Դավիթ Գարեջի վանական համալիրի խնդիրը

16 ր.   |  2019-09-16

Ադրբեջանի հանրային-քաղաքական դիսկուրսը՝ 2019թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին 

«Մենք ամռանը գնում ենք Քեշիշդաղ հանգստանալու, իսկ վրացիները գնում են աղոթելու»
Ահմեդ Սալիմով, Ադրբեջանի Բյույուք Քեսիք գյուղի 61-ամյա բնակիչ

 

Դավիթ Գարեջի համալիրը

2 007թ.-ից ի վեր վրաց-ադրբեջանական հարաբերություններում գորդյան հանգույցի վերածված միջնադարյան վանական համալիրի՝ Դավիթ Գարեջի [1] (ադրբ.` Քեշիքչիդաղ, Քեշիշդաղ) պատկանելության խնդիրը կրկին օրակարգում հայտնվեց 2019թ. գարնանը՝ առժամանակ ստվերելով վրաց-ադրբեջանական «եղբայրական և դաշնակցային» հարաբերությունները: Չնայած համալիրի շուրջ ստեղծված իրադրությունը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած միջպետական սահմանային տարաձայնությունների ածանցյալն է՝ այնուամենայնիվ, ունի պատմաքաղաքական և կրոնամշակութային նշանակություն:


Համալիրի քարտեզը՝ ըստ Europa Nostra կազմակերպության զեկույցի:

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստան-Ադրբեջան պետական սահմանը վերջնականապես հստակեցված չէ: 1996թ. ստեղծված սահմանագծման և սահմանազատման վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը դադարեցրել է աշխատանքները. վերջին՝ 11-րդ նիստը, գումարվել է 2011թ. Բաքվում: 480կմ երկարությամբ պետական սահմանի 314 կմ-ն է միայն սահմանազատված, իսկ 166 կմ-ի շուրջ ուսումնասիրությունները փորձագիտական մակարդակով շարունակվում են մինչ օրս: Դավիթ Գարեջի վանական համալիրը միջպետական սահմանի չհամաձայնեցված հատվածում է՝ Վրաստանի Սագարեջո, Ադրբեջանի Աղստաֆա վարչական շրջաններում: Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Դավիթի մայրավանքը, սահմանի վրացական, իսկ Բերդուբանին՝ ադրբեջանական կողմում է: Վիճելի տարածքում են համալիրի Ուդաբնո և Չիչխիտուրի եկեղեցիները, որոնցով անցնող սահմանի հստակեցման շուրջ էլ երկուստեք բանավեճ է ծավալվում:

Համալիրի նկատմամբ պահանջներ ունի թե՛ վրացական և թե՛ ադրբեջանական կողմը. առաջինի պնդմամբ համալիրն ամբողջությամբ Վրաստանինն է: Ադրբեջանական կողմը գտնում է, որ հուշարձանը Կովկասյան Ալբանիայի (Աղվանք, Բուն Աղվանք) մշակութային ժառանգության մաս է և որևէ առնչություն չունի վրացիների հետ: Հատկանշական է, որ բարձունքը, որի վրա համալիրն է, Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն, ինչով էլ պայմանավորված է պատմական հուշարձանի խնդրի քաղաքական ենթատեքստը:

Դ. Գարեջի համալիրի պատկանելության և տվյալ հատվածի սահմանազատման շուրջ բանավեճը պարբերաբար ակտիվանում է. 2007-ի ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ «համալիրը ադրբեջանցիների նախնիների` կովկասյան ալբանների» ժառանգությունն է, ինչին հաջորդեց վրացական կողմի պատասխանը, և խնդիրը երկկողմ հարաբերություններում դարձավ օրակարգային: 2012թ. խոշոր միջադեպից[2] հետո համալիրի շուրջ աննախադեպ լարվածություն առաջացավ 2019թ. ապրիլ-մայիս ամսիներին, երբ Վրաստանի նախագահ Ս. Զուրաբիշվիլին համալիր կատարած այցի շրջանակներում վրացի սահմանապահների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ  անհրաժեշտ է անհապաղ լուծել սահմանի հստակեցման հարցը։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանական կողմը մի քանի օրով փակեց վանք տանող ճանապարհը, ինչը Վրաստանում հանրային-քաղաքական վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց։ Լարվածությունն առժամանակ նվազեց հունիսին, երբ վերստեղծվեց սահմանազատման և սահմանագծման միջպետական հանձնաժողովը և հայտարարվեց, որ պետական սահմանի ուսումնասիրման աշխատանքները վերսկսելու համաձայնություն է ձեռք բերվել: Հուլիսի 14-ին, սակայն, ադրբեջանցի սահմանապահների և վրացի քաղաքացիների միջև բախում եղավ [3], ինչն Ադրբեջանի քաղաքական և հանրային-վերլուծական շրջանակներում բազմաթիվ հակասական մեկնաբանություններ առաջացրեց:

Լարվածության ողջ ընթացքում Ադրբեջանի վարքագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ՝

  • Ադրբեջանը դարձել է սեփական պաշտոնական, հակապատմական թեզերի զոհը, քանի որ ստիպված է լինում տարածաշրջանում Հայաստանի հաշվին «Ադրբեջանի հինավուրց լինելու ապացուցման» համար մշակված թեզերը կիրառել նաև հարևան այլ երկրների դեմ,
  • Վրաց-ադրբեջանական հարաբերությունները հեռու են կատարյալ «եղբայրական» լինելուց և, ի թիվս Դ.Գարեջիի, կան խնդիրներ[4], որոնք կարող են հանգեցնել միջպետական ճգնաժամի,
  • Ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան ամենալարված իրավիճակներում անգամ կարողանում է վերահսկել և ուղղորդել Ադրբեջանի հանրային ակտիվ շրջանակները` հնարավոր բոլոր միջոցներով կանխարգելելով սեփական հանրույթում պաշտոնական թեզերի նկատմամբ անվստահության աճը:

Պաշտոնական Բաքվի արձագանքները

Հ արկ է նշել, որ ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական կողմի հայտարարությունները թե՛ քանակական և թե՛ բովանդակային առումով զուսպ էին, ինչն անմիջականորեն պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը հանդես էր գալիս «մեղադրյալի» դիրքերից: Մասնավորապես՝ մինչ Վրաստանի նախագահիվարչապետիԱԳ նախարարի, ապա նաև՝ Վրաստանի պատրիարքի կողմից հնչեցին զգացմունքներին չտրվելու կոչեր, որտեղ ընդգծվում էր բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, ադրբեջանական կողմից պարզաբանմամբ հանդես եկավ միայն ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, որ սահմանազատումն իրականացվելու է փոխադարձ համաձայնությամբ, միջազգային պրակտիկայում կիրառվող կանոններին համապատասխան, և Ադրբեջանն ինչպես անցյալում, այնպես էլ հիմա պատրաստ է հնարավորինս արագ ավարտին հասցնել այն: Հատկանշական է, որ թե՛ Աբդուլաևայի պարզաբանման, թե՛ մայիսի վերջին ԱՀ ԱԳՆ փոխնախարար, ԱՀ նախագահի սահմանային և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խ. Խալաֆովի [5] հայտարարության մեջ[6] համալիրի պատկանելությանը և խնդրի առաջացման պատճառներին անդրադարձ չէր արվում:

Հուլիսի 14-ի միջադեպից հետո ադրբեջանական պաշտոնական հռետորաբանությունը մասամբ փոխվեց. միջադեպի վերաբերյալ ԱՀ ԱԳՆ հայտարարությունում[7], ինչպես նաև Խ. Խալաֆովի՝ ԱՀ պետական լրատվակայքին տված հարցազրույցում դեպքը բնորոշվեց որպես «երկու երկրների միջև բախում հրահրելուն միտված սադրանք»։ Ընդգծվեց, որ տեղի ունեցածը «հարված է երկու երկրների բարեկամական, մտերիմ, հարևանային և ռազմավարական հարաբերություններին»: Հարկ է նկատել, որ Խալաֆովը, ի տարբերություն 2007թ., իր երկու հայտարարություններում էլ խուսափեց պնդել «համալիրի ադրբեջանական ժառանգություն լինելը»՝ նշելով, որ կրոնական, քաղաքակրթական և, ընդհանրապես, ոչ իրավական բնույթի փաստերը սահմանազատման համար հիմք չեն կարող լինել, իսկ համաձայն առկա փաստաթղթերի՝ համալիրը մշտապես եղել է Ադրբեջանի տարածքում:

Այն փաստը, որ պաշտոնական Բաքուն այս անգամ խուսափում էր խոսել համալիրի պատկանելությունից և շեշտը դնում էր խնդրի իրավական լուծման վրա, թույլ է տալիս ենթադրել, որ համալիրի ադրբեջանական մշակութային ժառանգություն լինելու մասին թեզերի վրա հիմնված քաղաքականությունը որոշակիորեն սպառվել է. հարցը, թե ինչու է Ադրբեջանը պատրաստ թեկուզ և մասամբ զիջել իր «պատմական ժառանգությունը» վրացական կողմին, մնում է անպատասխան: Ուշադրության է արժանի նաև դեպքերին տրված պաշտոնական գնահատականը՝ սադրանք, որը, ինչպես կտեսնենք ստորև, ուղղորդելու էր հանրային-վերլուծական շրջանակներին՝ խորացնել մինչ այդ առաջ քաշված մակերեսային տեսակետները և լծվել իրադարձություններում «մեղավորներ» փնտրելու գործին:

Ադրբեջանական թեզերն ու փորձագիտական գնահատականները

2 005թ. նախագահ Ի. Ալիևի վրաց-ադրբեջանական սահման այցելությամբ ընդգծվեց համալիրի հարցում որդեգրվող պետական քաղաքականությունը, որը միտված էր համալիրի յուրացմանն ու ադրբեջանականացմանը. 2007թ. դեկտեմբերի 19-ին Ի. Ալիևի հրամանագրով Դ.Գարեջիի ադրբեջանական կողմում տարածվող հուշարձանային-քարանձավային հատվածը հայտարարվեց ԱՀ «Քեշիքչիդաղ» պետական պատմամշակութային արգելոց, ինչից հետո պետական աջակցությամբ համալիրն սկսեց ներկայացվել միջազգային գիտաժողովներում [1,2,3], կազմակերպվեցին ճանաչողական շրջայցեր [1,2], նկարահանվեցին վավերագրական ֆիլմեր և հոլովակներ: Այդ ամենն ադրբեջանական հանրության շրջանում հանգեցրեց ոչ միայն «Քեշիքչիդաղի» գոյության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, այլև «հուշարձանի՝ ադրբեջանական ժառանգություն լինելու»՝ վերևից տարածվող թեզերի յուրացմանը: Արդյունքում, արդեն 2019թ. ադրբեջանական հանրային-վերլուծական շրջանակներում լարվածության առաջին արձագանքներն ամբողջությամբ կրում էին պաշտոնական դիրքորոշման ազդեցությունը:

Ադրբեջանը համալիրի ալբանական լինելու պնդումներին զուգահեռ ադրբեջանցիներին ներկայացնում էր որպես Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Վրաստանի հարավի և արևելքի հնագույն էթնոսներից մեկը, տարածքային հավակնություններ ներկայացնում անգամ Թբիլիսիի հանդեպ՝ պնդելով, որ այն եղել է Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) սահմաններում [1,2,3,4,5]: Զուգահեռաբար, շեշտադրվում էր «վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև դարավոր եղբայրական հարաբերություններն ու Ադրբեջանի մշտական աջակցությունը Վրաստանին»։ Այս առումով տիպական է ԱՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի արձագանքը՝ ի պատասխան Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Ի. Օկրուաշվիլու և Լեյբորիստական կուսակցության նախագահ Շ.Նաթելաշվիլու հայտարարություններին: Վերջինս ադրբեջանցիներին անվանել էր «բռնազավթիչ»՝ ասելով, որ նրանք եկել են Միջին Ասիայից և որևէ կապ չունեն Կովկասի հետ: Ադրբեջանցի պատմաբանները պնդում էին, թե այդ հայտարարություններում իրենց տրվել է «չոբան, եկվոր» բնորոշումը և հեգնում՝ ասելով, թե «իրականում վրացիներն են եկել Իբերիայից և Իմերեթիայից և բնակվել Ադրբեջանի պատմական հողում։ Ավելին՝ վրաց Դավիթ 4-րդ թագավորի 65 հազարանոց բանակի 45 հազարն էլ հենց այդ «չոբան» թյուրքերից էր բաղկացած»: Եվ չնայած հոդվածում վրացի ժողովրդին տրվող այդպիսի ոչ դրական բնորոշումներին՝ այն ավարտվում էր վրաց-ադրբեջանական «բարեկամական» հարաբերությունների հիշատակումով: Նույնպիսի շեշտադրումներ էին նկատվում պատգամավորներ Գ.Փաշաևայի, Թ. Քերիմլիի, Ֆ. Գուլիևի խորհրդարանական ելույթներում, Ք. Հասանգուլիևի՝ Axar.az լրատվակայքին տված հարցազրույցում: Փաշաևան պնդում էր, թե համալիրն ադրբեջանական հուշարձան է՝ կոչ անելով հայրենակիցներին համալիրի համար չկիրառել Դավիթ Գարեջի անվանումը, քանի որ «այն պատմական ադրբեջանական Քեշիքչիդաղն է»: Նա զգուշացնում էր Վրաստանին՝ հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով՝ «ինչքան Վրաստանն է հարկավոր Ադրբեջանին, այնքան էլ Ադրբեջանն է հարկավոր Վրաստանին»: Ք. Հասանգուլիևը, ի լրումն Փաշաևայի, պնդում էր, որ Վրաստանն այդպիսի գործերով «վտանգի տակ է դնում իր պետության գոյությունը»: Նա ընդգծում  էր, որ Վրաստանն արտաքին աշխարհի հետ կապ է հաստատում Ադրբեջանի եղբայր Թուրքիայի միջոցով, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ չմտահոգվելով նրանից ունեցած հաղորդակցային կախվածության մասին: Այս և այլ տեսակետներով հաջողվում էր ստեղծել տպավորություն, թե Ադրբեջանի շնորհիվ է Վրաստանը շարունակում «ոտքի վրա մնալ»: Հետաքրքրական է նաև կրկնված այն թեզը, թե Ադրբեջանի համար համալիրն ունի սկզբունքային կարևոր նշանակություն, քանի որ «ալբանական ժառանգությունից» հրաժարվելու դեպքում հայերն առավելություն են ստանալու՝ հավակնելով «ալբանական մյուս հուշարձաններին»: Այս տեսակետն էլ գալիս է ապացուցելու, որ տարածաշրջանում հնագույն ժողովուրդ և պետականություն ներկայանալու նկրտումների համատեքստում հայ ժողովրդի դեմ սկսած պայքարի հիմնավորման համար Ադրբեջանն ստիպված է դեմ դուրս գալ նաև «եղբայրական Վրաստանին»:

Սադրա՞նք, թե՝ «մեղքն ուրիշի վրա բարդելու» անհաջող փորձ

Դ . Գարեջի համալիրի շուրջ լարվածության առաջացման սկզբնական շրջանում ադրբեջանական կողմից սկսեցին առաջ քաշվել տեսակետներ, որ տեղի ունեցածը կառավարվում էր մեկ կենտրոնից, ինքնաբուխ չէր  և ավելին՝ մտածված սադրանք էր՝ ուղղված «վրաց-ադրբեջանական բարեկամական և ռազմավարական հարաբերությունների վատթարացմանը»: Այդ տեսակետն էին առաջ քաշում Վրաստանի մուսուլմանների վարչության նախագահ Հաջը Ռահիմ Իգիդովը, Բորչալու համայնքի նախագահ Զալիմխան Մեմեդլին, քաղաքագետներ Գաֆար ՉախմախլընԻլհան Շահինօղլուն: Ռ. Իգիդովը պնդում էր, թե «որոշ ուժեր», օգտվելով խորհրդային տարիներին երկու պետությունների միջև սահմանների անորոշությունից, փորձում են թեժացնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները և սրել իրավիճակը տարածաշրջանում: Զ. Մեմեդլին դեպքերը փորձում էր կապել վրաց-հայկական հարաբերություններում գրանցվող զարգացումների՝ վրաց իշխանությունների թույլտվությամբ Ջավախքում հայ ազատամարտիկ Մ. Ավագյանի արձանի տեղադրման, Հայաստան-Ռուսաստան նոր տրանզիտային ուղիների անցկացման, և առհասարակ, հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների զարգացման մտադրության հետ: Նա պատահականություն չէր համարում վրացիների քայլարշավը դեպի «Քեշիքչիդաղ» և Ադրբեջանի դեմ պահանջների բարձրաձայնումը: Մեմեդլին պնդում էր, որ Բաքու-Թբիլիսի հարաբերությունների սրումը բխում է նաև Կրեմլի և Թեհրանի շահերից: Քաղաքագետ Գ. Չախմախլըն,  ի զարգացումն Զ. Մեմեդլիի տեսակետի, գտնում էր, որ պետք է վերանայել «հայ ահաբեկչի արձանն» իր երկրում տեղադրող ղեկավարության հետ հարաբերությունները՝ լարվածության առաջացման պատճառների շարքում մատնանշելով խնդրի լուսաբանման գործում հայկական մամուլի ակտիվությունը:

Այդ տեսակետները գնալով խորքային բնույթ ստացան և հատկապես հուլիսի 14-ին վրացի ակտիվիստների և ադրբեջանցի սահմանապահների միջև գրանցված բախումից հետո իրադարձություններն սկսեցին ամբողջությամբ դիտարկվել երրորդ, չորրորդ շահագրգիռ ուժերի կողմից հրահրված սադրանքի համատեքստում:  Զարմանալի չէր, որ որպես այդպիսիք առաջին հերթին ներկայացվեցին Հայաստանն ու Ռուսաստանը,  հետո նաև՝ «համաշխարհային ուժային կենտրոնները» [1,2,3,4]: Ռուսաստանը մեղավորների ցուցակում էր հայտնվում Վրաստանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, խոշոր ուժային կենտրոնները՝ տարածաշրջանում սեփական դիրքերի հաստատման հնարավոր նկրտումներից ելնելով, իսկ Հայաստանի հետ կապված կարծիքներն առավել բազմաբևեռ էին:

Չնայած ադրբեջանական կողմից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչում են Ադրբեջանում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձություններով պայմանվորված՝ այս անգամ նկատվում էին նաև սադրիչ երանգներ՝ ուղղված հայ-վրացական հարաբերությունների խաթարմանը: Դ. Գարեջիի շուրջ ստեղծված լարվածության մեջ հայկական հետքի որոնումներին նվիրված հոդվածներ հրապարակվեցին Publika.azMusavat.az կայքերում, որտեղ առաջ էր քաշվում այն տեսակետը, թե Հայաստանը ցանկանում է Բաքվի դեմ երկրորդ ճակատ բացել, վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմամբ ապահովել Ադրբեջանի շրջափակումը և ուժեղացնել սեփական դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում: Անդրադարձ էր կատարվում Վրաստանում այդ ժամանակ ընթացող հակառուսական ցույցերին հայերի մասնակցությանը: Մասնավորապես՝ նշվում էր, թե դրանք կազմակերպում են հայերը՝ նպատակ ունենալով մասնատել Վրաստանը և տիրանալ Ջավախքին: Իրադարձություններում հայկական հետքի առկայությունն էին պնդում նաև ԱՀ նախկին ԱԳ նախարար Թ. Զուլֆուգարովը, պատգամավորներ Ռ. ՄուսաբեյովըԳ. Փաշաևան, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յ․Մահմուդովը, Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ա․Բաբաևը, քաղաքական մեկնաբաններ Զ. ԱլիզադենԷ. Ամաշովը և ուրիշներ: Այսպես, Մահմուդովը պնդում էր, որ սադրանքն ուղղված է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության խաթարմանը: Բաբաևը հայտարարում էր, թե հայերը դեռևս խորհրդային տարիներից են պատրաստել այս սադրանքը, իսկ Ամաշովն առաջ էր քաշում հայերի՝ վրաց-ադրբեջանական բարեկամության և ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի հզորության նկատմամբ տածած անհանդուրժողականության մասին թեզեր, որոնցում հիշեցնում էր «2008թ. Աբխազիայի և Հարավային Օսիայի պատերազմում վրացիների դեմ կռված մեծաթիվ հայերի» մասին և ընդգծում ՝«նրանք (հայերը – Է.Հ.) մինչև օրս էլ Վրաստանից հողային պահանջներ ունեն»: Իհարկե, իրադարձությունների մեղավորների շարքում անպայմանորեն Հայաստանի կողքին հիշատակվում էր նաև հայկական սփյուռքն իր հնարավորություններով:

Այս ամենին զուգահեռ՝ հուլիսյան լարվածության շրջանում կարելի էր հանդիպել նաև խիստ շեշտադրումների՝ ուղղված Վրաստանին և վրաց ժողովրդին: Այսպես, «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Է. Շահինօղլուն հայտարարում էր, թե Ադրբեջանը պետք է խստացնի իր քաղաքականությունը Վրաստանի հանդեպ:

«Վրաստանը չի կարող ճնշումներով Ադրբեջանից հող վերցնել։ Եթե նրանք տարածքային պահանջով հանդես գան, մենք էլ կարող ենք տարածքային պահանջներ բարձրացնել, ինչը որևէ լավ բան չի խոստանա վրաց-ադրբեջանական հարաբերություններին»,- նշում էր նա:

Պատգամավոր Ֆ. Մուստաֆան կարծիք է հայտնում, թե միջադեպն անպատասխան թողնելն ամոթալի է Ադրբեջանի համար: Գ. Հասանգուլիևն իր հերթին հայտարարում էր հայերի նկատմամբ գործած սխալները չկրկնելու անհրաժեշտության մասին։ «Վրաստանին վերջին զգուշացումը պետք է արվի, և եթե ճիշտ արդյունք չլինի, պետք է միակողմանի կարգով սահմանապահ ամրություններ կառուցել»,- պնդում էր նա։ Սահմանում ստեղծված վիճակը անթույլատրելի էր համարում նաև քաղաքական մեկնաբան Շ. Ջաֆարլին, իսկ Ա. Յաղուբլուն առհասարակ անբավարար էր համարում ԱՀ ԱԳՆ արձագանքը՝ պնդելով, որ արդեն հուլիսի 14-ի դեպքի առնչությամբ նվազագույնը պետք էր նոտա հղել Վրաստանին:

Այսպիսով, շրջանառվող տեսակետներում ադրբեջանական կողմը Դ. Գարեջիում ստեղծված լարվածության համար մեղադրում էր բոլոր հնարավոր երկրներին և ուժերին՝ մոռանալով հակամարտության երկկողմանիության և այն մասին, որ, ըստ էության, դրա հիմքում ընկած է վրացական քրիստոնեական մշակութային ժառանգության յուրացման սեփական փորձերը և ռազմավարական բարձունքը Վրաստանին որևէ կերպ չզիջելու համառ ձգտումը:

Տարածքային նկրտումներ. Բորչալու

Դ .Գարեջիի պատկանելության շուրջ ընթացող հանրային բանավեճերի ընթացքում ադրբեջանական կողմից հնչում էին որոշ ակնարկներ Վրաստանի Քվեմո Քարթլի (նախկին՝ Բորչալու) նահանգի նկատմամբ Ադրբեջանի ունեցած տարածքային հավակնությունների մասին: Քվեմո Քարթլիի ընդհանուր բնակչության 41,8 տոկոսը ադրբեջանցիներ են, որոնք, ադրբեջանական թեզերի համաձայն, «այդ տարածքների բնիկ տերերն են»: Վանական համալիրի շուրջ լարվածության ընթացքում քաղաքական մեկնաբանների, պատմաբանների հռետորաբանության մեջ Բորչալուն համարվում էր Գարեջիից հետո երկրորդ հնարավոր տարածքային խնդիրը վրաց-ադրբեջանական հարաբերություններում: Հատկանշական է, որ Բորչալուի հետ կապված երկկողմ լարված միջադեպ էր գրանցվել նաև 2015թ. ամռանը: Ադրբեջանական «Գաբալա» և վրացական «Դինամո» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուները մարզադաշտում պարզել էին Ադրբեջանի քարտեզը, որի կազմում էր Քվեմո Քարթլին ընդգրկող Վրաստանի հարավային և արևելյան շրջանները և պաստառներ՝ «Բորչալուն հին ադրբեջանական տարածք է», «Չորուք Գամերլի, ոչ թե Բոլինիսի» «Սարվանը Մառնեուլ չէ» (ադրբեջանական կողմը պնդում է  Քվեմո Քարթլիի ադրբեջանական տեղանունների վրացականացման մասին – հեղ.) և այլ գրություններով, ինչից հետո վրացական կողմից հնչել էին պաշտոնական հայտարարություններ, և իրադարձությունները կրկին ստացել էին «սադրանք» բնորոշումը: Այս անգամ Գարեջիի շուրջ ստեղծված լարվածության հետ կապված Բորչալուն հանրային դիսկուրսում Գարեջիի կորստի դեպքում դիտարկվում էր որպես հնարավոր խաղաթուղթ ադրբեջանական կողմի համար: Հնչած տեսակետներից մի քանիսը ներկայացնելուց առաջ հարկ է նշել, որ դրանք ունեին հիմնականում համառոտ և ենթատեքստային բնույթ: Այսպես, պատգամավոր Գ. Փաշաևան խորհրդարանում Գարեջիի շուրջ ունեցած ելույթում նշում էր. «Ասել, թե Դ.Գարեջիի խնդիրը մեզ համար շատ զգայուն է, ճիշտ մոտեցում չէ, մեզ համար ամեն ինչն է զգայուն, մեզ համար Բորչալուն էլ է շատ զգայուն խնդիր, Թիֆլիսի մեր հուշարձաններն էլ...» (ընդգծումը – Է.Հ.): Քաղաքագետ Գ. Չախմախլըն  վստահություն էր հայտնում, որ խնդիրը Գարեջիով չի ավարտվելու և դրան մյուս «սադրանքներն» են հետևելու. «Բորչալուն պատրաստի խնդիր է» (ընդգծումը – Է.Հ.),-պնդում էր նա: Իսկ քաղաքագետ Ի. Շահինօղլուի խոսքերը մամուլում տարածվում էին «Եթե պահանջեն Քեշիքչիդաղը, մենք էլ կպահանջենք Բորչալուն» գլխագրով.

«Ադրբեջանում և Վրաստանում ապրող ադրբեջանցիները մշտապես աջակցել են Վրաստանի տարածքային ամբողջականությանը, երբեք ադրբեջանցիների համար ինքնավարություն չեն պահանջել՝ չնայած որ մեր հայրենակիցներն Ադրբեջանի պատմական հողերում են ապրում… ոչ դիվանագիտական լեզվով վրացիներին պետք է ասել՝ այնպես մի արեք, որ մենք էլ Վրաստանի դեմ մեր պահանջներն օրակարգ բերենք: Եթե նրանք պահանջեն հուշարձանի փոքր մասը, մենք էլ մեր պատմական հողերի պահանջները կարող ենք առաջ քաշել»,- ասում էր Շահինօղլուն:

Իրադարձությունների զարգացման միտումներն ու հնարավոր ազդեցությունը վրաց-ադրբեջանական հարաբերություններում 

Ա րդեն հինգ ամիս է Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելության և պետական սահմանի հստակեցման շուրջ քննարկումները Վրաստանի և Ադրբեջանի հանրային-քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից են: Չնայած թե՛ վրացական և թե՛ ադրբեջանական կողմից խնդրի շուտափույթ լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին պարբերաբար հնչող հավաստիացումներին` համալիրում միջադեպերի և լարվածության պակաս չի գրանցվում: Դրան զուգահեռ՝ կողմերի համար ընդունելի լուծումներ պաշտոնական մակարդակում դեռևս չեն մատնանշվում: Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում հնչում են առաջարկներ հուշարձանը որպես ընդհանուր պատմամշակութային ժառանգություն հռչակելու և համատեղ «Դ. Գարեջի/Քեշիքչիդաղ պատմամշակութային արգելոց» ստեղծելու մասին: Սակայն խնդրի լուծման այս տարբերակը, ըստ էության, չի կարող ընդունելի լինել համալիրի ավելի քան 95 տոկոսը վերահսկող Վրաստանի համար, որն այդ քայլով ոչ միայն կոտնահարի վրաց ազգային և վրաց ուղղափառ եկեղեցու շահերը՝ անհիմն կիսելով վրացական պատմամշակութային ժառանգությունն Ադրբեջանի հետ, այլև կհաստատի ադրբեջանական թեզերը համալիրի ալբանական մշակութային ժառագության, հետևաբար նաև Վրաստանի արևելյան և հարավային շրջանների ալբանական (ըստ ադրբեջանական կողմի՝ նույնն է թե ադրբեջանական) պատկանելիության մասին: Հարկ է ընդգծել, որ այդ դեպքում Վրաստանը նաև հնարավորություն կընձեռի Ադրբեջանին վերահսկել ռազմավարական նշանակության բարձունքը, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը ցուցադրում է ամեն քայլի դիմելու իր պատրաստակամությունը՝ բարձունքը Վրաստանին չզիջելու հարցում:

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը մինչ աժմ հնարավորություն է տվել կողմերին վերահսկել իրավիճակը և հանդարտեցնել հանրային կրքերը, սակայն հակամարտությունը նոր մասշտաբներ կարող է ստանալ հատկապես ադրբեջանական կողմի իրականացրած վերջին գործողությունների՝ համալիրի տարածքում ուժեր կենտրոնացնելու, ինժեներաշինարարական աշխատանքներ ձեռնարկելու և ռազմական ճամբար հիմնելու պարագայում: Այդուհանդերձ, վրաց-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական բնույթը, ամենայն հավանականությամբ, կստիպի կողմերին խուսափել իրավիճակի անվերահսկելի սրացումից և թեկուզ կարճատև՝ լուծումներ գտնել, իսկ երկարաժամկետ հեռանկարում խնդիրը կշարունակի մնալ օրակարգում, քանի որ լուծման երկուստեք ընդունելի տարբերակներ դեռևս չեն նշմարվում։


[1] Դավիթ Գարեջին 21 եկեղեցուց և 5000 վանախցից բաղկացած միջնադարյան (6-րդ դար) վանական համալիր է: Այն 25 կիլոմետր երկայնքով տարածվում է Վրաստան-Ադրբեջան պետական սահմանին: Մանրամասն տե՛ս՝ David Gareji Monasteries and Hermitages, Georgia, Technical Report, Europa Nostra, 2018.

[2] 2012թ. մայիսին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել վրացի հոգևորականներին մուտք գործել համալիրի Ուդաբնո եկեղեցի: Վրացական կողմում բողոքի ալիք բարձրացավ, ինչը հանդարտվեց միայն Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Մ.Սահակաշվիլու և Ի.Ալիևի՝ խնդիր շուրջ ունեցած հանդիպումից հետո:

[3] Ըստ ադրբեջանական կողմի պնդումների [1,2,3,4]` վրացիների մի խումբ, հատելով սահմանը, հարձակվել և վիրավորել էր ադրբեջանցի սահմանապահներին` խլելով նրանցից մեկի զենքը, այն բանից հետո, երբ վանական համալիրի վրացի աշխատակիցներից մեկը պնդել էր, թե ադրբեջանցի սահմանապահներն առանց թույլտվության սրբապատկերներ են հեռացրել եկեղեցուց:

[4] Վրաց-ադրբեջանական սահմանային վիճելի հատվածում է գտնվում նաև վրացական Էրիսիմեդի գյուղը: Այդտեղ տեղակայված է սահմանային անցակետը, որով ստիպված են անձնագրերով անցնել նաև գյուղի բնակիչներն ու այցելուները: Էրիսիմեդիի շուրջ իրավիճակը սրվել է 2010թ., երբ ադրբեջանցի սահամանապահների կրակոցից սպանվել է գյուղի բնակիչներից մեկը:  Վիճելի խնդիր է նաև վրացական կողմից սահմանի մի հատվածի ականապատվածությունը: Մանրամասն տե՛ս՝ Ս. ՊՐՈՒՏՅԱՆ, Վրաց-ադրբեջանական տարածքային վեճերը «Դավիթ գարեջի» վանական համալիրի և Էրիսիմեդի բնակավայրի շուրջ: Կողմերը միմյանց դեմ ունեն նաև «պատմական պահանջներ», ինչպիսիք են Քվեմո Քարթլին (նախկինում՝ Բորչալու) ադրբեջանցիների և Հերեթին՝ վրացիների համար:

[5] Խ. Խալաֆովը նշանակվել է ԱՀ ԱԳՆ փոխնախարար և ԱՀ նախագահի սահմանային և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ 2019թ. մայիսի 3-ին: Նա նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը նաև 1997-2018թթ.: Հաշվի առնելով սահմանազատման միջպետական հանձնաժողովի աշխատանքներին պաշտոնավարման տարիներին Խալաֆովի ունեցած ներգրավվածությունը որպես գլխավոր բանակցողի՝ հավանական է, որ վերանշանակումը կապված է եղել հենց Գարեջիի շուրջ լարվածության աճի հետ:

[6] Մայիսի 17-27-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից դեպի համալիր նոր ճանապարհ էր սկսել կառուցվել: Այդ կապակցությամբ մայիսի 28-ին վրացի ակտիվիստները համալիրում կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել «Գարեջին Վրաստանինն է, Կովկասը՝ մեր տունը» կարգախոսով: Խ.Խալաֆովը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, թե Քեշիքչիդաղը պահպանվել և շարունակում է պահպանվել Վրաստանի և Ադրբեջանի սահմանային ծառայությունների կողմից, իսկ սեփական տարածքներում գյուղատնտեսական կամ այլ բնույթի աշխատանքների իրականացումը տվյալ կողմի սուվերեն իրավունքն է:

[7] ԱՀ ԱԳՆ-ն հայտարարում էր, որ ԱՀ-ում Վրաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ և նրանից բացատրություն է պահանջվել հուլիսի 14-ի միջադեպի կապակցությամբ: