ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համակարգը

5 ր.   |  2019-04-25

Պետության քաղաքական իշխանության կարևորագույն գործառույթներից է ռազմական անվտանգության ապահովումը, որն էական նշանակություն ունի քաղաքական համակարգի կայուն, ազատ զարգացման, պետության ազգային շահերի իրացման գործում:  Ռազմական անվտանգության բազմակողմանի հետազոտության անհրաժեշտությունը, կառուցվածքաբովանդակային և գործառնային պլանում նրա վերլուծությունը պայմանավորված են այս ոլորտում պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման օբյեկտիվ պահանջով, ՀՀ ռազմական դոկտրինի և ազգային անվտանգության ռազմավարության կատարելագործման և կենսագործման պահանջով, ռազմական կազմակերպվածքի նպատակաուղղված վերակառուցմամբ և ԶՈՒ բարեփոխմամբ: Այս հրամայականները մշտարդիական են՝ ՀՀ ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային մարտահրավերներով պայմանավորված:

Ռազմական անվտանգությունը հաճախ դիտարկվում է որպես պետության պաշտպանական անվտանգության հոմանիշ, ինչն այդքան էլ ճիշտ չէ։ Եթե պաշտպանական անվտանգությունը կարելի է սահմանել բացառապես ռազմական ճանապարհով արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու միջոցները, ապա ռազմական անվտանգություն տերմինն ընդգրկում է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական, իրավական և այլ միջոցների համալիր, որոնց միջոցով իրականացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառնալիքներից պետության պաշտպանությունը։ Այս դեպքում կարելի է պնդել, որ պաշտպանական անվտանգությունը ռազմական անվտանգության բաղկացուցիչն է։

Այսպես, ռուսական ռազմական հանրագիտարանը ռազմական անվտանգությունը սահմանում է ներքին և միջազգային կյանքի այնպիսի վիճակ, որի դեպքում չեզոքացված կամ բացառված է անհատին, հասարակությանը, պետությանը, պետությունների կոալիցիային, ամբողջ միջազգային հանրությանը ռազմական բռնության միջոցներով վնաս հասցնելը: Ինստիտուցիոնալ պլանում ռազմական անվտանգության հիմնական նպատակն է պետության տարածքային ամբողջականության զինված պաշտպանությունը, անկախության և ինքնիշխանության ապահովումը, հասարակական և պետական կառույցի կայունության համար ռազմական երաշխիքների ստեղծումը, իրավակարգի պահպանությունը, քաղաքական և քրեական խմբերի ահաբեկչական գործողությունների կանխումը: Ինստիտուցիոնալ մոտեցման հիմքով էլ կփորձենք վեր հանել ռազմական անվտանգության ապահովման համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները։

Ռազմական անվտանգության  ապահովման համակարգի  հետ կապված խնդիրների գործնական լուծումներն անհնար է իրականացնել առանց նրա սուբյեկտների բնույթն ըմբռնելու: Այդ սուբյեկտների որոշարկումը կարևոր է նաև պետության՝ ռազմական սպառնալիքներով պայմանավորված ազգային շահերի պաշտպանության քաղաքական նպատակաուղղվածությունը հասկանալու, ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված քաղաքական ղեկավարության հայացքների կոնցեպտուալ ձևակերպումներն ըմբռնելու տեսանկյունից:

Որոշ հետազոտողներ ռազմական անվտանգության ապահովման համակարգի սուբյեկտները բաժանում են երկու մասի, որոնք միմյանց հետ կապված են ամբողջի և մասի հարաբերակցությամբ: Ըստ այդմ՝ ռազմական անվտանգության ապահովման համակարգի առաջինային սուբյեկտը, որը ներառում է ինստիտուցիոնալ ողջ համալիրը, պետությունն է: Պետությունը ոչ միայն ազգային շահերի կրողն է, այլև իր քաղաքացիների անվտանգության ապահովման հիմնական գործիքը, տարբեր կարգի վտանգներից և սպառնալիքներից նրանց երաշխավորված պաշտպանը։ Հիմնվելով քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմական հնարավորությունների վրա, ելնելով ներքին և արտաքին քաղաքականության այլ սուբյեկտների փոխհարաբերությունից, հաշվի առնելով ռազմական սպառնալիքների բնույթը՝ պետությունը սահմանում է ռազմական անվտանգության վերաբերյալ մոտեցումները, քաղաքականության բովանդակությունը և նպատակաուղղվածությունը, ռազմական սպառնալիքներին հակազդելու մեխանիզմները: Այս ոլորտում իրականացնելով իր գործունեությունը՝ պետությունը գործակցում է նաև ներքին քաղաքականության այլ սուբյեկտների հետ՝ ձգտելով ապահովել անվտանգային լիարժեք միջավայր: Այս առումով անվտանգության գործադիր ոլորտի պետական մարմինները, ներառյալ՝ անվտանգության ապահովման ուժային կառույցներն ու միջոցները, կազմում են ՀՀ-ի ռազմական անվտանգության ապահովման համակարգը:

Այսպես, պետության կողմից ռազմական անվտանգության ապահովման քաղաքականությունն իրականացվում է պետական իշխանության մարմինների համակարգի, հատուկ պետական հաստատությունների, պատասխանատու անձանց հատուկ շրջանակի կողմից: Այդ մարմինները, ինստիտուտները, պատասխանատու անձինք ռազմական անվտանգության ապահովման սուբյեկտների երկրորդ խումբն են: Այս դեպքում ռազմական անվտանգության ապահովման յուրաքանչյուր սուբյեկտ իրագործում է յուրահատուկ, միայն իրեն բնորոշ գործառույթները, իսկ նրանց բոլորի գործունեությունն ուղղորդում, համակարգում և ղեկավարում է պետությունը: Առանձին անձանց, կազմակերպությունների, ինստիտուտների կողմից ռազմական անվտանգության ապահովման սուբյեկտայնությունը դրսևորվում է պետության, քաղաքական իշխանության հետ նրանց իրավահարաբերություններով: Այդ հարաբերությունների բովանդակությունը պետության՝ որպես ռազմական անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտի՝ վերոնշյալ սուբյեկտներին սպեցիֆիկ լիազորություններով օժտելն է: Օրինակ՝ պաշտպանության նախարարը ռազմական անվտանգությունն ապահովող սուբյեկտ է ոչ թե որպես անձ, այլ որպես պետական պաշտոնատար մարմին՝ օժտված որոշակի պետական լիազորություններով՝ ապահովելու համար պետության ռազմական անվտանգությունը, որը բնորոշ չէ շատ այլ անձանց:

Որպես ռազմական անվտանգության ապահովման համակարգի սուբյեկտ կարող են հանդես գալ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև պետության քաղաքացիները՝ ընտրությունների ժամանակ վստահություն կամ անվստահություն հայտնելով պետական, այդ թվում՝ ռազմական անվտանգության քաղաքականությանը: Այս դերակատարների սուբյեկտայնությունը ռազմական անվտանգության ապահովման հետ միասին հանդես է գալիս միջնորդավորված ձևով՝  ի համեմատ պետական դերակատարների և միայն այն չափով, թե ռազմական անվտանգության ապահովման գործընթացքում պետությանն ինչ ձևաչափով ու գործունեությամբ են աջակցում: Այսպես, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կարող է ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ իր տեսլականն ունենալ, բայց այն չի կարող համարվել ապահովման սուբյեկտ, քանի դեռ չունի պետական քաղաքականության վրա ազդելու իրական հնարավորություն: Բնականաբար, ռազմական անվտանգության ապահովման համակարգի սուբյեկտներ չեն արտախորհրդարանական կուսակցությունները՝ չունենալով ներկայացուցչություն խորհրդարանում և կառավարությունում, ընդհատակյա կազմակերպությունները և այլն:

ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համակարգի գործառնումը պայմանավորված է նրա կառուցվածքային առանձնահատկություններով և համակարգային տարրերի համախմբով:  Ներկայում կարելի է խոսել ռազմական անվտանգության ապահովման համակարգի մի քանի ենթահամակարգերի մասին: Որոշ հետազոտողների կողմից առաջ քաշված դասակարգման տիպօրինակների հիման վրա կարող ենք տարբերակել ՀՀ ռազմական անվտանգության ապահովման հետևյալ ենթահամակարգերը՝

  1. Պետական (հանրապետական) ապահովման ենթահամակարգ - (ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմիններ, Գլխավոր դատախազություն, ԱԱԽ և այլ կոորդինացիոն սուբյեկտներ)
  2. Տարածքային ապահովման ենթահամակարգ - (տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ)
  3. Գործառութային (ֆունկցիոնալ) ապահովման ենթահամակարգ - (ԱԱԾ, ՊՆ, ԱԳՆ, ոստիկանություն, ԱԻՆ, ՊՊԳՎ, տնտեսական և ենթակառուցվածքային որոշ գերատեսչություններ)
  4. Պետության ռազմական կառավարման կազմակերպվածքը որպես ռազմական անվտանգության անմիջական ապահովման ենթահամակարգ - (ՀՀ ԶՈՒ, այլ զորքեր, ռազմական անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար նախատեսված ռազմական կազմավորումներ և նրանց ղեկավար մարմիններ):   

Այս պետական մարմինները ռազմական անվտանգության ապահովման համատեքստում հանրային հարաբերությունների այն մասնակիցներն են, ում իրավական նորմը տվել է որոշակի իրավունքներ ու պարտականություններ: Դա դրսևորվում է հետևյալում. առաջին՝ սոցիալական տեսնակյունից լինել հասարակական հարաբերությունների առանձին մասնակից, ունակ ձևավորելու և իրականացնելու որոշակի գործողություններ, հանդիսանալ հասարակական կյանքի կարգավորման մի հատվածը, երկրորդը՝  իրավական տեսանկյունից ռազմական անվտանգության ապահովման հետ կապված լինել որոշակի իրավահարաբերությունների կրող:

ՀՀ-ում ռազմական անվտանգությունն ապահովվում է պետական անվտանգության համակարգի միջոցով և ունի օրենսդրական ամրագրումներ: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում սահմանվում է, որ ռազմական անվտանգության ապահովմանը մասնակցում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, պետական, հասարակական և այլ կառույցներն ու միավորումները, քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով մասնակցում են պետական համակարգի այս կարևոր միջացառման ապահովմանը, ինչպես նաև օրենսդրությունը, որը կարգավորում է այս ոլորտի իրավահարաբերությունները: Այս ոլորտում պետության և հասարակության համար կարևորագույն գործնական առաջադրանքն է կատարելագործել ՀՀ ռազմական անվտանգության կազմակերպվածքը՝ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման համար, երկրի ներսում սահմանադրական կարգի պաշտպանությունը, պաշտպանական կարողությունների «ռացիոնալ ծախսով» սպառնալիքների չեզոքացման համակարգի ղեկավարման հնարավորությունը: Ինչպես ամրագրված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ «Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են Զինված ուժերի մարտունակության, անվտանգության և իրավապահ մարմինների գործունեության արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը»:

Այսպիսով, ՀՀ-ի համար անվտանգության որոշ ուղղություններում առկա սպառնագին իրավիճակում հուսալի պաշտպանությունը և ռազմական անվտանգության ապահովումը պատմականորեն դառնում են կարևոր հրամայական, ինչը պահանջում է նյութական, հոգևոր ու մարդկային ուժերի ներգրավում, հասարակության տարբեր ոլորտների ինտեգրում: Դրանով զբաղվում են ոչ միայն պետության ռազմական բնագավառի մասնագիտացված հատվածը, այլև պետական իշխանության հաստատությունները՝ համադասելով և ուղղորդելով հասարակության ջանքերը:


[1] Տե՛ս Грачев Н.Н., Абракадабра «защищенной защиты» // Независимое военное обозрение. 2003. №11. URL: http://nvo.ng.ru/concepts - [հասանելի էր 20.04.2019]

[2] Տե՛ս Военная энциклопедия, В восьми томах, Т. 1,  М., Военное издательство, 1997, с. 397 

[3] Տե՛ս Лутовинов В. И., Хмара Ю. Н., Военная безопасность государства: концептуальные основы и современное российское видение // Социум и власть, N 2 (52) 2015, с. 70.

[4] Տե՛ս Барабин В. В., Военно-политическая деятелность государства в системе национальной безопасности: Социально-философский анализ: Дис. док. филос. наук.-М., 1999, с. 42.

[5] Տե՛ս  Քոթանջյան Հ. Ս., Հակամարտության էթնոքաղաքագիտություն: Հայաստանի ռազմական քաղաքականության և ազգային անվտանգության հիմունքները, ՀՀ ՊՆ  Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Երև., 2010 թ., էջ 545.

[6] Տե՛ս Писарев А.Н. Полномочия органов государственной власти Российской Федерации в области обороны (системно-правовое исследование): Дисс. докт. юрид. наук. М.: Воен. ун-т, 2001, c. 23

[7] Տե՛ս Фатеев К. В., Обеспечение военной безопасности Российской Федерации: теория и практика правового регулирования, Москва, 2005 - https://refdb.ru [հասանելի էր 20.04.2019]

[8] Տե՛ս «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ ՊՏ 2008/73,  24.12.2008

[9] Տե՛ս ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն, ՆՀ-37-Ն ՀՀ նախագահի հրամանագիր, 2007 թ. փետրվարի 7, Երևան