«Հյուսիսային հոսք-2»-ը կհասնի՞ Գերմանիա

9 ր.   |  2020-01-24

«Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը տարեկան 55 մլրդ մ3 ռուսական գազը պետք է հասցնի Գերմանիա, ըստ ծրագրի, նախատեսվում էր շահագործվել 2019թ.-ի դեկտեմբերին, սակայն մի շարք խոչընդոտներ թույլ չտվեցին 1220կմ-ից ընդամենը 160 կմ հատվածը սահմանված ժամկետում ավարտել։

Այս գազատարի կառուցման որոշումը կայացվել է 2012թ.-ին՝ «Հյուսիսային հոսք»[1] գազատարի ավարտից անմիջապես հետո, երբ կառուցող ընկերությունները «Գազպրոմ»-ի հետ ուսումնասիրեցին և դրական գնահատեցին 3-րդ և 4-րդ խողովակաշարերի անցկացման տեխնիկատնտեսական հնարավորությունները: «Հյուսիսային հոսք-2»-ը իր «երկվորյակ» գազատարի նման ձգվելու է Բալթիկ ծովով՝ Ռուսաստանի Ուստ-Լուգա երկրամասից մինչև Գերմանիայի  Գրեյֆսվալդ քաղաքը:


«Հյուսիսային հոսք-2» գազատարի ճանապարհը՝ Ռուսաստանից Գերմանիա:

Նախատեսվում է , որ գազատարը «Հյուսիսային հոսք»-ի հետ միասին Եվրոպային կմատակարարի 110 մլրդ մգազ: Նրա միակ բաժնետերը «Գազպրոմ»-ն է, իսկ աշխատանքը ղեկավարում է «Nord Stream 2 AG» ընկերությունը: Կառուցմանը մասնակցում են նաև ֆրանսիական «Engie», ավստրիական «OMV», հոլանդական «Royal Dutch Shell», գերմանական «Uniper» և «Wintershall» ընկերությունները` տրամադրելով նախագծի վրա ծախսվող 9,5 մլրդ եվրոյի 50%-ը:


«Engie» ընկերության ղեկավար Իզաբել Կոշերը, հոլանդական «Royal Dutch Shell»-ի անդամ Մարտեն Վեթսելարը, գերմանական «Uniper» ղեկավար Կլաուս Շեֆերը և «Wintershall» ընկերության ներկայացուցիչ Մարիո Մերենը ստորագրում են պայմանգիրը

 «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը սկսվել է 2018թ.-ի սեպտեմբերին, սակայն աշխատանքներին զուգահեռ ԱՄՆ-ն, Ուկրաինան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի մեծ մասը պատժամիջոցներով, իրավական նորմերի փոփոխություններով փորձում են դադարեցնել կամ դանդաղեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը։

Իրավական կարգավորումների թիրախում

Այժմ Եվրոպա հասնող գազի համարյա կեսը՝ 46%-ը, մատակարարում է Ռուսաստանը: Սա անհանգստացնում է Եվրամիությանը, որն իրավական կարգավորումներով փորձում  է նվազեցնել մատակարար երկրներից էներգետիկ կախվածությունը՝ նպատակ ունենալով զանազանեցնել բնական գազի մատակարարման հանգույցներն ու ուղիները, սակայն  «Հյուսիսային հոսք-2»-ը Եվրոպայում ռուսական գազի ծավալը մեծացնելու ևս մեկ քայլ է:

2018թ. ամենաշատ ռուսական գազ ներկրող երկրները՝ ըստ «Գազպրոմ»-ի:

«Հյուսիսային հոսք-2»-ի հարցը քննարկվեց Եվրախորհրդարանից մինչև ԵՄ խորհուրդ:   2018թ.-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրում հատուկ նշված է, որ դատապարտվում է խողովակաշարի կառուցումը, քանի որ այն քաղաքական նախագիծ է, որը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը և մատակարարման զանազանեցման ջանքերին, և կոչ է արվում չեղարկել նախագիծը: Սակայն եվրոպական կողմը չփորձեց այն դադարեցնել, պարզապես որոշեց իրավական կարգավորումներով որոշ սահմանափակումներ մտցնել՝ համապատասխանեցնելով իր կողմից ընդունված նորմերին, իսկ դրա համար անհրաժեշտ էր որոշ փոփոխություններ անել 2009թ.-ին ընդունված «Երրորդ էներգետիկ փաթեթում»: Ըստ այս օրինագծի՝  գազի վաճառողն ու առաքողը չպետք է լինի նույն սուբյեկտը, որպեսզի բացառվի ոլորտում մենաշնորհ դիրքը: Առաջարկված փոփոխությունների արդյունքում այս նորմերը պետք է տարածվեն նաև ԵՄ ոչ անդամ երրորդ երկրի վրա, որի խողովակաշարերը հատում են ԵՄ անդամ պետությունների ջրային տարածքները։ Փոփոխությունների ընդունման մասին քննարկումներն առավել ակտիվացան 2019 թ.-ին, երբ նախագահող երկիր դարձավ  Ռումինիան՝ բերելով այն օրակարգ: Հունվարին սկսվեցին քննարկումները, իսկ ապրիլի 15-ին օրինագծում փոփոխություններ անելու որոշում կայացվեց:

Ի՞նչ է սա նշանակում «Հյուսիսային հոսք-2»-ի համար: Քանի որ փոփոխությունների արդյունքում գազ տեղափոխող ընկերությունը չի կարող լինել և՛ արտադրող, և՛ վաճառող, «Գազպրոմ»-ը պարտավորվում է «Հյուսիսային հոսք-2»-ում այլ ընկերության ներգրավել, որը նույնպես պետք է որոշի մատակարարման հզորության չափն ու գնային քաղաքականությունը՝ բացարձակապես անկախ լինելով «Գազպրոմ»-ից, ինչը ձեռնտու չէր ռուսական կողմին:

Սակայն ԵՄ երկրները պետք է հարմարեցնեն այս փոփոխություններն իրենց ազգային օրենսդրությանը, ուստի նոյեմբերի 13-ին Գերմանիան ընդունեց ԵՄ գազի վերաբերյալ օրինագծում փոփոխություններ կատարելու մասին իր օրենքը, ըստ որի, «Երրորդ էներգետիկ փաթեթը» տարածվում է  միայն Գերմանիայի ափերից 12 ծովային մղոն հեռավորության տարածքի վրա, որի համար էլ երկու երկրները կարող են համաձայնության գալ և «Հյուսիսային հոսք-2»ը հնարավորություն կստանա շրջանցել էներգետիկ երրորդ փաթեթը։

Դանիա. ամենակարճ ու ամենաձգձգված հատվածը

Ռ ուսաստանի և Գերմանիայի տարածքից բացի խողովակաշարը անցնում է Ֆինլանդիայի (374կմ), Շվեդիայի (510կմ) և Դանիայի (147կմ) ջրային տարածքով, որի համար անհրաժեշտ էր այս երկրների թույլտվությունը: Եթե Ֆինլանդիան և Շվեդիան նույն տարում տվեցին համաձայնությունը, ապա Դանիայի դեպքում այն ձգձգվեց մոտ 2 տարի  և միայն 2019թ.-ի հոկտեմբերին Կոպենհագենը համաձայնություն տվեց, երբ մնացել էր միայն այդ հատվածի կառուցումը։ Չնայած դանիական կողմն այն բացատրում է երկրում սեփական օրենքների յուրահատկություններով և վարչական գործընթացներով՝ բացառելով քաղաքական ենթատեքստը, սակայն նման վարքագիծը ռուսական կողմը և հենց «Գազպրոմը» կապում են Վաշինգտոնի կողմից միջամտության հետ: Իսկ երբ հոկտեմբերի 30-ին Դանիան համաձայնեց իր ջրային տարածքով անցկացնել ռուսական գազատարը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխան դրան շեշտեց այս երկրի վրա ուժեղ ճնշման մասին՝ հայտարարելով, որ Դանիան ցույց տվեց, որ անկախ և ինքնիշխան պետություն է:

ՌԴ նախագահն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի «ամերիկյան ճնշումը», քանի որ Դանիան հայտնի է իր ամերիկյան կողմնորոշմամբ: Որպես ԵՄ անդամ երկիր` Դանիան հրաժարվել է մասնակցել Եվրամիության որևէ պաշտպանական նախագծի. նա այն երեք երկրներից է, որը չի անդամակցում ԵՄ-ի «Մշտական կառուցվածքային համագործակցությանը»՝ անվտանգության և պաշտպանության հարցերով նախագծին, և սրան զուգահեռ Կոպենհագենը հաճախ է ամերիկյան կողմը բռնում՝ հատկապես ՆԱՏՕ-ի որոշումներում: Դանիան ակտիվորեն ողջունում է Ամերիկայի կողմից հակառուսական պատժամիջոցները. 2016-ին նա համոզում էր եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե անգամ դա վնաս է իրենց տնտեսությանը, իսկ ԱՄՆ-ի պետական կառույցների և մասնավոր ընկերությունների համար այս երկիրն ունի  կենտրոնական նշանակություն՝ լինելով Բալթիկ ծովում դարպաս:

Դանիայի համաձայնություն չտալու պատճառներից մեկը կարող էին լինել հակառուսական հայացքները, որոնք հատկապես արտահայտում էր երկրի նախկին վարչապետ  Լարս Լյոկե Ռասմուսեն (Lars Løkke Rasmussen): Իզուր չէ, որ ամռանը նրան փոխարինած սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մեթե Ֆրեդերիկսենը (Mette Frederiksen ) հույս առաջացրեց կողմերի մոտ, որ համաձայնությունը կկայանա։

Բացի այդ, ամռանը եղան խոսակցություններ, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է գնել Գրենլանդիան[2] Դանիայից, սակայն Ֆրեդերիկսենը կտրականապես մերժեց, որից հետո Թրամփը չեղարկեց նրա հետ հանդիպումը: Սա որոշ լարվածություն առաջացրեց ԱՄՆ-Դանիա հարաբերությունների մեջ՝ ավելի իրատեսական դարձնելով թույլատվությունը։

«Հյուսիսային հոսքը-2»-ը չխուսափել պատժամիջոցներից

2 019թ.-ի վերջին, երբ  մնացել էր «Հյուսիսային հոսք-2»-ի ընդամենը 160կմ-ը, ԱՄՆ-ն պատժամիջոցներով կանգնեցրեց գազատարի կառուցումը:

Դեկտեմբերի 21-ին Դոնալդ Թրամփը ստորագրեց ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որը ներառում է պատժամիջոցներ  «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների դեմ: Եթե «Թուրքական հոսք»-ի վրա դրանք ազդեցություն չունեցան, քանի որ աշխատանքներն արդեն ավարտվել էին և գազամուղը պատրաստ էր շահագործման, ապա «Հյուսիսային հոսք-2» դեպքում այն կարողացավ կանգնեցնել աշխատանքները, քանի որ խողովակներ տեղադրող շվեցարական «Allseas» ընկերությունը  հայտնեց, որ դադարեցնում է  մատակարարումը: Ըստ պայմանագրի՝ ընկերությունը կարող էր աշխատանքները դադարեցնել միայն ֆորս մաժորային իրավիճակում. այժմ հարց է՝ ամերիկյան պատժամիջոցները ֆորսմաժորային պատճառ կհամարվե՞ն, թե՝ ռիսկ, որին ընկերությունը չգնաց:

Այստեղ առաջանում է խնդիր, թե որ ընկերությունը կշարունակի աշխատանքը, քանի որ նման ծառայություններ մատուցող ընկերություններին նույնպես սպառնում են ամերիկյան պատժամիջոցները: Որոշ մասնագետներ առաջարկեցին դիմել չինական ընկերություններին, որոնց ավելի քիչ կարող է վախեցնել ամերիկյան պատժամիջոցները: Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն էլ հայտնել է, որ այն կարող է ավարտին հասցնել «Գազպրոմ»-ին պատկանող «Ակադեմիկոս Չերսկի» նավը, սակայն այժմ այն Հեռավոր Արևելքում է և Բալթիկ ծով մեկ ամսից ոչ շուտ չի հասնի, բացի այդ, Բալթյան երկրներում աշխատելու համար անհրաժեշտ է հավելյալ վերապատրաստում անցնել: Հունվարի 11-ին Պուտին-Մերկել հանդիպման ՌԴ նախագահը նույնպես հայտնեց, որ ինքնուրույն ավարտին կհասցնեն աշխատանքները:


«Ակադեմիկոս Չերսկի» նավ

Պատժամիջոցներից անմիջապես հետո գերմանական և ռուսական կողմերը բացասական արձագանք տվեցին դրանց: Գերմանիայում պատժամիջոցները գնահատվեցին որպես  Գերմանիայի և Եվրոպայի ներքին կյանքի միջամտություն: Մոսկվան էլ շեշտեց, որ գազատարի աշխատանքները շարունակվելու են և գազատարը գործարկվելու է:  Ըստ Ալեքսանդր Նովակի՝  «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքները կավարտվեն 2020թ.-ի վերջին:  Եվրահանձնաժողովը նույնպես մեկնաբանեց՝ նշելով, որ ԵՄ-ն սկզբունքորեն դեմ է իր տարածքում օրինական բիզնես իրականացնող ընկերությունների դեմ պատժամիջոցներին:

ԱՄՆ-ն այս պատժամիջոցները բացատրում է ԵՄ-ում ռուսական գազի ծավալի մեծացմամբ, որը սպառնում է նրա անվտանգությանը: «Հյուսիսային հոսք-2»-ը համարելով  քաղաքական նախագիծ՝ Ամերիկան կարծում է, որ Կրեմլը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Եվրոպայում։ Ի պատասխան՝ ռուսական կողմը պարզաբանում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վաճառել իր հեղուկ գազը Եվրոպային, ուստի, այս կերպ, անարդար մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Ամերիկյան հեղուկ գազի անհրաժեշտությունը կարևորում է նաև ԵՄ-ն, եթե գինը մրցակցային լինի: Եվրամիությունը տարեկան 300 մլրդ եվրո է ծախսում էներգառեսուսներ գնելու համար, որից ընդամենը 2%-ն է բաժին ընկնում ԱՄՆ-ին: Վերջին տարիներին ամերիկյան հեղուկ գազի գինն իջել է, և նրանք նպատակ են դրել մեծացնել ծավալը Եվրոպայում, սակայն խնդիրն այն է, որ հեղուկ գազի տեղափոխման համար հարկ է նոր ենթակառուցվածքներ զարգացնել, որոնք նույնպես ազդում են գնի վրա: Ամերիկյան գազի ակտիվ գնորդ է Լեհաստանը, որը 20 տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան «Venture Global LNG» ընկերության հետ՝ գնելով ամեն տարի 2 մլն տոննա հեղուկ գազ, որի համար կվճարի ռուսական գազից  20% ավելի քիչ: Այժմ ԱՄՆ-ի հեղուկ գազի միայն 11%-ն է սպառվում Եվրոպայում:

Սպառնալիք Ուկրաինայի տնտեսությանը

Ու շագրավ է, որ պատժամիջոցներն ընդունվեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցում են ռուսական գազը Ուկրաինայով փոխադրվելու շուրջ: Այս կերպ Ամերիկան գուցե փորձում էր Ռուսաստանին ստիպել, որ պայմանագիր կնքի Կիևի համար շահավետ  պայմաններով, քանի որ կար խոսակցություն, որ ՌԴ-ն պատրաստվում է դադարեցնել Ուկրաինայով գազի մատակարարումը Եվրոպա: Իզուր չէ, որ ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունն այս պատժամիջոցները համարել է նվեր: Այժմ արդեն երկու երկրների միջև պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2024թ., որի արդյունքում տարեկան 40 մլրդ խորանարդ մետր գազ պետք է անցնի Ուկրաինայով, իսկ «Գազպորմ»-ը, համաձայն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման, պետք է վճարի 2.9 մլրդ դոլար:

Նկար 7. Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ ՇեֆչովիչըՌուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Ուկրաինայի էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Օրժելը:

 «Հյուսիսային հոսք-2»-ն անհանգստության պատճառ էր դարձել Ուկրաինայի համար, քանի որ Կիևը վախենում էր կորցնել տրանզիտից ստացվող եկամուտը և հայտնվել տնտեսական ճգնաժամում: Ըստ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ գազատարերի գործարկման դեպքում Ուկրաինան կկորցնի 10-15մլրդ մ3 գազ, այն դեպքում, երբ Ռուսաստանից Եվրոպա հասնող 200 մլրդ մ3 գազից 83 մլրդ 839,4 մլն-ն  անցնում է Ուկրաինայի տարածքով: ԱՄՆ դեսպան Մարի Յովավովիչը հայտարարել է, որ ըստ հաշվարկների, «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում Ուկրաինան կկորցնի իր ՀՆԱ-ի 3%-ը: Վերջին 6 տարում Ուկրաինան փոխադրել է  474 մլրդ մ3 գազ՝ վաստակելով 14 մլրդ դոլար:

Չ նայած այս խոչընդոտներին՝ «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքներն ամենայն հավանականությամբ այս տարի կավարտվեն: Ռուսաստանը պատրաստ է հզորացնել ջրում խողովակներ տեղադրող «Ակադեմիկոս Չերսկի» նավը, ինչը կարող է ֆինանսապես թանկ և ժամանակատար լինել, սակայն գազատարի կառուցման աշխատանքների անավարտ լինելն է՛լ ավելի մեծ կորուստ կլինի «Գազպրոմ»-ի և մասնակից եվրոպական ընկերությունների համար:


[1] «Հյուսիսային հոսք» գազատարը, որը  շահագործվել է 2012թ.-ին, Ռուսաստանից Գերմանիան է մատակարարում տարեկան 55 մլրդ մգազ:

[2] Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է, որտեղ բնակվում է մոտ 56 հազար մարդ: Տեղական վարչակազմը տնօրինում է ներքին հարցերը, սակայն արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը Դանիան է իրականացնում: Միացյալ Նահանգները Գրենլանդիայում ունի խոշոր ռազմակայան: 1946 թվականին ԱՄՆ-ը Գրենլանդիայի համար Դանիային առաջարկել է 100 միլիոն դոլար, սակայն Դանիան մերժել էր գործարքը: