Փոփոխություններ Հարկային օրենսգրքում

11 ր.   |  2019-12-27

Ազգային ժողովը 2019-ի հունիսին ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փաթեթը, որոնք մի շարք կարևոր փոփոխություններ են նախատեսում: Այդ փոփոխություններից մի քանիսն ուժի մեջ են մտնելու 2020թ-ի հունվարի 1-ից և էական ազդեցություն են ունենալու ինչպես տնտեսվարողների համար, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների մասով:

Եկամտային հարկի համահարթեցում.

Ն ախքան ՀՕ փոփոխությունները՝ սահմանված էր եկամտի եռաստիճան պրոգրեսիվ հարկում՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 23% եկամտային հարկ, 150 հազարից 2 մլն դրամ ստացողները՝ 28%, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36%: ՀՕ փոփոխությունների արդյունքում եկամտային հարկը  համահարթեցվելու է՝ 2020թ.-ի հունվարի 1-ից դառնալով 23%, իսկ մինչև 2023թ.-ը ամեն տարի հունվարին 1-ին նվազելու է 1 տոկոսային կետով՝ 2023թ.-ին կազմելով 20%:

Ըստ ֆինանսների նախարարության՝ ՀՀ-ում վարձու աշխատողների 65%-ը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, 34.7%-ը՝ մինչև 2 մլն, իսկ 0.3% -ը՝ 2 մլն դրամից ավելի:

Նկատենք, որ 2018թ.-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելով, կառավարությունը մինչև Հարկային օրենսգրքով եկամտային հարկի փոփոխություններ կատարելը պարտադիր կուտակայինի մասնակցի վճարը 5%-ից դարձրեց 2.5%, այսինքն՝ պետության կողմից կատարվող վճարը 5%-ից դարձավ 7.5%:  2020թ.-ին ևս պետությունը կշարունակի վճարել պարտադիր կուտակայինի մասնակցի վճարի 7.5%-ը, սակայն 2021թ.-ին կվճարի 6.5%-ը, 2022թ.-ին 5.5%-ը, իսկ 2023թ.-ին արդեն 5%-ը: Այսինքն, 2020թ-ի հունվարի 1-ից անհատն իր աշխատավարձից կվճարի 23% եկամտային հարկ, 2.5% սոցիալական վճար և 1000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև 2023թ. անհատի կողմից վճարվող սոցիալական վճարն աստիճանաբար կբարձրանա՝ 2023թ-ին կազմելով 5%:

Դիտարկենք, թե համահարթեցման արդյունքում ինչպես են փոխվելու 1974թ.-ից հետո ծնված մարդկանց աշխատավարձից կատարվող վճարումները.

            Ինչպես երևում է, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց կողմից վճարվելիք հարկերը 2020, 2021 և 2022թթ.-ին չեն փոխվում, իսկ 2023թ.-ին նույնիսկ նվազում են: Իսկ 150 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող անձանց հարկերը 2020թ.-ից սկսած նվազում են:

          Ստացվում է, որ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները չեն տուժում, իսկ 150 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները, ովքեր հաճախ խուսափում էին իրենց իրական աշխատավարձը ցույց տալուց՝ որպեսզի չհարկվեն եկամտային հարկի բարձր դրույքաչափով, արդեն կարող են չքողարկել դրանք, շատ հաճախ այն ներկայացնելով որպես շահույթ և հարկվելով շահութահարկի համապատասխան դրույքաչափով: Ուստի, կարող ենք ասել, որ եկամտային հարկի համահարթեցման արդյունքում աշխատաշուկայում էականորեն կկրճատվի ստվերը։

Միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրում

Հ Օ-ի փոփոխությունների արդյունքում վերացվելու է արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդրվելու է մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Այսինքն՝ վերոնշյալ անձինք շրջանառության հարկ չեն վճարելու (բացառությամբ որոշ դեպքերի):

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել ֆինանսական և խորհրդատվական ծառայություններ իրականացնողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման, այդ թվում` այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված` հանրային սննդի ոլորտի գործունեությունը), Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական գործունեությամբ զբաղվող, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական գործունեությամբ զբաղվող, անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մի քանի այլ տեսակի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են նախկինում վճարվող հարկերի մեծ մասից, սակայն ունեն ներմուծումների մասով որոշ պարտավորություններ: Միկրոձեռնարկատիրությունում կարող են ներգրավվել անսահմանափակ քանակով վարձու աշխատողներ և վերջիններիս համար վճարվող եկամտային հարկը հաշվարկվելու է 5 հազար դրամի չափով:

Դիտարկենք վարսավիրանոցի օրինակը, որն իր գործունեությունը ծավալում է Երևանում: Վարսավիրանոցն ունի 3 աշխատող և ամեն աշխատողին վճարում է ամսական 95 հազար 480 դրամ աշխատավարձ: Գործող ՀՕ-ի համաձայն՝ վարսավիրանոցը հարկվում է արտոնագրային հակով՝ ամեն աշխատողի համար վճարում է 15 հազար դրամ արտոնագրային հարկ և համապատասխան դյուրքաչափով եկամտահարկ:

Վճարած հարկեր (ամսական)

Գործող ՀՕ

2020թ.-ի հունվարի 1-ից հետո

Աշխատողների քանակի համար վճարած հարկ

45.000

0

Աշխատողների համար վճարած եկամտային հարկ

65.880

15.000

Աշխատողների համար վճարած սոց. վճար

7.161

7.161

Աշխատողների համար վճարած դրոշմանիշային հարկ

3.000

3.000

Ա/Ձ գործունեության վճար

5.000

0

Ընդամենը

126.041

25.161

          ՀՕ փոփոխությունների արդյունքում վարսավիրանոցը արտոնագրային հարկի ռեժիմից անցնելու է միկրոձեռնարկատիրության հարկման, ինչի արդյունքում վերոնշյալ օրինակում վճարելու է 80%-ով քիչ հարկ:

Մեկ այլ օրինակ. առևտրային գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն, ում տարեկան շրջանառությունը 22 մլն դրամ է (ամսական մոտ 1 մլն 800 հազար): Գործող ՀՕ համաձայն, նա հարկվում է շրջանառության հարկով: ՀՕ փոփոխությունների արդյունքում առևտրային գործունեությամբ զբաղվող անձը (եթե բավարարում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պահանջներին) անցում կկատարի միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմի: Եթե այս Ա/Ձ-ն ունենա 5 վարձու աշխատող, ում ամսական վճարում է նվազագույն աշխատավարձի չափով, ապա՝

Վճարած հարկեր (ամսական)

Գործող ՀՕ

2020թ-ի հունվարի 1-ից հետո

Շրջանառության հարկ

90.000

0

Աշխատողների համար վճարած եկամտային հարկ

86.450

25.000

Աշխատողների համար վճարած սոց. վճար

9.400

9.400

Աշխատողների համար վճարած դրոշմանիշային հարկ

5.000

5.000

Ա/Ձ գործունեության վճար

5.000

0

Ընդամենը

195.850

39.400

 

          Ստացվում է, որ վերոնշյալ Ա/Ձ-ն ՀՕ փոփոխությունների արդյունքում վճարելու է 156 հազար 450 դրամ ավելի քիչ հարկ, ինչը նրան հնարավորություն կտա առանց լրացուցիչ ֆինանսական բեռի բարձրացնել աշխատողների աշխատավարձը (նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացել է՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ):

ԱԱՀ-ի շեմի բարձրացում մինչև 115 մլն դրամ

2 019թ-ի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը սահմանվել էր 58.35 մլն դրամ: Այսինքն՝ տարեկան 58.35 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողները, որոնց թվում են նաև փոքր և միջին ձեռնարկությունները, ստիպված են վճարել 20% ԱԱՀ: ԱԱՀ վճարող կազմակերպությունները կամ անհատները ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ վճարում են ԱԱՀ՝ 20% դրույքաչափով (բացառությամբ որոշ դեպքերի):

ՀՕ փոփոխությունների արդյունքում ԱԱՀ-ի շեմը սահմանվելու է 115 մլն դրամ, այսինքն մինչև 115 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները հարկվելու են ոչ թե 20% ԱԱՀ հարկով, այլ շրջանառության հարկով, որի դրույքաչափն անհամեմատ ցածր է ՝

Եկամտի տեսակ

Դրույքաչափ

Առևտրային գործունեությունից ստացվող եկամուտներ (բացառությամբ որոշ դեպքերի)

5%

ՀՀ կառավարության ցանկում ներառված երկրորդական հումքի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտներ

1.5%

Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ

1.5%

Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ

3.5%

Վարձակալական վճար, տոկոս,  ռոյալթի,  անշարժ գույքի  և ավտոտրանսպորտային միջոցների օտարումից ստացվող եկամուտներ

10%

Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ

10%

Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ

25%

Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

5%

 

Օրինակ՝ եթե կազմակերպությունը, որն իրականացնում է առևտրային գործունեություն, տարեկան ունեցել է 80 մլն դրամ շրջանառություն, ապա գործող ՀՕ համաձայն այն վճարելու է 16 մլն դրամ ԱԱՀ, իսկ փոփոխված ՀՕ համաձայն 16 մլն դրամ ԱԱՀ-ի փոխարեն վճարելու է 4 մլն դրամ շրջանառության հարկ:

Շահութահարկի դրույքաչափի նվազեցում մինչև 18%

Ը ստ 2018թ.-ի տվյալների՝ Հայաստանում մեծությամբ 3-րդ հարկատեսակը շահութահարկն է, որը ընդհանուր հավաքագրված հարկերի 14%-ն է: Շահութահարկով հարկվում է ՀՀ-ում հաշվառված ԱՁ-երի, ռեզիդենտ կազմակերպությունների և նոտարների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացված համախառն եկամուտը՝ բացառությամբ անձնական եկամուտների: Գործող ՀՕ-ով սահմանված է շահութահարկի հարկման 20% դրույքաչափ (բացառությամբ որոշ դեպքերի): ՀՕ փոփոխությունների արդյունքում, եթե կազմակերպությունը, որի համախառն եկամուտը կազմել է 100 մլն դրամ հաշվետու ժամանակաշրջանում վճարում էր 20 մլն դրամ շահութարկ, ՀՕ փոփոխություններից հետո կվճարի 18 մլն դրամ՝ 2 մլն դրամով քիչ շահութարկ:

Փոփոխության արդյունքում ՀՀ աղբյուրներից ստացվող օտարերկրյա քաղաքացիների շահաբաժինները հարկվելու են 5%-ով՝ նախկին 10%-ի փոխարեն: Օտարերկրյա քաղաքացիների շահաբաժինների 5% հարկումով և շահութահարկի դրույքաչափի նվազեցմամբ Կառավարությունը նպատակ է դրել ՀՀ-ն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

Այլ փոփոխություններ

Հ Օ-ում  իրականացված փոփոխությունների համաձայն, բարձրացվելու են էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը: Ավելին՝ ՀՕ փոփոխություններով սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան բարձրանալու են 3%-ով։

Շուրջ 20%-ով բարձրացվելու են վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը, ֆինանսավարկային հատվածում գործող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գրավատներ, արտարժույթի փոխանակման կետեր) կողմից վճարվող պետական տուրքի դրույքաչափերը։ Փոփոխություններ են կրելու նաև ճանապարհային հարկի և պետական տուրքերի դրույքաչափերը:

Հարկերը Հայաստանում

Հ Հ ֆինանսների նախարարության հաշվարկների համաձայն՝ հարկային փոփոխությունների արդյունքում պետական բյուջեն կկրի տարեկան 27.5 մլրդ դրամ կորուստ: Եթե դիտարկենք ՀՀ-ում 2018թ.-ին հարկերի կառուցվածքը, կստանանք հետևյալ պատկերը՝

          Հարկերի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ-ը, որը ընդհանուր հարկերի մոտ 35%-ն է: Եկամտային հարկը մեծությամբ 2-րդն է՝ ընդհանուր հարկային մուտքերի մոտ 28%-ը:

Մոտավոր պատկերացնելու համար, թե ինչպես կփոխվի հարկերի կառուցվածքը ՀՀ-ում 2020թ.-ին, դիտարկենք ՀՀ-ում 2 ամենամեծ հարկերի՝ ԱԱՀ-ի և եկամտային հարկի փոփոխությունները:

Եթե դիտարկենք 2018թ.-ին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ԱԱՀ-ը՝ 413 մլրդ դրամ և 2018թ.-ին հավաքագրված ընդհանուր ԱԱՀ-ը՝ 438 մլրդ դրամ, կարող ենք ասել, որ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ԱԱՀ-ն կազմում է ընդհանուր վճարված ԱԱՀ-ի 94%-ը: Եվ, քանի որ 1000 խոշոր հարկատուների տարեկան շրջանառությունը ավելին է քան 115 մլն դրամը, կարող ենք ասել, որ ԱԱՀ-ի շեմի բարձրացումը պետական բյուջեի մուտքերի վրա քիչ ազդեցություն կունենա, սակայն մեծապես կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Ինչը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմանը, կարող ենք նշել, որ պետական բյուջեի վրա վերջինիս ազդեցությունը ավելի մեծ կլինի (աշխատող բնակչության 35%-ը ավելի քիչ է եկամտային հարկ վճարելու), սակայն այն որոշակիորեն կփոխհատուցվի աշխատաշուկայում ստվերի կրճատման հետևանքով եկամտային հարկերի նոր մուտքերով:

Չ նայած ՀՕ փոփոխությունների արդյունքում կնվազեն պետական բյուջեի մուտքերը, սակայն մի շարք հարկատուների համար էականորեն կնվազեցվի հարկային բեռը, կստեղծվի բարենպաստ միջավայր բիզնեսի զարգացման և ներդրումների ներգրավման համար, ինչպես նաև կնվազի աշխատաշուկայում առկա ստվերը: Անդրադառնալով որոշ ապրանքների հարկերի ավելացման վերաբերյալ բացասական կարծիքներին, կարող ենք նշել, որ ավելանալու են ոչ թե առաջին անհարժեշտության, այլ առողջությանը վնաս պատճառող և ճոխության ապրանքների հարկերի դրույքաչափերը: