողների համար տարբեր է. օտարկրացիների համար սահմանված վարձը տարեկան $14 500 է (բակալավրիատում և մագիստրատուրայում), իսկ Թուրքիայի քաղաքացիներինը՝ $ 8000[8]:

Համալսարանն ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, դրանից ելնելով՝ 2001թ. համալսարանի ղեկավարությունը պետական աջակցությամբ ստեղծել է կիբերպարկ (Bilkent Cyberpark)։ Պաշտոնական տվյալներով տեխնոպարկի տարածքում ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 250 կազմակերպությունները ստեղծման օրից 450 մլն. դոլարի արտադրանք են արտահանել[9]։

Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանը (METU) հիմնադրվել է 1956թ.-ին։ Թուրքիայում եվրոպական տիպի պետական առաջին համալսարաններից է: Ուսումնական ծրագրերը դասավանդվում են անգլերենով: Ունի 28 հազարից ավելի ուսանող[10]։ Ի տարբերություն Բիլքենթի համալսարանի՝ այստեղ ուսման վարձը անհամեմատ մատչելի  է՝ $6000-9000[11]։ Համալսարանի կազմում գործում է 27 լաբորատորիա և 35 կիրառական-հետազոտական կենտրոն, որոնք սերտորեն համագործակցում են համալսարանի տեխնոպարկի հետ (METU-Technopolis): Բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ ներգրավված են տեխնոպարկում հիմնադրված շուրջ 400 ընկերության աշխատանքներում[12]։

METU-ն նաև գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանք իրականացնող առաջատար համալսարաններից է։ Վերջին հինգ տարում Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի (TUBITAK) կողմից ֆինանսավորվող պետական հետազոտական ծրագրերում համալսարանն ունեցել է ամենամեծ մասնաբաժինը։ Ներգրավված է բազմաթիվ միջազգային նախագծերում և համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են NASA-ն և ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ն ու Համաշխարհային բանկը[13]:

Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից են նաև Բոսֆորի, Անկարայի, Սաբանջի, Ստամբուլի տեխնիկական համալսարանները, բուժաշխատողներ պատրաստող ամենախոշոր համալսարանը՝ Հաջեթթեփեն, որոնք բոլորն էլ տեղ են գտել վարկանիշային ցուցակում։ Հավելենք, որ բոլոր պետական համալսարաններն առանց բացառության ֆինանսավորվում են պետական բյուջեից, իսկ մասնավորները՝ խոշոր հիմնադրամներից։ Թուրքական համալսարանները ստեղծվել են հիմնականում գերմանական համալսարանների մոդելի հիման վրա, ինչպես, օրինակ, Ստամբուլի և Անկարայի համալսարանները, իսկ ահա Բոսֆորի և Աթաթուրքի անվան համալսարաններն օգտագործում են ամերիկյան մոդելը: Սակայն, հաշվի առնելով տեղի առանձնահատկությունները, կրել են որոշակի փոփոխություն[14]։ Ներկայիս բարձրագույն կրթական համակարգը համապատասխանեցվել է Բոլոնիայի հռչակագրին։

Ի նչ վերաբերում է ԲՈՒՀ-երում ուսման տևողությանը՝ բակալավրիատում այն 4 տարի է, սակայն որոշ մասնագիտությունների համար ավելի  երկար ժամանակ  է պահանջվում, օրինակ՝ ատամնաբուժությունը և անասնաբուժությունը 5 տարի, իսկ բժշկությունը՝ 6 տարի։ 4 տարի տևողությամբ ծրագրերի շրջանավարտները ստանում են բակալավրի աստիճան (Lisans Diplomasi)։ Մագիստորսական ծրագրերը տևում են երկու տարի, որից հետո շրջանավարտները հնարավորություն են ստանում ձեռք բերել «Master of Arts»-ի  կամ  «Master of Science»-ի աստիճան, իսկ դոկտորանտուրան՝ 4 տարի[15]։ Համալսարանների մեծ մասը ունեն հեռավար կրթական ծրագրեր։

Մի քանի պետական համալսարանաններում կրթությունն անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն է, սակայն պետական համալսարաններում ուսումնական պրոցեսը հիմնականում թուրքերեն է։  Ընդունելության քննությունների ժամանակ թուրքերենի իմացությունը պարտադիր չէ։ Քննություն հանձնող դիմորդներին, ովքեր մի փոքր տիրապետում են թուրքերենին,  առաջարկվում է մեկ տարի տևողությամբ թուրքերեն լեզվի ուսուցման ծրագիր, որը հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետել լեզվին։

Մասնավոր համալսարանների մեծ մասում ուսուցումն անգլերեն է։ Գրեթե բոլոր համալսարաններն առաջարկում են մեկ տարի տևողությամբ անգլերենի դասընթացներ այն ուսանողների համար, ում անգլերենի իմացությունը ցածր է։[16]

Ինչ վերաբերում է վարձավճարին, ապա նկատենք, որ զգալի տարբերություն կա մասնավոր և պետական ԲՈՒՀ-երի միջև, տարբեր է նաև Թուրքիայի քաղաքացիների և օտարերկրյա ուսանողների համար սահմանված ուսման վարձը։ Նշենք, որ պետական համալսարանների վարձավճարը որոշում է Նախարարների Խորհուրդը՝ հաշվի առնելով մասնագիտությունն ու ուսման տևողությունը, ինչպես նաև, թե ինչ լեզվով է կրթություն ստանալու ուսանողը։ Այսպես, պետական համալսարաններում բակալավրի կրթական ծրագրի ուսանողների համար, օրինակ, Թուրքիայի քաղաքացիների դեպքում ուսման վարձը տարեկան $80-500 է, օտարերկրացիներինը՝ $240-1500, իսկ մագիստրատուրայում, համապատասխանաբար՝ $100-300 և 300-900[17]։

Մասնավոր համալսարանների վարձավճարը սահմանում է տվյալ հաստատության ղեկավար խորհուրդը և ի տարբերություն պետականների՝ այստեղ վարձավճարներն անհամեմատ բարձր են՝ $5000-23000։ Օրինակ Բեյքենթի համալսարանի  բակալավրիատում (ուսման տևողությունը 4 տարի) սովորող ուսանողները տարեկան վճարում են $5000, իսկ մագիստրատուրայում $6000՝ երկու տարվա համար։ Որոշ մասնագիտություններ, ինչպես օրինակ իրավագիտությունը՝ տարեկան $6300 է։

Համեմատաբար բարձր է ուսման վարձը բժշկության ոլորտում։ Բիրունիի անվան համալսարանում այն տարեկան $8000-23000 է, մասնավորապես, բժշկական ֆակուլտետում՝ $23000, ատամնաբուժականում՝ $20000, դեղագործականում՝ $15000 և այլն։[18]

Չնայած բարձր վարձին՝ մասնավոր համալսարաններն առաջարկում են զգալի ֆինանսական աջակցություն[19]։ Օրինակ, վարչապետի կրթաթոշակով (Başbakanlık VGM bursu), ուսանողներն առաջադիմության համար ստանում են ամսական մինչև $90։

Պետությունը նաև տրամադրում է կրթական (Öğrenim Kredisi) և սպառողական վարկեր՝ կեցության, սննդի և այլ կարիքների համար։ Վարկը մարվում է ուսման ավարտից երկու տարի անց, որից կարող են օգտվել ինչպես երկրի քաղաքացիներն, այնպես էլ Թուրքիայում կրթություն ստացող արտասահմանցի ուսանողները[20]։

Ն կատենք, որ օտար լեզուներով դասավանդվող ծրագրերի շնորհիվ տարեցտարի ավելանում է Թուրքիայում կրթություն ստացող արտասահմանցի ուսանողների թիվը։ Եթե 2000-2001թթ. այն 16 հազար էր[21], ապա 2018-2019թթ.-ին՝ 154 հազար։ Նախատեսվում է մինչև 2023թ. այդ թիվը հասցնել 180 հազարի։

2019թ. վիճակագրական տվյալների համաձայն Թուրքիայում մեծ թվով ուսանողներ սովորում են Սիրիայից (27034), որին հաջորդում են Ադրբեջանը (19383), Թուրքմենստանը (17571), Իրաքը (7608), Իրանը (7157), Աֆղանստանը (6804)։ Եվրոպական երկրներից՝ Գերմանիան (4378), Բուլղարիան (3010), Հունաստանը (2713), Նիդերլանդները (650), Ֆրանսիան (356), ինչպես նաև ՌԴ-ն (1316), Չինաստանը (2257) և ԱՄՆ-ն (661)։ Արտասահմանցի ուսանողների մեծամասնությունը սովորում է Անատոլիական (6661), Ստամբուլի (6648) և Քարաբյուքի (5782) համալսարաններում[22]։

Արտասահմանցի ուսանողների 80%-ը սովորում է պետական, իսկ 20%-ը՝ մասնավոր բուհերում։ Ինչ վերաբերում է դիմորդների մասնագիտական նախասիրություններին, ապա առավել նախընտրելի են բժշկական, դեղագործական, տնտեսագիտական և ճարտարագիտական ֆակուլտետները[23]։

Պ ետությունն ակտիվորեն ներգրավված է նաև թուրքական բուհերում կադրային խնդիրների լուծման գործում: Նկատենք, որ կրթության և գիտության պատասխանատու մարմինները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի ներսում սեփական կադրերի պատրաստման հարցին ու ներկայում բնագիտական և տեխնիկական գիտաճյուղերի գրեթե բոլոր առարկաներն ընդգրկված են Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում։ Այդուհանդերձ, առաջատար տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները դեռևս (վերա)պատրաստվում և գիտական աստիճան են ստանում Թուրքիայի սահմաններից դուրս։ Դրանով պայմանավորված վերջին տասնամյակում, պետական ֆինանսավորմամբ արտասահմանում կրթություն ստացած կամ վերապատրաստման մեկնած մասնագետներին Թուրքիա վերադարձնելու նպատակով իրականացնում է որոշակի աշխատանքներ։ Բացի այդ, տեղեկատվական ցանցերով և գիտական համագործակցությամբ կազմակերպում է նրանց հեռավար համախմբումը։

2007-2015թթ. Թուրքիա են վերադարձել օդագնացության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիայի և կենսաբանության ոլորտի 541 մասնագետ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, որոնք աշխատանքի են տեղավորվել համալսարաններում, տեխնոպարկերում, արդյունաբերական ձեռնարկություններում և մասնավոր հատվածում։ Այս ամենը ձեռնարկվել է Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի (TUBITAK) և «ուղեղների հետադարձ արտահոսքին» աջակցող եվրոպական ծրագրերի միջոցով[24]։

2019թ. սեպտեմբերին «TÜBİTAK»-ը կազմակերպեց «Արտասահմանում բնակվող թուրք գիտնականները» խորագրով չորրորդ համաժողովը, որը նվիրված էր առաջատար տեխնոլոգիաների ոլորտում (նանո, բժշկական, թվային, միջուկային և վերականգնվող էներգետիկա և այլն) թուրքական սփյուռքի գիտնականների հետ տարբեր ձևաչափերով համագործակցության մեխանիզմների մշակման ու կիրառման հնարավորություններին, Թուրքիա վերադարձին, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով թուրքական համալսարաններում դասավանդման հարցերին և այլն։

Այս համատեքստում նշենք, որ համաժողովին քննարկվել է այնպիսի երկրների փորձը (Հարավային Կորեա, Չինաստան, Հնդկաստան և այլն), որոնք գիտության ոլորտում պետություն-սփյուռք համագործակցության ուղղությամբ գրանցել են հաջողություններ։ Համաժողովին ներկայացվել են մի շարք առաջարկներ, ինչպես օրինակ՝

  • Արտերկրում բնակվող թուրք գիտնականների ներգրավում գիտահետազոտական նախագծերում, պետական համալսարաններում նրանց պաշտոնավարման օրենսդրական կարգավորում,
  • ԱՄՆ-ում գործող «Թուրք-ամերիկյան գիտնականների միության» (TASSA) օրինակով տարբեր երկրներում «Թուրքական գիտական սփյուռքի միություններ» հիմնում,
  • Թուրքական հյուպատոսություններում գիտության պատասխանատու կցորդների նշանակում, որոնք կհամագործակցեն տվյալ երկրի տեխնոպարկերում աշխատող թուրք մասնագետների հետ,
  • Թուրքիայի բարձրագույն կրթական հաստատություններում սփյուռքի մասնագետների ներգրավմամբ՝ հեռավար կամ առկա դասավանդման ծրագրերի պատրաստում։

Միևնույն ժամանակ խնդիր է դրված հեշտացնել Թուրքիա վերադարձող գիտնականների աշխատանքի տեղավորումը (փաստաթղթային ձևակերպումներ, կեցության պայմաններ և այլն)[25]։

Պետք է նշել, որ այնուամենայնիվ, կա որոշակի մտահոգություն սփյուռքի ներկայացուցիչների շրջանում, քանի որ հազարավոր մասնագետներ 2016թ. Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել կամ հեռացվել են բուհական համակարգից, այդ թվում՝ Թուրքիա վերադարձած գիտնականները։ Միևնույն ժամանակ, այդ շրջանակներում փակվել են երկու հազարից ավելի դպրոց և տասնվեց համալսարան[26]։


[1] https://www.yok.gov.tr/kurumsal/tarihce

[2] И. Селек, Управление университетским сообществом в условиях модернизации (на примере республики Турция), Казанский педагогический журнал, 2015, № 4 (111), часть1,c.198

[3] Устюньер Ильяс. Краткая история высшего образования в Турции: опыт и проблемы, Уральское востоковедение. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2005, Вып. 1, С. 175.

[4] И. Селек, նույն տեղում, էջ 197

[5] https://www.ku.edu.tr/kesfet/hakkimizda/

[6] https://research.ku.edu.tr/centers-labs-projects

[7] https://www.topuniversities.com/universities

[8] https://w3.bilkent.edu.tr/www/ucretler/

[9] Bilkent CYBERPARK girişimcilerinden 450 ,

[10] https://www.metu.edu.tr/tr/tarihce

[11] https://ncc.metu.edu.tr/ro/fees

[12] http://odtuteknokent.com.tr/tr/hakkinda

[13] http://lead-project.org/organisation/middle

[14] М.Дегирменджи, Подготовка специалистов дощколново образавания в высших учебных заведениях Турции, Одесса, 2015, с. 52.

[15]http://www.studyinturkey.com/content.

[16] Նույն տեղում

[17] http://www.studyinturkey.com/content

[18] https://issa.org.tr/wp-content/uploads

[19] https://ieft.net/i/ieft/turkish_students_

[20] https://kygm.gsb.gov.tr/Sayfalar/2441

[21]https://www.yok.gov.tr/Documents/

[22]En çok yabancı öğrenci Anadolu’da

[23] https://issa.org.tr/wp-content/uploads

[24] TÜBİTAK'tan Türkler'e dön çağrısı  և   Beyin göçüne bürokrasi pürüzü

[25] YURT DIŞINDAKİ TÜRK BİLİM İNSANLARI 4. KURULTAYI. KURULTAY RAPORU

[26] Турция: жертвы и герои событий 15 июля 2016 года, և Турецкие ученые бегут из страны как сирийские беженцы