Արաքս գետի թուրքական հիդրոհանգույցները

4 ր.   |  2019-02-27

Թուրքական իշխանությունները ֆինանսական և նյութատեխնիկական մեծ ռեսուրսներ են ներդնում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման գործում: Հատկապես ուշադրություն կենտրոնում է ջրային ռեսուրսների կառավարման և նպատակային օգտագործման հարցը: Այս տեսանկյունից վերջին տասնամյակում Թուրքիան Արաքս գետի վերին հոսանքների և վտակների վրա կառուցում է ջրամբարներ և հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ):

Արաքսի հետ կապված նախագծերը

Հ ամաձայն թուրքական աղբյուրների՝ ներկայումս Արաքսի վրա կառուցված են Քալեի hէկը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 17 ՄՎտ.), Սերափի ՀԷԿ-ը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 29 ՄՎտ.), Նարինքալեի ՀԷԿ-ը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 34 ՄՎտ.), Սեֆաքյոյի ջրամբարն ու ՀԷԿ-ը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 33 ՄՎտ.), Սենայի ՀԷԿ-ը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 21 ՄՎտ.):


Սեֆաքյոյի ջրամբարն ու հէկը

Կառուցման փուլում են՝ Քարաքուրթի ջրամբարն ու ՀԷԿ-ը (Կարս, հզորությունը՝ 110 ՄՎտ.), Մերթի ՀԷԿ-ը (Էրզրում, Քյոփրուքյոյ, հզորությունը՝ 10 ՄՎտ.), Անձրևահոսքերի կարգավորիչ և ՀԷԿ (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 24 ՄՎտ.): Բացի դրանից, նախատեսվում է կառուցել Թուզլուջայի ջրամբարն ու ՀԷԿ-ը (Իգդիր, Թուզլուջա, հզորությունը՝ 33 ՄՎտ.), Աղաբեյի ՀԷԿ-ը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 15 ՄՎտ.), Նազhանիի ՀԷԿ-ը (Կարս, Կաղզվան, հզորությունը՝ 15 ՄՎտ. (տե՛ս էջ 52), ևս երկու ՀԷԿ-եր՝ Էրզրում նահանգի Թեքմանի շրջանում՝ 6  և 17 ՄՎտ. հզորությամբ:


Նարինքալեի հէկ

2018թ. հայտնի դարձավ, որ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման նպատակով Էրզրումի նահանգի Քյոփրյուքյոյի շրջանում Արաքսի գետի վրա կառուցվելու է նաև Սոյլեմեզի ջրամբարն ու ՀԷԿ-ը: Ընդ որում, այն Ըլըսուի, Յուսուֆելիի և Սիլվանի ջրամբարներից հետո ջուր ամբարող Թուրքիայի թվով չորրորդ ամենամեծ ջրամբարն է լինելու: Նախատեսվում է, որ շինարարությունն ավարտվելու է 2022թ.:

Փորձագիտական որոշ կարծիքներ

Ա նկասկած Թուրքիայի ջրային քաղաքականությունը գտվում է հայ փորձագետների և ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում:  Ըստ որոշ մասնագետների՝ Արաքս գետի և նրա վտակների վրա կառուցված և կառուցվելիք ջրամբարները հետագա տարիներին կարող են լրջագույն խնդիր առաջացնել Արարատյան դաշտի ոռոգման համակարգերի համար: «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Յուրի Ջավադյանի խոսքով. «Թուրքիայի կողմից Արաքսի և Ախուրյանի ջրերը հսկայածավալ ջրամբարներով ամբարելու քայլերը տնտեսական ճնշում է Հայաստանի վրա, որ մի քանի տարի հետո Հայաստանը կկանգնի ջրային պաշարների նվազման լուրջ խնդրի առջև, և կխախտվի շուրջ 90 տարի գործող կոնվենցիան [1]: Նոր ջրամբարների կառուցմամբ Թուրքիան կանցնի կոնվենցիայով սահմանված 50 տոկոս ջրօգտագործման իրավունքը, և Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առջև: Բայց քանի որ նրանք կառուցում են իրենց գումարների հաշվին, ոչ ոք նրանց չի հարցնում՝ հայերի համաձայնությունն ունե՞ք կամ ինչո՞ւ խախտեցիք կոնվենցիան»:


Սենայի հէկ

Մեկ այլ մասնագիտական գնահատականի համաձայն. «Այդ զարգացումները կբերեն անդրսահմանային Ախուրյան և Արաքս գետերում հոսքերի զգալի կրճատման, և էական ռիսկի տակ կդրվի նշված գետերի ջրերով ջրի պահանջարկը բավարարելու Հայաստանի կարողությունը» (տե՛ս, Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում. ձկնաբուծություն ոլորտի դերը, 2016թ. էջ 12):  

Հայաստանի ջրային ոլորտի փորձագետների կարծիքով՝ Թուրքիայում կառուցվող ջրամբարները «Կարող են էապես ազդել Արաքս գետի ջրի ելքերի վրա և Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների վրա, քանի որ Արաքս գետի ջրերը Արմավիրի ջրանցքի միջոցով օգտագործվում են Արարատյան դաշտի մոտ 20000հա հողատարածքների ոռոգման համար» (տե՛ս Լ. Ազիզյան, Արարատյան դաշտի մակերևույթային ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով, Երևան, 2014, էջ 40-41):


Սերափի հէկ

Հիմք ընդունելով 2018թ. ՄԱԿ-ի հրապարակված զեկույցը (United Nations World Water Assessment Programme/UN-Water: 2018), համաձայն որի՝ Արաքսի հետ կապված իրադրությունը կարող է հավելյալ լարվածություն առաջացնել առանց այդ էլ երկկողմ խնդրահարույց հարաբերություններում, փորձագետ Ալեքսեյ Չիչկինը գտնում է, որ երաշխիք չկա, թե Անկարան հաշվի կառնի Երևանին, Արաքսի ջրամբարների շինարարության կառուցման դեպքում: Ըստ նրա՝ այս իրավիճակն ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ադրբեջանի վրա: Այդ իսկ պատճառով աշխարհագրական տեսանկյունից Արաքսի ջրօգտագործման հարցերին ուղղակի և անուղղակի առնչություն ունեցող երկրների միջև պետք է ձևավորվի լիակատար փոխհամաձայնություն: Որպես օրինակ նա բերում է միջազգային փորձը. 1990-ականներից ՌԴ և Լատվիայի Դաուգավայի ավազանի վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև Չուդ լճի և Նարվա գետի համաձայնագիրը ՌԴ և Էստոնիայի միջև: Ջրային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձից արժե հիշատակել նաև Չինաստանից սկիզբ առնող Մեկոնգ գետի օրինակը, երբ Չինաստանը՝ Լաոսի, Վիետնամի, Կամբոջիայի, Թաիլանդի հետ համատեղ 1995թ. ստեղծեց  Մեկոնգ գետի ավազանի հարցերով հանձնաժողովը, որի շրջանակներում կարգավորում է կողմերի ջրային հարցերը:

Ամփոփելով մեր որոշ դիտարկումները՝ նշենք, որ որոշ նախագծեր, ինչպես, օրինակ, Թուզլուջայի ջրամբարը, որի կառուցման աշխատանքները պետք է ավարտվեին 2016թ., բնապահպանական խնդիրներով պայմանավորված դանդաղել են [2]: Մի շարք այլ նախագծերի ժամկետներն երկարացվել են: Օրինակ՝ Քարաքուրթի ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2020թ.:


[1] «Դա սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա է, որը ստորագրվել է 1927թ. հունվարի 8-ին Կարսում նախկին ԽՍՀՄ և Թուրքիայի միջև և վերաբերում է միայն սահմանային ջրերին: Այդ կոնվենցիայով սահմանային հատվածի վրա ջրերը բաշխվում են կողմերի միջև 50/50 հարաբերակցությամբ: Ընդ որում, կողմերը պարտավորվել են ձևավորել դիտարկման կետեր և ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պարբերաբար պետք է որոշեր այդ դիտակետերով անցնող ջրերի քանակը: Տե՛ս Լ. Ազիզյան, Արարատյան դաշտի մակերևույթային ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով, Երևան, 2014, էջ 40):

[2] «Թուրքիա-Ադրբեջան բարեկամություն կազմակերպությունների միության» փոխնախագահ Սերդար Ունսալը՝ Թուզլուջայի ջրամբարի շինարարական աշխատանքների արգելակման մեջ մեղադրում է հայկական լոբբիին: