Վերականգնվող էներգետիկան Թուրքիայում

7 ր.   |  2019-11-29

Էներգետիկ ազգային քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը վերականգնվող աղբյուրների օգտագործումն է, որն ուղղված է արտաքին էներգետիկ շուկայից կախվածությունը նվազեցնելուն: Միևնույն ժամանակ, այն ենթադրում է վերականգնվող էներգիայի ներուժի յուրացում և համապատասխան տեխնոլոգիաների արտադրություն:

Թուրք փորձագետներն ու էներգետիկ քաղաքականության պատասխանատու պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ շեշտել են վերականգնվող էներգետիկ աղբյուրների (ՎԷԱ) կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում սպառվող առաջնային էներգակիրների գերակշիռ մասը ներմուծվում է: Այլ խոսքերով՝ Թուրքիան դեռևս կախվածության մեջ է արտաքին էներգետիկ շուկայից, հետևաբար ՎԷԱ զարգացումով փորձ է արվում գոնե նվազեցնել այդ կախվածությունը:

Վ երջին տասնամյակում Թուրքիան ուշադրություն է դարձնում ՎԷԱ-ի օգտագործմանը, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների զարգացմանն ու ներդրումների ավելացմանը: Վերականգնվող էներգիայի աղբյուրները (ջրային ռեսուրսներ, բիովառելիք և թափոններ, երկրաջերմային, արևային և հողմային էներգիա) երկրում ակտիվորեն օգտագործվում են էլեկտրաէներգիա արտադրելու համար (տես գրաֆիկ 1, 2):

Տեղակայված հզորությունը (ՄՎտ)


Գրաֆիկ 1 (աղբյուրը՝ Renewable Energy Statistics 2019)

Արտադրությունը (ԳՎտժ)


Գրաֆիկ 2 (աղբյուրը՝ Renewable Energy Statistics 2019)

Վերականգնվող Էներգիայի Հիմնական Աղբյուրները

Թ ուրքիայում ՎԷԱ-ի վերաբերյալ օրենքն ընդունվել է 2005թ., և հետագայում լրացվել: Զուգահեռաբար ընդունվել են ոլորտը կանոնակարգող մի շարք նորմատիվ-իրավական ակտեր: Համաձայն օրենքի 11-րդ կետի՝ Թուրքիայում վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրներն են՝ 1. երկրաջերմային էներգիան, 2. հողմային էներգիան, 3. արևային էներգիան, 4. հիդրոէներգետիկ ռեսուրսները, 5. կենսաէներգիան (կենսազանգված), 6. Կենսագազը (ներառյալ՝ կենցաղային թափոնները) և 7. ալիքների էներգիան[1]:

Չնայած աղբյուրների բազմազանությանը՝ 2014թ. հրապարակված «Թուրքիայի ազգային վերականգնվող էներգիայի գործունեության ծրագրից» ակնհայտ է դառնում, որ հետաքրքրությունը մեծ է առաջին հինգ ուղղությունների նկատմամբ:

Երկրաջերմային էներգիա

Թ ուրքիայի երկրաջերմային էներգետիկ ներուժը բավականին մեծ է. աղբյուրների 78%-ը Արևմտյան Անատոլիայում է, 9%-ը՝ Կենտրոնական Անատոլիայում, 7%-ը՝ Մարմարայի շրջանում, 5%-ը՝ Արևմտյան Հայաստանում և 1%-ը` այլ շրջաններում: Ռեսուրսներն օգտագործվում են գյուղատնտեսության, առողջապահության և այլ ճյուղերում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության համար:[2]


Թուրքիայի երկրաջերմային աղբյուրների շրջանների և ջերմաստիճանի բաշխման քարտեզը

Երկրաջերմային էներգիայի առավելագույն ներուժ ունեցող երկրների շարքում Թուրքիան չորրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից հետո: Միայն 2018թ. էլեկտրականություն ստանալու հեռանկարով այս ոլորտում ներդրվել է շուրջ $2,2 մլդ.՝ ապահովելով 94 հզ. նոր աշխատատեղ[3]:

Ներկայումս Թուրքիայում գործում է էլեկտրականություն արտադրող 48 երկրաջերմաէներգետիկ կայան (ընդհանուր տեղակայված հզորությունը՝ 1303 ՄՎտ): Դրանց մեծ մասը կառուցված են Մարմարա և Էգեյան շրջաններում: Թուրքական «Էներգետիկ ատլաս» կայքի տեղեկություններով նախատեսվում է քանակն առաջիկա տարիներին ավելացնել ևս 18-ով:[4]

Երկրաջերմաէներգետիկ ոլորտը բավականին ծախսատար է, ինչը պայմանավորված է տեղանքի հետախուզման և հորատման աշխատանքներով, ուստի ներդրողների համար ռիսկային է: Ռիսկերի նվազեցման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) Թուրքիային ներդրումների համար վարկ են տրամադրում:[5]

Հողմաէներգետիկա

Ա ռաջին հողմակայանը Թուրքիայում կառուցվել է 1998թ.-ին՝ Իզմիրի շրջանում (1,5ՄՎտ հզորությամբ): 1998-2005 թթ. քամու էներգիայի օգտագործման էական զարգացումներ չեն գրանցվել: Վերականգնվող էներգետիկայի մասին օրենքով, որն ուժի մեջ է մտել 2005 թ.-ին, զգալի առաջընթաց է արձանագրվել այդ ոլորտում:

Թուրքիայի հողմային էներգիայի միության հրապարակած (TÜREB) 2019թ. զեկույցի համաձայն, եթե հողմաէներգետիկ տեղակայված հզորությունը 1998 թ.-ին 8.7 ՄՎտ էր, ապա 2019-ին հասել է  7615 ՄՎտ-ի:  Այս ցուցանիշով 2019թ. հունվարի դրությամբ Թուրքիան աշխարհում զբաղեցնում էր 11-րդ տեղը։

Ըստ նույն զեկույցի՝ այժմ Թուրքիայի տարածքում գործում է 183 հողմակայան, ուր տեղակայված են 3.155 հողմատուրբիններ (նախատեսվում է ստեղծել ևս 17-ը):

Թուրքիայի առավել քամոտ շրջաններն են Էգեյան և Մարմարա ծովերի ափամերձ հատվածները, Անատոլիայի հարավային և ներքին որոշ շրջաններ: Ըստ «Turkish Wind Power Plant Atlas» (TWPPA 2019)-ի, հողմակայանները առավելապես տեղակայված են աշխարհագրական 6 շրջաններում՝ Էգեյան (37,74%), Սևծովյան (3,68%), Մարմարայի (34,04%) Միջերկրածովյան (13,11%), Հարավարևելյան (%1,22) և Կենտրոնական Անատոլիայի (10,05%):

Ընդհանուր առմամբ, տնտեսապես հիմնավորված հողմաէներգետիկ ընդհանուր ներուժը գնահատվում է մոտավորապես 48.000 ՄՎտ (ցամաքի վրա՝ 38.000 ՄՎտ, ծովի վրա՝ 10.000 ՄՎտ)։[6]

Արևային էներգիա

Ը ստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արևային էներգիայի ներուժի քարտեզի՝ Թուրքիայում հնարավոր է արևային էներգիա ստանալ տարեկան միջինում 2741 ժամ՝ օրական 7,5 ժամ:[7] Մինչև 2015թ.-ը Թուրքիայում լուրջ տեղաշարժ չէր նկատվում արևային էներգիայի ոլորտում, ավելին՝ 2006-2010թթ. կառավարությունը տարեկան 2,4%-ով նվազեցրեց արևային էներգիայից ստացվող արտադրության ծավալը։[8]

Այդուհանդերձ, 2015թ. սկսած Թուրքիայի մասնավոր հատվածը սկսել է ներդրումներ կատարել այս ոլորտում։ Եթե 2014թ. տեղակայված հզորությունը 41 ՄՎտ էր, ապա 2019թ.-ին՝ 5528 ՄՎտ։  Պետական վիճակագրության համաձայն՝ արևային էներգակայանների քանակը շուրջ 6.430 է, որոնք տեղակայված են առավելապես Հարավարևելյան Անատոլիայում և Միջերկրծովյան շրջաններում։


Թուրքիայի արևային էներգիայի ատլասը 

Թուրքիայում արևային էներգիան հիմնականում օգտագործվում է բնակարանների ջեռուցման համակարգերում, արդյունաբերության ճյուղերում, տրանսպորտային միջոցների շահագործման ոլորտում (օրինակ՝ մետրո), պետական գրասենյակներում, արտաքին լուսավորության համար և այլն։

Չնայած Թուրքիայում վերականգնվող էներգիայի աղբյուրների թվում արևային էներգիայի ներուժն ավելի մեծ է, սակայն տեղակայված հզորությամբ զիջում է հողմայինին, քանի որ վերջինս մեծ ծախսեր չի պահանջում։ Արևային էներգիայի ոլորտում առկա են նաև մի շարք խոչընդոտներ, որոնք արգելակում են զարգացումը՝ տեխնոլոգիաների բարձր արժեքը, բարձրորակ մասնագետների պակասը, պետական հարկային քաղաքականությունը և այլն։ Բացի այդ, ներդրողները  շահույթ են ստանում շահագործումից 7-8 տարի անց։[9]

Թեև 2010-2019թթ. (առաջին կիսամյակ) Թուրքիան ՎԷԱ-ի ոլորտում (ներառյալ հիդրոէներգետիկան) կատարել է շուրջ $19 մլրդ. ներդրում, այնուամենայնիվ, վերականգնվող էներգիայի արտադրության մակարդակը ցածր է: Բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են մեծ ծախսերը, իրավական կարգավորումներում առկա բացերն ու թերությունները, անբավարար ենթակառուցվածքները, չձևավորված շուկայական պայմանները, տեխնոլոգիական հարցերը և այլն, բացասաբար են անդրադառնում ՎԷԱ-ի լիարժեք օգտագործման վրա:[10]

Նշենք, որ 2009թ. Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկային և մատակարարման անվտանգությանը վերաբերող ռազմավարությունում նշվում է, որ մինչև 2023թ.-ը ՎԷԱ մասնաբաժինը երկրում պետք է հասնի 30%-ի, իսկ տեղակայված հզորությունները հիդրոէներգետիկ ոլորտում՝ 30.000 ՄՎտ-ի, հողմային էներգետիկայում՝ 20.000 ՄՎտ-ի, արևայինում՝ 5.000 ՄՎտ-ի, կենսաէներգետիկայում՝ 1.000 ՄՎտ-ի, իսկ երկրաջերմային էներգետիկայում՝ 600 ՄՎտ-ի[11]:


[1] https://www.mevzuat.gov.tr/MevzuatMetin

[2] http://www.mta.gov.tr/v3.0/arastirmalar

[3] Türkiye jeotermal enerjide kapasite artışında

[4] https://www.enerjiatlasi.com/jeotermal/

[5] Турция - один из лидеров в сфере геотермальной энергетики

[6] http://www.milliyet.com.tr/ekonomi/turkiye                                                                       

[7] https://www.enerji.gov.tr/tr-TR/Sayfalar/Gunes

[8] Босчаева Зоя Николаевна, Тунч Кылынчел, Потенциал Солнечной энергетики Турции, Горизонты экономики, Номер: 5 (24), 2015, с. 135.

[9] Босчаева Зоя Николаевна, Тунч Кылынчел, Потенциал Солнечной энергетики Турции, Горизонты экономики, Номер: 5 (24), 2015, с. 136.

[10] https://www.aa.com.tr/tr/ekonomi/enerji-projeleri

[11] Երկրաջերմային էներգիայի տեղակայված հզորությունը 2018թ. դրությամբ արդեն կրկնակի գերազանցել է 600 ՄՎտ-ի սահմանը՝ հասնելով 1283 ՄՎտ-ի (տես աղյուսակ 1):