Հայաստանի սիրիական քաղաքականության հիմնական առանձնահատկությունները

7 ր.   |  2025-02-28

Հ ոդվածը հրապարակվել է «Օրբելի» կենտրոնի և Iran Daily պարբերականի միջև համագործակցության շրջանակում։

Սիրիան ևս ուղղակիորեն կրեց աշխարհակարգի և դրա ազդեցությամբ նաև տարածաշրջանային կարգի փոփոխության անմիջական հետևանքները։ Չնայած, հանուն արդադրության, նշենք, որ նույն սիրիական հակամարտությունն արդեն 2010-ականների երկրորդ կեսին մեծապես նպաստեց ներկա աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ ավելի խթանելով գլոբալ և տարածաշրջանային մրցակցությունը։ Եվ այսպես, Սիրիայում չէր լինի իշխանափոխությունը, եթե չլիներ ուկրաինական պատերազմի հետևանքով ակտիվ փուլ թևակոխած աշխարհակարգի փոփոխության գործընթացը և դրա ազդեցությամբ էականորեն չթուլանար Ռուսաստանը։ Չէր արձանագրվի Սիրիայում հակակառավարական ուժերի հաղթանակը, եթե աշխարհակարգի փոփոխության գործընթացից օգտվող Իսրայելը 2022 թ. ողջ ընթացքում, բայց հատկապես 2023 թ. հոկտեմբերից հետևողականորեն չփորձեր բարելավել իր անվտանգային միջավայրը՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում իրականացրած ռազմագործողությունների արդյունքում զգալիորեն նվազեցնելով նաև Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Նաև չէր արձանագրվի Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը, եթե աշխարհակարգի փոփոխության պայմաններում ռևիզիոնիստական նկրտումներ չդրսևորեր Թուրքիան՝ ունենալով մի շարք արևմտյան և տարածաշրջանային առանցքային խաղացողների համախոհությունը։

Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ գործոներն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև միկրո տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Հայաստանի և հայ ժողովրդի համար, երբ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո դարձյալ ռևիզիոնիզմի ձգտող Ադրբեջանը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ ամբողջովին գրավեց և հայաթափեց պատմականորեն հայկական Արցախը/Լեռնային Ղարաբաղը, ապա այդ տարածաշրջանից դուրս մղեց 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմը կանգնեցրած Ռուսաստանին, որը եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում ռազմական ներկայություն էր հաստատել տարածաշրջանում՝ խաղաղապահ առաքելության բովանդակությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության սիրիական քաղաքականության ձևավորման հիմնական գործոններին, ապա դրանք մի քանիսն են։ Նախ և առաջ, հարկ է ընդգծել, որ Հայաստանը գլոբալ մակարդակում նմանը չունեցող բացառիկ հետաքրքրություններ ունի մեձավորարևելյան այդ կարևոր երկրում։ Հետևաբար Սիրիան առանցքային երկիր է նաև Հայաստանի համար միաժամանակ մի քանի չափումներով՝ ինչպես ՀՀ մերձավորարևելյան, արաբամուսուլմանական երկրների հետ հարաբերությունների, բայց հատկապես Սփյուռքի, հայապահպանության, ի մասնավորի՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար ռազմավարական կարևորության սիրիահայ համայնքի, նրա հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից։

Բացի այդ, տարաբնույթ հակակառավարական ուժերի վերահսկողության տակ անցած շրջաններից հեռացած սիրիահայերը հիմնականում հաստատվում էին Բաշար ալ-Ասադի վարչակարգի ազդեցության տակ գտնվող հատվածներում։ Իսկ դրա կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ, հաշվի առնելով սիրիական հակամարտության աշխարհաքաղաքական ենթատեքստը, իր գոյության ողջ ընթացքում մի կողմից սիրիահայ համայնքը մշտապես դրսևորել է պետականամետ վարքագիծ, մյուս կողմից՝ հատկապես ալ-Ասադ ընտանիքի կառավարման ընթացքում համայնքին տրվել են լայն հոգևոր-մշակութային և ազգային դիմագիծը պահպանելու հնարավորություններ։ Հետևաբար, նաև դա է պատճառը, որ հակամարտության ակտիվ փուլերում արձանագրվել են մի շարք կարևոր իրողություններ։ Օրինակ՝ Հալեպի հայկական թաղամասերը հիմնականում մնացել են ալ-Ասադի ուժերի վերահսկողության ներքո, իսկ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը ողջ հակամարտության ընթացքում։ Բացի այդ, դեռևս 2014թ. մարտին թուրքամետ զինյալների կողմից նպատակային կերպով գրավված, թալանված ամբողաջապես հայաբնակ Քեսաբ բնակավայրն ընդամենը 3 ամսվա ընթացքում ազատագրվեց և ապահովվեց հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Ավելին՝ հայերի համար չափազանղ զգայուն Դեյր Զորում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցին 2014թ.  ահաբեկիչների կողմից պայթեցումից հետո հրադադարի հաստատմանը հաջորդած շրջանում սիրիական կառավարությունը վերականգնեց այն և այլն։ Բացի այդ, Սիրիայի Ժողովրդական ժողովը 2020 թ. փետրվարի 13-ին միաձայն ընդունեց բանաձև, որով պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ հարցում դառնալով փաստացի առաջին մուսուլմանական երկիրը (1997 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Լիբանանը, բայց այն ամբողջական մուսուլմանական երկիր չի համարվում)։

Սիրիայի Հարցում Հայաստանի քաղաքականության մյուս կարևոր գործոնն արդեն նախկին վարչակարգի հետ եղած չափազանց ջերմ և կարևոր հարաբերություններն էին։ Նման միջավայրը գոյացել էր մի շարք օբյեկտիվ հանգամանքների արդյունքում։ Նախ, դեռևս ԽՍՀՄ ժամանակահատվածում հաստատված ռազմավարական բնույթի հարաբերություններն էին Սիրիայի հետ, որոնք իներցիոն բնույթով շարունակվեցին նաև հետխորհրդային ժամանակահատվածում այդ թվում և նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ։ Մյուս կարևոր գործոնը սիրիահայ ազդեցիկ համայնքի առկայությունն էր, որը յուրօրինակ կամուրջ դարձավ նորանկախ Հայաստանի և արտաքին աշխարհի, իսկ տվյալ դեպքում՝ Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման համար։ Ընդ որում, թեմատիկ մի շատ կարևոր իրողություն. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ծնունդով Հալեպից է։ Երկկողմ սերտ հարաբերությունները ձևավորող մյուս կարևոր գործոնը մինչև 1990-ականների վերջը և հակամարտության ողջ ընթացքում Սիրիա-Թուրքիա բարդ հարաբերություններն էին, և դրան զուգահեռ՝ Ռուսաստանի և Իրանի հետ ռազմավարական բնույթի համագործակցությունը։ Ի դեպ, հարաբերությունների նման բանաձև առկա է նաև Հայաստանի և նշված տարածաշրջանային տերությունների միջև։ Եվ իհարկե, որպես վերոնշյալ գործոնների կարևոր ածանցյալ՝ միջազգային հատկապես կրոնական ուղղվածության կազմակերպություններում երկկողմ փոխշահավետ համագործակցությունը։ Վերջինը Երևանի համար խիստ կարևոր էր՝ հատկապես հաշվի առնելով իսլամական, արաբական աշխարհում Բաքվի և Անկարայի նպատակային քաղաքականությունը՝ ներկայացնելով Հայաստանին որպես ագրեսոր, օկուպանտ երկիր, իսկ ԼՂ հակամարտությունը՝ որպես կրոնական կոնֆլիկտ։

Վերոնշյալ գործոնների ազդեցությամբ է, որ Հայաստանը սիրիական հակամարտության ակտիվ փուլում պահպանեց Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ հարաբերությունները, անգամ տեղի ունեցան մի շարք բարձրաստիճան այցեր՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների (2014թ. մարտ), ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի (2015 թ. մայիս) և այլն։ Ավելին, արդեն Աստանայի ձևաչափի շրջանակներում Ռուսաստան-Իրան-Թուրքիա համագործակցությամբ հրադադարի հաստատումից հետո ոչ միայն ավելի ակտիվացան երկկողմ շփումները նաև ՀՀ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի տեսքով (Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը (2018թ.), ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (2018թ.), խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը (2018թ.), այլև 2019թ. փետրվարին Հայաստանը ռազմական բժիշկներից և ականազերծող անձնակազմից կազմված 83 հոգանոց հումանիտար առաքելություն գործուղեց Հալեպ, որը գործել է մինչև անցյալ տարեվերջյան զարգացումները։


Ըստ այդմ, Հայաստան-Սիրիա քաղաքականության, ինչպես նաև սիրիական հակամարտության ընթացքում Երևանի պաշտոնական դիրքորոշման բյուրեղացման առանցքային գործոնը Սիրիայում հայահոծ համայնքի ներկայությունն է իր ահռելի հոգևոր և մշակութային կարողություններով։ Մինչհակամարտային Սիրիայում, ընդհանուր առմամբ, հայերի թիվը հաշվվում էր 60-80 հազար, որոնք տեղակայված էին այդ երկրի տարբեր հատվածներում՝ հատկապես՝ հյուսիսում՝ Հալեպում, Քեսաբում, Լաթակիայում, Դամասկոսում, քրդաբնակ Քամիշլիում, Հոմսում, Դեյր Զորում և այլն։ Սիրիահայ համայնքի անվտանգ և շարունակական ներկայությունը ռազմավարական կարևորության հարց է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ հայ ժողովրդի համար։ Քանի որ այս գաղթօջախը Առաջին աշխարհամարտի ընթացքում մեկնարկած՝ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով ձևավորված և պատմական հայրենիքին ամենամոտը գտնվող հայկական համայնքն է։ Ավելին, Հալեպն իր ազգային, հոգևոր գիտակրթական նշանակությամբ սփյուռքահայության շրջանում կոչվել է «մայր գաղութ»։ Հետևաբար, նման ռազմավարական կարևորության ներկայությունը հնարավորինս պահպանելը եղել է Հայաստանի գերխնդիրը սիրիական հակամարտության ողջ ընթացքում և շարունակում է այդպիսին լինել նաև այսօր՝ հաշվի առնելով հատկապես թուրքական գործոնի բազմաշերտ ներգրավվածությունն այս հակամարտությանը, իսկ արդեն արդի շրջափուլում՝ ամրապնդված ազդեցությունը։ Հետևաբար, վերոնշյալի համատեքստում, բնականաբար մերձավորարևելյան գործընթացների վրա օբյեկտիվորեն ոչ էական ազդեցություն ունեցող Հայաստանի համար իր խնդիրները լուծելու ամենատրամաբանական և արդյունավետ եղանակը հայաբնակ շրջանները վերահսկող ուժերի հետ հարաբերությունների ապահովումն էր և նրանց միջոցով սիրիահայ համայնքի և նրա ժառագության անվտանգության հնարավորինս պահպանությունը։ Իսկ արդեն 2012թ.-ից ակտիվ ռազմական շրջափուլ տեղափոխված սիրիական հակամարտության ընթացքում հայահոծ շրջանները մեծամասամբ սիրիական կառավարության վերահսկողության ներքո էին։

Ինչ վերաբերվում է ներկա իրողություններին, ապա հարկ է նշել, որ Հայաստանի սիրիական քաղաքականության հիմքում եղած առնվազն երկու առանցքային գործոնները շարունակում են գերակա լինել Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ առաջինը սիրիահայ գաղթօջախի անվտանգության ապահովումն է, մյուսը՝ երկկողմ կարևոր հարաբերությունների շարունակականությունը։ Ի դեպ, իշխանափոխությունից հետո Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը շարունակում են ամբողջ ծավալով գործել, արդեն իսկ կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Հունվարի 27-ին Դամասկոս է մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և հանդիպել ՍԱՀ ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության բոլոր հնարավոր ուղղությունները։ Իրենց հերթին Սիրիայի նոր իշխանությունները հանդիպել են հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպել են Դամասկոսում, Լաթաքիայում, Հալեպում՝ վստահեցնելով նրանց հանգիստ և անվտանգ կենսապայմանների ապահովման հարցում։ Սիրիայի քրիստոնյա, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպել է նաև Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան՝ խոստանալով երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության հարցում։

Միևնուն ժամանակ, այս ուղղությամբ քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանը պետք է փորձի օգտագործել նաև տարբեր գործընկեր պետությունների հնարավորությունները, որոնք արդեն իսկ ակտիվ կապեր են հաստատել Դամասկոսի հետ. որպես օրինակ՝ Պարսից ծոցի արաբական երկրներից ԱՄԷ-ն, Կատարը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և այլն։ Սիրիական ուղղությամբ մեկ այլ կարևոր քայլ է նաև օրերս ստորագրված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության համատեքստում Երևանի միանալը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող կոալիցիային։ Ահաբեկչության դեմ պայքարը, երկրի միասնականության վերականգնումը, հասարակության համախմբումը Սիրիայի նոր իշխանությունների առջև ծառացած առանցքային խնդիրներից են։ Վերոնշյալից բացի, Սիրիայի նոր իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում չափազանց կարևոր քայլ կարող է լինել ՀՀ հումանիտար առաքեությունը Հալեպ վերադարձնելու հարցը՝ դրանով իսկ հերթական անգամ վերահաստատելով, որ Երևանը բացառիկ շահեր ունի Սիրիայում, որոնք վեր են ինչպես ներսիրիական, այնպես էլ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տարաբնույթ մրցակցության ազդեցություններից։