Հայ հասարակության ինքնությունը քաղաքակրթությունների հարացույցում
30 ր. | 2020-06-05Անցում պոստմոդեռնին
XXI դարում գլոբալ, տարածաշրջանային և տեղական մակարդակներում տեղի են ունենում արագ և համակարգային փոփոխություններ։
- Արդի ժամանակաշրջանի խորքային էությունն է անցումը մոդեռնից պոստմոդեռնին։
Ա նցումը պոստմոդեռնին պայմանավորվում է մի շարք գործընթացներով, այդ թվում․
- Ինֆորմացիոն հասարակության կայացումը՝ մարդկանց կենսագործունեության շարունակական անցումը գլոբալ վիրտուալ տարածություն։
- Սկզբունքորեն նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների, արհեստական բանականության և ավտոմատացված համակարգերի, կենսատեխնոլոգիաների, մասնավորապես՝ գենային ինժեներիայի կիրառման ընդլայնումը։
- Գլոբալ քաղաքացիական հասարակության կայացումը, որտեղ ընդգրկված են ոչ միայն Արևմուտքի հարուստ և զարգացած ժողովրդավարությամբ երկրների, այլև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների քաղաքացիական հասարակությունները։
- Աշխարհամակարգի ներկայիս հեգեմոնի՝ ԱՄՆ դիրքերի խարխլումը և բազմաբևեռ աշխարհակարգի կայացումը։
- Տարածաշրջանների, երկրների, դասակարգերի և այլ սոցիալական խմբերի միջև անհավասարության աճը։
- Ասիայի և Աֆրիկայի խիտ բնակեցված երկրների բնակչության շարունակվող աճը։
- Աղքատ երկրների գերբնակեցվածության հետևանքով հարուստ երկրներ բնակչության միգրացիայի ընդլայնումը։
- Ցանկացած քաղաքակրթական անցում, այդ թվում՝ պոստմոդեռնին, ուղեկցվում է հակասությունների յուրահատուկ համակարգով։
Պոստմոդեռնին անցման յուրահատկություններից են նոր և իրարամերժ արժեհամակարգերի և վարքագծային մոդելների առատությունը և ինֆորմացիոն ինտենսիվ հոսքերում հակասական բովանդակությունների առկայությունը։ Շատ արագ ընթացող փոփոխությունները մարդկանց շրջանում առաջացնում են արդի աշխարհի անկայունության և ապագայի նկատմամբ վախի զգացողություն։ Իրարամերժ և նախկինում անընդունելի վարքագծային մոդելների և արժեհամակարգերի ներթափանցումն առօրյա կյանքում առաջացնում է հասարակական բարքերի անկման, այլասերման և քաղաքակրթական ճգնաժամի զգացողություն։[1]
Այդ գործընթացի տարածմանը մեծապես նպաստում է այն, որ
- «Տնտեսապես զարգացած հասարակությունները չեն ձևավորել այնպիսի գաղափարախոսություններ, որոնք ունակ են բավարարելու մարդկանց գոյության իմաստավորվածության և միմյանց միջև ընդհանրության զգացողության պահանջմունքները»։[2]
Իրարամերժ արժեհամակարգերի առատության կարևոր հետևանքներից է մի կողմից՝ մարդկանց և սոցիալական խմբերի ինքնությունների խարխլումը և կազմալուծումը, իսկ մյուս կողմից՝ դրանց տեղակալող նոր ինքնությունների կայացումը։
- Պոստմոդեռնին անցման սոցիոմշակութային դինամիկայի բովանդակության կարևորագույն բաղադրիչն է ինքնությունների փոխակերպումը։
Փոփոխությունները տեղի են ունենում ինքնության բոլոր տարրերում՝ սեռային, ընտանեկան, էթնիկ, ազգային և քաղաքակրթական շերտերում։[3]
- Հին և նոր ինքնությունների գոյակցումը, որպես կանոն, հակասություններ է ծնում։[4]
Դրանք առաջանում են ոչ միայն տարբեր ինքնություններ կրող սոցիալական խմբերի, այլև առանձին անձանց գիտակցությունում։[5] Անձի մակարդակում առաջանում են կոգնիտիվ դիսոնանսներ, իսկ խմբային մակարդակներում՝ միջխմբային, մասնավորապես միջէթնիկ, հաճախ արյունալի կոնֆլիկտներ։[6]
Քաղաքակրթությունների մրցակցությունը
Ա զգերի, խմբերի և անձանց ինքնությունը բարդ և բազմաշերտ համակարգեր է։ Ինքնության յուրաքանչյուր շերտի փոփոխության միտումներն արժանի են առանձին հետազոտության, սակայն աշխարհամակարգային դինամիկայի տեսակետից, առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում քաղաքակրթական և էթնիկ ինքնության փոխակերպումները։ Ինքնության վերաբերյալ արդի դիսկուրսում կարևոր նշանակություն ունի «վերևի» մակարդակը՝ քաղաքակրթական ինքնությունը[7] և, ներկայիս «արագացող» ժամանակի պայմաններում, ինտենսիվ փոխակերպումները[8]։
Քաղաքակրթությունների և քաղաքակրթական պատկանելության հարցերը գիտական շրջանառության մեջ են XIX դարի կեսերից: Այդ խնդիրների վերաբերյալ առավել հայտնի են Ա. Թոյնբիի[9], Օ. Շպենգլերի[10], Ն. Դանիլևվսկու[11] աշխատությունները, որտեղ ձևակերպված հարցերը չեն կորցրել արդիականությունը։ Այդ աշխատությունների կենտրոնական հարցերն էին՝
- Ի՞նչ է քաղաքակրթությունը,
- Ո՞րն է քաղաքակրթությունների տարբերության հիմքը,
- Ինչպե՞ս են առաջանում, զարգանում և մահանում կամ փոխակերպվում քաղաքակրթությունները,
- Ինչո՞ւ են քաղաքակրթությունները մահանում կամ փոխակերպվում,
- Որքա՞ն է գոյատևման ժամանակահատվածը:
XX դարի ավարտին, սոցիալիստական համակարգի փլուզումից հետո, առաջացան մարդկության ապագայի վերաբերյալ տարբեր, որպես կանոն գաղափարախոսական և քաղաքական նշանակալի բեռնվածք ունեցող հայեցակարգեր։
Առաջինը Ֆրենսիս Ֆուկույամայի «պատմության ավարտի» հայեցակարգն էր, որը 1989 թ․-ին հրատարակվեց որպես հոդված, իսկ 1992 թ․-ին՝ մենագրություն։[12] Ֆուկույամայի հիմնական դրույթներն են՝ սոցիալիզմի նկատմամբ ազատականության հաղթանակն ավարտել է ոչ թե հերթական պատմական ժամանակաշրջանը, այլ ինքնին պատմությունը։ Ազատական ժողովրդավարության հաղթանակը վերջնական է, այն արագորեն տարածվելու է մնացած աշխարհում։ Ազատական ժողովրդավարությունը մարդկության կենսագործունեության և կառավարման վերջնական ձևն է։
Սակայն՝
- Գլոբալացման գործընթացների ինտենսիվացմանը զուգահեռ տարբեր քաղաքակրթություններում զարգացնում էին նաև իրենց ինքնության պահպանության, ամրապնդման և աշխարհում իրենց դերի ընդլայնման միտումները։
Այդ միտումները և դրանցից բխող ապագայի սցենարներն առաջինը համակարգային տեսքով ներկայացրեց Ս․ Հանթինգտոնը՝ քաղաքակրթությունների բախում հայեցակարգով[13], որը տրամագծորեն հակադիր է Ֆ․ Ֆուկույամայի հայեցակարգին։ Հանթինգտոնի հայեցակարգի հիմնական դրույթներն են՝ կոմունիստական աշխարհի փլուզումից հետո մարդկանց միջև ամենակարևոր տարբերություններն են՝ մշակույթը և ինքնությունը, իսկ ամենալայն իմաստով՝ քաղաքակրթական պատկանելությունը։ Նա հիմնավորում է, որ ապագայում գլոբալ մրցակցությունը, կոնֆլիկտներն ու պատերազմները լինելու են ոչ թե պետությունների, այլ քաղաքակրթությունների միջև։ Ընդ որում, կոնֆլիկտներն ու պատերազմները հակված են լինելու «տեղաշարժելու» քաղաքակրթությունների միջև սահմանային տարածքները։ Վերջին հաշվով՝ քաղաքակրթությունների բախումն անխուսափելի է։
Հայաստանն առնվազն երկու հազարամյակ գտնվում է քաղաքակրթությունների սահմանին։ Արցախյան հակամարտությունը Հանթինգտոնի դրույթի արտահայտությունն է երկու՝ ուղղափառ և իսլամական քաղաքակրթությունների (իր՝ թյուրքական և իրանական ենթաքաղաքակրթություններով) սահմանային տարածքում, որտեղ ընդգրկված է նաև արևմտյան քաղաքակրթությունը (իր՝ եվրոպական և ամերիկյան ենթաքաղաքակրթություններով)։ Այստեղից էլ բխում է՝
- Արցախյան հակամարտությունում քաղաքակրթական գործոնի և, մասնավորապես, հայերի քաղաքակրթական ինքնության և դինամիկայի հույժ կարևորությունը։
Ֆ․ Ֆուկույամայի և Ս․ Հանթինգտոնի աշխատանքների հրապարակումից ընդամենը մի քանի տարի անց աշխարհում տեղի ունեցող գործընթացները սկսեցին հերքել Ֆ․ Ֆուկույամայի և հաստատել Ս․ Հանթինգտոնի հայեցակարգը։ Այդ գործընթացներն ուղեկցում էին համապատասխան դիվանագիտական նախաձեռնություններով և հայտարարություններով, որոնք ամրագրում էին գործընթացի փուլերը։
1997 թ․-ին Ռուսաստանը և Չինաստանը համատեղ դիվանագիտական հայտարարությամբ հռչակեցին «բազմաբևեռ աշխարհի» գոյությունը, որի հիման վրա հայտարարեցին «նոր միջազգային կարգի» ձևավորման սկիզբը։[14], [15] Դրանով իսկ նրանք և՛ պաշտոնապես, և՛ հայեցակարգային կերպով հերքեցին «պատմության ավարտի» մասին թեզը և արտահայտեցին ռուսական (ուղղափառ) և չինական քաղաքակրթությունների հավակնությունները, որպես նոր համաշխարհային բևեռներ և, հետևաբար, դիրքավորվեցին որպես աշխարհամակարգային հեգեմոնի՝ ԱՄՆ-ի ընդդիմախոսներ. սկսվեց աշխարհի «նոր ռեգիոնալացման» գործընթացը։
«Նոր ռեգիոնալացման» գործընթացն արդիականացրեց քաղաքակրթությունների բախման հայեցակարգում պարունակվող և աշխարհի ճակատագրին վերաբերվող կարևորագույն հարցը․
- Արդյո՞ք քաղաքակրթությունների միջև ընդհանրումներն անխուսափելի են, թե՞ նրանք կարող են խաղաղ գոյատևել և համագործակցել:
Այդ հարցին հայեցակարգային մակարդակում անդրադարձավ Իրանը։ 1999 թ․-ին Իրանի նախագահ Մոհամմադ Խատամին, առաջադրեց Հանթինգտոնի հայեցակարգի այլընտրանքը՝ «Քաղաքակրթությունների երկխոսության» հայեցակարգը[16], որի հիման վրա 2001 թ․-ին ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի «Քաղաքակրթությունների երկխոսության գլոբալ օրակարգը» որոշումը[17]։
«Քաղաքակրթությունների երկխոսության» հայեցակարգի հիմնական դրույթներն են՝ տարբեր քաղաքակրթությունները ունակ են և պետք է ձգտեն գտնել միմյանց հետ կառուցողական հաղորդակցության ձևեր։ Այդ երկխոսության սկզբունքները պետք է լինեն՝ քաղաքակրթությունների խաղաղ և կայուն զարգացումն ու համագործակցությունը, Արևելքի և Արևմուտքի քաղաքակրթությունների փոխլրացումը, ավանդական արժեքների ընդգրկումը միջազգային օրենսդրության համակարգում, քաղաքակրթությունների երկխոսության ինստիտուցիոնալացումը գլոբալ քաղաքացիական հասարակությունում, պետությունների միջազգային և ազգային անվտանգության համակարգերի զարգացումը։
Շեշտադրելով այն փաստը, որ հայեցակարգն առաջադրվել է Իսլամական երկրների կոնֆերանսում, և այն ընդունել են նրա անդամ իսլամական 55 երկիր, որոշ հետազոտողներ հիմնավորված կերպով համարում են, որ «Քաղաքակրթությունների երկխոսության» հայեցակարգը իսլամական աշխարհի արձագանքն է Հանթինգտոնի (Արևմուտքի) դիրքորոշումներին, մարտահրավերներին, կանխատեսումներին և ռազմավարություններին[18]։ Իսկ այն փաստը, որ նախաձեռնությունը բխել է Իրանից, արտահայտում է Իրանի, որպես քաղաքակրթական բևեռի հավակնությունները։
ԽՍՀՄ փլուզումը 1991 թ.-ին քաղաքակրթական տեսակետից համարժեք էր ռուսական (ուղղափառ) քաղաքակրթական տարածքի կազմալուծմանը։ Այդ քաղաքակրթական տարածքի վերականգնումը սկսվեց 1991-ին, երբ հիմնադրվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը[19], իսկ 1992-ին՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունը։ Հետագայում հաջորդաբար ստորագրվեցին հետխորհրդային ընդհանուր տնտեսական տարածքի վերամիավորմանն ուղղված մի շարք պայմանագրեր, որոնց վերջնակետը դարձավ 2014 թ․-ին հիմնադրված Եվրասիական Տնտեսական Միությունը:[20]
Սակայն քաղաքակրթական տարածքը համարժեք չէ ընդամենը տնտեսական միությանը։ Այդ պատճառով պետք է փաստել, որ ռուսական քաղաքակրթական տարածքի վերականգնումը դեռևս ավարտված չէ։
Խորհրդային Միությունը լիարժեք քաղաքակրթական տարածք էր, իր յուրահատուկ «աթեիստական կրոնով»՝ կոմունիստական գաղափարախոսությամբ։ Այն հսկայական ձգողական ուժ ուներ բոլոր քաղաքակրթական տարածքների հասարակությունների բացարձակ գերակշիռ մասի՝ աշխատավորության և հումանիստական մտավորականության շրջանում։ Կոմունիստական գաղափարախոսությունը բոլորին տալիս էր մարդկության լուսավոր ապագայի՝ անդասակարգ հասարակության տեսլականը՝ անկախ ազգային, քաղաքակրթական, ռասայական կամ այլ պատկանելությունից։ Կրոնական գաղափարախոսություններից այն տարբերվում էր նրանով, որ լուսավոր ապագան չէր «տեղափոխվում երկինք», այլ կառուցվելու էր «երկրի վրա»։ Ռուսական մեծ տարածքում այդ գաղափարախոսության կորուստը դեռևս չի լրացվել նոր և իր ձգողականությամբ համարժեք գաղափարախոսությամբ։[21]
Ներկայում Ռուսական մեծ տարածքի վերականգնման գաղափարախոսություն դառնալուն է հավակնում եվրասիականությունը, որի հիմքում են Ն․ Տրուբեցկոյի և Լ․ Գումիլյովի, իսկ ներկայում՝ Ա․ Դուգինի տեսական հայեցակարգերը։ Եվրասիականության հիմնական դրույթներից է այն, որ ռուսական և թուրանական էթնոսներն ունեն պատմական ճակատագրերի միասնություն։ Այդ էթնոսները բնակվելով տարբեր բնակլիմայական պայմաններում[22], այնուամենայնիվ, կազմում են մեծ միասնական համակարգ, Ն․ Գումիլյովի տերմինաբանությամբ՝ սուպերէթնոս[23]։ 1996 թ․-ին, Ղազախստանի Նախագահ Ն․ Նազարբաևն այս դրույթն առաջարկեց որպես հետխորհրդային տարածքի ինտեգրման գաղափարական հիմք։[24], [25]
Իրենց քաղաքակրթական ինքնության և հավակնությունների հայտարարություն էր նաև 2006 թ․-ին՝ Պետերբուրգյան տնտեսական ֆորումում, BRIC-ի հիմնադրումը՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի մասնակցությամբ, որին 2011 թ․-ին միացավ Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, և կազմակերպությունը վերանվանվեց BRICS։
Չինաստանի քաղաքակրթական հավակնությունների կիզակետն է «Մեկ գոտի և մեկ ուղի» մեգանախագիծը, որն ուղղված է պատմական, ցամաքային և ծովային «Մետաքսի ճանապարհների» վերականգնմանը։ Չինական քաղաքակրթական նախագծի յուրահատկություններից է՝ քաղաքակրթական հանդուրժողականությունը, որը քաղաքակրթական այլ ինքնությանը ուծացում չի ենթադրում։ Սակայն, նախագիծն իր մասշտաբով վերածածկում է Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի քաղաքակրթական տարածքները, այդ թվում՝ եվրասիական, իսլամական (իր տարատեսակներով), հնդկական և նույնիսկ եվրոպական, դրանով իսկ պարունակելով այդ քաղաքակրթությունների հետ ինչպես համագործակցության, այնպես էլ՝ մրցակցության լուրջ հիմքեր։
Բազմաբևեռ աշխարհի «նոր ռեգիոնալացման» նոր գերտերություն սուբյեկտները՝ Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը, ինչպես նաև տարածաշրջանային գերտերություն-սուբյեկտները՝ Թուրքիա, Իրան, Պակիստան, Բրազիլիա, Արգենտինա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, ձգտում են պահպանել, ընդլայնել և ինտեգրել իրենց կողմից վերահսկող և քաղաքակրթական տեսակետից հարազատ տարածքները։
Մյուս կողմից, Արևմուտքի (ԱՄՆ, Եվրոպական Միություն) քաղաքակրթական արձագանքը այլ քաղաքակրթությունների հավակնություններին, տեղի է ունենում Հանթինգտոնի հայեցակարգին և կանխատեսումներին համապատասխան։
Մեթոդաբար մասնատվել է և շարունակվում է մասնատվել ուղղափառ քաղաքակրթական տարածքը։ 1991-1999 թթ․ շարունակական պատերազմների արդյունքում մասնատվեց Հարավսլավիան։ Դրա կազմում գտնվող առանձին պետություններն աստիճանաբար ինտեգրվեցին Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում որպես ծայրամասային տարածքներ։ 2008 թ․ վրաց-օսական պատերազմը, անորոշ երկար ժամանակով սեպ խրեց ռուսական և վրացական ուղղափառ տարածքների միջև։ Ռուս-ուկրաինական հեռավար (proxy) պատերազմը և, այդ համատեքստում, ուկրաինական ուղղափառ եկեղեցու անկախացումը ռուս ուղղափառ եկեղեցուց, նույնպես անորոշ երկար ժամանակով խափանեց Ուկրաինայի վերաինտեգրումը ռուսական (ուղղափառ, եվրասիական) մեծ տարածքին։[26], Զ. Բժեզինսկին, Հանթինգտոնի հայեցակարգին համահունչ, գրում է․ «Առանց Ուկրաինայի Ռուսաստանը չի կարող լինել Եվրասիական Կայսրություն։ Այն կարող է հավակնել կայսերական կարգավիճակի՝ վերածվելով հիմնականում ասիական պետության, ամենայն հավանականությամբ ուժերը ջլատող հակամարտությունների մեջ մտնելով Միջին Ասիայի հետ…» [27]
Մեթոդաբար խափանվում են Իսլամական քաղաքակրթական տարածքի ինտեգրման փորձերը (որն, ի դեպ, IX դարից հետո աչքի չի ընկել իր միասնականությամբ)։
Հզոր հարված է ստացել իսլամական քաղաքակրթության արաբական ենթաքաղաքակրթությունը։ 2003 թ․ իրաքյան պատերազմի արդյունքում փաստացի մասնատվել է Իրաքը և խափանվել են արաբական երկրների առաջնորդության նրա հավակնությունները։
2011-ին սկսվեց «Արաբական գարունը», երբ 20 արաբական երկրներում միաժամանակ տեղի ունեցան հակակառավարական հզոր ընդվզումներ։ Արդյունքում փոխվեցին մի շարք երկրների կառավարություններ, փաստացի մասնատվեց Լիբիան, որի արդյունքում չեզոքացան Մագրիբի և Սահարայի երկրների առաջնորդության լիբիական հավակնությունները։ Մասնատման եզրին էր Սիրիան, որը չնայած երկու քաղաքակրթական տարածքների բևեռների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ պահպանեց իր միասնականությունը, սակայն հսկայական տնտեսական կորուստներ ունեցավ և զրկվեց Մերձավոր Արևելքի արաբական երկրների առաջնորդության հավակնություններից։ Ներկա զարգացումները Արաբական աշխարհում հուշում են, որ աստեղ «գարունը դեռ շարունակվում է»։
Թյուրքական ենթաքաղաքակրթության զարգացմանը հզոր հարված էր 2016 թ․ պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում։ Չնայած տապալել Թուրքիայում չափավոր իսլամական կառավարությունը[28] չհաջողվեց, սակայն լրջորեն նվազեցին նրա տնտեսական և մարդկային ռեսուրսները ինչպես Նոր օսմանականության, այնպես էլ Պանթուրանականության նախագծերի վերակենդանացման հարցերում։
Շարունակվում է իրանական (Շիա) ենթաքաղաքակրթության ինտեգրման և զարգացման խոչնդոտումը։ Շարունակաբար խստացվում են Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Սիստեմատիկ կերպով Իրանի և ԱՄՆ միջև ռազմական ընդհարման ռիսկ է առաջանում։
Աստիճանաբար ընդլայնվում է ԱՄՆ և Չինաստանի միջև տնտեսական պատերազմը։ Հարկ է նշել, որ միայն այս «ռազմաճակատում» են ակնհայտորեն թուլանում ԱՄՆ դիրքերը։ ԱՄՆ և Չինաստանի միջև լայնամասշտաբ ռազմական ընդհարման փոքր հավանականության պայմաններում, նրանց միջև տնտեսական պատերազմում շարունակաբար հաղթանակներ է ունենում Չինաստանը, որի աշխարհի ամենամեծ տնտեսություն դառնալու հավանականությունն աստիճանաբար աճում է։
Հայաստանի հայ հասարակության քաղաքակրթական ինքնությունը
Ք աղաքակրթությունների բախման և երկխոսության արդի տարամետ գործընթացներում մեզ՝ հայերիս համար կարևոր նշանակություն ունի մեր քաղաքակրթական ինքնության սահմանումը և, դրան համապատասխան՝ ազգային ռազմավարությունների մշակումը։ Հանթինգտոնը գրում է․«Մարդիկ ունակ չեն քաղաքականությունն օգտագործել ի նպաստ սեփական շահի, եթե չեն կողմնորոշվել, թե ովքեր են իրենք»[29]։
Հանթինգտոնի դրույթը լրացնում է մեր պատմական փորձը։ Այն ցույց է տվել, որ,
- երբ հայ հասարակության կամ նրա վերնախավերի քաղաքակրթական ինքնության կառուցվածքը նշանակալիորեն տարբերվում է Հայաստանում մրցակցող գլոբալ աշխարհաքաղաքական սուբյեկտների ուժերի հավասարակշռությունից, ապա այդ իրավիճակը ռիսկեր է պարունակում Հայաստանի ազգային անվտանգության և շահերի համար։
Հայաստանի (հայերի) քաղաքակրթական պատկանելության խնդրին հպանցիկ անդրադարձել է Թոյնբին։ Թոյնբիի հայեցակարգում քաղաքակրթությունների սահմանման հիմնական չափանիշը կրոնն է։ Իր աշխատությունում նկատում է, որ բացի հիմնական՝ մեծ քաղաքակրթություններից, կան նաև փոքր, թույլ զարգացած, յուրահատուկ մշակութային տարածքներ, որոնք դժվար է ընդգրկել որևէ մեծ քաղաքակրթական տարածքում։ Այդ մշակութային կազմավորումները Թոյնբին սահմանել է որպես ռելիկտային (մնացորդային, կանգ առած զարգացմամբ) քաղաքակրթություններ, որոնց զարգացումը պատմականորեն կանգ է առել: Ռելիկտային քաղաքակրթությունների խմբերից մեկում՝ նա ընդգրկել է Հայաստանը, Միջագետքի, Եթովպիայի և Եգիպտոսի միաբնակ քրիստոնյաներին, Քրդստանի և Մալաբարի նեստորական քրիստոնյաներին, ինչպես նաև հրեաներին և պարսերին։[30]
Թոյնբիի այդ տեսակետին անդրադարձել է ակադեմիկոս Հ. Գևորգյանը։[31] Ի տարբերություն Թոյնբիի գնահատականի, ակադեմիկոս Գևորգյանը շեշտում է և հիմնավորում, որ հայկական մշակույթը պատմականորեն եղել է բաց համակարգ, հազարամյակների ընթացքում ունեցել է ինտենսիվ մշակութային հարաբերություններ տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների հետ՝ փոխառելով և փոխանցելով մշակութային արժեքներ։ Հետևաբար, հայկական մշակույթը և հայ հասարակությունն ռելիկտային չեն, քանի որ պատմական վաղ շրջանից ընդհուպ մեր օրերը շարունակաբար զարգացել են։
Ա․ Թոյնբիի և Հ․ Գևորգյանի հայեցակարգերի համադրումից բխում է եզրակացություն․
- Հայկական մշակույթն ունի լոկալ քաղաքակրթության հատկանիշներ և ամբողջությամբ չի ընդգրկվում որևէ այլ քաղաքակրթական տարածքում (Ա․ Թոյնբի)։
- Հայկական մշակույթը, հետևաբար, նաև՝ հասարակությունը, կանգ առած զարգացմամբ մնացորդային (ռելիկտային) քաղաքակրթություն չէ (Հ․ Գևորգյան)։
Միաժամանակ և՛ Ա․ Թոյնբիի, և՛ Հ․ Գևորգյանի հայեցակարգերի հետ են հաղորդակցվում 2005 թ.-ին Հայաստանի երիտասարդության շրջանում Ն․ Շահնազարյանի իրականացրած կիրառական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։[32] Հետազոտության
- «Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին և մտածելակերպին է նման հայկական մշակույթն ու մտածելակերպը» հարցին երիտասարդների գերակշիռ մասը (70.5%) պատասխանել է` «Ոչ մեկին» (Աղյուսակ 1):
«Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին և մտածելակերպին է նման հայկական մշակույթն ու մտածելակերպը» |
Ոչ ուսանողներ երիտասարդներ |
Ուսանողներ |
Ընդամենը |
1. Ռուսականին |
5.7% |
3.0% |
4.3% |
2. Մերձարևելյանին |
6.3% |
8.4% |
7.4% |
3. Եվրոպականին |
9.5% |
4.5% |
6.9% |
4. Ամերիկյանին |
1.2% |
2.1% |
1.6% |
5. Ոչ մեկին |
66.3% |
74.3% |
70.5% |
6. Դժվարացել են պատասխանել |
10.9% |
7.7% |
9.2% |
Ընդամենը |
100.0% |
100.0% |
100.0% |
Աղյուսակ 1 «Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթի և մտածելակերպին է նման հայկական մշակույթն ու մտածելակերպը:»։ Աղբյուրը՝ Шахназарян Н. Отношение молодежи Армении к европейским ценностями интеграции Армении с Европой. Ереван 2005.
Այն փաստը, որ երիտասարդների 70%-ը համարում է, որ հայկական մշակույթը և մտածելակերպը ոչ մի այլ մշակույթի և մտածելակերպի նման չէ, հաղորդակցվում է Թոյնբիի դրույթին, որ Հայաստանն առանձին քաղաքակրթական տարածք է։
Միաժամանակ հարկ է ուշադրություն դարձնել հետազոտական այն արդյունքին, որ երիտասարդության մտավորական շերտը՝ ուսանողները, ավելի է հակված հայկական մշակույթն ու մտածելակերպը ոչ մի այլ մշակույթի նման չհամարելու (այդ դիրքորոշումն ունեին ուսանողների 74.3%), քան մնացած երիտասարդները (66.3%)։ Այսինքն՝
- Սեփական [հայկական] մշակույթին ավելի լավատեղյակ անձն, ավելի է հակված այն համարելու այլ մշակույթներից տարբերվող:
Հ․ Գևորգյանի հայեցակարգային դրույթները և դրանց ադեկվատությունը Հայաստանի երիտասարդության ընկալումներին, հանգեցնում են եզրակացության, որ՝
- Անհրաժեշտ է պահպանել, հզորացնել և զարգացնել հայկական քաղաքակրթությանը ներհատուկ եզակիությունը և դրա հասարակական ընկալումը։
- Հայկական քաղաքակրթության եզակիության հիմքի վրա պետք է քննել այն հարցը, թե ո՞ր քաղաքակրթական տարածքին է ավելի «մոտ» [ոչ թե՝ «պատկանում»] Հայաստանի հասարակությունը, և ստացված արդյունքների հիման վրա կառավարել Հայաստանի հարաբերություններն այլ քաղաքակրթական տարածքների հետ։
Երկրորդ դրույթից բխում է նաև․
- Հայերի քաղաքակրթական ինքնության կառուցվածքի և դինամիկայի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
Հանթինգտոնի քաղաքակրթությունների բախման հայեցակարգում նույնպես կան Հայաստանի քաղաքակրթական ինքնությանը վերաբերվող դրույթներ։ Մեզ համար անդրադարձը Հանթինգտոնի դրույթներին կարևոր է, քանի որ դրանք պատկանում են աշխարհի ամենահզոր գերտերության՝ ԱՄՆ-ի քաղաքագիտական մտքի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկին և, միաժամանակ, մենք տեսնում ենք արդի աշխարհում այդ դրույթների հետևողական գործնական կիրառությունները և դրանց հետևանքները։
- Հանթինգտոնը Հայաստանը համարում է ուղղափառ քրիստոնեական քաղաքակրթական տարածք, որը ռազմական, աշխարհաքաղաքական և տնտեսական տեսակետերից անվերապահորեն շաղկապված է ռուսական (ուղղափառ) քաղաքակրթական տարածքին:
Հանթինգտոնն այդ մասին գրում է միանգամայն հստակ․ «Պատմականորեն Հայաստանն իր շահերը նույնականացրել է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը հպարտացել է իսլամադավան հարևաններից հայերի պաշտպանի իր դերով։ Հետխորհրդային տարիներին այդ հարաբերություններն ամրապնդվել են։ Հայերը տնտեսական և ռազմական պաշտպանության հարցերում կախված են Ռուսաստանից և նախկին խորհրդային հանրապետությունների հետ նրա հարաբերություններում սատարում են Ռուսաստանին։»[33]
Հանթինգտոնի դրույթը նույնպես հաղորդակցվում է Հայաստանում իրականացված կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հետ։
Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր 2007» հետազոտության տվյալների շտեմարանի կիրառմամբ[34] ուսումնասիրվել են տարբեր ազգերի նկատմամբ Հայաստանի հայերի սոցիալական տարածությունների ընկալումները։ Այդ տարածությունների վերլուծության միջոցով, անուղղակիորեն բացահայտվել են հայերի քաղաքակրթական կողմնորոշումները և գերակայությունները։[35]
Սոցիալական տարածությունը ցույց է տալիս, թե տվյալ սոցիալական խումբը (մեր դեպքում՝ հայերը) որքանով է պատրաստակամ տարբեր տիպի սոցիալական շփումներ ունենալ մեկ այլ խմբի (մեր դեպքում՝ ազգի) ներկայացուցչի հետ։ Որքան բարձր է այդ պատրաստակամությունը, այնքան ավելի փոքր է սոցիալական տարածությունը։ Սոցիալական տարածությունների չափման համար կիրառվել է Բոգարդուսի հատված սանդղակը։[36] Սանդղակը կառուցվել է հետևյալ սոցիալական շփումների ընդունելիության հաշվառմամբ՝ տվյալ ազգի ներկայացուցչի հետ ընկերություն, համատեղ աշխատանք և մոտ հարազատի ամուսնություն։
Գծապատկեր 1-ում տրված է, թե ինչ սոցիալական տարածության վրա են ընկալում Հայաստանի հայերը տարբեր ազգերին, այդ թվում՝ հայերին (իրենք՝ իրենց), ռուսներին, ամերիկացիներին, գերմանացիներին, վրացիներին, հրեաներին, իրանցիներին, թուրքերին և ադրբեջանցիներին։ Տվյալները ցույց են տալիս, որ՝
- Հայերին առավել մոտ սոցիալական տարածության վրա են ռուսները` [0; 1] միջակայք ունեցող սանդղակում՝ 0.18 միավոր։
Մնացած ազգերի հեռավորություններն աստիճանաբար աճում են։ Ընդ որում, հեռավորություններն արևմտյան կամ՝ արևմտյանին մոտ համարվող ազգերից ավելի փոքր են, քան հեռավորությունները իսլամական ազգերից։
Գծապատկեր 1. Տարբեր ազգերի նկատմամբ հայերի սոցիալական տարածությունների ընկալումները։ ՀՌԿԿ 2007 թ․ շտեմարանի տվյալների վերլուծություն։
Հարց է առաջանում, արդյո՞ք սոցիալական տարածությունները դիտարկելիս առաջացած խմբերը պատահականության արդյունք են, թե՞ դրանք օբյեկտիվորեն գոյություն ունեն։ Ստացված սոցիալական տարածությունների գործոնային վերլուծությունը ցույց տվեց, որ այդ խմբերը պատահական չեն։
Գործոնները՝ մաթեմատիկական կառուցվածքներ են, որոնք արտապատկերում են հասարակությունում առկա աշխարհայացքային համալիրները, որոնք սոցիոլոգիական հետազոտություններում ուղղակիորեն չեն դիտարկվում։ Այդ հետազոտությունում ուղղակիորեն դիտարկվում են հարցաթերթային հարցերին (ազդակներին) տրված պատասխանները (արձագանքները), որոնք կազմավորվում են մարդու գիտակցությունում, ազդակի և մարդու գիտակցությունում առկա աշխարհայացքային համալիրների հետ փոխազդեցության արդյունքում։
Վերլուծության արդյունքում կազմավորվել է երեք գործոն․ «Գ1․ Ռուսական գործոն», «Գ2. Արևմտյան գործոն» և «Գ3. Իսլամական գործոն»: Դրանք Գծապատկեր 2 - Ա և Բ-ի կոորդինատային առանցքներն են։ Գծապատկերներում տարբեր ազգերի նկատմամբ սոցիալական հեռավորությունների փոխդասավորվածությունները հիմնավորում են գործոնների անունները և, համապատասխանաբար, Հայաստանի հայ հասարակության գիտակցությունում համապատասխան աշխարհայացքային համալիրների առկայությունը։
Ռուսների նկատմամբ դիրքորոշումների համակարգը, որը հետազոտությունում լիովին և ուղղակիորեն չի դիտարկվել, կազմավորում է միայն ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը՝ ռուսները «Գ1. Ռուսական գործոն» առանցքի վրա գտնվում են բարձր գնահատականների տիրույթում, իսկ մնացած բոլոր ազգերը՝ ցածր արժեքների տիրույթում։ Դա նշանակում է, որ լատենտ գործոնը կազմավորում է միայն ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը։ Հայերի գիտակցությունում բոլոր դիտարկված ազգերը բավական «հեռու» են ռուսներից, այդ պատճառով «Գ1. Ռուսական գործոնը» շատ թույլ է ազդում նրանց նկատմամբ սոցիալական տարածությունների կազմավորման վրա։ Ռուսները, մեր դիտարկած ազգերի հավաքածուում, ռուսական քաղաքակրթական տարածքի միակ ներկայացուցիչներն են։
«Գ2. Արևմտյան գործոնը» արտապատկերում է Հայաստանի հայերի գիտակցությունում առկա այն աշխարհայացքային համալիրը, որը նշանակալիորեն (ոչ ամբողջությամբ) կազմավորում է սոցիալական տարածությունները վրացիների, ամերիկացիների, հույների և հրեաների, պայմանականորեն՝ «Արևմտյան» քաղաքակրթական տարածքի նկատմամբ։ Այդ ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունները «Գ2. Արևմտյան» առանցքի վրա դիրքավորված են համեմատաբար ավելի մեծ արժեքների տիրույթում, քան մնացած ազգերի նկատմամբ տարածությունները։
«Գ3. Իսլամական գործոնը» արտապատկերում է Հայաստանի հայերի գիտակցությունում առկա այն աշխարհայացքային համալիրը, որը կազմավորում է թուրքերի, ադրբեջանցիների և պարսիկների (այլ կերպ՝ իսլամական քաղաքակրթությունը ներկայացնող ազգերի) նկատմամբ սոցիալական տարածությունները։ Նկատենք, որ այդ գործոնն ավելի լավ է սահմանազատում իսլամական ազգերին մնացած ազգերից, քան «Գ2. Արևմտյան գործոնը» «Արևմտյան» ազգերին՝ մնացած ազգերից։[37]
Գծապատկեր 2. Տարբեր ազգերի նկատմամբ հայերի սոցիալական տարածությունները պայմանավորող եռաչափ գործոնային տարածությունը։ Manukyan S., Kyureghyan E., Armenians, Georgians end Azerbaijanies at the Civilizational Crossroads: Searching for «Caucassian Identity». ։ Այս երկու գծապատկերները պետք է տեղադրել կողք կողքի։
Այսպիսով՝ Գծապատկեր 1-ում և Գծապատկեր 2-Ա և Բ-ում ներկայացված կիրառական սոցիոլոգիական հետազոտության տվյալների միասնական դիտարկումը հիմնավորում է հայերի վերաբերյալ Հանթինգտոնի դրույթների ադեկվատությունը․
- Հայաստանի հայ հասարակություն իրեն ամենից մոտ է համարում ռուսական քաղաքակրթական տարածքը։
Այժմ դիտարկենք Հայաստանի հայ հասարակության քաղաքակրթական ինքնության կառուցվածքը, որտեղ համադրված են հայկական, եվրոպական, արևելյան, ռուսական և խորհրդային քաղաքակրթությունների առկայության չափը։ Կարևոր է նշել, որ եվրոպական, արևելյան (թուրքական և իրանական) և ռուսական քաղաքակրթական տարածքներն այսօր մրցակցում են Հարավային Կովկասում։ Խորհրդային քաղաքակրթությունը դեռևս հիմնավորապես առկա է Հայաստանի 50 և ավելի տարիքի անձանց գիտակցությունում, ովքեր դեռևս կազմում են Հայաստանի չափահաս բնակչության 35%-ը։ Այդ մարդկանց աշխարհայացքը կազմավորվել խորհրդային շրջանում։ Նրանք խորհրդային քաղաքակրթությունում ապրել են իրենց չափահաս կյանքի առնվազն մի քանի տարիները և ունեն այդ ժամանակաշրջանը գնահատելու անձնական փորձ։
Ակնհայտ է, որ ինքնության խարխլման, նոր կամ խառն ինքնությունների կազմավորման գլոբալ գործընթացների համատեքստում, փոփոխվում է նաև հայերի քաղաքակրթական ինքնությունը, հետևաբար, կարևոր է բացահայտել, ոչ միայն հայերի քաղաքակրթական ինքնության կառուցվածքը, այլև դրա փոփոխության միտումները՝ ո՞ր քաղաքակրթական ազդեցություններ են աճում, որո՞նք են նվազում և ի՞նչ տեմպերով։
Նշված հարցերի պատասխանները ստացվել են «Կյանքի որակը Հայաստանում 2015» համահանրապետական հետազոտության տվյալների կիրառմամբ։[38]
Հայաստանի հայերի իրենց քաղաքակրթական ինքնության ընկալումները գնահատվել են հետևյալ երկու հարցախմբերի միջոցով։
- «Յուրաքանչյուր ազգ իր մեջ ունի իր բուն ազգայինը և այլ մշակույթներից ինչ-որ բան: Ձեր կարծիքով, այսօր Հայաստանի հայերի մոտ, որքա՞ն է առկա [հայկական/ եվրոպական/ արևելյան/ խորհրդային/ ռուսական] մշակույթը։ Գնահատեք խնդրեմ 0-ից 10 բալանոց սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է՝ բոլորովին առկա չէ, իսկ 10-ը՝ լիովին առկա է:»
- «Իսկ Դուք անձամբ, այդ նույն մշակույթների հատկանիշներից որքա՞ն եք կրում Ձեր մեջ: Յուրաքանչյուր մշակույթի չափը Ձեր մեջ գնահատեք 0-ից 10 բալով:»
Առաջին հարցի նպատակն էր ուսումնասիրել հայերի կոլեկտիվ քաղաքակրթական ինքնության կառուցվածքը, իսկ երկրորդինը՝ անհատական քաղաքակրթական ինքնության կառուցվածքը։ Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է երկրորդը՝ Հայաստանի հայերի անհատական քաղաքակրթական նույնականացումը։
Գծապատկեր 3-ում տրված է, թե Հայաստանի հայերը միջին հաշվով որքանո՞վ են «անձամբ իրենց մեջ» ընկալում տարբեր մշակույթների առկայությունը։
Գծապատկեր 3.
Նախ՝ գծապատկերը ցույց է տալիս որ հայերի քաղաքակրթական ինքնությունը բազմաշերտ է, ինչը հաղորդակցվում է ակադեմիկոս Հ․ Գևորգյանի հայեցակարգին, առ այն, որ հայկական մշակույթը բաց համակարգ է և ինտենսիվ մշակութային փոխազդեցություն է ունեցել այլ մշակույթների հետ։ Այս դրույթը չի հակասում Ն․ Շահնազարյանի հետազոտության արդյունքներին։ Հիշենք, որ այդ հետազոտության տվյալներով երիտասարդների 33%-ը հայկական մշակույթը և մտածելակերպը մոտ է համարել որևէ այլ մշակույթի կամ մտածելակերպի, կամ՝ դժվարացել է պատասխանել տրված հարցին։
Գծապատկեր 3-ում վերահաստատվել է նաև Գծապատկեր 1 և Գծապատկեր 2-Ա և Բ-ից դուրս բերված արդյունքը, որ հայերին ամենամոտ քաղաքակրթությունը ռուսական է (հայկական մշակույթի առկայության միջին արժեքը` 8.51 է)։ Բացի դրանից, պարզվել է, որ խորհրդային քաղաքակրթությունը (միջին արժեքը 4.64) նույնքան առկա է հայերի մեջ, որքան ռուսական քաղաքակրթությունը (միջն արժեքը՝ 4.46)։ Եվրոպական քաղաքակրթության առկայությունը Հայաստանի հասարակությունում ավելի ցածր է, այն կազմում է խորհրդային քաղաքակրթության առկայության 68%-ը (միջին արժեքը 3.04)։ Ամենից ցածրն է արևելյան քաղաքակրթության առկայությունը՝ որը կազմում է խորհրդային քաղաքակրթության առկայության 45%-ը (միջին արժեքը՝ 2.12)։
Միջին արժեքների համեմատությունը ընդհանուր պատկերացում է տալիս Հայաստանի հասարակությունում քաղաքակրթական ինքնությունների դիրքավորվածության վերաբերյալ։ Սակայն, այդ ցուցանիշը շատ հարմար է քաղաքակրթական ինքնության կառուցվածքի փոփոխությունների ուսումնասիրության համար (տես՝ հաջորդիվ)։
Հետազոտության հետագա արդյունքները դիտարկելուց առաջ ներմուծենք սահմանում։ Անհատական քաղաքակրթական ինքնության այն բաղադրիչը, որի առկայությունն իր մեջ անձը գնահատել է ամենից բարձր, անվանենք՝ գերիշխող։
Օրինակ, եթե անձը եվրոպական մշակույթի առկայությունն իր մեջ գնահատել 9 միավոր, իսկ հայկական, արևելյան, ռուսական և խորհրդային քաղաքակրթությունների գնահատականներն 9-ից փոքր են, ապա այդ անձի քաղաքակրթական ինքնության կառուցվածքում գերիշխող է եվրոպական քաղաքակրթությունը։
Անձը կարող է ունենալ քաղաքակրթական ինքնության մեկից ավելի գերիշխող բաղադրիչ։ Օրինակ, եթե քաղաքակրթական ինքնության կառուցվածքում անձը հայկական և խորհրդային մշակույթների առկայությունն իր մեջ գնահատել է 10, իսկ եվրոպական, արևելյան և ռուսական մշակույթների առկայությունը՝ 10-ից ցածր, ապա անձն ունի երկակի քաղաքակրթական ինքնություն, տվյալ դեպքում՝ հայ-խորհրդային։ Հնարավոր են նաև եռակի և նույնիսկ՝ քառակի ու հնգակի քաղաքակրթական ինքնություններ։
Գծապատկեր 4-ում տրված է Հայաստանի հասարակությունում տարբեր գերիշխող քաղաքակրթական ինքնություն ունեցող սեգմենտների ծավալը։ Ամենամեծը, բնականաբար, ունի հայկական գերիշխող քաղաքակրթական ինքնությամբ սեգմենտը՝ բոլոր հարցվածների 86.1%-ը։ Նշանակալի ծավալներ ունեն ռուսական (19.6%) և խորհրդային (19.1%) գերիշխող ինքնությամբ սեգմենտները։ Եվրոպական գերիշխող ինքնությամբ սեգմենտի ծավալն է 8.3%, իսկ արևելյանինը՝ 3.5%։
Գծապատկեր 4․ Քաղաքակրթական հիմնական պատկանելությունը Հայաստանի հասարակությունում։ Տոկոսների գումարը մեծ է 100%-ից, քանի որ երբ առավելագույն արժեք են ունեցել մեկից ավելի ինքնություններ, ապա դրանք բոլորն էլ հաշվառվել են որպես հիմնական։
Գծապատկերում տոկոսների գումարը մեծ է 100%-ից, քանի որ բազմակի քաղաքակրթական ինքնություն ունեցող անձինք ներառվել են բոլոր այն քաղաքակրթական ինքնությունների սեգմենտներում, որոնց առկայությունն իր մեջ տվյալ անձը գնահատել է ամենաբարձրը։
Երկակի քաղաքակրթական ինքնությամբ առավել նշանակալի կամ կարևոր սեգմենտներն են․
- Հայ-ռուսական սեգմենտ՝ 12.6%,
- Հայ-խորհրդային սեգմենտ՝ 12.7%,
- Խորհրդային-ռուսական սեգմենտը՝ 2%,
- Հայ-եվրոպական սեգմենտը 5.1%,
- Խորհրդային-եվրոպական սեգմենտը՝ 1.9%,
- Ռուս-եվրոպական՝ սեգմենտը 2.8%,
Անհատական քաղաքակրթական ինքնության փոփոխությունների ուղղություններն ու արագությունները ներկայացված են Գծապատկեր 5-ում։ Այստեղ տրված են քաղաքակրթական ինքնությունների միջին գնահատականների փոփոխությունները տարիքային խմբերում։ Տարիքային խմբերը ներկայացված են տարիքի նվազման կարգով, որը համարժեք է ժամանակի ընթացքին։
Յուրաքանչյուր քաղաքակրթական ինքնության համար, 60 և ավելի տարեկանների շրջանում ինքնության միջին արժեքը բերված է 0-ի։ Այդ փոխակերպումը թույլ է տալիս տեսնել ոչ միայն քաղաքակրթական ինքնությունների փոփոխության ուղղությունը, այլև համեմատել դրանց տեմպերը։
Գծապատկեր 5
Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունում շատ արագ նվազում է խորհրդային քաղաքակրթական ինքնությունը, ինչը բացատրվում է խորհրդային ժամանակաշրջանում դաստիարակված և ապրած մարդկանց նվազմամբ։ Բավական արագ նվազում է նաև ռուսական քաղաքակրթական ինքնության միջին արժեքը, ինչը բացատրվում է Հայաստանի կրթական համակարգի և ինֆորմացիոն դաշտի բովանդակային առանձնահատկություններով։
Կարևոր է նշել, որ նվազում է նաև հայկական քաղաքակրթական ինքնության նշանակությունը։ Այդ երևույթը նույնպես կրթական համակարգի և ինֆորմացիոն դաշտի բովանդակային առանձնահատկությունների հետևանք է, իսկ մյուս կողմից՝ դա հայ երիտասարդության արտաքին շփումների առանձնահատկությունների արդյունք է։
Հիմնական եզրակացություններ
Ա րդի Հայաստանի հասարակությունում կատարված կիրառական սոցիոլոգիական հետազոտությունները վերահաստատում են Ա․ Թոյնբիի դրույթը, Հայաստանը ինքնուրույն լոկալ քաղաքակրթություն է, որը չի ընդգրկվում որևէ մեծ քաղաքակրթությունում։
Նույն հետազոտությունները վերահաստատում են ակադեմիկոս Հ․ Գևորգյանի դրույթը, որ հայկական մշակույթը ռելիկտային չէ։ Այն, որպես բաց համակարգ, միշտ ունեցել է փոխհարաբերություններ այլ մշակույթների հետ՝ փոխանցելով, փոխառելով և զարգացնելով մշակութային արժեքներ։
Քաղաքակրթական տեսակետից Հայաստանի հայերին ամենամոտ քաղաքակրթական տարածքը ռուսականն է։
Հայաստանի հայերի քաղաքակրթական ինքնությունը բազմաշերտ է։ Դրանում, բացարձակ գերիշխող հայկական մշակույթի հետ համատեղ, առկա են խորհրդային, ռուսական, եվրոպական և արևելյան քաղաքակրթական ինքնությունների շերտեր։
Հայաստանի հասարակությունում հայկական գերիշխող քաղաքակրթական ինքնությամբ սեգմենտը հասարակության 86%-ն է։
Հայաստանի հասարակությունում առկա են քաղաքակրթական երկակի ինքնությամբ նշանակալի ծավալով սեգմենտներ։ Մասնավորապես՝ «հայ-ռուսական» երկակի քաղաքակրթական սեգմենտը հասարակության 12.6%-ն է, «հայ-խորհրդային» սեգմենտը՝ 12.7%, «խորհրդային-ռուսական» սեգմենտը՝ 11.2%, «հայ-եվրոպական» սեգմենտը 5.1%, «խորհրդային-եվրոպական» սեգմենտը՝ 1.9% և «ռուս-եվրոպական» սեգմենտը՝ 2.8%։
Հայաստանի հասարակության քաղաքակրթական ինքնության կառուցվածքն ինտենսիվորեն փոխակերպվում է։ Արագորեն նվազում է խորհրդային քաղաքակրթական ինքնությունը, նվազում է ռուսական քաղաքակրթական ինքնությունը, աճում է եվրոպական քաղաքակրթական ինքնությունը։
Հայաստանում նվազում է նաև հայկական քաղաքակրթական ինքնությունը, որը համարժեք է հայերի օտարմանը հայերի գիտակցությունում առկա «իդեալական հայկական քաղաքակրթությունից»։ Եթե հասարակական ընկալումներում «հայկական իդեալական քաղաքակրթությունը» պայմանականորեն նշանակենք 100%, ապա 2015 թ․-ին օտարման չափը կամ արդի Հայաստանի հայերի քաղաքակրթական հեռավորությունը «իդեալական հայկական քաղաքակրթական ինքնությունից» կազմել է պայմանականորեն 14.9%:
Հայաստանի հասարակությունում քաղաքակրթական ինքնությունների փոփոխման ուղղություններն ու հարաբերական արագությունները ներկայացված են Գծապատկեր 6-ում։
Գծապատկեր 6
Եթե պայմանականորեն Հայաստանի հասարակությունում հայկական քաղաքակրթական ինքնության նվազման արագությունը նշանակենք 1-ով, ապա խորհրդային ինքնության նվազման արագությունն է՝ 3.33, ռուսական ինքնության նվազման արագությունը՝ 1.48, եվրոպական ինքնության աճի արագությունը՝ 1.68 և արևելյան ինքնության աճի արագությունը՝ 0.72։
Գրականության ցանկ
- Emory S. Bogardus. "A Social Distance Scale." Sociology and Social Research 17 (1933): 265-271.
- Manukyan S., Kyureghyan E., Armenians, Georgians end Azerbaijanies at the Civilizational Crossroads: Searching for «Caucassian Identity». / «Բանբեր Երևանի Համալսարանի», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», № (1) 130.5, 2010թ., - 93 էջ: էջ 20-25:
- Бакирланова Айзада, Евразийская идея президента Нурсултана Назарбаева и ее развитие․ // Вестник КазНУ, 2017․
- Бжезинский Збигнев. Великая шахматная доска: господство Америки и его геостратегические императивы: [перевод с английского] / Збигнев Бжезинский — Москва: ACT, 2014. — 702, [2] с.
- Геворгян Г. Национальная культура с точки зрения философии истории. Ереван, Издательство АН Армении, 1992.
- Глобальная повестка дня для диалога между цивилизациями․ Принята резолюцией 56/6 Генеральной Ассамблеи от 9 ноября 2001 года․
- Данилевский Н. Я. Россия и Европа. СПб. 1995.
- Дибиров А. З., Белоусов Е. В. Война идентичностей // Вестник Института социологии. 2014. № 11. C. 127-147.
- Договор о Евразийском Экономическом Союзе.
- Дугин А.Г. Этносоциология. – М.: Академический проект, 2011. – 635 с. – (Gaudeamus).
- Идентичность цивилизационная. // Новая философская энциклопедия: В 4 томах. Ред. совет: Степин В.С., Гусейнов А.А., Семигин Г.Ю., Огурцов А.П. и др. М.: Мысль, 2010.- 744 с. / 634,[2]с. / 692,[2]с. / 736 с.
- Мишучков А. А. Стратегия мусульманского проекта диалога цивилизаций. // ВЕСТНИК Оренбургского государственного университета 2015 №8 (183), ст. 194-201.
- Музыкина Елена Валентиновна, Конфликт идентичностей в странах западной Европы. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики Тамбов: Грамота, 2013. № 12 (38): в 3-х ч. Ч. II. C. 149-153.
- Политическая идентичность // Политическая идентичность и политика идентичности. Т. 1: Идентичность как категория политической науки. Словарь терминов и понятий / Отв. ред. И. С. Семененко. М.: РОССПЭН, 2011.
- Росс Л., Нисбетт Р. Человек и ситуация. Перспективы социальной психологии / Пер. с англ. В. В. Румынского под ред. Е. Н. Емельянова, B. C. Магуна - М.: Аспект Пресс, 1999. - 429. էջ 327։
- Российско-китайская совместная декларация о многополярном мире и формировании нового международного порядка. 23 апреля, 1997. // Дипломатический вестник, №5, май, 1997.
- Савицкий П. Степь и оседлость. // На путях: Утверждение евразийцев. Москва, Берлин. 1922. Печатается по кн.: Россия между Европой и Азией: Евразийский соблазн. М., 1993, стр. 123-130.
- Семененко И.С. Социокультурная модернизация и конфликт идентичностей // Россия реформирующаяся. Вып. 12: ежегодник / отв. ред. М.К. Горшков. — Москва : Новый хронограф, 2013. С. 111-131.
- Тегеранская декларация о диалоге между цивилизациями, принятая на Исламском симпозиуме по диалогу между цивилизациями, состоявшемся 3-5 мая 1999 года.
- Тойнби А. Постижение истории. М.: Прогресс, 1991.
- Тоффлер Э. Шок будущего: Пер. с англ. - М.: ООО «Издательство ACT», 2002. - 557, с. - (Philosophy).
- Фукуяма, Фрэнсис. Конец истории и последний человек / Фрэнсис Фукуяма; пер. с англ. М. Б. Левина. - М.: АСТ, 2007. - 588 с. - (Philisophy).
- Хантингтон С. Столкновение цивилизаций? // Полис. - 1994. - № 1. - С.33-48)
- Хантингтон С., Столкновение цивилизаций / С. Хантингтон; Пер. с англ. Т. Велимеева. Ю. Новикова. — М: ООО «Издательство АСТ», 2003. — 603, [5] с. — (Philosophy).
- Шахназарян Н. Отношение молодежи Армении к европейским ценностями интеграции Армении с Европой. Ереван 2005.
- Шпенглер О. Закат Европы. Москва, “Мысль”, 1993.
[1] Тоффлер Э. Шок будущего: Пер. с англ. - М.: ООО «Издательство ACT», 2002. - 557, с. - (Philosophy).
[2] Росс Л., Нисбетт Р. Человек и ситуация. Перспективы социальной психологии / Пер. с англ. В. В. Румынского под ред. Е. Н. Емельянова, B. C. Магуна - М.: Аспект Пресс, 1999. - 429. էջ 327։
[3] Дугин А.Г. Этносоциология. – М.: Академический проект, 2011. – 635 с. – (Gaudeamus).
[4] Политическая идентичность // Политическая идентичность и политика идентичности. Т. 1: Идентичность как категория политической науки. Словарь терминов и понятий / Отв. ред. И. С. Семененко. М.: РОССПЭН, 2011.
[5] Семененко И.С. Социокультурная модернизация и конфликт идентичностей // Россия реформирующаяся. Вып. 12 : ежегодник / отв. ред. М.К. Горшков. — Москва : Новый хронограф, 2013. С. 111-131.
[6] Дибиров А. З., Белоусов Е. В. Война идентичностей // Вестник Института социологии. 2014. № 11. C. 127-147.
[7] Идентичность цивилизационная. // Новая философская энциклопедия: В 4 томах. Ред. совет: Степин В.С., Гусейнов А.А., Семигин Г.Ю., и др. М.: Мысль, 2010. - 744 с. / 634, [2] с. / 692, [2] с. / 736 с.
[8] Музыкина Елена Валентиновна, Конфликт идентичностей в странах западной Европы. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики Тамбов: Грамота, 2013. № 12 (38): в 3-х ч. Ч. II. C. 149-153.
[9] Тойнби А. Постижение истории. М.: Прогресс, 1991.
[10] Шпенглер О. Закат Европы. Москва, “Мысль”, 1993.
[11] Данилевский Н. Я. Россия и Европа. СПб. 1995.
[12] Фукуяма, Фрэнсис. Конец истории и последний человек / Фрэнсис Фукуяма; пер. с англ. М. Б. Левина. - М.: АСТ, 2007. - 588 с. - (Philisophy).
[13] Այդ վերնագրով հոդվածը հրատարակվել է 1993 թ․-ին (ռուսերեն թարգմանությունը՝ Хантингтон С. Столкновение цивилизаций? // Полис. - 1994. - № 1. - С.33-48)։ Իսկ մենագրությունը լույս է տեսել ՝ 1996 թ․-ին (ռուսերեն թարգմանությունը՝՝ Хантингтон С. Столкновение цивилизаций. М. Издательство: АСТ, 2007):
[14] Российско-китайская совместная декларация о многополярном мире и формировании нового международного порядка. 23 апреля, 1997. // Дипломатический вестник, №5, май, 1997.
[15] Այն, որ «սառը պատերազմից» հետո աշխարհը դարձել է բազմաբևեռ ավելի վաղ նշել է Հանթինգտոնը։ Տես՝ նշված աշխատությունը, էջ՝ 16։
[16] Тегеранская декларация о диалоге между цивилизациями, принятая на Исламском симпозиуме по диалогу между цивилизациями, состоявшемся 3-5 мая 1999 года.
[17] «Глобальная повестка дня для диалога между цивилизациями»․ Принята резолюцией 56/6 Генеральной Ассамблеи от 9 ноября 2001 года․
[18] Мишучков А. А. Стратегия мусульманского проекта диалога цивилизаций. // ВЕСТНИК Оренбургского государственного университета 2015 №8 (183), ст. 194-201.
[19] Քաղաքագիտական շրջանակներում հաճախ այդ կազմակերպությունն անվանում են ոչ թե նախկին ԽՍՀՄ տարածքի վերամիավորման, այլ՝ դրա «խաղաղ» տարանջատման գործիք»
[20] Договор о Евразийском Экономическом Союзе.
[21] Նշենք, որ ներկայումս Ռուսաստանում ակտիվորեն խմորվում են «Կարմիր նախագծի» տարբերակներ։
[22] Савицкий П. Степь и оседлость. // На путях: Утверждение евразийцев. Москва, Берлин. 1922. Печатается по кн.: Россия между Европой и Азией: Евразийский соблазн. М., 1993, стр. 123-130.
[23] Гумилев Л. Н. Этногенез и биосфера Земли / Под ред. доктора геогр. наук. профессора В. С. Жекулина. — 2 изд. испр. и доп. — Л.: Изд-во ЛГУ, 1989. — 496 с
[24] Бакирланова Айзада, Евразийская идея президента Нурсултана Назарбаева и ее развитие․ // Вестник КазНУ, 2017․
[25] Այստեղ չենք դիտարկում, թե ինչ դեր ունեցան իր ազգային անվտանգության հետ կապված Ղազախստանի լուրջ անհանգստությունները՝ եվրասիականության, որպես հետխորհրդային մեծ տարածքի վերաինտեգրման պաշտոնական հայեցակարգ առաջարկելու հարցում։
[26] Նշենք, որ Ուկրաինայի արտամղումը Ռուսական մեծ տարածքից էապես բարձրացնում է եվրասիական միությունում Ղազախստանի դերը ։
[27] Տես. Бжезинский Збигнев. Великая шахматная доска: господство Америки и его геостратегические императивы : [перевод с английского] / Збигнев Бжезинский — Москва: ACT, 2014. — 702, [2] с.: Էջ 62:
[28] Եվրոպական տիպի աշխարհիկ սկզբունքներով զարգացող Թուրքիան չուներ ադեկվատ գաղափարախոսական հիմք նոր օսմանական կամ պանթուրանական քաղաքակրթական տարածքի վերակազմավորման համար։
[29] Хантингтон, նշված աշխատությունը, էջ 17։
[30] Тойнби А., նշված աշխատությունը, էջ 33։
[31] Геворгян Г. Национальная культура с точки зрения философии истории. Ереван, Издательство АН Армении, 1992.
[32] Шахназарян Н. Отношение молодежи Армении к европейским ценностями интеграции Армении с Европой. Ереван 2005.
[33] Хантингтон նշված աշխատությունը՝ էջ 223, 392։
[34] Տվյալների շտեմարանը հասանելի է http://www.crrc.am ինտերնետային կայքում:
[35] Manukyan S., Kyureghyan E., Armenians, Georgians end Azerbaijanies at the Civilizational Crossroads: Searching for «Caucassian Identity». / «Բանբեր Երևանի Համալսարանի», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», № (1) 130.5, 2010թ., - 93 էջ: էջ 20-25:
[36] Emory S. Bogardus. "A Social Distance Scale." Sociology and Social Research 17 (1933): 265-271.
[37] Ինտուիտիվ դա հասկանալի է, քանի որ հրեաներին, հույներին, վրացիներին և ամերիկացիներին անվերապահորեն «արևմտյան» ազգեր համարելը, բավական պայմանական է։ Սակայն, քանի որ ՀՌԿԿ 2007 շտեմարանում առկա են միայն այդ ազգերի նկատմամբ ստացած արձագանքները, ապա բավարարվում ենք ունեցածով։
[38] Հետազոտության ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի բնակչությունը։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ մարզերի, բնակավայրի տիպի, սեռի և տարիքի։ Ընտրանքի ծավալը՝ 2,011 հարցվող, ընտրանքային սխալը՝ ± 2.18%։ Հետազոտությունն իրականացրել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, հեղինակ՝ Ս. Ա. Մանուկյան։