Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները

10 ր.   |  2019-10-14

Խորհրդային Միության փլուզումից հետո եվրասիական տարածաշրջանում ՌԴ և Թուրքիայի միջև սկսվեց քաղաքական մրցակցություն: Միաժամանակ, երկու պետությունների տնտեսական արագ զարգացումը հարկադրեց նրանց համագործակցել առևտրատնտեսական ոլորտում: Սակայն նրանց ռազմավարական շահերի և փոխհատվող հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկող հարցերը դառնում էին տարաձայնությունների պատճառ` ազդելով նաև տնտեսական կապերի վրա:

Առևտրաշրջանառության դինամիկան (2009-2018թթ.)

2 000-ականներից սկսած տնտեսական ոլորտում համագործակցությունը համապարփակ էր ու բավականին դինամիկ զարգանում էր: Հատկապես 2004-2008թթ. համարվում են ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների «զարթոնքի շրջան»[1], ինչը չենք կարող ասել ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող առաջին տասնամյակի մասին, որը մասնագետների կողմից ստացել է «կորստի»[2] կամ «սառնության»[3] շրջան բնորոշումը:

Ընդհանուր առմամբ, եթե 2004թ. երկկողմ առևտրաշրջանառությունը հասնում էր $10.8մլրդ.-ի, ապա 2008թ. այն արդեն $37.8 մլրդ էր: 2009թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված առևտրաշրջանառության ծավալները նվազեցին՝ կազմելով $22.6 մլրդ., սակայն 2012թ. այն հասավ $33.3 մլդ.: 2013թ.-ից նկատվեց մի փոքր անկում. ռուս մասնագետների գնահատականներով՝ այն պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսության ժամանակավոր ցնցումներով: Մասնավորապես, 2014թ. արդյունքներով ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով Թուրքիայից Ռուսաստան ներմուծումը նվազեց ավելի քան $1 մլրդ.-ով: Առևտրաշրջանառության զգալի կրճատում արձանագրվեց 2015թ.-ին՝ $23.9մլրդ, իսկ 2016թ.-ին՝ $15.8մլրդ.: Այն պայմանավորված էր էներգիակիրների համաշխարհային գների անկմամբ, 2015թ. Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմամբ, ինչը հարկադրեց Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ[4] (գրաֆիկ 1):


Գրաֆիկ 1

Ռ ուսաստան-Թուրքիա կարճատև տնտեսական պատերազմն ավարտվեց 2016թ-ին. երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո աստիճանաբար հաղթահարվեց ճգնաժամը: 2016-2017թթ. Ռուսաստանը թույլատրեց արտահանել թուրքական մրգերի, բանջարեղենի և պահածոների որոշ տեսակներ: Արդեն 2017թ. ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմեց $23,36 մլրդ.՝ 2016թ. համամեմատ գրանցելով 37% աճ: Ընդ որում, Ռուսաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների կառուցվածքը գործնականում չփոխվեց: Իսկ ներմուծման մեջ առաջին տեղում հայտնվել են պարենային ապրանքները և գյուղատնտեսական հումքը (31.24%)՝ շրջանցելով մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների ներմուծումը (29.8%)[5]:

Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծման հարաբերակցությանը, ապա  առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանից արտահանումը Թուրքիա մշտապես գերակշռել է ներմուծմանը (Գրաֆիկ 2): Առևտրային հաշվեկշռի դրական սալդոն շարունակում է մնալ ի օգուտ Ռուսաստանի։ Թուրքիան այն փոխհատուցում է ավտոբեռնափոխադրումներից, զբոսաշրջությունից ու «ճամպրուկային» առևտրից ստացված եկամուտով, Ռուսաստանում գործող թուրքական շինարարական ընկերությունների և թուրք շինարարների դրամական փոխանցումներով[6]։


Գրաֆիկ 2

Ներմուծման և արտահանման կառուցվածքը (2019թ. առաջին կիսամյակ)

2 019թ. առաջին կիսամյակում Ռուսաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղը զբաղեցնում է հանքամթերքը (առաջին հերթին՝ էներգակիրները)՝ 66,28 %: Երկրորդ տեղում են մետաղներն ու մետաղական իրերը՝ (17,39%), այնուհետ սպառողական ապրանքներն ու գյուղմթերքը (10,95%), քիմիական արդյունաբերական ապրանքները (3,71%), փայտանյութն ու ցելյուլոզային-թղթային իրերը (0,63%):[7]


Գրաֆիկ 3

Նույն ժամանակաշրջանում Թուրքիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղում են մեքենաները, սարքավորումներն ու տրանսպորտային միջոցները (28,41%), այնուհետ ըստ հերթականության գալիս են սպառողական ապրանքներն ու գյուղմթերքը (27,57%), տեքստիլն ու կոշկեղենը (18,80%), քիմիական արդյունաբերության ապրանքները (11,69%), մետաղներն ու մետաղական իրերը (7,55%) և հանքամթերքը (1,93%):


Գրաֆիկ 4

Այսպիսով, Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2019թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է $11.873 մլրդ., որից՝ $9,7մլրդ. Ռուսաստանի բաժինն է, իսկ Թուրքիայինը՝ $2,1մլրդ.:  

Ներդրումային համագործակցություն

Ե րկու պետությունների միջև ներդրումային համագործակցությունը մինչ ինքնաթիռի խոցումը կրում էր բավականին դինամիկ բնույթ: Միայն 2007-2012թթ. Ռուսաստանի տնտեսության մեջ թուրքական ներդրումների ծավալը կազմել է մոտ $6.5 մլդ.: Հիմնականում ներդրվել է տեքստիլ, սննդի, քիմիական, փայտամշակման, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունում, ավտոմոբիլաշինության, ավտոմեքենաների բաղադրիչների արտադրության մեջ, սպասարկման ծառայությունների, զբոսաշրջության ու բանկային ոլորտներում: Հարկ է նկատել, որ թուրքական կազմակերպությունների կողմից ներդրումներ են կատարվում ոչ միայն խոշոր մեգապոլիսներում, այլև Ռուսաստանի տարբեր մարզերում՝ Թաթարստանի, Պենզայի և այլ շրջանների քաղաքներում:[8]           

2018թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի և Դաղստանի գործարարները նպատակադրվել են  Դաղստանի Հանրապետության շրջաններում (Ղզլար, Սերգոկալինսկ, Դերբենդ, Հարավ-Սուխոկումսկ) ստեղծել համատեղ ձեռնարկություններ: Ընդ որում, քննարկվում են այգեգործության, կերերի արտադրության, ջերմոցների կառուցման, ինչպես նաև բուսաբուծության և անասնաբուծական արտադրանքի վերամշակման նպատակով գործող ձեռնարկությունների արդիականացման ֆինանսավորման հարցերը:[9]

Նշենք, որ ուղղակի ներդրումները Ռուսաստանում կատարվում են ինչպես թուրքական խոշոր կորպորացիաների, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի կողմից:  Չնայած ՌԴ շուկայում գործում են հարյուրավոր թուրքական կազմակերպություններ, սակայն ներդրումների մեծագույն մասը բաժին է ընկնում հետևյալ ընկերություններին՝ «Anadolu Efes» (ալկոհոլային խմիչքների արտադրություն), «ENKA» և «Renaissance» (շինարարություն), «Şişecam» ու «Trakya Cam Sanayi» (ապակու արտադրություն), «Eczacıbaşı» (կերամիկական սալիկների արտադրություն), «HAYAT» (սպառողական ապրանքներ և փայտե արտադրանք), «Koç» (կենցաղային տեխնիկա և բանկային ծառայություններ) և «Zorlu» (կենցաղային տեխնիկա և էներգիա):[10]

Ռուսաստանն իր հերթին ներդրումներ է կատարում գլխավորապես էներգետիկ ոլորտում (վառելիքաէներգետիկ և միջուկային),  ենթակառուցվածքների զարգացման մեջ, արդյունաբերության (սև մետալուրգիա) տարբեր ճյուղերում, անշարժ գույքի շուկայում, ավտոմոբիլաշինության, բջջային կապի բնագավառում և այլն: Թուրքիայում ռուսական ներդրումները ձևավորվել են ինչպես խոշոր օբյեկտների կառուցման, այնպես էլ թուրքական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման արդյունքում:

Թուրքիայում ռուսական ներդրումներից ամենախոշորը համարվում է «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունը՝ 4 էներգաբլոկներով, որոնցից  յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը ներդնելու է 20 մլրդ. դոլարից ավելի գումար: 2015թ. տվյալներով՝ նախագծի իրականացման համար արդեն ներդրվել է շուրջ $3 մլդ:[11]

2011թ. «Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարան»-ը (ОАО «ММК»)՝ թուրքական «Աթաքաշ» ընկերության հետ համատեղ հիմնեց պողպատյա գլանվածքներ արտադրող գործարան՝ «ММК-Metalurji»-ն: Ձեռնարկության շահագործումից հետո Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանի ղեկավարությունը մոտ $500 մլն.-ով գնեց «Աթաքաշ գրուբի» բաժնեմասը՝ տնօրինելով ընկերության բաժնետոմսերի 100%-ը: Ընկերության ներդրումներն այստեղ կազմում են $2,7մլդ: Թուրքիայում ներդրումներ են անում նաև ռուսաստանյան հետևյալ կազմակերպությունները՝ «ИНТЕР РАО» (էներգետիկ), «ЛУКОЙЛ» (նավթամթերքների իրացում, ենթակառուցվածքների՝ ավտոլցակայանների ստեղծում), «Мечел» (մետաղական արտադրություն), «Группа ГАЗ» (ավտոմոբիլաշինություն), «Альфа-групп» (բջջային կապ) և այլն[12]:

Ի նչպես տեսնում ենք թուրքական ներդրումները Ռուսաստանի տնտեսության մեջ ավելի բազմազան են, հակառակ դրան՝ Ռուսաստանը ներդրումներ է կատարում առավելապես ռազմավարական (էներգետիկ) նշանակություն ունեցող ճյուղերում, ինչը, ըստ թուրք մասնագետների, Մոսկվային լայն հնարավորություն է տալիս ազդելու թուրքական իշխանությունների վրա:[13]

Ինչ վերաբերում է երկու պետությունների միջև ուղղակի ներդրումներին (Գրաֆիկ 5)[14] և դրանց հոսքերի ակտիվությանը (Գրաֆիկ 6)[15], ինչպես երկկողմ առևտրաշրջանառությունում, այստեղ առաջատարը ևս Ռուսաստանն է: Այնուամենայնիվ, մասնագետների գնահատականներով ներդրումային ներուժի իրացումը երկու կողմերից պահանջում է կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովում:[16]

Հարկ է նկատել, որ տնտեսական կապերի ամրապնդման, Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ ներդրումների ծավալներն ավելացնելու նպատակով դեռևս 2017թ. ուղղակի ներդրումների ռուսական ու թուրքական հիմնադրամները ստորագրեցին ներդրումային հիմնադրամի ստեղծման հուշագիր: 2019թ. ապրիլին ստեղծեց €900 մլն. կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ:[17]


Գրաֆիկ 5


Գրաֆիկ 6

Փ ոխադարձ առևտրատնտեսական հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ռուսական շուկայում գործող թուրքական շինարարական կազմակերպությունները, որոնց թիվը հասնում է մոտ 300-ի:

Թուրքիայի շինարարական կապալառուների միության վիճակագրության համաձայն՝ 1972-2018թթ. (առաջին եռամսյակ) ընթացքում արտասահմանում գործող թուրքական շինարարական ընկերությունները 120 երկրներում իրականացրել են 9303 նախագիծ՝ $359.193 մլրդ. ընդհանուր արժեքով. Ռուսաստանի տարբեր շրջաններում  իրականացվել է 1947 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքն է $69.054 մլրդ.: Այս ցուցանիշով Ռուսաստանն առաջատարն է, որին հաջորդում են Թուրքմենստանը (995 նախագիծ՝ $46.943 մլրդ.), Լիբիան (602 նախագիծ՝ $28.875 մլրդ.), Իրաքը (963 նախագիծ՝ $24.991մլրդ.), Ղազախստանը (486 նախագիծ՝ $22.708 մլրդ.) և այլն:[18]

2015թ. Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը բացասաբար անդրադարձավ նաև շինարարական գործունեության վրա: Թուրքիայի կապալառուների ասոցիացիայի կողմից հրապարկված վերլուծական զեկույցում կանխատեսվում էր շինարարության բիզնեսի հետագա դանդաղում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական ռիսկերի աճով, ներառյալ Ռուսաստանի հետ կապերի վատթարացումով:

Այս համատեքստում նշենք, որ 2015թ. թուրք կապալառուների համար ամենամեծ շուկան թեև մնում էր Ռուսաստանը (նախագծերի ընդհանուր արժեքը՝ $6.080մլրդ.), սակայն ռուսական պատժամիջոցներով պայմանավորված շինարարական ծառայություններ մատուցող թուրքական ընկերությունների գործունեության՝ Ռուսաստանի տարածքում արգելումից կամ մասնակիորեն սահմանափակումից հետո, 2016թ. Ռուսաստանում իրականացված նախագծերի ընդհանուր արժեքը կազմեց $1.152 մլդ.: Իսկ ահա շինարարական կազմակերպությունների հետ նոր գործարքների ծավալը հասավ զրոյի[19]:

Ճգնաժամի հաղթահարումից հետո թուրքական ընկերությունները կրկին հնարավորություն ստացան շինարարական ոլորտում ծառայություններ մատուցել: Մասնավորապես, թուրքական շինարարական կազմակերպությունները կառուցում են տարբեր նշանակության ձեռնարկություններ, առևտրային և գրասենյակային կենտրոններ, կամուրջներ, էստակադաներ, բազմաֆունկցիոնալ բնակելի, բիզնես, սպորտային համալիրներ, օդանավակայանների տերմինալներ, ավտոճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ:

Թուրքիայի նկատմամբ կարճաժամկետ տնտեսական պատժամիջոցներից և դրանց մասնակի չեղարկումից հետո աստիճանաբար ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները կարգավորվում են։ Չի բացառվում, որ տնտեսական կապերի ամրապնդումով փորձ է արվում նվազեցնել քաղաքական ճգնաժամերում ի հայտ եկող ռիսկերը կամ, ինչպես նշում են մի շարք մասնագետներ, այդ կապերը հնարավորություն կընձեռեն նվազագույն կորստով հաղթահարել ապագա հնարավոր ճգնաժամերը[20]:

Հարկ է նկատել, որ Թուրքիան կախվածության մեջ է առաջնային էներգակիրներից, և Թուրքիա բնական գազ արտահանող (2018թ. տվյալով՝ 49%)[21] առաջնային գործընկերը մնում է Ռուսաստանը: Նույնիսկ ճգնաժամն էական ազդեցություն չի ունեցել գազի արտահանման ծավալների վրա (2016թ. տվյալով՝ 53%)[22]: Գերմանիայից հետո Ռուսաստանի համար Թուրքիան ռուսական բնական գազը սպառող երկրորդ պետությունն է: Ռուսաստանի համար Թուրքիայի տարածքը կարևոր է նաև տրանզիտային տեսանկյունից («Թուրքական հոսք» գազատար): Հավելենք, որ Թուրքիայում տարբեր նախագծերի շրջանակներում ռուսական ընկերությունները ներգրաված են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ, ինչը նշանակում է, որ էներգատնտեսական ասպարեզում գոյություն ունի փոխադարձ կախվածություն, որը երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործոն է: Այսպիսով, ռուս-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների ընդհանուր կառուցվածքը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին համագործակցությունը կշարունակվի։


[1] Türkiye-Rusya İlişkilerinde Üçüncü Dönem

[2] Türkiye-Rusya İlişkilerinde Üçüncü Dönem

[3] Rusya Türkiye ilişkilerine bir bakış

[4] Н. Ульченко, Торгово-экономические связи России и Турции в постсоветский период, Marmara Türkiyat Araştırmaları Dergisi, Cilt III, Sayı 2, Sonbahar, 2016, s. 125

[5] Торговый оборот РФ и Турции в этом году достигнет 30 млрд долларов

[6] А.А.Мочалов, Торгово – Экономические отношения России и Турции в 1991 – 2010 гг., ACTUAL PROBLEMS OF STUDYING CONTEMPORARY TURKEY, Proceedings of the Conference, 2010, с. 103.

[7] Внешняя торговля России с Турцией в 1 полугодии 2019 г.

[8] https://ria.ru/20151126/1329040635.html

[9] https://news.ru/economics/biznesmeny-turcii-i-dagestana-sozdadut-sovmestnye-predpriyatiya/

[10] Политическая экономия российско-турецких отношений: динамика развития ассиметричной взаимозависимости, «Углубление российско-турецких отношений», Доклад 41/2018,  с.22-23.

[11] Торгово-экономические отношения Турецкой Республики с государствами – участниками СНГ

(информационно-аналитическая справка), 2015.

[12] Նույն տեղում, с. 84-85

[13] Политическая экономия российско-турецких отношений: динамика развития ассиметричной взаимозависимости, «Углубление российско-турецких отношений», Доклад 41/2018, с.16.

[14] Справка о торгово-экономическом сотрудничестве между Российской

Федерацией и Турецкой Республикой

[15] http://admin.ved.gov.ru/uploads/obzor_economy_Turkey%202016.pdf

[16] Экономическое сотрудничество России и Турции в условиях угрозы региональной нестабильности

[17] Дмитриев: Бизнес Турции готов инвестировать в нацпроекты России

[18] TMB - Yurtdışı Müteahhitlik Hizmetleri - 2018 / Mart, s. 10

[19] Российско-турецкие экономические отношения на новом этапе, Доклад 28/2016, с.20.

[20] http://iibfdergi.sdu.edu.tr/assets/uploads/sites/352/files/yil-2017-cilt-22-sayi-2-yazi13-26052017.pdf

[21] Soli Özel, Belkıs Gökçe Uçar, Türkiye-Rusya ilişkilerinin Ekonomik boyutu, Dış Politika & Güvenlik 2019/11, s. 20

[22] DOĞAL GAZ PİYASASI 2016 YILI SEKTÖR RAPORU, Ankara, 2017, s. 7