Հայաստանում ինտերնետ օգտագործողների սեգմենտները

24 ր.   |  2019-02-14

«Ինտերնետային ակտիվիստները» և նրանց աշխարհայացքային առանձնահատկությունները

Հայաստանում ինտերնետի, սոցիալական ցանցերի և հատկապես՝ Ֆեյսբուքի կիրառման աճին զուգընթաց, նկատվում է «ֆեյսբուքյան» բուռն քննարկումները հանրային կարծիքի հետ նույնականացնելու միտում։ Սոցիոլոգիական մոտեցումը, ինչպես նաև առողջ բանականությունը հուշում են, որ «ֆեյսբուքային ակտիվիստները» չեն ներկայացնում Հայաստանի ամբողջ հասարակությունը։ Մյուս կողմից՝ «ավանդական» ԶԼՄ-ները, հատկապես՝ հեռուստատեսությունը և լրագրերի ինտերնետային տարբերակները, հետևողականորեն ներկայացնում են ֆեյսբուքյան տեղեկատվությունը` վերհաղորդելով և բազմապատկելով տարածումը: Այս պատճառով է, որ տպավորություն է ստեղծվում, թե, համացանցային քննարկումներում ընդգրկված անձանց դիրքորոշումը, գնահատականները և պատկերացումներն ընդգրկում են Հայաստանի ամբողջ հասարակության կարծիքը, այլ կերպ ասած՝ այն, ինչ արտապատկերված է համացանցային քննարկումներում` իրական գործընթացների ընդհանրացված պատկերն է։

Հոդվածում, զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների շտեմարանի վերլուծության միջոցով, փորձ է արվել ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչպիսի՞ն է տարբեր նպատակներով ինտերնետ օգտագործողների, այդ թվում՝ «ինտերնետային ակտիվիստների» սեգմենտի ծավալը,

  • Տարբերվու՞մ է արդյոք «ինտերնետային ակտիվիստների» և ինտերնետ օգտագործող այլ սեգմենտների աշխարհայացքը և վարքագիծը,

  • Որո՞նք են ինտերնետ օգտագործողների սեգմենտների աշխարհայացքների բովանդակային առանձնահատկությունները։

Համանման տվյալներ կան նաև Վրաստանի համար, ինչը թույլ է տվել համեմատել Հայաստանի և Վրաստանի հասարակություններում ինտերնետ օգտագործողների սեգմենտները։ Ընդ որում՝ Վրաստանի դեպքում կատարվել է նաև այդ սեգմենտների առանձին համեմատություն վրացիների, Վրաստանի հայերի և Վրաստանի ադրբեջանցիների էթնիկ խմբերի միջև։

Հիմնական արդյունքներ

Հ այաստանում 2017թ.-ին ինտերնետ օգտագործողները կազմել են Հայաստանի 18 և ավելի տարեկան բնակչության մոտ 70%-ը, ամեն օր ինտերնետ օգտագործողները՝ 52%-ը, ընդամենը 0,5%-ը տեղյակ չէր, թե ինչ է ինտերնետը։ Ինտերնետի օգտագործման ամենատարածված ձևերն էին՝ Ֆեյսբուքը, Skype-ը և այլ սոցիալական ցանցերը, լուրերի ընթերցանությունը, ինֆորմացիայի որոնումը և ֆիլմերի (տեսանյութերի) և երաժշտության դիտումը (լսելը)։

Ինտերնետային ակտիվ ինֆորմացիա ստեղծող և առաջխաղացնող անձանց քանակը կազմել է մոտ 40,000, կամ՝ Հայաստանի չափահաս բնակչության մոտ 1.5%-ը։ Նրանք բաղկացած են երկու սեգմենտից՝ «բլոգերներ» և «ֆորումային ակտիվիստներ»։ Այդ սեգմենտները միմյանց հետ չեն հատվում, «ֆորումային ակտիվիստները» քանակով մոտ երկու անգամ գերազանցում են «բլոգերներին»։ Աշխարհայացքային տեսակետից «բլոգերներն» ու «ֆորումային ակտիվիստները» տարբերվում են ինտերնետ օգտագործողների ընդհանուր զանգվածից և «ոչ ակտիվ» սեգմենտներից, որոնք աշխարհայացքային տեսակետից գտնվում են «բլոգերների» և «ֆորումային ակտիվիստների» միջև։ Ինտերնետային սեգմենտների աշխարհայացքների փոխադարձ դիրքավորվածության մեջ «բլոգերները» և «ֆորումային ակտիվիստները» հակոտնյա են։

Ինտերնետ օգտագործողների, ինչպես նաև նրանց տարբեր սեգմենտների, այդ թվում՝ «բլոգերներից» և «ֆորումային ակտիվիստների», աշխարհայացքային բաղադրիչների պրոֆիլները կազմավորվել են աշխարհայացքային 25 դիրքորոշումների վերլուծության և ընդհանրացման հիման վրա։ Դրանց թվում են՝ լոյալությունը Հայաստանի ընդհանուր քաղաքական կուրսի հանդեպ (2017թ․ նոյեմբերի դրությամբ), վստահությունը քաղաքական և սոցիալական ինստիտուտներին, ընտրական վարքը, աշխարհաքաղաքական կողմնորոշումները, դիրքորոշումները հասարակական բողոքի գործողությունների և հասարակական սիմվոլիկ նշանակություն ու բարձր հնչողություն ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ինտերնետային սեգմենտների, բացի «բլոգերներից» և «ֆորումային ակտիվիստներից», աշխարհայացքային դիրքորոշումների պրոֆիլները քիչ են տարբերվում Հայաստանի ամբողջ հասարակության աշխարհայացքային պրոֆիլից։

Ամբողջ հասարակության և ինտերնետային այլ սեգմենտների համեմատ «բլոգերների» սեգմենտում շատ ավելի ցածր էր քաղաքական լոյալությունը, ինչպես նաև վստահության մակարդակը քաղաքական և սոցիալական ինստիտուտների, ընդհանրապես ԶԼՄ-ների և հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերի նկատմամբ։ «Բլոգերների» սեգմենտում նշանակալիորեն ավելի բարձր էր վստահության մակարդակը հկ-ների նկատմամբ։ Այս սեգմենտում նշանակալիորեն ավելի մեծ է այն անձանց հարաբերական թիվը, ովքեր Հայաստանի 2017թ․ապրիլին կայացած ԱԺ ընտրությունները համարում էին անարդար, ովքեր համարում էին, որ ժողովուրդը պետք է մասնակցի բողոքի գործողություններին, ովքեր Հայաստանի առավել կարևոր խնդիրը համարում էին մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս սեգմենտում հարաբերականորեն ավելի շատ են Հայաստանի տնտեսական զարգացման օպտիմալ տարբերակը ԵՄ անդամակցությունը համարողները:

Իսկ «ֆորումային ակտիվիստների» սեգմենտի աշխարհայացքային դիրքորոշումները տարբերվում են հայաստանյան և ինտերնետային այլ սեգմենտներից ճիշտ հակառակ ուղղությամբ։ Մասնավորապես, «ֆորումային ակտիվիստների» առանձնահատկություններից են՝ միջինից բարձր լոյալությունը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ (2017թ․)։ Նրանց շրջանում նշանակալիորեն ավելի բարձր է վստահության մակարդակը կուսակցությունների նկատմամբ և նշանակալիորեն ավելի ցածր՝ հկ-ների և ԵՄ նկատմամբ, և քիչ էին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցները։ Նրանք նշանակալիորեն ավելի հաճախ են քաղաքական հարցեր քննարկում ընկերների և հարազատների հետ: Մյուս կողմից, սեգմենտում նշանակալիորեն ավելի քիչ են մարդիկ, ովքեր համարում էին, որ ժողովուրդը պետք է մասնակցի բողոքի ցույցերին և նրանք, ովքեր 2017թ․ ԱԺ ընտրությունները համարում էին անարդար։

Տվյալները

Հ ետազոտության համար օգտագործվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» Հայաստանում և Վրաստանում 2017թ. անցկացված համապետական սոցիոլոգիական հետազոտությունների շարքը, որոնք հասանելի են բոլոր հետազոտողների համար։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակչությունը Վրաստանի հետազոտության ընտրանքում ընդգրկված չէ։

Ընտրանքների ծավալները. Հայաստանում՝ 1648,  Վրաստանում՝ 2379 հարցված։ Հետազոտվել է 18 և ավելի տարիքի բնակչությունը։

Ընտրանքները՝ բազմաստիճան, կլաստերացված, պատահական։ Հետազոտության նախապատրաստական և դաշտային փուլերի իրականացման մեթոդաբանությունը տրված է www.crrc.am կայքում։

Վերլուծություն

Ինտերնետի օգտագործման ինտենսիվությունը

Հոդվածի հարցերի ընդհանուր համատեքստը վերաբերում է ինտերնետ օգտագործող հատվածների ծավալներին և ինտերնետից օգտվելու հաճախականությանը, որոնց վերաբերյալ տվյալները ներկայացված են Աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1. Ինտերնետի օգտագործման ինտենսիվությունը, Հայաստան, Վրաստան, 2017թ.։

2017թ. ինտերնետ օգտագործողների հարաբերականորեն ամենամեծ թիվը Հայաստանում էր՝ հետազոտվող բնակչության 70.0%-ը: Վրաստանում 61.3% էր: Ընդ որում՝ Վրաստանի վրացիների շրջանում գնահատականը շատ մոտ էր ամբողջ Վրաստանի ցուցանիշին՝ 62.2%։ Վրաստանի հայերի շրջանում այն ավելի բարձր էր՝ 66.3%, իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ինտերնետից օգտվում էր չափահաս բնակչության մոտ կեսը՝ 49.1%:

Ինտերնետի կարևորության ցուցանիշներից է ինտերնետն ամեն օր օգտագործողների քանակը։ Այս ցուցանիշով Հայաստանն առաջինն է. 2017թ. ամեն օր ինտերնետից օգտվում էր չափահաս բնակչության մոտ կեսը՝ 52.1%: Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վրաստանում ամեն օր ինտերնետ օգտագործողների հարաբերական քանակն ամենաբարձրն է վրացիների շրջանում՝ 44.6%, Վրաստանի հայերն այս տեսակետից բավական զիջում են վրացիներին՝ 37.2%, իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ցուցանիշը 28.0% է։

Բնակչության «ինֆորմացիոն գրագիտության» գնահատական է այն անձանց քանակը, ովքեր «չգիտեն, թե ինչ է ինտերնետը»։ Այդ ցուցանիշն ամենաբարձրն է Վրաստանի ադրբեջանցիների շրջանում, որտեղ այդ կատեգորիային է պատկանում յուրաքանչյուր տասներորդ չափահաս անձը (11.3%)։ Հայաստանում այդպիսին է չափահաս բնակչության 0.7%-ը։

Ինտերնետի օգտագործման ձևերը

ՀՌԿԿ 2017թ. շտեմարանում ինտերնետի օգտագործման ձևերի ուսումնասիրությունն իրականացվել է հետևյալ հարցի միջոցով՝ «Ինտերնետում գտնվելիս սովորաբար ինչո՞վ եք զբաղվում: Նշեք երեք ամենահաճախ կատարվող գործողությունները»։ Հարցվողներին ներկայացվել է ինտերնետի օգտագործման 13 ձև և թույլ է տրվել անհրաժեշտության դեխպքում նշել նաև «այլ» տարբերակը։ Հաշվարկների արդյունքները ներկայացված են Աղյուսակ 2-ում։ Տոկոսները հաշվարկված են տվյալ խմբի բոլոր հարցվածների թվից։

Աղյուսակ 2-ի մեծաքանակ տվյալների ընկալումը հեշտացնելու համար աղյուսակի վերջին սյունում տրված է համապատասխան տողի ցուցանիշների դիագրամը, որը ներկայացնում տվյալ ցուցանիշի արժեքը Հայաստանում, Վրաստանում և Վրաստանի էթնիկ խմբերում։ Դիագրամներում ամենամեծ արժեքն ունեցող սյուները կարմիր են։ Բացի այդ, աղյուսակի վանդակները գունավոր են։ Որքան ավելի մուգ է վանդակի գույնը, այնքան ավելի մեծ է վանդակում գրված թիվը։ Գույները համադրելի են ամբողջ աղյուսակի համար։

Ընդհանուր հայացք ձգելով Աղյուսակ 2-ին անմիջապես նկատում ենք, որ Հայաստանում, Վրաստանում և Վրաստանի էթնիկ խմբերում ինտերնետի օգտագործման առավել տարածված ձևերն են.

  • Ֆեյսբուքը,

  • Skyp-ը,

  • բացի Ֆեյսբուքից այլ սոցիալական ցանցերի օգտագործումը,

  • ինֆորմացիայի որոնումը, և

  • երաժշտության, տեսանյութերի և ֆիլմերի բեռնումը կամ լսումը։

Թյուրիմացություններից խուսափելու համար է նշենք, որ եթե, օրինակ, Հայաստանում էլեկտրոնային նամակ ստանալ/ուղարկելը նշել են Հայաստանում բոլոր հարցվածների 9.3%-ը, ապա չի նշանակում, որ Հայաստանում միայն այդքան մարդ է էլեկտրոնային նամակ ուղարկում/ստանում։ Դա նշանակում է, որ 9.3%-ի համար է էլեկտրոնային նամակ ստանալ/ուղարկելը ինտերնետային գործողությունների առավել հաճախ կատարվող եռյակում։  

Աղյուսակի գունավորումն ի ցույց է դնում Հայաստանում ինտերնետից օգտվելու կարևոր առանձնահատկություններից մեկը. ի տարբերություն մյուս խմբերի, այստեղ նշանակալիորեն ավելի տարածված է լուրերի ընթերցանությունը՝ ներառյալ առցանց հեռուստատեսությունը, որը, որպես ինտերնետի օգտագործման առաջին երեք առավել հաճախ օգտագործվող ձև, նշել են բոլոր հարցվածների 23.3%-ը, այն դեպքում, երբ մնացած խմբերում այդ ցուցանիշը չի գերազանցում 7.1%-ը։

Աղյուսակ 2. «Ինտերնետում գտնվելիս սովորաբար ինչո՞վ եք զբաղվում: Խնդրում եմ նշեք երեք ամենահաճախ կատարվող գործողությունները»։

Աղյուսակի տվյալներից բխող հիմնական արդյունքներն են․

  • Ֆեյսբուքից նշանակալիորեն ավելի հաճախ են օգտվում Վրաստանի վրացիները (Վրաստանի վրացիների 41․7%-ը) և Հայաստանի բնակչությունը՝ 31.7%։

  • Skype-ից օգտվելը առավել հաճախ են նշել Վրաստանի հայերը (36.8%), Հայաստանի բնակչությունը (24.5%) և Վրաստանի ադրբեջանցիները (25.1%): Վրաստանի վրացիների շրջանում այդ ցուցանիշը կրկնակի ցածր է (12.2%): Նշենք, որ Հարավային կովկասում Skype-ից առավելապես օգտվում են ինտերնետային համեմատաբար ցածր գիտելիքներ ունեցող անձինք, հիմնականում արտասահմանում բնակվող հարազատների և բարեկամների հետ շփման համար։ Օրինակ, Հայաստանի դեպքում՝ Սկայպից բոլոր օգտվողների 91.5%-ն արտասահմանում ունի հարազատներ և բարկամներ և միայն 8.5%-ը չունի։ Սկայպից օգտվողների 60%-ը, արտասահմանում ունեն հարազատներ և բարեկամներ և, միաժամանակ, համակարգչային գիտելիքներ կամ՝ չունեն, կամ՝ սկսնակ են (Աղյուսակ 3)։  


Հետևաբար, Skype-ից օգտվողների հարաբերականորեն ավելի մեծ քանակն անուղղակիորեն վկայում է, որ Հայաստանի բնակչության, Վրաստանի ադրբեջանցիների և, հատկապես, Վրաստանի հայերի շրջանում ավելի մեծ է արտասահմանում հարազատներ և բարեկամներ ունեցող ընտանիքների հարաբերական քանակը։

Աղյուսակ 3․ Սկայպ օգտագործողների բաշխումն ըստ արտասահմանում հարազատներ ունենալու և համակարգչային գիտելիքների մակարդակների։ Տոկոսները հաշվարկված են Սկայպ օգտագործողների ընդհանուր քանակից։ Հայաստան, 2017թ.

  • Սոցիալական այլ ցանցերից օգտվելու ցուցանիշը նույնպես նշանակալիորեն ավելի ցածր է Վրաստանի վրացիների դեպքում (14.0%), քան Հայաստանում, Վրաստանի հայերի և Վրաստանի ադրբեջանցիների շրջանում։ «Այլ սոցիալական ցանցերը» մեծ մասամբ ռուսական Օդնոկլասնիկի և Վկոնտակտե ցանցերն են։ Հետևաբար, Աղյուսակ 2-ի՝ «Օգտվում եմ այլ սոցիալական ցանցերից» տողի տվյալներն անուղղակիորեն նշանակում են, որ Հայաստանի բանկչությունը, Վրաստանի հայերը և Վրաստանի ադրբեջանցիները համեմատաբար ավելի բարձր ընդգրկվածություն ունեն «ռուսական ինտերնետ տարածքում», քան Վրաստանի վրացիները։

  • Ինտերնետային որոնման (Google, Wiki և այլն) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանի վրացիների շրջանում է` 29.8%, նրանց նշանակալիորեն զիջում են Հայաստանում և Վրաստանի հայերը, համապատասխանաբար՝ 19.3% և 16.2%, իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ցուցանիշը շատ ցածր է, ընդամենը՝ 4.9%։ «Ինֆորմացիա եմ փնտրում» և «կարդում/ լսում/դիտում եմ լուրեր» տողերի տվյալների համադրումը թույլ է տալիս ձևակերպել հիպոթեզ, որ Վրաստանի վրացիների ինֆորմացիոն պահանջմունքները համեմատաբար ավելի «լայն» են, քան Հայաստանի բնակչության պահանջմունքները։

«Ինտերնետային ակտիվիստների» քանակը

Ա նդրադառնանք մեր հիմնական հետաքրքրությանը։ Աղյուսակ 2-ում ներկայացված ինտերնետային 13 գործողությունների շրջանակում, ինտերնետային ինֆորմացիայի ստեղծող կամ տարածող կամ «ինտերնետային ակտիվիստ» տիպին կարելի է վերագրել նրանց, ովքեր ինտերնետից առավել հաճախ օգտագործվող ձևերի շարքում  նշել են «բլոգ եմ գրում/ կարդում եմ ուրիշների բլոգները» և «ներգրավվում եմ ֆորում քննարկումներում» կատեգորիաները։ Տվյալները ցույց են տալիս, որ.

  • Դիտարկված բոլոր սեգմենտներում «ինտերնետային ակտիվիստների» հարաբերական քանակը շատ փոքր է։

2017թ.-ին Հայաստանում «բլոգ եմ գրում/կարդում եմ ուրիշների բլոգները» գործողությունը առաջին եռյակում էր չափահաս բնակչության 0.5%-ի, իսկ «ներգրավվում եմ ֆորում քննարկումներում» գործողությունը՝ 1.4%-ի համար (ընդամենը՝ 1.9%), Վրաստանի վրացիների շրջանում համապատասխանաբար՝ 1.5% և 0.9% (ընդամենը՝ 2.4%), Վրաստանի հայերի շրջանում՝ 0.5% և 2.8% (ընդամենը՝ 3.3%), իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում՝ 0.0% և 0.0% (ընդամենը՝ 0.0%):

Կարևոր է նշել, որ եթե Վրաստանի հետազոտության ընտրանքում բացակայում են ադրբեջանցի «ինտերնետային ակտիվիստները», ապա չի նշանակում, որ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում այդպիսիք չկան։ Պարզապես՝ նրանց փոքր թվի պատճառով, այդպիսի ոչ մի անձ ընտրանքում չի ընդգրկվել։

Ինչ վերաբերվում է Հայաստանի չափահաս բնակչության շրջանում ինտերնետային ակտիվիստների բացարձակ քանակին, ապա,

  • Եթե համարենք, որ Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի առկա (դե ֆակտո) բնակչությունը 2.0-2.1 միլիոն մարդ է, ապա «ինտերնետային ակտիվիստների» քանակը կկազմի մոտ 38,000 - 40,000 մարդ։

Առկա տվյալների շրջանակում «ինտերնետային ակտիվիստների» դիտարկված երկու սեգմենտները շաղկապված չեն։ Սա նշանակում է, որ, եթե անձի ինտերնետ օգտագործման երեք առավել հաճախ օգտագործվող ձևերի շարքում է «բլոգ եմ գրում/կարդում եմ ուրիշների բլոգները» ձևը, ապա հավանականությունը, որ նա միաժամանակ «ներգրավվում է ֆորում քննարկումներում» շատ փոքր է։ Եվ, հակառակը, եթե անձը «ներգրավված է ֆորում քննարկումներում», ապա հավանականությունը, որ նա միաժամանակ «բլոգ է գրում/կարդում է ուրիշների բլոգները» շատ ցածր է։

Հետևաբար, կարելի է առաջ քաշել հիպոթեզ, որ.

  • Հայաստանի «ինտերնետ ակտիվիստները» կազմված են երկու խմբից՝ «ֆորումային ակտիվիստներ» և «բլոգերներ»։

Ընդ որում, «ֆորումային ակտիվիստների» քանակը գերազանցում է «բլոգերների» քանակին։

«Ինտերնետային ակտիվիստների» ինտերնետային վարքի առանձնահատկությունները

Մ անրամասնելու համար «ինտերնետային ակտիվիստների» ինտերնետային վարքը փորձ է կատարվել պատասխանել հետևյալ հարցին՝ կա՞ն արդյոք ինտերնետի օգտագործման այլ ձևեր, որոնք հատկանշական են այդ խմբերին։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար իրականացվել է ինտերնետի օգտագործման ձևերի գործոնային վերլուծություն։ Վերլուծությունն իրականացվել է այն հարցվածների համար, ովքեր ինտերնետից օգտվում են ամեն օր։

Հոդվածի խնդիրների համատեքստում, գործոնային մոդելը պարունակում է երկու հիմնական արդյունք։

  • «բլոգերների» սեգմենտի ինտերնետի օգտագործման գերադասելի ձևն է «ինֆորմացիայի փնտրումը»։ Մյուս կողմից, «բլոգերները» նշանակալիորեն ավելի քիչ են օգտագործում Skype-ը, քան «ոչ բլոգերները»։ Վեր հանված այս փաստը հեշտությամբ մեկնաբանվում է. եթե անձը ինտերնետում պարբերաբար «միտք է արտադրում», ապա մեծ հավանականությամբ նա համեմատաբար ավելի բարձր հետաքրքրություն ունի տարատեսակ տեղեկությունների նկատմամբ։ Մյուս կողմից, Skype-ը, որը որպես կանոն կիրառվում է անձնական հաղորդակցության համար, իսկ ինտերնետային խորը գիտելիքներ ունեցողները Սկայպ հազվադեպ են օգտագործում (Աղյուսակ 3)։

  • «ֆորումային ակտիվիստները» նշանակալիորեն ավելի հաճախ են օգտվում ինտերնետ առևտրից, քան մնացածները։ Այս փաստը նույնպես հեշտությամբ բացատրվում է։ Ֆորումների մասնակիցները, մեծ հավանականությամբ, ունեն ինտերնետ հաղորդակցության համեմատաբար բարձր ունակություններ, ինչը բարձրացնում է ինտերնետ առևտրից օգտվելու հավանականությունը։

Հոդվածի խնդիրների համատեքստից դուրս կարելի է նշել ինտերնետային վարքի վերաբերյալ մի քանի այլ դրույթներ, որոնք բխում են գործոնային մոդելից։ Մասնավորապես.

  • Նրանք, ովքեր գերադասում են «կարդալ/լսել/դիտել լուրեր (բացի սոցիալական ցանցերի նորություններից)», համեմատաբար ավելի քիչ են «ինֆորմացիա փնտրում»։ Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ այդ անձինք արդեն գիտեն, թե որտեղ է գտնվում իրենց հետաքրքրող ինֆորմացիան և ժամանակ չեն կորցնում հավելյալ փնտրտուքի վրա։

  • «Առցանց առանց խաղադրույքների] խաղեր խաղացողները» համեմատաբար ավելի շատ են «բեռնում/լսում/դիտում երաժշտություն, տեսահոլովակներ և ֆիլմեր» և համեմատաբար ավելի քիչ են «ստանում/ուղարկում էլեկտրոնային նամակներ»։ Բացատրություն կարող է լինել այն, որ էլեկտրոնային նամակարգրությունը ներկայում հիմնականում կիրառվում է պաշտոնական հաղորդակցության համար, իսկ հավանականությունը, որ «առցանց խաղեր խաղացողները» պաշտոնական դիրքեր են գրավում, համեմատաբար ցածր է։ Իսկ ոչ պաշտոնական հաղորդակցության համար կան ավելի արագ միջոցներ։

  • Ֆեյսբուքից ինտենսիվ օգտվողներն համեմատաբար ավելի են հակված այցելելու ծանոթությունների կայքեր։

  • Ինտերնետում խաղադրույքներ կատարելու հակումն ավելի բարձր է այն անձանց շրջանում, ովքեր, բացի Ֆեյսբուքից, այցելում են նաև այլ սոցիալական ցանցեր։

Հայաստանյան ինտերնետային սեգմենտների աշխարհայացքային դիրքորոշումների հետազոտական հարցերը

Հ ՌԿԿ «Կովկասյան բարոմետր» հետազոտության տվյալների շտեմարանում առկա են մի շարք հարցեր, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել ինտերնետի օգտագործման տարբեր նախասիրություններով սեգմենտների աշխարհայացքային առանձնահատկությունները։ Այդ ուսումնասիրությունն իրականացվել է միայն Հայաստանի համար։ Ուսումնասիրվել են այն սեգմենտները, որոնք առավել հավանական է, որ ինտերնետ տարածքում կարող են լինել «կարծիք ձևավորողներ»։ Դրանք, նախ և առաջ, հետազոտության կիզակետում գտնվող «բլոգերներն» ու «ֆորումային ակտիվիստներն» են և այն սեգմենտները, որոնց առավել հաճախ իրականացվող ինտերնետային գործողություններն են՝ «կարդում/լսում/դիտում են լուրեր», «ինֆորմացիա են փնտրում Google-ով կամ այլ գործիքով», «վերջին 6 ամսվա ընթացքում գրառում են կատարել ֆեյսբուքում» սեգմենտները: Որպես համեմատության ավելի լայն կոնտեքստ ուսումնասիրվել է նաև Հայաստանի հասարակության ինտերնետից օգտվողների սեգմենտը։

Ուսումնասիրության հարցերն էին.

  • Որքանո՞վ են, ընդհանուր առմամբ, միմյանց «մոտ» կամ «հեռու» տարբեր ինտերնետային նախասիրություններ ունեցող սեգմենտների աշխարհայացքները։

  • Որո՞նք են այդ աշխարհայացքային հեռավորությունները պայմանավորող բովանդակային առանձնահատկությունները։

Ինտերնետ օգտագործողների աշխարհայացքների «հեռավորությունը»

Ա յդ հարցերին պատասխանելու համար կիրառվել է «Կովկասյան բարոմետր» հետազոտության հարցաշարում առկա և հարցվողների աշխարհայացքը արտացոլող 25 դրույթ։ Դրույթների նկատմամբ դիրքորոշումները դիտարկելիս հարկ է հիշել, որ դրանք ուսումնասիրվել են 2017թ․հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այսինքն՝ ներքին քաղաքական բեռնվածք ունեցող դրույթները վերաբերվել են այդ ժամանակվա իշխանություններին։ Ուսումնասիրվող դրույթների շարքում էին ընդհանուր լոյալությունը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ («ի՞նչ ուղղությամբ է ընթանում Հայաստանի քաղաքականությունը»), վստահությունը քաղաքական և սոցիալական ինստիտուտներին, միջազգային կառույցներին, աշխարհաքաղաքական կողմնորոշումները, քաղաքական ակտիվությունը, դիրքորոշումները Հայաստանում տեղի ունեցած հնչեղ և խորհրդանշական իրադարձությունների հանդեպ։ Ուսումնասիրված 25 դրույթները ներկայացված են Աղյուսակ 5-ում։

Նախքան այդ ցանկի բովանդակային վերլուծությանն անդրադառնալը, դիտենք ինտերնետային տարբեր նախասիրություններ ունեցող և ինտերնետից օգտվող սեգմենտների աշխարհայացքների միջև հեռավորությունները և դրանց փոխադարձ դիրքավորվածությունը։ Հեռավորությունները տրված են Աղյուսակ 5-ում, իսկ փոխադարձ դիրքավորվածությունը՝ Գծապատկեր 1-ում։ Հեռավորությունները իրենցից ներկայացնում են սեգմենտների աշխարհայացքային բաղադրիչների վեկտորների (Աղյուսակ 5-ի սյուների) միջև Էվկլիդեսյան հեռավորությունները։  Այն սիմետրիկ աղյուսակ է՝ գլխավոր անկյունագծից աջ վերևի եռանկյան տվյալները նույնական են ձախ ներքևի եռանկյան տվյալներին։ Աղյուսակում միմյանցից առավել հեռու գտնվող սեգմենտների հեռավորությունն արտապատկերող վանդակները մուգ կարմիր են, սեգմենտների միջև «միջին» հեռավորություններն արտապատկերող վանդակները՝ բաց վարդագույնի երանգներով, իսկ միմյանց «մոտ» գտնվող սեգմենտների միջև հեռավորություններն արտապատկերող վանդակները՝ կապույտ։

Աղյուսակ 4. Էվկլիդեսյան հեռավորությունները ինտերնետից օգտվողների սեգմենտների աշխարհայացքային դիրքորոշումների վեկտորների միջև։

Գծապատկեր 1․ Ինտերնետից օգտվողների սեգմենտների աշխարհայացքների միջև տարածությունը։

Աղյուսակ 5-ի տվյալներից և Գծապատկեր 1-ից բխող հիմնական արդյունքները.

  • Հաստատվել է այն հիպոթեզը, որ ինտերնետային ակտիվիստները կազմված են երկու սեգմենտից՝ «բլոգերներ» և «ֆորումային ակտիվիստներ», քանի որ Աղյուսակ 4-ի տվյալները ցույց են տալիս, որ այդ երկու սեգմենտների աշխարհայացքների միջև հեռավորությունն ամենամեծն է բոլոր զույգ սեգմենտների շարքում (1.327): Ավելին՝ Գծապատկեր 1-ը ցույց է տալիս, որ այդ երկու սեգմենտները ոչ միայն տարբեր են, այլև, աշխարհայացքի բովանդակության  տեսակետից՝ հակոտնյա։ Մնացած բոլոր սեգմենտները գտնվում են «բլոգերների» և «ֆորումային ակտիվիստների» միջև։

  • Աշխարհայացքի տեսակետից ինտերնետից օգտվողների դիտարկված մյուս երեք սեգմենտները, որոնց աշխարհայացքների միջև տարածությունը համեմատաբար ավելի փոքր է, կազմում է խումբ։ Ընդ որում՝ այդ խմբի կազմում է նաև ինտերնետից բոլոր օգտվողների սեգմենտը։

  • Վեր հանված խմբերի աշխարհայացքները մի փոքր ավելի մոտ են «ֆորումային ակտիվիստներին»։

Ինտերնետ օգտագործողների սեգմենտների աշխարհայացքների բովանդակային առանձնահատկությունները

Ի նտերնետ օգտագործողների սեգմենտների աշխարհայացքի տարբերությունները տրված են Աղյուսակ 5-ում։ Աղյուսակի տվյալների ընդհանրացված և ամբողջական ընկալումը հեշտացնելու համար օգտագործվել են սլաքներ։ Սլաքները ներկայացնում են տվյալների համեմատությունն ըստ տողերի, այսինքն՝ սեգմենտների միջև։ Դեպի վեր կանաչ սլաքները ցույց են տալիս դիտարկվող տողի տվյալներում հարաբերականորեն ավելի մեծ արժեքները։ Դեպի ներքև կարմիր սլաքները ցույց են տալիս՝ հարաբերականորեն ավելի փոքր արժեքները, իսկ դեպի աջ թեքված դեղին սլաքները՝ դիտարկվող տողում միջին արժեքները։ «Ընդամենը» տողը կրկնված է: «Ընդամենը 2» սյունը բաշխման դիագրամ է, որը տեսողականորեն թույլ է տալիս արագ ընկալել ցուցանիշների բարձր և ցածր արժեքները։ «ՀՀ» սյունում տրված է ցուցանիշի արժեքը Հայաստանում։

Օրինակ՝ առաջին տողում տրված են դիտարկված սեգմենտներում և Հայաստանի ինտերնետ օգտագործող սեգմենտում քաղաքական լոյալության դիրքորոշումները, այսինքն՝ այն անձանց քանակը, ովքեր համարում են, որ «Հայաստանի քաղաքականությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ»։ Վերհիշենք, որ դրանք ներկայացնում են Հայաստանի ինտերնետ օգտագործող սեգմենտի դիրքորոշումները 2017թ․ հոկտեմբեր-նոյեմբերին։ Ինտերնետից օգտվողների սեգմենտում նրանք կազմել են ընդամենը 9%: «Ֆորումային ակտիվիստների» սեգմենտում լոյալությունը կրկնակի բարձր է՝ 18% (չնայած, անշուշտ, սոցիոլոգիական իմաստով այդ ցուցանիշը նույնպես շատ ցածր է), իսկ «բլոգերների» սեգմենտում լոյալությունը կազմել է 0%: Մնացած երեք սեգմենտներում՝ լոյալության ցուցանիշը նույնն է, ինչ ինտերնետ օգտագործողների ամբողջ սեգմենտում։

Աղյուսակ 5. Աշխարհայացքային դիրքորոշումները Հայաստանի հասարակության տարբեր սեգմենտներում։

Աղյուսակի սլաքներով կազմավորված պատկերը մանրամասնում է այն` ինչն ընդհանրացված թվային գնահատականներով ներկայացված է Աղյուսակ 4-ում և գրաֆիկական տեսքով՝ Գծապատկեր 1-ում։ Տողերի մեծ մասում «ֆեյսբուքային», «նորություններ փնտրողների», «ինֆորմացիա փնտրողների» և «ինտերնետ օգտագործողների» սեգմենտների սլաքներն ունեն նույն ուղղությունը և, որպես կանոն, տարբերվում են «բլոգերների» և «ֆորումային ակտիվիստների» սլաքների ուղղություններից։

Ինչ վերաբերվում է հետազոտության կիզակետում գտնվող «բլոգերների» և «ֆորումային ակտիվիստների» սեգմենտներին, ապա բոլոր տողերում, բացի 25-րդ տողից, դրանց համապատասխանող սլաքներն ունեն կամ հակադիր ուղղություններ կամ չեն համընկնում (մեկն՝ ամենաբարձրը կամ ամենացածրն է, իսկ մյուսը՝ միջինը)։

Նախքան այդ երկու սեգմենտների աշխարհայացքային տարբերություններին անդրադառնալը դիտարկենք «Ընդամենը 2» և «ՀՀ» սյուների տվյալները։ Այդ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության ինտերնետ օգտագործող սեգմենտի ընդամենը 9%-ն էր լոյալ Հայաստանի քաղաքականության ընթացքի նկատմամբ։ Խիստ ցածր էր վստահության մակարդակը քաղաքական, պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ, մասնավորապես՝ վստահում էին կուսակցություններին՝ 9%-ը, Ազգային ժողովին՝ 10%-ը, կուսակցություններին՝ 10%-ը, նախագահին՝ 17%-ը, կառավարությանը՝ 20%-ը, ոստիկանությանը՝ 29%-ը, ԶԼՄ-ներին՝ 24%-ը, հկ-ներին՝ 26%-ը։ Ամբողջ հասարակության մասշտաբով վստահության մակարդակը քաղաքական և սոցիալական ինստիտուտներին, չնչին տարբերություններով, ուներ նույն պատկերը։

Մյուս կողմից, հասարակությունում շատ բարձր էր ընտրական (էլեկտորալ) և բողոքի ակտիվությունը՝ պատրաստ էր մասնակցելու ընտրություններին՝ չափահաս բնակչության 72%-ը, իսկ 73%-ը համարում էր, որ ժողովուրդը պետք է մասնակցի բողոքի գործողություններին։ Վերջին համազգային ընտրությունները (2017թ., ապրիլի 2, ԱԺ ընտրություններ) համարում էին լիովին անարդար՝ 41%-ը, իսկ մասամբ արդար՝ 37%-ը։ Հասարակության ոչ լոյալության պատկերը լրացնում էր այն, որ բնակչության 39%-ը արդարացնում էր «Սասնա Ծռերի» գործողությունը (չէր արդարացնում 15%-ը, «տատանվում էր» գնահատականում՝ 29%-ը, դժվարացել էր պատասխանել 11% և հրաժարվել էր պատասխանել՝ 2%-ը):

  • Ակնհայտ է, որ դիտարկվող տարում (2017թ., նոյեմբեր) Հայաստանի հասարակությունում առկա էր հեղափոխական իրավիճակ [6] [7]:

Այս կոնտեքստում կարևոր է ուշադրություն դարձնել, որ վստահության մակարդակը ԶԼՄ-ների նկատմամբ 24% էր, իսկ ընդամենը 10%-ն էր համարում, որ հեռուստաալիքները լավ են տեղեկացնում, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Այլ կերպ ասած՝

Հայաստանի հասարակությունում անվստահության բարձր մակարդակը ԶԼՄ-ների նկատմամբ և, մասնավորապես, դժգոհությունը հեռուստատեսային լուրերի որակից, գործոններ էին, որոնք բարձրացնում էին ինտերնետային ինֆորմացիայի ազդեցության արդյունավետությունը։

Աշխարհաքաղաքական կողմնորոշումների տեսակետից Հայաստանի ամբողջ հասարակությունում և ինտերնետից օգտվող սեգմենտներում համեմատաբար ավելի շատ են հավանություն տալիս ԵԱՏՄ հետ համագործակցությանը, քան՝ ԵՄ հետ համագործակցությանը։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին, ապա ԵԱՏՄ կազմում մնալը համարում են լավագույն ուղի երեք անգամ ավելի շատ հարցվածներ (20%), քան նրանք, ովքեր տնտեսական զարգացման լավագույն ուղի են համարում անդամակցումը ԵՄ-ին (7%)։ Նույնպիսին է պատկերը նաև անվտանգության հարցում՝ ՀԱՊԿ կազմում մնալը համարում են Հայաստանի անվտանգության ապահովման լավագույն ուղի 22%-ը, իսկ անդամակցությունըը ՆԱՏՕ-ին՝ 7%-ը [8]։

Այս համատեքստում ամբողջական է դառնում «բլոգերների» և «ֆորումային ակտիվիստների» աշխահայացքային տարբերությունների մեկնաբանությունը։

  • Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ լոյալությունը և վստահության մակարդակը ինստիտուտներին (կուսակցություններին, ԱԺ-ին, կառավարությանը, նախագահին, ոստիկանությանը, ԶԼՄ-ներին, ինչպես նաև հեռուստատեսային լուրերի նկատմամբ քննադատական դիրքորոշումը) «բլոգերային» սեգմենտում նշանակալիորեն ավելի ցածր է, քան «ֆորումային ակտիվիստների» սեգմենտում։

  • Մյուս կողմից, «բլոգերային» սեգմենտում նշանակալիորեն ավելի բարձր է վստահության մակարդակը հկ-ներին և ԵՄ-ին, ավելի մեծաքանակ են «Սասնա Ծռերի» գործողությունը արդարացնողները, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ամենակարևոր հարցը համարողների թիվը, դիրքորոշումը, որ «ժողովուրդը պետք է մասնակցի բողոքի գործողություններին», վերջին ընտրություններն անարդար համարողների, ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը հավանություն տվողների թիվը, Հայաստանի տնտեսական զարգացման լավագույն ուղին՝ ԵՄ-ին անդամակցությունը։

  • Սակայն, կարևոր է նշել, որ «բլոգերների» և «ֆորումային ակտիվիստների» միջև տարբերությունները, այնուամենայնիվ, որպես կանոն արտահայտված են բոլոր ինտերնետ օգտագործողների սեգմենտով պայմանավորված ընդհանուր համատեքստում։ Այսինքն՝ լոյալության ցածր մակարդակը հատկանշական է բոլոր սեգմենտներին, սակայն, «բլոգերների» սեգմենտում այն շատ ավելի ցածր է, իսկ «ֆորումային ակտիվիստների սեգմենտում»՝ ավելի բարձր է։

  • Կարևորագույն դիրքորոշումները, որոնցով «բլոգերների» սեգմենտն որակապես տարբերվում է մնացած բոլոր սեգմենտներից, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության դիրքորոշման խիստ բարձր մակարդակն է, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ամենակարևոր խնդիրը համարելը և վերջին համազգային ընտրություններն անարդար համարողների մեծ թիվը։ Բացի այդ, «բլոգերների» սեգմենտում նշանակալիորեն ավելի ցածր է էլեկտորալ մասնակցության դիրքորոշումը։ Այսինքն՝ «բլոգերային» սեգմենտի ֆունկցիան ինֆորմացիոն դաշտի ձևավորումն է, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվությունը։

  • «Ֆորումային ակտիվիստների» առանձնահատկություններից են՝ միջինից բարձր լոյալությունը Հայաստանի քաղաքական կուրսի նկատմամբ (2017թ.),  նշանակալիորեն ավելի բարձր է կուսակցությունների նկատմամբ վստահության մակարդակը, նշանակալիորեն ավելի ցածր է հկ-ների և Եվրոպական Միության նկատմամբ վստահության մակարդակը, նշանակալիորեն ավելի հաճախ են քաղաքական հարցեր քննարկում ընկերների և հարազատների հետ, նշանակալիորեն ավելի քիչ են նրանք, ովքեր համարում են, որ ժողովուրդը պետք է մասնակցի բողոքի ցույցերին, քիչ են վերջին ընտրություններն անարդար համարողները, ցածր են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցները։

Առաջարկներ

Հ այաստանում ԶԼՄ-ների և, մասնավորապես, հեռուստատեսային լուրերի նկատմամբ վստահության շատ ցածր մակարդակն այն ֆոնն է, որը բարձրացնում է ինտերնետային ակտիվիստների ազդեցությունը հասարակական դիրքորոշումների վրա։ Դրան է նպաստում նաև ԶԼՄ-ների հակվածությունը սիստեմատիկ կերպով իրենց լսարաններին փոխանցել Ֆեյսբուքի՝ հաճախ միտումնավոր կամ ակամա սխալ տեղեկությունները. սուտ տեղեկությունների և կեղծ օգտատերերի առատությունը զգալիորեն վատթարացնում է վիճակը։  Հասարակությունը, որպես ամբողջություն, և առանձին սեգմենտները անընդհատ գտնվում են իրականությունն աղճատող ինֆորմացիոն հզոր հոսքերի և ճնշումների ազդեցության տակ։ Այս պայմաններում ոչ միայն բարձրացում է հասարակությունում սթրեսը, որը վերջին հաշվով անդրադառնում է հասարակության ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա, այլև ստեղծում իրավիճակ, որտեղ հնարավոր են հասարակական հուզումներ և բախումներ առաջացնող ինֆորմացիոն սադրանքներ։ Չի կարելի բացառել նաև արտաքին սպառնալիքների շահարկումների վրա հիմնված զանգվածային խուճապի սադրումը։

Իրավիճակի կարգավորումն ունի մի քանի հիմնական ուղղություն։ Առաջինը՝ ներկայիս գլոբալ միտումն է, որն ուղղված է ինտերնետային գործունեության բացարձակացված ազատության և անանունության սահմանափակմանը։ Հաշվի առնելով, որ այդ պրոցեսն ունի նաև իր լատենտ բացասական կողմերը, հարկ է ընդունել, որ այդ ուղղությունը ողջունելի է։ Ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ տարածքը պետք է ունենա ինչպես համամարդկային, այնպես էլ տվյալ հասարակությանը հատուկ արժեքների և նորմերի վրա հիմնված սահմանափակումներ։ Հանցագործությունները հնարավոր են և տեղի են ունենում ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ աշխարհներում, հետևաբար՝ պատիժներ պետք է լինեն և՛ մեկում, և՛ մյուսում։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է ինքնորոշվել ոչ միայն իրական, այլև՝ վիրտուալ տարածքում։

Երկրորդ ուղղությունը «ավանդական» ԶԼՄ-ների վստահության բարձրացումն է, ինչը ԶԼՄ-ների գործն է։ Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական էթիկայի անվերապահ պահպանումը և օպերատիվության բարձրացումն ունակ են վերականգնելու ավանդական ԶԼՄ-ների, այդ թվում՝ նրանց ինտերնետային տարբերակների նկատմամբ հասարակական վստահությունը։ Եթե մարդիկ ունենան վստահելի և օպերատիվ ինֆորմացիայի մի քանի աղբյուր, ապա ֆեյսբուքյան բամբասանքներին և զրպարտություններին հավատալու հակումը կնվազի։

Երրորդ ուղղությունը երեխաների դաստիարակությունն և կրթությունն է. ինչպես կողմնորոշվել և ինչպես վարվել վիրտուալ տարածքում, որը պետք է կառուցված լինի հասարակության անդամների նկատմամբ հարգանք ձևավորող արժեքային համակարգի համատեքստում։ Մարդը պետք է ունակ լինի վերահսկելու իր վարքը հասարակականորեն ընդունելի արժեքների և նորմերի շրջանակներում։

Չորրորդ ուղղությունը վիրտուալ աշխարհից իրական աշխարհ մարդու վերադարձն է։


[1] Հետազոտության արդյունքները ստացվել են Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնների «Կովկասյան Բարոմետր» ծրագրով 2017թ.-ին Հայաստանում և Վրաստանում իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանի վերլուծության արդյունքով։ Ավելի թարմ տվյալներ պարունակող և հետազոտողների համար բաց շտեմարաններ չկան (2019թ․ փետրվար)։ «Կովկասյան Բարոմետր»-ի հաջորդ հետազոտությունը ենթադրվում է իրականացնել 2019թ․ աշնանը։

[2] «Բլոգերներ» և «ֆորումային ակտիվիստներ» անվանումները պայմանական են։ Առաջինը ներկայացնում է այն անձանց, ովքեր հետազոտության ընթացքում․ «Ինտերնետում գտնվելիս սովորաբար ինչո՞վ եք զբաղվում: Նշեք երեք ամենահաճախ կատարվող գործողությունները» հարցին տրված երեք պատասխաններից որևէ մեկում նշել են․ «բլոգ եմ գրում/կարդում եմ ուրիշների բլոգները»։ Իսկ երկրորդը ներկայացնում է այն անձանց, ովքեր նույն հարցին տրված պատասխաններից մեկում նշել են․ «Ներգրավվում եմ ֆորում քննարկումներում»։ Երկու դեպքն էլ ենթադրում է ինտերնետային հաղորդակցության ակտիվություն։

[3] Շտեմարանը հասանելի է https://caucasusbarometer.org/en/downloads/ կայքում (վերջին այցելությունը՝ 30 հունվարի, 2019)։

[4] Ստորև տրված է ինտերնետային գործողությունների գործոնային մոդելը։ Մոդելը կառուցված է ինտերնետն ամեն օր օգտագործողների ընտրանքով։

[5] Այն իրենից ներկայացնում է սեգմենտների աշխարհայացքների միջև տարածությունների մատրիցայի բազմաչափ սանդղակավորման արդյունքում ստացված պատկերը՝ երկչափ տարածությունում։

[6] Հարկ է նշել, որ ըստ էության նման իրավիճակ է գրանցվել վերջին՝ առնվազն 10 տարիներին, որին կանդրադառնանք հետագայում։

[7] Մյուս կողմից, 2017թ.-ին շատ բարձր էր վստահության մակարդակը բանակի՝ 77% և եկեղեցու՝ 77% նկատմամբ։ Նշենք, որ 2017թ.-ին քաղաքական և սոցիալական ինստիտուտներին հասարակական վստահության պատկերը համանման է աշխարհի համարյա բոլոր այն երկրներում, որոնք չեն համարվում ավտորիտար կամ տոտալիտար։ Տե՛ս՝ Մանուկյան Ս․ Ա., Գործոնային վերլուծության կիրառելիության ընդլայնումը որպես սոցիոլոգիական կանխատեսման ռեգրեսիոն մոդելների զարգացման եղանակ (Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման միտումների մոդելավորման օրինակով), ԻԲ 00.02 «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա» մասնագիտությամբ սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Երևանի Պետական Համալսարան, Երևան, 2010, ձեռագիր։

[8] Ավելի մանրամասն և տարբեր հետազոտությունների տվյալների համադրումը տե՛ս՝ Манукян С.А. Об отношении армянского общества к России и Евразийской экономической интеграции в 2011-2017. // Армения в ЕАЭС: Евразийская экономическая интеграция в действии (Сборник статей). – Ереван: Издательство «Наапет» 2018. сс. 50-69. http://www.noravank.am/upload/pdf/sbornik.pdf