Վրաստանի խորջրյա նոր նավահանգիստը

18 ր.   |  2019-11-14

Հեղինակներ՝  Արա Մարջանյան, Կարեն Վերանյան

Վրաստանում բոլորովին նոր՝ թվով 5-րդ, սևծովյան նավահանգստի[2] կառուցման ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվեց 2011թ. դեկտեմբերին՝ նախկին նախագահ Սահակաշվիլու ամանորյա ուղերձում։ Խոսքն Ինգուրի գետի (r. Patara Enguri, р. Ингури) դելտայով և սևծովյան ափեզրով ձևավորված Անակլիա հրվանդանում (նկ.1) «Լազիկա» խորջրյա նավահանգստի կառուցման ծրագրի մասին է։ Հետագայում այն վերանվանվեց «Անակլիա» խորջրյա նավահանգստի (ԱԽՆ) ծրագրի՝ Ինգուրի գետի դելտայից 3.5 կմ դեպի հարավ՝ Չուրիա գետակի ճահճուտներում գտնվող Անակլիա ավանին համանուն (նկ.1):

Նախագծով, որը Սահակաշվիլին անվանել էր «նոր դարի գործարք», «Լազիկա» նավահանգիստը պետք է զբաղեցնի 85 հա տարածք, իսկ նավահանգստին կից կառուցվող նոր քաղաքը՝ ևս 10 հազ. հա։ «Տասը տարի հետո այս քաղաքի բնակչությունը կլինի կես միլիոն»,- ասվում էր ուղերձում։ Ակնկալվում էր, որ առաջին նավն այստեղ կայանելու է 2014թ. աշնանը։

2012-13թթ. վրացական պաշտոնական աղբյուրներում, տպագիր և էլեկտրոնային մամուլում բացակայում էր «Լազիկայի» ծրագրի վերաբերյալ որևէ փաստագրական կամ վերլուծական հրապարակում, ինչը հավանաբար բացատրվում էր ներքաղաքական սրընթաց զարգացումներով:[3] Իրադրությունն այնքան մշուշոտ էր, որ անգամ պարզ չէր՝ խոսքը մեկ ծրագրի մասի՞ն է, թե՝ «Լազիկա»  և «Անակլիա» ծրագրերը տարբեր են: Այս թեմայով առաջին փոքրիշատե բովանդակային հրապարակումը եղավ 2012թ. սեպտեմբերի 28-ին՝ ուկրաինական «Центр Транспортных Стратегий» կենտրոնի կայքում: Ըստ հրապարակման՝ «այս ծրագրով Մ.Սահակաշվիլին ցանկանում էր Արևմուտքին և Ռուսաստանին ցույց տալ, որ Վրաստանի քաղաքական էլիտան ունակ է իրականացնելու տեխնոլոգիական և ենթակառուցվածքային մասշտաբային ծրագրեր, և սեփական հովանավորների աչքում ամրապնդել Վրաստանի տնտեսական համակարգի կարգավիճակը՝ որպես օրինակ տարածաշրջանի և ԱՊՀ երկրների համար»: Բացի այդ, Սահակաշվիլու մտահղացմամբ «հիմնականում ագրարային Վրաստանի համար նոր նավահանգստի և քաղաքի կառուցումը քաղաքաշինական ճեղքման խորհրդանիշ կլինի»:

Համաձայնելով այս դիտարկմանը՝ հավելենք, որ «Լազիկա» (կամ «Անակլիա») ծրագրի հիմնական նպատակները մեր կարծիքով երեքն էին. բարելավել դեմոգրաֆիկ իրավիճակը վրաց-աբխազական սահմանին, խոշոր, ազգային նախագծի շուրջ համախմբել վրաց հասարակությունը, ներգրավել Վրաստանը Աֆղանստանում ամերիկյան զորքերի և դաշնային զինուժի մատակարարման տրանսպորտային-լոգիստիկ համակարգում:


Նկար 1. Անակլիա հրվանդանը՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1978թ. տոպոգրաֆիական քարտեզում (K-37-18, մասշտաբ՝ 1։ 200000, խորությունները՝ մետրերով)։ Նշված է Անակլիային ծովից մոտեցող խորջրյա ելուստը և խորությունների նվազման գրադիենտը (կարմիր ընհատ գիծ)։

Սահմանային և ժողովրդագրական հարցերը

Վ րաց-աբխազական սահմանը Կովկասյան լեռնաշղթայից ձգվում է Կոդորի լեռնաշղթայով մինչև նրա հարավային վերջավորությունը, ապա՝ Ինգուրի գետի հունով (նկ. 2): Սահմանի ընդհանուր երկարությունը մոտ 163 կմ է, որից 98-ը՝ լեռնաշղթայով, իսկ մոտ 64-ը՝ Ինգուրի գետով: Այն, ըստ էության, կրակի դադարեցման 1993թ. սահմանագիծն է և այժմ չունի միջազգայնորեն ընդունված կարգավիճակ:[4]

Հայտնի է, որ ժողովրդների ու տարատեսակ հակամարտությունների արդյունքում ձևավորվող սահմանները միտում ունեն ձևավորվելու բնական արգելքների՝ գետերի, լեռնաշղթաների և այլնի շուրջ: Ընդհանուր առմամբ վրաց-աբխազական սահմանը հետևում է այս օրինաչափությանը, սակայն Ինգուրի գետի մոտ, 10 կմ դեպի Սև ծով, թեքվում է աջ՝ դեպի «աբխազական ափը»: Սահմանի մոտ, այսպիսով, ձևավորվում է ելուստ, որը ներառում է Գանարջիս-Մուխուրի (Ганарджиис-Мухури, նկ. 1) ավանը: Այս տարածքը Վրաստանում կրճատ անվանում են Գանմուխուրի (նկ. 2):


Նկար 2. Վրաց-աբխազական սահմանը։ Նշված են Գանմուխուրիի շրջանը և Ինգուրի ՀԷԿ-ի կառույցների տարածքը։

2013թ., հոկտեմբերի 6-ին, ելույթ ունենալով «Ռուսթավի–2» հեռուստաալիքով, Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին «Լազիկա» ծրագրի մասին ասել է. «Այս նավահանգիստը մեր պաշտպանությունն է ռուսներից։ Նրանք մտադիր են Գանմուխուրին բռնակցել օկուպացված տարածքներին[5], իսկ այս նավահանգիստը կզսպի նրանց։ Ռուսաստանին մենք պետք է զսպենք մեր նավահանգիստներով ու քաղաքներով»։ Նույն ելույթում նա հստակեցնում է, որ «Լազիկան» և «Անակլիան» նույնն են»:

Ռուսական քաղաքացիական անձնագրերի տարածումը Աբխազիայում (և Հվ. Օսիայում) զգալի լարվածություն է առաջացնում վրացական կողմում, առավել ևս, որ ըստ որոշ հրապարակումների (տե՛ս այստեղ և այստեղ), ՌԴ անձնագրեր արդեն ունի Աբխազիայի բնակչության մեծ մասը։ Անակլիայում խոշոր ենթակառուցվածքային և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, վրացական քաղաքական վերնախավի կարծիքով ոչ միայն կհամախմբի հասարակությունը ազգային մեծ ծրագրի շուրջ, այլև կարող է կտրուկ փոխել ժողովրդագրական պատկերը: Շինարարական աշխատանքներն Ինգուրի գետի աջափնյա տարածքի բնակչության համար կարող են յուրօրինակ «ձգողական կետ» դառնալ՝ վրացական ազդեցությունը վերականգնելով այս շրջանի բնակչության մի զգալի հատվածում։

Կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների տեսանկյունից  այս տարածքի կարևորությունը պայմանավորված է նաև նրանով, որ դրան է հարում 1300 ՄՎտ հզորությամբ «Ինգուրի» ստորգետնյա հիդրոէլեկտրակայանը, որը թե՛ Վրաստանի, թե՛ Աբխազիայի էներգետիկ համակարգերի ամենակարևոր բաղադրիչն է. Վրաստանը ստանում է «Ինգուրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի 60%-ը, Աբխազիան՝ 40%-ը (նկ. 2)։

Աշխարհաքաղաքական բաղադրիչը

Ա նակլիայի ծրագրի աշխարհաքաղաքական բաղադրիչը հստակ նշմարվում է Սահակաշվիլու վերը հիշատակված ելույթում. «Անակլիայի հարցում մենք պետք է շտապենք: Պետք է հասցնենք աֆղանական բեռները տեղափոխել: Վրաստանը պետք է դառնա տարածաշրջանային [տրանզիտային] կենտրոն»: Այստեղ Վրաստանի նախկին նախագահը նկատի ուներ  Աֆղանաստանում ԱՄՆ և կոալիցիոն զինուժի մատակարարման խնդիրը:

 
Նկար 3. ԱՄՆ և կոալիցիոն ուժերի
«մատակարարման համակարգերը»։ Աղբյուրները՝ IISS:

Աֆղանաստանում ԱՄՆ և կոալիցիոն զինուժի ներկայությունը, դրանց շարժը, մատակարարման և սպասարկման համակարգերը հանդիսանում են մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան ձևագոյացնող երկու կարևորագույն գործոններից մեկը: Անցած տասնամյակների ընթացքում Աֆղանաստանում կոալիցիոն զինուժը առանձին տարիներին գերազանցում էր 130 հազարը՝ տեղակայված մոտ 700 առանձին ռազմակայաններում: Այսպիսի զգալի ներկայության համար անհրաժետ է ապահովել բեռների, սարքավորումների, տեխնիկայի և մարդկանց հոսքը, առավել ևս հաշվի առնելով Աֆղանստանի աշխարհագրական դիրքը՝ հեռու նավահանգստային ենթակառուցվածքներից։ Այդ պատճառով մշակվեց բեռների, մարդկանց, սպառազինության և զինտեխնիկայի տեղափոխման բարդ համակարգ (նկ. 3): Մի շարք գործոններով[6] պայմանավորված՝ Աֆղանստանում կոալիցիոն ռազմուժի համար ամենկարևոր համակարգը Հյուսիսային մատակարարման համակարգի «հարավային հատվածն» է (NDN southern route, նկ. 3)։

Այն ձգվում է միջինասիական-հարավկովկասյան առանցքով՝ «Աֆղանստան-Միջին Ասիա-Կասպից ծով–Ադրբեջան–Վրաստան-Սև ծով» ուղիով և ենթադրում է համապատասխան ենթակառուցվածք: Հենց այս՝ արևմտյան, լոգիստիկ ուղու տրամաբանության մեջ պետք է դիտարկել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան «էներգատրանսպորտային կամրջի» ստեղծումը, Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման քաղաքականությունը և Վրաստանում նավահանգիստների զարգացման որոշ ծրագրերը։ Անակլիայի վերաբերյալ Սահակաշվիլու պնդումները հստակ տեղավորվում են Միացյալ Նահանգների Սև-Կասպից ծովյան միջինասիական տարածաշրջանային[7] աշխարհաքաղաքականության ծիրում:

Այս ուղին ավելի ընդգրկուն ու երկարաժամկետ աշխարհաքաղաքական ծրագրի բաղադրիչ է և պայմանավորված է ՌԴ-ի մեկուսացման, Հարավային Կովկասի և միջինասիական տարածաշրջաններում նրա ազդեցությունը թուլացնելով։ 2019թ. հունիսի 11-ին պաշտոնական հանդիպման ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մ.Պոմպեոն, դիմելով Վրաստանի վարչապետ Մ.Բախտաձեին, ասաց. «Հուսով ենք, որ Վրաստանը կավարտի այս [Անակլիայի] նավահանգստի ծրագիրը։ Այն կխթանի Վրաստանի համագործակցությունը ազատ տնտեսությամբ երկրների հետ, ու կկանխի Ռուսաստանի և Չինաստանի համար ավար դառնալը։ Վրաստանի այս կեղծ ընկերներն իրենց հոգու խորքում բոլորվին էլ Վրաստանի շահերը չեն հետապնդում»։[8]

Ծրագրի ինժեներական և բնապահպանական որոշ առանձնահատկություններ

Ա նակլիայի ծրագիրն ունի աշխարհագրական, հիդրոգրաֆիական ու բնակլիմայական մի շարք առանձնահատկություններ։ Նոր քաղաքի և նավահանգստի տարածքը ճահճուտներում է, և շենք-շինությունների նավահանգստային կառույցների հիմքերն անհրաժեշտ է կառուցել մեծ խորության վրա (25-80 մ), ինչը զգալիորեն մեծացնում է ծրագրի ծախսը։

Բացի այդ, ապագա նավահանգիստը և նոր քաղաքը Կոլխիդայի իջվածքի, այսպես կոչված, խոնավահողերում և ճահճուտներում է, որը Ռամսարի միջազգային համաձայնագրի[9] խիստ պաշտապանության ներքո է: Վրաստանն այդ համաձայնագիրը վավերացրել է 1996-ին։ Շինարարությունը, եթե անգամ թույլատրվի, ապա կպահանջի հավելյալ բնապահպանական ծախս։

Սրանով սակայն չեն սպառվում «Անակլիա» խորջրյա նավահանգստի ծրագրի առանձնահատկությունները. Ինգուրի գետը տղմոտ է[10] և ժամանակի ընթացքում հոսքաբեր նստվածքի հետևանքով նավահանգստի մատույցային խորությունը կնվազի, ինչը հարցականի տակ կդնի ծրագրի հիմնական առավելությունը՝ խորջրյա մատույցների առկայությունը։ Ուստի, կամ հողարկային նավերով պետք է ափամերձ հատակը պարբերաբար խորացնել կամ նավահանգստային մատույցները դուրս բերել բաց ծով՝ ափից ավելի քան 500մ հեռավորության վրա (նկ.6), ինչը կտրուկ կավելացնի ծախսը։


Նկար 4. Փոթիի և Բաթումի նավահանգիստների խորջրյա ելուստները և խորության նվազման գրադիենտները։ Խորությունը տրված է մետրով։

Ծրագրի խորջրյա բաղադրիչը

Ա նակլիա նավահանգստի, թերևս, ամենաշատ հիշատակվող առանձնահատկությունը «խորջրյա նավահանգիստ» բնորոշումն  է, ուստի, արժե այս հարցին անդրադառնալ ավելի հանգամանալի:

Նավահանգիստների կառուցման ժամանակ ընտրում են այն հարթակները, որոնք, ի թիվս այլ գործոնների (քամիներից պաշտպանված ծովախորշ, ոչ մեծ մակընթացություն, ժայռային ապար և այլն), ունեն նաև ափեզրյա ջրերի բավարար խորություն։ Վրաստանի բոլոր նավահանգիստները տեղակայված են այնպիսի վայրերում, ուր Սև ծովի խորջրյա ելուստները (глубоководные желобы) մոտենում են ափեզրին։ Նկար 4-ում բերում ենք Փոթիի և Բաթումի նավահանգիստների քարտեզները, որտեղ պատկերված են այս նավահանգիստների ափեզրյա ջրերի խորությունների իզոբատները (изобата, isobaths, միևնույն խորության վրա գտնվող կետերը միացնող երևակայական գծեր)։ Նկարում հստակ նշմարելի են նավահանգիստներին մոտեցող խորջրյա ելուստները, ուրվագծված իզոբատների հատկանշական դասավորվածությամբ։ Առավել պատկերավորության համար նկար 4-ում կարմիր ընդհատ սլաքով նշում ենք այս ելուստների զառիվերության գրադիենտը՝ ծովից դեպի նավահանգիստ ուղղությամբ։

Ճիշտ այդպիսի խորջրյա ելուստ է մոտենում նաև Անակլիա հրվանդանին՝ Ինգուրի գետի գետաբերանի մոտակայքում (նկ.1)։ Այս առումով Անակլիայի հարթակը նման է Բաթումի և Փոթիի նավահանգիստներին։ Ճիշտ է՝ Անակլիայի խորջրյա ելուստն ավելի նեղ է, խորը և ընդգծված (զառիվեր), սակայն դա հիմք չի տալիս խոսելու առանձնահատուկ հարմարության մասին: Ընդհակառակը՝ Անակլիայում չկա Բաթումի կամ Փոթիի նավահանգիստների բնական ծովախորշը, որը կարող է օգտագործվել բուն նավահանգստային տարածքի համար: Շուրջտարյա շահագործման համար այստեղ կպահանջվի կառուցել ապագա նավահանգիստը հյուսիսից և հարավից պաշտպանող երկու ալեհերձ կառան:

Հարկ է նաև նշել, որ գոյություն չունի «խորջրյա նավահանգիստ» հասկացության համընդհանուր սահմանում, որը կիրառելի կլինի նավագնացության զարգացման տարբեր փուլերի և աշխարհագրորեն տարբեր ջրային ավազանների համար։ Սև ծովում «խորջրյա նավահանգիստ» հասկացությունը տարբերվում է բաց օվկիանոսային տարածքներում կիրառվողներից, քանի որ այստեղ նավարկությունը սահմանափակվում է Բոսֆորի նեղուցի հուսալի նավարկության սահմանափակումներով։[11] Եթե սևծովյան նավահանգիստների համար հիմք ընդունենք Բոսֆորի նեղուցի օպերատորի կողմից երաշխավորված առավելագույն սուզվածքը՝ 13 մ, ապա Սև ծովում խորջրյա կարող են համարվել տասնմեկ նավահանգիստ[12]՝ ներառյալ Բաթումը: Ընդ որում, Բաթումն այս ցուցակում կհայտնվի միայն շնորհիվ իր 14.5 մ նվազագույն խորությամբ արտակառանային մատույցի շնորհիվ (ԱԿՄ, տե՛ս այստեղ, նկ. 2):

Խնդիրն այն է, որ Բաթումի ԱԿՄ-ը բաց ծովում է, բուն նավահանգստի տարածքից դուրս, նախատեսված է բացառապես հում նավթի տեղափոխման համար և պիտանի չէ չոր բեռների, առավել ևս՝ կոնտեյներային նավերի սպասարկման համար: Վերջիններիս համար անհրաժեշտ է, որ նավը կայանի անմիջապես մատույցային պատի (quay wall, причальная стенка) մոտ: Հետևաբար, կոնտեյներային նավերի սպասարկման տեսանկյունից Սև ծովում «խորջրյա նավահանգիստ» կարող են համարվել միայն այն նավահանգիստները, որոնք ունեն համապատասխանորեն կահավորված մատույցային պատ, որի երկայնքով լինեն առնվազն 13 մ խորությամբ կայանատեղիներ (berths,  причалы): Ներկայումս գործող վրացական որևէ նավահանգիստ այդպիսին չէ:

Մինչդեռ, այսօր Սև ծովում բեռնատեղափոխումների աճը հիմնականում արձանագրվում է չոր բեռների ու հատկապես կոնտեյներային տեղափոխումների համար։ 2014թ. օգոստոսին Օդեսա նավահանգիստ մուտք գործեց չինական «Dalian Shipbuilding Imp & Exp Co» ընկերության արտադրած CMA CGM DANUBE[13] կոնտեյներային նավը՝ մոտ 10 հազ. TEU[14] տարողությամբ, որը մինչ օրս Սև ծով երբևէ մուտք գործած ամենախոշոր  կոնտեյներային նավն էր։ Այն պատկանում է աշխարհում մեծությամբ 3-րդ՝ ֆրանսիական CMA CGM ընկերությանը (կայանատեղին՝ Մարսել), ու 10000 TEU տարողությամբ 28 նավերից մեկն է։ Դրանք շահագործման հանձնվեցին 2014-2017թթ. ընթացքում ու ներկայումս օգտագործվում են Չինաստան-Եվրոպա կոնտեյներային «Բոսֆորյան էքսպրես» (BEX, նկ. 5) նոր երթուղով։ Իր հերթին այս երթուղին չինական «Մեկ ուղի, մեկ գոտի» ծրագրի ծովային բաղադրիչն է։

Իսկ 2018թ. ապրիլի 12-ին ուկրաինական «Յուժնի» նավահանգիստ մտավ դանիական «Maersk Line» ընկերության 10000 TEU տարողությամբ «Maersk Klaipeda» կոնտեյներային նավը։ «Klaipeda»-ի այս մուտքը «Յուժնի» նավահանգիստ իր հերթին նշանավորեց «Maersk Line» ընկերության Maersk МЕ3 (Եվրոպա-Միջին Արևելք) կոնտեյներային նոր երթուղու[15] մեկնարկը։  


Նկար 5. Ֆրանկո-չինական «Բոսֆորյան էքսպրես» («Bosphorus Express», BEX) կոնտեյներային երթուղու արևմտյան (կապույտ) և արևելյան (կարմիր) հատվածները։ Աղբյուրը՝ CMA CGM

Այսպիսով, 2014-ից Սև ծովը դառնում է կոնտեյներային գլոբալ փոխադրումների հարթակ, իսկ աշխարհի առաջատար կոնտեյներային նավագնացության ընկերությունները Սև ծովը և նեղուցները ներառում են իրենց 10000 TEU տարողությամբ նավերի նոր երթուղիներում։ Այս ամենի շարժիչ ուժը Չինաստանի, Հնդկաստանի, Հնդկաչինի  և Միջին Արևելքի երկրիների հետ կոնտեյներային բեռնափոխադրումների աճն է։

Սև ծովի հիմնական խորջրյա նավահանգիստների միջև (Կոնստանց, Օդեսա-Յուժնի, Նովոռոսիյսկ) ծավալվում է լարված մրցակցություն։ Ընդ որում, ռազմավարական հեռանկարում նշմարելի է ռուսական «Հյուսիսային Արկտիկական ուղի» և չինական «Մեկ ուղի, մեկ գոտի» ծրագրերի միջև աշխարհատնտեսական մրցակցությունը[16]։ Տեսանելի է նաև ԱՄՆ աշխարհաքաղաքական հակազդեցությույունը մեր տարածաշրջանում չինական էքսպանսիայի նկատմամբ։

Վրաստանը, չունենալով իրապես խորջրյա նավահանգիստ, դուրս է մնում այս գործընթացներից։ Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Անակլիայի խորջրյա նավահանգստի ծրագրի իրականացման պատճառներից մեկն էլ հենց այս գործընթացներին մասնակցելու ցանկությունն է։ Մանավանդ, որ այն չհաջողվեց իրականացնել Հյուսիսային մատակարարման համակարգի արևմտյան հատվածի «զարթոնքի» տարիներին:

«Անակլիա» խորջրյա նավահանգստի ծրագրի առաջին փուլում (2020-2028թթ.) նախատեսվում է ապագա նավահանգստի հյուսիսային եզրում կառուցել ջրի մակարդակից 3–7մ բարձրությամբ և 1.5 կմ ընդհանուր երկարությամբ ալեհերձ կառան, որը կպաշտպանի նավահանգիստը հյուսիսային ալիքներից, ինչպես նաև կառուցել 600մ երկարությամբ և ջրի մակարդակից 3.5 մ բարձրությամբ նավահանգստի մատույցային պատի առաջին հատվածը (նկ. 6), որի երկայնքով նախատեսված են 17.1մ խորությամբ երկու մատույցները։ Բացի այդ, նավահանգստի տարածքում նախատեսվում է 300մ շառավղով և նվազագույնը 17.6 մ խորությամբ նավերի շրջադարձի շրջագծի (port turning circle, портовый поворотный круг) հիդրոտեխնիկական աշխատանքների կատարումը։


Նկար 6. «Անակլիա» խորջրյա նավահանգստի ծրագրի առաջին փուլը (2020-2028թթ.):
Խորությունները (-) և բարձրությունները (+)` մետրով՝ ըստ Բալթյան համակարգի 0-ական նիշի։ Աղբյուրը՝ [1]։

Մինչև 2069թ. ծրագրի 2-9-րդ փուլերում նախատեսվում է երկարացնել մատույցային պատը ևս 1900 մետրով, ինչը թույլ կտա հաջորդաբար ավելացնել մատույցների թիվը 6-ով, ինչպես նաև կառուցել նավահանգիստը հարավից պաշտպանող 2-րդ ալեհերձ կառանը։

Ֆինանսական բաղադրիչը

Ի սկզբանե նախատեսվում էր, որ «Լազիկա» ծրագրի իրականացումը կպահանջի մոտ 200 մլն լարի, ինչը 2012-ին մոտ $120 մլն էր։ Սա չափազանց լավատեսական գնահատական էր, բայց անգամ այդ միջոցները 2012-2013թթ. այդպես էլ չհատկացվեցին՝ Վրաստանում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով։ Ըստ 2012թ. սեպտեմբերին Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության հաղորդագրության՝ ծրագրի իրականացումը կարժենա 535 մլն լարի ($323 մլն), իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2015-ին։ Ավելի ուշ պարզվեց, որ այս ցուցանիշները վերաբերում էին միայն նոր քաղաքի կառուցմանը, իսկ բուն նավահանգստի համար անհրաժեշտ կլինի ևս $600-900 մլն։ Այսպիսով, ծրագրի ընդհանուր արժեքը 2012-ի վերջին գնահատվում էր ավելի քան $1.0 մլրդ։

Վրաստանում նախագահական ընտրությունների նախօրեին՝ 2013թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Բ.Իվանիշվիլին պաշտոնապես ներկայացրեց «Վրաստանի համաներդրողների հիմնադրամը» (ՎՀՖ, GCF, Фонд соинвестирования Грузии)[17], որը պատրաստվում էր ֆինանսավորել Անակլիայի խորջրյա նավահանգստի (ԱԽՆ) շինարարությունը։ Հիմնադրամի կապիտալը նախատեսվում էր $6 մլրդ, որից $1 մլրդ-ը հատկացրել էր Բ.Իվանիշվիլին՝ մնացած $5 մլրդ ներդնելու էին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ), «Abu Dhabi Group» և «RAK Investment Authority» ներդրումային կազմակերպությունները ԱՄԷ-ից, թուրքական «Ahmad Chalik Investment» հոլդինգը, չինական «Milestone International Holdings Group» ներդրումային հիմնադրամը, Ղազախստանի պետական "КазТрансОйл" ըմկերության «KazTransOil Batumi Industrial Holdings Limited» վրացական դուստր ձեռնարկությունը, ղազախստանցի գործարար Ա.Մաշկևիչը, ինչպես նաև հանգուցյալ միլիարդատեր Բ.Պատարկացիշվիլու ընտանիքը։ Հիմնադրամի շնորհանդեսին Իվանիշվիլին վստհություն հայտնեց, որ առաջիկա չորս տարում հիմնադրամը մոտ $10 մլրդ ներդրում կկատարի Վրաստանի տնտեսության մեջ։

Սակայն, 2019թ մարտի 17-ի դրությամբ հայտնի դարձավ, որ ֆոնդն իրականացրել է ընդամենը մոտ $2 մլրդ ներդում՝ 53 ՄՎտ տեղակայված հզորությամբ «Մտկվարի» դերիվացիոն ՀԷԿ-ի և «Թբիլիսիի համայնապատկեր» ("Панорама Тбилиси") հյուրանոցային համալիրի շինարարության համար։[18] Մինչդեռ Անակլիայի նավահանգստի ծրագրով որևէ կապիտալ ծախսեր ֆոնդը չի իրականացրել: Իսկապես, ինչպես նշել էինք Բաթումի նավահանգստին նվիրված հոդվածում, անցած տարիներին ՎՀՖ անդամ հանդիսացող ղազախական պետական «KazTransOil»-ը կենտրոնացած էր Բաթումի նավահանգստի և դրա նավթային տերմինալի 100% բաժնետոմսերի գնման գործընթացների վրա: Իսկ ՎՀՖ մեկ այլ անդամը՝ ադրբեջանական «SOFAZ»-ը, գերադասել էր մեծացնել Վրաստանաում իրեն պատկանող Սուպսա նավթային տերմինալի թողունակությունը:

Անակլիա նավահանգստի կառուցման նպատակով 2016-ին Վրաստանի կառավարության հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեց «Anaklia Development Consortium»-ը, որի հիմնական մասնակիցն էր վրացական «TBC Holding»-ը: Կոնսորցիումի նախագահ ընտրվեց վրացական խոշորագույն՝ «TBS» բանկի սեփականատեր՝ Մամուկա Խազարաձեն (Mamuka Khazaradze): 2017թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ «TBC Holding»-ը որպես ծրագրի հիմնական կապալառու ներառել էր ամերիկյան «Conti» ինժեներական ընկերությանը (Conti International)։ Սակայն 2019թ. օգոստոսի 19-ին «Conti»-ին որոշում է դուրս գալ ծրագրից։ Հաղորդագրությունը չէր նշում պատճառները՝ սահմանափակվելով «վրացական կառավարության և ծրագրի իրականացումը աջակցող միջազգային ֆինանսական կառույցների միջև համաձայնության պակասի» մասին պնդումով: Այսպիսի իրավիճակը մշուշոտ է դարձնում ողջ նախաձեռնության հեռանկարը: Հաղորդագրությունը մատնանշում է նաև Անակլիայի ծրագրին Չինաստանի և Ռուսաստանի շոշափելի հակազդեցությունը[19], ինչպես նաև վրացական կառավարության հակվածությունը Անակլիայի փոխարեն իրականացնել Փոթիի նավահանգստի վերակառուցումը և խորջրյա հատվածի զարգացումը:

2019թ. օգոստոսին թողարկվեց  Anaklia Development Consortium-ի նորացված կայքը, որտեղ վերջին զարգացումների մասին ուշագրավ տվյալներ կան: Նախ, 2019թ. օգոստոսի 6-ի դրությամբ Կոնսորցիումում ընդգրկված են ամերիկյան «SSA Marine», անգլիական «Wondernet Express» ընկերությունները և բուլղարական «G-Star» ներդրումային ընկերությունը։[20] Կոնսորցիումի հաշվետվության համաձայն՝ Անակլիա նախագծի արժեքը կկազմի $2.5 մլրդ։

Բացի այդ, կայքը նշում է, որ Կոնսորցիումի նախկին նախագահ, Մամուկա Խազարաձեն  և փոխնախագահ Բադրի Ջափարիձեն պաշտոնանկ են արվել: Նրանց կփոխարինեն Վրաստանում ԱՄՆ Առևտրի պալատի նախագահ Մ.Կոուգիլը (R. Michael Cowgill), ամերիկյան Dentons ընկերության ավագ խորհրդական Թ. Ջոնասը (Ted Jonas) և Concorde Capital ընկերության նախագահ Ժ-Պ.Վոյզինը (Jean-Patrick Voisin): Վերջապես, նշվում է, որ Անակլիա նավահանգստի գլխավոր կառուցապատողը ներկայումս հանդիսանում է ֆրանսիական «Eiffage SA» ինժեներական ընկերությունը։ Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 9-ին Վրաստանի դատախազությունը Մ.Խազարաձեի և Բ.Ջափարիձեի նկատմամբ գործ էր հարուցել՝ $16.7 մլն լվացման մեղադրանքով: Թբիլիսիի քաղաքային դատարանում այս գործով նախնական դատական լսումները մեկնարկել են 2019թ. հոկտեմբերի 10-ին:

Մինչ այդ՝ 2019թ. սեպտեմբերի12-ին, Անակլիա հրվանդանի ափեզրին Մ.Խազարաձեն հայտարարեց, որ ստեղծում է «Լելո»[21] նոր հասարակական-քաղաքական շարժումը, որը կձևափոխվի քաղաքական կուսակցության և կմասնակցի 2020-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։ Մի շարք հրապարակումների համաձայն (տե՛ս այստեղ և այստեղ) «Լելո»-ն մտադիր է «աջակցել վրացական երիտասարդ սերնդի բողոքին՝ ընդդեմ օկուպացիայի և բռնության», իր շուրջը համախմբելով «արդի արևմտյան տիպի պետականության ջատագովներին»: Ակնկալվում է, որ գալիք ընտրություններում «Լելո»-ն մրցակից կդառնա իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։

  1. Anaklia Deep Sea Port: Environmental Impact Assessment. Anaklia Development Consortium. Prepared by: Royal HaskoningDHV. September, 2017.
  2. Anaklia Deep Sea Port: Environmental and Social Management System. Anaklia Development Consortium. Prepared by: Royal HaskoningDHV. January, 2018.

[2] Ներկայումս գործող 4 վրացական նավահանգիստներն են Բաթում և Փոթի նավահանգիստները, Սուպսա և Կուլևի տերմինալները։ Եվս 4 նավահանգիստ գործում է Աբխազիայի սևծովյան ափին։

[3] 2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում Սահակաշվիլու ղեկավարած «Համազգային շարժումը» պարտություն կրեց: 2012թ. հոկտեմբերի 11-ին վարչապետ Վ.Մերաբիշվիլին և Վրաստանի կառավարությունը հրաժարական տվեցին: 2013թ. մայիսի 21-ին Մերաբիշվիլին ձերբակալվեց, և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: 2013թ. հոկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ Բ.Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու՝ Գ. Մարգվելաշվիլին: 2013թ. հոկտեմբերի 29-ի գիշերը Մ.Սահակաշվիլին լքեց Վրաստանը:

[4] Աբխազական կողմն այն դիտարկում է որպես միջպետական, իսկ վրացականը՝ որպես վարչական սահման: 2008թ. օգոստոսի 26-ին ՌԴ նախկին նախագահ Դ.Մեդվեդևի հրամանագրով Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հր.Օսիայի անկախությունը։ Այս հանգամանքը չի ենթադրում սահմանի միջազգային ճանաչում, սակայն որոշակի առումով բարձրացնում է կարգավիճակը:

[5] Խոսքն այստեղ Աբխազիայի տարածքի մասին է:

[6] ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո, թալիբների և Ալ-Քաիդայի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-Պակիստան հարաբերությունների վատթարացմանը համընթաց «Հարավային մատակարարման համակարգը» դարձավ ոչ հուսալի և կորցրեց իր օպերատիվ նշանակությունը։ Փոխարենն աճեց  «Հյուսիսային մատակարարման համակարգի» դերակատարությունը։ Սակայն 2007-ից ՌԴ-ի և ԱՄՆ-ի հակասությունների պատճառով սահմանափակվում է նաև այս համակարգի գործունեությունը, որը կասեցվում է 2015թ. մայիսի 15-ին։

[7] Այս «կոնգլոմերատ տարածաշրջանի» և ԱՄՆ հետախուզության ազգային տնօրենի «Tier» ծրագրի մասին ավելի մանրամասն տես այստեղ, էջ 14-25։

[8] «I communicated our hope that Georgia completes the Port project. The project and others will enhance Georgia’s relationship with free economies and prevent Georgia from falling prey to Russian or Chinese economic influence. Those pretended friends do not have Georgia’s best interests at heart»։ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը 2019թ. հունիսի 14-ին իր տարակուսանքն էր հայտնել Մ.Պոմպեոյի այս հայտարարության առիթով։

[9] The Convention on Wetlands of International Importance, especially as Waterfowl Habitat. 1971թ. 2-ը փետրվարի, Ռամսար, Իրանի Իսլամական Հանրապետություն։

[10] Г. И. Шамов, Речные наносы. Режим, расчеты и методы измерений. Ленинград, 1959.

[11] Դարդանելի նեղուցը ավելի խոր է և ընդարձակ:

[12] Դրանք են. ռուսական Նովորոսիյսկ, Տաման (Тамань) և Տուապսե (Туапсе) նավահանգիստները, ռումինական Կոնստանցը (Констанца), թուրքական Էրդեմիրը (Эрдемир) և Ռիզեն (Ризе), բուլղարական Բուրգասը (Бургас), ուկրաինական Յուժնի (Южный), Իլյիչևսկ (Ильичевск) և Օդեսա նվահանգիստները ինչպես նաև Բաթումը։

[13] Երկարությունը՝ 300 մ, լայնքը ջրագծով՝ 48.2 մ, առավելագույն սուզվածք՝ 14.8 մ, տարողությունը՝ 9400 TEU, ջրատարողությունը (DWT)` 112.6 հազ. տ։

[14] TEU (twenty-foot equivalent unit) – 6.1 մ երկարությամբ և 2.59 մ բարձրությամբ ստանդարտ ինտերմոդալ կոնտեյներ։ TEU-ն որպես միավոր օգտագործվում է բեռնանավերի և նավահանգիստների տարողության և թողունակության գնահատման համար։

[15] Պիպավ-Հազիրա-Ջավախարլալ Ներու-Ջաբել Ալի-Սալալա-Պորտ Սաիդ-Ամբարլի-Իզմիթ-Կորֆեզի- Կոնստանց-Նովորոսիյսկ-Յուժնի-Չերնոմորսկ։

[16] Այսպես, 2019թ. օգոստոսի 23-ին CMA CGM ընկերության տնօրեն Ռուդոլֆ Սաադը (Rodolphe Saadé) հայտարարեց, որ ընկերությունը մտադիր չէ օգտագործել «Հյուսիսային Արկտիկական ուղին», որն ակտիվորեն առաջ է տանում Ռուսաստանը, որպես համաշխարհային ծովային առևտրի այլընտրանքային ուղի։

[17] Հոդվածի պատրաստման պահին կայքը գտնվում էր վերակառուցման մեջ։

[18] Ըստ մեր գնահատականի Ախլցխայում գտնվող «Մտկվարի» ՀԷԿ-ի շինարարության արժեքը կազմում է $90-120 մլն։ Քիչ հավանական է, որ «Թբիլիսիի համայնապատկեր» համալիրի արժեքը կազմել է մոտ $1.88 մլրդ։ Կարելի ենթադրել, որ կամ ՎՀՖ-ը իրականացրել է և այլ ծրագրեր, կամ խոսքը գնում է ֆոնդի անարդյունվետ աշխատանքի մասին։

[19] Անակլիայի ծրագրի իրականացման դոնոր են միջազգային ֆինանսական 4 կառույց՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԱՄՆ կառավարության «The Overseas Private Investment Corporation» գործակալությունը, «The Asian Development Bank» (ADB-ը), և «Asian Infrastructure Investment Bank» (AIIB)-ը։ Վերջին երկուսում որոշիչ է ՌԴ և Չինաստանի դերակատարությունը:

[20] Նկատենք, որ «Wondernet Express» ընկերությունը 2019թ. հունվարի 19-ին Trammo Inc. ընկերության հետ ստորագրել է համատեղ ձեռնարկություն հիմնելու համաձայնագիր, որը պետք է իրականացնի Ղազախստանից և Թուրքմենստանից ստացվող պարարտանյութերի նոր տերմինալի շինարարությունը Բաթումի նավահանգստում։

[21] Ռեգբի հիշեցնող վրացական ազգային խաղ: