Հայաստանի ներքին միգրացիոն միտումները
9 ր. | 2024-12-09Շարժառիթներ և սոցիալ-տնտեսական հետևանքներ
Ժ ամանակակից աշխարհում յուրաքանչյուր պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետ իրականացման համար կարևոր և արդիական է միգրացիոն հոսքերի կանոնակարգմանն ու կառավարմանն ուղղված հասցեական, կենսունակ ու թիրախային իրավակարգավորման մեխանիզմների մշակումն ու իրականացումը։ Դրանց ապահովման համար անհրաժեշտ է վեր հանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միգրացիոն գործընթացների օբյեկտիվ և սուբյեկտիվ դրդապատճաները՝ իրականացնելով համակողմանի ուսումնասիրություն ու վերլուծություն։
Երկրի սոցիալ-տնտեսական խորքային խնդիրների առանցքային ազդակներ են ինչպես միջազգային, այնպես էլ ներքին միգրացիոն գործընթացները։ Ընդհանուր առմամբ, ներքին միգրացիոն գործընթացները միտված են սեփական երկրի սահմանների ներսում տեղաշարժի միջոցով գտնել արժանապատիվ կյանք ու աշխատանք, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու կյանքի որակի բարելավմանը։ Հետևաբար, ներքին միգրացիոն միտումների շարունակական մշտադիտարկումը և այդ գործընթացների արդյունքում ի հայտ եկած սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարումը պետք է լինի ոլորտային քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում։ Սակայն, պետք է արձանագրել, որ ՀՀ-ում թեմայի վերաբերյալ առանձին անդրադարձերը, ուսումնասիրություններն ու հետազոտությունները բավական քիչ են, ի տարբերություն արտաքին միգրացիայի։ Ուստի, խիստ անհրաժեշտ, կարևոր և արդիական ենք համարում Հայաստանում ներքին միգրացիոն գործընթացների ընթացիկ իրավիճակի համապարփակ ուսումնասիրությունը։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից իրականացված վերջին՝ «Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության» (ՏՏԿԱՀ) արդյունքների՝ 2020-2022թթ.-ի ընթացքում Հայաստանում տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 67.7 հազար մարդու (ընդամենը միգրանտների 28.1%) տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում [1]։ Մյուս կողմից, Վիճակագրական կոմիտեի մեկ այլ հաշվետվության համաձայն էլ նշվում է, որ 2020-2022թթ.-ին արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամներից 27.9%-ի տեղաշարժերի բնույթը 2022թ.-ի դրությամբ եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև [2]։
Առանցքային նշանակություն ունի Հայաստանում ներքին միգրացիոն գործընթացների հիմնական պատճառների բացահայտումն ու վերհանումը, որոնք տարիներ շարունակ օրակարգային են դարձրել այս հիմնահարցը երկրի ներսում։ Հայաստանում ներքին միգրացիոն միտումները, առաջին հերթին, հնարավոր է բացատրել երկրում տարածքային անհամաչափ զարգացմամբ, որն իր անմիջական բացասական ազդեցությունն է ունենում նաև պետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այս համատեքստում, հատկանշական է, որ ՀՀ վարչատարածքային միավորներում բնակլիմայական պայմանների տարբերությունները, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները, հանրային ու մասնավոր ծառայությունների հասանելիության ոչ համամասնական բաշխվածություններն ի հայտ են բերում տնտեսական զարգացման անհամաչափություններ, և վերջնարդյունքում ռեսուրսներն ու ենթակառուցվածքները կենտրոնացված են հիմնականում Երևանում։ Հետևապես, ՀՀ տնտեսության առջև ծառացած լրջագույն մարտահրավեր է Երևանի և մարզերի միջև կենսամակարդակների տարբերության աճող խզումը, որի հիմնական պատճառը մայրաքաղաքի տնտեսական դերի և նշանակության շարունակական մեծացումն է: Ուստի, ներհանրապետական միգրացիայի ուսումնասիրության ժամանակ հատկապես անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև ըստ ՀՀ վարչատարածքային միավորների այնպիսի ցուցանիշների վերլուծությանը, ինչպիսիք են օրինակ ժողովրդագրական ցուցանիշները, միջին ամսական անվանական աշխատավարձը, տնտեսապես ակտիվ բնակչությունը, գործազրկությունը և այլն։
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության խտություն ցուցանիշը 2023թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում 1 քառ. կմ-ի վրա կազմել է 100.1 մարդ, այն դեպքում երբ Երևանում այդ ցուցանիշը կազմել է 4927.8 մարդ, իսկ մարզերում միջին հաշվով՝ 78.75 մարդ։ Ստացվում է, որ մայրաքաղաքը Հայաստանի ամենախիտ բնակեցված տարածքն է։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2024թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության ավելի քան 37%-ի բնակության վայրը Երևանն է, իսկ նույն ժամանակահատվածում ամենաշատ բնակեցված մարզում` Կոտայքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9.5%։ Համեմատության համար հարկ ենք համարում նշել նաև, որ Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տվյալ ցուցանիշը չի հասնում անգամ 5%-ի՝ կազմելով համապատասխանաբար 4.4%, 3.84%, 3.83% և 1.6%։ Ուշագրավ է նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր բնակչության 35.5%-ը կազմում է գյուղական բնակչությունը, իսկ 64.5%-ը՝ քաղաքային, որից շուրջ 57.5%-ը Երևանի բնակիչներն են։ Հետևաբար, ՀՀ-ում ակնհայտ է նաև քաղաքակենտրոնացվածության (ուրբանիզացիայի) զգալի բարձր մակարդակ, ինչն ուղղակիորեն պայմանավորված է բնակչության ներհանրապետական տեղաշարժերով: ՀՀ-ում ներքին միգրացիան հատկապես դրսևորվում է գյուղից դեպի քաղաք և առավելապես աչքի է ընկնում միակենտրոն բնույթով, այսինքն՝ ուղղված է դեպի մայրաքաղաք, որը հանդիսանալով ներքին միգրացիայի խոշոր նշանակետ, ավելի է սրում Երևանի ու մնացած տարածաշրջանների միջև անհամաչափ տնտեսական զարգացումները։ Սակայն, մյուս կողմից ուշադրության է արժանի նաև Երևանին հարակից մարզերի շուրջ տնտեսական զարգացման կենտրոնացման միտումը, որն արտացոլվում է միջմարզային անհամաչափ զարգացումների համատեքստում։ Այսպիսով, ինչպես մայրաքաղաքի և մարզերի, այնպես էլ հենց մարզերի միջև (միջմարզային) անհամաչափությունը լուրջ հիմնախնդիր է, որն առաջ է բերում մի շարք բացասական հետևանքներ և մարտահրավերներ, ինչպես տնտեսական, սոցիալական, այնպես էլ բնապահպանական ոլորտներում՝ զգալի ազդեցություն ունենալով բնակչության կյանքի որակի վրա։
Հատկանշական է, որ Հայաստանում ներքին միգրացիոն գործընթացները հիմնավորվում են աշխատանքի շուկայի հիմնական ցուցանիշների ուսումնասիրությամբ՝ ըստ ՀՀ վարչատարածքային միավորների։ Ուստի այն պարզաբանելու համար, նախևառաջ անդրադարձ կատարենք միջին ամսական անվանական աշխատավարձ ցուցանիշին, որը համարվում է, եթե ոչ գլխավոր, ապա հիմնական խթանիչ գործոններից, որի արդյունքում բնակչությունը երկրի ներսում տեղաշարժվում է մի բնակավայրից՝ մյուսը։ Այսպիսով, ինչպես վկայում են աղյուսակում ներկայացված վիճակագրական տվյալները՝ դիտարկվող 2013-2022թթ. ընթացքում, միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրն է եղել Սյունիքում և Երևանում։
Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի, ՀՀ դրամ, 2013-2022 թթ.
Սյունիքում միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր մակարդակի արձանագրումը հիմնականում պայմանավորված է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հատվածում վճարվող համեմատաբար բարձր աշխատավարձով։ Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է։ Այսպես, 2022թ. մարզի արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության արդյունաբերության ընդհանուր ծավալում 18.8% է կազմել։ Արդյունաբերության հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, որին ըստ 2022թ. Տվյալների, բաժին է ընկել մարզում արտադրվող ամբողջ արդյունաբերական արտադրանքի 85.4%-ը, որտեղ էլ, բնականաբար, ներգրավված է աշխատուժի գերակշիռ մասը։ Եվ, երբ դիտարկում ենք Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակն ըստ տնտեսական գործունեության տեսակների, նկատում ենք, որ այն հիմնականում բարձր է տեղեկատվություն և կապ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտներում։ Այսպիսով, ամենաթարմ՝ 2024թ. սեպտեմբերի վիճակագրական տվյալների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձը տվյալ տնտեսական գործունեության տեսակների համար կազմել է համապատասխանաբար՝ 835 հազ. 840 ՀՀ դրամ, 809 հազ. 417 ՀՀ դրամ և 478 հազ. 763 ՀՀ դրամ։ Այստեղ տեղին է նշել նաև, որ Սյունիքում է գործում ՀՀ-ում հանքարդյունահանող ոլորտում առաջատար ընկերությունը և խոշորագույն հարկատուն` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ), որը 2024թ. առաջին 9 ամիսներին 83.7 մլրդ ՀՀ դրամ պետական բյուջե վճարված հարկերով գլխավորում է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Սյունիքից, Երևանից հետո միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատաբար բարձր մակարդակներով են աչքի ընկնում Կոտայքի և Արմավիրի մարզերը (չնայած 2019թ.-ից այդ մարզերը տվյալ ցուցանիշով իրենց տեղը զիջել են Արարատի մարզին), որտեղ աշխատավարձի մակարդակները գրեթե նույնական են՝ աննշան տարբերությամբ: Վերջին 10 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր մակարդակը մինչև 2018թ.-ը գրանցվել է Արագածոտնի մարզում, որտեղ ցուցանիշը նշված տարիներին միջինում ավելի քան 33.7%-ով ցածր է եղել հանրապետական միջինից: Իսկ 2019-2022թթ.-ի ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենացածրը եղել է Շիրակի մարզում, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում Արագածոտնի մարզն աշխատավարձի ամենացածր մակարդակով զբաղեցրել է 2-րդ (2019-2020 թթ.) և 3-րդ հորիզոնականները (2021-2022 թթ.)։ Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձի ցածր լինելը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մարզի տնտեսության հիմքերից մեկը գյուղատնտեսությունն է, և բնակչությունն էլ հիմնականում ներգրավված է հենց տվյալ ոլորտի աշխատանքներում, սակայն ՀՀ-ում այդ ոլորտն ամենացածր վարձատրվողներից մեկն է:
Ընդհանրապես, թե՛ ներքին, թե՛ միջազգային միգրացիոն գործընթացների դեպքում, որպես թիրախ է տնտեսապես ակտիվ բնակչությունը (աշխատուժ), քանի որ առանցքայինն աշխատանքային միգրացիան է։ Այս տեսանկյունից խիստ կարևորվում է աշխատուժի ուսումնասիրությունը և ներքին միգրացիայի համատեքստում վերջինիս դիտարկումն ըստ մարզերի և Երևան քաղաքի։ 2013-2022թթ.-ին աշխատուժի բաշխվածության ուսումնասիրությունն ըստ վարչատարածքային միավորների, ակնհայտ է դարձնում վերջինիս բավականին բարձր կենտրոնացումը Երևանում, որտեղ ուսումնասիրվող տարիներին ըստ մեր հաշվարկների միջինում արձանագրվել է ընդհանուր աշխատուժի շուրջ 32%-ը։
Աշխատուժն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի, հազ. մարդ, 2013-2022թթ.
Վերջին 10 տարիներին Երևանում աշխատուժի ամենամեծ մասնաբաժինը գրանցվել է 2022թ.-ին՝ կազմելով 36%: Ինչպես և կարելի էր ենթադրել, մայրաքաղաքից հետո աշխատուժն ամենաշատը բաժին է ընկնում Երևանին հարակից մարզերում։ Այստեղ նշենք, որ 2013-2022թթ.-ի ընթացքում մարզերից աշխատուժի ամենամեծ մասնաբաժինը մշտապես գրանցվել է Արմավիրի մարզում, բացառությամբ 2014թ.-ին, երբ մարզերից աշխատուժի ցուցանիշով առաջատարը Լոռու մարզն էր՝ 137.8 հազ. մարդ։ Աշխատուժի թվաքանակով Արարատի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը ևս գտնվում են առաջատար հորիզոնականներում, իսկ Վայոց ձորը վերջին 10 տարիներին ՀՀ-ում ամենացածր աշխատուժի մասնաբաժինն ունեցող մարզն է։
Այս ամենի արդյունքում ակնհայտ է դառնում նաև այն հիմնախնդիրը, որ բնակչության ընդհանուր թվաքանակում Երևանում տնտեսապես ակտիվ բնակչության բավականին բարձր տեսակարար կշիռը հանգեցնում է այնտեղ գործազրկության բարձր մակարդակի։ Ասվածը փաստելու համար՝ անդրադարձ կատարելով ՀՀ-ում գործազրկության մակարդակին ըստ տարածքային բաշխվածության, ստորև ներկայացված գծապատկերի տվյալները ցույց են տալիս ուսումնասիրվող ժամանակահատվածում (2013-2022թթ.) գործազրկության մակարդակի զգալի տարբերություններն ըստ վարչատարածքային միավորների։ Գործազրկության ամենաբարձր մակարդակը դիտարկվող ժամանակահատվածում մեծամասամբ արձանագրվել է մայրաքաղաքում, բացառությամբ 2018-2019թթ.-ի և 2022թ.-ի, որտեղ ամենաբարձրը եղել է Տավուշի մարզում։ Հատկանշական է, որ 2013-2022թթ.-ին մայրաքաղաքում գրանցված գործազրկության մակարդակը մշտապես գերազանցել է հանրապետական միջին ցուցանիշը, և նման պատկերը նկատվել է նաև Կոտայքի մարզում։ Գործազրկության համեմատաբար բարձր մակարդակ ունեն նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը, իսկ ցածր մակարդակն առկա է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում:
Արմավիրում և Արարատում գործազրկության մակարդակի ցածր լինելը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերը գյուղատնտեսության վարման առումով գտնվում են բավականին բարվոք վիճակում, մայրաքաղաքին մոտ են գտնվում, հետևաբար՝ ունեն նաև գյուղմթերքների իրացման ավելի հասանելի պայմաններ: Այլ խոսքով, նշված մարզերում աշխատուժի ներգրավման միջավայրը համեմատաբար գայթակղիչ է: Սակայն նույնն ասել Գեղարքունիքի մասին ճիշտ չի լինի, ուստի գործազրկության մակարդակի ցածր լինելն այնտեղ պետք է բացատրել արտագնա աշխատանքի մեկնողների մեծաթիվ լինելով, ինչը ավանդաբար բնորոշ է այդ մարզի բնակչությանը [3]:
Գործազրկության մակարդակն (%) ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի 2013-2022 թթ.
ՀՀ-ում ներքին միգրացիոն հոսքերի առանձին կարգավորում կամ կառավարում, որպես այդպիսին, չի իրականացվում։ Առկա քաղաքականություններն ուղղված են արտաքին միգրացիայի կանոնակարգման ուղղություններին։ Սա պայմանավորված է ինչպես երկրի փոքր տարածքով, այնպես էլ վարչատարածքային միավորների ամբողջովին ազգային կառավարման միասնական մոդելի մեջ ներառված լինելու հանգամանքով։ Բացի դրանից, ՀՀ-ում բնակչությունն ունի երկրի տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք՝ ելնելով անհատական կամ ընտանեկան կարիքներից։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ներքին միգրացիան իր անմիջական ազդեցությունն է ունենում ինչպես Հայաստանի առանձին վարչատարածքային միավորների, այնպես էլ ընդհանուր տնտեսության զարգացման միտումների վրա։ Սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ, բավական բարդ է գնահատել փոխկապվածությունները ու փոխազդեցությունները ներքին միգրացիոն գործընթացների և ՀՀ վարչատարածքային միավորներում սոցիալ-տնտեսական ցուցանիշների միջև։ Այսպես, մեր դիտարկմամբ, միանշանական չի կարելի գնահատել, թե արդյո՞ք մարզերում սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններն են հանգեցնում ներքին միգրացիոն հոսքերի մեծ ծավալներին, թե հենց ներպետական միգրացիան է ազդում մարզերում տնտեսական ակտիվության հնարավորությունների ու զարգացման հեռանկարների վրա։
[1] ՀՀ վիճակագրական կոմիտե, «Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին», էջ 4, (մուտք՝ 25.11.2024թ.)։
[2] ՀՀ վիճակագրական կոմիտե, «Հրապարակումներ», «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2023», «Միգրացիա», էջ 129, (մուտք՝ 25.11.2024թ.)։
[3] Զ. Թադևոսյան, Կ. Հակոբյան, Դ. Գալոյան, Ն․ Կեսոյան, Ժ․ Սարգսյան, Լ. Աղաջանյան, Թ․ Օհանյան, «ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները», Երևան, «Տնտեսագետ» հրատարակչություն, 2015, 140 էջ, էջ 20։