Հայկական թեմատիկան թուրքական վերլուծական կենտրոնների հետազոտություններում

4 ր.   |  2019-04-23

Վ երջին տասնամյակում անընդհատ ավելացող վերլուծական կենտրոնները նպաստել են ակադեմիական շրջանակներից դուրս հումանիտար գիտական մտքի զարգացմանը և նոր որակ հաղորդել քաղաքագիտական-ռազմավարական մշակումներին։ Վերլուծական կենտրոններն ուսումնասիրում են հասարակական-քաղաքական գրեթե բոլոր բնագավառները՝ տարբեր առաջարկություններ ու գաղափարներ ներկայացնելով պետական մարմիններին: Բացառություն չէ նաև Թուրքիան, որտեղ տասնյակ գիտահետազոտական կենտրոններ և փորձագիտական խմբեր աշխատում են տարբեր, այդ թվում՝ հայկական հետազոտությունների բնագավառում:

Հոդվածում դիտարկել ենք տարբեր տիպաբանության և գաղափարական հոսանքների հարող թուրքական վերլուծական յոթ կենտրոն, որոնք 2016-2018թթ. հրապարակել են հայկական թեմաներին առնչվող 72 հոդված (Աղյուսակ 1):

2016-2018 թթ.

հրապարակված նյութերն՝ ըստ թեմատիկ ուղղությունների

Աղյուսակ 1

Հատկանշական է, որ ի տարբերություն «հայկական հարցերում մասնագիտացած» կենտրոնների, որտեղ ՀՀ-ի և hայության վերաբերյալ հետազոտությունները հիմնականում պարբերական են[1], աղյուսակում բերված կենտրոնները չունեն հայկական հետազոտությունների առանձին բաժիններ, իսկ հոդվածները դիպվածային կամ իրավիճակային են: Այստեղ վերլուծություններն իրականացում են հիմնականում տարածաշրջանային հիմնախնդիրները հետազոտող փորձագետները: Ընդ որում, շեշտը դրվում է առավելապես քաղաքական ընթացիկ՝ հայ-իրանական, հայ-ռուսական և այլ օրակարգային հարցերի վրա:

Հոդվածների գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ու Արցախյան հակամարտությանը: Վերջին երկու հիմնախնդիրները դիտարկվում են տարածաշրջանային անվտանգության, նաև այլ երկրների հետ Թուրքիայի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների համատեքստում՝ Ռուսաստան-Թուրքիա, Թուրքիա-Ադերբեջան, Ադրբեջան-Բելառուս, Թուրքիա-Իրան-Ադրբեջան: Հազվադեպ են հանդիպում պատմական ուսումնասիրություններ, որոնք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, ուր խնդիրը առանձնապես դիտվում է փաստերի ժխտման և նենգափոխման դիրքերից:

Տպավորություն է ստեղծվում, որ նշված վերլուծական կենտրոնները հետահայաց են արձագանքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Օրինակ՝ ապրիլյան պատերազմը[2], կամ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և դրան հաջորդած ներքաղաքական զարգացումները [3] դիտարկվել են դրանցից շաբաթներ կամ ամիսներ անց:

Նկատենք, որ այս վերլուծական կենտրոնների հետ համագործակցում կամ դրանց աշխատանքներում ներգրավված են Ադրբեջանից, միջինասիական թյուրքախոս հանրապետություններից հրավիրված մասնագետներ, հատկապես՝ քաղաքագետներ և միջազգայնագետներ, որոնք էլ հեղինակում են արցախյան հակամարտության, Խոջալուի դեպքերի[4], ՀՀ արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ հոդվածները:

Ոլորտային հետազոտություններն այսքանով չեն սամանափակվում: Հայաստանի և հայության հետ տեղեկատվական հակամարտության պայմաններում որոշ հարցեր դառնում են քաղաքական շահարկման թեմա, կրում քարոզչական բնույթ և լուսաբանվում են բացասական լույսի ներքո: Օրինակ, Մեծամորի ատոմակայանը ներկայացվում է որպես Կովկասի «երկրորդ Չեռնոբիլ», որն, ըստ հեղինակի, «…սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»: Միաժամանակ  նշվում է, որ ռադիոակտիվ թափոնները, իբր թե, թաղվում են Արցախի Հանրապետության տարածքում կամ ատոմակայանից հեռացվող ջրերը միախառնվում են Արաքս գետին: Բոլոր այս անհիմն պնդումները գլխավորապես կառուցվում են ադրբեջանական և թուրքական քարոզչական հրապարակումների հիման վրա: Ի դեպ, պետք է նշել, որ տվյալ թեմատիկայի կապակցությամբ թուրք հեղինակները անշեղորեն հետևում են նաև Անկարայի  դիրքորոշմանը, քանի որ թուրքական իշխանությունները մեկ անգամ չէ, որ դիմել են Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությանը՝ ՀԱԷԿ-ը փակելու պահանջով[5]:

Ակնհայտ է, որ թեման միայն ներքին սպառման համար չէ, հասցեագրված է նաև արտաքին լսարանին և հրատապություն հաղորդելու նպատակով ձգտում են արհեստականորեն այն կապել բնապահպանական, Արցախի Հանրապետության և այլ զգայուն հարցերի հետ:


Հայկական հարցերին նվիրված գիտաժողով՝ Ռազմավարական մտածողության ինստիտուտում (SDE) (2018թ.)

Թուրքիայի մյուս, այսպես ասած, «մտահոգությունը» Վրաստանի հայությունն է: Իհարկե, տվյալ թեման նոր չէ թուրքական գիտական և մերձգիտական շրջանակների համար, սակայն այն ևս դարձել է վերլուծական քննարկման նյութ: Հակահայկական տեղեկատվական-քարոզչական թիրախում է հատկապես Սամցխե-Ջավախքը և տեղի հայ բնակչությունը: Կարևորելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ հեղինակները փորձում են Սամցխե-Ջավախքի հայ բնակչությանը ներկայացնել որպես Վրաստանի «հինգերորդ շարասյուն», նրա տարածքային ամբողջականությանը «սպառնացող», «անջատողական» տարր: Հիմնական շրջանառվող «գաղափարն» այն է, որ տարածաշրջանը ապագայում կարող է վերածվել «երկրորդ Ղարաբաղի»: Քարոզչական այս թեզերով թուրք փորձագետները ձգտում են ազդել Վրաստանի հասարակական կարծիքի վրա:

Չնայած դիտարկված կենտրոնները ներկայանում են որպես անկողմնակալ հետազոտություններ իրականացնող գիտավերլուծական հաստատություններ և ձգտում են թուրքական փորձագիտական տիրույթում զբաղեցնել առաջատար դիրք, այնուամենայնիվ, հայությանը վերաբերող հրապարակումների մեծ մասը հեռու է գիտականությունից, փորձագետներն աշխատում են հարստացնել տեղեկատվական դաշտը սեփական բովանդակությամբ՝ շեշտը մեծապես դնելով հրապարակումների քանակական կողմի վրա: Բացի թուրքերեն և անգլերեն հրապարակումներից, վերջին տարիներին հետազոտական կենտրոններն իրենց վերլուծական նյութերը ներկայացնում են ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն։

Ամփոփելով նշենք, որ թուրքական փորձագիտական-վերլուծական կենտրոնները, անկախ քաղաքական-գաղափարական հայացքներից և դասակարգումից, մշտապես ուշադրության կենտրոնում են պահում հայկական թեմատիկան։ Բացի դիտարկված հարցերից, կան նաև ՀՀ կրթական, ժողովրդագրական, հայկական սփյուռքի և այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվական և վերլուծական հրապարակումներ։


[1] Այդ մասին մանրամասն տե՛ս հեղինակի կողմից ժամանակին հրապարկված հոդվածները, Ա. Սիմավորյան, Հայկական հետազոտություններ թուրքական ուղեղային կենտրոններում, http://www.diplomat.am, Simavoryan A., Anti-Armenian Activities of the University “Armenological” Departments and Analitycal Centres in Turkey,  ISSUE 2, 2015, http://www.fundamentalarmenology.am

[2] Osman Akdoğan, Azeri-Ermeni çatışmasının ve Türkiye'ye yönelik terörün ardında enerji projeleri var, http://sahipkiran.org,  Elnur Ismayil, Azerbaycan-Ermenistan Savaşı: Sonuçlar ve Öngörüler, http://www.bilgesam.org, Seyfettin Erol, Ankara-Bakü Güvenlik Hattı, https://ankasam.org

[3] Dinmuhammed Ametbek, Nikol Paşinyan’ın Yeni Ermenistan’ı, https://ankasam.org, Hatem Cabbarli, Sokaklardan İktidara: Paşinyan Hükümeti, https://ankasam.org, Elnur Ismayil, Ermenistan’da Paşinyan Dönemi ve Değişen Dengeler, http://www.bilgesam.org

[4] https://ankasam.org, http://www.bilgesam.org.

[5] Տե՛ս, http://ekonomi.haber7.com, https://www.turkhabergazetesi.com