Մոդայիկ վարքի մոդելները Հայաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում

29 ր.   |  2019-03-14

Խնդիրը

Ա րդի դինամիկ աշխարհի փոփոխություններն ընդգրկում են հասարակության բոլոր, հատկապես՝ սոցիոմշակութային ոլորտը։ Հասարակության սոցիոմշակութային դինամիկայի ուսումնասիրությունը կարևոր է կանխատեսելու համար պոտենցիալ հասարակական լարվածություններ ու կոնֆլիկտները, դրանց կարգավորման կանխարգելիչ ռազմավարություններ մշակելու, իրականացնելու և կառուցողական հունով ուղղորդելու համար։   

Ներկայացվող հոդվածում տրված է Հայաստանի և Վրաստանի 14-29 տարեկան երիտասարդների շրջանում մոդայիկ համարվող վարքի համեմատական նկարագիրը, բացահայտված են երիտասարդության շրջանում տարածված այն վարքագծային մոդելները, որոնք սոցիալականացման ագենտների միջոցով կազմավորում են երիտասարդների դիրքորոշումներում «մոդայիկ» համարվող վարքագծային նորմերը։ Տրված է այդ վարքագծային մոդելների դինամիկան և դիրքավորվածությունը Հայաստանի և Վրաստանի երիտասարդության տարբեր խմբերում։

Ներկայացվող արդյունքների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դիտարկվել է նաև 14-17 տարեկանների խումբը, որը, որպես կանոն, չի ընդգրկվում հանրապետական մասշտաբի զանգվածային հետազոտություններում։

Տվյալները

Հ ոդվածը գրվել է Հայաստանում և Վրաստանում «Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդների շրջանում» 2016թ. զանգվածային հետազոտությունների տվյալների շտեմարանների երկրորդային վերլուծության արդյունքների հիման վրա։ Հայաստանում և Վրաստանում հետազոտություններն իրականացվել են նույն մեթոդաբանությամբ։ Այնուամենայնիվ, դրանց հետազոտական հարցաթերթերում կան տարբերություններ, որոնք պայմանավորված են հետազոտական խմբերի գիտական հետաքրքրությունների առանձնահատկություններով։ Հետազոտությունը ֆինանսավորել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

Հայաստանում հետազոտությունն իրականացվել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետների կողմից։ Հետազոտության արդյունքներով հրատարակվել է մենագրություն [1]։ Զանգվածային հետազոտության տվյալների շտեմարանները հասանելի են [2]։

Հայաստանում և Վրաստանում իրականացված զանգվածային հետազոտությունները հանրապետական մասշտաբի են։ Ընդհանուր համակցություններն (հետազոտվող հասարակական խմբերը) էին՝ Հայաստանի և Վրաստանի 14-29 տարեկան երիտասարդները։ Ընտրանքների ծավալները (հարցվածների քանակը) և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում՝ 1200։ Ընտրանքները` պատահական, բազմաստիճան ստրատիֆիկացված, կլաստերային։

Հիմնական արդյունքներ

Հ այաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում, ինչպես և սպասելի էր, որպես՝ մոդայիկ, առավել տարածված են երիտասարդությանը բնորոշ վարքագծային տարրերը՝ նորաձև հագնվելը, բարետես, ազատ լինելը, բարձրագույն կրթություն ունենալը, կարիերա անելը զուգընկեր/զուգընկերուհի ունենալը (Հայաստանում), առողջ ապրելակերպը (Հայաստանում)։ Տարածվածությամբ երկրորդ խումբն են կազմում ավանդական վարքագծային տարրերը՝ սիրել հայրենիքը, լինել պատասխանատու, լինել կարդացած և բանիմաց մարդ, լինել ամուսնացած և երեխաներ ունենալ, լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, գործատուին), մարդկանց օգնության հասնել՝ անկախ անձնական շահից։

Պարզվել է, որ Հայաստանի երիտասարդություն ավելի հավակնոտ է՝ նրանց շրջանում, Վրաստանի երիտասարդության համեմատ, ավելի մեծ քանակ են կազմել անձինք, ովքեր մոդայիկ են համարել բարձր ստատուսի հետ կապված վարքագծային բաղադրիչները։

Վրաստանի երիտասարդության առանձնահատկությունը մարիխուանայի օգտագործումը մոդայիկ համարող անձանց շատ մեծ թիվն է (30%)։ Չնայած Հայաստանում այդպիսի անձանց թիվը կրկնակի ցածր է (14%), սակայն դա նույնպես անհանգստացնող ցուցանիշ է։

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության տարբերություններից է նաև այն, որ Հայաստանում համեմատաբար ավելի մոդայիկ է քաղաքականապես ակտիվ լինելը (40%), քան Վրաստանում (28%):

Հ այաստանի երիտասարդության շրջանում վարքագծային տարրերի մոդայիկության դիրքորոշումների կազմավորումը, առաջին մոտավորությամբ, կարելի է բացատրել Հայաստանի սոցիոմշակութային դաշտում առկա երկու մշակութային-արժեքային համալիրների կամ մոդելների միջոցով։ Առաջինը՝ ավանդական վարքագծային մոդելն է, որն ընդգրկում է՝ օգնության հասնել մարդկանց՝ անկախ անձնական շահից, լինել պատասխանատու, լինել կարդացած և բանիմաց մարդ, սիրել հայրենիքը, լինել հավատարիմ, լինել ամուսնացած և երեխաներ ունենալ տարրերը։ Երկրորդը՝ ազատական վարքագծային մոդելն է, որը կազմված է մասնակցել քաղաքացիական շարժումներին և նախաձեռնություններին, լինել քաղաքականապես ակտիվ, ստանալ բարձրագույն կրթություն, կարիերա անել, ունենալ զուգընկեր/զուգընկերուհի, հագնել նորաձև, լինել բարետես։

Տվյալների խորացված վերլուծության արդյունքում պարզվեց, որ երկու երկրներում էլ դիտարկվող վարքագծային տարրերի մոդայիկության կազմավորումը բավականին լավ բացատրվում է հինգ վարքագծային մոդելների (մաթեմատիկական տեսակետից՝ գործոնների) միջոցով, որոնք տրված են Աղյուսակ 1-ում։ Այդ մոդելներից երեքը Հայաստանում և Վրաստանում նույնական են, իսկ երկուսը տարբերվում են։ Տարբերությունները պայմանավորված են նրանով, որ նախ՝ Հայաստանում և Վրաստանում դիտարկված վարքագծային տարրերի ցանկերն ունեին ինչպես ընդհանուր, այնպես էլ միայն տվյալ երկրում փորձարկված տարրեր, և ապա՝ երկրների սոցիոմշակութային կերպարներն օբյեկտիվորեն տարբերվում են։

Հայաստան
Վրաստան

Գերակա (ավանդական) սոցիալական վարքի մոդել

Գերակա (ավանդական) սոցիալական վարքի մոդել

Լինել պատասխանատու

Լինել պատասխանատու

Լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, ...)

Լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, ...)

Վարել առողջ ապրելակերպ

Ունենալ առողջ սննդակարգ

Մարդկանց օգնել` անկախ անձնական շահից

Լինել ազատ

Սիրել հայրենիքը

Կրթություն

Լինել կարդացած և բանիմաց մարդ

Ստանալ բարձրագույն կրթություն

-

Կարիերա անել

Հակասոցիալական վարքի մոդել

Հակասոցիալական վարքի մոդել

Թմրամիջոցներ օգտագործել

Մարիխուանա օգտագործել

Ծխել

Ծխել

Լինել ազատ

Ալկոհոլ օգտագործել

Քաղաքացիական մշակույթի մոդել

Քաղաքացիական մշակույթի մոդել

Լինել քաղաքականապես ակտիվ

Լինել քաղաքականապես ակտիվ

Մասնակցել քաղաքացիական շարժումներին

Մասնակցել քաղաքացիական շարժումներին

Կարիերային վարքի մոդել

Պրեստիժային մոդել

Հագնվել նորաձև

Հագնվել նորաձև

Լինել բարետես

Լինել բարետես

Ստանալ բարձրագույն կրթություն

-

Կարիերա անել

-

Ընտանիքի արժևորման մոդել

Էկոլոգիական վարքի մոդել

Լինել ամուսնացած և երեխաներ ունենալ

Մասնակցել բնության վերականգնմանը

Ունենալ զուգընկեր/զուգընկերուհի

Մասնակցել բնապաշտպանական գործունեությանը

-

Ճանապարհորդել/Տուրիզմով զբաղվել

-

Զբաղվել սպորտով

Աղյուսակ 1. Երիտասարդության շրջանում վարքագծային տարրերի մոդայիկությունը կազմավորող արժեքային-մշակութային համալիրները Հայաստանում և Վրաստանում։

Հայաստանում գերակա (ավանդական) վարքի գործոն. (մոդել, սոցիոմշակութային համալիր)։ Գործոնը կոչվել է գերակա, քանի որ մնացած գործոնների համեմատ ունի ամենահզոր ազդեցությունը երիտասարդության շրջանում մոդայիկ վարքագծային տարրերի կազմավորման հարցում։ Ազնվաբարո վարքագծային այս տարրերը պարունակող սոցիոմշակութային համալիրի ազդեցությունը տարիքի աճին զուգահեռ մոնոտոն նվազում է։ Մյուս կողմից, Հայաստանում այս համալիրի խարխլմանը զուգահեռ, աճում է ընտանեկան սոցիոմշակութային համալիրի ազդեցությունը։ Այսինքն՝ Հայաստանի երիտասարդության շրջանում, տարիքի աճին զուգահեռ, ազնվաբարո վարքագծային նորմերը հասարակական մակարդակից իջնում են ընտանիքի մակարդակի։ Գործոնն ունի ավելի բարձր միջին արժեք երիտասարդ աղջիկների շրջանում, համեմատաբար ավելի ցածր է մայրաքաղաքում, ուսանողների և բարձրագույն կրթությամբ անձանց և միջին բարեկեցությամբ խմբում։

Վրաստանում գերակա (ավանդական) վարքի գործոնը, ի տարբերություն Հայաստանի,  աճում է բարեկեցության աճին զուգահեռ, շատ բարձր արժեք ունի բարձր բարեկեցության խմբում, Վրաստանի մայրաքաղաքում ունի ավելի բարձր արժեք, քան քաղաքներում և գյուղերում։ Միակ նմանությունը Հայաստանի հետ այն է, որ այս գործոնը կրթամակարդակի աճին զուգահեռ նվազում է։

Հակասոցիալական վարքի գործոնի ազդեցությունը (միջին արժեքը) Հայաստանում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում և այն խմբերում որոնցում ավելի տարածված են ազատական արժեքային համակարգերը՝ մայրաքաղաքում, միջին բարեկեցությամբ և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում։ Հայաստանում գործոնների դիրքավորվածության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակասոցիալական վարքի գործոնին ցածր տարիքային խմբերում հակադրվում է գերակա վարքի գործոնը, իսկ բարձր տարիքային խմբերում՝ ընտանիքի արժևորման գործոնը։

Հակասոցիալական վարքի գործոնը Վրաստանում աճում է տարիքին զուգահեռ։ Մյուս կողմից, այն հավասարաչափ տարածված է երիտասարդության համարյա բոլոր խմբերում՝ մայրաքաղաքում, քաղաքներում և գյուղերում, տղաների և աղջիկների շրջանում, բարեկեցության և կրթամակարդակի տարբեր խմբերում։ Այսինքն, Վրաստանի երիտասարդության շրջանում այդ սոցիոմշակութային գործոնը, հատկապես՝ մարիխուանայի և ալկոհոլի օգտագործման մոդայիկությունը արդեն լուրջ հասարակական խնդիր է, իսկ տարիքային դինամիկան հուշում է, որ ժամանակի ընթացքում այն կվերածվի լուրջ հասարակական խնդրի՝ բնակչության ֆիզիկական, հոգեկան և մտավոր այլասերման տեսակետից։

Կարիերային վարքի գործոնը Հայաստանում համեմատաբար բարձր է ցածր տարիքային խմբերում, որտեղ նշանակալի հատված են կազմում սովորողները, ում պատկերացումներն անձնական կարիերայի վերաբերյալ ավելի լավատեսական են։ Այդ գործոնի արժեքը նվազում է 26-29 տարիքային խմբում, որտեղ այդ պատկերացումները մոտենում են իրենց իրական հնարավորություններին։ Կարիերային գործոնն ունի համեմատաբար ավելի բարձր արժեքներ մայրաքաղաքում, կանանց և միջին բարեկեցությամբ խմբերում և ուսանողների շրջանում։ Հայաստանի համար հատկանշական է, որ այն ինչ Վրաստանում արտահայտվել է որպես պրեստիժային գործոն՝ նորաձև հագնել և լինել բարետես, Հայաստանում ընդգրկվել է կարիերային գործոնում, այսինքն՝ Հայաստանի երիտասարդության շրջանում դրանք համարվում են կարիերային ռեսուրսներ։ Նշենք, որ Վրաստանում պրեստիժային գործոնը խիստ է արտահայտված բարձր բարեկեցությամբ խմբում։

Քաղաքացիական վարքի գործոնը Հայաստանում տարիքի աճին զուգահեռ նվազում է։ Այն ամենաբարձրն է ուսանողական տարիքի (18-21) երիտասարդների և, միջինից մի փոքր ավելի բարձր աղջիկների շրջանում։ Երևանում գործոնի ազդեցությունը համարյա չի տարբերվում գյուղերից և քաղաքներից։ Վրաստանում՝ ինչպես և Հայաստանում, այն տարիքի աճին զուգահեռ նվազում է։ Սակայն Վրաստանում գործոնի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գործոնի արժեքը բարեկեցության աճին զուգահեռ մոնոտոն աճում է և շատ բարձր արժեքներ ստանում միջին և հատկապես, բարձր բարեկեցության խմբերում։ Մյուս կողմից, Թբիլիսիում այն շատ ավելի բարձր է, քան քաղաքներում և գյուղերում։ Այսինքն, երիտասարդության քաղաքական ակտիվությունը Վրաստանում մայրաքաղաքային բարեկեցիկ երիտասարդության մոդայիկ վարքագծային տարր է։

Էկոլոգիական վարքի գործոնը Վրաստանում հստակ արտահայտված է ուսանողների, բարձրագույն կրթությամբ և միջին բարեկեցություն ունեցող անձանց շրջանում։

Հիմնական եզրակացություններ

Հ այաստանի երիտասարդության շրջանում տարիքի աճին զուգահեռ ավանդական բարոյական արժեքների խարխլումը նշանակում է հասարակության մասշտաբով սոցիալական կապիտալի նվազման միտում, կարիերայի հնարավորությունների նկատմամբ լավատեսության անկումը՝ հավակնոտ երիտասարդությանը Հայաստանից արտամղող գործոն է, իսկ հակասոցիալական վարքի գործոնի աճը՝ հատկապես թմրանյութերի օգտագործման մոդայիկության արդեն անհանգստացնող մակարդակը հուշում է ապագայում այդ գործոնի ազդեցության հետևանքով առողջապահական և սոցիալական պրոբլեմների առաջացման և տարածման հավանականության աճի մասին։

Տվյալների խորացված մաթեմաթիկական ուսումնասիրությունը բացահայտեց, որ հակասոցիալական սոցիոմշակութային համալիրն ունի խորքային շաղկապվածություն ընդհանրական ազատական սոցիոմշակութային համալիրի հետ։

Իրավիճակի միտումները՝ հանդիսանալով սոցիոմշակութային գործոնների արդյունք, հուշում են, որ Հայաստանում անհրաժեշտ է մշակել և իրականացնել պատանիների և երիտասարդների մշակութային-արժեհամակարգային կարգաբերման համալիր ռազմավարություն։

Վերլուծություն

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում մոդայիկ համարվող վարքագծային տարրերի համեմատական վերլուծություն

Հ ետազոտության ընթացքում երիտասարդներին հարց է տրվել. «Նշված որակներից որո՞նք են, ըստ Ձեզ, ներկայում մոդայիկ, իսկ որոնք՝ ոչ»: Հարցվողներին ներկայացվել է վարքագծային տարրերի նախասահմանված ցանկ, որը տրված է Աղյուսակ 2-ում։ Յուրաքանչյուր վարքագծային տարրի մոդայիկությունը գնահատվել է առանձին՝ «մոդայիկ է», «ոչ այնքան մոդայիկ է» և «ոչ մոդայիկ է» սանդղակով։ Աղյուսակ 2-ի տվյալները ներկայացնում են յուրաքանչյուր վարքագծային տարրը «մոդայիկ» անվանած հարցվողների թիվը։ Տարրերը դասավորված են ըստ Հայաստանում «մոդայիկ» լինելու նվազման։ Հայաստանում դիտարկվել է վարքագծային 17 տարր, Վրաստանում՝ 18, դրանցից 12-ը դիտարկվել են և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։

Աղյուսակում, ընթերցողի հարմարության համար, կարմիր գույնով տրված են այն վարքագծային տարրերը, որոնք դիտարկվել են և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, կապույտով՝ միայն Հայաստանում, իսկ կանաչով՝ միայն Վրաստանում դիտարկված տարրերը։ Աղյուսակի վերջին սյունակում տրված է Հայաստանի և Վրաստանի ցուցանիշների տարբերությունը։ Հավելվածում (Աղյուսակ 3 և Աղյուսակ 4) տրված են պատասխանների լիակատար բաշխումները Հայաստանում և Վրաստանում։


Աղյուսակ 2. Վարքագծային տարրերը մոդայիկ համարող երիտասարդները։ Հայաստան և Վրաստան, 2016թ.

Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում երիտասարդության համար առավել մոդայիկ են ակնհայտորեն երիտասարդական վարքագծային տարրերը՝ նորաձև հագնվելը, բարետես լինելը, «ժամանակակից»՝ ազատ լինելը, բարձրագույն կրթություն ունենալը,  զուգընկեր/զուգընկերուհի ունենալը (Հայաստանում), առողջ ապրելակերպը (Հայաստանում) և կարգավիճակի բարձրացմանն ուղղված՝ կարիերա անելու վարքագծային բաղադրիչները։ Այս վարքագծային բաղադրիչները որպես մոդայիկ Հայաստանում նշել է հարցվածների 70-90%-ը, իսկ Վրաստանում՝ 67-85%-ը։

Հայաստանի երիտասարդությունը վերը նշված առավել մոդայիկ վարքագծային տարրերի տեսակետից ավելի հավակնոտ է. Հայաստանի երիտասարդության շրջանում համեմատաբար ավելի մեծ թիվ են կազմել անձինք, ովքեր մոդայիկ են համարել բարձր ստատուսի վարքագծային բաղադրիչները՝ կարիերա, բարձրագույն կրթություն, նորաձև հագուստ։

Վրաստանի երիտասարդության առանձնահատկություններից է մարիխուանայի օգտագործումը մոդայիկ համարող անձանց բարձր թիվը՝ հարցվածների 30%-ը, ինչն արդեն սոցիալական լուրջ խնդիր է։ Չնայած Հայաստանում այդպիսի անձանց քանակը կրկնակի ցածր է՝ 14%, (Հայաստանում հարցը ձևակերպվել է. «թմրամիջոցների օգտագործելը»), սակայն թմրամիջոցների օգտագործման «մոդայիկության» համար այդ մակարդակն արդեն անհանգստացնող ցուցանիշ է։ Հայտնի է, որ երիտասարդության շրջանում վարքագծային տարրը մոդայիկ համարելուց մինչև այն յուրացնելը՝ կարճ ճանապարհ է։ Հայտնի է նաև, որ մարիխուանա օգտագործողները մեծ հավանականությամբ անցնում են նաև ծանր թմրանյութերի։

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում, իրենց տարածվածությամբ երկրորդ խումբն են կազմում ավանդական վարքագծային տարրերը՝ սիրել հայրենիքը, լինել պատասխանատու, լինել կարդացած և բանիմաց մարդ, լինել ամուսնացած և երեխաներ ունենալ, լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, գործատուին)։ Այս նորմերը որպես մոդայիկ են նշել հարցվածների 51-58%-ը։ Բովանդակային տեսակետից այս խմբին է պատկանում նաև առանց անձնական շահի մարդկանց օգնության հասնելը, որը սակայն նշել է հարցվածների 45%-ը։ Այս վարքագծային նորմերի խմբի շրջանակներում, Հայաստանի երիտասարդության առանձնահատկությունն այն է, որ ամուսնացած լինելը նշանակալիորեն ավելի մոդայիկ է համարվում (52%), քան Վրաստանում (42%):

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության տարբերություններից է նաև այն, որ Հայաստանում համեմատաբար ավելի մոդայիկ է քաղաքականապես ակտիվ լինելը (40%), քան Վրաստանում (28%): Ինչ վերաբերվում է քաղաքացիական ակտիվությանը, ապա դրա մոդայիկությունը Հայաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում մոտավորապես նույնն է՝ 35% և 32%: Նշենք, որ քաղաքական ակտիվությունն ավելի նպաստավոր է կարգավիճակի բարձրացման տեսակետից, քան քաղաքացիական ակտիվությունը։ Այսինքն՝ Հայաստանի երիտասարդության շրջանում առաջինի նշանակալիորեն ավելի մեծ տարածվածությունը՝ որպես մոդայիկ վարքագիծ, համապատասխանում է վերը նշված այն դրույթին, որ Հայաստանի երիտասարդության շրջանում սոցիալական վարկի («պրեստիժի») հետ շաղկապված վարքագծային տարրերն ավելի մոդայիկ են։

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության մոդայիկ վարքի ընդհանրացված մոդելները

Ե րիտասարդության վարքագծային տարրերի մասին ավելի խորը պատկերացում կազմելու համար արժե ունենալ հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք դիտարկվող վարքագծային տարրերում առկա են փոխադարձաբար շաղկապված խմբեր։ Եթե այդպիսիք կան և հաջողվի դրանք բացահայտել, ապա մեր պատկերացումները երիտասարդական վարքի վերաբերյալ կդառնան ավելի խորը և համակարգված, իսկ եզրակացություններն ավելի հիմնավոր և կայուն։

Փոխադարձաբար շաղկապված վարքագծային տարրերի բացահայտման համար կիրառվել է գործոնային վերլուծություն։

Փոխկապակցված վարքագծային տարրերը ներկայացնող մաթեմատիկական կոնստրուկտները կամ գործոններն անվանենք վարքագծային մոդելներ։ Մոդելի իմաստն այն է, որ, եթե երիտասարդը մոդայիկ է համարում վարքագծային մոդելի որևէ տարր, ապա նա մեծ հավանականությամբ մոդայիկ կհամարի նաև մոդելում ընդգրկված մնացած վարքագծային տարրերը։ Սա մոդելի արտաքին՝ մաթեմատիկական նկարագրության բովանդակությունն է։

Սակայն մոդելն ունի նաև ներքին՝ սոցիոլոգիական բովանդակություն։ Հասարակությունում առկա են մշակութային-արժեքային համալիրներ, որոնք սոցիալականացման ագենտների (ընտանիք, դպրոց, ընկերական շրջապատ, ինֆորմացիոն դաշտ, հասարակական կազմակերպություններ և այլն) միջոցով փոխանցվում են երիտասարդներին։ Երիտասարդների կողմից յուրացված այդ մշակութային-արժեքային համալիրները ձևավորում են նրանց դիրքորոշումներն ու վարքագիծը կոնկրետ պայմաններում և կոնկրետ օբյեկտի նկատմամբ։ Մեր դեպքում, հետազոտության հարցաթերթում պարունակվող հարցերն ակտիվացնում են ստորև նկարագրված արժեքային-մշակութային համալիրները, որոնց միասնական ազդեցությամբ կազմավորվում են հարցվողի պատասխանները։ Դրանով իսկ արդարացվում է այդ համալիրների մաթեմատիկական կառուցվածքի «գործոն» (ֆակտոր) անվանումը։

Պարզ է, որ վարքագծային մոդելների կառուցման հարցում առկա է ազատության աստիճան։ Կարելի է կառուցել մոդելներ՝ պահանջելով, որ դրանց տարրերի միջև փոխկապակցվածությունը լինի «շատ ուժեղ»։ Այդ դեպքում մոդելների քանակը կլինի ավելի մեծ, քան, եթե մոդելների տարրերի միջև փոխկապակցվածության ուժի վերաբերյալ պահանջը լինի ավելի մեղմ։ Տարբեր մոդելները թույլ են տալիս երիտասարդական վարքի կազմավորման ներքին դրդապատճառները դիտարկել տարբեր տեսանկյուններից, այդ թվում ստանալով ավելի ընդհանրացված կամ ավելի մանրամասն պատկերացում։

Գիտական մեթոդաբանությունը նույն պրոբլեմը հավասարապես հանգուցալուծող երկու տեսություններից գերադասում է այն, որն իր կառուցվածքով ավելի պարզ է։  Այդ պատճառով, հետազոտության ընթացքում նախ փորձ է արվել կառուցել Աղյուսակ 2-ում ներկայացված երիտասարդության շրջանում վարքագծային տարրերի մոդայիկության ստացված պրոֆիլները (բաշխումների պատկերները) բացատրող հնարավորինս պարզ մոդելները։ Միագործոն լուծումներն ստացվեցին ակնհայտորեն ոչ ադեկվատ՝ դրանք անբավարար էին բացատրում այդ պրոֆիլները։  Երկգործոն լուծումը Հայաստանի համար տվեց բովանդակային տեսակետից բավարար ընդունելի արդյունք։ Հայաստանում հնարավոր դարձավ դիտարկված մոդայիկ վարքագծային տարրերի մոդայիկության պրոֆիլը, առաջին մոտավորությամբ բացատրել երկու մշակութային-արժեքային համալիրների կամ մոդելների միջոցով՝ ավանդական վարքագծային մոդել և ազատական վարքագծային մոդել։

Ավանդական վարքագծային մոդելն ընդգրկում է «օգնության հասնել մարդկանց՝ անկախ անձնական շահից», «լինել պատասխանատու», «լինել կարդացած և բանիմաց մարդ», «սիրել հայրենիքը», «լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, գործատուին)», «լինել ամուսնացած և երեխաներ ունենալ» և «վարել առողջ ապրելակերպ» տարրերից։

Ազատական վարքագծային մոդելը կազմված է «մասնակցել քաղաքացիական շարժումներին և նախաձեռնություններին», «լինել քաղաքականապես ակտիվ», «ստանալ բարձրագույն կրթություն», «կարիերա անել», «ունենալ զուգընկեր/զուգընկերուհի», «հագնել նորաձև», «լինել բարետես» և «լինել ազատ» տարրերից։

Հայաստանում դիտարկված վարքագծային տարրերի դիրքավորվածությունը «Ավանդական» x «Ազատական» մոդելների տարածությունում տրված է Գծապատկեր 1-ում։ Գծապատկերում վարքագծային տարրերի անունները կրճատված են տեխնիկական նկատառումներով՝ որպեսզի չխանգարեն վարքագծային տարրերով կազմավորված կառուցվածքի ընկալմանը։ Կարմիր կետերով նշված են ավանդական վարքագծային մոդելի բաղկացուցիչ տարրերը, որոնք ունեն մեծ արժեքներ «Ավանդական» առանցքի վրա։ Կապույտ կետերով նշված են «Ազատական վարքագծային մոդելի» բաղկացուցիչ տարրերը, որոնք ունեն մեծ արժեքներ «Ազատական» առանցքի վրա։


Գծապատկեր 1.

Գծապատկերում արտահայտվել են նաև մի քանի առանձնահատկություններ։ Նախ՝ ծխել և թմրանյութեր օգտագործել տարրերը դիտարկվող տարածությունում ա) շատ մոտ են միմյանց, բ) հակոտնյա են ավանդական տարրերին («Ավանդականություն» առանցքի վրա ունեն բացարձակ արժեքով շատ մեծ բացասական արժեքներ) և գ) մոտ են ազատական տարրերին («Ազատականություն» առանցքի վրա ունեն բավական մեծ արժեքներ)։ Բացի դրանից ծխել և թմրանյութ օգտագործել տարրերի դիրքավորվածությունը հուշում է, որ դրանք կազմում են առանձին գործոն կամ գտնվում են մեկ այլ գործոնի (վարքագծային մոդելի) կազմում։ Այսինքն.

Հակասոցիալական վարքը մոդայիկ վարքի վերածող սոցիոմշակութային համալիրն ունի խորքային շաղկապվածություն ազատական վարքի սոցիոմշակութային համալիրի հետ և հակոտնյա է ավանդական վարքի սոցիոմշակութային համալիրին։

Վրաստանի համար երկգործոն լուծումը ցույց տվեց, որ մի կողմից՝ այն անբավարար պատկերացում է տալիս Վրաստանի երիտասարդության շրջանում առկա արժեքային-մշակութային համալիրների մասին։ Սակայն, մյուս կողմից՝ հուշեց, որ Հայաստանում և Վրաստանում վարքագծային տարրերի համալիրներն էապես տարբերվում են միմյանցից։


Գծապատկեր 2.

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության մոդայիկ վարքի հիմնական մոդելները

Հ այաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում առկա մոդայիկ վարքագծային մոդելների բացահայտման նպատակով փորձարկվել են մի շարք գործոնային լուծումներ, որոնց շարքում և՛ Հայաստանի,  Վրաստանի համար, առավել ադեկվատ («պարզություն» և «բացատրող ուժ» բնութագրերի հարաբերակցության տեսակետից) ստացվեցին հնգագործոն լուծումները։ Դրանց կառուցվածքները տրված են Աղյուսակ 1-ում։ Նշենք, որ լուծումների տարբերությունները պայմանավորված են մի կողմից՝ Հայաստանում և Վրաստանում իրականացված հետազոտություններում մոդայիկ վարքի տարրերի հատվող, սակայն ոչ նույնական ցանկերի կիրառմամբ, իսկ մյուս կողմից՝ երիտասարդության վարքագծային մոդելների օբյեկտիվ տարբերություններով։

Գործոնների համեմատությունը տալիս է Հայաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում մոդայիկ վարքի տեսակետից դիրքորոշումների համալիրների նմանություններն ու տարբերությունները [3]։

Առաջին գործոնը, որը կառուցվածքային որոշ տարբերություններով, առկա է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում անվանվել է գերակա սոցիալական վարքի գործոն [4]։ Դրանք արտապատկերում են Հայաստանում և Վրաստանում սոցիալապես վարքի գերակա (առավել ընդունելի) վարքագծային մոդելները։ Այդ գործոնները հիմնականում ընդգրկում են ավանդական արժեքներով պայմանավորված վարքագծային տարրերը։ Հայաստանում այդ վարքագծային մոդելի կազմում են՝ պատասխանատվությունը, հավատարմությունը, անշահախնդիր օգնությունը, հայրենասիրությունը, կարդացած և բանիմաց մարդ լինելը և առողջ ապրելակերպը [5], իսկ Վրաստանում՝ պատասխանատվությունը, հավատարմությունը, կրթությունը, առողջ սննդակարգը։ Վրաստանի մոդելում բացակայում են հայրենասիրությունն ու անշահախնդրությունը, որոնք Վրաստանում ընդգրկված չեն եղել հարցվողներին ներկայացվող ցանկում։

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում բացահայտվել է հակասոցիալական վարքի գործոնը։ Վրաստանում այն ընդգրկում է ծխելը, ալկոհոլի օգտագործումը և թմրանյութեր օգտագործելը։ Հայաստանում ծխելը և թմրամիջոցների օգտագործումը (հիշեցնենք, որ ալկոհոլի օգտագործման մասին հարցը Հայաստանում ընդգրկված չի եղել հետազոտության հարցաթերթում)։

Հակասոցիալական վարքի գործոնի առկայությունն ապացուցում է, որ թմրանյութ և ալկոհոլ օգտագործելու ու ծխելու սովորությունները կազմավորվում են նույն արժեքային-մշակութային համալիրի ազդեցության տակ։

Հետևաբար, այդ հակասոցիալական վարք առաջացնող սովորությունների կրճատումը միասնական խնդիր է և դրանց դեմ պայքարը պետք է ընդգրկված լինի միասնական ռազմավարությունում և որպես բաղադրիչ պետք է ունենա այդ` հակասոցիալական վարքի մշակութային-արժեքային համալիրի խարխլումն ու կերպարանափոխումը։ Ստացված արդյունքի կոնտեքստում անհեթեթ են, ավելին՝ վնասակար, մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման մասին քննարկումները, որոնց նպատակն է թմրանյութերի օգտագործումը ներմուծել հասարակականորեն ընդունելի վարքագծային նորմերի շրջանակ [6]։

Երրորդ՝ քաղաքացիական մշակույթի գործոնը նույնական է Հայաստանի և Վրաստանի համար։ Դրա կազմում են քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը։

Վրաստանում չորրորդ գործոնն ունի երկու տարր՝ լինել բարետես և հագնել նորաձև։ Այդ պատճառով գործոնն անվանվել է պրեստիժային (հեղինակության) գործոն։ Հայաստանում գործոնն ունի կարևոր առանձնահատկություն։ Բացի արդեն նշված տարրերից, դրա կազմում են նաև բարձրագույն կրթություն ստանալը և կարիերա անելը։ Այսինքն, այս վարքագծային մոդելը ոչ միայն պրեստիժային է, այլև ունի իր երկրորդ ֆունկցիոնալ շերտը, որի բովանդակությունը հետևյալն է. «բարետեսությունը, նորաձևությունը և բարձրագույն կրթությունը անհատական կարիերայի ռեսուրսներ են»։ Այս դրույթը հաղորդակցվում է վերը նշված այն դրույթների հետ, թե Հայաստանի երիտասարդությունն ավելի հավակնոտ է և ավելի մեծ ուշադրություն է դարձնում ստատուսի (կարգավիճակի) վարքագծային նորմերին։

Հինգերորդ գործոնը Հայաստանում և Վրաստանում էապես տարբեր են հարցվողներին ներկայացված վարքագծային նորմերի տարբեր ցանկերի պատճառով։ Հայաստանում հինգերորդ վարքագծային մոդելը (գործոնը) անվանվել է ընտանիքի արժևորման գործոն, որի կազմում են զուգընկեր/զուգընկերուհի ունենալը և ամուսնացած լինելը։ Այդ կառուցվածքը հուշում է, որ Հայաստանում և՛ տղաների և՛ աղջիկների շրջանում զուգընկեր/զուգընկերուհի ունենալը ոչ միայն ինքնին կապված է հեղինակության հետ, այլև նախապատրաստում է հաջորդ հեղինակային տարրի՝ ամուսնացած լինելու ստացումը։

Այս համատեքստում հարկ է նշել, որ Վրաստանում լինել ամուսնացած վարքագծային տարրն ընդգծված կերպով չի ներառվել որևէ գործոնում։ Այն կամրջում է (շաղկապում է) փոփոխական գերակա սոցիալական վարքի և քաղաքացիական մշակույթի գործոնները։ Ամուսնացած լինել տարրը բացահայտորեն վերածվել է գործոնի կամ մոդելի միայն 6-րդ կարգի գործոնային մոդելում և միավորվել է «ունենալ առողջ սննդակարգ» տարրի հետ։ Այս արդյունքն ունի համապատասխան հումորային մեկնաբանություն. «ցանկանում ես առողջ սննդակարգ ունենալ՝ ամուսնացի՛ր»։

Վրաստանում հինգերորդ գործոնը անվանվել է էկոլոգիական գործոն, որն իր մեջ է ներառել բնապաշտպանական և բնության վերականգնման գործողությունները, ինչպես նաև տուրիզմով և սպորտով զբաղվելը։

Հայաստանի և Վրաստանի երիտասարդության շրջանում մոդայիկ վարքագծային մոդելների դինամիկան և դիրքավորվածությունը երիտասարդության սոցիալ-ժողովրդագրական խմբերում

Հ ետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում և Վրաստանում երիտասարդության շրջանում մոդայիկ համարվող դիրքորոշումները պայմանավորող վարքագծային մոդելների (սոցիոմշակութային համակարգերի) դիրքավորվածությունը սոցիալ-ժողովրդագրական խմբերում և դրա փոփոխության դինամիկան [7]։  Վերջինը մոտարկվել է գործոնների միջին արժեքների ուսումնասիրությամբ երիտասարդների տարիքային խմբերում։ Դիտարկվել են չորս տարիքային խմբեր՝ 14-17 տարեկաններ (Հայաստանում նրանց 88%-ը դպրոցական է, 7%-ը՝ բուհի ուսանող, իսկ 2%-ը աշխատում է), 18-21 տարեկաններ (65%-ը ուսանողներ են, իսկ 17%-ը աշխատում է), 22-25 տարեկաններ (19%-ը ուսանողներ են, իսկ 45%-ը աշխատում է) և 26-29 տարեկաններ (5%-ը ուսանողներ են, իսկ 45%-ը աշխատում է):

Գերակա վարքի գործոնը Հայաստանում ամենաբարձրն է 14-17 տարեկանների շրջանում։ Տարիքի աճին զուգահեռ այն մոնոտոն նվազում է։ Այս մշակութային-արժեքային համալիրը դաստիարակվում է ցածր տարիքի երեխաների շրջանում հիմնականում ընտանիքում և դպրոցում։ Այդ պատճառով, չի բացառվում, որ ավելի ցածր տարիքի երեխաների շրջանում գործոնի արժեքն ավելի բարձր է։ Տարիքի աճին զուգահեռ երեխաները, իսկ հետո՝ երիտասարդները, սկսում են ավելի ու ավելի ինքնուրույն շփվել կյանքի տարբեր կողմերին։

Այդ շփումը ցուցադրում է ժամանակակից հասարակությունում ազնվաբարո վարքագծային նորմերի ցածր արդյունավետությունը սեփական նպատակներին հասնելու տեսակետից, ուժեղանում է սոցիալականացման այլ ագենտների (մարդուն մշակութային արժեքներ, սոցիալական նորմեր, դիրքորոշումներ, վարքագծային նմուշներ հաղորդող՝ սոցիալականացնող և վերասոցիալականացնող անձինք և կազմակերպություններ), հատկապես՝ հասակակիցների խմբերի, պետական և մասնավոր հիմնարկների ազդեցությունը, որոնք աստիճանաբար խարխլում են այդ համալիրը։

Մյուս կողմից, աստիճանաբար հզորանում է ընտանիքի արժևորման գործոնը՝ կյանքը ցույց է տալիս, որ հայկական միջավայրում մարդու առաջին և վերջին հուսալի հանգրվանը դեռևս ընտանիքն է։ Այսպիսով, հասարակական կյանքում ազնվաբարո վարքագծային տարրերը պարունակող արժեքային-մշակութային համալիրի խարխլումը փոխլրացվում և փոխարինվում է ընտանեկան արժեքային-մշակութային համալիրով։ Հայաստանում գերակա վարքի գործոնն ունի ավելի բարձր արժեք երիտասարդ աղջիկների ու կանանց շրջանում։ Այն համեմատաբար ավելի ցածր է մայրաքաղաքում, ուսանողների և բարձրագույն կրթությամբ անձանց և միջին բարեկեցությամբ խմբում։

Գծապատկեր 3

Հայաստանում հակասոցիալ ական վարքի գործոնը տարիքի հետ աճում է, այն հասնում է իր բարձրակետին՝ 22-25 տարեկանների շրջանում, և հիմքեր կան ենթադրելու, որ տարիքի հետագա աճին զուգահեռ այն ունի նվազման միտում։ Հավանաբար, այն նվազում է ընտանիքի արժևորման գործոնի փոխազդեցության արդյունքում։ Հակասոցիալական վարքի գործոնի միջին արժեքը համեմատաբար ավելի բարձր է մայրաքաղաքում, տղամարդկանց, միջին բարեկեցությամբ և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում, այսինքն՝ այն խմբերում, որոնցում ավելի տարածված են ազատական արժեքային համակարգերը։

Սա համապատասխանում է նաև արդի արժեքային փոփոխությունների հիմնական հոսանքին՝ այն վարքագծային նորմերը, որոնք ավանդական արժեքային համակարգերում համարվում են հակասոցիալական՝ ազատական արժեքային համակարգում վերածվում են նորմայի։


Գծապատկեր 4

Կարիերային վարքի գործոնը Հայաստանում երեք ցածր տարիքային խմբերում գտնվում է նույն մակարդակի վրա և կտրուկ անկում է ունենում բարձր՝ 26-29 տարիքային խմբում։ Դա կարող է բացատրվել նրանով, որ ցածր տարիքային խմբերում, որտեղ նշանակալի հատված են կազմում սովորողները, կարիերայի վերաբերյալ պատկերացումներն ավելի իդեալիստական և լավատեսական են, քան բարձր տարիքային խմբում, որտեղ դրանք ավելի մոտ են անձի իրական հնարավորություններին։ Կարիերայի գործոնն ունի համեմատաբար ավելի բարձր արժեքներ կանանց, միջին բարեկեցությամբ, մայրաքաղաքային խմբերում և ուսանողների շրջանում։ Մեկնաբանություններն ակնհայտ են՝ մայրաքաղաքում ավելի մեծ հնարավորությունները խթանում են կարիերային ձգտումները, մյուս կողմից, կարիերայի ձգտում ունեցող երիտասարդները, որպես կանոն տեղափոխվում են մայրաքաղաք, կարիերան ավելի հասանելի է թվում դեռևս կյանքի հետ համեմատաբար ավելի փոքր շփում ունեցող ուսանողների շրջանում, իսկ երիտասարդ աղջիկների ու կանանց համար տնտեսական, անհատական անկախություն ապահովելու միջոց է։


Գծապատկեր 5

Քաղաքացիական մշակույթի գործոնը Հայաստանում ամենաբարձրն է ուսանողական տարիքի (18-21) երիտասարդների շրջանում, տարիքի աճին զուգահեռ այն նվազում է։ Կանանց շրջանում այն մի փոքր ավելի բարձր է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում՝ համեմատաբար ավելի ցածր։


Գծապատկեր 6

Ընտանիքի արժևորման գործոնը Հայաստանում աճում է տարիքի աճին զուգահեռ։ Այն համեմատաբար ավելի բարձր է ամենացածր և ամենաբարձր բարեկեցության խմբերում, ինչպես նաև միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում։


Գծապատկեր 7

Դիտենք Վրաստանում արժեքային-մշակութային համալիրների դինամիկայի առանձնահատկությունները Հայաստանի համեմատ։

Այստեղ գերակա (ավանդական) վարքի գործոնի դինամիկան ժամանակի ընթացքում ըստ էության անփոփոխ է (մոտավորապես նույնն է 14-17, 22-25 և 26-29 տարեկանների խմբերում) բացառությամբ 18-21 տարեկանների խմբի։ Սա նշանակում է, որ Վրաստանի երիտասարդության շրջանում առկա են այլ նշանակալի սոցիոմշակութային համալիրներ, որոնք չեն բացահայտվել հետազոտական շտեմարանում առկա հարցախմբերի միջոցով։ Վրաստանի երիտասարդության շրջանում այս և մնացած գործոնների միջին արժեքները տղամարդկանց և կանանց խմբերում շատ քիչ են տարբերվում, ինչը վկայում է այստեղ սեռերի հավասարության գաղափարների խորը ներթափանցման մասին։ Գերակա վարքի գործոնը Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, մեծանում է բարեկեցության աճին զուգահեռ և մեծ արժեք ունի բարձր բարեկեցության խմբում։ Ի տարբերություն Հայաստանի՝ գերակա վարքի գործոնը Վրաստանի մայրաքաղաքում ունի ավելի բարձր արժեք, քան քաղաքներում և գյուղերում։ Միակ նմանությունը Հայաստանին այն է, որ գերակա (ավանդական) վարքի գործոնը կրթամակարդակի աճին զուգահեռ  նվազում է ( տես՝ Գծապատկեր 3 և Գծապատկեր 8-ի «կրթություն» հատվածները)։


Գծապատկեր 8

Հակասոցիալական վարքի գործոնի դինամիկան Վրաստանում աճում է տարիքի աճին զուգահեռ։ Մյուս կողմից, Վրաստանում հակասոցիալական վարքի գործոնն ունի մտավորապես նույն արժեքը երիտասարդության մնացած բոլոր շերտերում՝ բարեկեցության խմբերում, բնակավայրի տեսակներում և ավելի ցածր արժեք՝ բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում։


Գծապատկեր 9

Քաղաքացիական մշակույթի գործոնը Վրաստանում, ինչպես և Հայաստանում, տարիքի աճին զուգահեռ նվազում է։ Վրաստանում գործոնի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գործոնի արժեքը բարեկեցության աճին զուգահեռ մոնոտոն աճում է և շատ բարձր արժեքներ ստանում միջին և հատկապես՝ բարձր բարեկեցության խմբերում։ Եթե Երևանում գործոնի արժեքը համարյա չի տարբերվում գյուղերի և քաղաքների ցուցանիշին, ապա Թբիլիսիում այն շատ ավելի բարձր է, քան քաղաքներում և գյուղերում։


Գծապատկեր 10

Էկոլոգիական վարքի գործոնը հստակ արտահայտված է ուսանողների, բարձրագույն կրթությամբ և միջին բարեկեցությամբ անձանց շրջանում։


Գծապատկեր 11

Պրեստիժային գործոնը Վրաստանում խիստ արտահայտված է բարձր բարեկեցությամբ խմբում և փոքր-ինչ ավելի թույլ՝ 22-25 տարեկանների շրջանում։


Գծապատկեր 12.

Հավելված

 

Ոչ մոդայիկ

Ոչ այնքան մոդայիկ

Մոդայիկ

ԴՊ/ՀՊ

Ընդ.

Լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, գործատուին)

19.4%

28.6%

51.0%

1.0%

100.0%

Լինել պատասխանատու

15.6%

27.4%

56.6%

0.4%

100.0%

Լինել ազատ

6.3%

17.2%

75.9%

0.7%

100.0%

Մարդկանց օգնության հասնել` անկախ անձնական շահից

24.5%

29.6%

45.3%

0.7%

100.0%

Սիրել հայրենիքը

16.3%

25.2%

57.8%

0.8%

100.0%

Ստանալ բարձրագույն կրթություն

5.8%

10.6%

83.3%

0.3%

100.0%

Կարիերա անել

8.1%

14.2%

76.5%

1.3%

100.0%

Լինել քաղաքականապես ակտիվ

21.1%

36.7%

40.2%

2.0%

100.0%

Մասնակցել քաղաքացիական շարժումների/նախաձեռնությունների

27.9%

34.9%

35.3%

1.8%

100.0%

Ունենալ զուգընկեր/զուգընկերուհի

8.1%

10.2%

80.1%

1.7%

100.0%

Լինել ամուսնացած և երեխաներ ունենալ

19.1%

26.7%

52.1%

2.2%

100.0%

Լինել բարետես

4.0%

9.5%

86.1%

0.4%

100.0%

Վարել առողջ ապրելակերպ (առողջ սնվել, սպորտով զբաղվել)

10.5%

19.0%

70.2%

0.3%

100.0%

Հագնվել նորաձև

1.8%

8.4%

89.5%

0.3%

100.0%

Լինել կարդացած և բանիմաց մարդ

15.6%

27.7%

56.4%

0.3%

100.0%

Թմրամիջոցներ օգտագործել

66.5%

16.7%

13.8%

3.0%

100.0%

Ծխել

45.5%

17.8%

34.9%

1.8%

100.0%

Աղյուսակ 3. Վարքագծային տարրերի մոդայիկության բաշխումները. Հայաստան, 2016

 

Ոչ մոդայիկ

Ոչ այնքան մոդայիկ

Մոդայիկ

ԴՊ/ՀՊ

Ընդ.

Լինել հավատարիմ (կողակցին, ընկերներին, գործատուին)

16.1%

26.7%

54.9%

2.2%

100.0%

Կրթություն

12.1%

21.5%

65.7%

0.7%

100.0%

Լինել պատասխանատու

15.1%

29.2%

54.3%

1.4%

100.0%

Լինել ազատ

10.7%

19.8%

68.4%

1.1%

100.0%

Ստանալ բարձրագույն կրթություն

9.8%

21.0%

68.5%

0.7%

100.0%

Կարիերա անել

10.5%

22.5%

66.5%

0.4%

100.0%

Լինել քաղաքականապես ակտիվ

29.9%

40.2%

27.9%

1.9%

100.0%

Մասնակցել քաղաքացիական շարժումների/նախաձեռնությունների

22.4%

43.1%

32.0%

2.5%

100.0%

Լինել ամուսնացած

22.2%

34.1%

41.9%

1.7%

100.0%

Լինել բարետես

4.7%

9.4%

85.4%

0.5%

100.0%

Ունենալ առողջ սննդակարգ

13.9%

26.6%

58.8%

0.7%

100.0%

Հագնվել նորաձև

8.7%

15.3%

75.4%

0.6%

100.0%

Մարիխուանա օգտագործել

45.1%

21.1%

29.7%

4.1%

100.0%

Ծխել

37.6%

19.9%

40.3%

2.2%

100.0%

Ալկոհոլ օգտագործել

36.1%

29.9%

31.5%

2.4%

100.0%

Զբաղվել սպորտով

15.3%

34.4%

48.9%

1.4%

100.0%

Մասնակցել բնապաշտպանական գործունեությանը

25.8%

38.2%

34.3%

1.8%

100.0%

Մասնակցել բնության վերականգման գործունեությանը

25.0%

37.3%

36.2%

1.5%

100.0%

Ճանապարհորդել/Տուրիզմով զբաղվել

11.7%

28.2%

58.5%

1.5%

100.0%

Աղյուսակ 4. Վարքագծային տարրերի մոդայիկության բաշխումները. Վրաստան, 2016


[1] Մկրտիչյան Ա., Վերմիշյան Հ., Բալասանյան Ս., Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդների շրջանում. Հայաստան 2016. // Հայաստան 2016. – Եր.։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2016, 232 էջ։

[2] http://www.fes-caucasus.org , 
http://www.fes-caucasus.org/fileadmin

[3] Հարկ է հիշել, որ այդ համալիրների նմանություններ ու տարբերությունները նույնական չեն մոդայիկ վարքագծային տարրերի տարածվածության Աղյուսակ 1-ում տրված նմանություններին և տարբերություններին։

[4] Գործոնի անվանումը պայմանավորված է նրանով, որ այն իրենից ներկայացնում է գլխավոր կոմպոնենտների վերլուծության արդյունքում ստացված առաջին գլխավոր կոմպոնենտը և Հայաստանի դեպքում բացատրում է 17 փոփոխականների ընդհանուր դիսպերսիայի 21.2%-ը, իսկ Վրաստանում՝ 19 փոփոխականների ընդհանուր դիսպերսիայի 32.2%-ը։

[5] Նշենք, որ հասարակության կենցաղային գիտակցությունում առողջ ապրելակերպը նշանակում է չծխելը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, թմրանյութերի օգտագործման բացառումը, սննդի չափավոր օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը։ Այս վարքագծային տարրերը գտնվում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջ ապրելակերպի վարքագծային տարրերի ցանկում։

[6] Այդ քննարկումները Օվերտոնի լուսամուտի կիրառման դասական օրինակ են։

[7] Տվյալները ներկայացված են համապատասխան գծապատկերներում։ Գծապատկերները դիտելիս հարկ է հիշել, որ գործոնները նորմավորված փոփոխականներ են, որոնց միջին արժեքները հավասար են 0-ի, իսկ ստանդարտ շեղումները՝ 1-ի։ Այսինքն՝ յուրաքանչյուր գծապատկերում հորիզոնական առանցքի 0-ն տվյալ գործոնի միջին արժեքն է տվյալ երկրի ամբողջ ընտրանքի համար։