Լարվածության նոր ալիք Ադրբեջան-Իրան հարաբերություններում
10 ր. | 2025-01-302 025 թ.-ն Ադրբեջան-Իրան հարաբերությունների համար մեկնարկել է սրման նոր ալիքով, որը, ադրբեջանական կողմի ակնհայտ ուղղորդման արդյունքում, դրսևորվել և խորացվել է զուգահեռաբար մի քանի թեմատիկ հարթություններում՝ Իրանից հնչող «հակաիրանական» հայտարարություններին հակադարձման, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման թեմայի վերակտիվացման, հարևան տարածաշրջանային տերություններից եկող պատմական սպառնալիքների շարունակականության ընդգծման և այլ ուղղություններով քաղաքական և հատկապես քարոզչական էական ծավալի գործողությունների տեսքով։ Ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել, որ Ադրբեջանն Իրանի հետ հարաբերություններում վարում է կառավարելի լարվածության քաղաքականություն՝ նման վարքագիծը, ըստ անհրաժեշտության, տարբեր ուղղություններով վաճառելու նպատակով։
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին առնչվող «հակաադրբեջանական հայտարարության» թեման
Հ ունվարի 1-ին Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիան: Հանդիպման ընթացքում իրանական կողմին բողոք է ներկայացվել Արդաբիլում 2024թ. դեկտեմբերի 29-ին Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ, Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետ Հասան Ամելիի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ադրբեջանի և նախագահ Ի. Ալիևի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների կապակցությամբ: Պահանջ է ներկայացվել վերջ տալ Ադրբեջանի դեմ ուղղված սադրանքներին: Ի շարունակություն՝ հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է. «Այս մոլլան բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի, ադրբեջանական ժողովրդի, այդ թվում՝ նաև իմ հասցեին: Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ արտահայտված ափսոսանքի զգացումը բավարար չէ: Պարզապես ափսոսա՞նք: Դա, իհարկե, անընդունելի է: Մենք գտնում ենք, որ այդ գավառական մոլլան պետք է պատժվի: Նրան պետք է հեռացնել զբաղեցրած պաշտոնից և նա պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից»:
Այս զարգացմանը հաջորդել են իշխանամետ լրատվամիջոցների հակաիրանական բովանդակությամբ, Ադրբեջանի նախագահի դիրքորոշումն առաջ մղող հրապարակումները՝ չնայած իրանական կողմի հավաստիացումներին, որ արված արտահայտությունները ոչ մի կապ չունեն ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման հետ (1, 2): Minval.az-ը շեշտել է. «Իրանն արդարանում է Ադրբեջանի հետ հերթական ճգնաժամից հետո»: Musavat.com-ը գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հասցեին հնչած վիրավորանքներն իրանական պետության կեղծավոր քաղաքականության հերթական օրինակն են: Սադրիչ ելույթների նպատակը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների միջազգային հեղինակությանը հարվածելն է, այլև Իրանում բնակվող միլիոնավոր ադրբեջանցիներին ճնշման տակ պահելը»: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ն. Համզաևն ընդգծել է. «Իրանի իշխանական որոշ շրջանակներ ևս շրջանցում են նման անձանց պատիժը և անտեսում այն: Երբեմն մոռանում են, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները կախված են փխրուն թելերից: Երբեմն էլ որպես նման տեսակ ելույթների պատվիրատուներ են մասնակցում։ Կարծում եմ, որ նման սխալ թույլ տված մոլլաներին Իրանում պաշտոն տալը լավ լուծում չի»: Քաղաքագետ Թ. Ռզաևը նշել է, որ Ռուսաստանում, Իրանում և նման մյուս երկրներում համապատասխան կառույցները կենտրոնից են կառավարվում. այդ պատճառով Արդաբիլում Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր հայտարարությունները կառավարվում էին կենտրոնից: Եթե Խամենեին չի ընդունում Արդաբիլի աղոթապետի կողմից ադրբեջանական պետությանը վիրավորելը, ապա նա ինքը պետք է ներողություն խնդրի՝ պատասխանատվություն ստանձնելով իր նշանակած մարդկանց համար: Երկրորդ՝ այդ անձինք պետք է ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոնից: Եթե քայլեր չենք տեսնում իրական հարթությունում, ուրեմն իրանական ղեկավարությունն ինքն էլ կիսում է վիրավորողների դիրքորոշումը»:
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման թեմայի ակտիվացումը
Ա դրբեջանը հակաիրանական բովանդակությունն ակտիվացրել է նաև իրանական կողմին, Ադրբեջանի ներքին և արտաքին լսարանին հիշեցնելով Իրանում 2023 թ. հունվարի 27-ին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման թեման, որը պարբերաբար ակտիվանում է: Musavat.com-ը գրել է. «Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամանքի ամենացայտուն գործողություններից մեկն Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումն է, որի հետևում կանգնած անձը մինչ օրս պատասխան չի տվել»: «Դեսպանատան հարձակման միջադեպի պատշաճ հետաքննություն չիրականացնելով՝ Իրանը խախտել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները: Սա հստակ ցույց է տալիս Թեհրանի ռեժիմի թշնամական դիրքորոշումն ադրբեջանական պետության և ժողովրդի նկատմամբ: Իրանական ԶԼՄ-ներում անընդհատ վիրավորվում են Թուրքիան և Ադրբեջանը, հեռարձակվում են ներքին տարաձայնություններ հրահրելու փորձերով ելույթներ»: Քաղաքագետ Ե. Հաջիևան հանցագործությունը կատարած կողմերից խոշոր փոխհատուցում վճարելու անհրաժեշտության մասին է նշել:
Ադրբեջանական լրատվամիջոցներում ուղղորդված հակաիրանական տեղեկատվական/ապատեղեկատվական արշավը
Լ արվածության ալիքը նոր թափ է ստացել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվության տարածմամբ, որն ուղեկցվել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեի խոսքերի խեղաթյուրմամբ և դրանք «Զանգեզուրի միջանցքի» նախընտրելի կաղապարում տեղավորելու ցանկությամբ (1, 2):
Սրան հաջորդել է տեղեկությունն այն մասին, որ «Իրանը 800 կմ հեռահարությամբ ռադար է տեղադրել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լավագույնս բացատրում է Թեհրանի նպատակները, որը չի թաքցնում իր թշնամանքը հյուսիսային հարևանի նկատմամբ» (1, 2): Ապա հունվարի 10-ին «Caliber.az»-ը «բացառիկ» տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ «Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ոչ երկիմաստ կերպով կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հրաժարվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից: Թեհրանի պայմանների կատարման դեպքում իրանցի պաշտոնյան առաջարկել է երկու երկրների միջև պաշտպանական բնույթի դաշնագիր կնքել, որն իր մեջ ներառում է Իրանի ԶՈՒ մուտքը Հայաստանի տարածք»: Այս ամենը փաթեթավորվել է «Իրանը վերջնագիր է հայտարարել Հայաստանին» ձևակերպման ներքո: Հունվարի 14-ին Minval.az-ը գրել է, որ Իրանը ցանկացել է Ադրբեջանում սպանել հրեական համայնքի առաջնորդին, և, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչությունը:
Ապատեղեկատվության արշավի շարունակման ֆոնին հունվարի 25-ին կրկին Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք են հայտնել կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական մամուլում Ադրբեջանի ղեկավարության դեմ տարվող բաց արշավի հետ կապված: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ զարմանք և անհասկանալիություն է առաջացնում Ադրբեջանի դեսպանի կանչն Իրանի ԱԳՆ: Մինչդեռ հունվարի 24-ին Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլուն ԱԳՆ-ում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ, ինչը ադրբեջանական կողմը մեկնաբանել է որպես «Ադրբեջանի դեսպանի կանչ Իրանի ԱԳՆ»: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, դրանք երկկողմ հարաբերությունների համար վնասակար է համարել և դրա հետ կապված Իրանի բողոքը հայտնել:
Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ Ղազվինում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, ուրբաթօրյա աղոթապետ Աբդոլքյարիմ Աբեդինին հրաժարական է տվել: Սակայն ադրբեջանական լրատվադաշտում ոգևորություն է բարձրացել և տեղի ունեցածը նախընտրելի երանգով է ներկայացվել. «Ղազվինի սկանդալային իմամը հեռացվել է պաշտոնից հակաադրբեջանական արտահայտությունների համար» (1), «Իրանում Ադրբեջանի դեմ արտահայտված մոլլան հրաժարական է տվել» (2), «Ադրբեջանին վիրավորած իմամը հեռացվել է պաշտոնից» (3), «Անպարկեշտ արտահայտություններով հանդես եկած Ղազվինի իմամը հրաժարական է տվել» (4): Կարծես թե, դեռևս չեն կողմնորոշվում Ա. Աբեդինին «պաշտոնանկ է արվե՞լ, թե՞ այնուամենայնիվ հրաժարական է տվել»՝ այդ կերպ հավատարիմ մնալով լարվածությունը կառավարելի պահելու քաղաքականությանը: Նաև շտապել են հիշեցնել, որ հունվարի 25-ին, երբ Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԱԳՆ, հանդիպմանը ադրբեջանական կողմը մատնանշել է կրոնական գործիչների, այդ թվում՝ Ղազվինի իմամի կողմից հակաադրբեջանական քարոզչության անթույլատրելիությունը (5, 6, 7): Այս ամենով նաև փորձում են թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին մոլորության մեջ գցել. ապացուցել իրենց «ճշմարտացիությունը», ցույց տալ իրենց ուժը և պարզ դարձնել բոլորի համար, թե ինչ են ստանում նրանք, ովքեր հակաադրբեջանական դիրքերից են հանդես գալիս:
Հակաիրանականությունն ու հակառուսականությունը միևնույն «սկուտեղում»
Ա դրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում հակաիրանականությանը զուգահեռ, նաև դրա հետ փոխկապակցված նոր երանգներով է հանդես գալիս հակառուսականությունը: Տեղ են գտել հակառուսական շեշտադրումներ պարունակող տարաբնույթ հրապարակումներ, որոնք օրերս առավել ակտիվացել են: «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Է. Շահինօղլուն նշել է. «Ադրբեջանի երկու հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է, քանի որ Մոսկվան ու Թեհրանը շարունակում են հակաադրբեջանական քաղաքականությունը…Ավելի քան 30 տարի անց Մոսկվան ու Թեհրանը, կիրառելով նույն քաղաքականությունը, կարող են փորձել մեր երկրում անջատողական գործունեություն բորբոքել, բայց Բաքուն երկուսի պատասխանն էլ կտա: Սա ճիշտ քաղաքականություն լինելու հետ միաժամանակ իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում: Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում անորոշության շրջան ենք ոտք դրել»:
Երևում է, որ ամեն կողմից ներողություններ պահանջող, պայմաններ ներկայացնող Բաքուն ինքն էլ հասկանում է իր հանդուգն կեցվածքի հետևանքները, ուստի իշխանական քարոզչական գծի ներկայացուցիչ Շահինօղլուի շուրթերով խոստովանում է նաև, որ այդ քաղաքականությունը հղի է ռիսկերով:
Քաղաքագետ Թ. Ռզաևը, մեկնաբանելով հերթական անգամ Բաքվում Իրանի դեսպանին ԱԳՆ կանչելու հանգամանքը, ընդգծել է. «Ղարաբաղում հաղթանակից, անկախ քաղաքականության ներդրումից հետո մեր երկու մեծ հարևանները պարբերաբար սպառնալիք ու վիրավորանքներ են հնչեցնում՝ ուղղված մեր դեմ՝ հատկապես Իրանը: Այս ելույթները չեն կարող ինքնագլուխ լինել և մեր դեմ համակարգային ձևով ուղղված սադրանքի բաղկացուցիչ մասն են: Մենք չենք հավատում, որ նրանք փորձում են կարգավորել հարաբերությունները»: Ռզաևը, Իրանի հետ միաժամանակ, Ռուսաստանի վրա է ուշադրություն հրավիրել. «Նկատվում է, որ երկակի քաղաքականությունը շարունակվելու է: Մի կողմից նրանք խոսելու են Ադրբեջանի հետ բարիդրացիության մասին, իսկ մյուս կողմից՝ շարունակելու են Ադրբեջանի դեմ նման սպառնալիքները: Վերջերս մենք նման դիրքորոշում ենք տեսնում նաև Ռուսաստանում»։
Դեռևս հունվարի 14-ին հայտնի էր դարձել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև տրանսպորտային ոլորտում հունվարի 28-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին: Սակայն հանդիպումը կայացել է, թե ոչ, այդ հարցում լրատվամիջոցները լռում են: Դրա փոխարեն հայտնի է հունվարի 28-ին Ադրբեջանում տրանսպորտային խնդիրներին նվիրված խորհրդակցության անցկացման մասին, որին մասնակցել և ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ելույթում ընդգծել է, որ նոր տրանսպորտային նախագծերի շարքում ցանկանում է նշել «Զանգեզուրի միջանցքը», որի բացման ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում: Դրանից բացի, նույն օրը Caliber.az-ը «Հյուսիս-Հարավ. շահերի հատման կետեր» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվել է, որ հունվարի 28-ին կկայանա եռակողմ հանդիպումը, և հարցադրումներով դիմել է ռուս փորձագետներին, մասնավորապես. «տրանսպորտային համագործակցության շրջանակներում ի՞նչ հայեցակետերի մասին են խոսելու նախարարները, և արդյո՞ք Թեհրանը կփոխի իր դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում այն պայմաններում, երբ Մերձավոր Արևելքում մեծ ճնշման տակ է հայտնվել»:
Չի բացառվում, որ այս ուղերձներով ադրբեջանական իշխանությունները ջանում են «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջնային պլան մղել տրանսպորտային խնդիրներին առնչվող քննարկումների ընթացքում և ընդգծված հակաիրանականության ու հակառուսականության ֆոնին և կանխատեսելի քաղաքական սակարկությունների ընթացքում ակնկալում են որոշ դիվիդենտներ ձեռք բերել:
Կարելի է եզրակացնել, որ Բաքուն, Իրանի հետ հարաբերություններում վերը նշված քայլերն իրականացնելով, նպաստում է լարվածության կառավարելի շարունակականությանը, քանի որ զուգահեռաբար տեղի են ունենում նաև երկկողմ հանդիպումներ, քննարկվում են համագործակցության տարաբնույթ հարցեր (1, 2, 3): Այս քաղաքականությունը տեղավորվում է Ադրբեջանի նախագահի՝ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում հնչեցված գնահատականներին, որոնցում նա կարծես թե փորձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններում հավասարակշռություն ստեղծել. մի կողմից հակաիրանական հռետորաբանություն է կիրառել, մյուս կողմից՝ Իրանի գործող ղեկավարության պայմաններում ադրբեջանա-իրանական ներկա հարաբերություններին գնահատական տալը վաղաժամ է համարել:
Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի թուլացումն իր հերթին ոգևորել է Ադրբեջանին՝ հակաիրանական կեցվածք դրսևորելու հարցում, որում Իրանը ներկայացվում է ահաբեկչական, սադրիչ, կեղծավոր քաղաքականություն վարող, ոչ կառուցողական դիրքորոշում ունեցող, Ադրբեջանի անկախությունը «մարսել» չկարողացող պետություն: Ադրբեջանը շարունակում է փորձեր անել վարկաբեկելու Իրանին մուսուլմանական պետությունների աչքին:
Հակաիրանական քարոզչական քաղաքականության համատեքստում կարևոր ուղղություն է նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Արևմուտք հարաբերությունները։ Դրա վերջին դրսևորումը՝ կապված է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի հետ: Այդ առնչությամբ տպավորություն է ստեղծվում, որ Բաքվում «Թեհրանի և հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ավելի շատ են անհանգստացած, քան Թեհրանում և Երևանում»: Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի շատ և ավելի սուր են անդրադարձել այդ թեմային (1, 2), քան իրանական լրատվամիջոցները:
Կարևոր է նաև նշել, որ լրատվամիջոցների ադրբեջանալեզու հատվածում կարմիր թելով անցնում են Ադրբեջանի ներքին լսարանին ուղղված այնպիսի ուղերձներ, որոնք միտված են մի կողմից երկրի հեղինակության ընդգծմանը, մյուս կողմից՝ արտաքին հակառակորդների դեմ (Հայաստան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա) շարունակական քաղաքականության հիման վրա ադրբեջանական հասարակության համախմբման ուղեգծի ապահովմանը։