Ռուս-թուրքական մեդիա համագործակցությունը

5 ր.   |  2019-06-17

Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռը խոցեց ռուսական ՍՈՒ-24Մ ռմբակոծիչը (2015թ. նոյեմբեր), ապա՝ Թուրքիայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսում սպանվեց ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Կառլովը (2016թ. դեկտեմբեր), միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն ու տարբեր երկրների վերլուծական կենտրոնների մասնագետները կանխատեսում էին, որ լարվածությունը կարող է հանգեցնել ռուս-թուրքական նոր պատերազմի: Սակայն Ռուսաստանը սահմանափակվեց մի շարք համատեղ ծրագրերի սառեցմամբ ու միակողմանի վիզային ռեժիմի սահմանափակմամբ, իսկ 2017թ. քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն արագորեն վերականգնվեցին:

Ներկայում առևտրատնտեսական, էներգետիկ, տուրզիմի և այլ ոլորտներում համագործակցությունից բացի, կողմերը քայլեր են ձեռնարկում խորացնելու կապերը զանգվածային լրատվության բնագավառում: Ի դեպ, նման համագործակցության ապագա հեռանկարների մասին քննարկումներն արդիականացան վերոգրյալ դեպքերից հետո:

Թ ուրքական և ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, 2019թ. ապրիլին Մոսկվայում նախատեսվում էր կազմակերպել «Ռուսաստան-Թուրքիա մեդիաֆորումը», ու թեև հունիսին երկու երկրների տեղեկատվական հոսքերում մենք չհանդիպեցինք ֆորումի անցկացման մասին տեղեկության, սակայն ելնելով հարցի կարևորությունից, անդրադառնանաք միջոցառման օրակարգի մի քանի հարցերի: Նախ նշենք, որ ֆորումի մասնակիցների շրջանակն ու համագործակցության օրակարգը ճշտելու նպատակով մեդիաֆորումին ընդառաջ երկու երկրների հկ-ների, լրատվամիջոցների ու փորձագետների ներգրավմամբ Մոսկվայում և Ստամբուլում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ:

Երկուստեք հնչած կարծիքներից կարելի է պատկերացում կազմել միջոցառման նպատակների մասին: Օրինակ, ռուսաստանյան «Նորությունների դաշնային գործակալության» ղեկավար Եվգենի Զուբարևի կարծիքով «Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հաղորդակցության ընդհանուր խնդիրներ, մասնավորապես՝ արևմտյան հանրային կարծիքի և ԶԼՄ-ի հետ հաղորդակցության առումով: Գաղտնիք չէ, որ արևմտյան ԶԼՄ-ները թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հանդեպ կողմնակալ մոտեցում ունեն»:

Զուբարևը գտնում է, որ արևմտյան լրատվամիջոցները Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեն, և նրանց կարծիքները հաճախ մոտենում են կեղծ տեղեկատվությանը (fake news): Հետևաբար, իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար հրամայական է դարձել թուրքական խոշոր լրատվամիջոցների հետ կայուն համագործակցության կամուրջներ հիմնելը:

Կազմկոմիտեի աշխատանքներին մասնակից, Մոսկվայում գործող «Արդի Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի» համահիմնադիր Յ. Մավաշևի խոսքերով էլ, նախատեսվող ֆորումն աննախադեպ է: Ընդհանուր առմամբ միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ նման հանդիպումները մեծ օգուտ կտան ինչպես թուրքական և ռուսական ԶԼՄ-ներին, այնպես երկու երկրների բնակիչներին, որոնք կստանան հավաստի և օպերատիվ տեղեկատվություն: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ, կարևորելով երկու երկրների ԶԼՄ-ների գործնական կապերի ամրապնդումը, կողմերը քննարկել են մեդիային առնչվող հեռանկարային այնպիսի հարցեր, որոնց դրական կարգավորումը էապես կարող է փոխել հարաբերությունների մակարդակը.

  1. Տեղեկատվական անվտանգության ոլորտ - Երրորդ երկրներից կեղծ տեղեկությունները կանխելու նպատակով համագործակցությանը նպաստող տեխնիկական հիմքերի ստեղծում, նաև գլոբալ մեդիամիջավայրում տեղեկատվական մրցակցության խնդիրների վերհանում, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են կողմերին: Զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի զարգացմանը համընթաց պետք է ձևավորվի նրանց ընդհանուր օրակարգը արտաքին տեղեկատվական ճնշումների ու կիբերհարձակումների ժամանակ: 
     
  2. Փոխգործակցության և համակարգման հարցեր - Լրագրողներին համախմբող հարթակների հիմնադրումից բացի, դիտարկվում է ռուս-թուրքական մեդիախորհուրդ ստեղծելու հեռանկարը, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի մարզային ու քաղաքային տարբեր հեռուստաընկերությունների միջև համագործակցության հնարավորությունը:
     
  3. Կազմակերպչական հարցեր - Նախատեսվում է ստեղծել փորձագետների ու վերլուծաբանների տվյալների ընդհանուր շտեմարան, երկու պետությունների լրատվամիջոցներին մեկնաբանություններ ու վերլուծություններ տրամադրելու համար: Սրա հետ միասին պետք է նշել, որ օրակարգում դրված է նաև լրագրողներին տրվող վիզայի տրամադրման գործընթացի պարզեցման հարցը:

Առայժմ այս հարցերը քննարկվում են և դժվար է կանխատեսել վերջնական արդյունքը, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շահերի համատեքստում չափազանց կարևոր նշանակություն են տալիս տեղեկատվական քաղաքականությանը:

Մ եր դիտարկումներից ելնելով՝ նշենք, որ նախկինում հիմված տեղեկատվական-վերլուծական հարթակներին զուգահեռ այսօր գործարկվում են թեմատիկ, ժանրային-ոճաբանական և լեզվական առանձնահատկությունների առումով որակապես նոր կայքեր: Ընդ որում, դրանք պարունակում են գլխավորապես իրենց երկրներին առնչվող քաղաքական, առևտրատնտեսական ու այլ բովանդակության լրատվական-վերլուծական բավականաչափ հարուստ նյութ: Նույնը կարելի է ասել ռադիոհեռարձակումների համացանցային տարբերակների մասին: Համաձայն իրենց հիմնական նպատակների՝ երկու կողմերն էլ թուրքերենով ու ռուսերենով բովանդակությունը հրապարակում են հիմնականում այս ԶԼՄ-ներով:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջին և ազդեցիկ մեդիանախագծերից կարելի է համարել «Կոմսոմոլսկայա պրավդա» հասարակական-քաղաքական թերթի  և «Amedea centre» թուրքական հրատարակչության հետ համատեղ՝ «Ռուսաստանն այսօր» ֆինանսատնտեսական էլեկտրոնային ամսագրի հրատարակումը և նույնանուն կայքի գործարկումը (թուրքերեն): Այլ օրինակներից են «Московский Комсомолец–Турция» (www.haberrus.com, www.mk-turkey.ru), «Аргументы и Факты-Турция» և «Սպուտնիկ» լրատվական գործակալությունների թուրքերեն տարբերակները: Առկա են նաև տարբեր մասնավոր կազմակերպությունների, առանձին անհատների՝ տուրիզմի, գործարարության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային տասնյակ կայքեր (www.turkrus.ru, www.turkishnews.ru, www.todayturkey.ru, www.turkeyforfriends.com և այլն): Թուրքիայի վերաբերյալ որպես քննարկման հարթակ հանդիսացող այդպիսի հայտնի պորտալններից է «www.rusturkey.com»-ը: Նախատեսված է միմիայն ռուսալեզու լսարանի համար և ունի շուրջ 77 հազար գրանցված մասնակից:

Ինչ վերաբերում է թուրքական տեղեկատվական դաշտին, ապա պետք է նշել, որ 21-րդ դարում Թուրքիայի առաջին ռուսալեզու շաբաթաթերթը՝ «Вести Турции. Босфор»-ը լույս է տեսել 2006թ.՝ մի խումբ թուրք գործարարների ջանքերով և շաբաթական ունեցել է մինչև 15 հազար տպաքանակ: Այն ստեղծվել է ՌԴ-ի և հետխորհրդային հանրապետությունների գործարարների միջև կապեր հաստատելու նպատակով [1]:

Առհասարակ, ռուսերեն բազմաբովանդակ նյութեր հեռարձակվում են (ներառյալ համացանցային տարբերակով) Թուրքիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության ընկերության և Անադոլու լրատվական գործակալության միջոցով: Այս տեսանկյունից հետ չեն մնում նաև էլեկտրոնային թերթերը, ինչպես օրինակ Daily Sabah-ը, ՌԴ-ում բնակվող թուրք միգրանտների համար նախատեսված Gazetem-ը (թուրքերեն), ինչպես նաև Ստամբուլում հրատարակվող «Լալելի» և «Ռոկսոլանա» ամսագրերը: Նկատենք, որ մեդիաքաղաքականությունում վերջին շրջանում գնալով իրենց ուրույն տեղն են գրավում համատեղ նկարահանված բազմասերիանոց ֆիլմերը: Խոսքը «Արևելք-Արևմուտք» և «Իմ սրտի սուլթանը» ռուս-թուրքական կինոնախագծերի մասին է: Ընդ որում, ի տարբերություն Ռուսաստանի, «Իմ սրտի սուլթանը» ֆիլմը Թուրքիայում կատարյալ ձախողում ունեցավ [2]: 

Ամփոփելով նշենք, որ ելնելով վերը բերված իրողություններից՝ երկու կողմերն էլ հստակ գիտակցում են ժամանակակից մեդիայի ազդեցության հնարավորությունները երկրի իմիջի ձևավորման վրա և ձգտում են այն օգտագործել որպես ազդեցության գործիք՝ միջազգային հարաբերություններում և հայտնի իրադարձություններից հետո առաջացած երկկողմ անվստահությունը հաղթահարելու գործում: Միևնույն ժամանակ, ուզում ենք նշել, որ մեդիաոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը ընդգրկուն է և բազմաշերտ հետազոտության կարիք ունի:


[1] Türkiye'nin ilk Rusça gazetesi 4 yıldır yayınlanıyor

[2] "Султан моего сердца" произвел в России фурор