ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները
5 ր. | 2019-10-10Ե րևանում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստերն առանձնանում էին ոչ միայն քնարկվող թեմաների շրջանակով, այլև աննախադեպ էին մասնակցող երկրների բարձրագույն ղեկավար կազմով։ Այս երկու հանգամանքներն էլ, իրենց հերթին, հոկտեմբերի 1-ին մեկնարկած նստաշրջանի արձանագրած առավել շոշափելի արդյունքների հիմք հանդիսացան։ Պետք է նկատել, որ միջոցառումը և արձանագրված ձեռքբերումները հիմք են տալիս եզրակացնելու, որ 2019թ. Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում բավականին արդյունավետ էր՝ առնվազն միության առջև դրված գերակայությունների կատարման մասով։
Մեր երկրի տնտեսական շահերի տեսանկյունից ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի էր ունենում «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովը, որի խորագիրը և օրակարգը ևս մեկ անգամ հաստատում էին, որ չնայած դեպի ծով ելքի բացակայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհագրական դիրքը կարող է օգտագործվել լոգիստիկ և ենթակառուցվածքային զարգացած համակարգի միջոցով Միության երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու գործում:
Հայաստանը աշխարհաքաղական զարգացումների թատերաբեմում տնտեսական առումով մշտապես տուժել է աշխարհագրական անբարենպաստ դիրքի պատճառով։ Մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության ժամանակ, որպես հակափաստարկ ներկայացվող տեսակետներից մեկը հիմնված էր անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայության վրա։ Այժմ, երբ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներն ավելի են ընդլայնվել, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի ներկայիս աշխարհագրական դիրքը ոչ միայն մեր երկրի տնտեսական հետագա զարգացումների համար կարող է նպաստավոր համարվել, այլև լուրջ դերակատարում ունենալ ԵԱՏՄ կառույցին այլ երկրների հետագա ինտեգրման համար։ Այստեղ առաջին հերթին հասկանում ենք հայ-իրանական ընդհանուր սահմանը, և ստացվում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր աշխարհագրական դիրքը կարող է տնտեսական հնարավորությունների լայն հարթակ ստեղծել։
Խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության ԵԱՏՄ-ին ինտեգրման գործընթացի մասին, նախ պետք է մատնանշենք հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք իհարկե լուրջ դերակատարում են ունեցել և դեռ կշարունակեն ունենալ ինտեգրացիոն այս գործընթացում։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ Իրանն էլ իր հերթին ԵԱՏՄ անդամ պետություններից ցամաքային սահման ունի միայն ՀՀ-ի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ Իրան-ԵԱՏՄ «տնտեսական գնացքն» անպայման անցնելու է Հայաստանի տարածքով։ Այս համատեքստում, պետք է փաստենք, որ օրեր առաջ Երևանում ստորագրված համաձայնագրով հայ-իրանական համագործակցությունը որակապես այլ հարթություն է տեղափոխվում, որտեղ մենք կարող ենք և պետք է արձանագրենք շոշափելի արդյունքներ։ Դրանց առաջին ալիքը հնարավոր կլինի տեսնել շատ մոտ ապագայում, մասնավորապես՝ հոկտեմբերի 27-ից գործելու է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև արտոնյալ պայմաններով առևտրի իրականացման ժամանակավոր համաձայնագիրը, որը մեծ հնարավորություններ կընձեռի ԵԱՏՄ-ում գործող, առաջին հերթին՝ հայկական կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտք ունենալու հարցում: Ասվածին մնում է ավելացնել, որ ՀՀ արտահանման կառուցվածքում Իրանի տեսակարար կշիռը տատանվում է 3-4%-ի շրջանակներում, և ակնհայտ կդառնա այն քողարկված ներուժը, որն առկա է հայ-իրանական տնտեսական համագործակցության համար։ Այստեղ ԵԱՏՄ-ի և հատկապես՝ ՀՀ-ի համար խիստ կարևոր է ստորագրված համաձայնագրով ստանձնած առևտրային պայմանավորվածությունները պատշաճ և բարձր մակարդակով կատարելը, քանի որ պարզեցված համաձայնագիրն ընդամենը առաջին քայլն է ԵԱՏՄ-Իրան հետագա առևտրատնտեսական ինտեգրման ճանապարհին, ինչի բարեհաճող ընթացքից և արդյունքներից են մեծապես կախված հետագա ինտեգրացիոն գործընթացների արագությունը և խորությունը։
Նկատենք, որ սույն համաձայնագրի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո 300-ից ավելի ապրանքատեսակներ կազատվեն տարիֆային կարգավորումների սահմանափակումից, կնվազեն արժեքային տարիֆները, ինչը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում արտադրված ցանկացած արտադրանք Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով արտահանել։ Դրանք վերաբերում են մի շարք գյուղատնտեսական ապրանքներին, հրուշակեղենին, ձկնատեսակներին և այլն։
Առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի հեռանկարը, քանի որ Հայաստանից Իրան վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացել է 67%-ով: Հաշվի առնելով միջազգային պատժամիջոցները՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետաքրքրությունները նույնպես բազմաբևեռ են։ Հատկապես ակնկալվում է համագործակցության խորացում բարձր տեխնոլոգիաների, գիտատեխնիկանան և զբոսաշրջության ոլորտներում։
Համաժողովի օրակարգային հաջորդ կարևոր ուղղությունը ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքումն էր, որի իրագործման հարցում ևս Հայաստանը բավականին մեծ ներդրում է ունեցել: Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումով նախատեսվում է 12 հազար 229 ապրանքատեսակների համար կիրառել 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ։ Նշենք, որ ԵԱՏՄ-Սինգապուր առևտրաշրջանառությունը 2018թ. 4.2 մլրդ ԱՄՆ դոլար է, որը ընդհանուր ապրանքաշրջանառության 0.56%-ն է։ Գաղտնիք չէ, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Սինգապուրի տնտեսական հաջողության հենասյուներից է: Հաշվի առնելով, որ այս ճյուղի զարգացումը Հայատանի համար գերակա է ուղղություններից է, համագործակցությունը խոստումնալից է և զարգացման լուրջ հեռանկարներ է պարունակում։
Հոկտեմբերին ուժի մեջ կմտնի ևս մեկ համաձայնագիր՝ Չինաստանի հետ, որը կհեշտացնի առևտրի ընթացակարգերը և կխթանի այլ նախագծերի իրականացմանը, որոնց թվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը: Փաստաթղթում սահմանվում են կողմերի փոխգործակցությունը ընդլայնելու մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվել են իրականացնել խորհրդակցություններ՝ պետական և մասնավոր կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակման կենտրոնների ստեղծման վերաբերյալ:
Երրորդ երկրների հետ ինտեգրացիոն և փոխգործակցության հարցերից զատ, նիստերի օրակարգում էին նաև Միության ընթացիկ գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, նիստի շրջանակներում քննարկվել են նաև բնական գազի մատակարարման և փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման և միասնական ֆինանսական շուկաներ ստեղծելու հայեցակարգային հարցը: Վերջինս կդառնա բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ օպերացիաների ունիվերսալ կանոնների մշակման և հաստատման ճանապարհային քարտեզ, որով նախատեսված միջոցառումների իրականացումը մեր երկրների քաղաքացիների համար հասանելի կդարձնի ֆինանսական գործիքները միության տարածքում: Հատուկ ուշադրություն է դարձվել աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելու միջոցառումներին, որը ոչ միայն կնպաստի աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը, այլև հետագայում բարենպաստ պայմաններ կստեղծի միասնական կենսաթոշակային համակարգի ներդրման, կենսաթոշակային տարբեր տարիքների համահարթեցման, ինչպես նաև ոլորտային այլ խոչընդոտների վերացման համար։ Հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ-ի ներսում համաձայնեցված քաղաքականությունը պետք է կատարելագործվի և որոշումների ընդունման գործընթացն առավել առաջանցիկ տեմպերով ընթանա։
Ամփոփելով, պետք է նշել, որ անհրաժեշտ է հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, քանզի չափազանց կարևոր է ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի շրջանակներում ձևավորել այնպիսի օրակարգ, որով միջազգային ինտեգրացիոն գործընթացի և տնտեսական համագործակցության օգուտները կլինեն ավելի առարկայական և տեսանելի հասարակության բոլոր շերտերի համար, ինչը կդրսևորվի նախ և առաջ Միության անդամ երկրների արտադրական պոտենցիալի հզորացման, կոոպերացիոն ներուժի զարգացման միջոցով, և կնպաստի անդամ երկրներում կենսապայմաների բարելավման, ներքին և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացման և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար։