Էներգիայի սպառման դինամիկան աշխարհում 1965-2024 թթ.
16 ր. | 2026-01-12Համաշխարհային էներգիայի պահանջարկն այսօր աճում է մի շարք գործոնների ազդեցությամբ՝ տրանսպորտի և արդյունաբերության արագացված էլեկտրաֆիկացումը, տվյալների կենտրոնների և արհեստական բանականության արագ աճը և ինչպես նաև կլիմայական գործոններով պայմանավորված օդորակման և ջեռուցման աճի պատճառով: Հոդվածում ներկայացված է էներգիայի սպառման համեմատական նկարագիրն աշխարհում և աշխարհամասերում, դրա դինամիկան ըստ էներգիայի աղբյուրների 1965-2024 թթ. ընթացքում, ինչպես նաև էներգետիկ ոլորտում հիմնական քաղաքականությունները։։
Էներգիայի սպառումն աշխարհում 1965-2024 թթ․
Էներգիայի համաշխարհային սպառումը 1965-2024 թթ. ընթացքում ընդհանուր առմամբ աճել է 4 անգամ՝ 1965 թ.-ին 43,109.8 ՏՎ-ժi -ից մինչև 175,037.1 ՏՎ-ժ (Գծապատկեր 1)։ Եթե էներգիայի սպառումը շարունակի աճել նույն տեմպով, ինչ 2010-2024 թթ. ընթացքում, ապա 2030 թ.-ին 2024 թ. համեմատ այն կաճի 5.6%-ով, կամ՝ 10,335 տերավատ-ժամով։
Գծապատկեր 1. Էներգիայի սպառումն աշխարհում, ըստ աղբյուրների, ՏՎ-ժ, 1965-2024, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Այդ տարիների ընթացքում բացառություն են կազմում 1973-1975, 1980-1982 թվականները և 2009 թվականը, երբ էներգիայի համաշխարհային սպառումը նվազել է։ Գծապատկերում այդ տարիները նշված են կարմիր եռանկյունիներով։
1973-1975 թթ. տեղի ունեցավ «առաջին նավթային ճգնաժամը», երբ նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (OPEC) արգելափակեց նավթի արդյունահանումը ԱՄՆ և Եվրոպայի երկրներ՝ ի պատասխան արաբա-իսրայելական պատերազմում նրանց աջակցությանը Իսրայելին։ Նավթի գներն աճեցին 4 անգամ։ Առաջացավ էներգետիկ ճգնաժամ, որին հետևեց տնտեսական ճգնաժամը։ Նավթի 1 բարելի գինն աճեց 3 ԱՄՆ դոլարից մինչև 12 ԱՄՆ դոլար։ Զարգացած երկրները որոշեցին անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների և միջուկային էներգիայի կիրառմանը, ինչպես նաև էներգախնայող տեխնոլոգիաների։
1980-1982 թթ. էներգիայի սպառման անկումը տեղի ունեցավ մի քանի փոխկապակցված գործոնների ազդեցության տակ։ Առաջինը՝ Իրանում իսլամական հեղափոխությունն էր և Իրան-Իրաք պատերազմը։ Այդ երկու հիմնական նավթ արդյունահանող երկրներում նավթի հանույթը կտրուկ նվազեց, իսկ նավթի գները կրկնակի աճեցին։
Երկրորդ գործոնը՝ գլոբալ տնտեսական ռեցեսիան էր։ 1970-ականների վերջում ԱՄՆ-ում և Եվրոպայում ինֆլյացիայի մակարդակը հասավ երկնիշ թվերի։ Ինֆլյացիան զսպելու համար ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվային Համակարգը կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա հետևանքով վարկերը թանկացան, ինչը կրճատեց ներդրումներն ու սպառողական պահանջարկը։ Բարձր տոկոսադրույքները և թանկ էներգիան առաջացրեցին արդյունաբերության կրճատում։ ԱՄՆ-ում բանկային տոկոսադրույքների աճը բացասաբար ազդեց Լատինական Ամերիկայի երկրների վրա՝ առաջացան վարկերի սպասարկման դժվարություններ և դրա հետևանքով տնտեսության և էներգասպառման կրճատում։
Այդ պրոցեսները 1980-ականներին ավելի մեծացրին էներգիայի խնայողությանն ուղղված արդյունաբերական և տեխնոլոգիական փոփոխությունները։ Աճեց փոքրածավալ տրանսպորտային միջոցների արտադրությունը, սկսվեց էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունաբերական սարքավորումների արդիականացումը։ Էներգիայի արտադրության ոլորտում առաջացավ նավթիվ կախվածությունը կրճատելու միտում, որի արդյունքում սկսեցին աճել այլ ածխաջրածնային աղբյուրների՝ քարածխի, և գազի, ինչպես նաև միջուկային էներգիայի մասնաբաժինները։ Մասնավորապես, ԱՄՆ-ում 1982 թ.-ին նավթի ներմուծումը նվազեց 21.7%-ով։ Աշխարհում սկսվեց էներգետիկ անկախությունը խթանող ռազմավարությունների մշակումը։
2009 թ.-ին էներգիայի սպառման կրճատումը 2008-2009 թթ. ԱՄՆ-ում հիպոտեկային շուկայի փլուզումն էր և դրա հետևանքով առաջացած գլոբալ ֆինանսական ճգնաժամը։ Ճգնաժամն այնքան հզոր էր, որ 2009 թ.-ին առաջին անգամ 1991 թ.-ից հետո տեղի ունեցավ համաշխարհային ՀՆԱ-ի կրճատում։
1965 և 2024 թթ. տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ էներգիայի սպառումը 2024 թ.-ին բացարձակ արժեքով աճել է բոլոր տեսակի էներգիայի աղբյուրների դեպքում (Գծապատկեր 2)։
Ե՛վ 1965, և՛ 2024 թ.-ին Էներգիայի ստացման երեք հիմնական աղբյուրներն էին նավթը, քարածուխը և գազը։ Դիտարկվող ժամանակահատվածում նավթից ստացված էներգիան աճել է 18,011 տերավատ-ժամից մինչև 55,292 տերավատ-ժամ, քարածխից ստացվածը՝ 16,178-ից մինչև 45,851, գազից ստացվածը՝ 6,304-ից մինչև 41,278։
Գծապատկեր 2․ Էներգիայի սպառումն աշխարհում ըստ աղբյուրների, ՏՎ-ժ, 1965 և 2024․, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Սակայն էներգիայի աղբյուրներից ստացված էներգիայի տոկոսային բաշխման դիտարկումը ցույց է տալիս որ էներգասպառման կառուցվածքում նավթի մասնաբաժինը 1965 թ․-ին 42%-ից նվազել է մինչև 32%, իսկ քարածխինը՝ 37%-ից մինչև 26% (Գծապատկեր 3)։ Մյուս կողմից աճել են․
-
գազի մասնաբաժինը՝ 15%-ից մինչև 24%։
-
սպառված միջուկային էներգիայի քանակը և մասնաբաժինը՝ 1965-ին 71 տերավատ-ժամից (0.2%) մինչև 6,872 տերավատ-ժամ (մոտ 4%) 2024-ին։
-
էներգիայի վերականգնվող աղբյուրներից (հիդրո, քամի, արևային, բիովառելիք, այլ վերականգնվող էներգակիրներ՝ գեոթերմալ, ալիքային և մակընթացային) ստացվող էներգիայի քանակը և մասնաբաժինը՝ 1965-ին՝ 2,630 տերավատ-ժամից (6%) մինչև 25,979 տերավատ-ժամ (15%):
Գծապատկեր 3․ Էներգիայի սպառումն աշխարհում ըստ աղբյուրների, տոկոս, 1965 և 2024, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Էներգիայի սպառումն աշխարհամասերում
1965-2024 թթ. ժամանակահատվածում էներգիայի սպառումն աճել է բոլոր աշխարհամասերում։ Ամենամեծ հարաբերական աճը տեղի է ունեցել Ասիայում՝ 18.2 անգամ (!), Աֆրիկայում՝ 8.6 անգամ, Հարավային Ամերիկայում՝ 7.1 անգամ, իսկ ամենափոքր աճը տեղի է ունեցել Եվրոպայում՝ 1.5 անգամ, Հյուսիսային Ամերիկայում՝ 2.0 անգամ, իսկ Ավստրալիայում՝ 3.9 անգամ (Գծապատկեր 4)։
Գծապատկեր 4․ Էներգիայի սպառման աճն աշխարհում և աշխարհամասերում 1965-2024 թթ․ ժամանակահատվածում, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Աշխարհամասերում էներգիայի սպառման բացարձակ արժեքների դիտարկումը (Գծապատկեր 5) ցույց է տալիս, որ Ասիան էներգիայի սպառման տեսակետից նշանակալիորեն առաջ է անցել և՛ Հյուսիսային Ամերիկայից, և՛ Եվրոպայից։ Եթե 1965 թ.-ին աշխարհամասերի շարքում էներգիայի ամենամեծ սպառողը Եվրոպան էր՝ 19,206 տերավատ-ժամ, երկրորդը՝ Հյուսիսային Ամերիկան՝ 16,359, իսկ երրորդը՝ նշանակալիորեն զիջելով առաջին երկուսին՝ Ասիան էր՝ 5,345, ապա 2024 թ.-ին Ասիայում էներգիայի սպառումն աճեց մինչև՝ 97,205 տերավատ-ժամ, որը նշանակալիորեն գերազանցում էր և՛ Հյուսիսային Ամերիկային՝ 33,526 և՛ Եվրոպային՝ 28,976։
Գծապատկեր 5․ Էներգիայի սպառումն աշխարհում և աշխարհամասերում, ՏՎ-ժ, 1965 և 2024 թթ․, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Նկատենք, որ, չնայած անցած 60 տարիների ընթացքում շատ մեծ հարաբերական աճին, Աֆրիկան և Հարավային Ամերիկան դեռևս խիստ զիջում են առաջին երեք աշխարհամասերին։ Ավստրալիայի դեպքում էներգիայի սպառման փոքր բացարձակ չափերը պայմանավորված են այլ աշխարհամասերի նկատմամբ դրա տնտեսության և բնակչության խիստ փոքր չափերով։
Եթե 1965 թ.-ին էներգիայի համաշխարհային սպառման 45%-ը Եվրոպայում էր, 38%-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ Ասիայում ընդամենը՝ 12%-ը, ապա 2024 թ.-ին էներգիայի համաշխարհային սպառման բաշխման կառուցվածքը էականորեն փոխվել էր՝ էներգիայի միայն 17%-ն էր սպառվում Եվրոպայում, 19%-ը Հյուսիսային Ամերիկայում, իսկ Ասիայում արդեն՝ 56%-ը (Գծապատկեր 6)։
Գծապատկեր 6․ Էներգիայի սպառումն աշխարհում, տոկոս 1965 և 2024 թ․, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Էներգիայի սպառման դինամիկան աշխարհամասերում 1965-2024 թթ.
1965-1994 թթ. Եվրոպան էներգիայի սպառումով գերազանցում էր բոլոր աշխարհամասերին։ Սակայն, 1995 թ.-ին Ասիան, իսկ 1997 թ.-ին՝ Հյուսիսային Ամերիկան առաջ անցան Եվրոպայից (Գծապատկեր 7)։
2000 թ.-ից սկսվեց Ասիայում էներգիայի սպառման կտրուկ արագացումը։ 2024 թ.-ին Ասիայում էներգիայի սպառումը գերազանցում էր Եվրոպային համարյա 3.4 անգամ, իսկ Հյուսիսային Ամերիկային՝ 2.8 անգամ։
Գծապատկեր 7 Էներգիայի սպառման դինամիկան աշխարհամասերում, 1965-2024 թթ․, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում էներգիայի սպառումը կայունացել է սկսած 2000 թվականից հինգ հիմնական գործոնային խմբերի ազդեցության հետևանքով։
-
Էներգաարդյունավետության բարձրացումը, որի բաղադրիչներն են․
-
Էներգաարդյունավետության ստանդարտների ներդրումը շենքերում, տրանսպորտում և արդյունաբերությունում:
-
Անցումը LED լուսավորության, ջերմային պոմպերի, էլեկտրական տրանսպորտային միջոցների և էներգաարդյունավետ սարքավորումների կիրառմանը:
-
Արդյունաբերության արդիականացման միջոցով արտադրանքի միավորի համար ավելի քիչ էներգիայի սպառումը։
-
-
Տնտեսական կառուցվածքի փոփոխությունը․
-
Տնտեսությունում արդյունաբերության էներգատար ճյուղերից (մետաղագործություն, ծանր մեքենաշինություն) անցումը դեպի ծառայություններ և թվային տեխնոլոգիաների ոլորտ (ծառայությունների ոլորտը մեկ շնչի հաշվով պահանջում է ավելի քիչ էներգիա, քան արդյունաբերությունը):
-
-
Բնակչության աճի կայունացումը․
-
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում (հիմնականում ԱՄՆ և Կանադա) բնակչությունը դանդաղ է աճում, իսկ որոշ երկրներում նույնիսկ նվազում է:
-
-
Անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը.
-
Վերականգնվող էներգիայի աղբյուրները (քամու, արևի, կենսազանգվածի) հաճախ ունեն ավելի բարձր օգտակար գործողության գործակից և ավելի փոքր փոխակերպման կորուստներ։
-
Ածուխի և նավթի մասնաբաժնի կրճատումը նվազեցնում է այրման և տեղափոխման հետ կապված կորուստները։
-
-
Էներգիա փոխադրող, բաշխող և սպառող համակարգերի թվայնացումը և խելացի ցանցերի կազմավորումը․
-
Խելացի հաշվիչները, ավտոմատացումը և պահանջարկի կառավարումը հնարավորություն են տալիս օպտիմալացնել սպառումը։
-
Թվային տեխնոլոգիաները պահանջում են ավելի քիչ էներգիա, քան անցյալում կիրառվող անալոգային պրոցեսները։
-
Էներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով
Էներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով արտահայտում է երկրի և հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը։ 1965-2024 թթ. ընթացքում այդ ցուցանիշն աճել է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ բոլոր աշխարհամասերում, բացի Հյուսիսային Ամերիկայից, որտեղ այն նվազել է 0.3%-ով (Գծապատկեր 9)։ Բոլոր աշխարհամասերում տեղի են ունեցել նշանակալի դրական զարգացումներ։
Ամենանշանակալի աճը տեղի է ունեցել Ասիայում, որտեղ ցուցանիշն աճել է 7.8 անգամ։ Հարավային Ամերիկայում ցուցանիշի աճը չնայած զգալիորեն զիջում է Ասիային, սակայն նույնպես բավական մեծ է՝ 2.82 անգամ, իսկ Աֆրիկայում այն աճել է 1.82 անգամ։
Գծապատկեր 8. Էներգիայի սպառման աճը մեկ շնչի հաշվով աշխարհամասերում, 1965-2024 թթ. ընթացքում, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Այդուհանդերձ, չնայած տպավորիչ աճին, էներգիայի սպառումը մեկ շնչի հաշվով Ասիայում շարունակում է նշանակալիորեն զիջել Ավստրալիային, Հյուսիսային Ամերիկային և Եվրոպային (Գծապատկեր 9)։
Գծապատկեր 9․ Էներգիայի սպառումը 1 շնչի հաշվով 1965 և 2024 թթ․, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Գծապատկեր 10-ը ցույց է տալիս զարգացած երկրներում վերը նշված էներգախնայող տեխնոլոգիաների անցման պրոցեսի ազդեցության տակ մեկ շնչի հաշվով էներգիայի սպառումը նվազում է։ Առաջինն այն սկսվել է Եվրոպայում՝ 1988 թ.-ից։ Հյուսիսային ամերիկայում՝ 2000 թ.-ից, իսկ Ավստրալիայում՝ 2007 թ.-ից։
Գծապատկեր 10․ Էներգիայի սպառումը 1 շնչի հաշվով, ԿՎ-ժ/մարդ, 1965-2024, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Էներգիայի սպառումն աշխարհամասերում ըստ աղբյուրների
Ժամանակակից էներգետիկ քաղաքականությունները մրցակցում են երկու ուղղություններով․ քաղաքականությունների մի մասը տնտեսական զարգացման նպատակով ձգտում է էներգիայի սպառման աճին, իսկ մեկ այլ մասը՝ կլիմայի փոփոխությունների կայունացման նպատակով ձգտում է արտանետումների կրճատմանը, կան նաև երկրներ, որոնց համար առաջնային է իրենց էներգետիկ անվտանգությունը։ Արդյունքում առաջանում է հակասություն էներգետիկ անվտանգության, տնտեսական աճի և կլիմայական նպատակների միջև։
Ներկայումս հիմնական մրցակցող էներգետիկ քաղաքականությունները երեքն են։
-
Տնտեսական աճի ավանդական քաղաքականություն, որի հիմքում է արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում նավթի, գազի և քարածխի կիրառումը։ Այս քաղաքականությունում թույլ են ներկայացված էներգախնայողության ռազմավարությունները։ Այս քաղաքականությունը կիրառվում է հիմնականում զարգացող երկրներում, որոնցից ամենախոշոր էներգիա սպառողներն են Հնդկաստանը և Ինդոնեզիան։
-
Էներգետիկ անցման քաղաքականություն, որը ձգտում է բարձրացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը, հակված է էլեկտրամոբիլների արտադրությանը և տրանսպորտի դեկարբոնացմանը, ձգտում է էներգետիկ բալանսում նվազեցնել նավթի և քարածխի կիրառումը։ Դրա օրինակ՝ ԵՄ-ն և Չինաստանը։ Չնայած էլեկտրամոբիլների համաշխարհային արտադրության մոտ 70%-ը Չինաստանում է (https://tinyurl.com/2bzpn32h ), սակայն այդուհանդերձ այստեղ արագորեն աճում է նավթի, քարածխի և գազի սպառումը, որոնք կիրառվում են տնտեսության այլ ճյուղերում։
-
Էներգետիկ անվտանգության քաղաքականություն՝ որը ձգտում է էներգիայի մատակարարման կայունությանը և անկախությանը ներմուծումից։
Այս քաղաքականությունները հաղորդակցվում են ժամանակակից կլիմայական պրոբլեմների հետ, մասնավորապես.
-
Արտանետումների աճ՝ չնայած վերականգնվող էներգետիկայի աճին ածխաթթու գազի արտանետումները շատ բարձր են, իսկ նավթն ու գազը շարունակում են գերակշռել տրանսպորտային սեկտորում։
-
Գլոբալ տաքացում և էքստրեմալ երևույթներ՝ աճում են երաշտների և ջրհեղեղների թիվը, ինչպես նաև անոմալ շոգ եղանակի դեպքերը։
-
Սոցիալ-տնտեսական հակասություններ՝ զարգացող երկրները տնտեսական աճի նպատակով ձգտում են էներգիայի սպառման աճին, իսկ զարգացած երկրները ձգտում են կրճատել արտանետումները։ Այդ երկրների միջև առաջանում են շահերի բախումներ կլիմայի վերաբերյալ միջազգային բանակցություններում։
Այս քաղաքականություններն առաջացնում են ոչ միայն քաղաքական կոնֆլիկտներ։ Առկա են նաև տեխնոլոգիական պատնեշներ, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը պահանջում է մեծ ներդրումներ ինչպես էներգետիկ ցանցերում, այնպես էլ էներգիայի կուտակման և պահպանման համակարգերում։ Էներգետիկ անցման կոնտեքստում, էներգիայի գնի աճի հետևանքով առաջանում են նաև սոցիալական կոնֆլիկտներ նույնիսկ զարգացած երկրներում, օրինակ՝ «դեղին ժիլետների» շարժումը Ֆրանսիայում։ii
Էներգիայի սպառումն աշխարհում ըստ էներգիայի աղբյուրների տրված է Գծապատկեր 11-ում։ Գծապատկերում` կիսաթափանցիկ շրջանակներում տրված է նավթի, գազի և քարածխի էներգիայի սպառման կանխատեսումները 2025-2030 թթ. համար։ Չնայած մի քանի ժամանակահատվածներում դրանց կիրառման կրճատմանը, գլոբալ միտումը այդ էներգակիրների սպառման աճն է։ Ընդ որում դրանց բացարձակ աճը տեղի է ունենում ավելի արագ, քան վերականգնվող էներգիայի աղբյուրներինը։ Դա նշանակում է, որ ածխաջրածնային ռեսուրսների համար գլոբալ պայքարը շարունակվելու է, իսկ այդ ռեսուրսներին տիրապետող երկրները, հատկապես՝ ռազմական և տնտեսական տեսակետերից համեմատաբար թույլ երկրները, գտնվելու են հզոր երկրների հարատև հիբրիդային ճնշումների ներքո։
Գծապատկեր 11. Էներգիայի սպառումն ըստ աղբյուրների, Աշխարհ, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Քանի որ էներգիայի համաշխարհային սպառման 92%-ը տեղի է ունենում Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, էներգիայի սպառումն ըստ աղբյուրների դիտենք միայն այդ աշխարհամասերի համար։ Այդ տվյալները արտապատկերում են տարբեր աշխարհամասերում վերը նշված քաղաքականությունների գերակայությունները։
Ասիայում 2002 թ.-ից արագացել է նավթի, քարածխի և գազի սպառումը (Գծապատկեր 12)։ Դրանց տեսակարար կշիռն ամբողջ էներգասպառման ոլորտում 2024 թ.-ին կազմել է 85%։
Գծապատկեր 12. Էներգիայի սպառումն ըստ աղբյուրների, Ասիա, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Եվրոպայում Էներգետիկ անցման քաղաքականության ազդեցությունն ակնհայտ է սկսած 1990 թ.-ից (Գծապատկեր 13)։ Չնայած մի քանի ժամանակահատվածների առկայությանը, երբ էներգիայի սպառումն աճել է, Եվրոպայում հիմնական միտումը էներգիայի սպառման բացարձակ քանակի նվազումն է։ Նվազման վերջին փուլը սկսվել է 2022 թ.-ից։ 2024 թ.-ին Եվրոպայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը (առանց միջուկային էներգիայի) կազմել է ամբողջ էներգասպառման 18%-ը, իսկ նավթի, գազի և քարածխի վրա հիմնված էներգիայի սպառումը մնում է շատ բարձր և կազմել է ամբողջ էներգասպառման 74%-ը։ Հետևաբար, Եվրոպայում այդ էներգակիրների մատակարարման խնդիրը մնում է արդիական։
Գծապատկեր 13. Էներգիայի սպառումն ըստ աղբյուրների, Եվրոպա, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Հյուսիսային Ամերիկայում էներգետիկ անցման քաղաքականությունների ազդեցությունը նկատելի է 2007 թ.-ից (Գծապատկեր 14)։ 2024 թ.-ին Այստեղ վերականգնվող էներգիայի աղբյուրներից սպառումը (առանց միջուկային էներգիայի) կազմել է 14%, իսկ նավթի, գազի և քարածխի վրա հիմնված էներգիայի սպառումը՝ 80%։
Գծապատկեր 14. Էներգիայի սպառումն ըստ աղբյուրների, Հս․ Ամերիկա, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review

Հիմնական եզրակացություններ
-
Էներգիայի սպառումն աշխարհում, չնայած էներգախնայող տեխնոլոգիաների զարգացմանը, անշեղորեն աճելու է։ Եթե էներգիայի սպառումը շարունակի աճել նույն տեմպով, ինչ 2010-2024 թթ. ընթացքում, ապա 2030 թ.-ին 2024 թ. համեմատ այն կաճի 5.6%-ով, կամ՝ 10,335 տերավատ-ժամով։
-
2024 թ. էներգիայի համաշխարհային սպառման կառուցվածքը 1965 թ. համեմատ նշանակալիորեն փոխվել է։ Եթե 1965 թ.-ին էներգիայի համաշխարհային սպառման 45%-ը Եվրոպայում էր, 38%-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ Ասիայում ընդամենը՝ 12%-ը, ապա 2024 թ.-ին էներգիայի միայն 17%-ն էր սպառվում Եվրոպայում, 19%-ը Հյուսիսային Ամերիկայում, իսկ Ասիայում արդեն՝ 56%-ը։
-
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում էներգիայի սպառումը կայունացել է 2000 թվականից ի վեր հինգ հիմնական գործոնային խմբերի ազդեցության հետևանքով․
-
Էներգաարդյունավետության բարձրացումը,
-
Տնտեսական կառուցվածքի փոփոխությունը՝ արդյունաբերության անցումը էներգատար ճյուղերից դեպի ծառայություններ և թվային տեխնոլոգիաներ:
-
Բնակչության աճի կայունացումը․
-
Անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը.
-
Էներգիա փոխադրող, բաշխող և սպառող համակարգերի թվայնացում և խելացի ցանցեր։
-
-
Ասիայում էներգիայի սպառման կտրուկ արագացումը սկսվել է 2000 թ.-ից, որը պայմանավորված էր Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական զարգացման շատ բարձր տեմպերով և բնակչության բարեկեցության աճով։
-
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մեկ շնչի հաշվով էներգիայի սպառումը կայունացել է 2000 թվականից ի վեր՝ էներգաարդյունավետության, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և ժողովրդագրական գործոնների համադրության շնորհիվ: Սա չի նշանակում լճացում, այլ անցում դեպի ավելի կայուն և տեխնոլոգիապես զարգացած սպառում:
-
Ասիայում 2002 թ.-ից արագացել է նավթի, քարածխի և գազի սպառումը։ Դրանց տեսակարար կշիռն ամբողջ էներգասպառման ոլորտում 2024 թ.-ին կազմել է 85%։
-
Եվրոպայում Էներգետիկ անցման քաղաքականության ազդեցությունը նկատելի է 1990 թ.-ից։ Չնայած մի քանի ժամանակահատվածների առկայությանը, երբ էներգիայի սպառումն աճել է, Եվրոպայում հիմնական միտումը էներգիայի սպառման բացարձակ քանակի նվազումն է։ Նվազման վերջին փուլը սկսվել է 2022 թ.-ից։ 2024 թ.-ին Եվրոպայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը (առանց միջուկային էներգիայի) կազմել է ամբողջ էներգասպառման 18%-ը, իսկ նավթի, գազի և քարածխի վրա հիմնված էներգիայի սպառումը մնում է շատ բարձր և կազմել է ամբողջ էներգասպառման 74%-ը։
-
Ներկայումս աշխարհի երկրները էներգիայի սպառման ոլորտում կիրառում են երեք հիմնական քաղաքականություն․
-
Տնտեսական աճի ավանդական քաղաքականություն, որը հիմնված է նավթի, գազի և քարածխի կիրառման աճի վրա, կիրառվում է հիմնականում տեխնոլոգիապես թույլ զարգացած երկրներում։
-
Էներգետիկ անցման քաղաքականություն, որը ձգտում է բարձրացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների և նվազեցնել նավթի, քարածխի և գազի օգտագործումը, կիրառվում է տեխնոլոգիապես զարգացած երկրներում։
-
Էներգետիկ անվտանգության քաղաքականություն, որի հիմնական նպատակն է նվազեցնել իրենց կախվածությունն էներգակիրների ներմուծումից։
-
-
Ածխաջրածնային աղբյուրներից ստացված էներգիայի սպառումն աշխարհում բացարձակ արժեքով աճելու է ավելի արագ, քան վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի աղբյուրների աճը։ Դա նշանակում է, որ ածխաջրածնային ռեսուրսների և դրանց տեղափոխման ուղիների համար գլոբալ պայքարը շարունակվելու է, իսկ այդ ռեսուրսներին տիրապետող երկրները, հատկապես՝ ռազմական և տնտեսական տեսակետերից համեմատաբար թույլ երկրները, գտնվելու են հզոր երկրների հարատև հիբրիդային ճնշումների ներքո։
i ՏՎ-ժ՝ տերավատ-ժամ, էներգիայի չափման միավոր հավասար է 1012 վատ-ժամ։
ii 2018 թ.-ին Ֆրանսիայում ածխաթթու գազի արտանետումների կրճատման նպատակով բարձրացվեցին բենզինի և դիզելային վառելիքի ակցիզային հարկերը։ Տրանսպորտային ծախսերն անընդունելի չափով աճեցին ֆերմերների և բնակչության անբարեկեցիկ շերտերի համար, ինչն հասարակական դժգոհություններ առաջացրեց։ Բողոքի ցույցերն աստիճանաբար վերաճեցին ավելի լայն պահանջներով շարժման, մասնավորապես՝ մարդիկ սկսեցին պահանջել հարկերի նվազեցում, աշխատավարձերի և թոշակների բարձրացում, առաջ քաշվեցին քննադատություններ Մակրոնի քաղաքականության նկատմամբ և ընդհանրապես սոցիալական անհավասարության դեմ։ Այսինքն՝ պետության կլիմայական քաղաքականությունը դարձավ լայնամասշտաբ բողոքների փոխանջատիչ։