Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը

9 ր.   |  2019-11-01

Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետություններ

Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետությունների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի համագործակցությունը սկսվել է անկախության հռչակումից անմիջապես հետո: Երկկողմ և բազմակողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, տրանսպորտային ոլորտներում բխում են հարյուրավոր համաձայնագրերից և արձանագրություներից, որոնք նրանց կապերի զարգացման ու ամրապնդման հիմք են հանդիսացել:

1993թ.-ից Թուրքիան այդ երկրների հետ սերտորեն համագործակցում է նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, որը դրսևորվում է հետևյալ հիմնական ուղղություններում՝ ա) սպայական կազմի վերապատրաստում, բ) նյութատեխնիկական աջակցություն, գ) սպառազինության վաճառք, դ) համատեղ զորավարժություններ, ե) համատեղ ռազմական արտադրություն:

Հ ամագործակցության առաջին փուլում Թուրքիան և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններն առավելապես ձգտում էին զարգացնել կապերը ռազմական կրթության ոլորտում: 1990-ականներին չորս երկրների և Թուրքիայի միջև ստորագրված միջպետական պայմանագրերով (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան) նախատեսվում էր զարգացնել հարաբերությունները հետևյալ ուղղություններով՝

  1. Թուրքիայի մի շարք ռազմական կրթական հաստատություններում ռազմական կադրերի (սպայական և ենթասպայական) մասնագիտական պատրաստվածության կատարելագործում,
  2. զինծառայողների փոխադարձ այցեր,
  3. ռազմական դիտորդների մասնակցություն զորավարժություններին,
  4. համագործակցություն ռազմական տեխնիկայի, ռազմական բժշկության և ռազմական տեխնոլոգիաների տվյալների փոխանակման ուղղություններում, խորհրդատվություն,
  5. համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում,
  6. ավելցուկային զինտեխնիկայի փոխադարձ մատակարարում, պահպանություն և վերանորոգում, շտաբի փորձագետների և թիկունքի ռազմական մասնագետների համար ուսումնական պլանների մշակում:

Չնայած պայմանագրերին՝ գործընկերային կապերը կիրառություն գտան 2000-ականների սկզբից, որի համատեքստում կարևորվում էր ռազմական կրթությունն ու ռազմատեխնիկական համատեղ ծրագրերը:

Համաձայն թուրքական աղբյուրների՝ 1992-2000թթ. համաձայնագրերի շրջանակներում Թուրքիայում ռազմական կրթություն է ստացել շուրջ 2000 սպա ու ենթասպա[1]: Այնուամենայնիվ, աղբյուրում պարզաբանված չէ, թե ո՞ր երկրից և քանի՞ զինվորական է ներգրավվել վերապատրաստման գործում:[2]

Բ աց աղբյուրների համաձայն՝ 1993-2007թթ. Թուրքիայում ռազմական կրթություն է ստացել 50, իսկ 2014թ.՝ Ղրղզստանի ավելի քան 100 քաղաքացի: Ուշագրավ է, որ Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման համար  Թուրքիան 2019թ. հատկացրել է ընդամենը երկու տեղ՝ մինչև հինգ տարի ժամանակով: Ղրղզստանի համար նույնքան տեղ է հատկացրել նաև Ադրբեջանը:

2015թ.-ին Ղրղզստանի Գլխավոր շտաբի նախկին պետ Ա. Ալիմկոժոևը պայմանավորվածություն էր ձեռք բերել թուրքական կողմի հետ, որ 2016-ից Թուրքիան ավելի շատ տեղ կհատկացնի թուրքական ռազմական ուսումնական հաստատություններում սովորող ղրղզստանցիների համար: Միաժամանակ, Ղրղզստանը ռազմական ներկայացուցիչ կունենա Իզմիրի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Հարկ է նշել, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա տարիներին Թուրքիան Ղրղզստանում սպաների վերապատրաստման ռազմական ինստիտուտ է կառուցելու:

Ինչ վերաբերում համագործակցության այլ ձևերին, ապա նշենք, որ դեռևս 2000թ. Ղրղզստանի պաշտպանության նախարարությունն ու Թուրքիայի Զինված ուժերը ստորագրել են հատուկ նշանակության զորքերի պատրաստման արձանագրություն, որով 2000-2004թթ. վերապատրաստվել է 339 ղրղզստանցի զինծառայող[3]: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ոստիկանները Ղրղզստանի գործընկերներին սովորեցնում են նաև հանցավորության դեմ պայքարի իրենց մեթոդները՝ յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներ կազմակերպելով Ղրղզստանի ներքին գործերի նախարարության և սահմանապահ ծառայության ներքին զորքերի զինծառայողների համար: Համագործակցություն կա նաև ռազմական բժշկության ոլորտում, որի շրջանակներում, բացի մասնագետների պատրաստումից, Թուրքիան Ղրղզստանին աջակցել է բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով[4]:


«Ejder Yalçın» զրահամեքենաների առաջին խմբաքանակի տրամադրումը Ուզբեկստանի ԶՈՒ-ին

1 993թ.-ից ի վեր Թուրքիան ներդրում ունեցավ նաև ղազախական զինվորականների կրթության և վերապատրաստման գործում: 2008թ. տվյալներով՝ ավելի քան 300 ղազախստանցի սպաներ են ավարտել Թուրքիայի Հանրապետության ռազմական ակադեմիան: 2004թ.-ից թուրքերենի դասընթացներ են կազմակերպվել ՂՀ պաշտպանության նախարարությանն առընթեր օտար լեզուների ռազմական ինստիտուտում: Հայտնի է, որ Թուրքիայի Գյուլհանեի անվան ռազմաբժշկական ակադեմիայում կազմակերպվել են  ղազախստանցի սպաների բժշկական դասընթացներ: Թուրք մասնագետները Ղազախստանի ռազմական ուսումնական կենտրոններում վերապատրաստել են նաև հատուկ նշանակության ղազախական գումարտակը:  Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 400 ղազախստանցի զինծառայողներ են վերապատրաստվել[5]:

Ըստ տեղեկությունների՝ թուրք հրահանգիչների կողմից ղազախստանցի զինվորականները (այդ թվում՝ հատուկ նշանակության աերոմոբիլային զորքերը) պատրաստություն են անցել «Կոմանդոս», «Սպեցնազ», «Դիպուկահարների պատրաստում» և «Ներքին անվտանգություն» հատուկ ծրագրերով, մասնակցել ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմազգ  զորավարժությունների։

Ղազախստանը բազմիցս ստացել է ռազմական օժանդակություն Թուրքիայից, որոնք մեծ մասամբ իրականացվել են երկու պետությունների միջև 1998թ. և 2003թ. կնքված անհատույց ռազմական օգնության մասին համաձայնագրերով[6]։ Ղազախստանի հատուկ նշանակության ուժերի և ռազմածովային կարողության ամրապնդման նպատակով Թուրքիան աջակցել է Աքթաուում ռազմածովային բազայի և Երալևոյի (ներկայումս՝ Քուրիք) նավահանգստի կառուցմանը, մատակարարել կապի սարքավորումներ։ Ղազախստանի հատուկ նշանակության զորքերի համար տրամադրել է արդիականցաված «Land Rover 110» ռազմական մեքենաներ[7]:

Ղազախստանն ու Թուրքիան զարգացնում են կապերը նաև ռազմարդյունաբերության ոլորտում. 2013թ. երկու երկրները հիմնադրեցին «Kazakhstan ASELSAN Engineering» համատեղ ռազմական արդյունաբերական համալիրը, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է «Kazakhstan Engineering» ազգային կազմակերպությանը, 49%-ը՝ թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը և 1%-ը՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեին: Գործարանը «Աստանա-նոր քաղաք» տնտեսական հատուկ գոտում է: Հիմնականում արտադրում են ռազմական նշանակության օպտիկական սարքեր, հետախուզական լազերային սարքեր, հեռակառավարվող մարտական մոդուլներ, գիշերային տեսանելիության և  հակադրոնային սարքեր, ռադիոկապի միջոցներ, արդիականացնում են տանկեր (T-72A, T-72Б), (Mи-17) ուղղաթիռների հաղորդակցային, տեղորոշման և այլ համակարգեր: Արտադրանքի որոշ մասն արտահանվում է Թուրքիա, Ռուսաստան, Ուզբեկստան և Ղրղզստան:[8]

Հավելենք, որ Թուրքիան և Ղազախստանը 2019թ. ստորագրեցին համատեղ ռազմական համագործակցության պլան, որով նախատեսվում է մարտական պատրաստության, ռազմական հետախուզության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում միջոցառումների կազմակերպում:  Ընդհանուր առմամբ,  թուրք-ղազախական ռազմական կապերը ընթանում են մի քանի ուղղություններով՝ ա. զինվորականների (վերա)պատրաստում, բ. ֆինանսական ու ռազմական տեխնիկայի աջակցություն Թուրքիայի կողմից, գ. համատեղ սպառազինության արտադրություն:


Թուրքիայի և Ղազախստանի զինվորականների առաջին համատեղ մարտական զինավարժությունը (2015թ.)

Թ եև Թուրքիայի և Թուրքմենստանի ռազմական համագործակցությունը նույնպես սկսվում է 1990-ականների սկզբից, սակայն սկսել է առավել զարգանալ վերջին տասնամյակում: Աշխաբադի պաշտպանական քաղաքականությունում Թուրքիայի հետ շփումներն առավելապես ընթանում են երկու հարթությունում՝ սպառազինության առևտուր և բարձրագույն սպայական անձնակազմի վերապատրաստում:

Անկախության հռչակումից հետո Թուրքիան Թուրքմենստանին էր տրամադրում սահմանափակ քանակությամբ օգտագործված ռազմական տեխնիկա, սակայն 2010-ից Թուրքիան դառնում է զենքի հիմնական մատակարարը: Վերջին տասնամյակում Թուրքմենստանը Թուրքիայից գնել է տարբեր նշանակության ռազմական տեխնիկա.

  1. Բեռնափոխադրման և սանիտարական նշանակության «Land Rover Defender 130» ռազմական մեքենաներ` թուրքական «Otokar» ձեռնարկությունից:
  2. BMC Vuran (4X4) բազմանպատակային և BMC Amazon (4X4) զրահամեքենաներ[9]:
  3. 2010թ.-ից մինչ օրս թուրքական «DEARSAN» նավաշինարարական ընկերությունը Թուրքմենստանի ռազմածովային և սահմանապահ ուժերին վաճառել է «Tuzla» տեսակի պարեկային 10 նավ, գրոհային 6 մոտորանավակ, 5 «SAR» տեսակի որոնողափրկարարական նավ: Ավելորդ չէ նշել, որ 2019-ին Թուրքմենստանի հետ կնքված պայմանագրով «Gulhan» և «Dearsan» թուրքական ընկերությունները Թուրքմենբաշիի նավահանգստում կառուցելու են 92մ երկարությամբ ռազմանավ:
  4. «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2012թ. Թուրքմենստանը Թուրքիայից գնել է DSH 10 համակարգ և DSH 300 հրթիռ, որոնք նախատեսված են սուզանավերից պաշտպանվելու համար:

Ընդհանուր առմամբ, 2008-2017թթ. Թուրքիան Թուրքմենստանին վաճառել $396 մլն. ռազմական տեխնիկա և սարքավորումներ: Այդ ցուցանիշով, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Թուրքիայի համար Թուրքմենստանը որպես առևտրային գործընկեր առաջ է Սաուդյան Արաբիայից ($333 մլն.) ու Արաբական Միացյալ Էմիրություններից ($300 մլն.): Համեմատության համար նշենք, որ Կենտրոնական Ասիայի մյուս թյուրքալեզու երկրներից Թուրքիայից ռազմական տեխնիկա է գնել միայն Ղազախստանը՝ $7 մլն., իսկ ահա Ուզբեկստանն ու Ղրղզստանը այդ ցանկում բացակայում են[10]:

Ու զբեկստան-Թուրքիա ռազմական կապերը նույնպես սկսվել են 1992թ.-ից, երբ կողմերը ստորագրեցին ռազմական կրթության ոլորտում համագործակցության պայմանագիր: 2000թ. կնքվեց նաև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, համաձայն որի նախատեսվում էր, որ Թուրքիան նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Ուզբեկստանին և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում խորացնելու է կապերը: Ռազմական ոլորտում հետագա տարիներին կնքվեցին ևս մի քանի պայմանագրեր՝ 2002թ. (Թուրքիայի կողմից $1,2 մլն. չափով անհատույց ռազմական օգնության մասին), 2003թ. (մասնագետների պատրաստում ահաբեկչության դեմ պայքարում), 2017թ. (ռազմական կրթության մասին):

1992-2010թթ. Թուրքիայում ռազմական կրթություն են ստացել ուզբեկստանցի 123 սպա և 220 կուրսանտ, իսկ 100 զինվորական մասնակցել է «Գործընկերություն հանուն խաղաղության ուսումնական կենտրոնի» (BİOEM) կազմակերպված դասընթացներին:[11]

2018-2019թթ. թուրքական ժանդարմերիայի մասնագետները «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալության» (TİKA) աջակցությամբ ահաբեկչության դեմ պայքարին, հատուկ օբյեկտների և անձանց պաշտպանությանը նվիրված գործնական պատրաստության վարժանքներ են կազմակերպել Ուզբեկստանի ազգային գվարդիայի համար: Կարելի է նշել նաև այս տարվա ապրիլի 22-27-ին Ուզբեկստան-Թուրքիա-Պակիստան եռակողմ ձևաչափով մարտավարական զորավարժությունները Ուզբեկստանի «Ֆորիշ» լեռնային զորավարժարանում, որը կողմերի միջև տեղի էր ունենում առաջին անգամ:[12]

Ռազմական կրթության ոլորտում, տարբեր ձևաչափերով զինծառայողների փոխադարձ մասնակցությունը ուսումնական ծրագրերում և վարժանքներում առ այսօր էլ շարունակվում է:

Ստորագրված պայմանագրերի շրջանակներում Թուրքիան նաև $4,2 մլն. չափով թիկունքային ապահովման ռազմական գույք և միջոցներ է նվիրել Ուզբեկստանի զինված ուժերին (2010թ. տվյալներով):

Վերջին շրջանում Ուզբեկստանը սկսել է ոչ միայն գնել թուրքական ռազմատեխնիկայի որոշ տեսակներ, այլև փորձում է զարկ տալ համատեղ ռազմական արտադրությանը: 2017թ. Nurol Makina (Թուրքիա) և UzAuto (Ուզբեկստան) ընկերությունները ստորագրել են հուշագիր Ուզբեկստանում «Ejder Yalçın» 4×4 ընթացամասով համատեղ զրահամեքենա (1000 հատ) արտադրելու մասին:

Համաձայն Nurol Makina թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Էնգին Այքոլի՝ 2018թ. Թուրքիան Ուզբեկստանին է վաճառել «Ejder Yalçın» 24 զրահամեքենա: Ընդ որում, փորձարկումներից հետո Nurol Makina ընկերությունը Ուզբեկստանի ԶՈՒ համար ընտրել է բաց աշտարակով տարբերակը՝ զինված 7,62 մմ գնդացիրով:[13]


[1] A. Mustafa, “Kafkasya ve Orta  Asya’ yla İlişkiler.” Türk Dış Politikası, Cilt II: 1980-2001, İstanbul: İletişim Yayınları, 2006, s. 387.

[2] 2006թ. տվյալներով՝ թուրք հրահանգիչները Թուրքմենստանում պատրաստել են 1299, Ուզբեկստանում՝ 426, Ղրղզստանում՝ 401, Ղազախստանում՝ 383 զինվորականի:

[3] А.А. Костюхин, Международное военное сотрудничество государств Центральной Азии

[4]К. К. Акматбекович, Турецкая политика в Киргизии и ее влияние на внешнеполитическую

стратегию России в Киргизской Республике, Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук, Москва, 2018, с. 121

[5] Aigerim Shilibekova, Turkey-Kazakhstan relationship in the military sphere: Outcome and Outlook?

[6] Նշենք, որ 2003թ. կնքված պայմանագրով Թուրքիան իր վրա էր վերցնում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) ծրագրին ղազախստանցի զինվորականների մասնակցության ողջ ֆինանսավորումը։

[7] Roger N. McDermott, KAZAKHSTAN–RUSSIA.ENDURING EURASIAN DEFENCE PARTNERS, DIIS REPORT 2012:15

[8] https://www.kae.com.kz/uploads/sections/7/20190527-kae-ru.pdf

[9] Турецкая компания BMC поставила ВС Туркменистана ББМ «Амазон» и «Вуран»

[10]Tülay Baran, TÜRKIYE’DE SAVUNMA SANAYI SEKTÖRÜNÜN INCELENMESI VE SAVUNMA

SANAYI SEKTÖRÜ HARCAMALARININ EKONOMI ÜZERINDEKI ETKILERININ

DEĞERLENDIRILMESI, 2018, s. 70

[11] Özbekistan-Türkiye Askeri İlişkileri Gelişecek

[12] Türk ordusu büyük deneyim ve askeri harekat tecrübesine sahip

[13] Турецкая компания Nurol Makina поставила ББМ "Эйдер Ялчин" ВС Узбекистана