Պայքար ապատեղեկատվության դեմ

23 ր.   |  2019-06-14

Իրավական մեխանիզմներ՝ միջազգային փորձի օրինակով 

Վ երջին տարիներին ապատեղեկատվության ու, այսպես կոչված, «կեղծ լուրերի» (fake news) դեմ պայքարն առաջնային խնդիր է դարձել ամբողջ աշխարհում:

Նույն երևույթը բնութագրելու համար տարբեր հասկացություններ են օգտագործվել, որոնցից այսօր առավել տարածված են հենց «ապատեղեկատվությունը» (Disinformation) և Fake News-ը։

«Fake news» հասկացությունն առավել հաճախակի կիրառվում է 2016-ից, երբ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը թվիթերի իր էջում սկսեց գրառումներ անել կեղծ լուրերի խնդրի մասին՝ հայտարարելով, որ մի շարք խոշոր լրատվամիջոցներ «ամերիկացիների թշնամիներն են»: Արդեն 2017-ին ամերիկյան Collins English Dictionary բառարանը «fake news»-ը ճանաչել է տարվա արտահայտություն [1, 2]՝ այն սահմանելով որպես «լրատվության անվան ներքո (news reporting) տարածվող  կեղծ, հաճախ սենսացիոն տեղեկություն»:

Ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը նոր երևույթ չեն: Դեռևս 19-րդ դարից ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են «կեղծ լուրեր» երևույթին ու հրապարակումների մեջ կիրառել «Fake news» արտահայտությունը։ Նշվածի մի շարք օրինակների արխիվային տարբերակներն առկա են ԱՄՆ ազգային գրադարանի՝ «Կոնգրեսի գրադարանի» (The Library of Congress) էլեկտրոնային կայքում [1, 2, 3, 4, 5]:

Եթե նախկինում «կեղծ լուրերը» տարածվում էին միայն ավանդական հաղորդակցության միջոցներում (գլխավորապես՝ մամուլում), ապա այսօր այն արագորեն տարածվում է առցանց լրատվակայքերում ու սոցիալական ցանցերում՝  ընդգրկելով անհամեմատ ավելի մեծ լսարան և ապահովելով տեղեկության տարածման ավելի մեծ արագություն։ Նաև հիմնականում հենց նշված պատճառով ապատեղեկատվության և «կեղծ լուրերի» դեմ պայքարի հարցը վերջին տարիներին շատ երկրներում առաջնային կարևորության խնդիրների շարքում է: Որոշ երկրներում արդեն իսկ փորձ է արվել օրենսդրական կարգավորումների միջոցով սահմանելու սոցիալական ցանցերում ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները: Խնդիրն արդիական է նաև Հայաստանում:

Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվության առանձնահատկություններից մեկը նաև, այսպես կոչված, «կեղծ» կամ «ֆեյք» հաշիվներն են: Ըստ այդմ, նշված հարթակներում ապատեղեկատվության դեմ պայքարը հավելյալ բարդանում է  «ֆեյք» հասկացության սահմանման անհրաժեշտությամբ: Մյուս կողմից, համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանման և կիրարկման դեպքում կարող է առաջանալ նաև խոսքի և կարծիքի ազատության հնարավոր սահմանափակման ու գրաքննության վտանգ:

Խոսքի ազատության սահմանափակո՞ւմ, թե այլոց իրավունքների պաշտպանություն

«Fake news»-ը դարձել է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս և կարող է լուրջ ազդեցություն գործել նաև ընտրական գործընթացների վրա: Ելնելով «ֆեյքերի» դեմ պայքարի նախապատմությունից, քաղաքական, փորձագիտական, լրատվական շրջանակների մեկնաբանություններից՝ կարելի է ասել, որ այս պայքարն ունի գլխավորապես քաղաքական պատճառներ:

«Ֆեյքերի» դեմ պայքարն աշխարհում տարբեր մեթոդներով է իրականացվում։ Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում արդեն գործում են համապատասխան օրենքներ, որոշ դեպքերում արգելափակվում են սոցիալական ցանցերը (օրինակ, Իրանում 2017թ. դեկտեմբերի վերջին արգելափակել էին Telegram-ն ու Instagram-ը)։ Սոցիալական ցանցերում «ֆեյքերի» դեմ փորձում է պայքարել նաև Եվրոպական հանձնաժողովը:

Ստորև դիտարկում ենք «ֆեյքերի դեմ պայքարի» միջազգային փորձից օրինակներ՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք հաջողված։

«Ֆեյքերի դեմ պայքարը» Գերմանիայում

2 017թ. հունիսի 30-ին Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ ընդունել է Դաշնային կառավարության և իշխող կոալիցիայի («Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (CDU), «Քրիստոնեա-սոցիալական միություն» (CSU) և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն» (SPD) ներկայացրած «Սոցիալական ցանցերում օրենքի կիրառման բարելավման մասին» (Netzwerkdurchsetzungsgesetz - NetzDG) օրինագիծը։ Այն ենթադրում է համացանցային հարթակներում (Facebook, Twitter, YouTube և այլն) ատելություն հրահրող մեկնաբանությունների, կեղծ լուրերի ու ապատեղեկատվության դեմ հետևողական միջոցառումների ձեռնարկում և դրանց արագ հեռացում։

Օրինագծի նախաձեռնությամբ գլխավորապես հանդես էր եկել արդարադատության այն ժամանակվա (մինչև 2018թ. մարտ), ներկայումս արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Հունիսի 30-ին նա հայտարարել է, որ իրավունքին ու օրենքին հետևելը կարծիքի ազատության դեմ հարձակում չէ, այլ՝ երաշխիք։ Ըստ նրա՝ օրինագիծը պաշտպանելու է բոլորի կարծիքի ազատությունը։ Նա նշել էր, որ Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության (Bundeskriminalamt) վիճակագրության համաձայն՝ 2016-2017թթ. Գերմանիայում ատելության հողի վրա հանցագործությունների թիվն աճել է շուրջ 300 տոկոսով։ Օրինագծի ներկայացման երկրորդ պատճառը, ըստ Մաասի, հավասարության գործոնն է. յուրաքանչյուր լրագրող, հրատարակիչ (և այլոք) հետևում է օրենքներին, հետևաբար ինչո՞ւ պետք է համացանցային խոշոր կորպորացիաները նույնը չանեն։ «Ոչ ոք օրենքից վեր չէ. ո՛չ  Facebook-ը, ո՛չ էլ Twitter-ը»,- ընդծել էր նա։


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Բունդեսթագում՝ վերոնշյալ օրինագծի քննարկումներին:

Հատկանշական է, որ դեռևս 2015թ. դեկտեմբերին Գերմանիայի իշխանությունները՝ Մաասի ղեկավարությամբ, Facebook-ի, Google-ի (YouTube-ում տեսահարթակների համար) ու Twitter-ի հետ համատեղ հանդես էին եկել սոցիալական ցանցերում ատելության ու հակաօրինականության դեմ պայքարի մասին համաձայնագրով [1, 2]։ Սակայն 2017թ. մարտի 14-ին Մաասը հայտարարել էր, որ Facebook-ը ջնջել կամ արգելափակել է հակաօրինական բովանդակության միայն 39%-ը, իսկ Twitter-ը 1%-ը, ինչն ավելի ցածր ցուցանիշ է նախորդ արդյունքների համեմատ։ Առաջընթաց գրանցվել էր միայն YouTube-ի դեպքում։ Նա նշել էր, որ ատելության ու զրպարտության համար, ինչպես փողոցում, այնպես էլ սոցիալական ցանցերում, պետք է քիչ տեղ լինի։ Ըստ նրա՝ Facebook-ն ու Twitter-ը չեն օգտագործել հնարավորությունը՝ բարելավելու նյութերը հեռացնելու իրենց պրակտիկան. նրանք օգտատերերի բողոքները լուրջ չեն ընդունում և արագ չեն հեռացում հակաօրինական մեկնաբանությունները։ Մաասն ընգծել էր, որ պետք է շարունակել ավելացնել ճնշումը սոցիալական ցանցերի վրա, ինչի համար իրենք օրենսդրական կարգավորման կարիք ունեն։ Օրենքն ուժի մեջ է մտել 2017թ. հոկտեմբերի 1-ից (ամբողջությամբ գործում է 2018թ. հունվարի 1-ից)։ Այն Գերմանիայում ստացել է նաև «Ֆեյսբուքի մասին օրենք» (Facebook-Gesetz) անվանումը։

Ի՞նչ է սահմանում օրենքը

Օ րենքը տարածվում է հեռահաղորդակցության ծառայություն մատակարարողների վրա, որոնք համացանցային հարթակներն օգտագործում են շահույթ ստանալու նպատակով՝ համոզված լինելով, որ օգտատերերը ցանկացած բովանդակություն կիսում են այլ օգտատերերի հետ կամ մատչելի դարձնում հասարակության համար. այսինքն՝ խոսքը սոցիալական ցանցերի մասին է ։ Օրենքը չի կիրառվում այն սոցիալական հարթակների նկատմամբ, որոնք Գերմանիայում ունեն 2 միլիոնից քիչ օգտատեր, ինչպես նաև լրագրողական-խմբագրական բովանդակությամբ, անհատական շփման կամ առանձնահատուկ բովանդակություն տարածող հարթակների նկատմամբ (առցանց փոստային ծառայություններ, Linkedin և այլն)։ Օրենքի համաձայն՝ սոցիալական ցանցերը պարտավորվում են սահմանված ժամկետներում հեռացնել կամ արգելափակել «հակաօրինական բովանդակությունը»։

Ի՞նչն է հակաօրինական

Ն շված օրենքն ապահովում է Գերմանիայի «Քրեական օրենսգրքով» (ՔՕ, Strafgesetzbuchs) արդեն իսկ սահմանված համապատասխան դրույթների կիրառումը սոցիալական ցանցերում: Ըստ այդ դրույթների՝ սոցցանցերում արգելափակվելու կամ հեռացվելու է պետության անվտանգությանը կամ հասարակական կարգի խաթարմանը վտանգ սպառնացող բովանդակությունը՝ այն հրապարակումները, որոնք պարունակում են հակասահմանադրական կազմակերպությունների նշաններ և քարոզչական նյութեր (օրինակ, այն կազմակերպությունները, որոնք նացիզմ են քարոզում կամ տարածում նացիստական սիմվոլներ)։

Արգելափակվելու է պետական անվտանգության նկատմամբ բռնության, ազգային կամ ազգամիջյան թշնամանքի հրահրման, դավանանքի, կրոնական համայնքների ու գաղափարական միավորումների նկատմամբ անարգանքի, մանկական պոռնոգրաֆիայի տարածման կոչ կամ քարոզչություն ունեցող, ինչպես նաև վիրավորանք, զրպարտություն, վարկաբեկում, սպառնալիք, անհատի անձնական տվյալների գաղտնիությունը խախտող բովանդակությունը։

Բովանդակության հեռացման և արգելափակման ընթացակարգը

Ս ոցիալական ցանցերը հակաօրինական բովանդակության մասին բողոքները ստանալու և քննելու համար պետք է օգտատերերին տրամադրեն հեշտ ճանաչելի, հասանելի և մշտապես գործող բողոքների ներկայացման ձև։ Յուրաքանչյուր սոցիալական ցանց (Facebook, YouTube, Google+) ունի բողոքարկման առցանց տարբերակ։ Եթե օգտատերերը որևէ բովանդակություն համարում են կեղծ կամ գտնում են, որ այն հակասում է NetzDG-ում թվարկված ՔՕ դրույթներին,  կարող են բողոքել՝ լրացնելով սոցիալական ցանցի հատուկ ձևաթերթիկը, որից հետո սոցիալական ցանցերը քննում են այն։ Եթե պարզվում է, որ բողոքը հիմնավոր է, ապա նշված գրառումը հեռացնում են կամ արգելափակում։ Եթե տվյալ բովանդակությունը չի հակասում սոցիալական հարթակի կանոներին, սակայն հակասում է Գերմանիայի օրենքին, ապա արգելափակվում է հասանելիությունը տվյալ երկրում [1, 2

Ըստ օրենքի՝ սոցցանցի աշխատակիցները բողոքը պետք է անհապաղ ընդունեն ու քննեն. եթե պարզվում է, որ բովանդակությունը հակաօրինական է, բողոքը ստանալուց 24 ժամվա ընթացքում պետք է այն հեռացվի կամ արգելափակվի։ Եթե բովանդակության հակաօրինական լինելն ակնհայտ չէ և այն քննելու համար առավել երկար ժամանակ է անհրաժեշտ, ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 7 օր։ Որոշ դեպքերում, եթե բովանդակության հակաօրինական լինելը որոշելու համար անհրաժեշտ է  բացատրություն ստանալ բովանդակության հեղինակից կամ սպասել ինքնակարգավորման մարմնի որոշմանը, ժամկետը կարող է երկարաձգվել։

Բովանդակության հեռացման YouTube-ի ընթացակարգի համաձայն՝ լինում են քրեական իրավունքի հետ կապված դեպքեր, երբ անհրաժեշտ է տվյալ երկրի առանձնահատկությունների մասին գիտելիքներ, որի համար սոցիալական հարթակը դիմում է երրորդ անձանց՝ արտաքին փորձագետներ կամ ինքնակարգավորման մարմին, որը սահմանվում է NetzDG-ով։

Օրենքի համաձայն՝ ինքնակարգավորման մարմնի դերում կարող է հանդես գալ ցանկացած կազմակերպություն, որն ունակ է ապահովելու իր փորձագետների անկախությունն ու փորձառությունը, անհրաժեշտ տեխնիկական միջոցները, պատրաստ է վերանայել բողոքի ընդունված որոշումը, բաց է սոցիալական այլ ցանցերի հետ համագործակցության համար։ Ինքնակարգավորման մարմնի գործունեության համար անհրաժեշտ է Արդարադատության նախարարության թույլտվությունը, որն իրավասու է չգրանցել կազմակերպությունն այն դեպքում, երբ մարմինը չի համապատասխանում օրենքով սահմանված դրույթներին՝ փորձագետների անկախություն, տեղեկատվության արագ մշակման և ստուգման հնարավորություն և այլն:

Օրենքը և սահմանված ընթացակարգը խախտելու կամ հակասող գործողությունների դեպքում սոցիալական ցանցերին սպառնում է 500 հազարից մինչև 5 մլն եվրո, որոշ դեպքերում՝ մինչև 50 մլն եվրո տուգանք [1]։ Օրենքի կիրարկումը վերահսկում է Արդարադատության նախարարությունը։

Սոցիալական ցանցերը, որոնք մեկ տարվա ընթացքում ստացել են հակաօրինական բովանդակությամբ ավելի քան 100 բողոք, պարտավոր են կես տարվա ընթացքում իրենց հարթակներում ներկայացնել հաշվետվություն բողոքների թվի և հեռացված բովանդակության վերաբերյալ և հրապարակել Դաշնային թերթում Bundesanzeiger, ինչպես նաև իրենց սեփական էջերում, որոնք պետք է մշտապես հասանելի լինեն։

Օրենքի համաձայն՝ սոցիալական ցանցերը, որոնց գլխավոր գրասենյակներն արտերկրում են, նշանակում են այսպես կոչված «իրավասու ներքին գործակալ», որը պարտավոր է ապահովել Գերմանիայում օրենքի կիրառումը, 48 ժամում արձագանքել իրավապահ մարմինների բողոքին կամ համապատասխան տեղեկություն ստանալու հարցմանը։

Օրենքի վերաբերյալ փորձագետների և եվրոպական տարբեր կառույցների մեկնաբանությունները

Թ ե՛ օրինագիծը, թե՛ արդեն ընդունված օրենքը հիմնականում քննադատել են մեդիա ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ, մեդիա ու տնտեսական տարբեր միավորումներ, ընդդիմությունը [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9]։ 2017թ. հունիսի 1-ի զեկույցում օրինագիծը քննադատել էր նաև ՄԱԿ-ի կարծիքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դևիդ Քայեն։ Քննադատություններում գլխավորապես նշվում է, որ օրենքը կարող է սահմանափակել խոսքի ու կարծիքի ազատությունը և գրաքննության վտանգ ներկայացնել։

2018թ. հունվարի 19-ին ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան նշել է, որ օրենքը չի կարող օրինակ լինել Եվրոպայի համար։ Նա ասել էր, որ իրենց նպատակը երբեք չի եղել հեռացնել սոցիալական մեդիայի հարթակներում բողոքարկվող ամբողջ բովանդակությունը։ Ըստ նրա՝ պետք է հստակ տարբերություն լինի խոսքի ազատության ու իսկապես անօրինական բովանդակության միջև՝ եվրոպական իրավունքի հիման վրա։ Յուրովան նշել էր, որ Գերմանիայում նախընտրում են արագ հեռացնել «անօրինական բովանդակությունը», քանի որ հակառակ դեպքում սոցցանցին սպառնում է մեծ տուգանք։  Հանձնակատարի խոսքով՝ ի տարբերություն Գերմանիայի, ԵՄ հանձնաժողովը շարունակում է ապավինել ատելության խոսքի դեմ համացանցային ձեռնարկատերերի կամավոր ստանձնած պարտավորությանը։ Փաստացի Յուրովան օրենքը քննադատել է երկու հիմնական հիմքով՝

  • Սահմանված սեղմ ժամկետը հանգեցնում է ոչ լիարժեք օբյեկտիվ քննության արդյունքում բովանդակության հեռացման՝ սահմանված տուգանքից խուսափելու նպատակով:
  • Առաջանում է խոսքի ազատության սահմանափակման վտանգ:

2017թ. հոկտեմբերի 2-ին գերմանական BILD պարբերականը գրել  էր, որ չնայած օրենքը նոր է ընդունվել, սակայն արդեն իսկ վերամշակելու անհրաժեշտություն կա։ Աղբյուրի համաձայն՝  քաղաքական գործիչ, CDU կուսակցության անդամ Թոմաս Յարցոմբեկը պահանջում էր ընդունել «սոցիալական ցանցերում կարծիքի ազատության համար օրենք»։  Օրենքը վերամշակելու հետ համակարծիք է նաև Գերմանիայի «Միություն 90/Կանաչներ» (Bündnis 90/Die Grünen) դաշինքը։ Վերջինիս պատգամավորները պահանջել են նաև ուժեղացնել օգտատերերի իրավունքներն ու ապահովել սոցիալական ցանցերում կարծիքի ազատությունը։

Իսկ ահա Եվրոպական հանձնաժողովը 2017թ. հունիսի սկզբին ողջունել էր օրինագիծը։ Հանձնաժողովի խոսնակը նշել էր, որ ատելությունն ու արմատական քարոզչությունը տեղ չունեն իրենց հասարակության մեջ։ Հանձնաժողովը դեմ չէր արտահայտվել օրինագծին և արգելափակելու մտադրություն չէր հայտնել։

Օրենքին դեմ է արտահայտվել նաև Facebook-ը

2 017թ. մայիսին օրինագծին դեմ էր հանդես եկել նաև Ֆեյսբուքը, նշելով, որ ատելության հրահրման դեմ պայքարով պետք է զբաղվի պետությունը, և ոչ թե սոցիալական հարթակները։ «Իրավական պետությունն իրավունք չունի մասնավոր ձեռներեցների վրա գցելու սեփական թերացումներն ու պատասխանատվությունը։ Ատելության խոսքի ու կեղծ հաղորդագրությունների դեմ պայքարը հանրային առաջադրանք է, որից պետությունը չպետք է խուսափի»,- WirtschaftsWoche լրատվամիջոցի փոխանցմամբ, հայտարարել էր Ֆեյսբուքը։

2018թ. հուլիսի 27-ին Ֆեյսբուքը հրապարակել էր առաջին զեկույցը (անգլերեն տարբերակը), որի համաձայն, 2018թ. հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ֆեյսբուքը ստացել է 1704 բովանդակության մասին 886 բողոք, որից 362 գրառում (≈21%) հեռացվել կամ արգելափակվել է։

2019թ. հունվարի 31-ին հրապարակված երկրորդ զեկույցի համաձայն (անգլերեն տարբերակը)՝ 2018թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը Ֆեյսբուքը ստացել է 1048 բովանդակության վերաբերյալ 500 բողոք, և 369 գրառում հեռացվել կամ արգելափակվել է (≈35%)։

2018թ. հուլիսի 27-ի զեկույցում Ֆեյսբուքը նշում էր, որ իրենք հետևում են Գերմանիայի NetzDG-ի օրենքին, սակայն, ինչպես նախկինում, շարունակում են կիսել օրենքի վերաբերյալ քննադատական կարծիքը։ Ըստ Ֆեյսբուքի՝ բովանդակության անօրինականության հարցը պետք է որոշեն դատարանները, այլ ոչ թե ձեռնարկատերերը։ Նշենք, որ 2017թ. հունիսին օրինագծի քննարկման ժամանակ նմանատիպ կարծիք հայտնել էր նաև Փեթրա Զիթեն («Ձախեր» կուսակցություն - Die Linke), մասնավորապես նշելով, որ պատժելիության  մասին որոշումներն ու վճիռները պետք է դատարանները կայացնեն։ Նա քննադատել էր նաև բովանդակության հեռացման համար սահմանված ժամկետները։

Նշենք, որ առաջին հեռացված «հակաօրինական բովանդակություններից» է եղել Titanic երգիծական ամսագրի թվիթը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության  անդամ Բեատրիքս ֆոն Շթորխի (Beatrix von Storch) մասին [1]: Շթորխը Twitter-ում քննադատել էր Նոր տարվա առթիվ Քյոլնի ոստիկանության արաբերեն թվիթը (շնորհավորանքը գրվել էր մի քանի լեզուներով)։ Նա գրել էր. «Արդյո՞ք կարծում եք, թե այդպես կարող եք հանդարտեցնել բարբարոս, խմբակային բռնաբարություններ իրականացնող մուսուլման տղամարդկանց ամբոխը»: Titanic-ն իր հերթին Շթորխի գրառման վերաբերյալ երգիծական թվիթ էր արել։ Twitter-ը 48 ժամով արգելափակել էր Titanic-ի հաշիվը՝ հայտնելով, որ նշված գրառումը դեմ է սոցցանցի կանոններին և պահանջել հեռացրել այն [1, 2]: Twitter-ը 24 ժամով արգելափակել էր նաև Շթորխի հաշիվը՝ «ատելության բովանդակության մասին կանոնները խախտելու» համար [1]: Շթորխը փորձել էր նույն գրառումը կատարել նաև Facebook-ում, բայց այնտեղ ևս արգելափակվել էր [1

Այսպիսով, վերլուծելով օրենքի դրույթները և կարծիքները, կարելի է հանգել հետևյալ եզրակացության՝

Օրենքը՝

  • Ապահովում է քրեական օրենսգրքով սահմանված որոշ դրույթների կիրառումը օրենքում նշված պայմաններին համապատասխանող սոցիալական ցանցերում:
  • Օրենքի կիրառման առաջնային պատասխանատուն սոցիալական ցանցն է:
  • Անհրաժեշտության դեպքում սոցիալական ցանցին աջակցում է անկախ ինքնակարգավորման մարմինը:
  • Օրենքի կիրառումը վերահսկում է Գերմանիայի արդարադատության նախարարությունը:
  • Սոցցանցը գրառումները պարտավոր է հեռացնել ոչ միայն իր կանոններին, այլ նաև՝ նշված օրենքին հակասելու հիմքով:
  • Հեռացումն իրականացվում է օգտատերերի բողոքի հիման վրա:

Օրենքի բաց կողմերը՝

  • Չի սահմանվում ապատեղեկատվությունն անմիջապես տարածողի պատասխանատվությունը՝ փաստացի ապահովելով միայն գրառման հետագա տարածման արգելափակումը:
  • Բովանդակությունը չհեռացնելու դեպքում պատասխանատվությունը կրում է միայն այն հարթակը, որտեղ տեղադրվել է համապատասխան գրառումը:
  • օգտատերերի բողոքների համակարգի ներդրման, դատական կարգով քննելու մեխանիզմի բացակայության, ինչպես նաև սեղմ ժամկետներում չհեռացնելու դեպքում սոցիալական ցանցի նկատմամբ վարչական տույժ կիրառելու պատճառով կարող է առաջանալ խոսքի ազատության սահմանափակման վտանգ:

Օրենքի ընդունման հիմքում կարող են լինել նաև քաղաքական դրդապատճառներ

Գերմանիայի իշխանությունները «ֆեյք նյուզի» դեմ  պայքարելու ակտիվ գործընթաց սկսել են 2015 և 2017թթ. ընտրություններից առաջ.  2015-ին մեկնարկած պայքարն ուղղված էր նաև 2017թ. սեպտեմբերի 21-ին երկրում Խորհրդարանական ընտրություների ընթացքի վրա «ֆեյքերի» հնարավոր միջամտությունը կանխելուն։  2017թ. սեպտեմբերի 7-ին Ֆեյսբուքը հայտնել էր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ հեռացվել են երկրում գրանցված տասնյակ հազարավոր կեղծ հաշիվներ։ Իսկ 2017-ին մեկնարկած պայքարը, կարելի է ենթադրել, պայմանավորված էր նաև 2019թ. մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններով։

Ապատեղեկատվության դեմ պայքարը Ֆրանսիայում

2 018թ. նոյեմբերի 20-ին նախընտրական շրջանում կեղծ լուրերի դեմ պայքարելու նպատակով Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր «տեղեկատվության մանիպուլյացիայի մասին» օրինագիծը։

Տարեսկզբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավում ինքն ու իր թիմը ևս կեղծ լուրերի «զոհ են դարձել»։


Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը 2018թ. հունվարի 3-ին մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Աղբյուրը՝ reuters.com

Ֆրանսիայի 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպական լրագրողների CrossCheck նախագիծն ու BBC-ն համատեղ իրականացրել են ընտրությունների վերաբերյալ կեղծ լուրերի հետազոտման ու բացահայտման ծրագիր։ Վերջինիս շրջանակներում 2017թ. մարտի 15-ին հրապարակվել են 5 «ֆեյք նորություններ», որոնք, ըստ աղբյուրի, նպատակ ունեին ազդել ընտրությունների վրա։ Դրանց թվում են եղել՝ «Է. Մակրոնի նախընտրական արշավը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայից», «Ֆրանսիայի իշխանությունները 100 մլն եվրո կծախսեն միգրանտների համար հյուրանոց գնելու համար», «Նախագահի թեկնածուներից Մարին Լը Պենը քննադատել է «Մաշան և արջը» մուլտֆիլմը, քանի որ այնտեղ փոքրիկ աղջիկը գլխաշոր է կրում», «Ֆրանսիայում քրիստոնեական պետական տոները կփոխարինվեն մուսուլմանականով ու հրեականով» նյութերը։ Նաև լուրեր էին տարածվել, թե «Է. Մակրոնը միասեռական է» [1, 2, 3

Օրենքն ուժեղացնում է սոցցանցում հրապարակումների ու արտասահմանյան լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը: Օրենքի համաձայն՝ գրանցված թեկնածուն կամ կուսակցությունները հնարավորություն են ստանում արագացված իրավական գործընթացի միջոցով համազգային ընտրությունների նախաշեմին երեք ամսվա ընթացքում գործել հանրային տարածվող կեղծ տեղեկությունների դեմ։ Թեկնածուն կամ կուսակցությունները կարող են ընտրություններին նախորդող երեք ամսում դիմել դատարան՝ հանրային առցանց հաղորդակցության միջոցներով միտումնավոր կերպով այն տեղեկությունը հեռացնելու պահանջով, որը իրենք կեղծ են համարում։ Դատարանը պարտավորվում է 48 ժամում քննել բողոքն ու դադարեցնել միտումնավոր կեղծ տեղեկության զանգվածային տարածումը։

Բացի այդ, Facebook-ն ու Twitter-ը պարտավորվում են գովազդային բովանդակությունն առավել թափանցիկ դարձնել և բացահայտել վճարովի քաղաքական հրապարակումների ֆինանսական աղբյուրը։ Օրենքի համաձայն՝ Աուդիովիզուալ բարձրագույն խորհուրդը (Conseil Superieur de l'Audiovisuel [1] ) ստանում է օտարերկրյա լրատվամիջոցներին տրված արտոնագիրը դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու լիազորություն,  եթե դրանք «մտադրված տարածում են կեղծ տեղեկություն, ինչը կարող է ազդել քվեարկության ազնվության վրա»։ Արտոնագիրը չեղարկելու առիթ կարող է դառնալ «ազգային շահերի նկատմամբ ոտնձգությունը կամ պետական շահերն ապակայունացնող գործողությունները»։ Օրենքը խախտող յուրաքանչյուր անձ կարող է զրկվել ազատությունից մեկ տարի ժամկետով կամ տուգանվել 75 հազար եվրո [1, 2, 3

Մեդիա ոլորտի փորձագետներն ու քաղաքական  որոշ գործիչներ քննադատել են օրենքը

Մ եդիա ոլորտի փորձագիտական շրջանակաները քննադատել էին օրինագիծը, թե՛ նախքան ընդունումը, և թե՛ ընդունումից հետո։ Ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Կոնստանս Լե Գրին գտնում է, որ օրենքը կարող է «ինքնագրաքնության» պատճառ դառնալ և ստեղծել «բարոյականության ոստիկանություն»։ «Հանրապետականներ»-ից Ռոժե Կարուչիի խոսքերով՝ օրինագիծը վտանգավոր է ու բավարար մշակված չէ։ Ըստ նրա՝ չի կարելի «մարմնին» լիազորություն տալ որոշել՝ որ տեղեկությունն է լավ շարադրված, որը՝ ոչ։ Նա նաև հավելել էր, որ այս ամենն արվում է հանուն քաղաքական հարմարվողականության։ Կարուչիի հետ համակարծիք են նաև այլ սենատորներ և լրագրողներ։ Կարծիքներ են հնչել նաև, որ այս օրինագիծը վտանգավոր է ժողովրդավարության համար [1

Ֆրանսիացի քաղաքական գործիչ և «Ազգային ճակատ» կուսակցության անդամ Ժյուլիեն Ռոշեդին (Julien Rochedy) օրինագծի ընդունումից հետո Twitter-ում գրել էր, որ  «Ֆրանսիան վերջապես մենաշնորհ ունի ճշմարիտ և զանգվածային տեղեկության տարածման նկատմամբ։ Նա կարող է գրաքննության ենթարկել այն ամենը, ինչն իրեն դուր չի գալիս։ Վերադարձ 30-ականներ»։

Որոշ կարծիքների համաձայն՝ Մակրոնի այս նախաձեռնությունն ուղղված է ռուսական պետական RT և Sputnik լրատվամիջոցների դեմ, որոնց Ֆրանսիայի նախագահը մեղադրել էր 2017թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ ապատեղեկատվության տարածման համար։

«Տեղեկության մանիպուլյացիայի» դեմ օրենքի ընդունումը համընկել է Ելիսեյան պալատում աշխատանքի համար RT-ի և Sputnik-ի հավատարմագրման ստացման հետ։ Ռուսական երկու լրատվամիջոցները հավատարմագրվել են՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում  կես տարի «սև ցուցակում» լինելուց հետո։ 2017թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը RT-ին և Sputnik-ին անվանել էր «ներազդման ու քարոզչության մարմիններ» [1, 2, 3

2018թ. նոյեմբերի 30-ին ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Ֆրանսիայի իշխանությունները ապատեղեկատվության դեմ պայքարի պատրվակով իրենց համար օրինական հիմքեր են ստեղծում առաջին հերթին ռուսական ԶԼՄ-ներին հետապնդելու համար... որոնց իրավունքներն առանց այդ էլ վաղուց արդեն կանոնավոր կերպով խախտվում են»։

Նշենք, որ օրինագծի լսումները մեկնարկել էին 2018թ. ամռան սկզբին, իսկ մինչ օրենքի ընդունումը, նույն թվականի օգոստոսին, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Վերլուծությունների, պլանավորման և ռազմավարության կենտրոնը և Զինված ուժերի նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը համատեղ հրապարակել էին «Ինֆորմացիայի մանիպուլյացիա. մարտահրավեր մեր ժողովրդավարության համար» թեմայով 210 էջանոց ծավալուն զեկույցը։

Հավելենք, որ 2019թ. ապրիլի 3-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Twitter-ը 10 օրով արգելափակել էր Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության գովազդային հրապարակումները՝ «ֆեյքերի» դեմ պայքարի մասին նոր օրենքին հակասելու պատճառով։ ՆԳՆ-ն ցանկացել էր սոցցանցում #OuiJeVote («#Այոեսքվեարկումեմ») հեշթեգով  քարոզարշավ անցկացնել՝ կոչ անելով ֆրանսիացիներին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։ Գովազդի պատվիրատուն ՆԳՆ-ն էր, իսկ համակարգողը՝ Կառավարությանը կից Տեղեկատվական կենտրոնը [1

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է նշել, որ Ֆրանսիայում օրենքի ընդունումը գլխավորապես նախընտրական շրջանում «կեղծ լուրերի» դեմ պայքարն ու ընտրությունների վրա դրանց հնարավոր ազդեցությունից խուսափելն էր։  Օրենքի ընդունմամբ Ֆրանսիան փորձում է նաև պայքարել ընտրությունների վրա արտաքին միջամտության դեմ՝ նախընտրական շրջանում արտասահմանյան լրատվամիջոցների աշխատանքը վերահսկելու միջոցով: Կարելի է ասել, որ Ֆրանսիայում օրենքի ընդունումը նույնպես պայմանավորված էր 2019թ. մայիսին Եվրոխորհրդարանի ընտրությունների հանգամանքով։

«Կեղծ լուրերի» դեմ պայքարը Ռուսաստանում

2019թ. մարտի 7-ին ՌԴ Պետական դուման ընդունել է  կեղծ լուրերի դեմ (հավաստի հաղորդագրության անվան տակ և անվտանգությանը սպառնացող հանրային կարևորության ոչ հավաստի տեղեկության տարածում) «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» (Кодекс об административных правонарушениях) փոփոխություններ անելու մասին նախագիծը։

Օ րենքի համաձայն՝ «հանրային կարևորության ոչ հավաստի տեղեկությունը»  «քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, ունեցվածքին վնաս պատճառող, հասարակական կարգին կամ հասարակական անվտանգությանը զանգվածային վնաս պատճառող կամ կենսագործունեությունն ապահովող օբյեկտների, տրանսպորտային կամ սոցիալական ենթակառուցվածքների, վարկային կազմակերպությունների, էներգետիկ, արդյունաբերական կամ կապի օբյեկտների գործունեությանը վտանգ սպառնացող հավաստի հաղորդագրությունների անվան ներքո տարածվող տեղեկությունն է»։ Դրանց տարածումն արգելվում է տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերում, այդ թվում՝ համացանցում։

Աղբյուրի համաձայն՝ տեղեկության կեղծ լինելը որոշելու են ՌԴ Գլխավոր դատախազությունը՝ իրենց լիազորությունների շրջանակներում, իսկ նրանց որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով։

Տեղեկատվության քաղաքականության, տեղեկատվության տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լևինի խոսքերով՝ «ֆեյք լուրերի» առաջացրած վտանգների չափորոշիչները սահմանելու է վերահսկող գերատեսչության ղեկավարությունը՝ «ելնելով լուրերի օրակարգից ու իրադարձությունների բնույթից, որոնց շուրջ կարող են ստեղծվել հնարավոր ծանր հետևանքներ ունեցող ֆեյք լուրերի ալիք»։


Տեղեկատվության քաղաքականության, տեղեկատվության տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լևին: Աղբյուրը՝ duma.gov.ru

Ըստ աղբյուրի՝ օրինագծի քննարկման ժամանակ ներկայացվել են  2018թ. մարտին ՌԴ Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» առևտրային կենտրոնում խոշոր հրդեհի մասին լուրերի օրինակներ. ողբերգությունից հետո տարածվել էին կեղծ տեղեկություններ հրդեհի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ, ինչն էլ քաղաքացիների շրջանում խուճապ էր առաջացրել։

Գլխավոր դատախազն ու նրա տեղակալները համացանցում ոչ հավաստի և հանրային վտանգ ներկայացնող տեղեկություն հայտնաբերելու դեպքում դիմում են Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությանը (Роскомнадзор)՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել տեղեկությունը տարածող տեղեկատվական ռեսուրսներին հասանելիությունը սահմանափակելու համար։ «Ռոսկոմնադզոր»-ն, իր հերթին, դիմում է առցանց լրատվամիջոցի խմբագրությանը, ինչից հետո այն պարտավորվում է անհապաղ ջնջել կեղծ տեղեկությունը։ Նշված տեղեկությունը խմբագրության կողմից անհապաղ չհեռացվելու դեպքում, «Ռոսկոմնադզոր»-ը «փոխգործունեության համակարգի միջոցով դիմում է ցանցային կապի օպերատորներին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցի հասանելիությունը սահմանափակելու համար»։

Եթե ինֆորմացիոն ռեսուրսի սեփականատերը ջնջել է օրենքի խախտմամբ տարածված տեղեկությունը, այդ մասին ծանուցում է ուղարկում «Ռոսկոմնադզոր», որն էլ զեկուցման հավաստիությունը ստուգելուց հետո անհապաղ տեղեկացնում է կապի օպերատորին՝ ինֆորմացիոն ռեսուրսի հասանելիությունը վերականգնելու համար։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝  ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ համացանցում «կեղծ լուրերի» տարածման համար տուգանք է նախատեսվում, որի չափը պայմանավորված է ապատեղեկատվության տարածման արդյունքում առաջացած հետևանքների ծանրությունից։

Աղբյուրի համաձայն՝ տարածված առաջին անգամ ապատեղեկատվություն տարածելու համար քաղաքացիները պետք է վճարեն 30-100 հազար ռուբլի, պաշտոնատար անձինք՝  60-200 հազար ռուբլի, իրավաբանական անձինք՝ 200-500 հազար ռուբլի տուգանք։

Երկրորդ անգամ «հանրային կարևորության ոչ հավաստի տեղեկություն» հրապարակելու դեպքում՝ քաղաքացիների համար սահմանվում է 100-300 հազար, պաշտոնատար անձանց՝ 300 -600 հազար, իրավաբանական անձանց՝ 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի տուգանք։

Եթե կեղծ տեղեկության տարածումը հանգեցրել է մարդու մահվան կամ «հանրային կարևորության ոչ հավաստի տեղեկության» սահմանման մեջ նշված վնասների, տուգանքը կարող է քաղաքացիների համար կազմել 300-400 հազար, պաշտոնատար անձանց համար՝ 600-900 հազար, իսկ իրավաբանական անձանց համար՝ 1-1,5  մլն ռուբլի։

Ըստ օրենքի՝ «ոչ հավաստի տեղեկության տարածումը համարվում է իրավախախտում, եթե այն տարածվել է կանխամտածված»։

Լ. Լևինի խոսքերով, եթե քաղաքացին վերահրապարակել է (repost) գրառում, ինչը իրեն հավաստի է թվացել, դա չի համարվում խախտում։ Իսկ եթե օգտատերը գիտակցաբար ստեղծում կամ հրապարակում է կեղծ լուր, դա համարվում է իրավախախտում։

Վերոնշյալ վարչական գործեր հարուցելու համար սահմանվում են նաև ոստիկանության և «Ռոսկոմնադզոր»-ի իրավասությունները։ Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ վերը նշված վարչական գործերը «Ռոսկոմնադզոր»-ից բացի կարող է հարուցել նաև ոստիկանությունը: Այդ դեպքում անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում բոլոր հարուցված գործերի վերաբերյալ ծանուցել ՌԴ դատախազությանը [1

Ինչպես Գերմանիայում և Ֆրանսիայում, Ռուսաստանում ևս օրենքն արժանացել է քննադատության։ 2019թ. մարտի 12-ին մի խումբ գրողներ, լրագրողներ ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ օրենքն անվանելով «երկրում գրաքննության ուղիղ ռեժիմ սահմանելու հռչակագիր»։

Մարտի 11-ին ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների խորհուրդն օրինագիծը քննադատող փորձագիտական եզրահանգումներ է ուղարկել  Դաշնային խորհրդին  և խնդրել Խորհրդարանի վերին պալատին չեղարկել այն և ուղարկել լրացուցիչ մշակման՝ «Համաձայնեցման հանձնաժողովի» ներգրավմամբ:

Այսպիսով, կարող ենք ասել, որ այսօր, ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում «կեղծ լուրերի» տարածումն ու դրա դեմ պայքարը օրակարգային խնդիր է, և աշխարհում տարբեր մեթոդներով են պայքարում։ Մի շարք երկրներում այդ մեթոդներից է համապատասխան օրենսդրական կարգավորումների ընդունումը։ Դժվար է առնաձնացնել մի երկիր, որի փորձը կարելի է ամբողջությամբ հաջողված համարել։ Ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում քայլեր կձեռնարկվեն թերացումները շտկելու և օրենքները վերամշակելու ուղղությամբ։

Կարծում ենք, որ «ֆեյքերի» դեմ պայքարում առաջնային են

  • «Ապատեղակտվություն», «ֆեյք նյուզ», «ֆեյք» կամ «կեղծ հաշիվներ» հասկացությունների սահմանումը. պետք է հստակ ներկայացվեն նաև տեղեկության կեղծ լինելը սահմանող չափորոշիչները. Օրինակ, տեղեկությունը համարվո՞ւմ է կեղծ, եթե այն ոչ մտադրված, թարգմանչական սխալի և այլ պատճառներով է տարածվել:
     
    • Ապատեղեկատվության համար պատասխանատվություն կրողը կամ կրողները. օրինակ, եթե կեղծ տեղեկություն տարածողը քաղաքական կամ կոմերցիոն հակառակորդն է, որի գործողությունների արդյունքում տուժել է հանրությունը կամ պետությունը, տվյալ դեպքում պատասխանատվության ենթարկվում է սոցիալական ցա՞նցը, թե ֆինանսավորողը։
    • Ապատեղեկատվության արգելափակման, հեռացման չափորոշիչները, մեխանիզմները, ժամկետները. Եթե արգելափակելուց կամ հեռացնելուց հետո պարզվում է, որ տեղեկությունը կեղծ չէր, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվելու այդ ուղղությամբ կամ «տուժողը» ստանալո՞ւ է  փոխհատուցում։
       
  • Ո՞ր մարմինն է իրավասու կեղծ տեղեկությունը սահմանելու, դրա դեմ պայքարելու համար, և ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվելու:
  • Միջազգային կառույցների դրույթներին և կանոնադրությանը համապատասխանելիությունը:
  • Խոսքի ու կարծիքի ազատության հնարավոր սահմանափակումից ու գրաքննությունից խուսափելը:

Կարծում ենք նաև, որ «ֆեյքերի դեմ պայքարում» նախապատվություն պետք է տրվի այն ուղղություններին (օրինակ, տնտեսական, բանկային, ֆինանսական, ռազմական), որոնք առաջնային են պետության և հասարակության անվտանգության և բնականոն կյանքի ապահովման համար:

Ապատեղեկատվությունը կամ կեղծ լուրերը լուրջ խնդիր են նաև Հայաստանում, որի դեմ կարելի է ձեռնարկել հետևյալ միջոցները.

  • Պետության ու մեդիա ոլորտի ներկայացուցիչների համագործակցություն, որի օրինակ կարող է լինել պետական լրատվամիջոցների, հասարակության հետ կապերի բաժինների ու լրագրողների մշտական կապը, կասկածելի լուրերի դեպքում լուրի իսկությունը ճշտելը, կեղծ լինելու դեպքում՝ արագ հերքումը:
  • Մեդիագրագիտության մակարդակի բարձրացման միջոցով, որը արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր լսարանի համար առանձին ծրագիր իրականացնելու դեպքում: Օրինակ, մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար անհրաժեշտ են անցկացնել թեմայի վերաբերյալ պարբերական դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակում: Դասընթացներին կարող են ներգրավված լինել Հայաստանում գործող լրատվամիջոցների, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների լրատվական բաժինների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:  Ուսուցիչների համար անցկացնել մեդիագրագիտության, տեղեկատվության ու փաստերի ստուգման հետ աշխատանքի դասընթացներ:
  • Կրթական հաստատություններում այնպիսի ծրագրի ներդրում, որի միջոցով  աշակերտները և ուսանողները ձեռք կբերեն վերլուծական, տեղեկատվությունը ստուգելու, սկզբնաղբյուրների հետ աշխատելու գիտելիքներ ու հմտություններ։
  • Փաստերի ստուգման անկախ մարմնի ստեղծում. այստեղ կարող են ներգրավված լինեն նաև հասարակական, պետական, միջազգային կառույցների ու մեդիա ոլորտների ներկայացուցիչներ:

Թեև դժվար է այսօր առանձնացնել միջազգային փորձի լիարժեք հաջողված օրինակ, սակայն հենց տարբեր երկրների օրենսդրական կարգավորումները, միջազգային փորձագետների ու հեղինակավոր կառույցների անդրադարձը և քննադատական կարծիքը կարող են օգնել ապատեղեկատվության դեմ պայքարում թերացումներն ու բացերը շտկելու  համար։ Կարծում ենք նաև, որ այս աշխատանքում պետք է ներգրավված լինեն շահագրգիռ բոլոր կողմերը՝ պետության, մեդիա ոլորտի, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչները։


[1] Ֆրանսիայի Աուդիովիզուալ բարձրագույն խորհուրդը (Conseil supérieur de l'audiovisuel, CSA) ստեղծվել է 1989թ. հունվարին պետության անունից աուդիովիզուալ հաղորդակցության (ռադիոն ու հեռուստատեսությունը) ազատությունը երաշխավորելու նպատակով։ CSA-ն իր գործողությունների մասին տեղեկացնում է պետական մարմիններին, սակայն չի ենթարկվում կառավարությանը։ 2017-ից սկսած Խորհուրդն ունի 7 անդամ, որոնցից 3-ին նշանակում է Ազգային ժողովը, 3-ին՝ Սենատի նախագահը, իսկ նախագահին նշանակում է երկրի նախագահը։ Խորհուրդը պատասխանատու է ռադիոհաճախականության սեկտորի պլանավորման, թույլատվության, ինչպես նաև թվային հեռուստատեսության հեռարձակման համար։ Խորհուրդը կարգավորում է նախընտրական արշավների ժամանակ հաղորդումների արտադրությունն ու տարածումը և խորհրդատվություն տրամադրում հեռուստաընկերություններին։ Բացի այդ, մասնակցում է աուդիովիզուալ ծառայությունների բաշխման առնչությամբ առաջացած վեճերի լուծմանը [1, 2]: