Թուրքիան 2019 թվականին

7 ր.   |  2020-01-30

 Թյուրքական խորհուրդ

Ի նտեգրացիոն նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում Թյուրքական խորհրդի անդամ երկրների միջև, իրենց շարունակությունը գտան նաև 2019թ-ին: Հոկտեմբերի 15-ին Բաքվում անցկացվեց Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) յոթերորդ համաժողովը, որը նվիրված էր մանր ու միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին:

Հարկ է նկատել, որ դեռևս 2018թ. Ղրղզստանում տեղի ունեցած վեցերորդ համաժողովում ընդունվել էր թյուրքական աշխարհի ինտեգրման հայեցակարգ, իսկ ահա Բաքվում Ն. Նազարբաևն առաջարկեց պատրաստել նաև «Թյուրքական տեսլականը-2040» անվանումով ծրագիրը: Եթե հայեցակարգն ուղղված է Խորհրդի անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում (արտաքին քաղաքականություն և «փափուկ ուժի» քաղաքականություն, առևտուր, տրանզիտ, տուրիզմ, էներգետիկա և «կանաչ տնտեսություն», մանր ու միջին բիզնես և այլն) համագործակցության խորացմանը, ապա տեսլականը կոչված է որոշելու դրանց հետագա զարգացման ուղենիշները: Վերջինս առաջարկում է նաև անվանափոխել Խորհուրդը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության:

Բացի այդ «թյուրքական քառյակը» համալրվեց Ուզբեկստանով, որը դարձավ Խորհրդի լիիրավ անդամ: Ներկա պահին միայն Թուրքմենստանն է, որ, թեև ժամանակ առ ժամանակ մասնակցում է գագաթնաժողովների աշխատանքներին, սակայն դեռևս այդ երկրի քաղաքական վերանախավի կողմից չկան հստակ ազդակներ կառույցին համարկվելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հունգարիային, որը Խորհրդում ունի դիտորդի կարգավիճակ, Բաքվի գագաթաժողովից մեկ ամիս առաջ Բուդապեշտում բացվեց Թյուրքական խորհուրդի ներկայացուցչությունը:


Թյուրքական խորհրդի գերասենյակի բացման արարողությունը Բուդապեշտում

Գրասենյակի բացմանը ներկա գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն իր ելույթում նշեց, որ «բուդապեշտյան գրասենյակը կդառնա Թյուրքական խորհրդի շահերը եվրոպական կառույցներում լոբբինգ անող հաստատություն:

Թյուրքական խորհրդի անդամ երկրների օրակարգում են նաև տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և տնտեսական նշանակության որոշ հարցեր: Մասնավորապես, Խորհրդի անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով մեկնարկել է Ղազախստանը Ադրբեջանին Կասպից ծովի հատակով կապող Անդրկասպյան օպտիկամանրաթելային կապուղու շինարարությունը, որը TASIM (Trans-Eurasian Information Super Highway) նախագծի հիմնական բաղադրիչներից մեկն է: 

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար, ղազախ դիվանագետ Բաղդատ Ամրեևի մեկնաբանությամբ՝ այս նախաձեռնությունը կնպաստի տարածաշրջանում էլեկտրոնային ծառայությունների, արդյունաբերության զարգացմանը, տնտեսության զանազանեցմանը և եվրասիական երկրների մրցունակության բարձրացմանը: Ըստ նրա՝ նախագիծը նպաստելու է Եվրոպայի և Ասիայի միջև թվային հեռահաղորդակցական միջանցքի ստեղծմանը:

Կասպից ծովի հատակով անցկացվելու է 380-400 կմ երկարությամբ մալուխային գիծ, որը նախատեսվում է ավարտել 2021թ.-ին՝ հնարավորություն տալով տեղեկատվությունը փոխանցել վայրկյանում 4-6 ՏԲ (տերաբայթ) արագությամբ: Ադրբեջանի և Ղազախստանի միջև Թյուրքական խորհրդի ակտիվ մասնակցությամբ կնքված միջկառավարական համաձայնագրով մալուխային գծերի համատեղ անցկացումը կիրականացնեն ադրբեջանական AzerTelecom, ղազախստանյան KazTransCom և Transtelecom ընկերությունները:

2019թ. ընթացքում Խորհրդի անդամ երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման պատասխանատու գերատեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ: Քննարկվել են հիմնականում կիբերավտանգության, էլեկտրոնային կառավարման և արբանյակային ծառայության ոլորտներում շարունակական համագործակցության ընդլայնման ուղիների հետ կապված հարցեր:

Միաժամանակ նկատելի է տնտեսական փոխգործակցության ընդլայնման նպատակով իրագործված քայլերը: Մասնավորապես, 2019թ. մայիսին Թյուրքական խորհրդի շրջանակներում ստորագրվեց Թյուրքալեզու երկրների առևտրաարդյունաբերական պալատի հիմնադրման կանոնադրությունը, իսկ օգոստոսին այն պաշտոնապես սկսեց գործել: Պալատի հիմնադիրներն են Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Հետագայում նրանց կարող են միանալ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Ներկայումս առաջարկների տեսքով քննարկվում են համագործակցության հնարավոր ոլորտներն (թեթև և սննդի արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն) ու թյուրքալեզու երկրներից որևէ մեկում արդյունաբերական գոտի ստեղծելու, մաքսային քաղաքականության հետ կապված հարցերը:

Որպես հաջորդ քայլ նախատեսվում է ստեղծել $500մլ. նախնական կապիտալով  հիմնադրամ (Թյուրքական ներդրումների և ինտեգրման հիմնադրամ), ինչպես նաև անդամ պետություններում բացել Թյուրքական առևտրային տներ, որոնք պետք է աշխատեն ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Կիբերանվտանգություն

Ի նչպես ներկայացրել էինք 2019թ. հրապարակված «Թուրքիայի կիբերանվտանգության քաղաքականությունը» հոդվածում, Թուրքիան զարգացնում է ոլորտի ենթակառուցվածքները և սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել կիբերպաշտպանական միջոցառումներին:

Հարկ է նշել, որ կիբերպաշտպանության ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպության» Կիբերպատահարների դեմ պայքարի ազգային կենտրոնի (BTK-USOM) շուրջ երեք հազարից ավելի մասնագետներ շուրջօրյա մշտադիտարկում են Թուրքիայի կրիտիկական ենթակառուցվածքները (մոտ 14 սեկտոր)` կիբերհարձակումներն անհապաղ կանխարգելելու համար:

Համաձայն USOM-ի մասնագետների՝ 2019թ. առաջին կիսամյակում Թուրքիայում գրանցվել է 136411 կիբերհարձակում (2018թ-ին՝ 72 975): Կիբերհարձակումներից պաշտպանվելու նպատակով Թուրքիան մշակել է սեփական՝ Avcı, Azad, Kasırga համակարգչային ապահովման ծրագրերը, որոնք կիրառվում են կիբերանվտանգությունն ապահովող կառույցների կողմից:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը Միջազգային տելեկոմունիկացիայի միության օժանդակությամբ 2019թ. դեկտեմբերի 19-20-ին Անկարայում կազմակերպեց կիբերանվտանգությանը նվիրված «Կիբեր վահան-2019» միջոցառումը, որին մասնակցել են մասնագետներ Իրանից, Բրազիլիայից, Մալազիայից և Թյուրքական խորհրդի անդամ երկրներից: Միջոցառման ընթացքում ստեղծվել են թիմեր, որոնք կազմակերպել են կիբերավտանգության տարատեսակ սցենարների մշակման, համաձայնեցված գործողությունների համակարգման, ցանցային անվտանգության ու արդյունաբերական համալիրների կիբերանվտանգային հարցերին նվիրված վարժանքներ:


Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը ելույթ է ունենում կիբեր վարժանքների բացման արարողությանը:

Աղբյուր www. dogruhaber.com.tr

Ինչ վերաբերում է միջազգային փոխգործակցությանը, 2019թ.-ին Թուրքիայի Havelsan ռազմարդյունաբերական ընկերությունը քաթարյան Jaidah Grup-ի հետ ստորագրեց Կիբերավտանգության ոլորտում համագործակցելու պայմանագիր, ըստ որի՝ Jaidah Grup-ը[1] կօգտվի կիբերպաշտպանության ոլորտում Havelsan-ի կուտակած փորձից՝ հիմք ընդունելով թուրքական ընկերության տեխնոլոգիաները: Ընդ որում, Jaidah Grup-ը պարտավորվել է աշխատել Քաթարի համալսարանների հետ՝ Havelsan-ի կողմից արտադրվող  տեխնոլոգիաների «ազգայնացման» համար: Havelsan-ն իր հերթին Քաթարում ստեղծելու է Կիբերանվտանգության կենտրոն՝ միաժամանակ հնարավորություն տալով Jaidah Grup-ին մուտք գործել իր կիբերպաշտպանության հարթակ:

Թուրքիայի վերլուծական կենտրոններ

2 019թ. ընթացքում թուրքական իշխանություններին մոտ կանգնած քվազիպետական վերլուծական հետազոտական կենտրոնների ուշադրության կենտրոնում են գտնվել տեղական և միջազգային բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Թուրքիային:

Ընդհանուր առմամբ, 2019թ. ընթացքում Թուրքիայի ուղեղային կենտրոնների համար թեմատիկ հետաքրքրությունների տեսանկյունից կային հարցեր, որոնք  ընդհանուր էին բոլորի համար, ինչպիսիք էին թուրքական բանակի ռազմական գործողությունները Սիրիայում, թուրք-ամերիկյան և թուրք-լիբիական հարաբերությունները, ԱՄՆ-Իրան լարվածությունն, С-400-ների հետ կապված հարցերը և այլ:

Այս թեմաներին զուգահեռ հետազոտվում են այլ բնույթի հարցեր: Մասնավորապես, ԱԶԿ-ի հետ սերտորեն համագործակցող, պահպանողական ուղղվածության Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) հետազոտության առանցքում են գտնվել Անկարա-Պեկին տնտեսական հարաբերություններն ու երկկողմ ռազմավարական համագործակցության հեռանկարները, Թուրքիայի ավտոարդյունաբերության (այդ թվում՝ մարդատար էլեկտրական ավտոմեքենաների արտադրման) հեռանկարները, միջազգային մեդիայում Թուրքիայի իմիջիԵվրոպայում իսլամաֆոբիայի, Թուրքիայի ռազմական տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության տարբեր ճյուղերի, հրթիռային համակարգերի ու արբանյակային ոլորտների զարգացման հնարավորությունները:

ԱԶԿ-ին մոտ կանգնած, էներգետիկ, Թուրքիայի միջուկային հնարավորությունների, սպառազինության և միջազգային հարաբերությունների ոլորտներում աշխատող Տնտեսական և արտաքին քաղաքականության 
հետազոտությունների կենտրոնը (EDAM)
 վերջին շրջանում մասնագիտանում է նաև կիբերանվտանգության, թվային մեդիայի և ռազմաարդյունաբերության ոլորտներում: 2019թ.-ին այս կենտրոնի մասնագետների ուշադրության կենտրոնում էին Թուրքիայի թվային քաղաքականության, ֆինանսական և բանկային ոլորտում ծառայություններ մատուցող կառույցների կողմից կիրառվող տեխնոլոգիաների անվտանգության  և Թուրքիայի միջուկային էներգետիկայի հետ կապված հարցերը, թվային մեդիայի միջոցով ռուսական տեղեկատվական քաղաքականությունը Թուրքիայում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերում ԱԳՆ-ից և  նախագահականից աջակցություն ստացող քվազիպետական վերլուծական հաստատություններից մեկը՝ Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (TASAM), իր գործունեության մեջ շեշտն առավելապես դնում է տարբեր ձևաչափերով մասնագիտական հանդիպումների անցկացման վրա՝ հատուկ նախագծերի շրջանակներում կազմակերպելով կոնֆերանսներ և ֆորումներ:

Ուշագրավ է, որ եթե 2010-2018թթ.-ին այս կենտրոնի հետազոտությունների անբաժան մաս էին կազմում հիմնականում արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային, թուրքական սփյուռքի և միջուկային խնդիրները, ապա վերջին մեկ տարում աշխատանքները կենտրոնացվել են անվտանգային նեղ թեմաների՝ ռազմարդյունաբերության և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում արտաքին համագործակցության (օրինակ՝ Աֆրիկայի անվտանգության ճարտարապետությունը և Թուրքիան և Թուրքիա-Ծոցի երկրներ անվտանգության հետ կապված ֆորումները) վրա, որոնք տեղի են ունենում անվտանգային հարցերին նվիրված Ստամբուլյան  կոնֆերանսի շրջանակներում:


Ստամբուլի անվտանգության 5-րդ համաժողովը: Աղբյուրը www.uspa24.com

Կազմակերպվել է նաև ծովային անվտանգությանը վերաբերող համաժողով, որտեղ քննարկվել են Էգեյան կղզիների անվտանգության և Կիպրոսում թուրքական ծովային բազայի ստեղծման հարցերը, ինչպես նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի արդիականացման և կատարելագործման, թուրքական նավահանգիստների ենթակառուցվածքների և այլ բնույթի անվտանգային թեմաներ: Հավելենք, որ այս թեմաներով 2020թ. ընթացքում տեղի են ունենալու մի շարք համաժողովներ:

Որպես նոր ուղղություն TASAM-ը «BRAINS TÜRKİYE» նախագծի շրջանակներում կազմակերպելու է նաև բիո/նանոտեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը վերաբերող միջոցառումներ, որտեղ քննարկվելու են առաջատար վեց երկրի այս ոլորտում ունեցած ձեռքբերումները, ինչի հիման վրա էլ նախատեսվում է մշակել Թուրքիայի ռազմավարությունը:

Ինչպես եթադրվում էր, TASAM-ն այս տարի նախատեսում է Ստամբուլում անցկացնել  «Ապագայի Եվրասիան, թյուրքական աշխարհն ու նրա սփյուռքը» խորագրով 6-րդ թյուրքական համաժողովը: Հաշվի առնելով նախորդ համաժողովների փորձը՝ չենք բացառում, որ օրակարգ կարող են բերվել նաև Հայաստանին և հայությանն առնչվող թեմաներ։


[1] Jaidah Grup- ը մասնագիտանում է էներգետիկ, հեռահաղորդակցության, ավտոմոբիլաշինության և այլ ոլորտներում: