Տարածաշրջանի ուղեղային կենտրոնները «2019 Global Go To Think Tank Index»-ում
8 ր. | 2020-02-062 020թ. հունվարի 27-ին «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» նախագծի շրջանակներում Փենսիլվանիայի համալսարանը հրապարակել է վերլուծական կենտրոնների գլոբալ վարկանիշավորման վերաբերյալ «2019 Global Go To Think Tank Index» հերթական 14-րդ զեկույցը:
Ինչպես նշված է ուսումնասիրության մեջ, 2019թ.-ի անվանակարգի և կենտրոնների ընտրության գործընթացն սկսելուց առաջ իրենց թիմը լայնածավալ հետազոտություն է իրականացրել՝ թարմացնելով աշխարհի ուղեղային կենտրոնների տվյալների սեփական տեղեկատվական շտեմարանը: Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել նաև փորձագիտական կառույցների թվաքանակի, ընթացիկ իրավիճակի ու միտումների վերաբերյալ տարբեր տարածաշրջանների երկրների փորձագիտական հանրության և հետազոտական հաստատությունների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները:
Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության, աշխարհում հաշվվում է 8248 «ուղեղային կենտրոն», որոնք գործում են եվրոպական (2219), հյուսիսամերիկյան (2058), ասիական (1829), Հարավային ու Կենտրոնական ամերիկյան (1023), ենթասահարյան Աֆրիկայի (612), մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան (507) տարածաշրջանների երկրներում:
Ուղեղային կենտրոնների քանակով առաջին տասնյակը զբաղեցնում է ԱՄՆ-ն (1871), որին հաջորդում են Հնդկաստանը (509), Չինաստանը (507), Մեծ Բրիտանիան (321), Արգենտինան (227), Գերմանիան (218), Ռուսաստանն (215), Ֆրանսիան (203), Ճապոնիան (128), Իտալիան (114):
Մեր տարածաշրջանում հարևան երկրներից կենտրոնների քանակով առաջատարն է Իրանը՝ 64, այնուհետ Թուրքիան՝ 48, Վրաստանը՝ 35, Ադրբեջանը՝16:
Հ ամաձայն զեկույցի՝ Հայաստանում գործում է 30 «ուղեղային կենտրոն»: Հաշվի առնելով, որ զեկույցում առկա չէ վերոնշյալ կենտրոնների ցանկը, հնարավոր չէ պարզել, թե հատկապես որ հաստատություններն են դիտարկվել որպես «ուղեղային կենտրոն»: Այս համատեքստում հարկ է հիշատակել ոլորտի փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանի դիտարկումը, ըստ որի՝ «Հայաստանի ուղեղային կենտրոնների ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անկախության վերականգնումից ի վեր երկրում ֆորմալ առումով ստեղծվել են մի քանի տասնյակ ուղեղային կենտրոններ կամ այդ ձևաչափին որոշակիորեն համապատասխանող հաստատություններ: Սակայն դրանցից շատերը գոյություն են ունեցել կամ բացառապես ձևական, ֆորմալ առումով, կամ ունեցել են ակտիվ գործունեության չափազանց կարճ ժամանակահատված, որից հետո պասիվացրել կամ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը և փակվել: Այդ առումով ներկայումս իրավիճակը սկզբունքորեն մեծ փոփոխություններ չի կրել»[1]:
Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ անվանակարգում Հայաստանը ներկայացված է 10 հաստատությունով՝
- Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, (ACNIS)՝ 8-րդ տեղում
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ACGRC)՝11-րդ տեղում,
- Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ (AST)՝12-րդ տեղում,
- Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI)՝ 24-րդ տեղում,
- Հանրային քաղաքականության ինստիտուտը՝ 27-րդ տեղում,
- Քաղաքական վերլուծությունների Թուրփանջյան կենտրոնը (TCPA)՝ 29-րդ տեղում,
- Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC)՝ 32-րդ տեղում
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ 59-րդ տեղում,
- Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC)՝ 61-րդ տեղում,
- «Նորավանք» հիմնադրամը՝ 63-րդ տեղում:
Բացի այդ, հայաստանյան վերլուծական հաստատությունները ներառվել են այլ անվանակարգերում: Պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներում գործունեություն ծավալող աշխարհի լավագույն ուղեղային կենտրոններ անվանակարգում ընդգրկվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ զբաղեցնելով 106-րդ տեղը: Ներքին տնտեսական քաղաքականության լավագույն փորձագիտական կենտրոններից՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (144-րդ հորիզոնական):
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ICHD)՝ ընգրկվել է թափանցիկության և լավ կառավարման ոլորտում լավագույն ուղեղային կենտրոններ անվանակարգում (27-րդ հորիզոնական), շահապաշտպան գործունեություն ծավալող լավագույն կենտրոնների շարքում՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ (60-րդ հորիզոնական), իսկ լավագույն անկախ հետազոտական կենտրոնների շարքում՝ Միջազգային քաղաքականության հետազոտական խումբը (28-րդ հորիզոնական):
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ընդգրկվել է լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ անվանակարգում՝ զբաղեցնելով 94-րդ տեղը: Ուշագրավ է, որ «2019 Global Go To Think Tank Index»-ում, որպես նորարարություն, հետազոտողներն առաջին անգամ առանց վարկանիշավորման ներկայացրել են տարբեր երկրներում գործող ՈՒԿ-ների կողմից հրապարկված լավագույն հետազոտությունները: Այս տեսանկյունից հայաստանյան վերլուծական կենտրոնների կողմից հրապարկված հետազոտություններից ներառված են միայն «Ամբերդ» հետազոտական կենտրոնի՝ «Հայաստանի Երկրորդ շավիղի դիվանագիտության խնդիրների շուրջ» և «Ինչպես բարելավել ՀՀ համալսարանների դիրքերը վարկանիշավորման զեկույցներում» խորագրով աշխատությունները:
Միևնույն ժամանակ, հետազոտողներն ուշադրության դիտման արժանի կենտրոնների շարքում ներառել են «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն (99-րդ հորիզոնական): Գլոբալ մակարդակում մոտ 50 նորաստեղծ ուղեղային կենտրոնների ցանկում առանց վարկանիշավորման ընդգրկվել է նաև «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը (էջ 187):
Հ այաստանի հետ միասին Կենտրոնական Ասիայի գոտում ընդգրկված են նաև Վրաստանի և Ադրբեջանի ՈՒԿ-ները՝ սակայն որոշ բացառություններով: Օրինակ՝ Վրաստանի մի քանի կենտրոն տեղ են զբաղեցրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ՈՒԿ-ների ցուցակի տարբեր հորիզոնականներում:
Վրաստան
- Caucasus Institute for Peace, Democracy and Development (CIPDD)
- Institute for Policy Studies (IPS),
- New Economic School (NESG),
- Strategic Research Center (SRC),
- Caucasus Research Resource Center (CRRC),
- South-Caucasus Institute of Regional Security (SCIRS),
- Georgian Research and Educational Networking Association (GRENA),
- Liberty Institute,
- Partnership for Social Initiatives (PSI),
- Georgian Foundation for Strategic and International Studies (GFSIS),
- ISET Policy Institute,
- PMC Research Center.
Ադրբեջան
- Center for Economic and Social Development (CESD),
- Caucasus Research Resource Center (CRRC),
- Free Minds Association (FMA),
- Economic Research Center (ERC),
- Entrepreneurship Development Foundation (EDF),
- Center for Strategic Studies (SAM),
- Institute for Scientific Research on Economic Reforms,
- Center for Analyses of Economic Reforms and Communication,
- Public Finance Monitoring Center (PMFMC),
- National Budget Group (NBG),
- Azerbaijan Think Tank Alliance (ATTA):
Թ ուրքիայի, ինչպես նաև Իրանի լավագույն ուղեղային կենտրոնները ներառված են գլխավորապես մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանը ներկայացնող կենտրոնների անվանացանկում։ Նկատենք, որ մի շարք փորձագիտական հաստատություններ, ներառված չլինելով վերոհիշյալ ցուցակում, վարկանիշավորվել են տարբեր անվանակարգերում՝ ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների և գործունեության։
Հատկանշական է, որ նույն կենտրոնը ներկայացված է նաև մի քանի անվանակարգերում, ինչպես, օրինակ, կառավարությանը մոտ գտնվող թուրքական Centre for Economics and Foreign Policy Studies (EDAM)-ը միանգամից արժանացել է պաշտպանության և ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների, միջազգային տնտեսական քաղաքականության ոլորտներն հետազոտող, լավ կառավարվող, ինչպես նաև տարեկան $5 միլիոնից պակաս բյուջե ունեցող լավագույն կենտրոններ անվանակարգերին։
Աշխարհի լավագույն ՈՒԿ-ների շարքում թուրքական հաստատություններից 78-րդ հորիզոնականը զբաղեցրել է Turkish Economic and Social Studies Foundation (TESEV)-ը, իսկ Association for Liberal Thinking (ALT)-ը՝ 89-րդը։
Այլ անվանակարգերում Թուրքիան ներկայացված է հետևյալ փորձագիտական հաստատություններով. պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում՝ Center for Economic, Political and Strategic Research (TESAM)-ն ու International Strategic Analysis and Research Center (USTAD)-ը, կրթական ոլորտում՝ Սաբանջը համալասարանի Istanbul Policy Center-ն ու շահույթ չհետապնդող Education Reform Initiative (ERI)-ը, արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների բնագավառում՝ Economic Policy Research Foundation of Turkey (TEPAV)-ը, Global Relations Forum-ը և International Strategic Research Organization (USAK)-ը։
Սննդի անվտանգության ոլորտում տեղ է գտել Trakya Agricultural Research Institute Directorate-ը, որպես լավագույն պետական հետազոտական կենտրոն՝ Թուրքիայի ԱԳՆ Center for Strategic Research (SAM)-ը, քաղաքական կուսակցությանը կից՝ Foundation for Political, Economic and Social Research (SETA)-ն, լավագույն կոնֆերանս անցկացրած կենտրոնների շարքում ճանաչվել է Թուրքիայում գործող Friedrich Ebert Foundation (FES)-ի գրասենյակը։
Bahcesehir University Center for Economic and Social Research (BETAM)-ը (61-րդ տեղ) ու Istanbul Kültür University for Global Political Trends Center-ը (70-րդ տեղ) ընդգրկված են համալսարանական լավագույն հաստատություններ անվանակարգում։ Մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի կենտրոնների ցանկում ներառված են ևս երկու թուրքական հաստատություն՝ European Stability Initiative (ESI)-ն ու Al Sharq Forum-ը, որոնք այլ անվանակարգերում տեղ չեն գտել։
Ի նչ վերաբերում է իրանականին, ապա հետազոտությունում այդ երկիրը ներկայացնող յոթ ուղեղային կենտրոններից աշխարհի առաջատար հաստատությունների շարքում (աշխարհի լավագույնը անվանակարգ՝ չհաշված ԱՄՆ ՈՒԿ-ները) հայտնվել է միայն Ravand Institute for Economic and International Studies-ը՝ 147-րդ տեղում: Սննդի անվտանգության ոլորտում առաջատար կենտրոնների շարքում տեղ է զբաղեցրել երեք հետազոտական կենտրոն՝ Agricultural Research, Education and Extension Organization (AREEO)-ն, Agricultural Biotechnology Research Institute of Iran-ն ու National Nutrition & Food Technology Research Institute-ը, բնապահպանության բնագավառում՝ Centre for Sustainable Development (CENESTA): Իսկ ահա Institut Francais de Recherche en Iran (IFRI)-ն ու Institute for Political and International Studies (IPIS)-ը հաշվարկված են միայն մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի կենտրոնների ցանկում:
Հարկ ենք համարում նշել, որ հետազոտությունը զերզ չէ թերություններից: Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (SAM), որն ընդգրկվել է աշխարհի լավագույն հետազոտական կենտրոնների շարքում, լուծարվել է դեռևս 2019թ. հունվարին՝ Ի. Ալիևի հրամանագրով:
Նույնը կարելի է ասել նաև ժամանակին Թուրքիայի ուղեղային կենտրոնների շարքում առաջատար դիրքեր զբաղեցնող, լիբերալ ուղղվածության Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության (USAK) մասին, որը փակվել է թուրքական իշխանությունների կողմից իրականացվող, այսպես կոչված, գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում:
[1]Աթոյան Վ., Ուղեղային կենտրոններ. ռազմավարական գաղափարների դարբնոցները // Եր., «Զանգակ» հրատ., 2019, էջ 175: