Պեկին-Բաքու տնտեսական կապեր
9 ր. | 2020-02-03Չ ինաստանը կարևորում է Ադրբեջանի տարանցիկ նշանակությունը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համատեքստում. Հարավկովկասյան հանրապետությունը կամրջում է Ասիան Եվրոպային, ինչպես նաև կարևոր շուկա է չինական տնտեսական կապիտալի համար։
Չինաստանի ու Ադրբեջանի տնտեսական կապերն առավել ակտիվ են տրանսպորտի ու լոգիստիկայի, գյուղատնտեսության, շինարարության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում։ Պեկինի տնտեսական հետաքրքրությունների շրջանակում առանձնանում են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու ՏՏ-հաղորդակցական ոլորտը։
2017-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը 1.29 մլրդ ԱՄՆ դոլար էր, ինչն Ադրբեջանի ընդհանուր ապրանքաշրջանառության 5.7%-ն է։ 2017-ին Չինաստանն Ադրբեջան է արտահանել 854.5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, հագուստ, կերամիկական ապրանքներ և այլն։ 2017-ին Պեկինը Ադրբեջանի առևտրային 4-րդ հիմնական գործընկերն էր և Ադրբեջան ներմուծված ապրանքների ծավալով (9.9%) 3-րդ երկիրն էր՝ ՌԴ-ից (17.7%) ու Թուրքիայից (14.8%) հետո[1]։
Աղբյուրը՝ https://www.stat.gov.az/source/trade/?lang=en
2018-ի առաջին կիսամյակում Չինաստանը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերների շարքում 7-րդն էր, արտահանման ցուցանիշով՝ կրկին 3-րդը։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով, 2018-ին երկկողմ առևտրաշրջանառությունը 1.31 մլրդ ԱՄՆ դոլար էր, 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 1.7 մլրդ[2]։ 2019-ի հունվար-սեպտեմբերին չինական ապրանքները կազմել են Ադրբեջանի ընդհանուր ներմուծման 9.3%-ը[3]։
Աղբյուրը՝ https://www.stat.gov.az/source/trade/?lang=en
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2014-2018թթ. Չինաստանի արտահանման ծավալներն Ադրբեջան, բացառությամբ 2015-ի, կայուն աճել են։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին Չինաստանն Ադրբեջան է արտահանել 1.1 մլրդ, Վրաստան[4]՝ 833 մլն, Հայաստան[5]՝ 664 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։
Օտարերկրյա ներդրումների համար առաջնահերթ գրավիչ է հարավկովկասյան հանրապետության նավթագազային շուկան։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է զանազանեցնել երկրի տնտեսությունն ու ներդրումային դաշտը, սակայն նավթագազային հատվածը դեռևս շարունակում է գերակայել. 2000-2017թթ. Ադրբեջանում իրականացվել է 77.8 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ուղիղ ներդրում, որից 66.8 մլրդ-ը կամ ամբողջի 85.9%-ն ուղղվել է նավթագազային ոլորտ[6]։
Ինչպես գիտենք, Ադրբեջանի նավթագազային ոլորտի ներդրումային կապիտալում գերակշռող են արևմտյան, թուրքական խոշոր էներգետիկ ընկերությունները։ Վերջին տարիներին Չինաստանն, իհարկե, փորձում է ակտիվանալ նաև այս դաշտում, սակայն դեռևս վաղ է խոսել զգալի մրցակցության մասին։
Ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն էր միտված 2016-ի մայիսին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Chinese National Petroleum Cooperation (CNPC)-ի միջև նավթագազային, նավթաքիմիական ոլորտներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը[7]։ 2017-ի հուլիսին Բաքվում կայացած երկու պետական էներգետիկ ընկերությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվեց էներգետիկ համագործակցության, այդ թվում՝ Ադրբեջանի էներգետիկ պաշարների օգտագործման ուղղությամբ Պեկինի բարձր տեխնոլոգիական ներուժի ներդրման հնարավորությունը։ Հանդիպմանը արդբեջանական կողմն իր աջակցությունը հայտնեց SOCAR GPC project-ում չինական ներդրումային ընկերությունների ներգրավման հնարավորությանը[8]։ Նախագծի վերջնանպատակն է ներքին սպառողին մատակարարել մաքուր բնական գազ[9]։ Նախատեսվում է նաև 2022-ին շահագործման հանձնել նավթաքիմիական մի քանի գործարան (Բաքվի հարավ, Garadagh)։
2018-ի տարեվերջին SOCAR և CNPC ընկերությունները ստորագրեցին համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիր, որը Ադրբեջանի Հանրապետության տարածքում և Կասպից ծովում իրականացնում է համատեղ երկրաբանական հետազոտական աշխատանքներ[10]։
Պեկինի տնտեսական, ներդրումային մասնակցությունն առավել նկատելի է Ադրբեջանի տնտեսության ոչ նավթագազային ոլորտներում, թեև այստեղ նույնպես թուրքական և արևմտյան ներդրումային կապիտալի հետ մրցակցությունն անհամադրելի է։ 2000-2017թթ. Ադրբեջանի ոչ նավթագազային ոլորտի օտարերկրյա ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալում չինական մասնաբաժինը 0.9% էր կամ 97.1 մլն ԱՄՆ դոլար[11]: Այդ ցուցանիշով առաջատար են Թուրքիան (2.5 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներով), Մեծ Բրիտանիան (1.6 մլրդ)։
Աղբյուրը՝ https://bakuresearchinstitute.org/foreign
2015-ի դեկտեմբերին Ալիևի՝ Չինաստան այցելության արդյունքում ստորագրվեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ աջակցման» մասին փոխըմբռնման հուշագիրը։ Հուշագիրը կոչված է խթանելու տրանսպորտային-հաղորդակցական ոլորտում երկկողմ համագործակցությունը. առաջնակարգ նշանակություն էր տրվում Անդրկասպյան տարանցիկ միջանցքով չինական ընկերությունների բեռնափոխադրումներին։ Ադրբեջանական կողմի հավաստիացմամբ, հուշագրի ստորագրումը կարևոր ներդրում է երկկողմ տնտեսական համագործակցությունում։ Թեև պետք է նշել, որ ինտերնետային բաց աղբյուրներում մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել տվյալներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով և առհասարակ Անդրկասպյան տարանցիկ միջանցքով երկկողմ բեռնափոխադրումների ծավալների վերաբերյալ։ Կարող ենք ենթադրել, որ այդ ուղղությամբ թերևս առկա են լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, տարանցման ծավալների հզորացման հետ կապված խնդիրներ։
Հարցի առնչությամբ կարևոր է նշել, որ մինչ վերջերս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Պեկինը զգալի կարևորություն էր տալիս հատկապես հեռահաղորդակցության հյուսիսային ուղղությանը, որն անցնում է Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի տարածքով։ Վերջին տարիներին Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու, հաղորդակցական այլընտրանքային ուղիների զանազանեցման նպատակով Չինաստանում սկսեցին ուշադրություն դարձնել նաև հարավային՝ Կենտրոնական Ասիայով ու Հարավային Կովկասով անցնող տարանցիկ ուղղությանը։
2019-ի հուլիսին Azerbaijan Railways ընկերության դուստր ADY Container կազմակերպությունը[12] և չինական Xi'an Continental Bridge International Logistics ընկերությունը ստորագրեցին Անդրկասպյան միջազգային միջանցքով երկաթուղային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը[13]։ Իսկ 2019-ի կեսերին Ադրբեջանի Տնտեսության նախարարը հանդիպեց China Civil Engineering Construction Corporation (CCECC) ղեկավարության հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Ադրբեջանի ճանապարհային, երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր[14]։
«Նոր մետաքսի ճանապարհ»-ի համատեքստում Պեկինը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի ցամաքային ու ծովային տարանցիկ-հաղորդակցական հնարավորություններին՝ թե՛ Արևելք-Արևմուտք, և թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքների տեսանկյունից։ Չինական կողմը մասնավորապես ներդրումային հետաքրքրություն ունի Ադրբեջանի Ալյաթի նոր նավահանգստի կառուցման նախագծում։ Մինչ օրս Չինաստանը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի սարքավորում և 70 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ուղղել նավահանգստի զարգացմանը[15]։
Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթի նոր նավահանգստի կառուցումը մեկնարկեց 2010-ին և 2018-ի մայիսին հանձնվեց շահագործման[16]։ Ներկայում նավահանգիստը ընդունում է մինչև 11 մլն տոննա բեռ, հետագա տարիներին նախատեսվում է հասցնել մինչև 25 մլն տոննայի[17]։
Ալյաթի նոր նավահանգիստը
Աղբյուրը՝ https://www.lafargeholcim.com/holcim-azerbaijan-port
Ն երկայում Ադրբեջանում գործունեություն է իրականացնում ավելի քան 100 չինական ձեռնարկություն[18]։ 2019-ի ապրիլին Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ ֆորումին կողմերը ստորագրեցին 821 մլն ԱՄՆ դոլարի 10 համաձայնագիր[19],[20]։ Նախագծերի շարքում են Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկի տարածքում անվադողերի արտադրության գործարանի, Քյուրդամիրի շրջանում 300 հա մակերեսով ջերմոցային համալիրի, ագրոլոգիստիկ արդյունաբերական պարկի, Azerbaijan Digital HUB ծրագրի շրջանակում՝ Ասիայի և Եվրոպայի միջև հեռահաղորդակցական միջանցքի կառուցումը և այլն[21]։
Փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Աղբյուրը՝ http://global.chinadaily.com.cn/a/201904
Սումգայիթի անվադողերի գործարանի կառուցման նախագիծն իրականացվում է չինական China National Electric Engineering Co Ltd (CNEEC) ընկերության հետ ստորագրված համաձայնագրով։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկելու են 2020-ին։ Նախագծում բաժնետոմսերի 90%-ը պատկանում է CNEEC-ին, 10%-ը՝ Azerbaijan Investment Company (AIC) ընկերությանը։ Գործարանը, որի կառուցման համար նախատեսվում է ներդնել շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, տարեկան արտադրելու է 3.3 մլն անվադող։
Ադրբեջանի կապի օպերատոր AzerTelecom ընկերությունը 2018-ին նախաձեռնեց Azerbaijan Digital Hub ծրագիրը, որի նպատակն Ադրբեջանը տարածաշրջանի (Կովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական և Հարավային Ասիա) խոշոր թվային կենտրոնի վերածումն ու Եվրոպայի և Ասիայի միջև թվային հեռահաղորդակցական միջանցքի ձևավորումն է։ Ծրագրով նախատեսվում է զարգացնել հանրապետության թվային ենթակառուցվածքները, մայրաքաղաք Բաքուն դարձնել ինտերնետային հոսքերի փոխանակման նոր հանգույց, մատուցել ինտերնետ ծառայություններ հարակից տարածաշրջաններին։
Ծրագրի զարգացման, ներդրումային հոսքերի ապահովման նպատակով Բաքուն կապեր է հաստատում ոլորտում առաջատար երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ։ 2019-ի ապրիլին AzerTelecom և China Telecom ընկերությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման ռազմավարական հուշագիր[22]։ Azerbaijan Digital Hub ծրագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Ասիա-Եվրոպա հեռահաղորդակցական միջանցքի (Թվային մետաքսի ճանապարհ) ձևավորման ուղղությամբ։ Նախատեսվում է իրականացնել 140 մլն ԱՄՆ դոլար ներդրում։
2019-ի դեկտեմբերին AzerTelecom ընկերության ղեկավարությունը Չինաստանում հանդիպեց չինական խոշոր Alibaba Group հոլդինգի ղեկավարության հետ և ձեռք բերեցին համագործակցության պայմանավորվածություն[23]։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Azerbaijan Digital Hub ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը, անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև Անդրկասպյան օպտիկամանրաթելային մալուխի գծի կառուցման հարցերին։ Ադրբեջանական ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին նաև Alibaba Group հոլդինգի ենթակայությամբ գործող Alibaba cloud company-ի ղեկավարության հետ, քննարկվեցին համագործակցության հարցեր։
Աղբյուրը՝ https://abc.az/mobile/view.php?id=38584&lng=ru
Տարիներ առաջ տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում համագործակցություն հաստատվեց նաև Huawei-ի և AZERTAC պետական լրատվական գործակալության միջև։ Վերջինս լուսաբանել է Ադրբեջանում չինական ընկերության իրականացրած մի շարք նախագծեր։ 2020-ի տարեսկզբին համագործակցության խորացման նպատակով Բաքվու էր այցելել Huawei-ի ղեկավարությունը, և կողմերը կարևորել էին Ադրբեջանում նոր տեխնոլոգիաների ներդրման և նորարարությունների վրա հիմնված տնտեսության զարգացման հարցերը[24]։
Վերջին տարիներին Ադրբեջանի գյուղատնտեսությունում ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերում Չինաստանի խոշոր ընկերություններից China CAMC Engineering Co.-ն (CAMCE)։ 2019-ին CAMCE-ն ադրբեջանական ընկերությունների հետ ստորագրեց մի շարք համաձայնագրեր՝ Ադրբեջանում ագրոարդյունաբերական պարկի կառուցման նախագծի շրջանակում[25] (CAMCE-ի և Azerbaijan Investment Company (AIC) ընկերության, CAMCE-ի և Azerbaijan Export and Investment Promotion Fund (AZPROMO)-ի միջև ստորագրված փոխըմռբնման հուշագրերը, AS Group Investment LLC-ի հետ՝ նախագծման, շինարարության և մատակարարման մասին պայմանագիրը)[26]։ Նախագծով ստեղծվելու են տրակտորների, ոռոգման սարքավորումների արտադրության գործարաններ։
Թ երևս սխալված չենք լինի ասելով, որ «Նոր մետաքսի ճանապարհ» չինական նախագծում Ադրբեջանի հավակնությունները սահմանափակվում են Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի հետևանքով. Վաշինգտոնում «խանդով» են մոտենում չինական նախագծի արտահանման փորձերին, հատկապես երբ խոսքը արևմուտքի հովանու ներքո գործող տարանցիկ-հաղորդակցական հանգույցների ու նավթագազային ցանցերի մասին է։ Բաքվում չեն թաքցնում սպասելիքները, որ Վաշինգտոնի ճնշումների հետևանքով Պարսից ծոցից դեպի Չինաստան նավթի մատակարարումների կրճատման դեպքում բացը կլրացվի Կասպյան ավազանի էներգետիկ պաշարների հաշվին։ Պեկինն իր հերթին քայլեր է ձեռնարկում հավասարակշռելու Ադրբեջանի տնտեսությունում արևմտյան, թուրքական տնտեսական, ներդրումային կապիտալը։ Այդ հարցում միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով հատկապես հեռանկարային է «Նոր մետաքսի ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Պեկին-Բաքու գործակցությունը։
[1] https://www.cia.gov/library/publications/the
[2] https://verelq.am/ru/node/56138
[3] https://www.stat.gov.az/news/index.php?id=4414
[4] https://orbeli.am/hy/post/353/2020-01-20/%
[5] https://hetq.am/hy/article/103659
[6] https://bakuresearchinstitute.org/foreign-direc
[7] https://www.aa.com.tr/en/energy/energy
[8] https://report.az/en/energy/socar-and
[9] http://www.socargpc.az/en/project
[10] http://www.socar.az/socar/en/news-and
[11]https://bakuresearchinstitute.org/foreign
[12] http://adycontainer.com/int/en/home-5/
[13] https://www.azernews.az/business/153170.html
[14] https://www.azernews.az/business/154776.html
[15] https://reconnectingasia.csis.org/analysis/entries
[16] https://az.sputniknews.ru/economy/20190525
[17] https://www.portseurope.com/port-of-baku-at-the
[18] https://az.sputniknews.ru/economy/20181109
[19] https://az.sputniknews.ru/economy/20190424
[20] http://global.chinadaily.com.cn/a/201904/25
[21] https://az.sputniknews.ru/economy/20190424
[22] https://news.day.az/economy/1114372.html
[23] https://haqqin.az/news/166207
[24] https://azertag.az/en/xeber/Chinas_Huawei_company
[25] https://az.sputniknews.ru/economy/20190920
[26] https://az.sputniknews.ru/economy/20190920