«Թուրքական հոսք»

10 ր.   |  2020-02-13

Ռուս-թուրքական նոր նախագիծ

2 020թ. հունվարի 8-ին Ստամբուլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվեցին «Թուրքական հոսք» գազատարի գործարկման մեկնարկը։ Այն էներգետիկայի բնագավառում ռուս-թուրքական համագործակցության երեք խոշորագույն նախագծերից մեկն է՝ «Երկնագույն հոսք» գազատարի[1] և «Աքքույու» ատոմակայանի[2] հետ միասին։

Գազատարն ունի տարեկան 31.5 մլդ. մ3 թողունակություն[3] և նախատեսված է ռուսական գազը Սև ծովի հատակով դեպի Թուրքիա, ապա՝ հարավային և հարավ-արևելյան Եվրոպա արտահանելու համար։ Պատահական չէ, որ գազատարի բացման արարողությանը մասնակցում էին նաև Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը[4]։

Գազատարը սկիզբ է առնում Անապա քաղաքի ափամերձ հատվածից և, ձգվելով ավելի քան 930 կմ, հասնում մինչև թուրքական Քըյըքեյ (Кыйыкей)՝ Թրակիայում[5]։ Այն բաղկացած է երկու խողովակից, որոնցից մեկը նախատեսված է ներքին էներգետիկ պահանջները բավարարելու, իսկ մյուսը՝ Թուրքիայի տարածքով ռուսական գազը հարավային և հարավ-արևելյան Եվրոպա՝ Բուլղարիա, Սերբիա, Հունգարիա և Սլովենիա արտահանելու համար։

Բացման արարողության ելույթում ՌԴ նախագահ Վ. Պուտինը գազատարի շինարարությունը համարել է «բարձրտեխնոլոգիական աշխատանք», որի ծովային հատվածն իրականացվել է խիստ կարճ ժամկետում՝ մեկ օրում ավելի քան 6 կմ ռեկորդային արագությամբ, իսկ գազատարը՝ «եզակի, իր չափորոշիչներով աննախադեպ խորջրյա գազատրանսպորտային համակարգ»[6]։ Գազատարի ծովային հատվածի շինարարությունը սկսվել է 2017թ. մայիսին, ինչը նշանակում է, որ այն կառուցվել է 2 տարի 7-8 ամսվա ընթացքում։ Այս համատեքստում նշենք, որ ծովի հատակի ամենամեծ խորությունը, որով անցնում է գազատարը, 2200 մետր է։


«Թուրքական հոսք» գազատարը[7]

«Թուրքական հոսք» գազատարի կառուցումը շահեկան է Եվրոպայի, բայց առավելապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար։ Եվրոպայի համար նախագծի շահեկանութունը կայանում է էներգառեսուրսների մատակարարման աղբյուրներն ու ուղիները բազմազանեցնելու և էներգետիկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Ռուսական շահերը

Ռ ուսաստանի համար գազատարը կարևոր է հետևյալ առումներով.

  1. Էներգառեսուրսների արտահանման ուղիների բազմազանեցում,
  2. Էներգապաշարների սպառման համար նոր շուկաների ապահովում և/կամ առկա շուկաների ընդլայնում։

Մինչ «Թուրքական հոսքի» կառուցումը Ռուսաստանը Թուրքիային երկնագույն վառելիքը մատակարարում էր «Երկնագույն հոսք» և Տրանսբալկանյան գազատարներով, որոնցից երկրորդը անցնում է Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով։ Հաշվի առնելով հատկապես Ուկրաինայի հետ Ռուսաստանի սուր քաղաքական հակասությունները՝ Տրանսբալկանյան խողովակաշարով գազամատակարարումը Թուրքիային մշտապես խափանման վտանգի տակ է։ Հետևաբար, «Թուրքական հոսքի» կառուցմամբ և գործարկմամբ Ռուսաստանը միանգամից լուծում է երկու կարևորագույն հարց՝ անխափան գազամատակարարում Թուրքիային՝ եկամուտների երաշխավորմամբ, և հարևան պետություններից տարանցման հարցում կախվածության չեզոքացում կամ առնվազն՝ թուլացում։

Առհասարակ, վերջին տասնամյակներում նկատվում է Ռուսաստանի կողմից գազի արտահանման ցամաքային ուղիները ծովայինով փոխարինելու միտում։ Այդ մասին են վկայում արդեն իսկ իրականացված և իրականացման փուլում գտնվող հետևյալ նախագծերը.

  1. «Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովի հատակով գազ է մատակարարում Թուրքիային։ Պաշտոնապես շահագործման է հանձնվել 2005թ., սակայն լիարժեք հզորությամբ սկսել է գործել 2010թ.-ից։ Ունի 1213 կմ երկարություն և տարեկան 16 մլդ. մ3 թողունակություն։ Գազատարն ունի ցամաքային և ծովային (396 կմ) հատվածներ։ Ցամաքային հատվածները, սակայն, անցնում են միայն Ռուսաստանի և Թուրքիայի տարածքներով՝ չընդգրկելով որևէ տարանցիկ երկիր[8]։
  2. «Թուրքական հոսք» գազատարը:
  3. «Հյուսիսային հոսք 1» գազատարը, որը շահագործման է հանձնվել 2012թ.։ Այն բաղկացած է երկու զուգահեռ խողովակաշարից, որոնք նախատեսված են Բալթիկ ծովի հատակով Գերմանիային գազ մատակարարելու համար։ Գազատարն ունի տարեկան 55 մլդ. մ3 թողունակություն[9]։
  4. «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը նույնպես նախատեսված է Բալթիկ ծովի հատակով Գերմանիային գազ մատակարարելու համար (զուգահեռաբար կրկնում է «Հյուսիսային հոսք 1»-ի երթուղին) և որի կառուցումը, ամերիկյան պատժամիջոցների հետևանքով որոշակիորեն հետաձգվելով, ըստ ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ ավարտին կհասնի 2020թ. վերջին կամ 2021թ. առաջին եռամսյակում[10]։

Ռուսաստանի գազային քաղաքականության այս փոփոխությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին՝ ցամաքային գազատարերը անցնում են այնպիսի պետությունների տարածքով, որոնց հետ Ռուսաստանն ունի բարդ քաղաքական և տնտեսական հարաբերություններ (Ուկրաինա, Լեհաստան, Բուլղարիա, Մոլդավա և այլն)։ Հետևաբար, այդ երկրների հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով գազի երաշխավորված մատակարարումը կարող է խաթարվել։ Նման դեպք եղել է 2000-ական թվականների կեսերին, երբ գազի մատակարարման գնի շուրջ Ուկրաինայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով վտանգվեց վերջինիս տարածքով երկնագույն վառելիքի անխափան մատակարարումը Եվրոպա։ Չստանալով գազ Ռուսաստանից՝ ուկրաինական իշխանություններն օգտագործում էին եվրոպական երկրների համար իրենց տարածքով անցնող ռուսական գազը։

Այսպիսով, գազ մատակարարող երկրները, կարելի է ասել, որոշակի կախվածության մեջ են տարանցիկ երկրներից, որոնք, խափանելով վառելիքի մատակարարումը, կարող են եկամուտից զրկել մատակարար երկրին։ Այլ կերպ ասած՝ տարանցիկ երկիր լինելը որոշակիորեն «մահակ» է, որով կարելի է ճնշում գործադրել գազ մատակարարող երկրին և զիջումներ կորզել նրանից։ Մինչդեռ ծովային ուղին էապես չեզոքացնում է այս խնդիրը, քանի որ թույլ է տալիս վառելիք մատակարարող և սպառող երկրների միջև հաստատել ուղղակի կապ՝ զերծ այլ երկրների ազդեցությունից։

Խորհրդային շրջանում այս խնդիրը չկար, քանի որ Ռուսաստանը ներկայիս տարանցիկ երկրների հետ միասին գտնվում էր կամ միևնույն պետության՝ ԽՍՀՄ-ի կազմում կամ միևնույն տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքում՝ սոցիալիստական ճամբարում։ Սոցիալիստական ճամբարի, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նախկին միութենական հանրապետությունները դարձան անկախ պետություններ, ինչպես նաև առաջացան որոշակի քաղաքական խնդիրներ վերջիններիս, նախկին սոցիալիստական ճամբարի երկրների և Ռուսաստանի միջև, սրվեց նաև Ռուսաստանից դեպի Եվրոպա գազամատակարարման հարցը։

Երկրորդ՝ վառելիքի մատակարարի և սպառողի միջև անմիջական ենթակառուցվածքային կապը թույլ է տալիս զգալի միջոցներ խնայել՝ զերծ մնալով գազի տարանցման համար տուրքերի վճարումից։

Երրորդ՝ հաշվի առնելով մեր ժամանակներում ահաբեկչության, տարատեսակ հակամարտությունների, հանցավորության աճի մեծացումը՝ կարելի է ասել, որ ցամաքային գազատարերի անվտանգությունը ավելի ու ավելի մեծ սպառնալիքի տակ է հայտնվում։ Դրանք կարող են հայտնվել ահաբեկիչների թիրախում, վնասվել տարատեսակ զինված հակամարտությունների, բախումների, խափանարար (դիվերսիոն) գործողությունների հետևանքով։ Հիշենք միայն 1990-ական թվականների սկզբին Վրաստանի տարածքում Հայաստան եկող գազամուղի հաճախակի պայթեցումները։ Նման խնդիր եղել է նաև Իրանից Թուրքիա մատակարարվող գազի խողովակաշարի հետ, որն անցնում է ժամանակակից Թուրքիայի քրդաբնակ շրջաններով։ Մինչդեռ ծովի հատակով գազատարերի անցկացումը գրեթե հարյուր տոկոսով երաշխավորում է այդ ենթակառուցվածքների անվտանգությունը, քանի որ, օրինակ, 2200 մետր խորությամբ ծովի հատակով անցնող գազատարը (այդքան է «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» առավելագույն խորությունը) դժվար թե հասանելի լինի ահաբեկչական կամ այլ խափանարար գործողությունների համար։

Այս համատեքստում նշենք, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծն առաջ քաշվեց մեկ այլ՝ շատ ավելի մեծ հզորությամբ (տարեկան 63 մլդ. մ3) «Հարավային հոսք» նախագծի փոխարեն, որը նախատեսում էր ռուսական գազի արտահանում Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ ինչպես ծովային (Սև ծովի հատակով), այնպես էլ ցամաքային ճանապարհով՝ Բուլղարիայի, Սերբիայի, Հունագարիայի, Ավստրիայի, Իտալիայի և Սլովենիայի տարածքներով[11]։ Այս նախագծով, ի թիվս այլ երկրների, ռուսական գազ պետք է մատակարարվեր Եվրոպական Միության այնպիսի տնտեսական հսկաների, ինչպիսիք են Ավստրիան և Իտալիան։ «Հարավային հոսքը» չիրականացվեց Բուլղարիայի կողմից գազատարի շինարարության համար արտոնությունը ձգձգելու պատճառով (նախագծին դեմ էր Եվրահանձնաժողովը). Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսքից» 2014թ. վերջին[12]։ Այսպիսով, քաղաքական դրդապատճառներով «Հարավային հոսք» նախագծի փոխարինումը «Թուրքական հոսքով» ևս մեկ անգամ ցույց է տալիս գազատարերի անցկացման ծովային ուղիների առավելությունը և նպատակահարմարությունը ցամաքայինի նկատմամբ։

Ինչ վերաբերում է ռուսական երկնագույն վառելիքի սպառման ծավալի ընդլայնմանը, ապա փորձագիտական շրջանակներում[13] կա տեսակետ, որ ո՛չ «Թուրքական հոսքը» և ո՛չ էլ «Հյուսիսային հոսք 2»-ը էապես չեն ընդլայնի ռուսական գազի սպառման ծավալը միջազգային շուկայում, հետևաբար, լրացուցիչ եկամուտ չեն ապահովի այդ երկրի համար, քանի որ դրանք այլընտրանքային գազատարեր են գործող ցամաքային՝ Տրանսբալկանյան և Ուկրաինայի տարածքով դեպի Գերմանիա գնացող գազատարերի համար, իսկ միջազգային շուկայում չկա ռուսական գազի պահանջարկի էական մեծացում։ Հետևաբար, համաձայն այս մոտեցման՝ Ռուսաստանը հիշյալ գազատարերի կառուցմամբ միայն անիմաստ ծախսեր է կատարում։

Այս տեսակետը, ճշմարտության տարրեր պարունակելով հանդերձ, այնքան էլ միանշանակ չէ, քանզի նախ՝ գազի մատակարարման տեխնիկական (ենթակառուցվածքային) հնարավորությունների ընդլայնումը չի կարող չառաջացնել նաև դրա սպառման ծավալների մեծացում (Թուրքիայի պարագայում դա կարող է լինել ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական նպատակներով գազի սպառման ծավալների ավելացումը)։ Բացի այդ, նոր կառուցվող գազատարերն իրենց թողունակությամբ գերազանցում են առկա գազատարերին։ Տրանսբալկանյան գազատարի թողունակությունն ընդամենը տարեկան 15 մլդ. մ3 է, իսկ «Թուրքական հոսքինը»՝ ինչպես նշվեց վերը, ավելի քան կրկնակի ավելի (31.5 մլդ. մ3)։ Եվ վերջապես, ինչպես հայտարարվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից, կառուցվող նոր գազատարերի գործարկումը չի նշանակում առկա գազատարերի շահագործման դադարեցում. համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ առաջիկա 5 տարիներին կշարունակվի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի արտահանումը[14]։

Թուրքական շահերը

Թ ուրքիայի համար գազատարը կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նկատառումներով։ Քաղաքական առումով Թուրքիան ևս մեկ էական քայլ է անում երկիրը տարածաշրջանային էներգետիկ հանգույցի վերածելու ճանապարհին։ Դրանով էապես մեծանում է Թուրքիայի դերակատարությունն ու բարձրանում նրա «կարգավիճակը» ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում, ինչն էլ, իր հերթին, բարձրացնում է այդ երկրի անվտանգության ապահովման մակարդակը։

Տնտեսական առումով գազատարի գործարկմամբ Թուրքիան լուծում է հետևյալ խնդիրները.

  1. Ոչ միայն բավարարում է գազի ներքին պահանջարկը՝ տարեկան շուրջ 24 մլդ. խորանարդ մետր[15], այլև էապես մեծացնում է սպառման հնարավորությունները, ինչը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման համար։ Ինչպես արդեն նշվեց, «Թուրքական հոսք» գազատարի տարեկան թողունակութունը 31.5 մլդ. մ3 է, սակայն դրա երկու ճյուղերից միայն մեկն է նախատեսված Թուրքիայի ներքին սպառման համար։ Ստացվում է, որ գազատարով Թուրքիան կստանա տարեկան 15.75 մլրդ մ3 բնական գազ, որը նրա պահանջարկի արդեն իսկ 65.6%-ն է։
    Սակայն Թուրքիան Ռուսաստանից գազ է ստանում նաև «Երկնագույն հոսք» և Տրանսբալկանյան գազատարերով, որոնցով արդեն իսկ լիովին բավարավում էր նրա վերոնշյալ տարեկան գազի պահանջարկը[16]։ Այսպիսով, այս մեգանախագծի իրականացմամբ Թուրքիան, բացի իր տարեկան գազի պահանջարկը լիովին բավարարելուց, կարող է ստանալ մեծ քանակությամբ լրացուցիչ երկնագույն վառելիք, ինչը կօգտագործվի ինչպես տնտեսական (արդյունաբերության) հետագա զարգացման, այնպես էլ բնակչության կենցաղային պայմանների բարելավման՝ նոր բնակավայրերի գազաֆիկացման նպատակով։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի կողմից գազի ներկրման ծավալների էական ընդլայնումը վկայում է ոչ միայն այդ բնական վառելիքի ներկա մեծ պահանջարկի, այլ տնտեսության արդյունաբերական հատվածի հետագա զարգացման հավակնությունների մասին։
  2. Թուրքիան համեմատաբար էժան գազ է ստանում Ռուսաստանից, քանի որ տարանցիկ երկրներին որպես կանոն գազը վաճառվում է ավելի մատչելի գնով, քան ոչ տարանցիկ երկրներին։ Դրանով ընդգծվում է նաև գազ մատակարարող և տարանցիկ երկրների հարաբերությունների մակարդակը։ Ըստ էներգետիկ անվտանգության փորձագետ Ա. Մանվելյանի՝ ռուսական գազի արժեքը Թուրքիայի համար $250 է՝ 1000մ3-ի դիմաց[17]։ Համեմատության համար նշենք, որ նախկինում Թուրքիան բնական գազ էր ներկրում նաև Իրանից՝ տարեկան 10 մլդ. մ3 թողունակությամբ գազատարով, սակայն, պայմանավորված իրանական գազի բարձր գնով՝ $400 1000 մ3-ի դիմաց, հետագայում հրաժարվեց դրանից [18]։
  3. Նախագծի կյանքի կոչմամբ Թուրքիան իր համար եկամուտներ է ապահովում տարանցման տուրքերից։


«Թուրքական հոսք» գազատարի շինարարության աշխատանքներ

Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են էներգակիրների, մասնավորապես՝ երկնագույն վառելիքի հարցում. Թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազի սպառման երկրորդ մեծ շուկան է։ Համաձայն Գազպրոմի՝ 2018թ. Ռուսաստանը Թուրքիա է մատակարարել մոտ 24 մլդ. մ3 գազ[19]։ Տոկոսային հարաբերակցությամբ դա արևմտաեվրոպական շուկայում սպառվող ռուսական գազի (162.39 մլդ. մ3)[20] մոտ 15%-ն է։

Իսկ Ռուսաստանի կարևորությունը Թուրքիայի համար վերջինիս թիվ մեկ գազի մատակարար լինելն է, որն այդ մատակարարումն իրականացնում է անխափան և էժան։ Անգամ 2015թ. նոյեմբերին Սիրիայի երկնքում ռուսական Սու-24 ռմբակոծչի խոցումից[21] հետո ռուսական գազի մատակարարումը կանգ չառավ։ «Թուրքական հոսքի» գործարկմամբ Ռուսաստանի այդ դերն ավելի է ամրապնդվում։


[1] Գազատարը, թեև պաշտոնապես գործարկվել է 2005թ., սակայն փաստացի սկսել է գործել դեռևս 2003թ.-ից։ https://energybase.ru/pipeline/blue-stream

[2] Այս նախագիծը ներկայում գտնվում է իրականացման փուլում։ Համաձայն փորձագիտական գնահատականի՝ ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2023թ.։ Սիմավորյան Ա., Թուրքիայի Աքքույու ատոմակայանի նախագիծը

[3] https://www.gazprom.ru/projects/turk-stream/

[4] Церемония ввода в эксплуатацию газопровода «Турецкий поток»

[5] http://turkstream.info/ru/project/

[6] Церемония ввода в эксплуатацию газопровода «Турецкий поток»

[7] Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ «Թուրքական հոսք» գազատարը պետք է անցներ Հունաստանի տարածքով, ինչպես և նշված է քարտեզում, սակայն հետագայում նախագծի վերափոխման արդյունքում Հունաստանը փոխարինվեց Բուլղարիայով։

[8] Մանրամասն տե՛ս https://energybase.ru/pipeline/blue-stream

[9] Տե՛ս Մկրտչյան Ջ., «Հյուսիսային հոսք-2»-ը կհասնի՞ Գերմանիա

[10] Пресс-конференция по итогам российско-германских переговоров

[11] Миллер объявил о закрытии проекта «Южный поток»

[12] Путин заявил о невозможности строительства «Южного потока»

[13] Տե՛ս, օրինակ, Гурков А., Комментарий: Смысл и бессмыслие "Турецкого потока"

[14] Пресс-конференция по итогам российско-германских переговоров

[15] Ханов Михаил, "Турецкий поток": изменит ли газопровод энергетический рынок в Европе?

[16] Նույն տեղում։

[17] Անվտանգության գործոն. էներգետիկ անվտանգություն

[18] Նույն տեղում։

[19] http://www.gazpromexport.ru/statistics/

[20] Նույն տեղում։

[21] Տե՛ս На границе с Турцией сбили российский бомбардировщик Су-24