Անհատից քաղաքական գործիչ
4 ր. | 2020-04-16Քաղաքական կապիտալի աղբյուրները և դրանց վերափոխումը
Ն ախորդ հոդվածում խոսել ենք հավատի մասին որպես քաղաքական կապիտալի ֆենոմենի և անդրադարձել դրա գործածության օրինակներին։ Այստեղ, շարունակելով ներկայացնել քաղաքական կապիտալի տեսակները, կխոսենք «անձնական կապիտալի» մասին։
Քաղաքական կապիտալի մեկ այլ տեսակ է նաև «անձնական կապիտալը», և բառն արդեն հուշում է, որ այն հիմնված է անձնական հատկանիշների վրա։ Անձնական կապիտալը անհատի՝ հասարակական և խմբային գործունեության ոլորտներում մոբիլիզացիոն ընդունակություններն են։ Ընդունակություններ, որոնց առկայության դեպքում քաղաքական գործիչը կարող է ընտրողներին միավորել և ուղղորդել անհրաժեշտ գործողությունների։ Այս կապիտալի տարատեսակ է քաղաքական գործչի խարիզմատիկ, հերոսական կամ պրոֆատիկ (մարգարեական) կերպարը։ Վերջինիս ամենաակնառու դրսևորումը հռետորի կերպարն է, որը բացահայտվում է նաև այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական դաշտում դատարկություն է, քաղաքական վակուում, ինստիտուտները չեն գործում և անհրաժեշտություն է ծագում, այսպես ասած՝ «տեղ է ազատվում» «հերոսական կերպարի», «առաջնորդի» գործունեության համար։
Անձնական կապիտալի մեկ այլ տարբերակում անհատը, հանդես գալով որպես քաղաքական գործիչ, ներկայանում է իր կողմից ներկայացվող ինստիտուտի իշխանության պատվիրակված մարմնավորում (պատգամավորները, որոնք ներկայացնում են հանրության տարբեր ազդեցության խմբեր)։ Այդ իրավիճակում տեղի է ունենում կապիտալի վերափոխադրում (reconversion), երբ մի ոլորտում ճանաչված և հանրության շրջանում ընդունված արհեստավարժ մասնագետը հանրային-քաղաքական գործիչ դառնալու հայտ է ներկայացնում՝ դառնալով իր համքարության և սոցիալական խմբի ներկայացուցիչ։ Այստեղից՝ բողոքները, թե պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չեն խորհրդարանում, այլ՝ լրագրողներ, դերասաններ, մեդիա դեմքեր, իր էությամբ աբսուրդային է, քանի որ նրանք հենց վերապրոֆիլավորման միջոցով են ձեռք բերում քաղաքական կապիտալը։ Թավշյա հեղափոխությունից հետո հատկապես այս իրավիճակը ակնառու դարձավ, երբ հայտնի լրագրողներ, մշակութային գործիչներ կուսակցական ցուցակներով դարձան պատգամավոր։ Հարկ է նշել, որ այս իրողությունը հիմնավորվելով սոցիալական և քաղաքական գործընթացների և ներկայացուցչական ժողովրդավարության տրամաբանությամբ, միշտ շահարկվում է ԶԼՄ-ների կողմից։ Ասում են, որ լրագրողները, մշակութային գործիչները, մտավորականները «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչներ չեն և նրանց «տեղը» խորհրդարանում չէ։ Այս քննադատությունը, սակայն, հիմնավոր չէ, քանի որ ցանկացած անհատ, որը հավակնություն ունի ազդելու հասարակական-քաղաքական գործընթացների վրա, պետք է ունենա նախնական ճանաչելիություն՝ իր արհեստավարժությունը կամ այլ ունակությունները կապիտալիզացնելով։
Ի տարբերություն անձնական կապիտալի, որը հիմնված է անհատական որակների վրա և վերանում է դրա կրողի հետ միասին, պատվիրակված կապիտալը (ինստիտուտի կապիտալը), որը պայմանական կարելի է կոչել գործառութային կապիտալ (հոգևորականի, ուսուցչի, կուսակցական, գրասենյակային աշխատողի), ավելի երկարաժամկետ է և փոխանցվում է ինստիտուտի գոյության ընթացքում, կառավարվում է ինստիտուտի կողմից և պատկանում է միայն ինստիտուտին։ Օրինակ՝ քահանան, որը ծառայություն է իրականացնում համայքում, ներկայացնում է եկեղեցին որպես ինստիտուտ և զրկվելով եկեղեցու հովանավորությունից, զրկվում է հասարակության մեջ իր անունից, պաշտոնից ու դիրքից։
Այս իրավիճակը հատկապես ակնառու էր Խորհրդային միության տարիներին, երբ տարբեր գիտնականներ, աշխատանքի հերոսներ, մանկավարժներ, մտավորականներ և ռազմական գործիչներ պարտադիր ընտրվում էին ԽՍՀՄ գերագույն խորհրդի կազմում՝ իրենց ներկայությամբ խորհրդանշելով ժողովրդի տարբեր խմբերի միասնությունը։ Նախորդ գումարման խորհրդարաններում պատգամավորներ էին՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, լրագրողներ՝ Մարգարիտ Եսայանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գեղամ Մանուկյանը, երգիչ՝ Շուշան Պետրոսյանը և այլք։
Քաղաքականության մեջ այդպիսի ինստիտուտ է և կուսակցությունը։ Այս հարաբերությունը փոխադարձության հարաբերությունն է, երբ ամեն ինչ տրվում է կուսակցությանը, իսկ կուսակցությունը փոխադարձաբար ամեն ինչ՝ ընդհուպ իրեն կառավարելու և ներկայացնելու հնարավորություն է ընձեռում և, հակառակը՝ այն պահից, երբ քաղաքական գործիչը հրաժարվում է իր ներկայացրած ինստիտուտից՝ դառնում է սովորական քաղաքացի։ Ստացվում է՝ ինստիտուտն անձի մեջ ներդրում է կատարում ֆունկցիոնալ կապիտալի տեսքով և հետևում ու կարգավորում է անձնական հանրահայտությունը, կարգավորելով, օրինակ, առավել կարևոր պաշտոնների կամ աստիճանների (քաղաքական առումով՝ դիրքերի) հասանելիությունը։ Այդպիսի օրինակ է Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի կարիերաները, որոնց կապիտալը, նախևառաջ, իրենց ներկայացրած կուսակցության կապիտալն էր և որոնք զրկվեցին դրանից՝ կուսակցության իշխանությունից հեռացնելուց հետ։
Հարկ է նշել նաև, որ ֆունկցիոնալ կապիտալի կրողը միշտ հնարավորություն ունի մանևրելու և այդպիսով անձնականացնելու այդ կապիտալը՝ տվյալ ինստիտուտի հանդեպ հեռավորություն և հավասարակշռություն պահպանելու շնորհիվ։ Դա նշանակում է, որ քաղաքական կուսակցության ապարատի ընտրյալը հավասարապես կախված է թե՛ կուսակցությունից, թե՛ իր ընտրողներից, ինչը կուսակցականության և ներկայացուցչականության համադրման օբյեկտիվ արդյունքն է։ Այստեղից է նաև բխում այն փաստը, որ քաղաքականության «արհեստավարժության» և կուսակցության «բյուրոկրատացմանը» զուգահեռ, ձևավորվում է երկաստիճան համակարգ՝ սկզբում կուսակցության ներսում պայքար է ընթանում հանրությանը ներկայանալու իրավունք ձեռք բերելու, ապա՝ անձնական քաղաքական կապիտալը մեծացնելու համար։
Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք հանդիպել պառլամենտական համակարգում ֆրակցիոնիզմի առաջացման դեպքում, երբ որոշ պատգամավորներ ներքաղաքական լարված իրավիճակներում դիրքավորվում են որպես չեզոք, երբեմն էլ դեմ են գնում ընդհանուր կուսակցական հանրահռչակված քաղաքականությանը։ Դիրքավորվելով մի կողմից որպես այդ ինստիտուտի ներկայացուցիչ՝ մյուս կողմից՝ անհատ խաղացող, քաղաքական գործիչը տարբեր հանգամանքներում՝ կախված իրավիճակից, փորձում է չկիսել քաղաքական պատասխանատվություն այդ ինստիտուտի և դրա գործունեության հետևանքների համար՝ օգտագործելով անհատական դիրքավորումը անձնական քաղաքական կապիտալն ընդլայնելու և պահպանելու նպատակով:
Ի մի բերելով՝ հարկ է նշել, որ անձնական կապիտալից անցումը խմբային կապիտալի և, հակառակը, շարունակվող գործընթացներ է, որտեղ հնարավոր զարգացումներն ու դիրքավորումներն անհատի՝ քաղաքական գործչի խարիզմայի, քաղաքական «հոտառության» և ադապտացվելու տիրույթում են։ Ըստ այդմ, այն քաղաքական գործիչներն են հաջողում, որոնք կարողանում են իրենց անձնական կապիտալը համադրել խմբային կապիտալի հետ և հասարակության հետ հարաբերվել միաժամանակ թե՛ որպես առաջնորդ, թե՛ թիմի անդամ։