Ինչո՞վ է առանձնահատուկ 2020-ի բյուջեն
6 ր. | 2019-12-27Մակրոտնտեսական հիմքերը
Ա վարտին է մոտենում բյուջետային տարին, և հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ քննարկումները բուռն էին, ինչը պայմանավորված էր ընթացիկ տարվա նպաստավոր տնտեսական զարգացումներով, մասնավորապես՝ կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։ Քննարկումների օրակարգն է՛լ ավելի էր թեժանում՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա բյուջետային ծախսերի ոչ լիարժեք կատարողականը։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել 2020թ. պետական բյուջեի նախագիծը, գնահատել նախանշված ցուցանիշները և վերլուծել, թե որքանով են իրատեսական 2020-ի ծրագրված ծախսերը։
Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքը, որը նախկիններից տարբերվում է որոշ առանցքային մոտեցումներով։ Բյուջեի եկամտային և ծախսային ուղղությունները շատ են քննարկվել, սակայն մենք առանձնացրել ենք այն նշանակալի փոփոխությունները, որոնք նախատեսված են 2020թ.-ի բյուջեով և բխում են երկարաժամկետ ռազմավարության տեսլականից։
2020թ.-ի բյուջեի մակրոտնտեսական շրջանակը. կանխատեսումներ և ռիսկեր
Ց անկացած ֆինանսական փաստաթղթի կարևորագույն հիմքը երկրի մակրոտնտեսական շրջանակն է, այլ կերպ ասած՝ միջավայրը, որտեղ այն կյանքի է կոչվելու։ Բացի այդ, կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, հարկային համակարգում իրականացվող փոփոխությունները նույնպես ազդում են մակրոտնտեսական միջավայրի վրա։ Հետևաբար, մակրոտնտեսական կանխատեսումները և բյուջում նախանշված ցուցանիշները հնարավորություն են տալիս հասկանալ, թե կառավարության որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական ինչ զարգացումների է հանգեցնելու։
Ըստ կանխատեսումների՝ 2020-ին տնտեսական աճը կմոտենա իր ներուժային մակարդակին, որը պայմանավորված կլինի հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտների աճով: 2019թ.-ի համեմատ՝ 2020-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.9% իրական աճ, որի համար հաշվի են առնվել ընթացիկ զարգացումներն, ինչպես նաև գործընկեր երկրների տնտեսական աճի և հումքային ապրանքների գնի տատանումները: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հաջորդ տարի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը մնալու է ծառայությունների ոլորտը՝ չնայած, ըստ կանխատեսումների, ծառայությունների նպաստումը տնտեսական աճի վրա նվազելու է։
Այսպես, եթե 2018 թվականին ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 5.2% աճին նպաստել է 4.6 տոկոսային կետով, առաջիկա երկու տարիներին նպաստման չափը կկազմի համապատասխանաբար՝ 4.1 և 3.1 տոկոսային կետ։ Հատկանշական է, որ ծառայությունների ոլորտում են շահումով խաղերն ու բուքմեյքերական գործունեությունը, սակայն, արդեն իսկ ձեռնարկվել են հստակ քայլեր ոլորտի կարգավորման և մասշտաբների նվազեցման ուղղությամբ, ինչը ենթադրում է ծառայությունների ոլորտի մնացած ճյուղերի ակտիվացում։ Սա նշանակում է, որ ծառայությունների ոլորտում հետագա աճը հիմնված կլինի, օրինակ, գերակա համարվող ՏՏ-ի կամ զբոսաշրջության վրա, ինչը շատ կարևոր է նաև այն համատեքստում, որ բազմիցս խոսվում է այս կամ այն «տոքսիկ» ճյուղի հաշվին ՀՆԱ-ի աճ ապահովելու մասին, իսկ ծառայությունների ոլորտում հասունացել է կառուցվածքային փոփոխություններ կատարելու ժամանակը՝ ներառական աճ ապահովելու նպատակով։
2020-ին տնտեսությունում արդյունաբերության և ծառայությունների մասնաբաժինը կաճի՝ կազմելով ամբողջական առաջարկի ճյուղային կառուցվածքում ՀՆԱ-ի համապատասխանաբար՝ 18.3 և 51.6%-ը: 2020թ.-ին կանխատեսվում է արդյունաբերության շուրջ 5.0% աճ, ինչը պայմանավորված կլինի ճյուղում իրականացվող ներդրումների աճով, գործընկեր երկրների զարգացման միտումներով և տնօրինվող եկամտի աճով: Համաձայն բյուջետային ուղերձում ներկայացված գնահատականների՝ տնտեսական աճի համար առկա են որոշակի արտաքին ռիսկեր, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Այս պայմաններում խիստ կարևորվում է կառուցվածքային փոփոխությունների իրականացումը` տնտեսական աճի ներուժի ամրապնդման, աճն ավելի կայուն և ներառական դարձնելու համար։ Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների հետաձգման կամ քաղաքականության փոփոխության միջոցով ոչ բավարար չափով արձագանքման պայմաններում համաշխարհային տնտեսական աճի հնարավոր դանդաղումը կարող է փոխանցվել նաև ՀՀ տնտեսություն: Նկատենք, որ ներկայումս Հայաստանի տնտեսական աճի տեմպը շուրջ 2 անգամ գերազանցում է համաշխարհային տնտեսությանը, սակայն միանշանակ հասկանալի է, որ Հայաստանի նման երկրների համար դա բավարար չէ, քանի որ էականորեն փոփոխությունների չի ենթարկվել ՀՆԱ կառուցվածքը, և այն դեռևս շարունակում է մնալ նույն տրամաբանության մեջ։
Հարկաբյուջետային քաղաքականություն՝ համահունչ «Ոսկե կանոնին»
2 020թ.-ի հարկաբյուջետային շրջանակը ձևավորվել է 2017-ին մշակված և 2018թ.-ից ուժի մեջ մտած հարկաբյուջետային կանոնների արդիականացված համակարգի հիման վրա: 2020թ.-ի հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա լինելու է ընդլայնող: Հարկաբյուջետային արդիականացված կանոնների համակարգը թույլ է տվել 2019-2020թթ.-ին պետական բյուջեի հիմքում էական փոփոխություն նախագծել: Սա նշանակում է, որ Կառավարությունը, հիմք ընդունելով նախորդ տարիներին քաղաքականության ոլորտում բացահայտված հիմնախնդիրները, նախանշել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը համահունչ կլինի «ոսկե կանոնին», կայուն հիմքեր կստեղծի երկարաժամկետ տնտեսական աճի համար։ Այլ կերպ ասած, «ոսկե կանոնը» ենթադրում է՝
- Կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն բյուջեի դեֆիցիտից, ինչը նշանակում է, որ եթե բյուջեն դեֆիցիտով է, ապա ենթակառուցվածքների և զարգացմանն ուղղված այլ ծախսերը պետք է գերազանցեն դեֆիցիտը,
- Ընթացիկ ծախսերը չպետք է մեծ լինեն հարկային մուտքերից
2020թ. բյուջեով ունենք կապիտալ ծախսերի մասնաբաժնի էական մեծացում, որը կգերազանցի նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշը, իսկ ընթացիկ ծախսերը 2020-ին կկազմեն ՀՆԱ-ի 22.1%, կրկին պահպանելով «ոսկե կանոնով» սահմանված սկզբունքները։ 2020թ.-ի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների 22.6% մակարդակի ապահովում: Ընդ որում, 2019 թ. նկատմամբ 2020-ին հարկային եկամուտների կշիռը ՀՆԱ-ում կբարելավվի 0.3 տոկոսային կետով: Սրա հիմքում ոչ միայն հարկային համակարգում իրականացվող բարեփոխումներն են, այլ նաև ստվերային տնտեսության դեմ շարունակական պայքարը։
Նկատենք, որ 2015-2017թ.-ին ընթացիկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը գերազանցել է հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը, 2018 թվականին այդ ճեղքը նվազել է, իսկ 2019-2020 թվականներին բացասական ճեղքը կփակվի և հարկաբյուջետային քաղաքականությունը կվերադառնա «ոսկե կանոնին»:
ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1,697.6 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտի և պետական տուրքի գծով` 1,602.1 մլրդ դրամ: ՀՀ 2020 թ.-ի պետական բյուջեի եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և պետական տուրքերը` 94.4%, իսկ պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային եկամուտների համապատասխանաբար 2.0%-ը և 3.6%-ը:
Բացառապես ծրագրային վարկերի ներգրավման մեկնարկ.
2 020թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ում շուրջ 1.3 տոկոսային կետ բարելավում՝ հասցնելով 4.1%-ի, ինչը ենթադրում է հատկապես երկարաժամկետ տնտեսական աճը խթանող պետական ներդրումների մակարդակի էական բարելավում։ Հատկանշական է, որ այս բյուջեով վերանայվում է ծախսերի կատարման տրամաբանությունը, եթե նախկինում կապիտալ ծախսերը գոյանում էին արտաքին միջոցների ներգրավման և ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, 2020թ.-ից բյուջետային աջակցության վարկերի ներգրավումը կկասեցվի և միայն կներգրավվեն կապիտալ ներդրումներին ուղղվող ծրագրային վարկեր։ Այս փոփոխության անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ տարիներ շարունակ արտաքին միջոցներից ներգրավվել են փոխառու միջոցներ, որոնք սպասարկել են ընթացիկ հաշիվը։
Եվ վերջին էական փոփոխությունն այն է, որ 2020-ին բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի բացառապես ներքին աղբյուրներից, այդ նպատակով բյուջետային վարկեր չեն ներգրավվի։ Կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների պայմաններում կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 2.3%-ը:
Բյուջե 2020-ը բխում է կառավարության որդեգրած ընդհանուր քաղաքականությունից, այն հարկաբյուջետային քաղաքականության «ոսկե կանոնի» շրջանակներում է և ենթադրում է բացառապես ծրագրային վարկերի ներգրավում։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանանք, որ ՀՆԱ-ի այս կառուցվածքով 4.9 տոկոս աճը դեռևս հեռու է «հեղափոխական» լինելուց, ուստի ոչ այնքան էական է կենտրոնանալ ցուցանիշի վրա, որքան ՀՆԱ ներառական կառուցվածքի։