Ամերիկյան կապիտալը Թուրքիայի տնտեսությունում

9 ր.   |  2020-05-12

Մ ասնագետների գնահատականով մինչև 2000-ականների սկիզբը Թուրքիայի տնտեսությունում ներդրում կատարող երկրների շարքում առաջատարը Գերմանիան և Մեծ Բրիտանիան էին։ Վերջին քսան տարում թուրքական շուկան գրավիչ է դարձել հատկապես նիդերլանդական և ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, ընդլայնվել է Թուրքիայում ներդրումներ կատարող պետությունների աշխարհագրությունը (աղյուսակ 1)։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հրապարկած տվյալների համաձայն Թուրքիայում ԱՄՆ ուղղակի ներդրումները 2002-2020թթ. կազմել է $12 մլրդ. (գրաֆիկ 1)։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն Նիդերլանդներից հետո երկրորդ տեղում է, որը տվյալ ժամանակաշրջանում իրականացրել է $25 մլրդ.-ի ներդրում։

Պետություն

Ուղղակի ներդրումների գումարի չափը

(2002-2020թթ. /հունվար մլրդ. դոլար)

Նիդերլանդներ

25 617

ԱՄՆ

12 110

Մեծ Բրիտանիա

11 507

Ավստրիա

10 589

Գերմանիա

9 916

Լյուքսեմբուրգ

9 619

Իսպանիա

9 528

Բելգիա

8 805

Ֆրանսիա

7 462

Ադրբեջան

6 988

Աղյուսակ 1, աղբյուր՝ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության

ԱՄՆ ներդրումային ակտիվությունը Թուրքիայում պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Թեև 1950 թվականներից սկսած Թուրքիայում գործում էին ներդրումներ իրականացնող մի շարք ամերիկյան կազմակերպություններ, սակայն ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով առաջին միջպետական պայմանագիրը կնքվեց 1985թ. («Ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին»), որը ուժի մեջ մտավ 1990թ.։ Ներդրումներին վերաբերող ևս մեկ պայմանագիր կնքվեց 1999թ.։


Գրաֆիկ 1, աղբյուր՝ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության

Միևնույն ժամանակ Թուրքիայում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ ընդունվեցին նոր օրենքներ։ Հաշվի առնելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ժամանակակից միտումները՝ 2003թ. ընդունեցին «Օտարերկրյա ուղղակի ներդրումների» մասին նոր օրենք (ուղղակի ներդրումների մասին առաջին օրենքն ընդունվել էր 1954թ.): Զուգահեռաբար ստեղծվեցին նաև հատուկ ներդրումային գոտիներ (տեխնոլոգիական պարկեր, կազմակերպչական արդյունաբերական շրջաններ և ազատ գոտիներ)[1], որտեղ հարկման հատուկ (արտոնյալ) ռեժիմների շրջանակներում՝ ներդրողներին տրվում են արտոնյալ պայմաններ բիզնես վարելու համար[2]։

Հարկ է նկատել, որ օրենսդրական այս նախաձեռնությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ կտրուկ ավելացան։ Օրինակ, եթե 2004թ. ԱՄՆ ուղղակի ներդրումները կազմում էին $ 36 մլն., ապա 2007թ.-ին՝ $4 212 մլրդ[3]։

2 000-2007թթ.-ին ամերիկյան ներդրումները գլխավորապես ուղղված էին բանկային, ապահովագրության, տրանսպորտային և սննդի ոլորտներին, իսկ ահա վերջին տասնամյակում՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներին, վերականգնվող էներգետիկային, տեղեկատվական տեխնոլոգիաներին, սպասարկման ոլորտին, առողջապահությանը, համացանցային առևտրին և արդյունաբերական ապրանքատեսակների արտադրությանը։

Ամերիկյան ընկերությունները Թուրքիայում

2 020թ. տվյալներով Թուրքիայում գրանցված են օտարերկրյա կապիտալով 75 հազարից ավելի ընկերություն, որոնք ներդրումներ են կատարում տարբեր ոլորտներում։ Հարկ է նշել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով տարբեր երկրներին պատկանող ընկերությունները երբեմն դադարեցնում են իրենց գործունեությունը կամ բացում են նորերը, այդ իսկ պատճառով դրանց թիվը փոխվում է։ Ինչ վերաբերում է ամերիկյան կազմակերպություններին, ապա ուղղակի ներդրումներ Թուրքիայում անում են ինչպես խոշոր կորպորացիաները, այնպես էլ փոքր ու միջին գործարարները։ Որոշ ընկերություններ թուրքական շուկա են մուտք գործել 1950-1980թթ.-ին, իսկ գերակշիռ մասը՝ 2000 թվականներին։ Դրանց թիվը 2011թ.-ին 1107 էր, որոնց մի մասը՝ 50-200 հազար, իսկ մյուսները՝ 500 հազար և ավելի ԱՄՆ դոլար կապիտալով ընկերություններ էին[4]։ Ներկայում Թուրքիայում գրանցված է ամերիկյան կապիտալով գործող 2035 ընկերություն։

Թուրքիայում գործող առավել հայտնի մոտ 100 ամերիկյան ընկերությունների մասին մեր կողմից հավաքված տվյալները թույլ են տալիս ասել, որ դրանց ներդրումային գործունեությունը կապված են առողջապահության (Pfizer, Johnson & Johnson, Boston Scientific, Bristol Myers Squibb), իրավաբանական և մարքեթինգային ծառայությունների (Baker & McKenzie, Iron Mountain, Nielsen), արդյունաբերական (General Electric, Honeywell, 3М, Alp Aviation, A. Schulman), տեղեկատվական տեխնոլոգիաների (IBM, Uber, Microsoft, Verifone, Brightstar), բանկային և ապահովագրության (Citibank, Dubai Starr Sigorta), սպառողական ապրանքների արտադրության (Coca Cola, Cargill, Philip Morris, Colgate Palmolive), նավթագազային և վերականգնվող էներգետիկայի (Aladdin Middle East, Zorlu Energy-First Solar), ավտոմեքենաշինության և տրանսպորտային (Ford, Goodyear, Hertz), սննդի և խմիչքների (McDonald’s, Papa John's), հյուրանոցային (Hilton Worldwide, Marriott), շինարարության (Johnson Controls, Miyamoto International), լոգիստիկ ծառայությունների (BDP International, CEVA, Logistics UPS), կրթության (ELS Educational Services, Istanbul Bilgi University Laureate) ոլորտների հետ։ Անդրադառնանք դրանցից մի քանիսի գործունեությանը։

Թ ուրքիայում գործող ամերիկյան կազմակերպությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «General Electric» անդրազգային ընկերությունը, որը թուրքական շուկա է մուտք գործել 1948թ.։ Առավելապես ներդրումներ է կատարում էներգետիկ և ավիացիոն շինարարության, վերջին տասնամյակում նաև՝ առողջապահության և տրանսպորտային ոլորտներում։ 1985թ. «General Electric»-ը Թուրքիայում ստեղծեց օդանավի շարժիչների  արտադրության համար նախատեսված «TUSAŞ Engine Industries» (TEI) բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունը, որի 49%-ը պատկանում էր «General Electric»-ին, մնացածը՝ թուրքական կառավարությանը։ Ներկայումս «General Electric»-ի մասնաբաժինը 46% է, 50%-ը՝ «Turkish Aerospace Industries Inc.»-ին, 3%-ը՝ «Թուրքիայի ավիացիոն ընկերության»-ը[5]։

2000թ.-ին «General Electric»-ն 100% մասնաբաժնով «TUBİTAK»-ի (Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհուրդ) տեխնոլոգիական պարկում հիմնեց Մարմարայի տեխնոլոգիական կենտրոնը, որը նախատեսված է ավիացիոն տեխնոլոգիաների նախագծերի մշակման և զարգացման համար։ Ավելորդ չէ նշել, որ 1985թ. կնքված պայմանագրով գործընկերային հարաբերությունների մեջ է գտնվում «Turkish Aerospace Industries Inc.»-ի, «Թուրքական զինված ուժերի զարգացման հիմնադրամ»-ի և «Թուրքիայի ավիացիոն ընկերության» հետ։ 2010թ. վերոհիշյալ կազմակերպությունների և «General Electric»-ի միջև կնքվեց համագործակցության նոր պայմանգիր՝ մինչև 2035թ.։

2016թ.-ից ներդրումներ է կատարում նաև հողմային և արևային էներգետիկայի, առողջապահության ոլորտում, տրանսֆորմատորների արտադրությունում։ Օրինակ՝  Իզմիրում տեղակայված «GE Renewable Energy»-ին պատկանող գործարանում արտադրվում է հողմակայանների համար նախատեսված տուրբին և թիաբերան։ Ընդհանուր առմամբ, «General Electric»-ը Թուրքիայում ունի 6 դուստր ձեռնարկություններ[6]։

Ա մերիկյան «3M» քիմիական ձեռնարկությունը Թուրքիայում գործում է 1987թ.-ից։ 2000թ.-ին Չերքեզկյոյի և 2012թ.-ին՝ Չորլուի Եվրոպական ազատ գոտիներում ստեղծել է արդյունաբերական արտադրական բազա (Super Hub, ներդրել է շուրջ $500 մլն.), որտեղ հիմնականում արտադրում են հիգենայի և խնամքի, անհատական պաշտպանության միջոցներ, ավտոմեքենաների պահեստամասեր, բժշկական պարագաներ և այլն։

2013թ. «3M»-ն ընդգրկվել է Թուրքիայի 400 խոշոր արտահանող կազմակերպությունների ցանկում։ Ապրանքների մեծ մասն արտահանվում է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևմտյան Եվրոպայի երկրներ, Նոր Զելանդիա և Ավստրալիա։  Բացի այդ, ներդրումներ է կատարել գիտահետազոտական և նորարարական ոլորտում, որի հիմնական նպատակն է կազմակերպության հետագա զարգացման խթանումը։ Այդ նպատակով 2015թ. Թուրքիայում հիմնել է նորարարության կենտրոն (Customer Innovation Center)[7]։

Այս համատեքստում նշենք, որ Թուրքիան ունի ներդրումային խթանման լայն փաթեթ, որը հատուկ նախատեսված է հետազոտական աշխատանքների զարգացման և նորարարությունների համար (ներառյալ հարկային արտոնությունները), ինչպես նաև ֆինանսապես աջակցում է երկրում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ոլորտում ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Օրինակ՝ ամերիկյան «DuPont» ընկերությունը 2013թ. Ստամբուլում ստեղծեց «DuPont Turkey» նորարարությունների կենտրոնը։ Ընդ որում այս նախաձեռնությանը միացան Թուրքիայում ներդրումներ կատարող  «Huawei», «Pfizer», «Bosch», «Siemens», «Microsoft», «Ford» անդրազգային կազմակերպությունները։ Կենտրոնի աշխատանքներն ուղղված են մեքենաշինության, սննդարդյունաբերության, քիմիական, դեղագործական և էներգետիկ բնագավառներում աշխատող բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստմանը, նախագծերի մշակմանն ու Թուրքիայի ինժեներական հնարավորությունների զարգացմանը: Բացի այդ, արդյունաբերական ոլորտների մարտահրավերները լուծելու նպատակով կենտրոնն իր հաճախորդներին տրամադրում է խորհրդատվություններ նորարարությունների ոլորտում[8]։

Ա մերիկյան ներդրողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Թուրքիայի առողջապահության ոլորտը, որտեղ գործում է 18 ամերիկյան կազմակերպություն։ Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ ամերիկյան «Pfizer»-ը, Թուրքիայում իր գործունեությունը սկսել է 1957թ.-ից և իրականացրել է ավելի քան 143 կլինիկական հետազոտություն, ներդրել ավելի քան $20 մլն.: Այս ընթացքում 3000 թուրք բժիշկներ մասնակցել են «Pfizer»-ի կողմից տրամադրված վերապատրաստման ծրագրերին:

Թուրքիայի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական միջավայրը բարելավելու նպատակով «Pfizer»-ն իրականացրել է բազմաթիվ նախագծեր: Այդ նպատակով ընկերությունը 2009թ.-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրեց  Թուրքիայի Հանրապետության վարչապետին կից ներդրումային աջակցության և խթանման գործակալության (TYDTA) հետ։ Համաձայն որի, ընկերությունն աջակցելու էր Թուրքիայում գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը, ինչպես նաև ստեղծելու էր այնպիսի միջավայր, որը կնպաստեր դեղագործական նորամուծություններին։ Դա հանգեցրեց Անկարայի «Hacettepe Technopolis»-ում՝ «Pfizer R&D» գրասենյակի բացմանը, որի շրջանակներում իրականացրել է դեղագործության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ «Pfizer»-ն իր գլոբալ R&D ցանցի հետ է միավորել Հաջեթթեփե համալսարանի հետազոտողներին[9]:

2012թ.-ին Թուրքիայում հիմնել է պնևմակոկային և կոնյուգացված մենինգակոկային պատվաստանյութերի արտադրության համար նախատեսված երրորդ դեղագործական ընկերությունն աշխարհում (մնացած երկուսը ԱՄՆ-ում և Իռլանդիայում)։ Ընդ որում, պատվաստանյութն ընդգրկված է Թուրքիայի առողջապահության նախարարության պատվաստանյութերի ազգային օրացույցում։ Վերջին տասնամյակում ավելի քան 8 մլն. թուրքական լիրայի չափով  ներդրումներ է կատարել նաև կրթական և առողջապահական նշանակության սոցիալական պատասխանատվության ծրագրերում, որոնք վերաբերում են հիվանդությունների տեղեկացվածությանը, առողջ ապրելակերպին և այլն։[10]Այսպիսով, կարող ենք նշել, որ 2004-2015թթ. ամերիկյան ընկերությունների ուղղակի ներդրումները Թուրքիայի տնտեսությունում էապես ավելացել են, և միայն վերջին երեք տարիներին է նկատվում նվազման որոշակի միտում, ինչն առաջին հերթին պայմանավորված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջացած ճգնաժամով։


[1] https://www.invest.gov.tr/tr/investmentguide

[2] Масумова Н.Р. Турция в международном движении капитала // Мировое и национальное хозяйство. №3 (22), 2012.

[3] Uluslararası Doğrudan Yatırım İstatistikleri

[4] Amerika Birleşik Devletleri Ülke raporu, Mart 2012

[5] https://www.tei.com.tr/en/corporate/about-us

[6] https://www.ge.com/tr/

[7] 3M looks to keep contributing to competitiveness of Turkish firms through R&D, innovation, 3M’s Success Story In Turkey

[8] https://www.dupont.com.tr/

[9] https://www.invest.gov.tr/tr/whyturkey

[10] The Pharmaceutical Industry in Turkey, Investment Support and Promotion Agency of Turkey