ՀՀ-ում գնաճի ներկա զարգացումները. միտումներ և արտաքին ազդակներ

8 ր.   |  2026-05-06

ՀՀ տնտեսությունում գնաճային զարգացումները շարունակում են մնալ դրամավարկային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Սպառողական գների դինամիկան ձևավորվում է արտաքին և ներքին մի շարք գործոնների ազդեցությամբ՝ արտացոլելով պահանջարկի, առաջարկի և գնաճային սպասումների համալիր ազդեցությունը։ Վերջին շրջանում արձանագրվող միտումները ևս փաստում են, որ մի կողմից՝ աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում արտաքին շուկաներում գների տատանումները, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի դինամիկան և փոխարժեքային տատանումներն էական դեր են խաղում ընդհանուր գնաճային ֆոնի ձևավորման համար։ 

Սովորաբար, չափավոր գնաճը դիտարկվում է որպես առողջ տնտեսական միջավայրի բնական բաղադրիչ՝ արտացոլելով պահանջարկի և տնտեսական ակտիվության որոշակի ընդլայնում։ Սակայն, երբ այն գերազանցում է վերահսկելի սահմանները կամ դառնում է անկայուն, սկսում է խաթարել մակրոտնտեսական հավասարակշռությունը՝ նվազեցնելով բնակչության իրական գնողունակությունը և միաժամանակ բարձրացնելով տնտեսական անորոշությունը, որը, իր հերթին, ազդում է թե՛ տնային տնտեսությունների, թե՛ գործարար միջավայրի որոշումների վրա։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) հրապարակած վերջին տվյալների՝ 2026 թ․ առաջին եռամսյակի ընթացքում գնաճը Հայաստանում շարունակել է ավելանալ՝ մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 4․5%։ Միևնույն ժամանակ, փետրվարի նկատմամբ արձանագրվել է 0.7% գների աճ, այն դեպքում, երբ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը դիտարկվող ժամանակահատվածում մնացել է անփոփոխ, ինչը վկայում է, որ գնաճային դինամիկան ձևավորվել է առանց արժութային տատանումների լրացուցիչ ճնշման։ Միաժամանակ, տարեկան համադրությամբ սպառողական գների հավելաճն ուղեկցվել է ՀՀ դրամի արժևորմամբ։ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2026 թ․ մարտին կազմել է 377.4 դրամ՝ 2025 թ․ նույն ժամանակահատվածի 392.8 դրամի համեմատ։ Այս պայմաններում՝ ելնելով գների և ֆինանսական կայունության ապահովման նպատակներից՝ ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) միջնաժամկետ հորիզոնում շարունակում է առաջնորդվել գնաճի նպատակային 3% թիրախով։

Այսպիսով, անդրադարձ կատարելով գնաճային դինամիկայի ուսումնասիրությանն ըստ ապրանքախմբերի, նշենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2026 թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7.8%-ով, իսկ 2026 թ. փետրվարի համեմատ՝ 1.8%-ով: Տարեկան կտրվածքով ՀՀ-ում պարենային հիմնական ապրանքախմբերում ամենաբարձր գնաճը գրանցվել է կաթնամթերքի, պանրի և ձվի դեպքում՝ 12.8%, որին հաջորդել են ծխախոտային արտադրատեսակները՝ 9.7%, միսը՝ 9.4%, օղին՝ 9.2%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախումբը՝ 7.7%։ Դիտարկվող ժամանակահատվածում պարենային հիմնական ապրանքախմբերից որևէ մեկում գնանկում չի նկատվել, սակայն որոշ ապրանքախմբերում արձանագրվել են համեմատաբար ցածր գնաճի մակարդակներ, օրինակ՝ գինու պարագայում այն կազմել է ընդամենը 0.5%։ Միևնույն ժամանակ, ամսական կտրվածքով որոշ ապրանքախմբերում դիտվել են գնանկումներ, մասնավորապես՝ գինի և ձուկ, ծովամթերք ապրանքախմբերում՝ համապատասխանաբար 0.8 և 0.5%-ով (2026 թ. փետրվարի համեմատ)։ Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքախմբերում գնաճային ճնշումներն առավել արտահայտված են եղել կենդանական ծագման կատեգորիաներում։

Վերոնշյալ գնաճային զարգացումները պայմանավորված են ոչ միայն ներքին՝ հիմնականում 2026թ. 1-ին եռամսյակում ՀՀ տնտեսությունում ավելցուկային, բարձր պահանջարկի առկայությամբ (ինչպես վկայում են նաև ՀՀ ԿԲ գնահատականները), այլև արտաքին գործոններով։ Մասնավորապես, համաշխարհային շուկայում նույնպես նկատելի են սննդամթերքի գների աճ․ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ պարենի գների ինդեքսն ցուցաբերել է աճի միտում։ Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ վերջինս աճել է 1%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2․4%-ով: Ամսական կտրվածքով բոլոր ապրանքային խմբերի՝ հացահատկի, մսի, կաթնամթերքի, բուսական յուղի և շաքարի գների ինդեքսներն աճել են տարբեր չափերով՝ արտացոլելով ոչ միայն շուկայական հիմնարար գործոնները, այլև էներգակիրների արժեքի բարձրացման ազդեցությունը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ։ Հետևաբար, տարեսկզբից միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրված գնաճային միտումներն իրենց ազդեցությունն են թողել նաև ՀՀ սպառողական շուկայում՝ հատկապես ներմուծվող ապրանքների գների ձևավորման առումով։

Մյուս կողմից, ՀՀ-ում ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թ. մարտին գնաճային միջավայրը եղել է ամենամեղմը․ տարեկան աճը կազմել է ընդամենը 0.8%, իսկ ամսականը՝ 0.1%։ Այնուամենայնիվ, այս շուկայի ապրանքախմբերի միջև՝ գնաճային առումով, առկա են զգալի տարբերություններ․ եթե ոսկերչական զարդերի դեպքում արձանագրվել է էական՝ 54.5% աճ, ապա սիրողական այգեգործության ապրանքախմբում դիտվել է 12.8% նվազում, ինչը վկայում է, որ միևնույն շուկայի տարբեր ապրանքախմբերում գների փոփոխությունները միատեսակ չեն և ձևավորվում են ոչ համասեռ միտումների ազդեցությամբ։

Ըստ հրապարակված տվյալների` 2026թ. մարտին 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են` համապատասխանաբար 6.3%-ով և 5.9%-ով։ Տարվա սկզբից ձևավորված նվազման դինամիկան, ընդհանուր առմամբ, կարող է որոշ չափով պայմանավորված լինել վառելիքի ներմուծման կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններով և մատակարարման աղբյուրների վերադասավորմամբ/դիվերսիֆիկացմամբ, որն ազդեցություն է ունեցել մատակարարման շղթաների ծախսային բաղադրիչի, այդ թվում՝ լոգիստիկ ծախսերի հնարավոր նվազման վրա։ Միաժամանակ, հեղուկ ածխաջրածինների՝ բութան, պրոպան և այլնի մասով գրանցվել է հակառակ միտումը՝ սակայն բավական մեղմ՝ ընդամենը 0.2% աճով։ Այն զգալիորեն ցածր է նաև նախորդ ամիսներին արձանագրված տատանումների համեմատ, ինչը կարող է վկայել տվյալ հատվածում առաջարկի և պահանջարկի հարաբերական հավասարակշռման մասին։

2026 թ. մարտին ծառայությունների ոլորտում արձանագրված 2.6% տարեկան գնաճը ձևավորվել է ընդհանուր գնաճային միջավայրի նկատմամբ ավելի մեղմ տեմպերով, ինչը վկայում է, որ գնաճային ճնշումները տվյալ ժամանակահատվածում ավելի արտահայտված են ապրանքային շուկայում, մասնավորապես՝ պարենային հատվածում։ Միաժամանակ, ամսական 0.2% գնանկումը մատնանշում է ծառայությունների շուկայում կարճաժամկետ գնային տատանումների որոշակի նվազում, որը կարող է պայմանավորված լինել առանձին ծառայությունների գների ճշգրտումներով և շուկայական դինամիկայով։ Այսպես, տարեկան կտրվածքով ծառայությունների առանձին ուղղությունները դիտարկելիս նկատելի է զգալի տարբերակվածություն․ մի շարք ծառայությունների դեպքում ձևավորվել են բարձր, այդ թվում՝ երկնիշ գնաճային ցուցանիշներ, որոնց շրջանակում առանձնանում են հանգստի կազմակերպման համալիր ծառայությունները (16.4%) և տրանսպորտի ապահովագրության ոլորտը (11.7%)։ Բարձր գնաճ է գրանցվել նաև տրանսպորտի (9.9%), օժանդակ բժշկական ծառայությունների (7.2%) հատվածներում, իսկ ավելի մեղմ՝ ստոմատոլոգիական (2.9%) և վարսավիրանոցների ու անձնական սպասարկման սրահների ծառայությունների (2.3%) ենթախմբերում։ Նշվածը վկայում է, որ ընդհանուր սպառողական շուկայում ծառայությունների գծով արձանագրված համեմատաբար մեղմ գնաճի պայմաններում ևս պահպանվում են էական տարբերություններ առանձին ուղղությունների միջև։ Այդ տարբերությունները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով, այդ թվում՝ պահանջարկի բնույթով։ Առանձին ծառայությունների դեպքում պահանջարկը կարող է լինել ավելի էլաստիկ (սպառողները զգայուն են գների փոփոխության նկատմամբ և, ըստ իրավիճակի, կարող են նվազեցնել կամ ավելացնել սպառումը), մինչդեռ այլ ծառայությունների դեպքում՝ առավելապես ոչ էլաստիկ (օրինակ՝ պարտադիր բնույթ ունեցող կամ սահմանափակ փոխարինելի ծառայությունների դեպքում, որտեղ գների փոփոխությունը սովորաբար չի հանգեցնում սպառման էական փոփոխության)։ Դիտարկվող տարբերությունները կարող են նաև արտացոլել ոլորտային այլ գործոններ, այդ թվում՝ սեզոնային տատանումները և ծառայությունների կառուցվածքային առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, բարձր արտաքին պահանջարկի պահպանումը, հատկապես ծառայությունների որոշ ուղղություններով՝ զբոսաշրջություն և ֆինանսական, կարող է ձևավորել լրացուցիչ պահանջարկ և միջնաժամկետ հատվածում նպաստել գնաճային ճնշումների ակտիվացմանը նաև այս շուկայում։

Վերոնշյալ միտումները մեկ անգամ ևս փաստում են, որ նույնիսկ առանձին շուկաներում գների ձևավորումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների համակցված ազդեցությամբ։ Այս առումով հատկապես հարկ է նշել, որ վերջին շրջանում աշխարհաքաղաքական լարվածությունների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետևանքով, աճել է գլոբալ տնտեսական անորոշությունը, ինչն արտահայտվում է նաև տարբեր երկրներում գնաճային սպասումների և ընդհանուր գնաճային միջավայրի փոփոխություններով։ Ուստի, այս համատեքստում կարևորվում է ՀՀ սպառողական շուկայում գների ձևավորման առանձնահատկությունների և հնարավոր զարգացումների դիտարկումը։

Այսպես, մի կողմից՝ ՀՀ-ում որոշ ապրանքատեսակների մասով արձանագրված բարձր գնաճը, իսկ մյուս կողմից՝ ներկա աշխարհաքաղաքական զարգացումները գնաճի հեռանկարը պահում են անորոշ։ Սակայն, հարկ է նշել, որ ՀՀ ԿԲ-ն իրականացրել է ընթացիկ գնահատումներ՝ ՀՀ ներքին գների վրա Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման և դրա երկար պահպանման դեպքում, 3 հնարավոր առաջնային ազդեցության ուղիներ առաջ քաշելով։ Ըստ այդմ, միջազգային շուկայում ապրանքահումքային և, առաջնահերթ՝ նավթի գների աճի փոխանցման ուղղակի ազդեցությամբ գնահատվում է, որ ՀՀ 12-ամսյա ընդհանուր գնաճի վրա կկազմի շուրջ 0.6-0.8 տոկոսային կետ։ Մյուս կողմից, Իրանը կարևոր տարանցիկ ուղի է դեպի ՀՀ ապրանքային հոսքերի տեսանկյունից։ ՀՀ-ի ապրանքային առևտրի մոտ 30-40%-ն առնչվում է Մերձավոր Արևելքի և մի շարք ասիական երկրներին, որոնց համար այս ուղղությունը հաճախ ամենակարճ և տնտեսապես ամենաարդյունավետ երթուղին է։ Մասնավորապես, նշված երկրների շարքում, ըստ առևտրաշրջանառության մասնաբաժնի, առանձնանում են հատկապես Չինաստանը (12.3%)՝ որպես ՀՀ երկրորդ խոշոր առևտրային գործընկեր, Արաբական Միացյալ Էմիրությունները (10%)՝ երրորդ, Իրանը (3.6%)՝ չորրորդ, Իրաքը (1.6%)՝ յոթերորդ հորիզոնականում՝ 2025 թ. տարեկան տվյալների համաձայն։ Միաժամանակ, այս երկրների շարքում Հայաստանի արտաքին առևտրային հարաբերություններում կարևոր դեր է զբաղեցնում նաև Հնդկաստանը՝ որպես առանձին նշանակալի գործընկեր, որի մասնաբաժինը, թեև համեմատաբար ավելի փոքր է, սակայն ունի աճի միտում։ Այստեղ հարկ է նշել նաև, որ Հայաստանի արտաքին առևտրային հաղորդակցությունները ձևավորվում են հիմնականում Վրաստանի և այնուհետև Իրանի միջոցով, ինչը պայմանավորված է երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական առանձնահատկություններով։ Մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելը, ինչպես նաև դեպի ծով ելք չունենալը զգալիորեն սահմանափակում են արտաքին շուկաների հասանելիությունը։ Արդյունքում, տրանսպորտային ծախսերը Հայաստանի համար համեմատաբար բարձր են, իսկ բեռնափոխադրումների ժամկետները՝ հաճախ անկանխատեսելի՝ պայմանավորված, օրինակ, Վերին Լարսի անցակետի պարբերաբար խափանումներով։ Այս պայմաններում իրանական ուղղությունը ձեռք է բերում առանցքային նշանակություն՝ ապահովելով արտաքին շուկաների հետ կապի հարաբերական կայունություն և մատակարարման շղթաների շարունակականություն։ Ըստ այդմ, ՀՀ ԿԲ ընթացիկ գնահատումների՝ լոգիստիկ վերադասավորումների պարագայում այլընտրանքային երթուղով (Իրանի նավահանգիստների փոխարեն, օրինակ՝ Վրաստանի Փոթի նավահանգստի օգտագործում) ներմուծման գնաճային ազդեցությունները գնահատվում են լրացուցիչ 0.5-0.8 տոկոսային կետ միջակայքում։ Իրանը շոշափելի կշիռ ունի նաև ՀՀ ներմուծման կառուցվածքում, ինչը վերջին տարիներին կազմում է շուրջ 7-8%, որի զգալի մասը կազմում է բնական գազը՝ էլեկտրաէներգիայի փոխանցման համաձայնագրի շրջանակում։ Այդուհանդերձ, սպառողական զամբյուղում Իրանից ներմուծվող հիմնական ապրանքները ներառում են հատկապես գյուղատնտեսական (մրգեր, բանջարեղեն), կենցաղային և սպառողական ապրանքներ։ Սակայն, այս ապրանքների ներմուծման շուկաները բավականին բազմազանեցված են, և ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, ներմուծման աղբյուրների փոփոխությունը կունենա թույլ գնաճային ազդեցություն՝ մոտ 0.1 տոկոսային կետի չափով։ Այսպիսով՝ վերը նշված երեք առաջնային ուղիների ազդեցությունը ՀՀ ընդհանուր գնաճի վրա ԿԲ-ի կողմից գնահատվում է լրացուցիչ 1.2-1.7 տոկոսային կետ միջակայքում։ Միաժամանակ, կարևոր են նաև ՀՀ գործընկեր հիմնական տնտեսություններում ընթացող զարգացումները, հատկապես հաշվի առնելով ՌԴ-ի գերակա դերը ՀՀ ներմուծման կառուցվածքում, որոնք ևս իրենց հերթին ավելացնում են ՌԴ տնտեսությունից փոխանցվող գնաճային ռիսկերը: Հատկապես, երբ ՌԴ կենտրոնական բանկի տվյալներով՝ ՌԴ-ում պահպանվում են համեմատաբար բարձր գնաճային ցուցանիշներ, որտեղ 2026 թ․ մարտին տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 5.9%։

Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձևավորումը ՀՀ-ում բնութագրվում է բազմագործոնային և ոչ համասեռ դինամիկայով։ Գնաճի աճող տեմպերը հիմնականում պայմանավորված են առանձին ապրանքային խմբերում, մասնավորապես՝ պարենային շուկայում արձանագրված գների բարձրացմամբ, մինչդեռ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում դինամիկան պահպանվում է համեմատաբար մեղմ։ Այս համատեքստում գնաճի հետագա զարգացումները մեծապես պայմանավորված կլինեն ինչպես ներքին պահանջարկի դինամիկայով, այնպես էլ արտաքին միջավայրից փոխանցվող անորոշություններով, ինչն ընդգծում է շարունակական գնահատման և մակրոտնտեսական քաղաքականության հետևողական արձագանքի անհրաժեշտությունը միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակային թիրախի (3%) ապահովման համար։