Վերականգնվող էներգիային անցման անհրաժեշտությունը ՀՀ-ում
9 ր. | 2019-10-09Վերականգնվող էներգիային անցման անհրաժեշտությունը ՀՀ-ում
Մ արդկության զարգացմանը զուգընթաց աճում է էներգիայի պահանջարկը, ինչը նշանակում է, որ երկրի ընդերքից արդյունահանվող ռեսուրսները սպառվում են ավելի մեծ արագությամբ, քան ստեղծվում են բնության կողմից: Որոշ հաշվարկների համաձայն՝ ներկայիս սպառվող ծավալի պայմաններում աշխարհում հանածո վառելիքի պաշարները կսպառվեն առաջիկա 50-100 տարում։ Այդ իսկ պատճառով տարբեր երկրներում արդեն սկսել են անցում կատարել վերականգնվող էներգիայի:
Հայաստանը հարուստ չէ ածխաջրածինների պաշարներով, չունի ծով, ուստի մենք ստիպված ենք օգտագործել ատոմային ու գազատուրբիններից ստացվող ջերմային էներգիան: Ներկայումս Հայաստանը գրեթե ամբողջությամբ էլեկտրաֆիկացված ու գազիֆիկացված է, իսկ մեր երկրի էներգետիկան` հավասարակշռված: Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի 99,9% և գազի 95% հասանելիություն: Հայաստանում օգտագործվող գազն ու նավթամթերքն ամբողջովին ներկրվում են։ Գազի մեծ մասը՝ 80%-ը, ներկրվում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Իրանից։ Նավթամթերքը ևս մեծամասամբ ներկրվում է Ռուսաստանից և Իրանից: Մեր երկրում արտադրվող ու սպառվող էներգիայի ճնշող մեծամասնությունը՝ 50-60%, բաժին է հասնում գազին և ատոմակայանի վառելիքից ստացվող էներգիային, որոնք ներկրվում են: Ներկրումներից կախվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտը դարձնում է խիստ զգայուն վառելիքի մատակարարման ընդհատումների և գնի անկայունության նկատմամբ։
Եթե դիտարկենք ընդհանուր էներգակիրները՝ բնական գազ, բենզին, դիզելային վառելիք, կերոսին և այլն, ապա ընդհանուր էներգաբալանսի մեջ ներկրվող էներգակիրների չափազանց մեծ բաժինը մտածելու տեղիք է տալիս, իսկ տնտեսությունը զարգացնել առանց էներգիայի պարզապես անհնար է: Հետևաբար, կանխատեսելի է, որ մեր էներգասպառումը գնալով ավելանալու է: Սակագները նույնպես, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, աճում են: Եթե դիտարկենք միայն ազգաբնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը, ապա այստեղ պարզ է, որ վերջին 20 տարում այն մոտավորապես կրկնակի ավելացել է:
Ուստի, մեր կախվածությունը ներկրվող էներգառեսուրսներից փոքրացնելու համար անհրաժեշտ է անցում կատարել այլընտրանքային կամ վերականգնվող ռեսուրսներին: Վերականգնվող էներգիան ստացվում է վերականգնվող ոչ հանածո աղբյուրներից։ Այն առաջնային էներգառեսուրսները, որոնց օգտագործման ինտենսիվությունն էապես զիջում է բնության կողմից դրանց ստեղծման ինտենսիվությանը, կոչվում է վերականգնվող: Օրինակ՝ ջուր, արև, քամի, ընդերք: Վերականգնվող էներգիայի կիրառումն ունի մի շարք օգուտներ՝ բնապահպանական, ֆինանսական, սոցիալական և քաղաքական: Բնապահպանական օգուտներից են հանածո վառելիքի արդյունահանման կրճատումը, ջերմոցային գազերի արտանետումների, օդի աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կրճատումը, անտառների ոչնչացման կանխումը: Ֆինանսական օգուտներից են կանխատեսելիությունը, անկախությունը էներգակիրների գնի տատանումներից, շահագործման ցածր ծախսերը: Սոցիալական օգուտներից է օդի աղտոտվածության պատճառով հիվանդությունների նվազումը, նոր աշխատատեղերի և մասնագիտությունների ստեղծումը, սեփական էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորությունը: Քաղաքական օգուտների թվում են ներկրվող էներգակիրներից կախվածության կրճատումը և ՎԷ ներդրումների աճը:
Վերականգնվող էներգետիկան ունի մի քանի տարատեսակներ՝ հիդրոէներգետիկա, արևային, հողմային, երկրաջերմային, կենսազանգվածի վրա հիմնված և ծովի ալիքներից ստացվող էներգիա: Բնականաբար ծովի ալիքների էներգիան օգտագործելու հնարավորություն Հայաստանը չունի, սակայն մյուս ռեսուրսները Հայաստանին հասանելի են: Հիդրոէներգետիկ ռեսուրսը գրեթե ամբողջությամբ իրացված է, հետևաբար, Հայաստանի դեպքում հարկ է զարգացնել նաև արևային, հողմային, երկրաջերմային ու բիովառելիքի վրա հիմնված ռեսուրսները:
Վերականգնող էներգիայի ներուժը ՀՀ-ում
Հ այաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ` 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը 1720 կվտժ/մ2 է, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարով, ինչը եվրոպական ցուցանիշը գերազանցում է մոտ 2 անգամ: 2018թ-ի տվյալներով՝ ՀՀ ներքին սպառման էլեկտրաէներգիայի միայն 0.09%-ն է կազմում արևային էներգիան: Հողմային էներգետիկան ևս բավականին զարգացող և ներուժ ունեցող ճյուղ է ՀՀ-ում: ՄԱԶԾ ԳԵՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության համաձայն՝ հողմային էներգետիկայի ներուժը Հայաստանում 5000ՄՎտ է, ինչը տարեկան սպառվող էլէներգիայի 78%-ն է: 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ էլէներգիա է արտադրել 2 հողմաէլեկտրակայան, որոնց գումարային հզորությունը 2,9 ՄՎտ է, իսկ 2 հողմակայան՝ 5,3 ՄՎտ հզորությամբ, կառուցման փուլում է: 2018թ.-ին հողմային էլեկտրակայաններից ներքին սպառման համար մատակարարվել է ընդհանուր սպառված էներգիայի ընդամենը 0.03%-ը:
Հիդրոէներգետիկան, ի տարբերություն արևային և հողմային էներգետիկայի, առավել տարածված է Հայաստանում. այսօր գործում են դեռևս խորհրդային շրջանում կառուցված Սևան-Հրազդան Կասկադը, Որոտանի Կասկադը և վերջին տարիներին հիմնված շուրջ 187 փոքր ՀԷԿ-եր: Երկրաջերմային էներգետիկան ՀՀ-ում չի կիրառվում:
Վերականգնվող էներգետիկան ՀՀ-ում
Վ Է զարգացման մեջ շատ կարևոր է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման ծրագիրը, որի շինարարությունը կսկսվի 2019թ.-ի դեկտեմբերին, ինչպես նաև հետագայում նախատեսվող ևս 5 կայանների կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ: Կառավարությունն արևային էներգիայից օգտվելու համար խրախուսում է կարգավորման և հարկային պարտավորություններից այն ինքնավար արտադրողների ազատումը, որոնք օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ, և որոնց կայանների տեղակայված հզորությունը չի գերազանցում 150 կՎտ-ը ֆիզիկական անձանց և 500 կՎտ-ը՝ խոշոր սպառում ունեցող իրավաբանական անձանց դեպքում: Շատ կարևոր է նաև, որ հնարավորություն է ստեղծվել իրացնելու այդ արտադրողների արտադրած, բայց չսպառված էլեկտրաէներգիան ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից վերջնական սպառողների համար սահմանված սակագնի 50%-ի չափով, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների, վաճառելու ՀԵՑ-ին (2019թ. փետրվարի 1-ի դրությամբ ՀԷՑ ՓԲԸ-ին միացված են 823 ինքնավար արտադրող արևային կայաններ՝ 9589,73 կՎտ հզորությամբ և ընթացքում են 62-ը՝ 2668,25 կՎտ ընդհանուր հզորությամբ: 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 1141 ինքնավար արտադրող արևային կայաններ 16305,405 կՎտ հզորությամբ և ընթացքում են 94-ը՝ 3104,945 կՎտ ընդհանուր հզորությամբ): Ոլորտի զարգացման խթաններից է նաև առևտրային բանկերի կողմից տարեկան 10,5%-ով և առանց համաֆինանսավորման պահանջի 10 տարով արտոնյալ վարկերի տրամադրումը: Կառավարության կողմից իրականացվող վերոնշյալ ծրագրերը, իհարկե, ողջունելի են, սակայն հասարակությունը դեռ պատշաճ իրազեկված չէ վերականգնվող էներգիայի առավելություններին և օգուտներին:
Էներգախնայողությունը օրինակով
Հ այաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95% է: ՀՀ-ում բնական գազ է օգտագործում 594 բնակավայր: 2018թ-ին գազի սպառումը 2017թ-ի համեմատ աճել է մոտ 4%-ով:
Եթե բնակչությունը սկսի ավելի շատ օգտագործել վերականգնվող էներգիա, օրինակ, օգտվի արևային էներգիայից և նույնիսկ 10%-ով ավելի քիչ գազ կամ էլեկտրաէներգիա սպառի, ապա տարեկան 7526.3 մլն դրամի ավելի քիչ գազ կգնենք կամ 181.5 մլն կՎտ/ժ էներգիայի խնայողություն կանենք:
Դիտարկենք 4-5 անձինց բաղկացած միջին վիճակագրական ընտանիքը, որը տարեկան մոտ 250 հազ. դրամ ծախսում է գազի սպառման համար: Արևային ջրատաքացուցիչների միջին շուկայական գինը 400 հազ. դրամ է, իսկ երաշխիքային օգտագործման ժամկետը մոտ 10 տարի: Արևային վահանակների տեղադրման դեպքում ծախսվում է մոտ 2մլն դրամ՝ 15 տարի երաշխավորված օգտագործման ժամկետով: Միջին ընտանիքի համար անհրաժեշտ է 4-5 կվտ հզորության արևային կայան, որը տարեկան կարտադրի մոտ 8000 կվտ/ժ էներգիա: Ստացվում է, որ 10 տարվա ընթացքում արևային վահանակների և ջրատաքացուցիչի վրա կատարված ներդրումը փոխհատուցվում է նույնիսկ միայն գազ չսպառելու հաշվին, իսկ եթե ավելացնենք էլեկտրաէներգիայի սպառումից խնայված գումարը և արևային վահանակների միջոցով արտադրված, սակայն չսպառված էներգիան ՀԵՑ-ին վաճառելուց ստացված գումարը, կստացվի, որ և՛ տնային տնտեսությունն է ֆինանսապես շահում, և՛ չվերականգնվող էներգիայի սպառումն է կրճատվում:
Նույնը կարելի է ասել նաև տրանսպորտի համար. Հայաստանում ճանապարհային տրանսպորտի մեծ մասը շահագործվում է բնական գազով, քանի որ այն էժան է: 2018թ.-ին ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվել է 64509 մլն դրամի գազ, որը 2017թ-ի համեմատ աճել է շուրջ 16%-ով կամ 8768 մլն դրամով: Հաշվի առնելով գազի նման մեծ ծավալի սպառումը, գազի ներկրումը, շահագործման մեջ ռիսկայնության բարձր աստիճանը և շրջակա միջավայրին հասցվող վնասը, ակնհայտ է, որ այս ոլորտում ևս Հայաստանին այլընտրանք է պետք: Լավագույն տարբերակը էլեկտրամոբիլն է. գլխավոր առավելությունն այն է, որ թունավոր արտանետումներ չկան, իսկ թերությունը օգտագործված մարտկոցների ուտիլիզացիան է, որը, սակայն, որոշ պետություններ, ինչպես օրինակ Չինաստանը, վերամշակում է: Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա տարբեր հաշվարկներով այս մեքենաները նույն հզորությամբ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաներից միջինը 3-5 անգամ ավելի խնայող են։ Ավելի առարկայական պատկերացնելու համար՝ ՊԵԿ տվյալների համաձայն՝ ՀՀ 2018թ.-ին ներմուծվել է 278186,5 հազ. ԱՄՆ դոլարի նավթամթերք. եթե էլեկտրական շարժիչով մեքենաները կազմեն նույնիսկ 1%-ը, ապա մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանը տարեկան 2782 հազ. ԱՄՆ դոլարի ավելի քիչ նավթամթերք կամ 1350 հազ. ԱՄՆ դոլարով պակաս գազ կներկրի:
Կառավարությունը դեռ 2 տարի առաջ թիրախավորել էր այս ուղղությունը, ինչի արդյունքում էլեկտրական շարժիչով մեքենա ներմուծող ընկերություններն ազատվել են հարկերից, տուրքերից և գույքահարկից: Էլեկտրամոբիլների հարկից ազատումից անմիջապես հետո՝ 2017թ.-ին շուրջ 5 անգամ ավելացավ ներկրվող էլեկտրամոբիլների թիվը:
Էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործումը խրախուսվում է նաև պետական մակարդակով. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ-ն Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ է ուղակել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհների միջոցով անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանը:
Միջազգային փորձ
Հ ամաշխարհային էներգետիկայի վիճակը մասնագետները գնահատում են բարդ. այսօր ամբողջ աշխարհում էներգետիկ սովի հետ այս կամ այն չափով առնչվում է շուրջ 4 միլիարդ մարդ, ընդ որում՝ մոտ 1,2 միլիարդ մարդ կամ մոլորակի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, չունի հասանելիություն էլեկտրաէներգիային: Եվս 2,8 միլիարդն ամենօրյա սնունդը պատրաստելու և բնակարանների ջեռուցումն ապահովելու համար օգտագործում է փայտ, ածուխ, կենսազանգված և այլն:
Մոլորակի բնակչությունը մինչև 2050թ. կաճի ևս 1,7 միլիարդով, ինչը նույնպես կհանգեցնի էներգիայի մեծ պահանջարկի և էներգակիրների թանկացման: Այս համատեքստում համաշխարհային հանրությունը հույս է կապում վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացման տեխնոլոգիաների զարգացման հետ:
Այսօր արդեն կան երկրներ, որտեղ տուն կառուցելիս արևային տեխնոլոգիաները պարտադիր ու պետության կողմից խրախուսելի պայման են: Գերմանիան՝ կիրառման առաջատարը, պլանավորել է մինչև 2050թ. իր երկրի էլեկտրաէներգիայի պահանջի առնվազն 80%-ն ապահովել վերականգնվող էներգիայի միջոցով, որի զգալի մասը նախատեսվում է ստանալ արևային էներգիայից:
Վերջին 10 տարում զարգացած երկրներում արևային էներգիայի կիրառումն աճել է ավելի քան 4 անգամ՝ ապահովելով էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40%-ը:
Վերականգնվող էներգիան ամբողջ աշխարհում ստեղծվել է որպես այլընտրանք, որը տարիների ընթացքում պետք է դառնա էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը: Վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ հետազոտություններ իրականացնող միջազգային REN21 ընկերության Renewables 2018 Global Status Report (GSR) զեկույցի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիան 2018թ. ավելացել է շուրջ 181Գվտ-ով: Ընդհանուր առմամբ՝ 2018-ին աշխարհում արտադրվել է 2378 ԳՎտ վերականգնվող էներգիա: Մասնավորապես, 2018թ-ին աշխարհում հիդրոէներգիայից արտադրվել է 1132 ԳՎտ էներգիա, քամուց՝ 591 ԳՎտ, իսկ արևային վահանակներից՝ 505 ԳՎտ էներգիա: Աշխարհում արտադրված էներգիայի ավելի քան 33%-ը այժմ կազմում է վերականգնվող էներգիան: 2018թ-ին ՎԷ-ի ոլորտում կատարվել է շուրջ 289 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում: 2018թ. ավարտին գլոբալ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի գնահատված մասնաբաժինը ավելի քան 26% էր, սակայն ջեռուցման, սառեցման և տրանսպորտային ոլորտները, որոնք էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ չորս հինգերորդ մասն են կազմում, դեռևս հետ են մնում էներգետիկ հատվածից:
Տնտեսական առումով ավելի էժան է արդյունավետությամբ ու խնայողությամբ նվազեցնել էներգիայի սպառումը, քան՝ նոր արտադրող հզորություններ ստեղծելը: Պետք է արձանագրել, որ մենք կարող ենք էներգասպառումը կրճատել: Հաշվի առնելով, որ վերականգնվող էներգետիկան հնարավորություն չունի Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրը լինելու, այն կարող է լինել նրա մի կարևոր բաժինը: Վերականգնվող էներգետիկ աղբյուրների զարգացումը կստեղծի կայուն էներգետիկ միջավայր, որը կլինի ազգային անվտանգության քաղաքականության կարևոր բաղադրիչը, հետևաբար՝ ոլորտի զարգացումը պետք է լինի կառավարության առաջնահերթությունների ցանկում: