Հավատը՝ որպես քաղաքական կապիտալ
4 ր. | 2020-02-27Ք աղաքական իշխանությունը հանրային ֆենոմեն է և ընտրական ժողովրդավարության դեպքում հիմնված է ընտրողների վստահության ու հավատի վրա։ Այն ինչ-որ առումով կրոնականության հիմքեր ունի, քանի որ իշխանության էվոլյուցիայի առանցքային մասն է։ Քաղաքական խոսքը և ծրագիրն ուղղված է ապագային (իշխանություն լեզուն միշտ ուղղված է ապագային, թե ինչպիսին պետք է լինի երկիրը և հասարակությունը), և տրամաբանական է, որ հավատը, որպես ապագայի անհրաժեշտ պայման, առանցքային նշանակություն ունի իշխանության ձևավորման գործում։ Կարելի է ասել, որ հավատը քաղաքական կապիտալի առանցքային կատեգորիա է։
Նախորդ տարվա բացահայտումներից էր «Չեռնոբիլ» հեռուստասերիալը, որտեղ պատկերվում էր Խորհրդային Միության և, ընդհանրապես, համաշխարհային պատմության ամենամեծ արհավիրքներից մեկի՝ Չեռնոբիլի ատոմակայանի աղետը։ Մի դրվագում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը ճգնաժամային կոմիտեի խորհրդակցության ժամանակ կոչ է անում իր ենթականերին ամբողջական գործողությունների պլան կազմել և շուտափույթ վերացնել աղետի հետևանքները։ Իր խոսքում նա նշում է, որ «...մենք իշխանություն ենք, քանի դեռ կա պատկերացում մեր՝ իշխանություն լինելու մասին»։ Այս դրվագը, թերևս, լավագույնս արտացոլում է իշխանության` որպես հանրային ֆենոմենի էությունը։ Ըստ այդմ, հասարակության մեջ իշխանության մասին պատկերացումները և իշխանության հանդեպ հավատը բխում են դրա գործողություններից և քաղաքական-հանրային իշխանության անհրաժեշտ աղբյուրներն են։
Իշխանության առանցքային բաղադրիչ քաղաքական կապիտալը խորհրդանշական (սիմվոլիկ) կապիտալի (հեղինակություն, անուն ունենալը) մի տեսակ է, յուրահատուկ վարկ, որի միջոցով քաղաքացիները կոնկրետ անհատներին կամ անձանց խմբին (կուսակցությանը) շնորհում են իշխանություն և ճանաչում որպես այդ իշխանության կրող։ Ըստ որում, խոսքն օբյեկտիվացված իշխանության մասին է, որը կարող է և նյութականանում է մարդկանց կարգավիճակի (պաշտոն, դիրք, աստիճան), իրերի (գահ, թագ, գավազան) և այլ խորհրդանիշերի տեսքով։
Այս առումով դեռևս տարբեր դիցաբանություններից կարող ենք հիշել, որ աստվածները, որոնց մարդիկ հավատում էին և զոհաբերություններ կատարում, ներկա էին և ուժեղ էին այնքան ժամանակ, քանի պահպանվում էր նրանց նկատմամբ մարդկանց հավատն ու վստահությունը։ Կարճ ասած՝ մոռացումը աստվածների իշխանության, հավատի ավարտն է։ Այս առումով խորհրդանշական իշխանությունը իշխանության տեսակ է, որի շրջանակներում ենթարկվողը իշխանությամբ է օժտում իրականացնողին։ Իշխանություն է, որի առկայությունը պայմանավորված է դրա գոյության վերաբերյալ ենթարկվողի հավատով, յուրատեսակ վստահությամբ ամրապնդված վարկ է, որով ենթարկվողը «վարկավորում» է իշխանության կրողին։ Հատկանշական է, որ «Credit, credo» բառերը, ծագելով Credere-ի արմատից, որը բառացի նշանակում է «դնել», «ներդնել»։ Իտալացի փիլիսոփա Ագամբենը, խոսելով հավատի մասին, նշում է, որ հունարեն համարժեքը Նոր Կտակարանում բազմիցս օգտագործվող «pistis»-ն է՝ «հավատ»: Ժամանակակից հունարենում «pistis»-ն օգտագործվում է հենց վարկի, բանկային վարկի իմաստով։
Խորհրդանշական իշխանությունն այսպիսով նմանվում է աստվածային, կրոնական իշխանությանը, որը կարիք ունի «հավատալու», իր մեջ «հավատ ներդնելու», որպեսզի կրողը կարողանա իր հոգածությունը տարածել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրեն հավատում են, այսինքն՝ օժտում իշխանությամբ։ Հայկական միջավայրում ասվածի վառ վկայությունն է, 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք»։ 2012թ. մարտի 10-ի ՀՀԿ 13-րդ համագումարում Ս. Սարգսյանը, անդրադառնալով կուսակցության ծրագրին, հայտարարեց.
«...Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը: Փոխենք ներքաղաքական պայքարի մշակույթը: Փոխենք, որ հավատանք մարդկանց ու օրենքներին: Փոխենք, որ մերը լինեն փողոցը, նախարարությունը, համալսարանը, գյուղն ու քաղաքը, խորհրդարանն ու բակը: Դարձնենք ավելի լավը: Քանի դեռ չենք փոխել ու չենք հավատում, նրանք մերը չեն: Մերը` բոլորինը: Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն` դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն` երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա´նք, որ փոխենք»։
Կրկնենք՝ քաղաքական գործչի զորության աղբյուրը հենց այն հավատն ու վստահությունն է, որ նրա հանդեպ տածում են, նրան «վարկավորում են» քաղաքացիներն ու ընտրողները։ Քաղաքական գործիչն իրեն վստահողների հետ կապվում է յուրատեսակ ռացիոնալ պայմանագրով (քաղաքական ծրագրով) և հանդես գալիս որպես վստահության կապիտալի կրող։ Հավատի վրա հիմնված քաղաքական կապիտալն իր բնույթով կախված է քաղաքական գործչի հանդեպ քաղաքացիների պատկերացումներից ու հավատից։ Այստեղից պարզ է, թե ինչո՞ւ են քաղաքական գործիչները հատկապես խոցելի կասկածների, բանսարկության, զրպարտությունների առջև (որոնք, իմիջայլոց, չորրորդ իշխանության՝ ԶԼՄ-ի ուժի բացատրություններից են): Այս անկայուն կապիտալը կարող է պահպանվել շարունակական աշխատանքի ու անընդհատ գործողությունների միջոցով՝ թե՛ վարկի կուտակման և թե՛ դրա պահպանման իմաստով։ Այստեղից էլ քաղաքական գործիչների հատուկ ուշադրությունը իրենց իմիջին՝ թափանցիկության, հաշվետվողականության, անկեղծության և անշահախնդրության ցուցադրությունը (կամ իմիտացիան), որով իրենք ձգտում են ավելացնել իրենց նկատմամբ հավատը այն վերափոխելով քաղաքական կապիտալի։
Ի մի բերելով, կարելի է փաստել, որ հավատը, լինելով զուտ «կրոնական» հասկացություն, կրոնականից քաղաքական իշխանության անցման շրջանում վերաձևակերպվում է քաղաքական կապիտալի։ Հաշվի առնելով ընտրական ծրագրերը՝ կուսակցություններն ու քաղաքական գործիչները հե՛նց հավատի շեշտադրմամբ են քաղաքացիներից իշխանություն խնդրում՝ ապագայի ծրագրերը կյանքի կոչելու համար։